Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/5220/05/19

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5220/05/19

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 9-ին,

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ակսել Դանիելյանի ընդդեմ Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի` 06.02.2019 թվականի «Ա. Դանիելյանին մաքսային ծառայությունից ազատելու մասին» թիվ 1/424-Ա հրամանն անվավեր ճանաչելու և որպես հետևանք Պետական եկամուտների կոմիտեին Ակսել Դանիելյանին աշխատանքում վերականգնելուն և հարկադիր պարապուրդի գումարներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 06.02.2019 թվականից մինչև փաստացի աշխատանքում վերականգնելու պահը, վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ակսել Դանիելյանը պահանջել է իրեն մաքսային տեսուչի պաշտոնից ազատելու մասին Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանն անվավեր ճանաչել, պարտավորեցնել Կոմիտեի նախագահին Ակսել Դանիելյանին վերականգնել աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի գումարներ` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 06.02.2019 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու պահը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2019 թվականի որոշմամբ Ակսել Դանիելյանի` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.09.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ա. Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ հայցվորի կողմից չի ներկայացվել և դատարաններն էլ չեն վկայակոչել որևէ հարգելի հանգամանք, որը հիմք է հանդիսացել հայցվորի կողմից դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու համար: Ինչ վերաբերում է Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացնելուն, ապա այն չի կարող հիմք հանդիսանալ հայցվորի միջնորդությունը բավարարելու համար, քանի որ Ակսել Դանիելյանը հրամանը ստացել է 06.02.2019 թվականին և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել երկամսյա ժամկետը խախտելով` 10.04.2019 թվականին:

i

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է, որ հանրային ծառայությունից ազատման հետ կապված վեճերն ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին, և աշխատանքից ազատելու մասին հրամանը, որպես վարչական ակտ, երկամսյա ժամկետում կարող էր վիճարկման առարկա դառնալ ՀՀ վարչական դատարանում: Նշված ժամկետը հայցվորը բաց է թողել, այսինքն` արդյունավետ չի օգտվել իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածին չտիրապետելու հանգամանքը չի կարող դիտարկել բաց թողնված ժամկետը վերականգնելու օբյեկտիվ հիմք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

i

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

(...)

3. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչի հաշվառմամբ հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը» վերտառությամբ 54-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

i

2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը: Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել:

4. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

5. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում և հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում: Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը: Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը:

6. Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:

7. Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը»:

i

Համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալ իրավանորմն ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն սահմանվել են ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետներ, որոնց ընթացքում հայցվորները կարող են իրացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը, իսկ այդ ժամկետների ավարտից հետո վերջիններս այլևս կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Միևնույն ժամանակ, սակայն, օրենսդրորեն ամրագրվել է դատավարական ժամկետները բաց թողնված լինելու դեպքում դատական պաշտպանություն ստանալու իրավական հնարավորություն` դրա տրամադրումը պայմանավորելով համապատասխան միջնորդության հիմքով դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելու գործոնով:

Այսինքն` ՀՀ վարչական դատարան դիմած անձը կարող է ակնկալել և ստանալ դատական պաշտպանություն միայն այն դեպքում, եթե պահպանել է դատական պաշտպանության դիմելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ այդ ժամկետները բաց թողնված լինելու դեպքում վերջինս պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումով էլ կկանխորոշվի նրան դատական պաշտպանություն տրամադրելու հարցը: Ըստ այդմ, միջնորդությունը մերժելու պարագայում անձն այլևս չի կարող իրացնել դատական պաշտպանության իր իրավունքը, իսկ բավարարելու դեպքում նրան կտրամադրվի դատական պաշտպանություն:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը որոշելու չափորոշիչներին` վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Այսպես.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ` հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ashingdane v. The United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55, Stubbings and Others v. The United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51, 55):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց` վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

Մասնավորապես, օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական նորմերի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերով:

i

Իր մի շարք որոշումներով (թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289) Սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (ՍԴՈ-1127),

i

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (ՍԴՈ-1257):

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ վերահաստատել է վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` արձանագրելով, որ օրենսդրական կարգավորումները պետք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 01.01.2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է վարչական արդարադատությունը, որով սահմանվել են այդ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման առանձնահատկությունները, այդ թվում նաև վարչական դատարանի առարկայական ընդդատության սահմանները, թույլատրելի հայցատեսակները և դրանցից յուրաքանչյուրով դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետները:

Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել են հայցադիմումներն առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ ներկայացնելու իրավական հետևանքները:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում օրենսդիրն ամրագրել է վերահասցեագրման ինստիտուտը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նշված իրավակարգավորմանը` արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը, նպատակ ունենալով վարչական արդարադատության համակարգում ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, նախատեսել է հայցադիմումի վերահասցեագրման ինստիտուտը: Ընդ որում, այս կառուցակարգը վարչական դատավարության համակարգ է ներդրվել 05.12.2013 թվականին ընդունված և 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով

(մինչ այդ գործող` 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նշված կանոնի խախտումը դիտում էր որպես գործի վարույթի կարճման հիմք):

i

Հայցադիմումը վերահասցեագրելը սահմանելով որպես վարչական դատարանի պարտականություն` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է, որ վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության: Այսպիսով, վարչական դատարանը, կաշկանդված լինելով արդարադատության պատշաճ իրականացման և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանության ապահովման կոնվենցիոն կարգավորումներով, պարտավոր է պարզել, թե արդյոք կոնկրետ գործն ընդդատյա է վարչական դատարանին, թե` ոչ, և գործը վարչական դատարանին ընդդատյա չլինելու պարագայում վերահասցեագրել այն ըստ ընդդատության` դրանով իսկ ապահովելով անձի` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի գործնական իրականացման երաշխավորումը:

i

Փաստորեն օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է, որ վարչական դատարանին որևէ գործի ընդդատյա չլինելու հանգամանքն այդ գործի քննության ընթացքում պարզվելու իրավաբանական հետևանքն այն է, որ վարչական դատարանը որոշում է կայացնում տվյալ գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու մասին (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում համանման ինստիտուտ առկա չէ: Այսինքն` այն դեպքում, երբ հայցվորը սխալմամբ, մասնավորապես սխալ առարկայական ընդդատությամբ դիմում է ՀՀ վարչական դատարան, նա երաշխավորված է հետագա բոլոր բացասական հետևանքներից (այդ թվում` որոշ հայցերի ներկայացման համար սահմանված ժամկետները կամ հայցային վաղեմության ժամկետները բաց թողնելու ռիսկից), մինչդեռ սխալ առարկայական ընդդատությամբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու պարագայում հայցվորի համար նման երաշխիքներ սահմանված չեն, քանի որ այդ դեպքում դատարանը ոչ թե վերահասցեագրում է հայցադիմումն ըստ ընդդատության, այլ մերժում է հայցադիմումի ընդունումը: Նման իրավիճակում գրեթե անխուսափելի է դառնում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ հայց ներկայացնելը, ուստի անհրաժեշտություն է առաջանում ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացման համար կազմակերպական կառուցակարգ և ընթացակարգ վերը նկարագրված դեպքերի համար օրենսդիրը նախատեսել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն, այդ հարցի լուծումը թողնելով դատարանի հայեցողությանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ սխալ առարկայական ընդդատությամբ դատական պաշտպանության դիմած, մասնավորապես վարչական դատարանին ընդդատյա հայցն ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելու պարագայում ևս հայցվորները երաշխավորված լինեն բացասական հետևանքներից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհրաժեշտ է հավասարակշռել վարչական դատարանին ընդդատյա պահանջն ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելու և վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու դեպքում հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու ժամկետային սահմանները` հնարավոր չարաշահումները կանխելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նպատակի իրագործումը հնարավոր է ընդհանուր իրավասության դատարան ներկայացված, սակայն վարչական դատարանին ընդդատյա պահանջով հայցադիմումի ընդունումը` վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով մերժելուց հետո հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցը որոշակի չափորոշիչների հաշվառմամբ գնահատելու միջոցով: Մասնավորապես, այն դեպքում, երբ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվում ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցադիմումի ընդունումը` վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով մերժելուց հետո (ներառյալ նաև հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում վերադաս դատարանների որոշումները կայացնելուց հետո), ապա դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հարցի քննարկման համար որպես չափորոշիչ կարող է հանդիսանալ թեկուզև սխալ առարկայական ընդդատությամբ, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետներում դատական պաշտպանության դիմելու փաստը: Այլ կերպ ասած, եթե անձն ընդհանուր իրավասության դատարան է ներկայացնում վարչական դատարանին ընդդատյա պահանջով հայցադիմում, որի ընդունումը` վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով մերժելու մասին որոշում է կայացվում, որից հետո (ներառյալ նաև հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում վերադաս դատարանների որոշումները կայացնելուց հետո) հայցվորը դիմում է ՀՀ վարչական դատարան և ներկայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ դատավարական ժամկետը բաց է թողել սխալմամբ առարկայական ընդդատության խախտմամբ ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացնելու պատճառով, ապա ՀՀ վարչական դատարանի կողմից նախ և առաջ պետք է պարզվի, թե հայցվորը թեկուզև սխալ առարկայական ընդդատությամբ արդյո՞ք դատական պաշտպանության է դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետում: Ըստ այդմ, եթե վարչական դատարանին ընդդատյա պահանջով հայցադիմումն ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելու պահին հայցվորի կողմից պահպանված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետը, այսինքն` թեկուզև սխալ առարկայական ընդդատությամբ դատական պաշտպանության անձը դիմել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետում, ապա նշված հանգամանքը պետք է գնահատվի որպես դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի (օբյեկտիվ) պատճառ: Համապատասխանաբար, եթե վարչական դատարանին ընդդատյա պահանջով հայցադիմումն ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետի խախտմամբ, ապա այն չի կարող գնահատվել, որպես դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի (օբյեկտիվ) պատճառ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սխալ առարկայական ընդդատությամբ դատական պաշտպանության դիմելու հանգամանքն ինքնին չի կարող խոչընդոտել կամ կանխել ճիշտ ընդդատությամբ դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ: Նշվածը հիմնավորվում է նաև նրանով, որ վեճերի առարկայական ընդդատության կամ ենթակայության հարցում բավարար որոշակիություն առկա չէ, ինչի հետևանքով օրենսդրորեն անգամ ամրագրվել է ենթակայության մասին վեճերը լուծելու կարգ:

i

Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն (...) ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի (...) ենթակայությանը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի նախագահը հնգօրյա ժամկետում որոշում է գործի (...) ենթակայությունը:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաև վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված հայցադիմումի կամ հանձնված գործի նկատմամբ:

Վերոգրյալ իրավակարգավորումը վկայում է այն մասին, որ վեճերի ենթակայության (առարկայական ընդդատության) վերաբերյալ հարցը վիճելի կարող է լինել անգամ դատարանների համար, ուստի նշված հանգամանքով պայմանավորված անձին դատական պաշտպանության իրավունքից զրկելը կհանդիսանա Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների անհամաչափ սահմանափակում:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր իրավասության դատարան ներկայացված, սակայն վարչական դատարանի քննությանը ենթակա հայցադիմումի ընդունումը` վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով մերժելուց հետո (ներառյալ նաև հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում վերադաս դատարանների որոշումները կայացնելուց հետո) ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները պետք է գնահատվեն հարգելի, եթե հաստատվի, որ թեկուզև սխալ առարկայական ընդդատությամբ դատական պաշտպանության դիմելու պահին պահպանված են եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները, և հայցվորը ՀՀ վարչական դատարան է դիմել վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացնելուց կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում վերադաս դատարանների որոշումները կայացնելուց հետո ողջամիտ ժամկետում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ ուղղությամբ դատական պրակտիկայի ձևավորումը կնպաստի դատական պաշտպանության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացմանը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ակսել Դանիելյանը 10.04.2019 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարները վճարելու պահանջի մասին հայցադիմում:

i

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնելով, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով, հետևաբար այն ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ 16.04.2019 թվականին կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10335/02/19):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 10.06.2019 թվականի որոշմամբ մերժել է Տիգրան Կոտոլիկյանի և Ակսել Դանիելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.04.2019 թվականին որոշումը թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս, court.am պաշտոնական կայք):

Տիգրան Կոտոլիկյանի և Ակսել Դանիելյանի ներկայացուցիչն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի հայցադիմումը 18.06.2019 թվականին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան:

