Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2022 - 22.05.2022} ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2022 - 22.05.2022} ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2022  -ից մինչեւ   22.05.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
Արդեն պատրաստ է տվյալ ակտի   01.09.2024  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

01.01.2022 - 22.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեության կազմակերպման և իրականացման իրավական ու տնտեսական հարաբերությունները, այդ գործընթացին մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման, ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրումների, սպասարկման ծառայությունների և փոխադրումների անվտանգության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև նրանց իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոտրանսպորտային գործունեություն կազմակերպող կամ իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում զինվորական փոխադրումների և փրկարարական, օպերատիվ գործողությունների, անձնական ու ծառայողական օգտագործման նպատակներով, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության վրա:

i

3. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում բարեգործության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(2-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք)

 

Հոդված 3. Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը

 

i

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

i
Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ավտոմոբիլային տրանսպորտ` ավտոտրանսպորտային միջոցների, հաղորդակցության ուղիների (ավտոմոբիլային ճանապարհների) և տեխնիկական կառուցվածքների ու շինությունների (ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտների) ամբողջությունը.

ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառ` տրանսպորտային համակարգի բնագավառ, որն ընդգրկում է ավտոտրանսպորտային միջոցները, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային սպասարկման և առաքման ծառայությունների մատուցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների և ավտոմոբիլային ճանապարհների շահագործման ու սպասարկման հետ կապված ավտոմոբիլային տրանսպորտի այլ օբյեկտների տեխնոլոգիական շաղկապված համակարգը.

ավտոտրանսպորտային գործունեություն` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման և իրականացման գործընթացի, ինչպես նաև այդ գործընթացում ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն.

տրանսպորտային աշխատանք` տրանսպորտային միջոցով փոխադրված բեռի (ուղևորների) քանակով և փոխադրման հեռավորությամբ բնութագրվող ցուցանիշ.

ավտոտրանսպորտային գործունեության մասնակից` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող, փոխադրումների կազմակերպման գործընթացի հետ կապված` ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայություն մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական պատրաստականությունը և փոխադրումների գործընթացի կազմակերպումն ապահովող շինություն կամ կառույց, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների հավաքակայանները, ավտոհավաքատեղերը, ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկման կայաններն ու կետերը, ավտոնորոգման գործարանները, ավտոկայարանները, ավտոկայանները, երթակարգավարական կետերը, ավտոմոբիլային ճանապարհները, կամուրջները, թունելները, դրանց սպասարկման և նորոգման այլ օժանդակ կառույցներն ու շինությունները.

ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ` ավտոտրանսպորտային միջոց, ավտոմոբիլ կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ, որոնցով փոխադրողը պարտավոր է ուղևորների, ուղեբեռների և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով.

ավտոտրանսպորտային միջոց` ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմ (շարժակազմ)` ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ, ուղեբեռներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար նախատեսված և այդ նպատակով սարքավորված` անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրություն.

ավտոկայարան` բնակավայրերում ուղևորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է 75 մարդուց ավելի տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների նստեցման և իջեցման հարթակներ, ավտոբուսների կայանման հրապարակ, ավտոբուսների զննման և մաքրման կետեր.

ավտոկայան` բնակավայրերում ուղևորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է մինչև 75 մարդ տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների նստեցման և իջեցման հարթակներ, ավտոբուսների կայանման հրապարակ. բեռների փոխադրում կազմակերպող և սպասարկում իրականացնող ավտոկայանը համարվում է բեռնատար ավտոկայան.

երթակարգավարական կետ` երթակարգավարի կողմից կամ այլ տեխնիկական միջոցով, ըստ չվացուցակների, կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման համար նախատեսված շինություն, որտեղ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում.

ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս.

թեթև մարդատար ավտոմոբիլ` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.

մարդատար-տաքսի ավտոմոբիլ` թեթև մարդատար ավտոմոբիլ, որի միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է սպասարկման ծառայությունների մատուցում.

ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում.

մերձքաղաքային փոխադրում` փոխադրումների սկզբնակետից մինչև վերջնակետ` մինչև 50 կմ ներառյալ հեռավորությամբ փոխադրում, որի սկզբնակետը կամ վերջնակետը գտնվում է քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմաններից դուրս.

միջքաղաքային փոխադրում` փոխադրումների սկզբնակետից մինչև վերջնակետ` 50 կմ-ից ավելի հեռավորության վրա իրականացվող փոխադրում.

ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում.

միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում.

ոչ կանոնավոր փոխադրում` կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր դեպքում որոշվում են պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ.

կաբոտաժային փոխադրում` որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջև իրականացվող փոխադրում.

երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ.

լեռնային երթուղի` երթուղի, որի ճանապարհային մակերևույթի տեսանելիությունը պակաս է 60, իսկ հանդիպակաց ավտոտրանսպորտային միջոցից` 120 մետրից, հորիզոնական կտրվածքով ունի ուռուցիկությամբ 1500 և գոգավորությամբ 1200 մետրից պակաս շառավիղ, ընդգրկում է լեռնազանգվածներով անցումներ և կիրճերով ուղեկցվող բարդ, խիստ կտրտված կամ ոչ բավարար կայունությամբ ժայռեր, մեկ կամ մի քանի` միջինը 40-ից 60 տոկոս և ավելի հորիզոնական թեքություն ունեցող, համապատասխանաբար 2 կմ-ից մինչև 1 կմ երկարությամբ կամ մինչև 1 կմ երկարության վրա 100 մետրից պակաս շառավղով 6 ոլորան` երկու և ավելի ճանապարհային հատվածով.

երթ (ուղերթ)` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի անցած ճանապարհը.

չվացուցակ` ժամանակացույց, որը ներառում է ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման, ժամանման ժամանակի (միջպետական, միջմարզային և ներմարզային փոխադրումներում միջանկյալ կանգառների, ուղևորների նստեցման համար ավտոբուսի մատուցման), տեղի և երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.

երթուղային ավտոբուս` տվյալ երթուղու սահմանված կանգառներում ուղևորների նստեցում և իջեցում կատարելով` կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուս.

երթուղային տաքսի` միկրոավտոբուս, որով իրականացվում է կանոնավոր փոխադրում սահմանված երթուղով` միայն սահմանված կանգառներում նստատեղերի թվով ուղևորների նստեցում և ուղևորների պահանջով երթուղու ցանկացած կետում իջեցում կատարելով.

օպերատոր` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն.

երթուղու սխեմա` երթուղու սպասարկման փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների (միջպետական փոխադրումներում` սահմանային անցման կետերի), միջկանգառային հեռավորությունների մասին.

i

ապրանքատրանսպորտային բեռնագիր` տրանսպորտային միջոցով փոխադրվող բեռի (ապրանքանյութական արժեքների) շարժի հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի հիման վրա բեռնառաքիչը դուրս է գրում բեռը, իսկ բեռն ստացողը մուտքագրում է այն: Միջպետական բեռնափոխադրումների դեպքում ապրանքատրանսպորտային բեռնագիրը պետք է համապատասխանի «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին ՍՄՌ (CMR)» կոնվենցիայի պահանջներին.

