Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/11139/05/18

    դատարանի որոշում                       2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11139/05/18

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի սեպտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լաուրա Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Նարինե Չարչյանի, Վահե և Աննա Տեր-Եսայանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 22.04.2005 թվականի թիվ 854-Ա որոշումը և Լաուրա Սահակյանի անվամբ 24.07.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վահե Տեր-Եսայանը, Աննա Տեր-Եսայանը և Նարինե Չարչյանը պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 22.04.2005 թվականի թիվ 854-Ա որոշումը և Լաուրա Սահակյանի անվամբ 24.07.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 16.11.2018 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.01.2019 թվականի որոշմամբ Նարինե Չարչյանի, Վահե և Աննա Տեր-Եսայանների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.11.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լաուրա Սահակյանը (ներկայացուցիչ` Կ. Բադալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 144-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել, որ հայցվորները փորձում են վիճարկել Երևանի Մաշտոցի պողոտայի 20 շենք 60 բնակարան հասցեին վերաբերող` 22.04.2005 թվականի վարչական ակտը, այն դեպքում, երբ Երևանի Մաշտոցի պողոտայի 20/1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք են բերել 02.03.2012 թվականի թիվ 790 բռնագանձման ծանուցագրի, 25.10.2011 թվականին նոտարի կողմից վավերացված հայտարարության, թիվ 4822 ժառանգության իրավունքի վկայագրի և ըստ կտակի 08.02.2017 թվականի վկայագրի հիման վրա: Մինչդեռ հայցվորների կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ Երևանի Մաշտոցի պողոտայի 20/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նախկին սեփականատերերն անտեղյակ են եղել վիճարկվող վարչական ակտից կամ դրա հիման վրա կադաստրում կատարված պետական գրանցումից:

Հայցվորների փաստարկներն առ այն, որ Երևանի Մաշտոցի պողոտայի 20/1 հասցեի շինությունը բնակելի չէ, այլ հասարակական նշանակության է, իսկ հայցվորները միայն բնակվելու դեպքում կարող էին տեղեկանալ իրենց իրավունքների խախտման մասին, հերքվում է իրենց իսկ բերած փաստերով այն մասին, որ ի սկզբանե իմացել են Երևանի Մաշտոցի պողոտայի 20 շենք 60 բնակարան հասցեի ինքնակամ շինությունների գոյության մասին, որպիսի հանգամանքը ևս անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 11.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` օրինական ուժ տալ նույն գործով ՀՀ վարչական դատարանի 16.11.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմանը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը կարող է վերականգնվել այն պարագայում, երբ հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արտահայտել է այն տեսակետը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե ոչ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն նույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված` հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջ է հանդիսանում նաև հայցադիմումը դատավարական ժամկետներում ներկայացնելը:

i

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը` ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Միևնույն ժամանակ օրենսդիրը հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար, այդ հարցի լուծումը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումներով օրենսդիրը պայմանավորել է ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի իմաստով.