ՀՀ վարչական դատարանի 26.06.2019 թվականի թիվ ՎԴ/4608/05/19 որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Ակսել Դանիելյանի և Տիգրան Կոտոլիկյանի կողմից պահանջներն առանձնացվել են և 08.07.2019 թվականին կրկին ներկայացվել է թվով 2 հայցադիմում` կից փաստաթղթերով, որոնցից Տիգրան Կոտոլիկյանի ներկայացրած հայցադիմումը դիտվել է որպես թիվ ՎԴ/4608/05/19 վարչական գործով կրկին ներկայացված, իսկ Ակսել Դանիելյանի կողմից ներկայացվածը` որպես նոր հայցադիմում (գ.թ.2-3):

i

Ակսել Դանիելյանը հայցադիմումին կից ներկայացրած` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 16.04.2019 թվականի թիվ ԵԴ/10335/02/19 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ, որն օրինական ուժի մեջ է մտել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2019 թվականի որոշմամբ, հայցվորը տեղեկացել է, որ Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանից բխող իրավահարաբերությունները հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ է, իսկ բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանին են ընդդատյա, և հետևաբար այդ պատճառով հայցվորը բաց է թողել ՀՀ վարչական դատարան դիմելու դատավարական ժամկետը, նշված հանգամանքը պետք է համարել բաց թողնված ժամկետի օբյեկտիվ համարվող պատճառ և բավարարել միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել և ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ (գ.թ. 28-32):

Դատարանը, 15.07.2019 թվականի որոշմամբ քննարկելով Ակսել Դանիելյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, գտել է, որ այն ենթակա է բավարարման, քանի որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու ուղղությամբ: Մասնավորապես` հայցադիմումին կից ներկայացված թիվ ԵԴ/10335/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2019 թվականի որոշումից հետևում է, որ հայցվոր Ակսել Դանիելյանը 10.04.2019 թվականին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որի ընդունումը 16.04.2019 թվականի որոշմամբ մերժվել է, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նույն որոշմամբ մերժվել է դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է, և Ակսել Դանիելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն անհրաժեշտ է բավարարել (գ.թ. 45-49):

Վերաքննիչ դատարանը, 05.09.2019 թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը` պատճառաբանել է, որ սույն գործով հայցվորն իսկապես ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը, հստակ քայլեր է կատարել այդ ուղղությամբ և ժամկետը բաց է թողել դատարանի կողմից արձանագրված օբյեկտիվ պատճառներից ելնելով:

Վերը նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը հիմնավոր է, որպիսի պայմաններում ՀՀ վարչական դատարանն իրավացիորեն բավարարել է այն (գ.թ. 80-89):

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում ևս ամրագրված է աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում դատարան դիմելու աշխատողի իրավունքը:

Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվել են աշխատանքից ազատելու մասին գործատուի հրամանն անվավեր ճանաչելու նպատակով դատական պաշտպանության դիմելու համանման ժամկետներ, այն է` վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ որ նույնն է անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում:

Սույն գործով վիճարկվող` «Ա. Դանիելյանին մաքսային ծառայությունից ազատելու մասին» թիվ 1/424-Ա հրամանը Կոմիտեի նախագահ Դ. Անանյանն ընդունել է 06.02.2019 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե երբ է նշված հրամանը հանձնվել Ակսել Դանիելյանին:

Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարները վճարելու պահանջի մասին հայցադիմումը Ակսել Դանիելյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 10.04.2019 թվականին:

i

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնելով, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով, հետևաբար այն ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ 16.04.2019 թվականին կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանն օրենքով սահմանված կարգով Ակսել Դանիելյանին հանձնված լինելու ապացույցի բացակայության պարագայում հնարավոր չէ միանշանակ հետևություն անել այն մասին, որ Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի «Ա. Դանիելյանին մաքսային ծառայությունից ազատելու մասին» 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանի վիճարկման նպատակով հայցվորը դատական պաշտպանության է դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի խախտմամբ, ուստի Դատարանը, կայացնելով վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշում, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են ճիշտ դատական ակտեր:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանին չի կարող վերագրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից նշված իրավանորմը մեկնաբանվել ու կիրառվել է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ, ուստի Կոմիտեի բողոքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 05.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