ճանապարհային թերթիկ` ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի առաջնային հաշվառման փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, սեփականատիրոջ (տնօրինողի) անվանումը, փոխադրման երթուղին, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի և վարորդի առողջական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրում, ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի ժամանակահատվածը (փաստացի կատարված երթերի մեկնման ժամերը), ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տնօրինողի) կողմից սահմանվող անհրաժեշտ այլ տվյալներ.

երթուղային ցանց` համապատասխան չվացուցակներով ու սխեմաներով միջպետական, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների համակարգ.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործում` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման արդյունավետության ու անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի վրա ավտոմոբիլի վնասակար ազդեցության նվազագույն մակարդակի ապահովման համար իրականացվող տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական միջոցառումների համակարգ, որը ներառում է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական սպասարկումները, ընթացիկ ու հիմնական նորոգումները և այդ աշխատանքների կատարման հաշվառումը.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի վնասվածքները հայտնաբերելու, անսարքությունները կանխելու և վերացնելու, ավտոմասերի մաշման հաճախականությունը նվազեցնելու և մինչև հիմնական նորոգումը ծառայության ժամկետը երկարաձգելու նպատակով իրականացվող պարտադիր տեխնիկական համալիր միջոցառումներ.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի ընթացիկ նորոգում` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների և խափանումների վերացման նպատակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի հիմնական նորոգում` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, դրա բաղկացուցիչ մասերի գոյապաշարի վերականգնման և ավտոտրանսպորտային միջոցի շահագործման պիտանիության ժամկետը երկարաձգելու նպատակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.

արտադրական բազա` տեխնիկական միջոցներով և սարքավորումներով կահավորված արտադրական շենքեր և շինություններ ունեցող համապատասխան տարածք, որտեղ կազմակերպվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանումը և պահպանումը (գիշերակացը), տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների կատարումը և հաշվառումը, փաստաթղթերի վարումը, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը.

հավաքակայան` կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման և երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր և իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց) և վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում.

ավտոմոբիլային ճանապարհի վտանգավոր տեղամասեր` ավտոմոբիլային ճանապարհի տեղամասեր, որոնցով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը կապված է շարժման ռեժիմի կտրուկ փոփոխությունների հետ և որտեղ, կապված ճանապարհատրանսպորտային պատահարների առավել հնարավոր առաջացման հետ, տեղադրված են կամ պետք է տեղադրվեն նախազգուշացնող ճանապարհային նշաններ, կամ ձեռնարկված են այլ կազմակերպատեխնիկական միջոցառումներ.

ավտոտրանսպորտային միջոցի արագությունների նորմավորում` երթուղու կանգառների միջև կամ երթուղով ավտոտրանսպորտային միջոցների շարժման (արագության) նորմաների սահմանումը.

բեռնարկղ (կոնտեյներ)` չփաթեթավորվող բեռների փոխադրման համար նախատեսված` բազմակի օգտագործման նշանակությամբ և մեքենայացված բեռնման-բեռնաթափման, ինչպես նաև բեռի ժամանակավոր պահման համար նախատեսված` 1մ3 ծավալը գերազանցող տարա (ապրանքաման).

երթուղիներում երթևեկության սովորական ռեժիմ` երթևեկության չվացուցակով նախատեսված բոլոր կանգառներով իրականացվող ուղևորափոխադրումներ.

երթուղիներում երթևեկության կիսաճեպընթաց ռեժիմ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ, սահմանափակ կանգառներով (ուղևորների զանգվածային հաճախման կետերում` մեծ թվաքանակով աշխատողներ ունեցող կազմակերպությունների կայարանների մոտ, քաղաքի կենտրոնում, արդյունաբերական հանգույցներում) իրականացվող ուղևորափոխադրումներ.

երթուղիներում երթևեկության ճեպընթաց ռեժիմ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ առանց կանգառների իրականացվող ուղևորափոխադրումներ:

սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.

գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը:

(4-րդ հոդ. փոփ. 20.11.14 ՀՕ-163-Ն, 20.11.14 ՀՕ-168-Ն, 16.12.16 ՀՕ-17-Ն, 08.02.18 ՀՕ-106-Ն, 20.01.21 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 5. Պետական կարգավորման հիմունքները ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորումն իրականացվում է հետևյալ նպատակներով.

ա) պետության, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից օգտվողների և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերի պաշտպանության ապահովում.

բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության ապահովում:

2. Պետական կարգավորումն ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականացվում է հետևյալ ձևերով.

ա) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացում.

բ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորման մարմինների խնդիրների և իրավասությունների սահմանում.

գ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ու նորմատիվ տեխնիկական ակտերի և ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում.

դ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների լիցենզավորում.

ե) ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրումների ժամանակ իրականացվող որոշակի աշխատանքների (ծառայությունների) և որոշակի տեխնիկական միջոցների ու օբյեկտների համապատասխանության հավաստումը` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

զ) ավտոմոբիլային տրանսպորտում մոբիլիզացիոն պատրաստության և քաղաքացիական պաշտպանության ղեկավարում.

է) ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացում.

ը) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության մասին վիճակագրական տեղեկատվության հավաքման, կուտակման և վերլուծության կարգի սահմանում.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

3. Պետական կարգավորումն ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականացնում են պետական կառավարման այն մարմինները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված են համապատասխան գործառույթներ:

 

Հոդված 6. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումը

 

1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

2. Լիազոր մարմինը`

ա) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող պետական ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական և ռազմավարական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման և ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման և ընդլայնման, ինչպես նաև ուղևորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

գ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

դ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապարհային ցանցի կատարելագործման և ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականության մշակումը և իրականացումը.

ե) իր իրավասությունների սահմաններում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը կանոնակարգող իրավական և տեխնիկական նորմատիվ ակտերի մշակումը` անկախ սեփականության ձևից.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրականացնում է տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լիցենզավորումը.

ը) («ը» կետն ուժը կորցրել է 21.07.2020 թվականից` 09.07.20 ՀՕ-364-Ն օրենք)

թ) իր իրավասության սահմաններում ապահովում է շրջակա միջավայրի վրա ավտոտրանսպորտային միջոցների վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացում.

ժ) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

(6-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, 09.07.20 ՀՕ-364-Ն օրենքներ)

 

Հոդված 6.1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունը

 

1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):

2. Տեսչական մարմինը`

1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.

2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ սույն օրենքի պահանջների խախտման համար:

(6.1-ին հոդ. լրաց. 09.07.20 ՀՕ-364-Ն օրենք)

 

i
Հոդված 7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

 

1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:

i

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները և ավտոբուսները, ինչպես նաև միկրոավտոբուսները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների): Թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և վարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(7-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, 16.09.20 ՀՕ-420-Ն օրենքներ)

 

i
Հոդված 8. Լիցենզավորումը և ապահովագրությունը ավտոմոբիլային տրանսպորտում

 

i

1. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներն իրականացվում են լիցենզիայի հիման վրա` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտում փոխադրողները պարտավոր են ապահովագրել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

i

ԳԼՈՒԽ 3
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 9. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

 

1. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումները (ուղևորափոխադրումները) իրականացվում են`

ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային տաքսիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով ավտոբուսներով.

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով.

գ) ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի տեխնիկական պայմաններով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով վերասարքավորված բեռնաուղևորատար ավտոմոբիլներով:

2. Ուղևորափոխադրումների երթուղային ցանցը ձևավորվում է երթուղիների կազմակերպման միջոցով: Երթուղիները, ըստ աշխատանքային ռեժիմի, կազմակերպվում են մշտական, լրացուցիչ, սեզոնային, հատուկ և ժամանակավոր, ըստ երթևեկության ռեժիմի` սովորական, կիսաճեպընթաց և ճեպընթաց ռեժիմով:

Ուղևորափոխադրումները, ըստ վարչական տարածքի հատկանիշի, կազմակերպվում են ներհամայնքային, ներմարզային, միջմարզային, միջպետական, ըստ կազմակերպման բնույթի` կանոնավոր և ոչ կանոնավոր, ըստ նշանակության` ընդհանուր օգտագործման, զբոսաշրջային և հատուկ սկզբունքներով:

3. Միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային փոխադրումների կազմակերպման ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքով միկրոավտոբուսային փոխադրումների համար սահմանված այլ պահանջներին համապատասխան:

(3-րդ հոդ. փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն օրենք)

 

Հոդված 10. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը

 

1. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է չվացուցակի և երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում` սահմանված ուղեգծով) հիման վրա: Չվացուցակը պետք է ապահովի ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը, ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը և փոխադրումների անվտանգությունը: Առանց չվացուցակի և երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում` սահմանված ուղեգծով)` երթուղիների սպասարկումն արգելվում է:

1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, և հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքում:

2. Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը` համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ, իսկ Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը` Երևանի քաղաքապետի հետ:

Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը` համայնքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի և համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ:

Երթուղային ցանցերի համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը:

4. Միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կարող են կազմակերպվել նաև երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղևորահոսքի առկայության պայմաններում` չվացուցակներով, փոփոխական ուղևորահոսքի դեպքերում` ըստ ուղևորակուտակումների առաջացման միջակայքերի:

(10-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, 08.02.18 ՀՕ-106-Ն օրենքներ)

 

Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

 

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը:

2. Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում են լիազոր մարմնի, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան համայնքի ղեկավարի կազմած մրցութային հանձնաժողովները` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

3. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Մրցույթի ներկայացվող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումների համար: Մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն) մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա` մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու սահմանած փոխադրավարձի դեպքում` մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ:

6. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով, որի պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով:

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդ. փոփ. 20.11.14 ՀՕ-163-Ն, 16.12.16 ՀՕ-17-Ն, 08.02.18 ՀՕ-106-Ն օրենքներ)

 

Հոդված 12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկման իրավունքից զրկելը

 

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասում նշված համապատասխան մարմնի որոշմամբ` տեսչական մարմնի ներկայացմամբ և մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ:

2. Երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք են`

ա) մրցույթին մասնակցության համար սահմանված պայմանների խախտումը կամ դրանց գնահատված ցուցանիշների նվազումը.

բ) փոխադրումներն իրականացնող կազմակերպության ճանապարհային թերթիկի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումի կամ ճանապարհային թերթիկի բացակայությունը.

գ) կազմակերպության լուծարումը կամ զրկումը ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու իրավունքից.

դ) հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախտումները.

դ.1) երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.

ե) («ե» կետն ուժը կորցրել է 27.12.2014 թվականից` 20.11.14 ՀՕ-163-Ն օրենք)

զ) սույն օրենքի 11-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված համապատասխան մարմնի հետ կնքած պայմանագրում նշված այլ պայմանների խախտումները, ներառյալ` բնապահպանական նորմերն ու պահանջները.

է) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանված նորմատիվների գերազանցումը.

ը) («ը» ենթակետն ուժը կորցրել է 01.01.2022 թվականից` 10.12.21 ՀՕ-379-Ն օրենք)

Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններին սույն մասի «ա», «բ», «դ», «զ», «է» կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինը նախազգուշացնում է տեսչական մարմնի կողմից խախտումը հայտնաբերվելու օրվանից հետո` 5-օրյա ժամկետում:

Նախազգուշացումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:

Սույն մասի «գ» և «դ.1» կետերում նշված դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:

3. Խախտման վերաբերյալ նախազգուշացումը և երթուղու սպասարկման իրավունքից զրկման որոշումը ստանալուց հետո կազմակերպությունն իրավունք ունի վիճարկելու դրանք և կարող է բողոքարկել դատական կարգով:

(12-րդ հոդ. փոփ. 20.11.14 ՀՕ-163-Ն, 16.12.16 ՀՕ-17-Ն, 09.07.20 ՀՕ-364-Ն, 10.12.21 ՀՕ-379-Ն օրենքներ)

 

Հոդված 13. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիներին և սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Ներհամայնքային և մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն ուղևորների կուտակման հանգուցային կետերում, միջքաղաքայինը` միջանկյալ ավտոկայաններում, ապահովեն ուղևորների հարմարավետ ու մատչելի սպասարկումը, անվտանգ մոտեցումը և համապատասխանեն կանգառների շահագործման կանոններին: Փոխադրումների առանձնահատկություններին համապատասխան` երթուղու կանգառները կարող են լինել հիմնական, ժամանակավոր և ըստ ուղևորի պահանջի:

2. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան երթուղին արտահայտող ցուցատախտակով, երթուղու չվացուցակով և սխեմայով (բացառությամբ ներհամայնքային երթուղիների), սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշմամբ ցուցանակով, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող արտաքին և ներքին կահավորում: Կահավորման պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտներով:

3. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահում` ուղևորների համար տեսանելի կենտրոնական մասում, փակցվում է ցուցանակ, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն ուղևորների և ուղևորափոխադրումն իրականացնող վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին:

4. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառների տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի ճանապարհային, տեղաբաշխման վարչական տարածքի ճարտարապետական, բնապահպանական մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն), երթուղում երկաթուղային գծանցի առկայության դեպքում` նաև երկաթուղային գծանցները տնօրինող համապատասխան մարմինների հետ:

(13-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, 08.02.18 ՀՕ-106-Ն օրենքներ)

 

Հոդված 14. Ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպումը

 

1. Ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղետոմսերի և ուղեբեռային անդորրագրերի հիման վրա:

2. Միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղևորների տոմսավորումն իրականացվում է ավտոկայարանների և ավտոկայանների, ինչպես նաև դրանց հետ պայմանագիր ունեցող այլ կազմակերպության տոմսարկղերից, իսկ միջանկյալ կանգառներում` ավտովարորդների կողմից:

Ավտոկայարաններում, ավտոկայաններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում իրականացվում է նաև միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի նախնական վաճառք: Տոմսերի նախնական վաճառքով կարող է իրացվել ոչ ավելի, քան ավտոբուսի տվյալ երթի ուղետոմսերի 80 տոկոսը:

i

3. Ուղևորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է երթուղու համար սահմանված կանգառներում, միկրոավտոբուսներում` ազատ նստատեղերի առկայության դեպքում, իսկ երթուղային տաքսու ռեժիմով աշխատող միկրոավտոբուսներում իջեցումը` նաև թույլատրելի տեղերում` ըստ ուղևորների պահանջի:

Լրիվ զբաղեցված նստատեղերով երթևեկելու դեպքում ուղևորի նստեցման նպատակով միկրոավտոբուսի կանգառումն արգելվում է: Նստատեղերը լրիվ զբաղված լինելու դեպքում երթուղու սահմանված կանգառներում միկրոավտոբուսի կանգառումն իրականացվում է ըստ ուղեսրահում գտնվող ուղևորների պահանջի:

Երևան քաղաքում, ելնելով տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնվածությունից, Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող է արգելվել առանձին փողոցներում կամ փողոցների առանձին հատվածներում կանգառներից դուրս ուղևորների պահանջով նրանց իջեցումը:

4. Մերձքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող ավտոբուսներով քաղաքի վարչական տարածքում երթևեկողներից վճարը գանձվում է ներհամայնքային ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձի չափով:

5. Երթուղու սկզբնակետում, ինչպես նաև միջանկյալ կանգառներում ուղևորի մեղքով ավտոբուսի մեկնումից ուշացման դեպքում ձեռք բերված ուղետոմսը չի վերաձևակերպվում, և վճարված գումարը չի վերադարձվում:

Ուղևորի հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով ավտոբուսի մեկնումից հետո մինչև 3 ժամ ուշանալու դեպքում ուղևորի ցանկությամբ ավտոբուսի մեկնման պահից հետո` 3 օրվա ընթացքում, կարող է վերականգնվել ուղետոմսը` դրա արժեքի 25 տոկոս լրավճարով, կամ վերադարձվել վճարված գումարի 75 տոկոսը: Ուղետոմսի վերականգնումը կամ գումարի վերադարձը կատարվում է հիվանդության վերաբերյալ բժշկական հաստատության հաստատած տեղեկանքի կամ դժբախտ պատահարի մասին համապատասխան մարմինների կազմած արձանագրության հիման վրա:

Անհաղթահարելի ուժի, դժբախտ պատահարի կամ հիվանդության (առողջական վիճակի անբավարարության) հետևանքով ուղևորի կողմից ուղևորությունը չշարունակվելու կամ հրաժարվելու դեպքում ուղևորին է վերադարձվում փոխադրավարձի` մինչև ուղևորության նշանակման վայր մնացած հեռավորությանը համեմատական մասը:

6. Երթուղու սպասարկման համար նախատեսած ավտոբուսի փոխարեն ավելի ցածր կարգի ավտոբուս հատկացնելու դեպքում ուղևորն իրավունք ունի վերադարձնելու ուղետոմսը, ստանալու ուղեբեռի, ուղետոմսի և նախնական վաճառքի համար վճարված գումարները: Հատկացված ցածր կարգի ավտոբուսով երթևեկելու` ուղևորի համաձայնության դեպքում ուղևորին պետք է վերադարձվի ուղետոմսերի արժեքների տարբերությունը:

Նախատեսված ավտոբուսի փոխարեն ավելի բարձր կարգի ավտոբուս հատկացնելու դեպքում ուղևորն իրավունք ունի առանց լրավճարի ուղևորվելու մինչև այդ մասին տեղեկություն հաղորդելը կամ նախնական վաճառքով ձեռք բերված ուղետոմսով:

7. Ավտոբուսի մեկնումից մինչև 2 ժամ առաջ ուղետոմսն ավտոկայանի տոմսարկղ կամ տվյալ երթուղու համար ուղետոմս վաճառող այլ տոմսարկղ վերադարձնելու դեպքում ուղևորին է վերադարձվում փոխադրավարձը, իսկ նշված ժամկետից մինչև ավտոբուսի մեկնումը` ուղետոմսի համար վճարված գումարի 85 տոկոսը:

8. Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով խմբերի փոխադրման պատվերով ուղետոմսերի նախնական տրամադրումն իրականացվում է մեկնման օրվանից առնվազն 7 օր առաջ ներկայացված գրավոր հայտերով և 20 տոկոս կանխիկ վճարով: Պատվիրված ուղետոմսերը պետք է պահանջվեն ոչ ուշ, քան ավտոբուսի մեկնումից 24 ժամ առաջ: Չպահանջված ուղետոմսերը իրացման են տրվում ընթացիկ վաճառքի տոմսարկղերին: Հայտերով ձեռք բերված ուղետոմսերն ավտոբուսի մեկնումից մինչև 3 օր առաջ ավտոկայանի տոմսարկղ վերադարձնելու դեպքում պահվում է երթևեկության արժեքի 10 տոկոսը, իսկ 3 օրից պակաս ժամկետի դեպքում` ոչ ավելի, քան 20 տոկոսը:

9. Եթե ավտոբուսի մեկնումը չի կայացել, կամ տարբեր պատճառներով դա հետաձգվել է մեկ ժամից ավելի ժամանակով, անկախ ուղետոմսերի վերադարձման ժամկետից, ուղետոմսերի արժեքից պահում չի կատարվում:

10. Փաթեթավորման թերություններ ունեցող ուղեբեռը, որը կորստի, պակասորդի կամ վնասվածքի կասկած է հարուցում, փոխադրման կարող է ընդունվել փոխադրման փաստաթղթերում այդ թերությունների նշումով:

11. Ուղեբեռը հանձնվում է ուղեբեռային անդորրագիրը ներկայացնող ուղևորին: Ուղեբեռային անդորրագրի բացակայության դեպքում փոխադրողը ուղեբեռը հանձնում է այն անձին, որը հիմնավորում է (ուղեբեռում առկա իրերի պարունակության և նկարագրության հայտարարում) այդ ուղեբեռի իրեն պատկանելությունը: Առանց ուղեբեռային անդորրագրի` ուղեբեռի ստացմանը հավակնող ուղևորի կողմից ուղեբեռի իրեն պատկանելու ոչ բավարար հիմնավորման դեպքում փոխադրողն իրավունք ունի նրանից պահանջելու ուղեբեռի հայտարարված արժեքը:

12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում են`

ա) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործումը և ծխելը ուղեսրահում.

բ) ուղևորների կողմից դռների բացումը` առանց ավտովարորդի թույլտվության.

գ) ավտովարորդի և ուղևորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներհամայնքային և մերձքաղաքային փոխադրումներում և առանց ուղևորների համաձայնության` երաժշտություն միացնելը միջքաղաքային, միջպետական փոխադրումների ընթացքում.

դ) պայթյունավտանգ, հրդեհավտանգ, ռադիոակտիվ, քիմիական քայքայիչ նյութերի, առանց պատյանի զենքի, ռազմամթերքի, ավտոտրանսպորտային միջոցը և ուղևորների հագուստն աղտոտող կամ վնասող նյութերի և իրերի, տհաճ, սուր հոտ ունեցող իրերի, սույն օրենքի 23-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված թույլատրելի չափերն ու քաշերը գերազանցող իրերի և առարկաների, օրենքով արգելված այլ նյութերի և իրերի փոխադրումը:

13. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ընթացքում ուղևորության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

(14-րդ հոդ. փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն օրենք)

 

Հոդված 15. Ավտոկայարանային գործունեության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Ավտոկայարանները, ավտոկայանները և երթակարգավարական կետերը, փոխադրումների սպասարկման ծավալին համապատասխան, պետք է ունենան ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքային ռեժիմի կարգավորման, չվացուցակներով սահմանված սպասարկման ռեժիմի սահմաններում ուղևորության կազմակերպման անհրաժեշտ արտաքին և ներքին կահավորում: Կահավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով: Ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ավտոկայարաններն ու ավտոկայանները պետք է ունենան ուղևորների և ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ, բժշկական սպասարկման, հանրային սննդի կետեր, փոխադրումներն սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի նախաուղերթային զննման հնարավորություն, ուղեբեռի ժամանակավոր պահման սենյակներ, պետք է ապահովեն ուղեբեռի ընդունումը, ձևակերպումը, հաշվառումը, նաև կորցված կամ մոռացված իրերի հաշվառումը, պահպանումը և հանձնումը: Ուղեբեռի պահման պահանջները, հաշվառման և հանձնման ընթացակարգը սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:

3. Ավտոկայարանների, ավտոկայանների, ինչպես նաև երթակարգավարական կետերի աշխատանքային ռեժիմը պետք է ամբողջությամբ ապահովի չվացուցակով նախատեսված երթուղիների սպասարկումը, սպասարկման ծառայությունների անընդմեջ գործունեությունը, փոխադրողին, ինչպես նաև ավտովարորդին երթուղու ճանապարհային պայմանների մասին պարբերաբար տեղեկացումը:

 

i
Հոդված 16. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպումը

 

1. Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղևորների նույն խմբին միայն նշանակման վայր փոխադրելու և դատարկ վերադառնալու, կամ դատարկ մեկնելու և նշանակման վայրից ուղևորներ փոխադրելու, կամ դեպի նշանակման վայր և վերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով: Միջպետական ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում վերադարձի ուղղությամբ կարող են փոխադրվել միայն այն խմբերը, որոնք նշանակման վայր են փոխադրվել տվյալ փոխադրողի կողմից: Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների ժամանակ թույլատրվում է սահմանված խմբից ավելի կամ այլ ուղևորների փոխադրումը յուրաքանչյուր 10 ուղևորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղևոր:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 24.02.2017 թվականից` 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք)

3. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ:

Ոչ կանոնավոր միջպետական փոխադրումներ իրականացնող ավտովարորդի մոտ պետք է գտնվի ուղևորների անվանացուցակը:

3.1. Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության և փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետությունների միջև կնքված` տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրերի և սույն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոկայարաններից և ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, դրանց վարորդների բուժզննումը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, և դրա վերաբերյալ պետք է նշում կատարվի տրանսպորտային միջոցի ճանապարհային թերթիկում: Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների յուրաքանչյուր երթի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով: Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրման երթի իրականացման ամբողջ ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագիրը պետք է լինի վարորդի մոտ:

4. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և պայմանագրով:

(16-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք)

 

i
Հոդված 17. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

 

1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները (տաքսամոտորային փոխադրումները) կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին ծառայություններ մատուցելու նպատակով:

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով:

Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`

ա) տաքսամետրով (սակաչափիչով).

բ) տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանով.

գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով.

դ) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):

3. Երկդռնանի (չհաշված բեռնախցիկի դուռը), աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ, ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային փոխադրումների կազմակերպումն (իրականացումը) արգելվում է:

4. Մարդատար-տաքսի ավտոմոբիլների նստեցումները կատարվում են`

ա) տաքսի ավտոմոբիլների համար հատուկ նախատեսված կանգառներում.

բ) ճանապարհափողոցային ցանցի տեղամասերում, որտեղ թույլատրված է համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների կանգառը.

գ) ուղևորների պատվերով` ուղևորի նշված վայրում:

(17-րդ հոդ. փոփ. 20.11.14 ՀՕ-168-Ն օրենք)

 

Հոդված 18. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորության կազմակերպումը

 

1. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում ուղևորների նստեցումը կատարվում է ընդհանուր հերթակարգով:

2. Չզբաղեցված տաքսին կարող է կանգնել և ուղևորի նստեցում կատարել ճանապարհափողոցային ցանցի թույլատրելի տեղերում, տաքսամոտորային կանգառների առկայության դեպքում` այդ կանգառներից 200 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:

3. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում տաքսուց մի քանի անձանց միաժամանակ օգտվելը թույլատրվում է հերթակարգի առաջին ուղևորի համաձայնության, իսկ շարժման մեջ գտնվող ազատ նստատեղերով տաքսուց օգտվելը` միայն տաքսու մեջ գտնվող ուղևորի (ուղևորների) համաձայնության դեպքում:

4. Տաքսու ուղեսրահում դռների բացումը, դռների ապակիների իջեցումը, երաժշտության միացումը թույլատրվում են ուղևորների և ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Տաքսի ավտոմոբիլներում ծխելն արգելվում է:

5. Պատվերների ընդունման, ավտոմոբիլների տրամադրման կարգը և փոխադրման սակագները սահմանում են փոխադրողները: Փոխադրողը պարտավոր է ապահովել պատվիրատուի տեղեկացումը մատուցվող ավտոմոբիլի դասի, կահավորման և փոխադրման պայմանների մասին, պատվիրված ժամին և տեղում պատվերի կատարումը:

Անկախ ուղևորների թվից և փոխադրվող ուղեբեռի ծավալից` ուղևորության համար վճարումը կատարվում է ուղեբեռի բեռնաթափումից հետո: Վճարումից հրաժարվելու դեպքում գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնողն ուղևորի պահանջով պարտավոր է ապահովել փոխադրավարձի վճարումը հավաստող փաստաթղթի հանձնումը:

Պատվերի և ուղևորության համար վճարումը կատարվում է կանխիկ, ինչպես նաև անկանխիկ (փոխադարձ համաձայնության դեպքում)` տաքսամետրի ցուցմունքով:

Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից կարող է գանձվել ուղևորափոխադրման նվազագույն արժեքը կամ նստելավարձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Ոչ ավտովարորդի մեղքով, ինչպես նաև ուղևորի պահանջով ուղևորին պայմանավորված վայր չհասցնելու դեպքում վճարումը կատարվում է ուղևորության դադարեցման պահի վիճակով: Ավտոմոբիլի անսարքության դեպքում տաքսի ավտոմոբիլի վարորդը պետք է ապահովի ուղևորի արագ հասցնելը պայմանավորված վայր կամ ուղևորատար տրանսպորտի մոտակա կանգառ, որի համար վճարում է ուղևորը:

7. Տաքսի վարձած ուղևորի համաձայնությամբ նույն ուղղությամբ այլ ուղևորների նստեցման դեպքում յուրաքանչյուր ուղևորից ուղևորության վճարը գանձվում է ըստ երթևեկության հեռավորության:

8. Մարդատար տաքսի-ավտոմոբիլներով փոխադրումը պետք է իրականացվի երթևեկության համար թույլատրելի ամենակարճ ուղեգծով, եթե ուղևորն այլ ուղեգծով երթևեկելու ցանկություն չի հայտնել:

(18-րդ հոդ. փոփ. 07.04.09 ՀՕ-90-Ն, 20.11.14 ՀՕ-168-Ն օրենքներ)

 

i

ԳԼՈՒԽ 4
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 19. Բեռնափոխադրումների կազմակերպման հիմնադրույթները և հիմնական պահանջները

 

1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպումը պետք է բացառի փոխադրվող բեռի կամ նյութի մթնոլորտ արտանետումը:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 24.02.2017 թվականից` 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք):

(19-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք)

 

Հոդված 20. Բեռների` բեռնարկղերով, տակդիրներով, կապոցներով և այլ մասնագիտացված փոխադրումները

 

1. Բեռների փոխադրումը բեռնարկղերի փոխատեղմամբ իրականացնելու դեպքում կազմակերպվում է բեռի առաքում և ստացում այն կետերի միջև, որտեղ առկա են բեռնարկղերի բեռնման-բեռնաթափման հետ կապված գործողությունների կատարման պայմաններ:

Բեռնարկղերով փոխադրումները կարող են կազմակերպվել բեռնարկղերի փոխատեղման կարգով: Բեռնարկղերը պետք է լինեն չափերով և տարողությամբ իրար համարժեք և համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

2. Թունավոր և ուտիչ, առանց տարայի սորուն բեռների, ինչպես նաև բեռնարկղն աղտոտող կամ վնասող այլ նյութերի և բեռների փոխադրումն ավտոմոբիլային բեռնարկղերով արգելվում է:

3. Բեռները բեռնարկղերում պետք է տեղավորվեն այնպես, որ բացառվի փոխադրման ընթացքում դրանց տեղաշարժը բեռնախցիկի ներսում, և ապահովվի բեռնվածության հավասարաչափ բաշխումը բեռնարկղի հատակին:

Բեռնարկղերում բեռների սխալ տեղավորման կամ ամրացման հետևանքով բեռի փչացման և վնասվածքի համար փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե տեղավորման կամ ամրացման պատասխանատվություն չի ստանձնել:

4. Բեռների` տակդիրներով, կապոցներով և այլ մասնագիտացված փոխադրումներին ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով:

 

ԳԼՈՒԽ 5
ՓՈԽԱԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21. Փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության փոխադրողները կամ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա քաղաքացիներն ու կազմակերպությունները, եթե այդ փոխադրումներն իրականացվում են նրանց` սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով):

2. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվելու ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրման պայմանագրով ստանձնած պարտավորություններից, եթե փոխադրման փաստաթղթերը, ուղեբեռի և բեռի չափերն ու քաշը չեն համապատասխանում սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, արգելված են փոխադրման համար, կամ օրենքով սահմանված դեպքերում հնարավոր չէ իրականացնել տվյալ փոխադրումը:

Միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման դեպքում փոխադրողն իրավունք ունի ուղեբեռների փոխադրումը կազմակերպելու ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցով:

3. Փոխադրողը պարտավոր է ապահովել`

ա) օրենքով սահմանված կարգով պետական գրանցումով, տեխնիկապես սարքին, սանիտարական նորմերին և տվյալ փոխադրմանը համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով) փոխադրումների իրականացումը.

բ) օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկական զննության ներկայացումը և օրենքով սահմանված կարգով դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը.

գ) արտադրողի կողմից և տեխնիկական շահագործման կարգով երաշխավորված ժամկետներում սեփական կամ պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ կահավորումով արտադրական բազայում ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկական սպասարկումների և նորոգումների անցկացումը (սեփական արտադրական բազայում անցկացնելու դեպքում` նաև հաշվառումը).

դ) ավտովարորդների որակավորումը` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան.

ե) ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան.

զ) ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնները.

է) («է» կետն ուժը կորցրել է 27.12.2014 թվականից` 20.11.14 ՀՕ-168-Ն օրենք)

Միջքաղաքային հաղորդակցության մեծ հեռավորության երթուղիներում, երբ ավտովարորդի աշխատանքն ավարտվում է փոխադրողի արտադրական բազայից դուրս և փոխադրողի արտադրական բազայից կտրվածությամբ, փոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը պետք է իրականացվի այդ հնարավորությունն ունեցող կազմակերպության միջոցով:

i

4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է`

ա) ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ.

բ) երթուղու սպասարկման ընթացքում ապահովել ուղևորների տոմսավորումը և թույլ չտալ սահմանված փոխադրավարձի խախտում.

գ) ապահովել ուղևորների բարեկիրթ և անվտանգ սպասարկումը, ավտովարորդների բարյացակամ վերաբերմունքը և պատշաճ արտաքին տեսքը.

դ) սպասարկումն իրականացնել սույն օրենքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կահավորման պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով.

ե) փոխադրումներն իրականացնել ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

զ) ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը:

5. Տոմսով նշանակման վայր ուղևորին հասցնելու անհնարինության դեպքում փոխադրողը պարտավոր է նրան վերադարձնել ուղևորության ընդհատման կետից մինչև ժամանման կետ հաշվարկված փոխադրավարձը կամ ուղևորին հասցնել երթուղու ուղեգծի մոտակա ավտոկայան, երկաթուղային կայարան, օդանավակայան կամ ուղևորի համաձայնությամբ միջոցներ ձեռնարկել նշանակման վայր հասցնելու համար:

Երթուղուց հանված ավտոբուսը վերջինը լինելու դեպքում (այլ ավտոբուսի բացակայության դեպքում), եթե ուղևորության դադարեցման հետևանքով ավտոբուսը վերադարձվում է մեկնման սկզբնակետ, փոխադրողը չի ազատվում սույն մասով նախատեսված պարտականությունից և պետք է ապահովի ուղետոմսով (ուղեբեռային անդորրագրով) կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումը:

6. Ուղևորների նստեցման ժամանակ տաքսու վարորդը պարտավոր է աջակցել ուղեբեռի տեղավորմանը, ուղևորության ավարտին ուղևորին հիշեցնել իրերի և ուղեբեռի բեռնաթափման մասին, ապահովել մոռացված իրերի պահպանումը կամ պահպանման հանձնումը և ուղևորի պահանջով (հիմնավորմամբ) վերադարձնելը:

7. Փոխադրողը պարտավոր է փոխադրումն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության համար գործող ճանապարհային ցանցի ամենակարճ ուղեգծով, բացի կանոնավոր փոխադրումներ իրականացնելուց և այնպիսի դեպքերից, երբ ճանապարհային պայմաններից ելնելով, նախընտրելի է հավելյալ վազքով արդյունավետ փոխադրումը, ինչի մասին փոխադրողը նախապես պետք է տեղեկացնի պատվիրատուին:

8. Այն փոխադրողները, որոնք իրականացնում են ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ, պարտավոր են`

ա) ապահովել ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ արտադրողի կողմից ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման հրահանգով երաշխավորված ծավալներով աշխատանքների կատարումը և հաշվառումը.

բ) իրենց սպասարկած կամ նորոգած ավտոտրանսպորտային միջոցի վթարի դեպքում իրավասու մարմիններին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

(21-րդ հոդ. փոփ. 18.05.10 ՀՕ-76-Ն, 20.11.14 ՀՕ-168-Ն օրենքներ)

 

Հոդված 22. Բեռն առաքողի և բեռը ստացողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Բեռների փոխադրման դեպքում բեռն առաքողն իրավունք չունի միավոր ավտոտրանսպորտային միջոցով փոխադրման ներկայացնելու տարբեր հատկություններ ունեցող բեռներ, եթե դրանց համատեղ փոխադրումը կարող է հանգեցնել որևէ բեռի փչացման:

2. Բեռն առաքողը (բեռը ստացողը) իրավունք ունի փոխադրողի համաձայնությամբ փոխադրման ներկայացնելու օրենքով չարգելված հայտարարված արժեքով բեռներ: Բեռների հայտարարված արժեքը պետք է համապատասխանի դրանց ողջամիտ արժեքին:

Չի թույլատրվում հայտարարել սորուն, լցնովի, խուռնային, արագ փչացող, բեռն առաքողի կողմից կապարակնքված բեռների, ինչպես նաև մեկ ապրանքատրանսպորտային բեռնագրով ձևակերպված բեռի որոշակի մասի արժեքը:

3. Բեռն առաքողը իրավունք չունի փոխադրման ներկայացնելու բեռներ, եթե`

ա) օրենքով այդպիսի բեռների փոխադրումն ավտոմոբիլային տրանսպորտով արգելվում է.

բ) ներկայացված բեռը նախատեսված չէ հայտով կամ բեռնափոխադրման պայմանագրով կամ ներկայացված է ոչ պատշաճ փաթեթավորված, տարավորված, կամ բեռի ձևակերպման ու ապրանքատրանսպորտային փաստաթղթերը թերի են.

գ) ներկայացված բեռի քաշը գերազանցում է հայտի համաձայն` բեռնման ներկայացված ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի բեռնվածությունը, չափերով կամ առանձնահատկություններով անթույլատրելի են տվյալ ավտոտրանսպորտային միջոցով փոխադրում իրականացնելու համար.

դ) տարերային աղետների, ճանապարհային, կլիմայական ոչ բարենպաստ պայմանների հետևանքով դադարեցվել կամ սահմանափակվել է փոխադրումների իրականացումը երթուղու ավտոմոբիլային ճանապարհներով.

ե) առանց բեռն առաքողի առաքիչը ուղեկցման է ներկայացրել այնպիսի բեռներ, որոնք իրենց բնույթով պահանջում են հատուկ պայմաններով և խնամքով փոխադրում, եթե առաքման պարտավորությունը չի ստանձնում փոխադրողը:

 

Հոդված 23. Ուղևորների իրավունքները և պարտականությունները

 

1. Ուղևորության համար ուղևորը պետք է ունենա ուղետոմս կամ երթևեկելու իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ (մշտական ուղետոմս, անվճար երթևեկության իրավունքի վկայական և այլն), ուղեբեռի առկայության դեպքում` ուղեբեռային անդորրագիր, տեղ զբաղեցնի ուղետոմսում նշված տեղին համապատասխան, պահպանի ուղետոմսն ամբողջ ուղևորության ընթացքում և ներկայացնի ավտովարորդի (տոմսավաճառի) կամ վերահսկողություն իրականացնող անձանց պահանջով:

Միջպետական և միջքաղաքային երթուղիներում մինչև ավտոբուսի մեկնելն ուղետոմս (ուղեբեռային անդորրագիր) չստացած ուղևորն ավտոկայարանից (ավտոկայանից) ուղևորության (ուղեբեռ փոխադրելու) իրավունք չունի:

2. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի իր հետ անվճար տեղափոխելու մինչև 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաև մինչև 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթևեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով երթևեկելիս ուղետոմսի 50 տոկոս արժեքով ուղետոմս է ձեռք բերվում 7-ից 12 տարեկան երեխաների համար: 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների երթևեկության համար վճարը գանձվում է սահմանված փոխադրավարձի չափով:

3. Արտոնություններով երթևեկելու իրավունք ունեցող ուղևորների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանների կատարումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

4. Երթուղում ավտոբուսի անսարքության, վթարի, ինչպես նաև ոչ փոխադրողի մեղքով կամ այլ պատճառներով (ճանապարհային, կլիմայական անբարենպաստ պայմաններ, անհաղթահարելի ուժի հանգամանքներ և այլն) ուղևորությունը դադարեցվելու դեպքերում ուղևորն իրավունք ունի ձեռք բերված ուղետոմսով շարունակելու ուղևորությունը նույն երթուղու այլ ավտոբուսով (միջքաղաքային ավտոբուսային երթուղիներով` ազատ նստատեղերի առկայության դեպքում):

5. Ուղեբեռը փոխադրման հանձնելիս ուղևորն իրավունք ունի հայտարարելու դրա արժեքը` վճարելով սահմանված գումարը:

6. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի ձեռք բերված մեկ ուղետոմսին համապատասխան տեղափոխելու`

ա) անվճար` 60 X 40 X 20 (սմ) չափերը և 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքի ծանրոց, այդ թվում` փոքր կենդանիներ, թռչուններ, փոքր չափերի կենցաղային այլ իրեր.

բ) առանց ուղեբեռային բաժանմունքների ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ քաշով մեկ ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

գ) ուղեբեռային բաժանմունք ունեցող ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ-ական քաշով երկու ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

դ) միկրոավտոբուսներով` սույն մասի «ա» կետով սահմանված կարգով:

7. Ուղևորն իրավունք ունի տաքսի-ավտոմոբիլների ուղեսրահում փոխադրելու այնպիսի իրեր և առարկաներ, որոնք կարող են տեղավորվել դռների թույլատրելի բացվածքներով (առանց դռների սահմանափակիչների հանման), չեն վնասի կամ աղտոտի ուղեսրահի պաստառը և սարքավորումը, չեն խանգարի ավտովարորդին ղեկավարել ավտոմոբիլը:

«Ունիվերսալ» թափքով տաքսիներով թույլատրվում է փոխադրել փոքր չափերի կենցաղային առարկաներ և սարքեր, որոնք չեն վնասի կամ փչացնի ուղեսրահի պաստառը և սարքավորումը:

Թույլատրվում է փոխադրել պայուսակներում տեղավորված փոքր կենդանիներ և վանդակներով թռչուններ, դնչակալներով շներ` տարիչների և տապաստակների առկայությամբ, մրգերն ու բանջարեղենը կարող են փոխադրվել փակ հատակ ունեցող զամբյուղներով:

8. (8-րդ մասն ուժը կորցրել է 24.02.2017 թվականից` 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք)

(23-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք)

 

Հոդված 24. Պատասխանատվությունը փոխադրումների կազմակերպման ընթացքում

 

1. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումների և նորոգումների, բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ընթացքում տեխնիկայի անվտանգության պահանջների խախտման հետևանքով առաջացած դժբախտ դեպքերի և պատահարների համար փոխադրողը և պատվիրատուն պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում ուղևորների անտոմս երթևեկությունը, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում չձևակերպված փաստաթղթերով, զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով փոխադրումների իրականացումն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 25. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ և նորոգում իրականացնող սուբյեկտների պատասխանատվությունը

 

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ և նորոգում իրականացնող կազմակերպություններն իրենց կատարած տեխնիկական սպասարկումից մինչև հաջորդ տեխնիկական սպասարկումը սահմանված վազքի (ժամկետի) լրանալը անորակ սպասարկման պատճառով առաջացած անսարքությունների, դրանց հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների և հասցված նյութական վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 26. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող պահանջներին:

i

2. Կազմակերպությունների արտադրական բազաներում կատարվող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունները ենթակա են տեխնիկական պահանջներին ծառայությունների համապատասխանության հավաստման` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող ավտոմոբիլների վերասարքավորումները, որոնք ազդեցություն են ունենում ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտոտրանսպորտի վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի պաշտպանության վրա, իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված և տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:

4. Ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրումներում օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ նստոցների տեղադրումը, ինչպես նաև պատառոտված պաստառներով նստոցների առկայության դեպքում փոխադրումների իրականացումն արգելվում են:

i

 5. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը:

6. 17-ից ավելի նստատեղ և ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ ունեցող ավտոբուսներով ներհամայնքային կանոնավոր փոխադրումների իրականացումն արգելվում է, իսկ միջպետական, միջմարզային և ներմարզային նշանակության համար նախատեսված փոխադրումներում ներգրավված համապատասխան ավտոբուսները կարող են ունենալ ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար:

7. Լեռնային երթուղիների սպասարկման համար թույլատրվում են արտադրողի սահմանած առնվազն 60 տոկոս գոյապաշար ունեցող կամ նորոգման միջոցով այդ չափանիշն ապահովող ավտոբուսները, ընդ որում` ավտոբուսի անվադողերի պահպանաշերտի նախշի մնացորդային բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Լեռնային երթուղիները սպասարկող ավտոբուսները պետք է կահավորվեն նաև առջևի հակամառախուղային և հետընթացի օժանդակ լուսարձակներով:

(26-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, 08.02.18 ՀՕ-106-Ն օրենքներ) 

 

Հոդված 26.1  Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը և լցավորումը 

 

1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ` լիցենզավորված անձ):

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:

ԻՐՏԵԿ  26.1-ին հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնելու 01.08.2022 թվականից` ՀՕ-48-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք:   

5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը:

7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց և պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:

8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(26.1-ին հոդ. լրաց. 20.01.21 ՀՕ-48-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 27. Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների քաշային (լրիվ քաշը և կամրջակի վրա բեռնվածությունը) և եզրաչափային պարամետրերը փոխադրումների իրականացման ընթացքում պետք է համապատասխանեն փոխադրման երթուղու ավտոմոբիլային ճանապարհի փաստացի տեխնիկական կարգին և չգերազանցեն երթուղու ուղեգծով տեղաբաշխված կամուրջների, էստակադաների, այլ արհեստական կառույցների բեռնվածության և եզրաչափային պարամետրերի առավելագույնը:

Փոխադրումների պահանջները չբավարարող, ինչպես նաև փոխադրումների անվտանգությանը սպառնացող երթուղիներով փոխադրումների կազմակերպումն արգելվում է:

2. Փոխադրումների ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների շարժման արագությունները չպետք է գերազանցեն չվացուցակով կամ ճանապարհային պայմաններով սահմանված արագությունները, շարժման ուղղությունները պետք է համապատասխանեն չվացուցակով նախատեսված ուղեգծին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Երեխաների զբոսաշրջային և զանգվածային փոխադրումների կազմակերպումը երեք և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվում է ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ, ավտոշարասյան հատուկ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցմամբ, փոխադրումն ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցներում չափահաս անձանց (15 երեխային մեկ ուղեկցող անձի հաշվարկով) ուղեկցմամբ և հետևյալ պայմաններով.

ա) ավտոբուսների շարժումը պետք է իրականացվի օրվա լուսավոր ժամերին.

բ) միանգամյա` մինչև երկու ավտոտրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման դեպքում` 60 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ և մոտակա լուսարձակների միացմամբ.

գ) զանգվածային փոխադրումների իրականացման ընթացքում` ավտոշարասյան ուղեկցմամբ` 40 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ.

դ) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկայի և պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման, նստեցման և իջեցման ժամանակ կարգ պահպանի:

Զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում խմբերի ղեկավարների ընտրությունը, ավտոբուսից օգտվելու և ուղևորության ընթացքում վարքագծի մասին հրահանգավորումն իրականացնում է պատվիրատուն:

Երեխաների զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտոբուսի լուսամուտները շարժման ընթացքում պետք է լինեն փակ, ուղեկցողները գտնվեն յուրաքանչյուր դռան մոտ:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 24.02.2017 թվականից` 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք):

5. Ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրումների իրականացումը թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` արտադրող գործարանի կողմից կամ օրենքով սահմանված կարգով թույլատրված նստատեղերի և բեռնվածության սահմաններում:

6. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական և միջքաղաքային երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով, ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով:

(27-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն օրենք)

 

Հոդված 28. Ավտովարորդներին ներկայացվող պահանջները

 

i

1. Ավտովարորդը պետք է ունենա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ որակավորում:

2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդները, բացի որակավորման ընդհանուր պահանջներից, պետք է ունենան`

ա) կցորդով կամ կիսակցորդով փոխադրումների համար` բեռնատար ավտոմոբիլի կամ թամբային քարշակի բազային դասի ավտոմոբիլի 2 տարիների, իսկ լեռնային երթուղիների համար` 3 տարիների անընդմեջ վարման աշխատանքային փորձ.

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների համար` B կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման առնվազն մեկ տարվա փորձ.

գ) միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար` D կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման վերջին մեկ տարվա կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների 2 տարվա աշխատանքային փորձ.

դ) ավտոբուսային փոխադրումների համար` միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման երկու տարվա աշխատանքային փորձ.

ե) լեռնային ավտոբուսային փոխադրումների համար` ավտոբուսային փոխադրումների իրականացման երկու տարվա աշխատանքային փորձ.

զ) միջքաղաքային, միջպետական և լեռնային երթուղիներով մինչև 16 տարեկան երեխաների խմբի փոխադրումների համար` երեք տարվա նշված երթուղիներով փոխադրումների իրականացման անընդմեջ աշխատանքային փորձ:

Գործող լեռնային երթուղուց ավտովարորդին այլ երթուղու սպասարկմանը տեղափոխելու դեպքում պետք է անցկացվի երկու օր տևողությամբ փորձաշրջան, իսկ լեռնային երթուղում ավտոբուսի մակնիշի փոփոխության դեպքում` չորս օր տևողությամբ:

2.1. Կառավարությունը կարող է սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդների էթիկայի կանոններ:

3. Օրվա ընթացքում ավտովարորդի կողմից ավտոմոբիլի վարման առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամ աշխատանքը, չպետք է գերազանցի 9 ժամը, շաբաթվա ընթացքում` 48 ժամը: Ավտովարորդների ամենօրյա անդադար հանգստի ժամանակը չպետք է պակաս լինի 10 ժամից, իսկ իրավասու մարմինների թույլտվությամբ` շաբաթվա 2 օրը 8 ժամից ոչ պակաս տևողությամբ: Առանց ընդմիջման` 4 ժամից ավելի տևողությամբ, ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցի վարելն արգելվում է:

(28-րդ հոդ. փոփ. 20.11.14 ՀՕ-168-Ն, 16.12.16 ՀՕ- 17-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 29. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասն ուժի մեջ է մտնում օրենքի ուժի մեջ մտնելու պահից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-233-Ն

 

pin
ՀՀ 05.12.2006
N ՀՕ-233-Ն օրենք