Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՐԱՐՔՈՒՄ ՀՀ ՔՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԼԴ2/0056/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ2/0056/01/16

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

    դատավորներ`        Մ. Պետրոսյան

                       Մ. Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   

                   մասնակցությամբ դատախազ`    Տ. Ենոքյանի

                   

                   պաշտպաններ`                Լ. Սահակյանի

                                              Ե. Վարոսյանի

 

    2020 թվականի մայիսի 26-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վարդան Վաղենակի Անտոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 19109815 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

i

2015 թվականի հոկտեմբերի 20-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Վարդան Վաղենակի Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Վ.Անտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2016 թվականի հունվարի 14-ին Վ.Անտոնյանը հայտնաբերվել է, և հունվարի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Վ.Անտոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել:

2016 թվականի հոկտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռով Վ.Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների կիրառմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 6 (վեց) ամիսը գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատժի ժամկետին և Վ.Անտոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով: Վ.Անտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունվարի 14-ից:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի մարտի 25-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Անտոնյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է. Վ.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և նա ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Վ.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժին, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կանոնների կիրառմամբ, հաշվակցվել է 2016 թվականի հունվարի 14-ից մինչև 2019 թվականի մարտի 25-ը կալանքի տակ գտնվելու 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 11 (տասնմեկ) օր ժամկետը, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում: Ամբաստանյալ Վ.Անտոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով` մինչև Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը:

4. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Վ.Անտոնյանի պաշտպաններ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Նախաքննության մարմնի կողմից Վարդան Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) Նա 2015թ. հոկտեմբերի 11-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, կրած և փոխադրած ինքնաձիգով փորձել է դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Այսպես.

2015թ. հոկտեմբերի 11-ի երեկոյան Վարդան Անտոնյանը ծանոթի` Արմեն Հարությունյանի հետ, վերջինիս պատկանող «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի 34 SZ 363 համարանիշի ավտոմեքենայով շրջել է Ալավերդի քաղաքում, որտեղ` Թումանյան փողոցի վրա տեսել է համաքաղաքացի Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի 91 OT 999 համարանիշի ավտոմեքենան և դրա հետևից ընթացող` նրա ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280JK» մակնիշի 92 NM 999 համարանիշի ավտոմեքենան, ապա Արմեն Հարությունյանից թաքցնելով Վահագն Աբգարյանին սպանելու իր հանցավոր մտադրությունը` խնդրել է վերջինիս մեքենան վարել նրանց հետևից:

Նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, շրջանցելով հիշյալ ավտոմեքենաներին և հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջին` Վարդան Անտոնյանի խնդրանքով Արմեն Հարությունյանն ավտոմեքենան կայանել է կամրջի վերջնամասում: Որոշ ժամանակ անց տեսնելով նույն կամրջի վրայով հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Համեր» և «Նիսան Տիանա 280JK» մակնիշների ավտոմեքենաները` Վարդան Անտոնյանը մեքենայից վերցրել է քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերած, պահած և հագուստով քողարկելու միջոցով Արմեն Հարությունյանի ավտոմեքենայի մեջ դրած ինքնաձիգը, ապա քննությամբ չպարզված շարժառիթով Վահագն Աբգարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մութ լինելու և «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով չիմանալով, որ վերջինիս փոխարեն ավտոմեքենայում է գտնվում նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, ինչպես նաև այն, թե նշված երկու ավտոմեքենաներում քանի հոգի են գտնվում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել կամրջի վրա գտնվող «Համեր» և անմիջապես հետևից ընթացող` Արթուր Մնացականյանի վարած «Նիսան Տիանա 280JK» ավտոմեքենաների ուղղությամբ, սակայն Վարդան Անտոնյանը հանցավոր արարքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել Էդուարդ Պողոսյանին և Արթուր Մնացականյանին, այլ կրակոցները դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին և նշված երկու ավտոմեքենաների հետևի հատվածում գտնվող ժայռաբեկորներին»(1):

___________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 117-120:

 

6. Առաջին ատյանի դատարանն իր` 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռում արձանագրել է հետևյալը. «(...) Ամբաստանյալ Վարդան Անտոնյանը դատարանում տված իր ցուցմունքով ըստ էության ընդունում է այն հանգամանքը, որ հրազեն հանդիսացող ինքնաձիգով ինքն է կրակոցներ արձակել Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Իսկ նրա այն պատճառաբանությունները, թե ինքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ չի կատարել, այլ ավտոմեքենայում գտնվող Էդուարդ Պողոսյանին վախեցնելու նպատակով է կրակել այդ ավտոմեքենայի վրա, իմանալով, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան զրահապատ է, իսկ «Նիսանը» կրակոցի պահին գտնվում է «Համերի» ետևում և կրակոցները որևէ մեկի չեն կարող վնասել` անհիմն են: Նման ցուցմունքով Վարդան Անտոնյանը նպատակ է հետապնդում խուսափելու ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից:

(...)

Ամբաստանյալ Վարդան Վաղենակի Անտոնյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված հանցավոր արարքները:

(...) Ամբաստանյալ Վարդան Անտոնյանի կողմից Վահագն Աբգարյանին սպանելու դիտավորությունը հաստատվում է նրանով, որ նա Վահագն Աբգարյանին սպանելու նպատակով նախապես իր հետ վերցրել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ և այն պահել ավտոմեքենայում, ապա Ալավերդի քաղաքում տեսնելով Վահագն Աբգարյանի «Համեր» մակնիշի ավտոմեքենան, ենթադրել է, որ ավտոմեքենան վարում է Վահագն Աբգարյանը կամ նա գտնվում է ավտոմեքենայի մեջ, որից հետո Արմեն Հարությունյանին հրահանգել է հետապնդել այդ ավտոմեքենան, որպեսզի պարզեն, թե ավտոմեքենան ուր է գնում: (...) Իր հանցավոր նպատակն իրականացնելու հարմար տեղ ընտրելով Ախթալա քաղաք տանող կամուրջը` Վ.Անտոնյանը կրակելուց առաջ կանգնել է այնպես, որ ավտոմեքենայի վրա կրակի դիմահար: Այսպես` Վարդան Անտոնյանը Ախթալա տանող կամրջի վերջնամասում սպասելով այնքան, որ ավտոմեքենաները հասնեն կամրջին, Արմեն Հարությունյանի ավտոմեքենայից վերցրել է իր կողմից այնտեղ դրված ինքնաձիգը և շուրջ 5 մետր ընդառաջ գնալով «Համեր» մակնիշի ավտոմեքենային, մոտ տարածությունից Վահագն Աբգարյանին սպանելու նպատակով ավտոմեքենայի առջևից ինքնաձիգից շուրջ 20 կրակոց է արձակել «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն արձակված գնդակները իր կամքից անկախ պատճառներով չեն կպել «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձանց և Վարդան Անտոնյանը սպանությունն ավարտին չի հասցրել:

Եթե Վարդան Անտոնյանը, ինչպես ինքն է պնդել, Վահագն Աբգարյանին սպանելու նպատակ չի ունեցել, այլ նրա ավտոմեքենայի վրա կրակել է, ըստ իրեն` ավտոմեքենայում գտնվող Էդուարդ Պողոսյանին վախեցնելու նպատակով, ապա նա կարող էր դա կատարել ճանապարհին այլ եղանակով` ցուցադրաբար օդ կրակելով, այլ ոչ թե նախապես դիրքավորվելով և դիմացից ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ ինքնաձիգից կրակահերթ արձակելով:

Այն, որ Վարդան Անտոնյանը այլ անձանց կյանքն իրական վտանգի տակ դնելով է փորձել սպանել Վահագն Աբգարյանին, հիմնավորվում է գործի քննությամբ հաստատված այն փաստով, որ Վ.Անտոնյանը ինքնաձիգով կրակահերթ է արձակել «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա, անտեսելով, որ այդ ավտոմեքենայի ետևից ընթանում է Արթուր Մնացականյանի «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվող Արթուր Մնացականյանը նույնպես կարող է վնասվել: (...)»(2):

___________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 173-191:

 

Անդրադառնալով տուժողներ Ա.Մնացականյանի և Է.Պողոսյանի, ամբաստանյալ Վ.Անտոնյանի ցուցմունքների արժանահավատությանը` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «Գնահատելով և վերլուծելով տուժողներ Արթուր Մնացականյանի և Էդուարդ Պողոսյանի ցուցմունքները, ըստ որոնց նրանք Ախթալայի կամրջի վրա կրակոցների ձայներ չեն լսել և չեն տեսել, որ կրակում են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, ինչպես նաև որ կամրջի վրա ավտոմեքենաները կանգնեցրել և դուրս են եկել ավտոմեքենաներից, Դատարանը արժանահավատ չի համարում, քանի որ նրանք, մասնավորապես` Էդուարդ Պողոսյանը չէր կարող չլսել և չտեսնել անմիջականորեն իր կողմից վարվող ավտոմեքենայի առջևից արձակվող կրակահերթը և հետևաբար այդ պայմաններում նրանք չէին համարձակվի դուրս գալ ավտոմեքենաներից: Դատարանը գտնում է, որ այդ մասին նրանց ցուցմունքները չեն համապատասխանում վկա Արմեն Հարությունյանի ցուցմունքներին, ըստ որոնց` կրակոցները դադարելուց հետո երկու ավտոմեքենաներն էլ շրջվել են և գնացել դեպի Ալավերդի:

Ինչ վերաբերում է այդ մասին Վարդան Անտոնյանի կողմից տրված ցուցմունքին, ապա դատարանը գտնում է, որ դա նույնպես ճիշտ չէ, Վարդան Անտոնյանը իր ցուցմունքը այդ մասով հարմարացնելով տուժողների ցուցմունքներին, փորձել է հաստատել իր կողմից վկայակոչած փաստարկն այն մասին, որ ինքը կրակել է վախեցնելու նպատակով և որևէ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել, եթե ունենար, ապա կսպաներ այն ժամանակ, երբ նրանք իբր իջել են ավտոմեքենաներից»(3):

___________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթ 178:

 

6.1. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռի հիմքում դրել է.