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

i

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտը բնորոշող հատկանիշներից արտաքին ներգործությունը կարող է վերաբերելի լինել միայն այն անձանց, ովքեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ վարչական վարույթի մասնակիցներ: Մասնավորապես, վարչական ակտը կարող է առնչվել միայն վարչական ակտի հասցեատիրոջը և/կամ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող այն անձանց, ովքեր վարչական ակտի ընդունման պահին ունեն որոշակի իրավունքներ կամ օրինական շահեր, որոնք կարող են շոշափվել այդ վարչական ակտով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարությունն իրականացնելիս վարչական մարմինները պարտավոր են գործել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները ոչ իրավաչափ վարչական ակտով չխախտելու, այդ իրավունքների ու ազատությունների իրականացման համար խոչընդոտներ չհարուցելու, դրանց իրականացման համար Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով անհրաժեշտ պայմաններ ապահովելու և նրանց վրա ոչ իրավաչափորեն որևէ պարտականություն չդնելու հաշվառմամբ: Ընդ որում, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները պետք է առկա լինեն վարչական ակտն ընդունելու պահի դրությամբ, քանի որ օբյեկտիվորեն հնարավոր չէ կանխատեսել ապագայում ձեռք բերվող իրավունքների ու օրինական շահերի վրա այդ ակտի արտաքին ներգործություն ունենալու հանգամանքը: Նշվածը հիմնավորվում է նաև նրանով, որ վարչական մարմինը ոչ միայն պարտավորություն ունի վարչական վարույթում ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, այլ նաև` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում վարչական մարմինը պարտավոր է հանձնել վարույթի մասնակիցներին, հետևաբար այդ ակտը չի կարող հանձնվել այնպիսի անձի, ով վարչական ակտն ընդունելու պահին չունի վարչական ակտով շոշափվող իրավունքներ կամ օրինական շահեր:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտը որևէ ձևով չի կարող առնչվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չհանդիսացող անձանց, ուստիև վարչական ակտի ուժի մեջ մտնելու կանոնը վերաբերելի չի կարող լինել վարչական ակտի հասցեատեր կամ վարչական ակտի ընդունման պահին որոշակի իրավունքներ կամ օրինական շահեր չունեցող անձանց:

i

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չհանդիսացող անձանց կողմից վիճարկման հայց ներկայացնելու պարագայում դատավարական ժամկետների հաշվարկման, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու իրավական հնարավորությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից հետևում է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Այսինքն` դատավարական գործողությունները պետք է կատարվեն դատավարական ժամկետների ընթացքում, իսկ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով ենթակա է մերժման, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հարցին հնարավոր է անդրադառնալ միայն այն պարագայում, եթե անվիճելի է, որ հայցադիմումը ներկայացվել է «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտի կողմից:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտի արտաքին ներգործությունը կարող է տարածվել միայն վարչական ակտի հասցեատիրոջ և/կամ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող այն անձանց վրա, ովքեր վարչական ակտի ընդունման պահին ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ, որոնք խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել այդ վարչական ակտով: Ըստ այդմ, վերջիններս էլ հանդիսանում են վիճարկման հայց հարուցելու «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտներ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու այն հիմքին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ ընդգծել է, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ և անհիմն ծանրաբեռնվածության և դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներևություն: Այսինքն` սույն իրավական կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու` չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն և հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ:

i

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ակնհայտորեն նման իրավունք չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացվելու պարագայում հայցադիմումը վարույթ չի ընդունվում, քանի որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայցվորն այդ գործով շահագրգիռ անձ չի հանդիսանում (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայց հարուցելու «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտներ են վարչական ակտի հասցեատեր հանդիսացող և/կամ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող, սակայն վարչական ակտի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ ունեցող անձինք, իսկ նշված պայմաններին չբավարարող սուբյեկտները չեն հանդիսանում իրենց համար ներգործող ազդեցություն չունեցող վարչական ակտը վիճարկելու իրավունք ունեցող «շահագրգիռ անձինք»: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի ընդունումից հետո միայն որոշակի իրավունքներ ձեռք բերած սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու իրավունք չունենալը չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ է, անմիջապես աչքի է զարնում, առաջին իսկ դիտարկման պահին երևում, աչքի է ընկնում և ոչ մի կերպ չի կարող վրիպել ու կասկած հարուցել, քանի որ վիճարկվող վարչական ակտով այն ընդունող վարչական մարմինը որևէ կերպ չէր կարող խախտել վարչական ակտի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ չունեցող անձի իրավունքները, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով նման անձի կողմից ներկայացված վիճարկման հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման, որպես այն ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված, որպիսի պարագայում դատավարական ժամկետների հարցն այլևս ենթակա չէ քննարկման:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 22.04.2005 թվականի թիվ 854-Ա որոշմամբ ճանաչվել է հավելված 1-ում ընդգրկված Մելքոնյան Նաիրայի սեփականության իրավունքը Երևանի Մաշտոցի 20-րդ շենքի թիվ 60 բնակարանում գտնվող ինքնակամ շինությունների նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 32-33):

