Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Ս.Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0306/06/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0306/06/19

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

    2020 թվականի մայիսի 25-ին                  ք. Երևան

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սարգիս Վլադիմիրի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ մեղադրյալ Սարգիս Մանուկյանի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2018 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 12121218 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2019 թվականի մայիսի 18-ին Սարգիս Վլադիմիրի Մանուկյանը ձերբակալվել է:

i

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Ս.Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Ս.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

3. Ս.Մանուկյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Մանուկյանի պաշտպան Լ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ վարույթ է ընդունվել(1):

_________________________

i

1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է առնվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 21-ի դատական նիստի արձանագրության համաձայն (ժամը 20:14-ից)` պաշտպանության կողմը, հայտարարելով, որ ժամանակի սղության պատճառով չի կարողացել մեղադրյալ Ս.Մանուկյանի ձերբակալման դեմ գրավոր բողոք ներկայացնել, միջնորդել է վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության քննության ընթացքում անդրադառնալ նաև Ս.Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցին` խնդրելով ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ(2):

_________________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 126, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը:

 

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Քննության առնելով միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված նյութերը, լսելով կողմերի բացատրությունները, դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերը, մասնավորապես`

i

- (...) պարունակում են տեղեկություններ առ այն, որ մեղադրյալ Սարգիս Վլադիմիրի Մանուկյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված ենթադրյալ արարքի հետ.

- միջնորդությանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ հնարավոր է կատարի քրեական օրենքով արգելված նոր արարք, հաշվի առնելով այն, որ մեղադրյալը նախկինում դատապարտված է եղել համասեռ այլ արարքի կատարման համար, ինչպես նաև հնարավոր է թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, քանի որ նախկինում դատապարտվել է ազատազրկման վայրից փախուստի փորձ կատարելու և ազատազրկման վայրից փախուստ կատարելու նախապատրաստության համար:

- քրեական գործով մինչդատական վարույթին խոչընդոտելու վերաբերյալ ունեցած մտավախությունները հիմնավորող փաստարկներ քննիչի կողմից դատարանին չներկայացվեցին, հետևաբար նշված հիմքը չի կարող դրվել անձի կալանավորման հիմքում, հաշվի առնելով նաև այն, որ մեղադրյալը դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել է ցուցմունքներ, որոնց արժանահավատության վերաբերյալ որևէ կասկածներ առկա չեն:

i

- ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ և 177-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն` մեղսագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է ազատազրկման ձևով պատիժ` մեկ տարուց ավելի ժամկետով:

i

Այսպիսով, (...) հաշվի առնելով գործի փաստական բոլոր հանգամանքները, դատարանը գտնում է, որ դրանք իրենց համակցության մեջ հիմք են տալիս ենթադրություն կատարելու, որ Սարգիս Վլադիմիրի Մանուկյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարման հետ, իսկ ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջները, դրա վերաբերյալ ՄԻԵԴ (...) ու ՀՀ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները` Ս.Մանուկյանի (...) պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

i

Անդրադառնալով պաշտպանի հայտնած դիրքորոշմանը` ձերբակալման ոչ իրավաչափ լինելը հաստատելու վերաբերյալ, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289.1-289.5-րդ հոդվածներով նման հարցերի հստակ ընթացակարգ է սահմանված, ինչպիսին սույն դեպքում պահպանված չէ, դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա չէ քննարկման: (...)»(3):

_________________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 127-131:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, թե «(...) Ձերբակալման իրավաչափության վիճարկումը առաջնահերթ է և ենթակա է սեղմ ժամկետում քննարկման, ինչը չպետք է պայմանավորվի ձևական նկատառումներով, այն է` գրավոր բողոք բերելու պայմանը պահպանած լինելու հանգամանքով», Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործող քրեադատավարական օրենսդրությամբ ձերբակալման բողոքարկման այլ ձև, քան դատարան գրավոր բողոքի ներկայացումն է, նախատեսված չէ, և այն զուտ ձևական պահանջ չէ:

(...) Սույն գործով Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով մեղադրյալ Ս.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, արձանագրելով, որ ներկայացված նյութերը իրենցում պարունակում են տեղեկություններ առ այն, որ մեղադրյալը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված ենթադրյալ արարքի հետ և մեղադրյալը մնալով ազատության մեջ հնարավոր է կատարի քրեական օրենքով արգելված նոր արարք, հաշվի առնելով այն, որ մեղադրյալը նախկինում դատապարտված է եղել համասեռ այլ արարքի կատարման համար, ինչպես նաև հնարավոր է թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, քանի որ նախկինում դատապարտվել է ազատազրկման վայրից փախուստի փորձ կատարելու և ազատազրկման վայրից փախուստ կատարելու նախապատրաստության համար, միևնույն ժամանակ արձանագրելով, որ քրեական գործով մինչդատական վարույթին խոչընդոտելու վերաբերյալ ունեցած մտավախությունները հիմնավորող փաստարկներ քննիչի կողմից դատարանին չներկայացվեցին և հետևաբար նշված հիմքը չի կարող դրվել անձին կալանավորման հիմքում, հաշվի առնելով նաև այն, որ մեղադրյալը դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել է ցուցմունքներ, որոնց արժանահավատության վերաբերյալ որևէ կասկածներ առկա չեն, մեղադրյալին մեղսագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին գտնելով, որ գործի փաստական բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ հիմք են տալիս ենթադրություն կատարելու, որ Ս.Մանուկյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարման հետ, իսկ ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջները, դրա վերաբերյալ ՄԻԵԴ (...) ու ՀՀ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները և արձանագրելով, որ վերջինիս պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանավորումը, օրինական և հիմնավորված որոշում է կայացրել միջնորդությունը բավարարելու մասին:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքում ներկայացված` մեղադրյալ Ս.Մանուկյանի անձը բնութագրող տվյալներին այն մասին, որ «... վերջինս իր խնամքին ունի 2 անչափահաս երեխա 7 տարեկան և 9 ամսական, նրա խնամքին է գտնվում 28 շաբաթական հղիության վիճակում գտնվող կինը, որի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել, Ս.Մանուկյանը հանդիսանում է իր ընտանիքի միակ խնամող ուժը, իսկ նրան ազատությունից զրկելը կվատթարացնի նրա ընտանիքի դրությունը», Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի անձին վերաբերվող վերոնշյալ հանգամանքը վերևում նշված հանգամանքների առկայության պայմաններում որոշիչ դեր ունենալ չի կարող որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու համար:

Այսպիսով, դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Ս.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելիս` թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ուստի պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքեր չկան: (...)»(4):

_________________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 33-45:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, քանի որ գրավոր բողոքի բացակայության պատճառաբանությամբ չանդրադառնալով ձերբակալման իրավաչափության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկներին` խախտել է անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու երաշխիքը:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքն ունի անհետաձգելի և առաջնահերթ բնույթ, ենթակա է անհապաղ կենսագործման, հետևաբար քննարկվող դեպքում հայցվող իրավական պաշտպանությունը չպետք է պայմանավորել ձևական` գրավոր բողոքի առկայության հանգամանքով, և դատարանը պետք է անհապաղ քննարկման առարկա դարձներ անձին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը, ինչի արդյունքում առավելագույնս կնվազեցվեր անձի ազատության իրավունքին ցանկացած չհիմնավորված միջամտություն:

8.1. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ քրեադատավարական կարգավորումները չեն բացառում ձերբակալման իրավաչափության հարցը գրավոր բողոքի բացակայության պայմաններում դատական վերահսկողության առարկա դարձնելու հնարավորությունը, հակառակ դեպքում կբովանդակազրկվեն քննարկվող ինստիտուտի նպատակներն ու երաշխիքները:

Արդյունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ դատարանը պարտավոր էր անդրադառնալ դատական նիստի ժամանակ պաշտպանության կողմի բարձրացրած` ձերբակալության իրավաչափության հարցին:

9. Անդրադառնալով Ս.Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցին` բողոքաբերը նախ` նշել է, որ ձերբակալման արձանագրության մեջ նշված «քրեական հետապնդման մարմնից թաքնվելը կանխելը»` որպես ձերբակալման նպատակ, նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով: Ինչ վերաբերում է վկայակոչված մյուս նպատակներին, ապա բողոքաբերի պնդմամբ` սույն գործի փաստական տվյալների ուսումնասիրությունից հետևում է, որ Ս.Մանուկյանը քննչական բաժին է ներկայացել մեղադրանքում նշված արարքի կատարման օրվանից շուրջ 6 ամիս անց, ընդ որում, վերջինս բերման չի ենթարկվել կամ ձերբակալվել հանցագործությունը կատարելիս, հետևաբար, անհիմն է Ս.Մանուկյանի ձերբակալման` հանցագործության կատարումը կանխելու նպատակը: Բացի այդ, Ս.Մանուկյանն իրեն մեղսագրված ենթադրյալ արարքը կատարելուց հետո տևական ժամանակ անց վարույթն իրականացնող մարմնի բանավոր կանչով ներկայացել է քննչական մարմին, ինչից, ըստ բողոքաբերի, հետևում է, որ ձերբակալման` փախուստը կանխելու նպատակը ևս իրավաչափ չէ:

Արդյունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ Ս.Մանուկյանին ձերբակալելը չի հետապնդել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակը:

10. Բողոքաբերը, անդրադառնալով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու իրավաչափությանը, արձանագրել է, որ ստորադաս դատարանները հաշվի են առնել միայն նախկինում դատապարտված լինելու հանգամանքը, պատշաճ չեն գնահատել այն փաստը, որ Ս.Մանուկյանը, 6 ամիս մնալով ազատության մեջ, որևէ հակաօրինական արարք չի կատարել, կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Հետևաբար, բողոքաբերի կարծիքով, միայն այն փաստը, որ Ս.Մանուկյանը նախկինում համասեռ արարքների համար դատապարտված է եղել, բավարար չէ հիմնավորելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը:

10.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն անհամաչափ գնահատական է տվել այն հանգամանքին, որ Ս.Մանուկյանի խնամքին են երկու անչափահաս երեխաները և 28 շաբաթական հղիության վիճակում գտնվող կինը:

10.2. Բողոք բերած անձը, մեջբերելով Վերաքննիչ դատարանի որոշման այն հատվածը, որ. «(...) Գործի փաստական բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ հիմք են տալիս ենթադրություն կատարելու, որ Ս.Մանուկյանը (...) ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը (...)», փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված` կալանավորման երկու հիմքերից բացի արձանագրել է ևս մեկ հիմք, այն է` գործի քննությանը խոչընդոտելը` թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում:

11. Վերոշարադրյալի հիման վրա` Ս.Մանուկյանի պաշտպան Լ.Ասլանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշումը, Ս.Մանուկյանի ձերբակալումը համարել ոչ իրավաչափ և արձանագրել Ս.Մանուկյանի իրավունքների ու ազատությունների խախտումը, կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, կամ Ս.Մանուկյանին ազատ արձակել կալանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից Ս.Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը դատական վերահսկողության առարկա չդարձնելը:

i

13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (...) դատաքննության իրավունք»:

14. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը(5),

_________________________

5) Տե՛ս Եվրոպական դատարանի` Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն(6),

_________________________

6) Տե՛ս Եվրոպական դատարանի` Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա(7),

_________________________

7) Տե՛ս Եվրոպական դատարանի` Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

 

- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի(8):

_________________________

8) Տե՛ս Եվրոպական դատարանի` Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

i

15. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքին, փաստել է, որ.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման(9):

_________________________

9) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:

 

16. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի` դատարանի մատչելիության իրավունքը, Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ այդ իրավունքն ունի բացառիկ նշանակություն` անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, այն ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը:

Ելնելով վերոնշյալ առանձնահատկությունից` դատական պաշտպանության իրավունքի իրացմանը ներկայացվող ձևական բնույթի կարգավորումները չպետք է այն աստիճան չափազանցվեն (excessive formalism), որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելու չափանիշների և պահանջների չպահպանման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքն անհամաչափորեն սահմանափակի անձի` դատարանի մատչելիության իրավունքը: Այսինքն` դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է հանգեցնեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների էության խախտման(10):

_________________________

10) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 13-րդ կետը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշման 14-րդ կետը:

 

i

17. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»:

i

18. Եվրոպական կոնվենցիա 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ «քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում «երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

(...)

3. Սույն հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ «որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն (...)»:

Եվրոպական դատարանը վերոնշյալ երաշխիքի համատեքստում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ.

- ազատությունից զրկվելուց հետո դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունն ապահովում է քրեական հանցանք կատարելու կասկածով ձերբակալված անձանց համար երաշխիքներ կամայական կամ չհիմնավորված ազատությունից զրկվելու դեմ(11),

_________________________

11) Տե՛ս Եվրոպական դատարանի` Aquilina v. Malta գործով 1999 թվականի ապրիլի 29-ի վճիռը, գանգատ թիվ 25642/94, 47-րդ կետ, Stephens v. Malta (թիվ 2) գործով 2009 թվականի ապրիլի 21-ի վճիռը, գանգատ թիվ 33740/06, 52-րդ կետ:

 

- ազատությունից զրկվելու սկզբնական փուլում դատական վերահսկողությունը երաշխիք է` ա) վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի դեմ. որի դրսևորման հնարավորությունն ազատությունից զրկվելու նախնական փուլում առավել բարձր է. բ) ոստիկանության ծառայողների կամ մեկ այլ մարմնի կողմից իրենց վերապահված այն լիազորությունների չարաշահման դեմ. որոնք պետք է իրականացվեն սահմանափակ նպատակներով և սահմանված ընթացակարգերի հետ խիստ համապատասխանության պայմաններում(12),

_________________________

12) Տե՛ս Եվրոպական դատարանի` Ladent v. Poland գործով 2008 թվականի մարտի 18-ի վճիռը, գանգատ թիվ 11036/03, 72-րդ կետ:

 

- ձերբակալված անձին առաջին անգամ դատարան ներկայացնելու ժամանակ իրականացվող դատական վերահսկողությունը պետք է նախևառաջ լինի արագ, որպեսզի հնարավոր լինի բացահայտել վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում և առավելագույնս նվազեցնել անձի ազատության իրավունքի նկատմամբ ցանկացած չհիմնավորված միջամտություն: Այդ պահանջով ամրագրված ժամանակային խիստ սահմանափակումը բացառում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի ճկուն մեկնաբանման հնարավորությունը, այլապես, ի վնաս անհատի, հարվածի տակ կդրվի տվյալ հոդվածով ամրագրված ընթացակարգային երաշխիքը` հանգեցնելով նույն հոդվածով պաշտպանվող իրավունքի էությանը հակառակ հետևանքների(13):

_________________________

13) Տե՛ս Եվրոպական դատարանի` McKay v. The United Kingdom գործով 2006 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 543/03, 33-րդ կետ:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289.1-րդ հոդվածի համաձայն` «1. Ձերբակալումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Ձերբակալման բողոքարկումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

(...)

3. Ձերբակալման դեմ բողոք կարող է ներկայացվել անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից մեկամսյա ժամկետում»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289.2-րդ հոդվածի համաձայն` «1. Ձերբակալման դեմ բողոքը պարունակում է`

1) իրավասու դատարանի անվանումը.

2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.

3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը.

4) առկայության դեպքում` գործի վարույթի համարը.

5) առկայության դեպքում` ձերբակալման որոշումը կամ արձանագրությունը.

6) բողոքի փաստարկները և պահանջը.

7) սույն օրենսգրքի 289.4-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը հիմնավորող փաստեր.

8) բողոքին կցվող նյութերի ցանկը»:

Նույն օրենսգրքի 289.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Եթե մինչև ձերբակալման դեմ բողոքը ներկայացնելը դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, ապա ձերբակալման դեմ բողոքը պետք է ներկայացվի դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցվելուց հետո` մինչև դատական նիստը կամ դատական նիստի ընթացքում»:

19. Ձերբակալման նկատմամբ հետագա դատական վերահսկողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ազատությունից զրկվելուց հետո դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու երաշխիքը կրում է բացառիկ նշանակություն` անձի ազատության իրավունքի պաշտպանության համակարգում` ապահովելով ազատությունից զրկված անձի լսված լինելու իրավունքն անկախության երաշխիքով օժտված այնպիսի մարմնի առջև, որն ունի վերջինիս անհապաղ ազատ արձակելու կարգադրություն տալու իրավասություն: Փաստացի արգելանքի վերցվելու պահից ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու արդյունավետությունը պայմանավորված է ոստիկանության ծառայողների կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցների կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագծին օպերատիվ արձագանքելու հնարավորության ապահովմամբ: Ազատությունից զրկվելուց հետո դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքն օժտված է անհետաձգելի բնույթով, ենթակա է կենսագործման անհապաղ` ազատությունից զրկվելու սկզբնական փուլում ձերբակալվածի կողմից հայցվող իրավական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Ելնելով վերոնշյալ առանձնահատկությունից` բոլոր այն դեպքերում, երբ ազատությունից զրկված անձն առաջին անգամ դատարանի առջև բարձրացնում է իր ձերբակալման իրավաչափության հարցը, կամ դատարանը սեփական նախաձեռնությամբ (proprio motu) հայտնաբերում է անձին ազատությունից զրկելու ընթացակարգի խախտում` անկախ ձերբակալված անձի բողոքի առկայության հանգամանքից, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի անձին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը(14):

_________________________

14) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտակ Մացակյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԿԴ3/0001/06/17 որոշումը:

 

20. Վկայակոչված քրեադատավարական նորմերից հետևում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` ձերբակալման իրավաչափության նկատմամբ հետագա դատական վերահսկողության հիմքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289.2-րդ հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան ներկայացված բողոքն է: Ինչ վերաբերում է բողոք ներկայացնելու դատավարական կարգին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է ձերբակալման բողոքարկման տարբեր իրավական ընթացակարգեր, երբ ձերբակալման դեմ բողոքը կարող է ներկայացվել անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից կամ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության ժամանակ` մինչև դատական նիստը կամ դատական նիստի ընթացքում: Սույն որոշման 13-19-րդ կետերում ներկայացված նորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու իրավունքի իրացմանը ներկայացվող վերոնշյալ կարգավորումները չպետք է այն աստիճան չափազանցվեն (excessive formalism), որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության քննության ընթացքում զուտ գրավոր բողոքի բացակայության նկատառումներով ձերբակալման իրավաչափության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստացի բողոքը թողնվի առանց քննության` բացառելով ձերբակալման օրինականության նկատմամբ դատական վերահսկողություն ապահովելու միջազգային և ներպետական պահանջը: Հակառակ մեկնաբանության դեպքում, կխախտվի անձի` իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հիմնարար սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքը:

Ուստի, կալանավորման միջնորդությունը քննելիս, ձերբակալման ընթացակարգի խախտման վերաբերյալ պաշտպանության կողմի յուրաքանչյուր փաստարկ դատարանի կողմից պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի և հանգեցնի համապատասխան իրավական հետևանքների` երաշխավորելու համար արգելանքի վերցված անձի իրավունքների և ազատությունների իրական և արդյունավետ պաշտպանությունը:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Ս.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության քննության ընթացքում պաշտպանության կողմը, հայտարարելով, որ ժամանակի սղության պատճառով չի կարողացել մեղադրյալ Ս.Մանուկյանի ձերբակալման դեմ գրավոր բողոք ներկայացնել, միջնորդել է քննության առարկա դարձնել նաև Ս.Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը` խնդրելով ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ(15):

_________________________

15) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, փաստելով, որ կոնկրետ դեպքում պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289.1-289.5-րդ հոդվածներով սահմանված ձերբակալման իրավաչափության բողոքարկման դատավարական ընթացակարգը, արձանագրել է, որ մեղադրյալ Ս.Մանուկյանի ձերբակալման օրինականության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկը ենթակա չէ քննարկման(16):

_________________________

16) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ գործող քրեադատավարական օրենսդրությամբ ձերբակալման բողոքարկման այլ ձև, քան դատարան գրավոր բողոքի ներկայացումն է, նախատեսված չէ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկման առարկա չդարձնելով պաշտպանության կողմի բարձրացած հարցը, հանգել է ճիշտ հետևության(17):

_________________________

17) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ս.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս ձերբակալման բողոքարկման դատավարական կարգը պահպանված չլինելու հիմքով վերջինիս ձերբակալման իրավաչափության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները քննության առարկա չդարձնելով, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի անձի իրավունքը` դատական պաշտպանության հիմնարար իրավունքի կարևորագույն պահանջն է:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Ս.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդության քննության ընթացքում զուտ գրավոր բողոքի բացակայության պատճառաբանությամբ վերջինիս ձերբակալման իրավաչափության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկներին չանդրադառնալն անհամաչափորեն սահմանափակել է Ս.Մանուկյանի` ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու կապակցությամբ արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը:

23. Հետևաբար, կոնկրետ դեպքում ստորադաս դատարանների կողմից Ս.Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը դատական վերահսկողության առարկա չդարձնելն իրավաչափ չէ:

24. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշմամբ արձանագրված դատավարական խախտման պայմաններում հնարավոր չէ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած` Ս.Մանուկյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ փաստարկներին(18):

_________________________

18 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

25. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 10-րդ և 10.1-րդ կետերում բարձրացված` կալանավորման իրավաչափության վերաբերյալ փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, քննության առնելով մեղադրյալ Ս.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը և դրան կից ներկայացված նյութերը, հիմնավոր եզրահանգում են արել քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու` կալանավորման հիմքերի առկայության մասին(19):

_________________________

19) Տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը:

 

26. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 10.2-րդ կետում ներկայացված այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է կալանավորման նոր` Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ չնշված` քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու հիմքը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, իր համաձայնությունն արտահայտելով Առաջին ատյանի դատարանի` քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կալանավորման հիմքերի առկայության ու քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու հիմքի բացակայության մասին իրավական դիրքորոշման հետ և վերարտադրելով այն իր դատական ակտում, այնուամենայնիվ իր որոշման պատճառաբանական մասի եզրափակիչ հատվածում, ակնհայտ տեխնիկական վրիպակի արդյունքում, վկայակոչել է խոչընդոտելու հիմքի առկայությունը: Ընդ որում, նույն տեխնիկական վրիպակն առկա է նաև Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասում:

27. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ս.Մանուկյանին ձերբակալելու իրավաչափությունը քննարկման առկա չդարձնելու առումով Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը` ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննության չառնելու մասով բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար(20):

_________________________

20) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է քննության առարկա դարձնի Ս.Մանուկյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Սարգիս Վլադիմիրի Մանուկյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշումը մասնակիորեն` ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննության չառնելու մասով բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.05.2020
N ԵԴ/0306/06/19
Որոշում