Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ, 311-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ, 311-ՐԴ, 312-ՐԴ ԵՎ 313 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԱԴԴ/0079/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0079/01/16

Նախագահող դատավոր` Մ. Պապոյան

    Դատավորներ`        Մ. Պետրոսյան

                       Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   

                   մասնակցությամբ`

                   պաշտպան`                   Ա. Թամրազյանի

                   

                   ամբաստանյալ`               Լ. Հարությունյանի

 

    2020 թվականի մայիսի 26-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Լևոն Պավլուշայի Հարությունյանի, Արթուր Էդվարդի Քոչարյանի, Վալերի Սամվելի Մուրադովի և Էդգար Ավետիսի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի և Լևոն Պավլուշայի Հարությունյանի պաշտպան Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58217215 քրեական գործը:

i

Նախաքննության մարմնի` 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Լևոն Պավլուշայի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով):

i

Նախաքննության մարմնի` 2016 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վալերի Սամվելի Մուրադովը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մայիսի 7-ի որոշմամբ Էդգար Ավետիսի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

i

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Արթուր Էդվարդի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ Լևոն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով) և 311-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ Արթուր Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով:

2016 թվականի սեպտեմբերի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճռով ամբաստանյալ Լևոն Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Լ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել մեկ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով և երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով Լ.Հարությունյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել յուրաքանչյուր դրվագով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ամբաստանյալ Լ.Հարությունյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2015 թվականի դեկտեմբերի 15-ից: Լ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ամբաստանյալ Արթուր Քոչարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ամբաստանյալ Ա.Քոչարյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ յուրաքանչյուր դրվագով պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, ամբաստանյալ Ա.Քոչարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Ամբաստանյալ Ա.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ամբաստանյալ Վալերի Մուրադովը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ամբաստանյալ Էդգար Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Է.Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ռազմիկ Նազինյանը:

3. Ամբաստանյալ Լ.Հարությունյանի, վերջինիս պաշտպան Ա.Թամրազյանի և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա.Արամյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Ա.Քոչարյանն ազատվել է տուգանքի ձևով նշանակված վերջնական պատժից:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Վ.Մուրադովն ազատվել է տուգանքի ձևով նշանակված պատժից:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Է.Մելքոնյանն ազատվել է տուգանքի ձևով նշանակված պատժից:

Ամբաստանյալ Լ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը և ամբաստանյալ Լ.Հարությունյանի պաշտպան Ա.Թամրազյանը, որոնք Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Լևոն Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով) և 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքները կատարելու համար. «(...) Նա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) և օժտված լինելով ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով պայմանագրային զինծառայության ընդունելության համար ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի ստորաբաժանման միջոցով ՍԶ ղեկավարությանը թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու, ինչպես նաև ղեկավարած ստորաբաժանման պայմանագրային զինծառայողներին պաշտոնից պաշտոն տեղափոխելու միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարին դիմելու իրավասությամբ, 2013-2015 թվականների ընթացքում, չորս դեպքերով, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով, կաշառք է պահանջել և ստացել ՀՀ քաղաքացիներ Արմինե Խաչատրյանից, Էդգար Մելքոնյանից, Վալերի Մուրադովից և թիվ 5073 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Քոչարյանից` նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար: Այսպես. նպատակ ունենալով գտնել գրագիր կին-զինծառայողի հարմար թեկնածու և պայմանագրային ծառայության տեղավորել ղեկավարած թիվ 5073 զորամասում, Լևոն Հարությունյանը դիմել է նույն զորամասի պահպանման և ապահովման վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արտյոմ Ավետիսյանին, ով 2013 թվականի փետրվարի վերջին առաջարկել է աշխատանքի տեղավորման հարցով իրեն դիմած ծանոթուհու` Արմինե Խաչատրյանի թեկնածությունը: Արտյոմ Ավետիսյանի հետ կայացած զրույցի ընթացքում, Արմինե Խաչատրյանի թեկնածությունը ներկայացնելու և նրա նշանակումը թիվ 5073 զորամասում ապահովելու համար, հրամանատար Լևոն Հարությունյանը, Արտյոմ Ավետիսյանի միջոցով, Արմինե Խաչատրյանից որպես կաշառք պահանջել է խոշոր չափերով` 614.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար` ներկայացնելով, որ պահանջված գումարը նրա կողմից պետք է տրվի` նրան որպես պայմանագրային զինծառայող իրենց զորամասում հրամանագրելուց: Իրազեկվելով, որ Արմինե Խաչատրյանը համաձայնվել է զորամասում ծառայության տեղավորվելու հարցը լուծել կաշառքով և տրամադրել 1.500 ԱՄՆ դոլար, 2013 թվականի մարտի 5-ին Լևոն Հարությունյանն Արմինե Խաչատրյանին հրավիրել է իր մոտ հարցազրույցի, որի արդյունքում ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի ստորաբաժանմանը ներկայացրել է նրա թեկնածության վերաբերյալ դրական կարծիք, և ղեկավարած զորամասում Արմինե Խաչատրյանի ընդունելության համար համապատասխան` գրագիր-գործավարի ազատ հաստիքի բացակայության պայմաններում պատճառաբանելով տվյալ թեկնածուի կարիքը, միջնորդել է ընթացք տալ նրա ծառայության ընդունելու վերաբերյալ դիմումին, և թեկնածուի հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել թիվ 5073 զորամասում: 2013 թվականի մայիսի 7-ին Լևոն Հարությունյանը հայտնել է Արտյոմ Ավետիսյանին, որ Արմինե Խաչատրյանը մոտ օրերին հրամանագրվելու է որպես թիվ 5073 զորամասի պայմանագրային զինծառայող և հրահանգել է նրանից ստանալ պայմանավորված կաշառքի գումարն ու փոխանցել իրեն, որից հետո` 2013 թվականի մայիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Արմինե Խաչատրյանի կողմից Արտյոմ Ավետիսյանի միջոցով տրված խոշոր չափերով` 614.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը ստացել է վերջինից, թիվ 5073 զորամասի իր աշխատասենյակում: 2013 թվականի մայիսի 13-ին, Արմինե Խաչատրյանը, որպես պայմանագրային շարքային զինծառայող, ծառայության է անցել ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ 5073 զորամասում, և այնտեղ գրագիր-գործավարի ազատ հաստիքի բացակայության պայմաններում նշանակվել զորամասի շնաբուծարանի ծառայողական շների հրահանգչի հաստիքին:

Ունենալով 2012 թվականի նոյեմբերից իրեն ամրակցված «Շևրոլե-Նիվա 21230Լ» մակնիշի 514SS02 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի վարորդի կարիք` հրամանատար Լևոն Հարությունյանը 2014 թվականի մարտի վերջին այդ մասին հայտնել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Կարեն Սարգսյանին, ով առաջարկել է ուսումնասիրել թիվ 5073 զորամասի պայմանագրային զինծառայող` հրաձիգ Արթուր Քոչարյանի թեկնածությունը: Հրամանատար Լևոն Հարությունյանը, հանդիսանալով ղեկավարած զորամասի պայմանագրային զինծառայողներին պաշտոնից պաշտոն տեղափոխելու միջնորդությամբ ՍԶ հրամանատարին դիմելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ, Արթուր Քոչարյանին կանչել է հարցազրույցի, ստուգել վերը նշված տրանսպորտային միջոցը վարելու կարողությունը, այնուհետև` հրաձիգի պաշտոնից նրան տեղափոխելու և որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակման ներկայացնելու համար, նրանից անձամբ, որպես կաշառք պահանջել է Երևանի կոնյակի գործարանի արտադրության, 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «Արարատ Նաիրի» 5 հատ կոնյակներ, ապա 2014 թվականի մարտի վերջին, զորամասի տարածքում նրանից ստացել է ընդհանուր 105.000 ՀՀ դրամ արժողության 0,5 լիտրանոց 3 հատ «Արարատ Նաիրի» կոնյակներ, որոնք վերջինը դրել է Լևոն Հարությունյանի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենայի մեջ, քանի որ ճշտելով նշված ոգելից խմիչքի շուկայական արժեքն ու ելնելով ֆինանսական հնարավորություններից, պահանջված 5 հատ կոնյակների փոխարեն, կարողացել է տրամադրել այդքանը: 2014 թվականի մարտի 27-ին հրամանատար Լևոն Հարությունյանը գրավոր զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարին` միջնորդելով ղեկավարած զորամասի պահպանման և ապահովման վաշտի հրաձիգ Արթուր Քոչարյանին տեղափոխել ավտոտրանսպորտային ջոկ, ավագ վարորդի հաստիքին: ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 2014 թվականի մարտի 31-ի հրամանի համաձայն` Արթուր Քոչարյանն ազատվել է ուսումնական կենտրոնի հրաձիգի պաշտոնից և 2014 թվականի ապրիլի 1-ից նշանակվել որպես ուսումնական կենտրոնի ավագ վարորդ:

2015 թվականի ընթացքում թիվ 5073 զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանն իր ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արթուր Քոչարյանին տեղեկացնելով, որ ցանկանում է նշված զորամասում աշխատանքի տեղավորել պայմանագրային զինծառայողների, նրա միջնորդությամբ դիմած անձանց` Էդգար Մելքոնյանին և Վալերի Մուրադովին, ղեկավարած զորամասում պայմանագրային ծառայության տեղավորելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառքի գումարներ. 2015 թվականի մայիսի սկզբին Լևոն Հարությունյանն Արթուր Քոչարյանի կողմից իրեն առաջարկված` Աբովյան քաղաքի բնակիչ Էդգար Մելքոնյանի թեկնածությունը ներկայացնելու և թիվ 5073 զորամասում պայմանագրային զինծառայության նրա նշանակումն ապահովելու համար նրանից, Արթուր Քոչարյանի միջոցով, որպես կաշառք պահանջել է խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` պայմանով, որ նշված գումարն Էդգար Մելքոնյանի կողմից տրվի հետագայում, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից նրան հրամանագրելու ժամանակ: Կաշառքի պահանջի մասին Արթուր Քոչարյանը տեղեկացրել է Էդգար Մելքոնյանի համար իրեն միջնորդած պայմանագրային զինծառայող Ռազմիկ Նազինյանին, նա էլ, իր հերթին Էդգար Մելքոնյանին և վերջինը համաձայնություն է հայտնել` տալ պահանջված 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը թիվ 5073 զորամասում ծառայության տեղավորվելու համար: Նշվածի մասին Արթուր Քոչարյանի միջոցով իրազեկված Լևոն Հարությունյանը հաջորդ օրը` 2015 թվականի մայիսի 6-ին, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Էդգար Մելքոնյանին կանչել է թիվ 5073 զորամաս հարցազրույցի, որի արդյունքում ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի ստորաբաժանմանը ներկայացրել է նրա թեկնածության վերաբերյալ դրական կարծիք` միջնորդելով ընթացք տալ նրա ծառայության ընդունելու վերաբերյալ դիմումին, և թեկնածուի հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել իր ղեկավարած թիվ 5073 զորամասում: 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լևոն Հարությունյանը տեղեկացրել է Արթուր Քոչարյանին Էդգար Մելքոնյանի մոտ օրերին սպասվող հրամանագրման մասին, պահանջել է նրանից ստանալ և իրեն փոխանցել պայմանավորված կաշառքի գումարը, որից հետո Արթուր Քոչարյանից ստացել է Էդգար Մելքոնյանի կողմից Ռազմիկ Նազինյանի միջոցով տրված խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: 2015 թվականի սեպտեմբերի 7-ին Էդգար Մելքոնյանը, որպես պայմանագրային շարքային զինծառայող, հրամանագրվել է թիվ 5073 զորամասում և անցել ծառայության:

2015 թվականի հունիսի սկզբին Լևոն Հարությունյանն Արթուր Քոչարյանի կողմից իրեն առաջարկված` նրա ազգական Վալերի Մուրադովի թեկնածությունը ներկայացնելու և թիվ 5073 զորամասում պայմանագրային ծառայության նրա նշանակումն ապահովելու համար նրանից, Արթուր Քոչարյանի միջոցով, որպես կաշառք պահանջել է խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` նշելով, որ այդ գումարը նույնպես պետք է տրամադրվի հետագայում, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Վալերի Մուրադովին հրամանագրելուց: Իրազեկելով Վալերի Մուրադովին կաշառքի պահանջի մասին և ստանալով նրա համաձայնությունը` տալ պահանջված գումարը թիվ 5073 զորամասում ծառայության տեղավորվելու համար, Արթուր Քոչարյանն այդ մասին տեղեկացրել է հրամանատար Լևոն Հարությունյանին: Վերջինը, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Վալերի Մուրադովին 2015 թվականի հունիսի 10-ին կանչել է թիվ 5073 զորամաս` հարցազրույցի, որի արդյունքում ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի ստորաբաժանմանը ներկայացրել է նրա թեկնածության մասին դրական կարծիք` միջնորդելով ընթացք տալ նրա ծառայության ընդունվելու վերաբերյալ դիմումին, և թեկնածուի հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել իր ղեկավարած թիվ 5073 զորամասում: 2015 թվականի սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի հրամանով, Վալերի Մուրադովը, որպես պայմանագրային շարքային զինծառայող, նշանակվել է հրամանատար Լևոն Հարությունյանի ղեկավարած թիվ 5073 զորամասում, և նույն օրը Լևոն Հարությունյանը, Արթուր Քոչարյանի հետ կայացած զրույցի ժամանակ, պահանջել է Վալերի Մուրադովից վերցնել պայմանավորված կաշառքի գումարը և փոխանցել իրեն: 2015 թվականի սեպտեմբերի 25-ին, թիվ 5073 զորամաս Վալերի Մուրադովի ծառայության ներկայանալու օրը, Լևոն Հարությունյանն իր ծառայողական աշխատասենյակում, Արթուր Քոչարյանի միջոցով, ստացել է Վալերի Մուրադովի կողմից տրված խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը (...)»(1):

_____________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 75-81:

 

5.1. Արթուր Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(...) Նա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրաձիգի պաշտոնում նշանակված պայմանագրային զինծառայող, ընկերոջը` ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Կարեն Սարգսյանին, հայտնել է իր մտադրությունը` տեղափոխվել որպես ՍԶ պաշտոնյաներից որևէ մեկի ծառայողական ավտոմեքենայի վարորդ, խնդրել է հետաքրքրվել այդպիսի հնարավորությամբ և 2014 թվականի մարտի վերջին նրանից տեղեկացել է, որ վերջինն իր թեկնածությունն առաջարկել է ծառայողական ավտոմեքենայի վարորդի կարիք ունեցող ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ 5073 զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին, ով հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով պայմանագրային զինծառայողներին պաշտոնից պաշտոն տեղափոխելու միջնորդությամբ ՍԶ հրամանատարին դիմելու իրավասությամբ, ղեկավարած զորամասի զինծառայող Արթուր Քոչարյանին կանչել է հարցազրույցի, ապա ստուգել է 2012 թվականի նոյեմբերից իրեն ամրակցված «Շևրոլե-Նիվա 21230Լ» մակնիշի 514SS02 պետհամարանիշի ծառայողական տրանսպորտային միջոցը վարելու կարողությունը, և հրաձիգի պաշտոնից տեղափոխելու ու ծառայողական ավտոմեքենայի վարորդի պաշտոնում նշանակման ներկայացնելու համար, Արթուր Քոչարյանից անձամբ, որպես կաշառք, պահանջել է Երևանի կոնյակի գործարանի արտադրության 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «Արարատ Նաիրի» 5 հատ կոնյակներ: Արթուր Քոչարյանը, ճշտելով նշված ոգելից խմիչքի շուկայական արժեքն ու ելնելով իր ֆինանսական հնարավորություններից, պահանջված 5 հատ կոնյակների փոխարեն 2014 թվականի մարտի վերջին Երևանի «Ռոսիա» բացօթյա տոնավաճառից գնել է ընդհանուր` 105.000 ՀՀ դրամ արժողության 0,5 լիտրանոց 3 հատ «Արարատ Նաիրի» կոնյակներ, որոնք իրենց զորամասի տարածքում տրամադրել է Լևոն Հարությունյանին` դնելով դրանք վերջինի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենայի մեջ: 2014 թվականի մարտի 27-ին հրամանատար Լևոն Հարությունյանը գրավոր զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարին` միջնորդելով ղեկավարած զորամասի պահպանման և ապահովման վաշտի հրաձիգ Արթուր Քոչարյանին տեղափոխել ավտոտրանսպորտային ջոկ, ավագ վարորդի հաստիքին: ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 2014 թվականի մարտի 31-ի հրամանի համաձայն` Արթուր Քոչարյանն ազատվել է ուսումնական կենտրոնի հրաձիգի պաշտոնից, և 2014 թվականի ապրիլի 1-ից նշանակվել որպես ուսումնական կենտրոնի ավագ վարորդ: 2015 թվականի ընթացքում Արթուր Քոչարյանը, շարունակելով իր ծառայությունը որպես թիվ 5073 զորամասի հրամանատար` պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն Հարությունյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդ, և տեղեկանալով, որ վերջինը ցանկանում է նշված զորամասում աշխատանքի տեղավորել պայմանագրային զինծառայողների, երկու դեպքերով, 2015 թվականի մայիս և հունիս ամիսներին, կատարել է կաշառքի միջնորդություն` նպաստելով կաշառք տվող անձանց` Էդգար Մելքոնյանի և Վալերի Մուրադովի, և կաշառք ստացողի` հրամանատար Լևոն Հարությունյանի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և այդ համաձայնությունն իրականացնելուն: 2015 թվականի մայիսի սկզբին Արթուր Քոչարյանն իր ընկերոջ` իրենց զորամասի զինծառայող Ռազմիկ Նազինյանի խնդրանքով` օգնել նշանածի եղբայր Էդգար Մելքոնյանին նույն զորամասում պայմանագրային ծառայության տեղավորելու հարցում, միջնորդել է զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին և վերջինին առաջարկել Էդգար Մելքոնյանի թեկնածությունը: Լևոն Հարությունյանի հետ իրենց աշխատանքի վայրում կայացած այդ զրույցի ընթացքում, վերջինը, հանդիսանալով պայմանագրային զինծառայողների թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ, թիվ 5073 զորամասում Էդգար Մելքոնյանի նշանակումն ապահովելու համար, Արթուր Քոչարյանի միջոցով, որպես կաշառք պահանջել է խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` պայմանով, որ նշված գումարը տրամադրվի հետագայում, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Էդգար Մելքոնյանին հրամանագրելու ժամանակ: Լևոն Հարությունյանի կողմից 800 ԱՄՆ դոլար պահանջելու մասին Արթուր Քոչարյանը տեղեկացրել է Ռազմիկ Նազինյանին, նա էլ, իր հերթին` Էդգար Մելքոնյանին, որից հետո վերջինի համաձայնության մասին` տրամադրել պահանջված 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, տեղեկացրել է Արթուր Քոչարյանին` հրամանատար Լևոն Հարությունյանին իրազեկելու համար: Կաշառք տալու պատրաստակամության մասին իրազեկվելով, Լևոն Հարությունյանը հաջորդ օրը` 2015 թվականի մայիսի 6-ին, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Էդգար Մելքոնյանին կանչել է թիվ 5073 զորամաս` հարցազրույցի, որի արդյունքում Էդգար Մելքոնյանի թեկնածության մասին դրական կարծիք տալով, նրան ներկայացրել է ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի բաժանմունք` միջնորդելով ընթացք տալ նրա ծառայության ընդունելու վերաբերյալ դիմումին, և թեկնածուի հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել իր ղեկավարած թիվ 5073 զորամասում: 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լևոն Հարությունյանը տեղեկացրել է Արթուր Քոչարյանին` Էդգար Մելքոնյանի մոտ օրերին սպասվող հրամանագրման մասին, պահանջելով նրանից ստանալ և իրեն փոխանցել պայմանավորված կաշառքի գումարը: Արթուր Քոչարյանն այդ մասին նշված օրը հաղորդել է Ռազմիկ Նազինյանին և, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նույն օրն Աբովյան քաղաքում` դրսում, հանդիպել է Էդգար Մելքոնյանի և Ռազմիկ Նազինյանի հետ, որի ընթացքում վերջինը, Էդգար Մելքոնյանից վերցնելով 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, այն տվել է Արթուր Քոչարյանին: Արթուր Քոչարյանը նշված գումարը հասցրել է Երևան, որից հետո այն ամբողջությամբ հանձնել է թիվ 5073 զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին: 2015 թվականի սեպտեմբերի 7-ին Էդգար Մելքոնյանը հրամանագրվել է որպես պայմանագրային, շարքային զինծառայող Լևոն Հարությունյանի ղեկավարած թիվ 5073 զորամասում և անցել ծառայության: 2015 թվականի հունիսի սկզբին Արթուր Քոչարյանն իր հեռավոր ազգական Վալերի Մուրադովի խնդրանքով` օգնել ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ 5073 զորամասում պայմանագրային ծառայության տեղավորվելու հարցում, դիմել է իր զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին: Պայմանագրային զինծառայողների թեկնածուներ ներկայացնելու և նշված զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն Հարությունյանը, ղեկավարած զորամասում Վալերի Մուրադովի նշանակումն ապահովելու համար, աշխատանքի վայրում Արթուր Քոչարյանի հետ կայացած հիշյալ զրույցի ժամանակ, նրա միջոցով Վալերի Մուրադովից, որպես կաշառք, պահանջել է խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` նշելով, որ այդ գումարը նույնպես պետք է տրամադրվի հետագայում, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Վալերի Մուրադովին ծառայության հրամանագրելուց: Իրազեկելով Վալերի Մուրադովին կաշառքի պահանջի մասին` Արթուր Քոչարյանը ստացել է նրա համաձայնությունը` տալ պահանջված գումարը աշխատանքի տեղավորվելու համար, և այդ մասին տեղեկացրել է հրամանատար Լևոն Հարությունյանին: Վերջինը, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Վալերի Մուրադովին 2015 թվականի հունիսի 10-ին կանչել է թիվ 5073 զորամաս` հարցազրույցի: Այնուհետև` Վալերի Մուրադովի թեկնածության մասին դրական կարծիք տալով, Լևոն Հարությունյանը նրան ներկայացրել է ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի բաժանմունք և միջնորդել նրա դիմումին ընթացք տալու և ծառայության ընդունման համար դիմորդների հատուկ ստուգման արդյունքում թիվ 5073 զորամասում նրա նշանակման վերաբերյալ: 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Վալերի Մուրադովը հրամանագրվել է որպես պայմանագրային, շարքային զինծառայող հրամանատար Լևոն Հարությունյանի ղեկավարած թիվ 5073 զորամասում և նույն օրը Լևոն Հարությունյանը, Արթուր Քոչարյանի հետ կայացած զրույցի ժամանակ, պահանջել է, որ Վալերի Մուրադովը ծառայության ներկայանալու օրը նախապես պայմանավորված կաշառքի գումարը բերի զորամաս` իրեն փոխանցելու համար: Արթուր Քոչարյանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Վալերի Մուրադովը, ներկայանալով ծառայության թիվ 5073 զորամաս, Արթուր Քոչարյանին է տվել խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքը, որն Արթուր Քոչարյանը, հրամանատար Լևոն Հարությունյանի աշխատասենյակում, փոխանցել է նրան (...)»(2):

_____________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 124-128:

 

5.2. Վալերի Մուրադովին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) 2015 թվականի հունիսի սկզբին դիմել է իր հեռավոր ազգական` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Երևանում տեղակայված թիվ 5073 զորամասի հրամանատարի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արթուր Քոչարյանին, նրա միջնորդությամբ նույն զորամասում ծառայության ընդունվելու համար: Վերջինն այդ նպատակով դիմել է պայմանագրային զինծառայության անցնելու համար թեկնածուներ ներկայացնելու և նշված զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ` թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) Լևոն Հարությունյանին, ով ղեկավարած զորամասում Վալերի Մուրադովի նշանակումն ապահովելու համար, Արթուր Քոչարյանի միջոցով, որպես կաշառք նրանից պահանջել է խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառք` նշելով, որ այդ գումարը պետք է տրամադրվի ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Վալերի Մուրադովին հրամանագրելուց հետո: Վերջինը համաձայնվել է և, Արթուր Քոչարյանի միջոցով, Լևոն Հարությունյանին հայտնել է 800 ԱՄՆ դոլար կաշառք տրամադրելու պատրաստակամության մասին, որից հետո 2015 թվականի հունիսի 10-ին Լևոն Հարությունյանը նրան կանչել է հարցազրույցի և Վալերի Մուրադովի թեկնածության մասին դրական կարծիք տալով, նրան ներկայացրել է ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի բաժանմունք և միջնորդել նրա դիմումին ընթացք տալու և ծառայության ընդունման համար դիմորդների հատուկ ստուգման արդյունքում թիվ 5073 զորամասում նրա նշանակման վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի հրամանով Վալերի Մուրադովը նշանակվել է հրամանատար Լևոն Հարությունյանի ղեկավարած զորամասում` որպես պայմանագրային, շարքային զինծառայող: Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ծառայության ներկայանալու առաջին օրը` 2015 թվականի սեպտեմբերի 25-ին, թիվ 5073 զորամասի տարածքում, Վալերի Մուրադովն Արթուր Քոչարյանին տվել է խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, որը վերջինը փոխանցել է հրամանատար Լևոն Հարությունյանին (...)»(3):

_____________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 70-72:

 

5.3. Էդգար Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) 2015 թվականի մայիսի սկզբին դիմել է իր քրոջ նշանածին` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Երևանում տեղակայված թիվ 5073 զորամասի պայմանագրային զինծառայող Ռազմիկ Նազինյանին, նույն զորամասում աշխատանքի տեղավորվելու հարցում իրեն օգնելու խնդրանքով, ով, իր հերթին, այդ հարցով դիմել է նշված զորամասի հրամանատարի վարորդ Արթուր Քոչարյանի միջնորդությանը: Պայմանագրային զինծառայողների թեկնածուներ ներկայացնելու և նշված զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն Հարությունյանը, ղեկավարած զորամասում Էդգար Մելքոնյանի նշանակումն ապահովելու համար, Արթուր Քոչարյանի հետ զրույցի ընթացքում, նրա միջոցով, Էդգար Մելքոնյանից, որպես կաշառք, պահանջել է խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` պայմանով, որ նշված գումարը տրամադրվի նրան` ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Էդգար Մելքոնյանին հրամանագրելուց: Վերջինը համաձայնություն է տվել` հարցը լուծելու համար տրամադրել 800 ԱՄՆ դոլար կաշառք, և այդ մասին, միջնորդավորված, իրազեկել է Լևոն Հարությունյանին: Հաջորդ օրը` 2015 թվականի մայիսի 6-ին, հրամանատար Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Էդգար Մելքոնյանը կանչվել է թիվ 5073 զորամաս` հարցազրույցի, որից հետո Լևոն Հարությունյանը, Էդգար Մելքոնյանի թեկնածության մասին դրական կարծիք տալով, նրան ներկայացրել է ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի բաժանմունք` միջնորդելով ընթացք տալ Էդգար Մելքոնյանի դիմումին և ծառայության ընդունման համար իրականացվող հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել թիվ 5073 զորամասում: 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լևոն Հարությունյանն Արթուր Քոչարյանին հայտնել է Էդգար Մելքոնյանի մոտ օրերին սպասվող հրամանագրման մասին և պահանջել է նրանից ստանալ և իրեն հանձնել պայմանավորված կաշառքի գումարը: Նույն օրն Արթուր Քոչարյանը, Ռազմիկ Նազինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկնել է Աբովյան քաղաք, դրսում հանդիպել նրան և Էդգար Մելքոնյանին, ով տեղում խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է Ռազմիկ Նազինյանին, վերջինն էլ այն հանձնել է Արթուր Քոչարյանին, ով այն բերել է Երևան և տվել թիվ 5073 զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին: 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, որպես պայմանագրային, շարքային զինծառայող, Էդգար Մելքոնյանը հրամանագրվել է Լևոն Հարությունյանի ղեկավարած թիվ 5073 զորամասում և անցել ծառայության (...)»(4):

_____________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 106-108:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Լևոն Հարությունյանին երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում նշված փաստական հանգամանքներից հետևում է, որ նախաքննության մարմինը հիմնավորված է համարել այն, որ Լևոն Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) և օժտված լինելով ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով պայմանագրային զինծառայության ընդունելության համար ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ, 2013-2015 թվականների ընթացքում, միջնորդների միջոցով կաշառք է պահանջել և ստացել ՀՀ քաղաքացիներ Արմինե Խաչատրյանից, Էդգար Մելքոնյանից, Վալերի Մուրադովից` նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար:

Մինչդեռ, դատական քննության ժամանակ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների, այդ թվում` Արմինե Խաչատրյանի, Էդգար Մելքոնյանի և Վալերի Մուրադովի ցուցմունքների վերլուծությունից հետևում է, որ նրանք միջնորդների միջոցով Լևոն Հարությունյանին վերոհիշյալ գումարները տվել են ոչ թե վերջինիս կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը իրենց թեկնածությունը ներկայացնելու և իրենց նշանակման վերաբերյալ միջնորդելու համար, այլ` իրենց պայմանագրային ծառայության ընդունելու համար: Ավելին` պայմանագրային զինծառայողներ նշանակելու վերաբերյալ միջնորդելու իրավասություն ամբաստանյալ Լևոն Հարությունյանին վերապահված լինելու հանգամանքը հաստատող որևէ ապացույց սույն քրեական գործով ձեռք չի բերվել:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Լևոն Հարությունյանը, որպես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ), Արմինե Խաչատրյանին, Էդգար Մելքոնյանին և Վալերի Մուրադովին պայմանագրային ծառայության ընդունելու կամ նշանակելու լիազորությամբ օժտված չի եղել, այդպիսի լիազորությամբ օժտված է եղել բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:

(...)

Նախաքննության մարմինն ամբաստանյալ Լևոն Հարությունյանին մեղսագրել է կաշառք տվողի օգտին իր լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար կաշառք ստանալու կատարում այն դեպքում, երբ վերջինս պայմանագրային ծառայության ընդունելու կամ նշանակելու լիազորությամբ օժտված չի եղել, իսկ Արմինե Խաչատրյանը, Վալերի Մուրադովը և Էդգար Մելքոնյանը վերոհիշյալ գումարները միջնորդի միջոցով ամբաստանյալ Լևոն Հարությունյանին տվել են ոչ թե ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությանն իրենց թեկնածությունը ներկայացնելու կամ իրենց նշանակման վերաբերյալ միջնորդելու, այլ` ամբաստանյալ Լևոն Հարությունյանի լիազորությունների մեջ չմտնող գործողության, այն է` իրենց պայմանագրային ծառայության ընդունելու համար:

Հատկանշական է, որ նախաքննության մարմինն ամբաստանյալ Լևոն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքներում մի դեպքում նշել է, որ Լևոն Հարությունյանը օժտված է եղել ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով պայմանագրային զինծառայության ընդունելության համար ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ, իսկ Արմինե Խաչատրյանից, Էդգար Մելքոնյանից, Վալերի Մուրադովից կաշառքը պահանջել և ստացել է` նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, մյուս դեպքում` նույն մեղադրանքի փաստական հանգամանքներում նշել է, որ նա իր ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արթուր Քոչարյանին տեղեկացնելով, որ ցանկանում է նշված զորամասում աշխատանքի տեղավորել պայմանագրային զինծառայողների, նրա միջնորդությամբ դիմած անձանց` Էդգար Մելքոնյանին և Վալերի Մուրադովին ղեկավարած զորամասում պայմանագրային ծառայության տեղավորելու համար է պահանջել և ստացել կաշառքի գումարներ: Ավելին` մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքում նշված փաստական հանգամանքներում նախաքննության մարմինը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Լևոն Հարությունյանը հիշյալ գումարները վերցրել է զինծառայողների նշանակումն ապահովելու համար:

Այսպիսով, դատարանը փաստում է, որ սույն գործով առկա է անհամապատասխանություն ինչպես դատարանում հետազոտված ապացույցների և մեղադրանքի միջև, այնպես էլ` ամբաստանյալ Լևոն Հարությունյանին և մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների միջև, ինչից հետևում է, որ նախաքննության մարմինը չի պահպանել մեղադրանքների ձևակերպման կարևորագույն տարրերից մեկը և գործով հաստատված, ինչպես նաև ամբաստանյալ Լևոն Հարությունյանի գործողությունները կազմող փաստերը չի համադրել այդ փաստերին համապատասխանող կոնկրետ հանցակազմի հատկանիշներին: Ավելին` դատարանը փաստում է, որ նախաքննության մարմնի վերոգրյալ դատողությունները ոչ միայն իրարամերժ են և հակասող, զուրկ ներքին միասնությունից և տրամաբանական կապից, այլև ամբաստանյալներին միմյանց հակասող փաստական հանգամանքներով մեղադրանք առաջադրելով` նախաքննության մարմինը, ըստ էության, ստեղծել է իրավական անորոշության վիճակ:

Վերոգրյալ դատողությունների համատեքստում, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգելով և գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Լևոն Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) և պաշտոնատար անձ, ուրիշի զգալի և խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դիմել է խաբեության և Արմինե Խաչատրյանի, Էդգար Մելքոնյանի և Վալերի Մուրադովի օգտին իր լիազորությունների շրջանակներում իբրև թե գործողություններ կատարելու, այն է` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում նրանց զինվորական ծառայության ընդունելու համար, այսինքն` կաշառք ստանալու պատրվակով, միջնորդի` Արտյոմ Ավետիսյանի միջոցով Արմինե Խաչատրյանից պահանջել և ստացել է խոշոր չափի` 614.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար գումար, Արթուր Քոչարյանի միջոցով` Էդգար Մելքոնյանից պահանջել և ստացել է զգալի չափի` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար գումար, իսկ Վալերի Մուրադովից` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար գումար: Այլ խոսքով` ամբաստանյալ Լևոն Հարությունյանի արարքները համապատասխանում են երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և մեկ դրվագով` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին և նշված որակումներն ամբողջությամբ ընդգրկում են հանցակազմի ինչպես հիմնական, այնպես էլ ծանրացնող հատկանիշները:

Հետևաբար, դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հիմնավորված և պատճառաբանված չեն ամբաստանյալ Լևոն Հարությունյանի կողմից երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքները կատարելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունները և նրան մեղսագրված արարքները ենթակա են որակման երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և մեկ դրվագով` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:

(...) Դատարանը գտնում է, որ իրենց մեղսագրվող վերոհիշյալ հանցագործությունների կատարումն իրենց կամքից անկախ հանգամանքներով ամբաստանյալներ Արթուր Քոչարյանը, Ռազմիկ Նազինյանը, Էդգար Մելքոնյանը և Վալերի Մուրադովն ավարտին չեն հասցրել, քանի որ ամբաստանյալ Լևոն Հարությունյանն իր զբաղեցրած պաշտոնի բերումով որևէ լիազորություն չի ունեցել Է.Մելքոնյանին և Վ.Մուրադովին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում պայմանագրային ծառայության նշանակելու համար և խաբեությամբ ստանալով կաշառքի առարկա հանդիսացող գումարները` հափշտակել է դրանք:

Այսինքն` դատարանը գտնում է, որ ապացուցված է ամբաստանյալ Արթուր Քոչարյանի կողմից, նրա մեղավորությամբ, երկու դրվագով կաշառքի միջնորդության փորձ կատարելը և նրա արարքները համապատասխանում են երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ապացուցված է նաև ամբաստանյալներ Էդգար Մելքոնյանի և Վալերի Մուրադովի կողմից, նրանց մեղավորությամբ, խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելը և նրանց արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին

(...):

Համաձայն մեղադրական եզրակացության` ամբաստանյալ Լևոն Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ուղղակի և միակ ապացույցն ամբաստանյալ Արթուր Քոչարյանի ցուցմունքներն են, որոնց ստուգման և գնահատման արդյունքում դատարանը գալիս է այն եզրահանգման, որ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից դրանցով չեն հաստատվում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքն ամբաստանյալ Լևոն Հարությունյանի կողմից կատարելու հանգամանքը:

(...)

Նախաքննական և դատաքննական ցուցմունքների հակասությունների շուրջ պատասխանելով առաջադրված հարցերին` ամբաստանյալ Արթուր Քոչարյանը դատարանին հայտնել է, որ իր ենթադրությունն է եղել, երբ նշել է, որ Լ.Հարությունյանը կոնյակները ուզել է որպես շնորհակալություն` իրեն ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակելու համար:

Ամբաստանյալ Լևոն Հարությունյանը, թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ժամանակ հերքել է Արթուր Քոչարյանին հրաձիգի պաշտոնից տեղափոխելու և որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակման ներկայացնելու համար նրանից կոնյակներ պահանջելու հանգամանքը:

Այսպիսով, ամբաստանյալ Արթուր Քոչարյանի ցուցմունքների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դրանցով չի հաստատվում սույն գործի համար կարևոր նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ հիշյալ կոնյակներն ամբաստանյալ Լևոն Հարությունյանը նրանից պահանջել է հրաձիգի պաշտոնից նրան տեղափոխելու և որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակման ներկայացնելու համար: Այլ խոսքով` ամբաստանյալ Ա.Քոչարյանի ցուցմունքները թույլ չեն տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ: Ավելին` ամբաստանյալ Լևոն Հարությունյանի հիշյալ գործողությունների մասով ամբաստանյալ Արթուր Քոչարյանի հայտնած այդ տեղեկությունները հնարավոր չէ ստուգել այլ ապացույցների բավարար համակցությամբ: Բացի այդ, ամբաստանյալ Արթուր Քոչարյանը դատաքննության ժամանակ պարզաբանել է, որ իր ենթադրությունն է եղել, երբ նշել է, որ Լ.Հարությունյանը կոնյակները ուզել է որպես շնորհակալություն` իրեն ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակելու համար: Մինչդեռ, հարկ է նշել, որ հանցագործության համար դատապարտումը չի կարող պայմանավորված լինել անձի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով կամ ենթադրություններով, այլ պետք է բխի նրա կողմից տվյալ արարքը կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից, որպիսին նախաքննության մարմնի կողմից ձեռք չի բերվել:

Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացության մեջ նշված մնացած ապացույցներին, ապա հիշյալ ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` ամբաստանյալ Լևոն Հարությունյանի կողմից հրաձիգի պաշտոնից Արթուր Քոչարյանին տեղափոխելու և որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակման ներկայացնելու համար վերջինիցս 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 5 հատ «Արարատ Նաիրի» տեսակի կոնյակներ պահանջելը և 2014թ. մարտի վերջին նրանից 105.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3 հատ «Արարատ Նաիրի» տեսակի կոնյակներ ստանալը, ինչպես նաև նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված այդ արարքը կատարելու մեջ: (...)»(5):

_____________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 187-352:

 

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, եկել է ճիշտ հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 3 դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամբաստանյալ Լևոն Հարությունյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն:

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ նախաքննական մարմինն ամբաստանյալ Լևոն Հարությունյանին մեղսագրել է կաշառք տվողի օգտին իր լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար կաշառք ստանալու կատարում այն դեպքում, երբ վերջինը պայմանագրային ծառայության ընդունելու կամ նշանակելու լիազորությամբ օժտված չի եղել (պայմանագրային զինծառայողներ նշանակելու վերաբերյալ միջնորդելու իրավասություն ամբաստանյալ Լևոն Հարությունյանին վերապահված լինելու հանգամանքը հաստատող որևէ ապացույց սույն քրեական գործով ձեռք չի բերվել), իսկ Արմինե Խաչատրյանը, Վալերի Մուրադովը և Էդգար Մելքոնյանը վերոհիշյալ գումարները միջնորդի միջոցով ամբաստանյալ Լևոն Հարությունյանին տվել են ոչ թե ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությանն իրենց թեկնածությունը ներկայացնելու կամ իրենց նշանակման վերաբերյալ միջնորդելու, այլ ամբաստանյալ Լևոն Հարությունյանի լիազորությունների մեջ չմտնող գործողության, այն է` իրենց պայմանագրային ծառայության ընդունելու համար: Այսինքն` վերոգրյալից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Լևոն Հարությունյանը, որպես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ), Արմինե Խաչատրյանին, Էդգար Մելքոնյանին և Վալերի Մուրադովին պայմանագրային ծառայության ընդունելու կամ նշանակելու լիազորությամբ օժտված չի եղել, քանի որ այդպիսի լիազորությամբ օժտված է եղել բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Լևոն Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Լևոն Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ուղղակի և միակ ապացույցն ամբաստանյալ Արթուր Քոչարյանի ցուցմունքներն են, որոնցով չի հաստատվում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքն ամբաստանյալ Լևոն Հարությունյանի կողմից կատարելու հանգամանքը:

(...)

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում նաև Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունները, որ ամբաստանյալներ Արթուր Քոչարյանին և Ռազմիկ Նազինյանին մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Վալերի Մուրադովին և Էդգար Մելքոնյանին մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքները ենթակա են վերաորակման համապատասխանաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

(...)

Վերաքննիչ դատարանն (...) եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և մեկ դրվագով` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով ամբաստանյալ Լևոն Հարությունյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:

Այսպիսով` ամբաստանյալ Լևոն Հարությունյանի մեղքը երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և մեկ դրվագով` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով հաստատված է և նրա կատարած հանցանքներն ապացուցված, իսկ ամբաստանյալի և պաշտպանի պատճառաբանությունները հերքվում են քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Առաջին ատյանի դատարանում հետազոտված փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջությամբ:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու վերաբերյալ ամբաստանյալի և պաշտպանի փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար` չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար (...)»(6):

_____________________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 66-113:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, ներկայացրած բողոքում վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, նրան ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով` երեք դրվագով, առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (1-ին դրվագով), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագով), վերաորակելով, ամբաստանյալ Ա.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, ինչպես նաև նրան ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով), առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով), վերաորակելով, Վ.Մուրադովին և Է.Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքները 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելով` Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները սխալ են կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերը, ինչպես նաև չեն կիրառել կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի դրույթները, որոնցով թույլ է տրվել դատական սխալ, որն իր հերթին ազդել է գործի ելքի վրա և հանգեցրել է նյութական ու դատավարական օրենքների էական խախտման:

8.1. Բողոքաբերի պնդմամբ` քրեական գործով ձեռք բերված ապացույցների առկայության պայմաններում անհասկանալի է դատարանի այն դատողությունը, ըստ որի` քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանը պայմանագրային զինծառայողներ նշանակելու վերաբերյալ միջնորդելու կամ թեկնածուներ ներկայացնելու իրավասություն է ունեցել:

Այսպես` Լ.Հարությունյանը, հանդիսանալով 5073 զորամասի հրամանատարը, լիազորված է եղել սահմանապահ զորքերի կադրերի բաժնի միջոցով սահմանապահ զորքերի հրամանատարին ներկայացնելու թեկնածություններ` իր ղեկավարած զորամասում պայմանագրային զինծառայության ընդունելու համար: Բացի այդ, հիմնավորվել է, որ զորամասի հրամանատարի միջնորդությունը կանխորոշել է տվյալ դիմորդի հենց նշված զորամասում հրամանագրվելու հանգամանքը:

Ըստ քրեական գործում առկա ապացույցների` պայմանագրային զինծառայության ընդունվելու համար կաշառք տվող անձինք, ինչպես նաև միջնորդները, կաշառքի շուրջ համաձայնությունները ձեռք բերելու ընթացքում, ինչպես նաև կաշառքը տալու ժամանակ, մանրամասն չեն քննարկել զինծառայության նշանակվելու համար առկա իրավական և ընթացակարգային կարգավորումները, չեն մանրամասնել, թե որ պաշտոնյան ինչ առանձին լիազորություններով է օժտված այդ գործընթացում:

Հակառակ դրան` գործով առկա փաստական տվյալներով հիմնավորվել է, որ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասում պայմանագրային զինծառայության անցնելու ցանկություն ունեցող անձինք, միջնորդների միջոցով, տարբեր չափերի գումարներ են փոխանցել տվյալ զորամասի հրամանատար Լ.Հարությունյանին` տվյալ զորամասում զինծառայության ընդունվելու համար, իսկ միջնորդների գործողություններն ուղղված են եղել հենց նույն նպատակին: Այս պայմաններում, ամբաստանյալ Լ.Հարությունյանը հիշյալ անձանց հրամանագրման համար միջնորդավորված եղանակով նախ ձեռք է բերել համապատասխան հանցավոր պայմանավորվածությունները, ապա ստանալով պայմանավորված չափի վարձատրությունները, իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություններ, մասնավորապես` կադրերի բաժնի միջոցով ներկայացրել է անձանց թեկնածությունները, որի արդյունքում նշված անձինք հրամանագրվել են տվյալ զորամասում զինծառայության:

Այլ կերպ` Լ.Հարությունյանի գործողությունները ոչ թե ուղղված են եղել խարդախության եղանակով ուրիշների գույքը հափշտակելուն, այլ նա իր ղեկավարած զորամասում պայմանագրային զինծառայության ընդունվելու ցանկություն ունեցող անձանցից միջնորդների միջոցով պահանջել, ապա ստացել է տարբեր չափերի գումարներ, որի արդյունքում իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություններ, ապահովել է տվյալ անձանց նշանակումը պայմանագրային զինվորական ծառայության` հենց կոնկրետ իր ղեկավարած զորամասում:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ անհիմն են նաև գործով մյուս ամբաստանյալներ Արթուր Քոչարյանին, Ռազմիկ Նազինյանին, Էդգար Մելքոնյանին և Վալերի Մուրադովին առաջադրված մեղադրանքները հանցափորձի համար պատասխանատվություն նախատեսող նորմով վերաորակելու վերաբերյալ դատարանի հետևությունները:

8.2. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալներ Լ.Հարությունյանին և Ա.Քոչարյանին առաջադրված մեղադրանքներում արդարացնելու կապակցությամբ դատարանի բերած պատճառաբանություններին, ապա, ըստ բողոքաբերի, այս մասով ստորադաս դատարանի հետևությունները ևս անհիմն են և չպատճառաբանված: Դատարանը նման հետևությունների է հանգել գործում առկա որոշ ապացույցներ չգնահատելու, իսկ որոշները` հատվածական, կրճատումներով, կոնտեքստից դուրս բերելու միջոցով մասնակի վերլուծելու և գնահատելու արդյունքում:

8.3. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, մասնակի բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը`

ա) ամբաստանյալ Լևոն Պավլուշայի Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երեք դրվագով) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված արդարացի պատիժ.

բ) ամբաստանյալ Արթուր Էդվարդի Քոչարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով` (երկու դրվագով) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված արդարացի պատիժ.

գ) ամբաստանյալ Վալերի Սամվելի Մուրադովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված արդարացի պատիժ.

դ) ամբաստանյալ Էդգար Ավետիսի Մելքոնյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված արդարացի պատիժ:

9. Ամբաստանյալ Լ.Հարությունյանի պաշտպան Ա.Թամրազյանը ներկայացված վճռաբեկ բողոքում ընդգծել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ըստ բողոքաբերի` ամբաստանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում ապացուցված համարելու համար պետք է հաստատված համարվեր, որ նա օժտված է եղել իր ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով պայմանագրային զինծառայության ընդունելության համար ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու լիազորությամբ, մինչդեռ համապատասխան օրենսդրական ակտերի և գործում առկա ապացույցների վերլուծությունը վկայում է, որ նա նման լիազորություններով օժտված չի եղել, հետևաբար նրան առաջադրված մեղադրանքը եղել է ապօրինի և անհիմն:

Քրեական գործում առկա ապացույցներից որևէ մեկը պայմանագրային զինծառայության ընդունվել ցանկացող անձանց թեկնածությունը ներկայացնելու և նրանց նշանակումն ապահովելու համար կաշառք պահանջելու վերաբերյալ փաստական տվյալ չի պարունակում, իսկ մի շարք ապացույցներով հաստատված է, որ պայմանագրային զինծառայության ընդունվելու համար թեկնածուներն իրենց անունից դիմում են հասցեագրել սահմանապահ զորքերի հրամանատարին: Դիմումները մուտքագրվել են սահմանապահ զորքերի կադրերի բաժին, դրանց վրա մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարվել են մակագրություններ և գրառումներ:

Լ.Հարությունյանն ի պաշտոնե գրավոր ձևով թեկնածուների մասին դրական կարծիք չի հայտնել, նրանց դիմումներին ընթացք տալու և նրանց ծառայության ընդունելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ներկայացրել և աշխատանքի ընդունվելու ցանկություն հայտնած քաղաքացու վերաբերյալ կարծիք հայտնելու և միջնորդություն ներկայացնելու լիազորությամբ օժտված չի եղել:

Այսինքն` Լ.Հարությունյանը, որպես զորամասի հրամանատար, չունենալով պայմանագրային զինծառայության ընդունելու համապատասխան լիազորություն, որևէ կերպ չէր կարող կանխորոշել այս կամ այն անձի` պայմանագրային զինծառայության ընդունվելու հարցը:

9.1. Բողոքաբերը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երեք դրվագով) առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մեկ դրվագով) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` (երկու դրվագով) վերաորակելու հարցին, ընդգծել է, որ դատարանի կողմից թույլ է տրվել Լ.Հարությունյանի պաշտպանության իրավունքի խախտում:

Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ դատաքննության ընթացքում Լ.Հարությունյանի մեղադրանքը փոփոխելու և նրան մեղսագրվող արարքն անգամ ավելի մեղմ հոդվածով վերաորակելու արդյունքում ակնհայտորեն խախտվել է նրա պաշտպանության իրավունքը:

9.2. Բողոք բերած անձը փաստել է նաև, որ Արմինե Խաչատրյանի, Արտյոմ Ավետիսյանի, Արթուր Քոչարյանի, Էդգար Մելքոնյանի, Վալերի Մուրադովի և Ռազմիկ Նազինյանի կողմից քրեական գործի նախաքննության ընթացքում որպես վկա տված ցուցմունքները, որոնք մեղադրական եզրակացության համաձայն դրվել են Լ.Հարությունյանի մեղադրանքի հիմքում, ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական խախտումներով, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դրանք անթույլատրելի ապացույցներ են:

Բողոքաբերի պնդմամբ` թույլ է տրվել նաև Լ.Հարությունյանի հակընդդեմ հարցման իրավունքի խախտում, քանի որ Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից բխում է, որ քրեական գործի նախաքննության փուլում քննիչը պարտավոր է կատարել մեղադրյալի և վկաների միջև առերես հարցաքննություն` նրանց ցուցմունքներում էական հակասությունների առկայության դեպքում: Այսպես` քրեական գործի նախաքննության ընթացքում Լ.Հարությունյանը չի ընդունել իր մեղքը, մասնավորապես` Է.Մելքոնյանից և Վ.Մուրադովից կաշառք կամ որևէ այլ գումար ստանալու վերաբերյալ, որպիսի պայմաններում քննիչը պարտավոր էր կատարելու առերես հարցաքննություն, որի ընթացքում Լ.Հարությունյանը կարող էր հակընդդեմ հարցման ենթարկել իր դեմ վկայած անձանց:

9.3. Բողոքաբերը նշել է նաև Լ.Հարությունյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտության մասին` ընդգծելով այն հանգամանքը, որ Լ.Հարությունյանը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայելու ընթացքում բազմիցս պարգևատրվել է, արդեն իսկ փաստացի կրել է ազատազրկման ձևով պատժի զգալի մասը, վատառողջ է (նրա մոտ ախտորոշվել է «ՍԻՀ զարկերակային հիպերտենզիա 1-ին աստիճանի» հիվանդությունը), 2015 թվականի ընթացքում կատարվել է սրտի զարկերակների ստենտավորում, վերջինիս մոտ սրտի անոթների ստենտավորումներ են կատարվել նաև 2018 թվականի մարտի 2-ին, առկա են նաև այլ հիվանդություններ:

Բացի այդ, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կիրառել համաներման մասին ՀՀ օրենքը և Լ.Հարությունյանին ազատել պատժից, սակայն թույլ է տվել նյութական իրավունքի խախտում և նրան պատժից չի ազատել:

9.4. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բավարարել ներկայացված բողոքը, դատական ակտը մասնակի բեկանել և փոփոխել, ճանաչել և հռչակել Լ.Հարությունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մեկ դրվագով) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագով) առաջադրված մեղադրանքում, կամ դատական ակտը բեկանել պատժի մասով, Լ.Հարությունյանին ազատել պատժից` 2018 թվականի համաներման մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով առաջադրված մեղադրանքի համար երեք տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժից Լ.Հարությունյանին ազատել 2013 թվականի համաներման ակտի կիրառման հիմքով, կամ նրա նկատմամբ նշանակել արդարացի և համաչափ պատիժ` տուգանքի ձևով` հաշվի առնելով փաստացի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, կամ ազատազրկման ձևով նշանակված պատժաչափը կրճատել, կամ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Լ.Հարությունյանի արարքում խարդախության հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար (...):

2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար (...)»:

Մեջբերված նորմի վերլուծությունից բխում է, որ կաշառք ստանալու հանցակազմն օբյեկտիվ կողմից դրսևորվում է կաշառք ստանալով կամ այն պահանջելով կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելով, ընդ որում, պաշտոնատար անձը կաշառք է ստանում կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին օրենքով հստակ նկարագրված որոշակի գործողություններ կատարելու կամ չկատարելու պայմանով, այն է`

- իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար,

- իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու համար,

- ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար,

- ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար:

11.1. Անդրադառնալով պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար կաշառք ստանալու հանցակազմին` Վճռաբեկ դատարանն Ալեքսանդր Այվազյանի և մյուսների վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Պաշտոնատար անձի կողմից իր իրավասության շրջանակում որոշակի գույքային առավելության դիմաց օրինական գործողության կատարման համար ևս քրեական պատասխանատվություն սահմանելու գաղափարն ամրագրված է նաև Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայում(7) (այսուհետ` նաև Կոնվենցիա): Կոնվենցիայով նախատեսված` կաշառակերության (ակտիվ կամ պասիվ) համար քրեական պատասխանատվություն նախատեսելու պահանջի տեսանկյունից, այդ նույն Կոնվենցիայի բացատրական զեկույցի համաձայն, անհրաժեշտ չի համարվում պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունները խախտելու լրացուցիչ տարրի նախատեսումը: Նշված զեկույցի համաձայն` այս իրավախախտման հիմնական տարրը ոչ թե պաշտոնատար անձի` այս կամ այն կերպ գործելու լիազորության առկայությունը կամ բացակայությունն է, այլ այն, որ դրա համար պաշտոնատար անձը ստացել, կամ վերջինիս առաջարկվել կամ խոստացվել է կաշառք»(8):

_____________________________

7) Տե՛ս Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիա (ընդունվել է 27.01.1999թ., ուժի մեջ է մտել 01.07.2002թ., Հայաստանի Հանրապետության համար կոնվենցիան ուժի մեջ է մտել 01.05.2006թ.), ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկագիր 2006.12.28/8(16)2:

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ալեքսանդր Այվազյանի և մյուսների գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0040/01/16 որոշման 19.1-րդ կետը:

 

12. Զարգացնելով մեջբերված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար կաշառքը տրվում է պաշտոնատար անձի այնպիսի կոնկրետ գործողության կամ անգործության համար, որը մտնում է վերջինիս լիազորությունների մեջ և օրինական է: Այսպես` պաշտոնատար անձի լիազորություններն օրենքներով, ենթաօրենսդրական կամ այլ իրավական ակտերով սահմանված վերջինիս իրավազորությունների շրջանակն է, նրա իրավունքների և պարտականությունների ամբողջությունը: Ուստի, վերոնշյալ հոդվածով մեղադրանք առաջադրելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հստակեցնել պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունների բնույթն ու շրջանակը, դրանք ամրագրող համապատասխան իրավական ակտերը` հստակ սահմանելով, թե կոնկրետ ինչպիսի լիազորություն է գործադրել պաշտոնատար անձը շահագրգիռ անձանց օգտին համապատասխան գործողության կամ անգործության համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի որակման հարցում որևէ նշանակություն չունի, թե համապատասխան շահագրգիռ անձը` կաշառք տվողը, արդյոք մանրամասնորեն տեղեկացված է եղել պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակի, իր օգտին գործադրվող կոնկրետ լիազորության, դրա իրավական և ընթացակարգային կարգավորումների առանձնահատկությունների, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրի կողմից իրականացվելիք գործողությունների մանրամասների մասին: Տվյալ դեպքում էականն այն է, որ պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորությունների շրջանակներում շահագրգիռ անձի օգտին կատարի կամ, համենայնդեպս, մտադրություն ունենա կատարելու որոշակի գործողություններ կամ դրսևորելու անգործություն: Ընդ որում, էական չէ նաև այն, թե կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հնարավոր եղել է հասնել ցանկալի արդյունքին, թե ոչ, քանի որ կաշառք ստանալու հանցակազմը ձևական է, և համապատասխան հետևանքները հանցակազմի շրջանակից դուրս են գտնվում:

Միևնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ անձը նյութական օգուտ է ստանում այնպիսի գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որը վերջինս իրականում չի կարող կատարել` համապատասխան լիազորությունների բացակայության կամ պաշտոնական դիրքն օգտագործելու անհնարինության պատճառով, ապա այդպիսի արարքը, նյութական արժեքները հափշտակելու դիտավորության առկայության դեպքում, պետք է որակվի որպես խարդախություն` պաշտոնական դիրքի օգտագործմամբ:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) և օժտված լինելով իր ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով պայմանագրային զինծառայության ընդունելության համար ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ, միջնորդների միջոցով կաշառք է պահանջել և ստացել Արմինե Խաչատրյանից, Էդգար Մելքոնյանից, Վալերի Մուրադովից` նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Լ.Հարությունյանը միջնորդների միջոցով Ա.Խաչատրյանից, Է.Մելքոնյանից և Վ.Մուրադովից կաշառք է պահանջել ու ստացել վերջիններիս թեկնածությունը ներկայացնելու և թիվ 5073 զորամասում պայմանագրային զինծառայության նրանց նշանակումն ապահովելու համար(9):

_____________________________

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Միևնույն ժամանակ, Է.Մելքոնյանին և Վ.Մուրադովին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ վերջիններս կաշառք են տվել Լ.Հարությունյանին` նրա կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Երևանում տեղակայված թիվ 5073 զորամասում իրենց պայմանագրային զինծառայության նշանակելն ապահովելու համար(10):

_____________________________

10) Տե՛ս սույն որոշման 5.2-5.3-րդ կետերը:

 

13.1. Առաջին ատյանի դատարանը Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով) մեղսագրվող արարքները վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով` մեկ դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` երկու դրվագով: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը.

- դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների, այդ թվում` Ա.Խաչատրյանի, Է.Մելքոնյանի և Վ.Մուրադովի ցուցմունքների վերլուծությունից հետևում է, որ նրանք միջնորդների միջոցով Լ.Հարությունյանին գումարները տվել են ոչ թե վերջինիս կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը իրենց թեկնածությունը ներկայացնելու և իրենց նշանակման վերաբերյալ միջնորդելու համար, այլ իրենց պայմանագրային ծառայության ընդունելու համար,

- ավելին` պայմանագրային զինծառայողներ նշանակելու վերաբերյալ միջնորդելու իրավասություն ամբաստանյալ Լ.Հարությունյանին վերապահված լինելու հանգամանքը հաստատող որևէ ապացույց սույն քրեական գործով ձեռք չի բերվել,

- ամբաստանյալ Լ.Հարությունյանը` որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ), Ա.Խաչատրյանին, Է.Մելքոնյանին և Վ.Մուրադովին պայմանագրային ծառայության ընդունելու կամ նշանակելու լիազորությամբ օժտված չի եղել, այդպիսի լիազորությամբ օժտված է եղել բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը,

- սույն գործով առկա է անհամապատասխանություն ինչպես դատարանում հետազոտված ապացույցների և մեղադրանքի միջև, այնպես էլ ամբաստանյալ Լ.Հարությունյանին և մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների միջև, նախաքննության մարմնի դատողությունները իրարամերժ են և հակասող, զուրկ ներքին միասնությունից ու տրամաբանական կապից,

- ամբաստանյալ Լ.Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար և պաշտոնատար անձ, ուրիշի զգալի և խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դիմել է խաբեության և Ա.Խաչատրյանի, Է.Մելքոնյանի ու Վ.Մուրադովի օգտին իր լիազորությունների շրջանակներում իբրև թե գործողություններ կատարելու, այն է` ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում նրանց զինվորական ծառայության ընդունելու համար, այսինքն` կաշառք ստանալու պատրվակով, միջնորդների` Ա.Ավետիսյանի միջոցով Ա.Խաչատրյանից պահանջել և ստացել է խոշոր չափի` 614.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար գումար, Ա.Քոչարյանի միջոցով` Է.Մելքոնյանից պահանջել և ստացել է զգալի չափի` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար գումար, իսկ Վ.Մուրադովից` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար գումար:

Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Ա.Քոչարյանը, Է.Մելքոնյանը և Վ.Մուրադովն իրենց մեղսագրվող հանցավոր արարքների կատարումն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցրել, քանի որ ամբաստանյալ Լ.Հարությունյանն իր զբաղեցրած պաշտոնի բերումով որևէ լիազորություն չի ունեցել Է.Մելքոնյանին և Վ.Մուրադովին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում պայմանագրային ծառայության նշանակելու համար և խաբեությամբ ստանալով կաշառքի առարկա հանդիսացող գումարները` հափշտակել է դրանք: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով), իսկ Է.Մելքոնյանին և Վ.Մուրադովին մեղսագրվող հանցավոր արարքները` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով(11):

_____________________________

11) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

13.2. Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ հետևության է եկել առ այն, որ երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամբաստանյալ Լ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն(12):

_____________________________

12) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

14. Սույն գործում առկա, այդ թվում` սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Լ.Հարությունյանի արարքում խարդախության հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ հանգել են սխալ հետևության: Այսպես` գործում առկա փաստական տվյալների համաձայն`

- Լ.Հարությունյանն Ա.Խաչատրյանից, Է.Մելքոնյանից և Վ.Մուրադովից միջնորդների միջոցով գումարներ է պահանջել և ստացել իր ղեկավարած` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասում վերջիններին պայմանագրային զինծառայության տեղավորելու նպատակով,

- անձամբ հանդիպել է թեկնածուներին և նրանց հետ որոշակի զրույց ունենալուց հետո ուղարկել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի բաժին` աշխատանքի տեղավորման համար դիմումներ ներկայացնելու,

- կապ է պահպանել կադրերի բաժնի համապատասխան աշխատակիցների հետ, իր դրական կարծիքն է արտահայտել նշված անձանց թեկնածության վերաբերյալ,

- բոլոր դեպքերում ընդգծվել է, որ գումարները վերոնշյալ անձինք պետք է վճարեն միայն հրամանագրվելուց հետո,

- Ա.Խաչատրյանը, Է.Մելքոնյանը և Վ.Մուրադովը վճարել են պահանջված գումարները և փաստացի անցել են պայմանագրային զինծառայության` Լ.Հարությունյանի ղեկավարած` ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասում(13):

_____________________________

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 73-155:

 

Մեջբերված փաստական տվյալների համակցության համակարգված վերլուծությունը ցույց է տալիս, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանի մոտ ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու նախնական դիտավորությունը բացակայել է, այլ կերպ` գործում առկա չեն փաստական տվյալներ խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության վերաբերյալ: Ընդհակառակը, գործում առկա տվյալներից երևում է, որ Լ.Հարությունյանն իր ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով համալրելու իրական մտադրություն է ունեցել, ինչի մասին պարբերաբար հայտնել է Ա.Քոչարյանին, իսկ երբ վերջինս համապատասխան թեկնածուներ է ներկայացրել, խոստացել է գումարի դիմաց նրանց տեղավորել պայմանագրային զինծառայության և, ի վերջո, վերոնշյալ անձինք աշխատանքի են ընդունվել թիվ 5073 զորամասում: Նույն կերպ Լ.Հարությունյանը խոստացել է նաև Արտյոմ Ավետիսյանին` Արմինե Խաչատրյանի թեկնածության վերաբերյալ: Ավելին, ըստ պայմանավորվածության, վերոնշյալ անձինք գումարները պետք է փոխանցեին հրամանագրվելուց հետո միայն, ինչը ևս վկայում է, որ Լ.Հարությունյանն ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու, տված խոստումը չկատարելու և խարդախությամբ գույքը հափշտակելու դիտավորություն չի ունեցել:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով և 5-րդ կետով ամրագրված խարդախության որակյալ հատկանիշների բովանդակության և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սահմանազատման հարցի քննարկմանը:

15. Ինչ վերաբերում է խարդախության օբյեկտիվ կողմի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններին այն առումով, որ Լ.Հարությունյանը խաբեությամբ մոլորության մեջ է գցել Ա.Խաչատրյանին, Է.Մելքոնյանին և Վ.Մուրադովին իր ունեցած լիազորությունների բնույթի վերաբերյալ, մասնավորապես` գումարներ է վերցրել ոչ թե վերջիններիս թեկնածությունը ներկայացնելու և թիվ 5073 զորամասում պայմանագրային զինծառայության նրանց նշանակումն ապահովելու համար, ինչպես որ նկարագրված է առաջադրված մեղադրանքում, այլ նշված անձանց զորամասում պայմանագրային զինծառայության ընդունելու համար, այնինչ նման լիազորությամբ Լ.Հարությունյանն օժտված չի եղել, և այն պատկանել է բացառապես ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Խարդախության հանցակազմի առկայությունը և միևնույն ժամանակ կաշառք ստանալու հանցակազմի բացակայությունը չի կարող պայմանավորվել զուտ այն հանգամանքով, որ կաշառք տվող անձն ամենայն մանրամասնությամբ չի տեղեկացվել և չի պատկերացրել պաշտոնատար անձի լիազորությունների բնույթի ու շրջանակի, իր օգտին համապատասխան գործողության կամ անգործության իրականացման իրավական և ընթացակարգային առանձնահատկությունների, պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրի կոնկրետ լիազորությունների և դրա շրջանակներում կատարվելիք կոնկրետ գործողությունների բնույթի վերաբերյալ: Տվյալ դեպքում էականն այն է, որ կաշառք տվողն ընդհանուր առմամբ տեղեկացված լինի, որ համապատասխան պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորությունների գործադրման արդյունքում իր կամ իր ներկայացրած անձի օգտին կատարելու է որոշակի գործողություն կամ ձեռնպահ է մնալու դրա կատարումից, իսկ պաշտոնատար անձն էլ իր հերթին կատարի կամ իրական մտադրություն ունենա իր լիազորությունների շրջանակներում կատարելու խոստացված գործողությունը (անգործությունը):

Մասնավորապես, սույն գործում առկա փաստական տվյալներից հետևում է, որ Լ.Հարությունյանին գումարներ են տրվել` վերջինիս կողմից Ա.Խաչատրյանի, Է.Մելքոնյանի, Վ.Մուրադովի աշխատանքի ընդունվելու հարցը լուծելու համար, իսկ աշխատանքի ընդունման իրավական և ընթացակարգային առանձնահատկությունների, մասնավորապես` յուրաքանչյուր պաշտոնյայի կողմից գործադրվող լիազորությունների վերաբերյալ, նրանք մանրամասնորեն տեղեկացված չեն եղել: Ավելին` Է.Մելքոնյանն իր ցուցմունքներում ընդգծել է, որ իմացել է` աշխատանքի ընդունվելու համար գումար են պահանջում, սակայն չի իմացել և իրեն չի էլ հետաքրքրել, թե ում պետք է տրվեր այդ գումարը, նույնիսկ կոնկրետ չի իմացել, թե ինչ ծառայություն է իրականացնելու(14): Բացի այդ, վերոնշյալ անձինք տեղեկացված են եղել, որ աշխատանքի ընդունվելու համար դեռևս պետք է ազգային անվտանգության ծառայության պոլիկլինիկայում համապատասխան բժշկական հետազոտություն անցնեն, իսկ կադրերի աշխատակիցներն իրականացնեն ներկայացված փաստաթղթերի հատուկ ստուգում` թեկնածուների համապատասխանությունը պարզելու նպատակով(15):

_____________________________

14) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 81:

15) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 73-155:

 

15.1. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Լ.Հարությունյանին մեղսագրվող արարքը խարդախություն վերաորակելը զուտ այն պատճառաբանությամբ, որ վերջինս համապատասխան անձանցից գումար է պահանջել և ստացել ոչ թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը նրանց թեկնածությունը ներկայացնելու և նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու համար, այլ հենց պայմանագրային ծառայության ընդունելու համար, իրավաչափ չէ, և խարդախության ու կաշառք ստանալու հանցակազմերի իրավական հատկանիշների սխալ մեկնաբանման արդյունք է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանի արարքում խարդախության հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. պատճառաբանվա՞ծ է արդյոք Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն առ այն, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանին պայմանագրային զինծառայողներ նշանակելու վերաբերյալ միջնորդելու իրավասություն վերապահված լինելու հանգամանքը հաստատող որևէ ապացույց սույն քրեական գործով ձեռք չի բերվել:

17. ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 130-րդ հոդվածի համաձայն` «գումարտակի հրամանատարը պարտավոր է` (...)

- իրականացնել զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար թեկնածուների ընտրությունը»:

2017 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին ուղղված փաստաբանական հարցմանն ի պատասխան տրամադրված գրության համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատարի իրավունքները և պարտականությունները նախատեսված են ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 129-րդ և 130-րդ հոդվածներով, ինչպես նաև սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից հաստատված ֆունկցիոնալ պարտականություններով: Նույն գրությամբ ընդգծվել է, որ թիվ 5073 զորամասի հրամանատարի ֆունկցիոնալ պարտականությունների մեջ մտնում են նաև ենթակա ստորաբաժանման համար կադրերի ընտրությունը: Ելնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումներում կադրերի անհրաժեշտությունից և ծառայության առանձնահատկություններից` ընդունվում են նաև ստորաբաժանումների հրամանատարների բանավոր ներկայացումները այս կամ այն թեկնածուի վերաբերյալ(16):

_____________________________

16) Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 81:

 

Միևնույն ժամանակ, ամբաստանյալ Լ.Հարությունյանն իր դատաքննական ցուցմունքներում ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 129-րդ հոդվածի համաձայն` իր զբաղեցրած պաշտոնը համապատասխանում է գումարտակի հրամանատարի պաշտոնին, և իր պարտականությունների մեջ, որպես գումարտակի հրամանատար, մտել է թեկնածուների ընտրությունը` զինվորական ծառայության և ռազմական ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ 5073 զորամասում ազատ հաստիքներ են եղել, ինչի պատճառով զինծառայողների ծանրաբեռնվածությունը շատ է եղել, և հիմք ընդունելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով սահմանված իր պարտականությունները, ազատ հաստիքները լրացնելու համար 2014 թվականի դեկտեմբերին` տոներից առաջ, զինծառայողներին տեղեկացրել է, որ եթե ունեն ծանոթներ, ովքեր ցանկանում են ծառայության անցնել, կարող են նրանց ներկայացնել: Դրանից առաջ զրուցել է կադրերի գծով տեղակալ, գնդապետ Մարտիրոսյանի և գեներալ-մայոր Աբրահամյանի հետ, ովքեր ասել են, որ դիմողներ չկան և պետք է իրենք դիմորդներ գտնեն ծառայության ընդունելու համար: Այնուհետև, զինծառայողները թեկնածուներ են ներկայացրել և մինչև կադրերի բաժին նրանց ուղարկելը, զրուցել է նրանց հետ, քանի որ ցանկացել է, որ իր զորամաս ծառայության ընդունվեն նորմալ զինծառայողներ, ինչպես նաև ստուգել է թեկնածուների զինվորական գրքույկում առողջական վիճակի մասին նշումները: Թեկնածուների հետ զրուցելուց հետո, երբ նրանց մասին կազմել է դրական կարծիք, նրանց ուղարկել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կադրերի բաժանմունք` դիմում գրելու: Իր լիազորությունը սահմանափակվել է միայն թեկնածուին կադրերի բաժանմունք ներկայացնելով, որից հետո թեկնածուն պետք է անցներ հատուկ ուսումնասիրություն, իսկ այդ հարցերի լուծումն իր պարտականությունների մեջ չի մտել(17):

_____________________________

17) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 101-102:

 

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կադրերի բաժանմունքի համապատասխան աշխատակիցների, այդ թվում` նաև նշված ոլորտը համակարգող սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալի դատաքննական ցուցմունքներով հաստատվում է այն փաստը, որ զորամասի հրամանատարի, այդ թվում` Լ.Հարությունյանի կողմից իր ղեկավարած ստորաբաժանումում ծառայության ընդունվելու համար թեկնածուներ ներկայացնելը կանխորոշել է նրանց` հենց տվյալ ստորաբաժանումում հրամանագրվելու հանգամանքը(18):

_____________________________

18) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 73-155:

 

18. Մեջբերված փաստական տվյալներից հետևում է, որ Լ.Հարությունյանն իր ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով համալրելու նպատակով օրենքով սահմանված կարգով օժտված է եղել կադրեր ընտրելու իրավասությամբ, ինչն ինքնըստինքյան ենթադրում է նաև աշխատանքի ընդունելու լիազորություն ունեցող համապատասխան անձանց տվյալ թեկնածուին ներկայացնելու հնարավորություն, հակառակ պարագայում, օրենքով նախատեսված` գումարտակի հրամանատարի վերոնշյալ պարտականությունը կկրեր ինքնանպատակ բնույթ: Ավելին, համաձայն ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրության, ելնելով անհրաժեշտությունից և ծառայության առանձնահատկություններից` թեկնածուների ընդունելության հարցում ընդունվում են նաև համապատասխան ստորաբաժանման հրամանատարի բանավոր ներկայացումները, որպիսին տեղի է ունեցել նաև սույն գործով: Վերոնշյալ գրությամբ ընդգծվել է նաև, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության և ուսումնասիրման կարգերը սահմանված են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամաններով, որոնք ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագիր:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, գալով եզրահանգման առ այն, որ Լ.Հարությունյանի` պայմանագրային զինծառայողներ նշանակելու համար միջնորդելու իրավասության վերաբերյալ սույն գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, իր դատական ակտում որևէ գնահատման և վերլուծության չի ենթարկել սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների համակցությունը: Վերաքննիչ դատարանն իր հերթին, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ևս անդրադարձ չի կատարել վերոնշյալ հարցին:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, որևէ կերպ չհիմնավորելով և չպատճառաբանելով իրենց դիրքորոշումը, զրկել են վերադաս ատյանին վիճարկվող դատական ակտերը վերանայման ենթարկելու և պատճառաբանված դատական ակտ կայացնելու հնարավորությունից: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն առ այն, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանին պայմանագրային զինծառայողներ նշանակելու վերաբերյալ միջնորդելու իրավասություն վերապահված լինելու հանգամանքը հաստատող որևէ ապացույց սույն քրեական գործով ձեռք չի բերվել, պատճառաբանված չէ:

19. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Լ.Հարությունյանի պաշտպանի վճռաբեկ բողոքում բերված այն փաստարկներին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրությունից հետևում է, որ Լ.Հարությունյանը թեկնածուի ընտրության փուլում չէր կարող կանխորոշել` արդյոք վերջինս զինվորական ծառայության համար պիտանի կճանաչվի և կհամապատասխանի նախատեսված պայմաններին, թե ոչ, բացի այդ, Լ.Հարությունյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կադրերի բաժանմունքի աշխատակիցների նկատմամբ չի ունեցել կարգադրիչ լիազորություններ, ուստի որևէ կերպ չէր կարող իր լիազորությունների շրջանակում ազդեցություն ունենալ այս կամ այն թեկնածուի ծառայության ընդունվելու գործընթացի վրա, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ արարքի որակման վրա: Այսպես` կաշառք ստանալու հանցակազմը ձևական է, և համապատասխան հետևանքները հանցակազմի շրջանակից դուրս են գտնվում, այլ կերպ` արարքի որակման առումով էական չէ` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հնարավոր եղել է հասնել ցանկալի արդյունքի, թե ոչ: Տվյալ դեպքում էականն այն է, որ պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորությունների շրջանակներում շահագրգիռ անձի օգտին կատարի կամ մտադրություն ունենա կատարելու որոշակի գործողություններ կամ դրսևորելու անգործություն, իսկ թե հետագայում դա ինչ հետևանք կունենա, հանցակազմի հատկանիշներից դուրս է գտնվում:

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և Ա.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշումները:

21. Սույն գործի փաստական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ, նա լինելով ղեկավարած զորամասի պայմանագրային զինծառայողներին պաշտոնից պաշտոն տեղափոխելու միջնորդությամբ սահմանապահ զորքերի հրամանատարին դիմելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ, Ա.Քոչարյանին հրաձիգի պաշտոնից տեղափոխելու և որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակման ներկայացնելու համար նրանից անձամբ, որպես կաշառք, պահանջել է Երևանի կոնյակի գործարանի արտադրության` 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «Արարատ Նաիրի» 5 հատ կոնյակ, ապա 2014 թվականի մարտի վերջին` զորամասի տարածքում, նրանից ստացել է ընդհանուր 105.000 ՀՀ դրամ արժողության 0,5 լիտրանոց 3 հատ «Արարատ Նաիրի» կոնյակ, որոնք Ա.Քոչարյանը դրել է Լ.Հարությունյանի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենայի մեջ:

Ամբաստանյալ Ա.Քոչարյանին, համապատասխանաբար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով(19):

_____________________________

19) Տե՛ս սույն որոշման 5-5.1-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցավոր արարքում արդարացնելով, արձանագրել է, որ վերջինիս առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ուղղակի և միակ ապացույցն ամբաստանյալ Ա.Քոչարյանի ցուցմունքներն են, որոնց ստուգման և գնահատման արդյունքում դատարանը եկել է այն եզրահանգման, որ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից դրանցով չի հաստատվում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքն ամբաստանյալ Լ.Հարությունյանի կողմից կատարելու հանգամանքը: Ավելին` ամբաստանյալ Լ.Հարությունյանի հիշյալ գործողությունների մասով ամբաստանյալ Ա.Քոչարյանի հայտնած տեղեկությունները հնարավոր չէ ստուգել այլ ապացույցների բավարար համակցությամբ: Բացի այդ, ամբաստանյալ Ա.Քոչարյանը դատաքննության ժամանակ պարզաբանել է, որ իր ենթադրությունն է եղել, որ Լ.Հարությունյանը կոնյակներն ուզել է որպես շնորհակալություն` իրեն ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակելու համար: Վերոնշյալ պատճառաբանությամբ Առաջին ատյանի դատարանն արդարացրել է նաև ամբաստանյալ Ա.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքում(20):

_____________________________

20) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

22. Ամբաստանյալ Ա.Քոչարյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել առ այն, որ թիվ 5073 զորամասի հրամանատար Լ.Հարությունյանը ծառայողական ավտոմեքենայի վարորդ չի ունեցել և ավտոմեքենան վարել է անձամբ, վերջինս Կ.Սարգսյանի մոտ արտահայտվել է, որ ցանկանում է վարորդ ունենալ, ուստի Կ.Սարգսյանն առաջարկել է իր թեկնածությունը: Լ.Հարությունյանն իրեն կանչել է աշխատասենյակ, մասնագիտական և այլ հարցեր ուղղել: Նույն օրն իրեն տվել է ծառայողական` «Նիվա Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի բանալիները` ասելով, որ նշված օրվանից ինքը վարելու է նրա ավտոմեքենան: Այդ օրվա դրությամբ իրեն վարորդ նշանակելու հրաման չի եղել, սակայն ինքն ավտոմեքենան կարգի է բերել, մաքրել, սակայն չի վարել, իսկ հաջորդ օրը հրամանատար Լ.Հարությունյանի ցուցումով իրենք մեկնել են ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղ: Հաջորդ կամ դրա մյուս օրը, երբ ինքը ծառայողական հարցով մտել է Լ.Հարությունյանի աշխատասենյակ, նա ասել է` «Ապեր, դե մի 5 հատ Նաիրի կոնյակ է պետք, կարա՞ս բերես»: Լ.Հարությունյանը հասկացրել է, որ իրեն որպես ծառայողական մեքենայի վարորդ նշանակելու համար, որպես շնորհակալություն, պետք է կոնյակ տա: Պատասխանել է` «լավ»: Այդ պահանջը հրամանատարը հայտնել է 2014 թվականի մարտի վերջին, սակայն ստույգ ամսաթիվը հայտնել չի կարող: Լ.Հարությունյանի ծառայողական ավտոմեքենայի մեջ կոնյակի շշերը դնելով` մտել է նրա աշխատասենյակ ու տեղեկացրել, որ 5 շիշ բերել չի կարողացել, քանի որ թանկ էր, սակայն նրա ավտոմեքենայի մեջ դրել է 3 շիշ «Նաիրի» կոնյակ: Նա ասել է` «ապրես, տղես»: Ա.Քոչարյանն ընդգծել է, որ եթե կոնյակն ինքը չտար, իր և Լ.Հարությունյանի միջև հաստատ լինելու էր լարվածություն, նա վատ էր տրամադրվելու իր հանդեպ: Դատաքննության ընթացքում Ա.Քոչարյանն ընդգծել է, որ ինքը կարծել է, որ Լ.Հարությունյանն իրենից կոնյակ է ուզում` որպես «շնորհակալություն» և եթե այդ կոնյակները չտար, համոզված է, որ Լ.Հարությունյանն իրեն աշխատանքից չէր հանի, սակայն իրենց հարաբերությունները կլարվեին: Նշել է, որ իր ենթադրությունն է եղել, որ Լ.Հարությունյանը կոնյակներ է ուզել իրեն աշխատանքի ընդունելու համար(21):

_____________________________

21) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 104-106:

 

Ամբաստանյալ Լ.Հարությունյանը դատաքննության ընթացքում ընդհանրապես հերքել է Ա.Քոչարյանից կաշառք պահանջելու և ստանալու հանգամանքը, իսկ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում նշել է, որ Ա.Քոչարյանին որպես վարորդ աշխատանքի ընդունելու համար նրանից կոնյակներ չի պահանջել և ստացել: Աշխատանքի ընթացքում Ա.Քոչարյանը հնարավոր է, որ բերել և ինչ-որ բան դրել է մեքենայի բեռնախցիկում` որպես շնորհակալություն, որը կապված չի եղել նրան որպես վարորդ աշխատանքի ընդունելու հետ(22):

_____________________________

22) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 101-104:

 

Վկա Կ.Սարգսյանը նախաքննության ընթացքում ընդգծել է, որ 2015 թվականի դեկտեմբերի վերջին է տեղեկացել այն մասին, որ Լ.Հարությունյանը Ա.Քոչարյանից պահանջել և ստացել է «Նաիրի» կոնյակ: Մասնավորապես, Ա.Քոչարյանը ներկայացրել է, որ 2014 թվականի մարտին Լ.Հարությունյանն իրեն ծառայողական մեքենայի վարորդ նշանակելու համար 5 շիշ «Նաիրի» կոնյակ է պահանջել, սակայն հնարավորություն չունենալով գնել պահանջված քանակը, գնել է 3 շիշ և տվել հրամանատարին: Լսելով Արթուրի այդ խոստովանությունը` վրդովվել է, թե ինչու այդ պահանջի մասին իրեն այդ ժամանակ չի ասել, վերջինս էլ պատասխանել է, որ չէր կարող այն չտալ, քանի որ նրա հետ պետք է աշխատեր: Դատաքննության ընթացքում Կ.Սարգսյանն ըստ էության պնդել է նախաքննական ցուցմունքները(23):

_____________________________

23) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 117-118:

 

23. Սույն որոշման 21-22-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքների համակարգված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Քոչարյանի ցուցմունքները չի դիտարկել և պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա, սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների համատեքստում: Մասնավորապես, Ա.Քոչարյանի ցուցմունքներին նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև Կ.Սարգսյանը, որը թեև դեպքի մասին տեղեկացել է Ա.Քոչարյանի պատմածով, այնուամենայնիվ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում պնդել է դրանք: Միևնույն ժամանակ, Ա.Քոչարյանի ցուցմունքներն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջինս դրանով փաստացի վկայել է ոչ միայն Լ.Հարությունյանի, այլ նաև իր կողմից կատարված հանցավոր արարքի մասին, պնդել է դրանք թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում, ինչպես նաև գրեթե նույնությամբ ներկայացրել է Կ.Սարգսյանին:

Ինչ վերաբերում է Լ.Հարությունյանի ցուցմունքներին, ապա նա դատարանում թեև կտրականապես բացառել է կաշառք պահանջելու և ստանալու հանգամանքը, այնուամենայնիվ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով ընդունել է, որ հնարավոր է, որ Ա.Քոչարյանը բերել և ինչ-որ բան դրել է մեքենայի բեռնախցիկում` որպես շնորհակալություն` ընդգծելով, սակայն, որ դա կապված չի եղել նրան որպես վարորդ աշխատանքի ընդունելու հետ:

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Ա.Քոչարյանն իր ենթադրությունն է արտահայտել, որ Լ.Հարությունյանը կոնյակներ է ուզել նրան աշխատանքի ընդունելու համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ կաշառք ստանալու հանցակազմն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ պաշտոնատար անձն ուղղակիորեն կաշառք է պահանջում որևէ գործողության կամ անգործության համար, այլ նաև այն դեպքում, երբ վերջինիս գործողությունները քողարկված բնույթ են կրում, այն է` կոնկրետ չի նշվում` ինչի համար է այս կամ այն գույքային պահանջը ներկայացվել, այնուամենայնիվ գործի օբյեկտիվ հանգամանքներից ակնհայտորեն բխում է, որ այն պահանջվել է շահագրգիռ անձի օգտին հենց որոշակի գործողության կամ անգործության համար:

Սույն գործով էական է այն, որ կոնյակները Լ.Հարությունյանի կողմից պահանջվել են Ա.Քոչարյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասում ավագ վարորդի հաստիքին աշխատանքի տեղափոխելու ժամանակ, մասնավորապես, վերոնշյալ դեպքն անմիջապես նախորդել է Ա.Քոչարյանին վերը նշված հաստիքին նշանակելուն, ինչին հետևել է Լ.Հարությունյանի կողմից համապատասխան զեկուցագիր ներկայացնելը, որի հիման վրա էլ կատարվել է հրամանագրումը: Ընդ որում, Ա.Քոչարյանը պնդել է, որ բացի նշված դեպքից, Լ.Հարությունյանն այլևս երբեք նրանից որևէ գույք չի պահանջել: Բացի այդ, Ա.Քոչարյանն իր ցուցմունքներում ընդգծել է, որ Լ.Հարությունյանն իրենից կոնյակ է ուզել որպես «շնորհակալություն», և եթե այդ կոնյակները չտար, համոզված է, որ իրենց հարաբերությունները կլարվեին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման և վերլուծության չեն ենթարկել վերոնշյալ փաստական տվյալները, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և Ա.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշումները հիմնավորված և պատճառաբանված չեն:

24. Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 10-23-րդ կետերում մեջբերված իրավանորմերը, դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման շրջանակներում մեջբերված և վերլուծված գործի փաստական տվյալները, արձանագրում է, որ ստորադաս դատարանները Լ.Հարությունյանի արարքում խարդախության հանցակազմի հատկանիշների առկայության հարցում եկել են սխալ եզրահանգման` արդյունքում թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշների սխալ մեկնաբանում և կիրառում:

Միևնույն ժամանակ, ստորադաս դատարանները, արձանագրելով Լ.Հարությունյանի արարքում կաշառք ստանալու հանցակազմի հատկանիշների բացակայությունը և, համապատասխանաբար, Ա.Քոչարյանի, Վ.Մուրադովի և Է.Մելքոնյանի արարքներում կաշառքի միջնորդության փորձի և կաշառք տալու փորձի հատկանիշների առկայությունը, ինչպես նաև Լ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և Ա.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը` արդյունքում կայացնելով չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, սխալ է մեկնաբանվել և կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը, ինչպես նաև խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մեղադրանքի և պաշտպանության կողմից բերված փաստարկները, պետք է ամբաստանյալներ Լ.Հարությունյանի, Ա.Քոչարյանի, Է.Մելքոնյանի և Վ.Մուրադովի արարքների իրավաբանական որակման հարցում հանգի համապատասխան հետևության:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Լ.Հարությունյանի պաշտպանի` սույն որոշման 9.3-րդ կետում մեջբերված փաստարկներին հնարավոր կլինի անդրադառնալ միայն վերոնշյալ խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Լևոն Պավլուշայի Հարությունյանի, Արթուր Էդվարդի Քոչարյանի, Վալերի Սամվելի Մուրադովի և Էդգար Ավետիսի Մելքոնյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Լևոն Պավլուշայի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում` հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

ՕԳպ|

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.05.2020
N ԵԱԴԴ/0079/01/16
Որոշում