20.01.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 161.1-161.6-րդ հոդվածներով.
i
«Հոդված 161.1. |
Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը |
1. Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
i
Հոդված 161.2. Կուսակցության օգտին խոշոր չափով ապօրինի նվիրատվություն ներգրավելը
1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրից խոշոր չափով կամ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով գերազանցող նվիրատվություն ներգրավելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի իմաստով` խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
Հոդված 161.3. |
Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը |
1. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի իմաստով` խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
Հոդված 161.4. |
Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով գերազանցելը |
1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով գերազանցելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի իմաստով` խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
Հոդված 161.5. |
Կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափով շրջանցելը |
1. Անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը, որը կատարվել է խոշոր չափով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) երկու կամ ավելի անձանց ներգրավելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի իմաստով` խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
Հոդված 161.6. Կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը
1. Կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`
պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 314.2-րդ հոդվածում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված`» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված`» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 314.3-րդ հոդվածում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքների իմաստով» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունվարի 18 Երևան ՀՕ-3-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2021 թվական: