Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ Ա.ԲԱԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԿԴ1/0120/12/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ1/0120/12/17

Նախագահող դատավոր` Կ. Մարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

    2020 թվականի մայիսի 26-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ Աշոտ Աշոտի Բադալյանի պաշտպան Տ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 14-ի դատավճռով Աշոտ Աշոտի Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով:

2. 2017 թվականի նոյեմբերի 24-ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող անկախ հանձնաժողովը Ա.Բադալյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

3. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), 2018 թվականի հունվարի 23-ին կայացրած որոշմամբ դատապարտյալ Ա.Բադալյանին պայմանական վաղաժամկետ ազատել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 14-ի դատավճռով նշանակված` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում պատժից դատապարտյալի չկրած` 2 (երկու) ամիս 14 (տասնչորս) օր ժամկետով ազատազրկումը կրելուց:

4. Վերոնշյալ դատական ակտի դեմ դատախազ Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 հունվարի 23-ի որոշումը բեկանել է և դատապարտյալ Ա.Բադալյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը` վերացրել:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Բադալյանի պաշտպան Տ.Ղազարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(1):

______________________________________

i

1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է առնվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին հասցեագրված` ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի գրության համաձայն` դատարանի քննարկման է ներկայացվել «Աշոտ Աշոտի Բադալյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու) հարցը»(2):

______________________________________

2) Տե՛ս նյութեր, թերթ 2:

 

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատարանն արձանագրում է, որ Ա.Բադալյանն ունի բարձրագույն կրթություն, հանցանքը կատարել է 24 տարեկանում, կատարած հանցանքի համար զղջացել է, պատրաստակամություն է հայտնել պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում շարունակել զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկի ռիսկային հաշվառումներով չի անցնում, չի ընդունում հանցավոր աշխարհի ավանդույթները, քաղաքացիական հայց կամ այլ գույքային պարտավորություններ չունի, վնասակար կախվածություններ, հակումներ չունի:

Հարկ է նաև արձանագրել, որ թեև դատապարտյալի անձնական գործից տրված տեղեկանքում նշված է, որ Աշոտ Աշոտի Բադալյանը նախկինում` 21.06.2017թ. և 04.08.2017թ. ենթարկվել է կարգապահական տույժի, սակայն Դատարանը գտնում է, որ այն չի կարող սույն դեպքում խոչընդոտ հանդիսանալ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար: Նման եզրահանգման գալիս Դատարանը հաշվի է առնում դատապարտյալի անձը, պատժի նպատակների կատարված լինելու հանգամանքները, ինչպես նաև այն, որ դատապարտյալը, պատիժը կրելով փակ ուղղիչ հիմնարկում, նշված տույժերը ստացել է բջջային հեռախոս պահելու համար:

Ավելին, դատարանն արձանագրում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հաշվի առնելով Աշոտ Աշոտի Բադալյանի վարքագիծը և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը բնորոշող հանգամանքները, 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ նրա վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Վերոգրյալ հանգամանքների համակցության մեջ գնահատելով նաև դատապարտյալի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման դրդապատճառները, փաստացի կրած պատժի ժամկետը` Դատարանը գտնում է, որ Աշոտ Աշոտի Բադալյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը ցածր է:

(...) Պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու տեսանկյունից հնարավոր է փաստել, որ Աշոտ Աշոտի Բադալյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում: Ուստի, Դատարանը գտնում է, որ դատապարտյալ Աշոտ Աշոտի Բադալյանին պետք է պայմանական վաղաժամկետ ազատել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունիսի 14-ի դատավճռով նշանակված ազատազրկման ձևով պատժի` 2 (երկու) ամիս 14 (տասնչորս) օր չկրած մասից (...)»(3):

______________________________________

3) Տե՛ս նյութեր, թերթեր 32-33:

 

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Դատապարտյալ Աշոտ Բադալյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս նրա կողմից պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնված չէ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս անձի և վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա: Մասնավորապես` վիճարկվող որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից ըստ էության բավարար չափով չեն վերլուծվել և համակցության մեջ պատշաճ չեն գնահատվել դատապարտյալ Աշոտ Բադալյանի կողմից պատժի կրման ողջ ընթացքում վերջինիս դրսևորած վարքագծի վերաբերյալ գործում առկա տեղեկությունները, մասնավորապես այն, որ դատապարտյալ Աշոտ Բադալյանը պատիժը կրում է փակ ուղղիչ հիմնարկում: Պատժի կրման ընթացքում դատապարտյալը կարճ ժամանակահատվածի ընթացքում երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել, չի աշխատել, քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին, վերասոցիալականացման` այդ թվում նաև անձնական զարգացման միջոցառումներին չի մասնակցել:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` նշյալ հանգամանքները, այդ թվում նաև` պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից չմարված կարգապահական տույժի առկայության պայմաններում կրկին կարգապահական տույժի ենթարկվելն (ընդ որում վերջինը` վիճարկվող որոշման կայացման օրվա դրությամբ դեռևս մարված չի եղել) ավելի քան վկայում են պատժի կրման ընթացքում դատապարտյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անթույլատրելիության մասին (...)»(4):

______________________________________

4) Տե՛ս նյութեր, թերթեր 111-112:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Բողոքաբերի կարծիքով, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 76-77-րդ հոդվածների պահանջները:

9.1. Ի հիմնավորումն վերը նշվածի` բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված, քանի որ վերաքննության կարգով գործի դատական քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել Ա.Բադալյանի ուղղման մասին վկայող այնպիսի փաստերին, ինչպիսիք են` կատարած արարքի համար զղջալը, բանակում ծառայելու ցանկությունը, երիտասարդ տարիքը, ինչպես նաև փորձաշրջանի ընթացքում դրական վարքագիծ դրսևորելը: Ինչ վերաբերում է Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված կարգապահական տույժերին, բողոքաբերը նշել է, որ դրանց Ա.Բադալյանը ենթարկվել է նույնաբնույթ արարքների` հեռախոսից օգտվելու համար, քանի որ ցանկություն է ունեցել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:

9.2. Բացի այդ, բողոքաբերն ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն Ա.Բադալյանի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն` ինչպես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, այնպես էլ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերի առնչությամբ: Առաջին ատյանի դատարանը, որոշում կայացնելով Ա.Բադալյանին չկրած պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, չի անդրադարձել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցին: Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, քննության առարկա է դարձրել միայն այն հարցը, թե որքա՞նով է իրավաչափ Ա.Բադալյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին հետևությունը, և որևէ անդրադարձ չի կատարել ու հաշվի առնելով վերաքննության սահմանները` չէր էլ կարող անդրադարձ կատարել Ա.Բադալյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցին: Արդյունքում ստորադաս դատարանները քննության առարկա չեն դարձրել Ա.Բադալյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը` սահմանափակելով վերջինիս դատական պաշտպանության իրավունքը:

9.3. Բացի այդ, բողոքաբերը, վկայակոչելով Ա. Արծրունու և Է. Ծռնվերանցի գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, փաստել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը պետք է քննվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ այն քննվել է միանձնյա կարգով` չապահովելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` օրենքի հիման վրա ստեղծված դատարանի առկայությունը:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 7-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 23-ի որոշմանը, կամ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության` Ա.Բադալյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելու նպատակով, կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` կոլեգիալ կազմով նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք պատժի կրումից դատապարտյալ Ա.Բադալյանին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի (դատապարտյալ Ա.Բադալյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկման պահին գործող խմբագրությամբ) համաձայն` «1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` անկախ հանձնաժողով) եզրակացության կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ`

1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և

2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

(...):

1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.

2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.

3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.

4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.

5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.

2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.

3) ռեցիդիվի առկայությունը.

4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.

6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

10) սոցիալական միջավայրը.

11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.

12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

(...)

3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է`

(...)

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

(...)»:

13. Վերլուծելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ վերոշարադրյալ քրեաիրավական նորմերը` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատապարտյալին վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ է, որ`

1) դատապարտյալը փաստացի կրած լինի իր նկատմամբ նշանակված պատժի` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված նվազագույն ժամկետը.

2) օրենքով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի եզրակացության քննարկման արդյունքում դատարանը հանգի հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի:

Ընդ որում, վերը նշված երկրորդ պայմանի հետ կապված` օրենսդիրը սահմանել է այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա դատարանը կարող է գալ եզրահանգման դատապարտյալի` պատժի հետագա կրման աննպատակահարմարության վերաբերյալ, այն է` պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր լինելը: Դեռ ավելին, օրենսդիրը ոչ միայն սահմանել է պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հիմնական չափանիշները, այլև մանրամասնել է այն հանգամանքները, որոնք դատարանը պարտավոր է պատշաճ վերլուծության ենթարկել այդ չափանիշներից յուրաքանչյուրի առկայության կամ բացակայության մասին օրինական և հիմնավորված եզրահանգում անելու համար(5):

______________________________________

i

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Արմենյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ՇԴ/0014/12/17 որոշման 14-րդ կետը, Արմեն Եղոյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ3/0010/12/18 որոշման 13-րդ կետը:

 

13.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող ինստիտուտի գործադրմամբ անձը պատժից ազատվում է պայմանական (ազատվող դատապարտյալի վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում դատարանը կարող է վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին որոշում կայացնել), ինչը ենթադրում է, որ պատժի նպատակները, ներառյալ` անձի ուղղումը, դեռ լիովին իրականացած չեն: Հետևաբար, պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա է այն դատապարտյալը, ում անձի, դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին: Այլ խոսքով` դատարանը պետք է համոզվի, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում անձի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է` թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել` համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի` ազատության մեջ գտնվելու պայմաններում: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման արդյունքում դատարանի կայացրած որոշումը պետք է հիմնված լինի օրենքով սահմանված պայմանների և չափանիշների ու դրանցից բխող պատճառաբանված եզրահանգումների վրա: Ընդ որում, պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և փաստական տվյալներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա` իր մեջ չընդգրկելով վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ, քանի որ հակառակ պարագայում այդպիսի դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին(6):

______________________________________

i

6) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշումը:

 

14. Սույն գործի նյութերից երևում է, որ.

- Ա.Բադալյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող անկախ հանձնաժողովն Ա.Բադալյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով 2017 թվականի նոյեմբերի 24-ին տվել է դրական եզրակացություն(7),

______________________________________

7) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Բադալյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած մասը կրելուց` իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ Ա.Բադալյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը ցածր է, բացի այդ, նրա կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է` թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել` համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի` ազատության մեջ գտնվելու պայմաններում`(8),

______________________________________

8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ըստ էության պատշաճ չեն վերլուծվել և համակցության մեջ չեն գնահատվել դատապարտյալ Ա.Բադալյանի կողմից պատժի կրման ողջ ընթացքում վերջինիս դրսևորած վարքագծի վերաբերյալ գործում առկա տեղեկությունները, մասնավորապես այն, որ դատապարտյալը պատժի կրման կարճ ժամանակահատվածի ընթացքում երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել, չի աշխատել, քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին, վերասոցիալականացման` այդ թվում նաև անձնական զարգացման միջոցառումներին չի մասնակցել(9):

______________________________________

9) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված է օրենքով սահմանված չափանիշների ու դրանց հիմքում դրված հանգամանքների վերաբերյալ պատշաճ պատճառաբանված եզրահանգումների վրա:

16. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը Ա.Բադալյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու անհնարինությունն իրավաչափորեն պայմանավորել է նրանով, որ վերջինս պատժի կրման ընթացքում երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, ընդ որում երկրորդ կարգապահական խախտումը թույլ է տվել դեռևս չմարված կարգապահական տույժի առկայության պայմաններում, չի խրախուսվել, չի աշխատել, չի մասնակցել քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին, վերասոցիալականացման` այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին:

16.1. Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի` սույն որոշման 9.1-րդ կետում ներկայացված փաստարկներին:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի կրումից դատապարտյալ Ա.Բադալյանին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է:

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Ա.Բադալյանի` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննության չառնելը` պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու պայմաններում:

i

19. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք(...)»:

i

Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում` սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

i

ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի (դատապարտյալ Ա.Բադալյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկման պահին գործող խմբագրությամբ) համաձայն` «1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով` հաշվի առնելով սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված և պատճառված վնասը հարթելու հանգամանքները: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:

2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով, դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է դատարան (...)»:

20. Ներկայացված օրենսդրական կարգավորումների վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը ինքնուրույն ինստիտուտներ են, սակայն, քրեական վարույթի ընթացքում, որպես կանոն, դատապարտյալի նկատմամբ դրանց թույլատրելիության (կիրառելիության) հարցը քննարկվում է մեկ միասնական միջնորդության շրջանակում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և թե պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակահարմարությունը գնահատելիս դատարանը պետք է հաշվի առնի քրեական օրենքով նախատեսված միևնույն հանգամանքները: Այլ կերպ` լինելով սկզբունքորեն ոչ տարբեր ինստիտուտներ` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը և թե պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելն ունեն կիրառության միևնույն իրավական հիմքեր: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տվյալ ինստիտուտը պատժից ազատելու ինքնուրույն տեսակ է, որի գործադրման համար անհրաժեշտ է դատարանի համոզվածությունն առ այն, որ դատապարտյալն ուղղվելու համար իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված մնացած մասը կրելու կարիք չունի, և այն կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով` հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքները(10):

______________________________________

10) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Անուշ Մարտիրոսյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԿԴ2/0008/12/17 որոշումը:

 

21. Սույն գործի նյութերի համաձայն` Ա.Բադալյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարան են ներկայացվել երկու` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցեր(11): Առաջին ատյանի դատարանը, միջնորդության քննության արդյունքում Ա.Բադալյանին ազատելով պատժի հետագա կրումից, իրավացիորեն անդրադարձ չի կատարել նվազ բարենպաստ հետևանք առաջացնող` Ա.Բադալյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Ա.Բադալյանի անձը բնութագրող հատկանիշները, դրսևորած վարքագիծը, այդպիսիք դիտարկել է միայն դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի տիրույթում` քննության առարկա չդարձնելով Ա.Բադալյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը: Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Ա.Բադալյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցին, զրկել է վերջինիս նվազ բարենպաստ հետևանք առաջացնող` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ վերաքննության սահմաններով պայմանավորված` Վերաքննիչ դատարանը չէր էլ կարող անդրադառնալ այդ հարցին, քանի որ դա չէր քննարկվել Առաջին ատյանի դատարանի կողմից(12), ապա Վճռաբեկ դատարանը նշված փաստարկը ոչ իրավաչափ է համարում` այն պատճառաբանությամբ, որ թե՛ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և թե՛ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելիս գնահատման ենթակա են նույն հանգամանքները: Իսկ սույն գործով այդ հանգամանքները Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ քննարկման առարկա դարձվել են:

______________________________________

11) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12) Տե՛ս սույն որոշման 9.2-րդ կետը:

 

22. Սույն որոշման 19-20-րդ կետերում ներկայացված իրավական նորմերի և շարադրված իրավական վերլուծության հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Ա.Բադալյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և չանդրադառնալով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցին, Ա.Բադալյանին զրկել է իր իրավունքների և օրինական շահերի արդյունավետ դատական պաշտպանության` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:

23. Սույն որոշման 20-րդ կետի հաշվառմամբ անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը պետք է քննվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ այն քննվել է միանձնյա կարգով` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ևս պատժից ազատելու ինստիտուտի առանձին տեսակ է, որի մասին որոշում կայացնելիս դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ենթարկի դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև նրա նկատմամբ ավելի մեղմ պատժատեսակի կիրառման դեպքում պատժի նպատակների իրականացման հնարավորությունը: Դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները գնահատելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է հաշվի առնի քրեակատարողական հիմնարկում նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես` կարգապահական տույժերի բացակայությունը, կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, ռիսկայնության աստիճանը, ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները, կարգապահությունը, մասնակցությունը կրթական, մշակութային և այլ ծրագրերին, ներգրավվածությունը աշխատանքին, որպիսիք հաշվի են առնվում նաև պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս(13): Հետևաբար, այդ որոշումը ևս գործն ըստ էության չլուծող դատական ակտ է և ենթակա է վերանայման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշումները վերանայելիս: Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից վկայակոչված` Ա. Արծրունու և Է. Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, ապա այդպիսիք սույն գործով կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են նոր ընդունված քրեական օրենքի կիրառման մասին դատարանի կայացրած որոշումների բողոքարկման ընթացակարգին:

______________________________________

13) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Մկրտչյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0031/12/13 որոշումը:

 

24. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 7-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար(14):

______________________________________

14) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումներն ու հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Աշոտ Աշոտի Բադալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.05.2020
N ԿԴ1/0120/12/17
Որոշում