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 17.02.2017 թվականին տրված թիվ 17022017-01-0075 վկայականով հաստատվել է Երևանի Մաշտոցի պողոտա 20/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Նարինե Չարչյանի, Վահե և Աննա Տեր-Եսայանների սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 21):

Նարինե Չարչյանը, Վահե և Աննա Տեր-Եսայանները 08.11.2018 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան` պահանջելով մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 22.04.2005 թվականի թիվ 854-Ա որոշումը և Լաուրա Սահակյանի անվամբ 24.07.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացվել է «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին» միջնորդություն` պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել են 04.10.2018 թվականին, որի փաստը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 04.10.2018 թվականին տրված թիվ ԱՏ-02/10/2018-4-0012 տեղեկանքով (հատոր 1-ին, գ.թ. 3-11, 22):

Դատարանի 16.11.2018 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են այն հիմնավորմամբ, որ հայցվորները դեռևս ինքնակամ կառույցների շինարարության ժամանակ ողջամտորեն պետք է իմանային իրենց իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Մինչդեռ գործի նյութերում բացակայում է որևէ փաստարկ և (կամ) ապացույց առ այն, որ մինչև 04.10.2018 թվականը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե դիմելը 10 տարուց ավելի հայցվորները որևէ քայլ են ձեռնարկել իրենց իրավունքի ենթադրյալ խախտումը վերացնելու ուղղությամբ (դիմել են իրավասու մարմիններ` կառույցների կարգավիճակը ճշտելու նպատակով, դիմել են իրավասու վարչական կամ դատական մարմիններ, որպեսզի վերականգնվի մինչև ինքնակամ շինարարության վիճակը և այլն) (հատոր 1-ին, գ.թ. 38-40):

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Նարինե Չարչյանի, Վահե և Աննա Տեր-Եսայանների վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «բողոքում նշված փաստական հանգամանքները` դրանք հերքող ապացույցների բացակայության պայմաններում, դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունք ընձեռելու բավարար հիմք են, քանի որ այդ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ չբնակվելով այն հասցեում, որտեղ գտնվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի խախտման մասին էլ մատնանշվել է բողոքում (նաև հայցադիմումում)` հայցվորները ողջամտորեն կարող էին տևական ժամանակ իրազեկ չլինել կատարված կառուցապատումներին, և ըստ այդմ` դրանց առնչությամբ ընդունված վիճահարույց վարչական ակտերի մասին» (հատոր 1-ին, գ.թ. 75-79):

 

Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Սույն գործով վիճարկվող` Երևանի քաղաքապետի թիվ 854-Ա որոշումն ընդունվել է 22.04.2005 թվականին, այնինչ Երևանի Մաշտոցի պողոտա 20/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հայցվորները ձեռք են բերել միայն 17.02.2017 թվականին: Այսինքն` 22.04.2005 թվականին ընդունված թիվ 854-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետը որևէ կերպ չէր կարող խախտել գրեթե 12 տարի անց սեփականության իրավունք ձեռք բերած անձանց իրավունքները: Այլ կերպ ասած, սույն գործով վիճարկվող վարչական ակտը արտաքին ներգործություն չունի դրա ընդունման պահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ չունեցող անձանց վրա, հետևաբար Երևանի քաղաքապետի 22.04.2005 թվականի թիվ 854-Ա որոշումը վիճարկելու իրավունք հայցվորներն ակնհայտորեն չունեն, ինչն ակներև է, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը ենթակա է եղել մերժման, որպիսի պարագայում դատավարական ժամկետների հարցն այլևս ենթակա չի եղել քննարկման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածին 2-րդ մասի կիրառմամբ չէր կարող վերականգնվել, քանի որ հայցադիմումը ներկայացրել են դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձինք:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 11.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 16.11.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.09.2021
N ՎԴ/11139/05/18
Որոշում