թիվ ՎԴ/5220/05/19 վարչական գործով

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/5220/05/19

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5220/05/19

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ակսել Դանիելյանի ընդդեմ Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի` 06.02.2019 թվականի «Ա. Դանիելյանին մաքսային ծառայությունից ազատելու մասին» թիվ 1/424-Ա հրամանն անվավեր ճանաչելու և որպես հետևանք Պետական եկամուտների կոմիտեին Ակսել Դանիելյանին աշխատանքում վերականգնելուն և հարկադիր պարապուրդի գումարներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 06.02.2019 թվականից մինչև փաստացի աշխատանքում վերականգնելու պահը, վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս, Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 09.11.2021 թվականին թիվ ՎԴ/5220/05/19 վարչական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ակսել Դանիելյանը պահանջել է իրեն 06.02.2019 թվականին մաքսային տեսուչի պաշտոնից ազատելու մասին Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանն անվավեր ճանաչել: Պարտավորեցնել Կոմիտեի նախագահին Ակսել Դանիելյանին վերականգնել աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի գումարներ` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 06.02.2019 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու պահը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2019 թվականի որոշմամբ Ակսել Դանիելյանի բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.09.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ հայցվորի կողմից չի ներկայացվել և դատարաններն էլ չեն վկայակոչել որևէ հարգելի հանգամանք, որը հիմք է հանդիսացել հայցվորի կողմից դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու համար: Ինչ վերաբերում է Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացնելուն, ապա այն չի կարող հիմք հանդիսանալ հայցվորի միջնորդությունը բավարարելու համար, քանի որ Ակսել Դանիելյանը հրամանը ստացել է 06.02.2019 թվականին և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել երկամսյա ժամկետը խախտելով` 10.04.2019 թվականին:

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է, որ հանրային ծառայությունից ազատման հետ կապված վեճերն ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին, և աշխատանքից ազատելու մասին հրամանը, որպես վարչական ակտ, երկամսյա ժամկետում կարող էր վիճարկման առարկա դառնալ ՀՀ վարչական դատարանում: Նշված ժամկետը հայցվորը բաց է թողել, այսինքն` արդյունավետ չի օգտվել իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածին չտիրապետելու հանգամանքը չի կարող դիտարկել բաց թողնված ժամկետը վերականգնելու օբյեկտիվ հիմք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները

Տիգրան Կոտոլիկյանի և Ակսել Դանիելյանի ներկայացուցիչը 18.06.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի: ՀՀ վարչական դատարանի 26.06.2019 թվականի թիվ ՎԴ/4608/05/19 որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Ակսել Դանիելյանի և Տիգրան Կոտոլիկյանի կողմից պահանջներն առանձնացվել են և 08.07.2019 թվականին կրկին ներկայացվել է թվով 2 հայցադիմում` կից փաստաթղթերով, որոնցից Տիգրան Կոտոլիկյանի ներկայացված հայցադիմումը դիտվել է որպես թիվ ՎԴ/4608/05/19 վարչական գործով կրկին ներկայացված, իսկ Ակսել Դանիելյանի կողմից ներկայացվածը` որպես նոր հայցադիմում (գ.թ.2-3):

i

Ակսել Դանիելյանը հայցադիմումին կից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 16.04.2019 թվականի թիվ ԵԴ/10335/02/19 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ, որն օրինական ուժի մեջ է մտել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2019 թվականի որոշմամբ, հայցվորը տեղեկացել է, որ Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա հրամանից բխող իրավահարաբերությունները հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ է, իսկ բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանին են ընդդատյա և հետևաբար այդ պատճառով հայցվորը բաց է թողել ՀՀ վարչական դատարան դիմելու դատավարական ժամկետը, նշված հանգամանքը պետք է համարել բաց թողնված ժամկետի օբյեկտիվ համարվող պատճառ և բավարարել միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել և ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ (գ.թ. 28-32):

Դատարանը 15.07.2019 թվականի որոշմամբ քննարկելով Ակսել Դանիելյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, գտել է, որ այն ենթակա է բավարարման, քանի որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու ուղղությամբ: Մասնավորապես` հայցադիմումին կից ներկայացված թիվ ԵԴ/10335/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2019 թվականի որոշումից հետևում է, որ հայցվոր Ակսել Դանիելյանը 10.04.2019 թվականին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որի ընդունումը 16.04.2019 թվականի որոշմամբ մերժվել է, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նույն որոշմամբ մերժվել է դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է, և Ակսել Դանիելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն անհրաժեշտ է բավարարել (գ.թ. 45-49):

Վերաքննիչ դատարանը 05.09.2019 թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը պատճառաբանել է, որ սույն գործով հայցվորն իսկապես ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը, հստակ քայլեր է կատարել այդ ուղղությամբ և ժամկետը բաց է թողել դատարանի կողմից արձանագրված օբյեկտիվ պատճառներից ելնելով: Վերը նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը հիմնավոր է, որպիսի պայմաններում ՀՀ վարչական դատարանն իրավացիորեն բավարարել է այն (գ.թ. 80-89):

Վճռաբեկ դատարանի եզրահանգումներն իրավաչափ չեն, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը թույլ տալով դատավարական ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու հնարավորություն, այդ հարցը պայմանավորել է դրա պատճառների հարգելիության հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Ընդ որում այդ պատճառները չեն կարող պայմանավորվել իրավունքների պաշտպանությանն ուղղված ընդհանրական և առհասարակ գործողություններով:

Դատավարական ժամկետները համարվում են պահպանված, երբ դատավարական սուբյեկտն օրենքով նախատեսված գործողությունները պատշաճ կատարում է այդ ժամկետներում, հակառակ դեպքում պարտավոր է հիմնավորել այդպիսի գործողությունների կատարման անհնարինությունը:

Սույն գործի նյութերից ակնհայտ է, որ Ակսել Դանիելյանի կողմից Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա որոշման դեմ հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է աշխատանքային իրավահարաբերություն շրջանակներում քննելու նպատակով: Նշված հանգամանքն էլ հայցվորի կողմից նշվել է որպես Դատարանում հայց ներկայացնելու ժամկետի բաց թողումը հարգելի համարելու հիմք:

Հարկ ենք համարում արձանագրել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 16.04.2019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, արդեն իսկ հստակորեն սահմանել է, որ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերն ընդդատյա են վարչական դատարանին: Նշված վեճերի ընդդատության հարցի վերաբերյալ առաջացող հարցերի վերաբերյալ պատասխանները տրված են դեռևս 05.12.2013 թվականին ընդունված և 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Հետևաբար Ակսել Դանիելյանը «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 16.04.2019 թվականի որոշմամբ արդեն իսկ իրազեկված է եղել, որ իր հայցապահանջն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին:

i

Միաժամանակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե Դատարանը, թե Վերաքննիչ դատարանը Ակսել Դանիելյանի կողմից ժամկետի բաց թողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը դիտել են հիմնավոր, անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ Ակսել Դանիելյանի կողմից Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա որոշումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկամսյա ժամկետի խախտմամբ: Ակսել Դանիելյանը վիճարկվող որոշումը ստանալու օրվանից հետո, թե աշխատանքային օրենսգրքի, թե վարչական դատավարության կանոններին համապատասխան կարող էր կանխատեսել, որ նշված որոշումը դատական կարգով կարող էր վիճարկել երկու ամսվա ընթացքում: Սակայն վերջինս Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա որոշման դեմ հայցադիմում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է 10.04.2019 թվականին` խախտելով օրենքով սահմանված երկամսյա ժամկետը: Հետևաբար Դատարանը և Վերաքննիչ դատարանը բավարարելով Ակսել Դանիելյանի ներկայացրած միջնորդությունը` ժամկետի բացթողումը հարգելի համարելով և փաստելով, որ հայցվորը ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը և հստակ քայլեր է կատարել այդ ուղղությամբ, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացնելիս արդեն իսկ երկամսյա ժամկետը բաց թողնված է եղել:

Ավելին, օգտվելով իրավաբանական օգնությունից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործը վարչական դատարանում քննության ենթակա լինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու պայմաններում Ակսել Դանիելյանը շարունակել է համապատասխան իրավական գործընթացներն` ուղղված տվյալ հայցն ընդհանուր իրավասության դատարանում քննելուն: Հետևաբար` ի սկզբանե աշխատանքային իրավահարաբերություններից բխող վեճով դատարան դիմելու բաց թողնված ժամանակահատվածը չի կարող դիտվել հայցվորի կողմից անկախ պատճառով բաց թողնված ժամկետ: Ավելին` դատարանների գնահատման առարկա չի դարձել նաև այն հանգամանքը, որ Ակսել Դանիելյանը կարող էր կանխատեսել վեճի ենթակայության հարցը նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու պահից, մինչդեռ հայցվորի համար լիովին կանխատեսելի իրավիճակում դատարանի կողմից հայցվորի թույլ տված սխալը մատնանշելուց հետո հայցվորը շարունակել է այդ իրավական գործընթացը:

Նման պայմաններում գտնում ենք, որ Ակսել Դանիելյանի` Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/424-Ա որոշման դեմ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա չէր բավարարման:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ բողոքը ենթակա էր բավարարման` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը պետք է վերացվեր և կայացվեր նոր դատական ակտ. վերացվեր ՀՀ վարչական դատարանի 15.07.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 9 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.11.2021
N ՎԴ/5220/05/19
Որոշում