- ամբաստանյալ Վարդան Անտոնյանի մասնակի խոստովանական ցուցմունքներն այն մասին, որ. «(...) Երբևէ որևէ մեկին սպանելու ցանկություն, նպատակ չի ունեցել, սպանելուն ուղղված որևէ քայլ չի կատարել: 2015 թվականի հունիս ամսին Ալավերդի քաղաքում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, որից հետո քաղաքում լարվել է մթնոլորտը: (...) Այդ լարվածությունը հասել է նաև իրեն, ինչը դրսևորվել է Ալավերդու բնակիչներ Էդուարդ Պողոսյանի ու Վարդան Ավագյանի կողմից իր ու իր մի քանի ընկերների նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքով: (...) Վ.Ավագյանն ու Է.Պողոսյանը սկսել են իրեն հետևել և դա անում էին (...) այնպես, որ ինքը դա տեսնի և (...) իրենց կարծիքով` վախենա դրանից: (...) Նրանք երկուսով մի անգամ դարանակալել են իրեն շենքի մուտքում ու հարձակվել իր վրա, որի ընթացքում հարվածներ են հասցրել իրեն (...) ու փախել: Դրանից հետո էլ նրանք չեն հանգստացել, (...) Է.Պողոսյանը միտումնավոր, վախեցնելու նպատակով ավտոմեքենան վարել էր իր ընտանիքի անդամների ուղղությամբ: Հասկանալով, որ այդ իրավիճակը լավ բանի չի հանգեցնի, որոշել է սաստել նրանց, վախեցնել, որ իրենից ու իր ընտանիքից հեռու մնան: Հոկտեմբերի 11-ին նկատել է, որ Ալավերդու բնակիչ Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի զրահապատ ավտոմեքենայի ղեկին էդուարդ Պողոսյանն է: Այդ օրը պատահաբար հանդիպած համաքաղաքացի Արմեն Հարությունյանին խնդրել է, որ հետևի «Համերին»: Ախթալա չհասած ինքը Արմենին խնդրել է, որ նա անցնի «Համեր» մակնիշի ավտոմեքենային: Անցնելով կամուրջը, խնդրել է կանգնել: Երբ «Համեր» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է կամրջի վրա, իսկ «Նիսանը» նրա հետևում, և հասկանալով, որ «Նիսանը» չի վնասվի, «Համերի» դիմացից մի քանի անգամ կրակել է այդ զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Այդ պահին «Համերից» բացի որևէ այլ մեքենա կամ մարդ կրակոցների ուղղությամբ չկային, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան զրահապատ մեքենայի հետևում էր, իսկ այդ ավտոմեքենայի հետևի հատվածում մեծ ժայռեր են և պարզ էր, որ որևէ մեկին վնասել չէր կարող: Երբ սկսել է կրակել, «Համերի» վարորդի դուռը բացվել է, որից հետո անմիջապես դադարեցրել է կրակը, որպեսզի հանկարծ որևէ մեկի չվնասի: Երկու մեքենաների վարորդներն էլ իջել են մեքենաներից, նայել շուրջ բոլորը և նորից նստել մեքենան: Այնուհետև «Համերն» ու նրա հետևից գնացող «Նիսանը» շարժվել են: Երբ արդեն Արմենի ավտոմեքենայով վերադառնում էին Ալավերդի, Ախթալայի կամրջից քիչ անց նկատել է, որ «Համերն» ու «Նիսանը» ճանապարհին կանգնած են, Է.Պողոսյանն էլ կանգնած է «Համերի» մոտ: (...) Կրակել է զրահապատ ավտոմեքենայի վրա, որպեսզի Է.Պողոսյանը հասկանա, որ իր ընտրած գործելաոճը պետք է դադարեցնի: Եթե ուզենար նրան կամ որևէ մեկին սպանել, ապա շատ հանգիստ կարող էր դա անել, թե այն ժամանակ, երբ նա չլիներ զրահապատ ավտոմեքենայի մեջ, թե կամրջի վրա, երբ վարորդները բացել են դուռն ու իջել մեքենայից, թե այն ժամանակ, երբ կանգնած էին ճանապարհին: Այն, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան զրահապատ է, գիտի ամբողջ քաղաքը, ավելին` ավտոլվացման կետում ինքն անձամբ մինչ այդ համոզվել էր դրանում: Իսկ այն, որ ինքը սպանելու դիտավորություն չի ունեցել, դեպքից հետո ասել է նաև Արմենին և եղբորը»,

- տուժողներ Արթուր Մնացականյանի և ներկայումս հանգուցյալ Էդուարդ Պողոսյանի նույնաբովանդակ ցուցմունքներն այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Վ.Աբգարյանին տարել են տուն, իսկ իրենք որոշել են գնալ Ճոճկան գյուղում գտնվող իրենց տուն: «Համեր» մակնիշի մեքենայի մեջ եղել է միայն Է.Պողոսյանը, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի մեքենայի մեջ` Ա.Մնացականյանը: Երբ հասել են Ախթալա քաղաք տանող կամուրջ, մեքենայի ցուցիչները սկսել են աշխատել անկանոն, իսկ մեքենայի դիմացից կայծեր և ծուխ է երևացել: Իրենք արգելակել են մեքենաները: Նույն պահին «Համեր» մակնիշի մեքենան հետ է շարժվել և բախվել Ա.Մնացականյանի մեքենային, քանի որ Է.Պողոսյանը մոռացել է մեքենայի փոխանցման տուփը ճիշտ դիրքի վրա դնել: Նշված տարածքից մի քիչ հեռանալուց հետո «Համեր» մակնիշի մեքենան խափանվել է, որից հետո կանչել են ավտոքարշակ և այն տեղափոխել քարշակով: Ախթալայի կամրջի վրա կրակոցի ձայներ չեն լսել, այնտեղ ոչ մեկին չեն տեսել, քանի որ ըստ Է.Պողոսյանի` «Համեր» մակնիշի ավտոմեքենան զրահապատ է և ձայնամեկուսիչ, իսկ Ա.Մնացականյանն էլ նշել է, որ իր մեքենայի մեջ միացված է եղել բարձր երաժշտություն,

- տուժող Վահագն Աբգարյանը տուժողներ Ա.Մնացականյանի և Է.Պողոսյանի ցուցմունքներին նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել: Ընդգծել է, որ հետագայում է ինտերնետային կայքերից տեղեկացել, որ Ախթալա քաղաք տանող կամրջի վրա կրակոցներ են եղել, և կրակել են իրեն պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինքը չգիտի` ով է եղել կրակողը, ինչ պատճառով են կրակել իր ավտոմեքենայի վրա և ում են ուղղված եղել այդ կրակոցները: Իր «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա նախկինում որևէ վնասվածք չի եղել, ավտոմեքենան եղել է անթերի վիճակում,

- վկա Արմեն Հարությունյանի ցուցմունքներն այն մասին, որ «(...) 2015 թվականի աշնանը, ճիշտ օրը չի հիշում (...) հանդիպել է Վարդան Անտոնյանին, ով միայնակ կանգնած էր փողոցում: Վարդանի ձեռքին սպորտային համազգեստին նման հագուստ կար, որը նա դրել է ավտոմեքենայի ետևի նստատեղին, իսկ ինքը նստել իր կողքին: Ավտոմեքենայով իջել են քաղաք, որտեղ «Սուպերմարկետի» մոտ հանդիպել են Վահագն Աբգարյանի «Համեր» մակնիշի ավտոմեքենային: Վարդանը իրեն ասել է, որ գնան տեսնեն, թե ուր է գնում այդ ավտոմեքենան (...): Ինքը (...) անցել է այդ ավտոմեքենային և նրա ետևից գնացող «Նիսանին»: Հասնելով Ախթալայի կամրջի մոտ, Վարդանն ասել է, որ կանգնեցնի ավտոմեքենան, տեսնեն այդ ավտոմեքենան գալիս է, թե ոչ: (...): Քիչ հետո եկել են Վահագն Աբգարյանի «Համերը», իսկ դրա ետևից Արկոյի` Արթուր Մնացականյանի «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան: Այդ մեքենաները հասնելով կամրջի սկզբնամասը, թեքվել են դեպի իրենց: Այդ ժամանակ Վարդան Անտոնյանը բացելով ավտոմեքենայի հետևի դուռը, հանել է զենքը և սկսել կրակել, ինքը այդ տեսնելով, փախել է դեպի մոտակա ճոպանուղին, մտածելով, որ նա կարող է կրակել նաև իր վրա: Փախչելով, հեռացել է մոտ 100 մետր, որի ընթացքում լսել է կրակոցի ձայները, որոնք մոտ 10 կրակոցներ էին: Այդ պահին իր հայացքը դեպի «Համերն» էր և տեսել է նաև, որ կրակոցներից ջարդվել է ավտոմեքենայի (...) լապտերը և հանգել լույսը: Կրակոցները դադարելուց հետո այդ ավտոմեքենաներից ոչ-ոք չի իջել, եթե իջնող լիներ կտեսներ, ինքը չի տեսել: Կրակոցներից հետո երկու մեքենաներն էլ շրջվել են ու գնացել դեպի Ալավերդի, իսկ ինքը վերադարձել է իր ավտոմեքենայի մոտ: Տեսնելով, որ Վարդան Անտոնյանը չի երևում, նրան ձայն է տվել: Վարդանը եկել է, նստել ավտոմեքենան (...): Վարդան Անտոնյանի հետ գնացել են դեպի Ալավերդի: Ճանապարհին տեսել է, որ «Համերը» կանգնած է, իսկ ավտոմեքենայի մոտ մարդիկ չկան: (...) Վերադառնալով Ալավերդի, Վարդան Անտոնյանին իջեցրել է ավտոմեքենայից, իսկ ինքը բարձրացել Սանահին Սարահարթ թաղամաս` իրենց տուն: (...) Առավոտյան գնացել է աշխատանքի և դեպքի մասին քարի արտադրամասում պատմել է եղբորը` Գարեգին Հարությունյանին: Այնուհետև իրենց մոտ է գնացել Վարդան Անտոնյանը: Ինքը Վարդանին ասել է, որ նրանք տեսել են իր ավտոմեքենան, ինչ պետք է անի ինքը: Վարդանն ասել է, որ «տեսնեն ինչ է լինում», որից հետո հեռացել է: Որոշ ժամանակ հետո զանգահարել է նրան, սակայն նա եղել է անհասանելի: Հետո գնացել է իրենց տուն և նույն օրը` երեկոյան իր հոր ու եղբոր հետ, հոր ավտոմեքենայով գնացել է Վրաստանի Բրդաձոր գյուղի` իրենց տուն: Ինքը մնացել է այնտեղ, իսկ եղբայրն ու հայրը վերադարձել են: (...) Բոլորը գիտեն, որ Վահագն Աբգարյանի «Համերը» (...) զրահապատ է: Վարդան Անտոնյանի կրակոցներն ուղղված էին այդ ավտոմեքենային, սակայն ինքը չգիտի կրակելու նպատակը: Կարծում է, որ «Տիանա» մակնիշի ավտոմեքենայով եղել է Արթուր Մնացականյանը, իսկ «Համերում» երևի Վահագն էր: Վարդանը դեպքից առաջ ճանապարհին գնալիս, իրեն հարցրել է, վախենում է, թե ոչ, որին պատասխանել է, որ չի վախենում: Եթե ինքն իմանար, որ այդպիսի բան է լինելու, չէր գնա, կամ մեքենան կտար Վարդան Անտոնյանին, որ նա գնար ուր ուզում էր: (...) Վարդան Անտոնյանը, վերնազգեստը, որը դրել է ավտոմեքենայի ետևի նստատեղին վերցրել է Տարոն Աբգարյանի քարի արտադրամասից, որտեղ ինքն էր աշխատում: (...) «Համերի» վրա կրակելուց առաջ Վարդանը մոտավորապես այսպիսի արտահայտություն է արել` «Վահագ արի ասեմ» ու կրակել է: (...) Վարդան Անտոնյանը իրեն չի ասել, որ վախեցնելու նպատակով է կրակել «Համերի» վրա, չի ասել նաև, թե ինչ նպատակով է կրակել»,

- վկա Գարեգին Հարությունյանի ցուցմունքներն այն մասին, որ «(...) Իր եղբայր Արմենը պատմել է, որ դեպքի օրը (...) հանդիպել է Վարդան Անտոնյանին և նրա հետ իջել քաղաք (...): Այնտեղ տեսել են Վահագենց «Համերը»: Վարդանն ասել է, որ տեսնեն ուր է գնում այդ մեքենան և ավտոյի հետևից քշել է: Հասնելով Ախթալա, սպասել են, մինչև եկել են Վահագենց մեքենաները: Վարդանը (...) հանել է ավտոմատը ու կրակել: (...) Հաջորդ օրը ինքը զանգահարել է Վարդան Անտոնյանին, կանչել քարի արտադրամաս և հարցրել, թե «էս ինչ եղավ», «ոնց պտի ըլնի», «կրակը գցեցիր ախպորս», իսկ նա ասել է. «էսա կխոսանք»: (...) Մտածել է, որ եղբայրը «կրակի մեջ կընկնի», ավելի լավ է մի որոշ ժամանակ հեռու մնա, որպեսզի տեսնեն ինչ է պարզվում: Այդ պատճառով նրան տարել են Վրաստան, սակայն երբ ոստիկանությունում ասել են, որ Արմենը թաքնվելով անտեղի իր «գլխին գործա բացում», գնացել ու նրան բերել է Վրաստանից: (...) Երբ Վարդանի հետ առանձին զրուցել են (...), նա պատասխանել է, որ (...) ինքը գիտի ինչ է արել: Ինքը նրան հարցրել է. «բա չգիտեիր, որ (...) մեքենան զրահապատ է, ինչու էիր կրակում», որին նա պատասխանել է. «(...) այդպես էր պետք»: Ինքը դրանից ենթադրում է, որ նա վախեցնելու նպատակով է կրակել»,

- վկա Գագիկ Հարությունյանի ցուցմունքներն այն մասին, որ «(...) 2015թ. հոկտեմբերի 12-ին` երեկոյան իր որդիներ Գարեգինն ու Արմենը խնդրել են իրենց տանել Վրաստան` Արմենի ավտոմեքենայի համար պահեստամասեր գնելու: Հաջորդ օրը` առավոտյան մեկնել են Վրաստանի Բրդաձոր գյուղ` իր աներոջ տուն: Հասնելով այնտեղ, Արմենը ցանկություն է հայտնել մնալ պապիկի տանը, իսկ ինքը և Գարեգինը վերադարձել են Ալավերդի: Ճանապարհին մի քանի անգամ հարցրել է Գարեգինին, թե ինչ է պատահել, որ Արմենը չցանկացավ վերադառնալ Ալավերդի: Այդ ժամանակ միայն Գարեգինը պատմել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Արմենի մեքենան է նստել մի տղա, ով աշխատել է քարի արտադրամասում և խնդրել է տանել Ախթալա քաղաք: Երբ հասել են Ախթալա քաղաք տանող կամրջի մոտ, այդ տղան խնդրել է կանգնեցնել մեքենան, որից հետո նա ինքնաձիգով կրակել է Վահագն Աբգարյանի մեքենայի վրա»,

- դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, համաձայն որի` «(...) Դեպքի վայրը գտնվում է Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16 կմ հատվածում` Ախթալա քաղաք տանող կամրջի մոտ: Ավտոճանապարհի աջ հատվածում գտնվող ժայռի վրա հայտնաբերվել են թվով 8 վնասված հատվածներ, որտեղից մասնագետի կողմից վերցվել են նմուշներ: Զննությանը մասնակից Արմեն Հարությունյանը մատնացույց է արել Ախթալա քաղաք տանող կամրջի վերջնամասը և հայտնել է, որ նշված հատվածում է կայանել մեքենան, որտեղ Վարդան Անտոնյանն իր մեքենայից վերցնելով ինքնաձիգը, կրակահերթ է արձակել դեպի Ախթալա քաղաք ընթացող և կամրջի վրա գտնվող Վահագն Աբգարյանի «Համեր» և նրա հետևից ընթացող «Նիսան Տիանա» մակնիշների ավտոմեքենաների ուղղությամբ»,

- տրանսպորտային միջոցը զննելու մասին արձանագրությունը, համաձայն որի` «(...) Զննության է ենթարկվել «Համեր» մակնիշի 91 OT 999 համարանիշի ավտոմեքենան, որի արդյունքում պարզվել է, որ մեքենայի հետին ձախ անկյունային հատվածը դեֆորմացված է, որի վրա առկա է սև ներկանյութ, իսկ նույն հատվածում գտնվող ձախ անկյունային հատվածի բացվածքի մեջի «լուպյակը» գտնվում է ծռված վիճակում: Մեքենայի դիմապակու աջ ստորին անկյունային հատվածում առկա է ապակու արտաքին շերտի, իսկ դիմապակու ձախ կողմում գտնվող անձրևամաքրիչ սարքի ձախ մասում` վնասված տեղամասեր: Մեքենայի առջևի ձախ լուսարձակի մոտ առկա է ապակու միջանցիկ վնասված տեղամաս, իսկ լուսարձակի լապտերը վնասված վիճակում է: Նշված տեղամասից դեպի ձախ` լուսամղիչի ստորին հատվածում առկա է դեֆորմացված տեղամաս, որի ստորին հատվածում` միջանցիկ անցք: Մեքենայի համարանիշի վրա առկա է անկանոն եզրերով միջանցիկ անցք: Համարանիշերի հետնամասում` թափարգելի վրա գտնվող սև գույնի պոլիմերային նյութից պատրաստված դետալը կոտրված է, իսկ դրա հետնամասում գտնվող թափարգելի վրա առկա է կլորավուն վնասվածք: Մեքենայի առջևի թափարգելի ձախ կողմի անկյունային հատվածի մոտ առկա է վնասված տեղամաս, որի վերին ձախակողմյան հատվածում` միջանցիկ անցք: Պարզվել է նաև, որ մեքենայի ապակիները մգեցված են և դրսից մեքենայի ներսը տեսանելի չէ»,

- քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի` «(...) Փորձարարության մասնակից Արմեն Հարությունյանը մատնացույց է արել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող երթուղային տաքսիների կանգառը և հայտարարել է, որ նշված հատվածում Վարդան Անտոնյանի հետ տեսել են Վահագն Աբգարյանի «Համեր» մակնիշի ավտոմեքենան, որից հետո վերջինիս խնդրանքով մեքենան վարել է քաղաքից դուրս եկող մեկ այլ ճանապարհով, ապա Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 3 կմ հատվածում նա հայտարարել է, որ նշված վայրում տեսել են դեպի Ախթալա քաղաքի ուղղությամբ ընթացող Վահագն Աբգարյանի «Համեր» մակնիշի մեքենան և Վարդան Անտոնյանի խնդրանքով վազանցել է այդ ավտոմեքենան: Այնուհետև Արմեն Հարությունյանը մատնացույց է արել Ախթալա քաղաք տանող կամրջի վերջնամասը, ապա կամրջի սկզբնամասը և հայտարարել է, որ իրենք մեքենան կայանել են կամրջի վերջնամասում, ապա Վարդան Անտոնյանն իր մեքենայից վերցնելով ինքնաձիգը, քայլել է մոտ 5 մետր, որից հետո ինքնաձիգով կրակահերթ է արձակել կամրջի սկզբնամասում հայտնված Վահագն Աբգարյանի «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ»,

- դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3099-15 եզրակացությունը, համաձայն որի` «(...) Փորձաքննությանը ներկայացված «Համեր» մակնիշի 91 OT 999 համարանիշի ավտոմեքենայի վրա` ավտոմեքենայի առջևի վահանի աջ մասում, առջևի համարանիշի, ձախ լապտերի գրեթե կենտրոնական հատվածում առկա վնասվածքները հանդիսանում են հրազենային գնդակային թափանցող վնասվածքներ, պատճառվել են հավանաբար 5.45 մմ տրամաչափի երեք գնդակներով (հնարավոր է նաև անդրադարձի ենթարկված գնդակներով), լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից կամ արգելաշերտի միջոցով` կատարված երեք կրակոցների արդյունքում: Ավտոմեքենայի վրա` առջևի դիմապակու ձախ ապակեմաքրիչի վրա, ապակեմաքրիչից դեպի ներքև` դիմապակու վրա առկա վնասվածքները առաջացել են համեմատաբար պինդ առարկայի ներգործության (հարված, շփում և այլն) հետևանքով, սակայն կոնկրետ պարզել, թե վնասվածքները հրազենային են, թե` ոչ, հնարավոր չէ, քանի որ դրանք իրենց մեջ չեն պարունակում հրազենային վնասվածքներին բնորոշ անհրաժեշտ հատկանիշներ (ձև, չափ, սահքի հետք, մետաղացման հետքեր և այլն): Վերը նկարագրված հրազենային վնասվածքները կարող էին պատճառվել սույն քրեական գործով մեկ այլ փորձաքննությանը ներկայացված (3250-15 եզրակացություն) 5.45 մմ (5.45x39) տրամաչափի փամփուշտների կրակված պարկուճների գնդակներով»,

- դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3020-15 եզրակացությունը, համաձայն որի` «(...) Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16 կմ հատվածում` Ախթալա քաղաքի կամրջի մոտ առկա քարաժայռի վրա հայտնաբերված թվով 8 վնասվածքները հանդիսանում են հրազենային գնդակային կույր վնասվածքներ, պատճառվել են լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից կամ արգելաշերտի միջոցով` կատարված ութ կրակոցների արդյունքում: (...) Քարաժայռին առկա հրազենային 8 վնասվածքները տեղակայված են գետնից` 180 սմ, 130 սմ, 158 սմ, 140 սմ, 195 սմ, 173 սմ, 215 սմ և 200 սմ բարձրության վրա (...)»,

- առգրավում կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի` «(...) Լոռու մարզային քննչական վարչությունում Սուրեն Մարտիրոսի Մարտիրոսյանից առգրավվել է կարմրավուն գույնի թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա են կանաչավուն գույնի 20 հատ պարկուճներ: Սուրեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացրած պարկուճներն ինքը հայտնաբերել է (...) Ախթալա քաղաքի կամրջի մոտ (...)»,

- դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3250-15 եզրակացությունը, համաձայն որի` «(...) Փորձաքննությանը ներկայացված թվով 20 հատ պարկուճները հանդիսանում են «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների, դրանց մոդիֆիկացիաների և համապատասխան տրամաչափի այլ ակոսափող զենքերի համար նախատեսված գործարանային արտադրության 5,45 մմ (5.45x39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր` կրակված պարկուճներ, կրակվել են միևնույն զենքից (...): Դրանց վրա առկա կրակման հետքերը բնորոշ են 5.45 մմ տրամաչափի Կալաշնիկովի կոնստրուկցիայի զենքերից կրակված պարկուճների վրա առաջացող հետքերին և պիտանի են կրակող զենքի նույնացման համար (...)»(4):

___________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 173-191:

 

7. Վերաքննիչ դատարանն իր` 2019 թվականի մարտի 25-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Վարդան Անտոնյանի դիտավորության ուղղվածության վերաբերյալ իր դատողությունները չի կառուցել գործում առկա փաստական տվյալներից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման վերաբերյալ: Մասնավորապես անդրադառնալով ամբաստանյալ Վ.Անտոնյանին մեղսագրված արարքը որակյալ դարձնող հատկանիշին` հանցանքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարելուն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ (...) դեպքի վայրի զննության արձանագրությամբ, ինչպես նաև դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է` ամբաստանյալ Վ.Անտոնյանի կողմից արձակված կրակոցների ուղղությամբ որևէ բնակավայր չի եղել, ավելին` կրակոցները դիպել են Լոռու մարզի Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16 կմ հատվածում` Ախթալա քաղաքի կամրջի մոտ գտնվող քարաժայռին:

(...) Նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ`

- (...) ամբաստանյալի դատաքննական ցուցմունքներով, հաստատվում է, որ (...) հոկտեմբերի 11-ին նկատել է, որ Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է Էդուարդ Պողոսյանը: (...) Ամբաստանյալի մատնանշած հանգամանքը հերքող որևէ փաստական տվյալ գործում առկա չէ (այդ թվում նաև վկա Արմեն Հարությունյանի ցուցմունքներում, ով դեպքի պահին և դրանից հետո, ըստ էության գտնվել է ամբաստանյալի հետ) (...):

- Վարդան Անտոնյանի կողմից կրակոցների արձակման դիտավորության վերաբերյալ, բացի ամբաստանյալի ցուցմունքներից այլ ապացույցներ ձեռք չեն բերվել (...), ինչը թույլ է տալիս գալ այն հետևության, որ ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել տուժողների վրա հոգեբանական բռնության գործադրմանը: Վկա Արմեն Հարությունյանն իր ցուցմունքներով նշել է, որ Վարդան Անտոնյանն իրեն կրակելու նպատակի մասին չի ասել, բացի այդ հաստատել է ամբաստանյալի ցուցմունքներն առ այն, որ դեպքից առաջ ինչ-որ անձինք հարձակվել են վերջինի վրա և հարվածել գլխին:

- Ինչ վերաբերում է վկա Արմեն Հարությունյանի դատաքննական ցուցմունքին առ այն, որ. «(...) «Համերի» վրա կրակելուց առաջ Վարդանը մոտավորապես այսպիսի արտահայտություն է արել` «Վահագ արի ասեմ» ու կրակել է», Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վկան իր նախաքննական ցուցմունքներում վերը նշված հանգամանքի մասին երբևէ չի նշել և միայն դատաքննության փուլում է վերը նշված հանգամանքի մասին հայտնել, ինչը (...) որոշակի տարակուսանք է առաջացնում վկայի մատնանշած հանգամանքի արժանահավատության վերաբերյալ: Ավելին` (...) Արմեն Հարությունյանի կողմից մատնանշված արտահայտությունը (եթե անգամ ընդունենք, որ այդպիսին եղել է), չի կարող ողջամիտ հիմք հանդիսանալ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի մոտ սպանության դիտավորության առկայության մասին: Հակառակը, նման արտահայտությունը կարող է վկայել նաև այն մասին, որ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե տուժողին կյանքից զրկելուն, այլ վերջինի մոտ սեփական կյանքի համար տագնապի զգացողություն առաջացնելուն:

- Անդրադառնալով տուժողներ Էդուարդ Պողոսյանի, Արթուր Մնացականյանի և վկա Արմեն Հարությունյանի ցուցմունքներում առկա հակասություններին (մասնավորապես` տուժողները նշել են, որ իջել են ավտոմեքենայից, իսկ վկա Արմեն Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կրակոցներն արձակելուց հետո «Համեր» և «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները շրջվել են և գնացել դեպի Ալավերդի), Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տուժողների ցուցմունքներին նույնաբովանդակ փաստական տվյալներ է հայտնել նաև ամբաստանյալ Վարդան Անտոնյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված ցուցմունքների միջև առկա են հակասություններ, որոնք սույն դատաքննության շրջանակներում չեն կարող փարատվել` (...) դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի:

- Դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3099-15 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային վնասվածքները տեղակայված են եղել ավտոմեքենայի առջևի վահանի աջ մասում, առջևի համարանիշի, ձախ լապտերի կենտրոնական մասում` այսինքն հրազենային վնասվածքների տեղակայման հիմնական վայրն ավտոմեքենայի շարժիչի հատվածում է եղել, ինչը (...) թույլ է տալիս ողջամիտ եզրակացության հանգել առ այն, որ ամբաստանյալը կրակոցներն ուղղել է զրահապատ ավտոմեքենայի այնպիսի հատվածներին, որը կբացառեր գնդակի ներթափանցումը սրահ:

- «Նիսան Տիանա 280 JK» ավտոմեքենայի վրա որևէ հրազենային վնասվածք առկա չի եղել, ինչը հաստատում են ամբաստանյալի դատաքննական ցուցմունքները, այն մասին, որ «Նիսան Տիանա 280 JK» ավտոմեքենան գտնվել է «Համերի» հետևում, և կրակոցներից վերջինը չէր վնասվի:

- Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել նաև վկա Գարեգին Հարությունյանի ցուցմունքներն առ այն, որ (...) ամբաստանյալ Վ.Անտոնյանը տեղյակ է եղել, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան զրահապատ է:

Վերը նշված դատողությունների և վերլուծությունների լույսի ներքո (...) գործով ձեռք բերված ապացույցների ամբողջությունը բավարար չէ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հաստատված համարելու ամբաստանյալի` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դիտավորության առկայությունը:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ-ի պետ Լ.Գիգոլյանի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի զեկուցագրին, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա.Տիտանյանի 2015 թվականի հոկտեմբերի 15-ի զեկուցագրին, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստացված թիվ 60/2-4412 գրությանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունից 2015 թվականի նոյեմբերի 5-ին ստացված թիվ 57/3-3626 գրությանը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ապացույցների տեսակները հստակ նշված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածում, իսկ օպերատիվ տեղեկությունները չեն կարող դիտվել ապացույց և դրվել մեղադրանքի հիմքում:

(...) Գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը վկայում է այն մասին, որ ամբաստանյալ Վարդան Անտոնյանի կողմից կրակոցներն արձակվել են ոչ թե սպանության, այլ տուժողի` Էդ.Պողոսյանի մոտ սեփական կյանքի համար տագնապի զգացողության առաջացման նպատակով. ամբաստանյալի դիտավորությունն ուղղված է եղել տուժողի նկատմամբ հոգեբանական բռնության դրսևորմանը: Այսինքն` ամբաստանյալ Վարդան Անտոնյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն հատկանիշներ: (...) Իսկ (...) ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: (...)»(5):

___________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 69-101:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 25-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ: Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ վերլուծության չենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները և դրանք իրենց համակցության մեջ չգնահատելով, Վ.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով` դրանով իսկ թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

8.1. Մասնավորապես, բողոքաբերն ընդգծել է, որ Վ.Անտոնյանը քսան կրակոց է արձակել «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որը չի կարող նույնացվել սպառնալիք տալու հետ, քանի որ ֆիզիկական այնպիսի գործողություններ կատարելը, ինչպիսին կրակոցներ արձակելն է, այն էլ տուժողի ուղղությամբ, չի կարող ուղղված լինել բացառապես տուժողի հոգեկան առողջությանը վնաս պատճառելուն և սեփական կյանքի համար տագնապի զգացողություն առաջացնելուն:

8.2. Բողաքաբերն իր դիրքորոշումը հիմնավորել է վկա Ա.Հարությունյանի այն ցուցմունքներով, որ Վ.Անտոնյանն իրեն չի ասել, որ վախեցնելու նպատակով է կրակել «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայի ուղղությամբ արձակել է 10-ից ավելի մենահատ կրակոց և կրակելուց առաջ կատարել է արտահայտություն «Վահագ արի ասեմ» բովանդակությամբ, ինչպես նաև դեպքի վայրի զննության արձանագրությամբ, առգրավում կատարելու մասին որոշմամբ և արձանագրությամբ, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3099-15, 3020-15 և 3250-15 եզրակացություններով:

8.3. Բողոքաբերի պնդմամբ` նշված ապացույցները վերլուծելիս Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալը կրակոցներն ուղղել է զրահապատ ավտոմեքենայի այնպիսի հատվածներին, որը կբացառեր գնդակի ներթափանցումը սրահ առանց պատճառաբանելու, թե այդ դեպքում ինչու են այդ կրակոցները դիպել նաև ավտոմեքենայի հետնամասում գտնվող ժայռաբեկորներին: Եթե Վ.Անտոնյանը ունեցել է բավարար մարտական պատրաստվածություն կրակոցներն ուղղելու միայն «Համեր» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածին, ապա ժայռաբեկորներին առկա հրազենային վնասվածքները տեղակայված են եղել գետնից 180 սմ, 130 սմ, 158 սմ, 140 սմ, 195 սմ, 173 սմ, 215 սմ և 200 սմ բարձրության վրա, իսկ նման բարձրության վրա առկա հրազենային վնասվածքը կարող էր խոցել ավտոմեքենաներում գտնվող ցանկացած կենդանի թիրախ:

8.4. Բողոքի հեղինակն արժանահավատ չի համարել նաև Վ.Անտոնյանի ցուցմունքի այն հատվածը, որ կրակոցները դադարեցրել է, երբ երկու ավտոմեքենաներից էլ մարդիկ են իջել, որպեսզի ոչ մեկին չվնասի: Բողոքաբերն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ նախ` ըստ վկա Ա.Հարությունյանի ցուցմունքների` ավտոմեքենաներից որևէ անձ չի իջել, և բացի այդ, եթե անգամ կրակոցներից հետո Է.Պողոսյանը և Ա.Մնացականյանն իջել են ավտոմեքենաներից և չեն տուժել, դա ևս հիմնավորում է այն, որ Վ.Անտոնյանը ուղղակի դիտավորությամբ ցանկացել է ապօրինաբար կյանքից զրկել ոչ թե Է.Պողոսյանին, այլ` Վ.Աբգարյանին, ինչը նրան չի հաջողվել: Բողոքաբերը նշել է նաև, որ Վ.Անտոնյանը նույնիսկ չի իմացել, որ Վ.Աբգարյանը դեպքի պահին ավտոմեքենայում չի գտնվել, քանի որ ավտոմեքենայի ապակիները եղել են մգեցված, իսկ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամի:

8.5. Ինչ վերաբերում է Վ.Անտոնյանի վրա հարձակվելու և հարվածներ հասցնելու հանգամանքին, ապա բողոքաբերը նշել է, որ եթե նույնիսկ առերևույթ նման դեպք եղել է, ապա դա կարող էր առիթ լինել Վ.Աբգարյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակելու համար:

8.6. Բողոք բերած անձը նաև ընդգծել է, որ Վ.Անտոնյանն ի սկզբանե չէր կարող իմանալ, որ Վ.Աբգարյանի ավտոմեքենան զրահապատ է, և այդ տվյալները պաշտպանության կողմին հասու են դարձել քրեական գործի նյութերին ծանոթանալիս և պաշտպանության իրավունքը իրացնելու նպատակով համապատասխան մարտավարություն ընտրելու արդյունքում: Բողոքաբերի պնդմամբ` եթե նույնիսկ Վ.Անտոնյանի սուբյեկտիվ ընկալմամբ «Համեր» մակնիշի ավտոմեքենան եղել է զրահապատ, ապա դա ևս չի կարող մեկնաբանվել հօգուտ իրեն, քանի որ վերջինս ապօրինի կրած և փոխադրած ինքնաձիգից «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ է արձակել քսան անգամ, ավտոմեքենայի հետևից ընթացել է Ա.Մնացականյանի վարած «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ ընդհանրապես տվյալներ առկա չեն, որ այն ևս եղել է զրահապատ:

8.7. Անդրադառնալով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի օպերատիվ տեղեկությունները որպես այլ փաստաթղթեր ապացույց ճանաչելուն, բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ապացույցների տեսակները հստակ նշված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածում, իսկ օպերատիվ տեղեկությունները չեն կարող դիտվել ապացույց և դրվել մեղադրանքի հիմքում: Բողոք բերած անձը փաստարկել է, որ այդ օպերատիվ տեղեկությունները համապատասխանում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներին, այդ թվում` ամբաստանյալ Վ.Անտոնյանի ցուցմունքին:

8.8. Բողոքի հեղինակը նաև փաստել է, որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ, 358-րդ հոդվածների, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 137-րդ հոդվածների մեկնաբանությունները հակասում են հիշյալ նորմերին Վճռաբեկ դատարանի որոշումներում տրված մեկնաբանություններին:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Վ.Անտոնյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների առկայության և նույն օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշերի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է` (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցափորձ են ձևավորում միայն ուղղակի դիտավորությամբ կատարվող այն գործողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը: «Անմիջականությունը» ենթադրում է, որ հանցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել: Այլ կերպ` հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կա՛մ հանցավոր արարքն ամբողջությամբ չի իրականացվում, կա՛մ արարքն իրականացվում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքը (նյութական հանցակազմերի դեպքում)(6):

___________________________

i

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գրիգոր Մանուկյանի վերաբերյալ գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 16-րդ կետը, mutatis mutandis, Արարատ Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշումը:

 

11.1. Սպանության փորձը սուբյեկտիվ կողմից դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը նախատեսում է մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը և ցանկանում է դրա վրա հասնելը, գիտակցում է, որ եթե համապատասխան հետևանքն առաջանա, ապա այն անմիջականորեն բխելու է իր արարքից, և դրանց միջև առկա կլինի միանշանակ պատճառական կապ: Կատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտավորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին: Հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն(7):

___________________________

i

7) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիգոր Մանուկյանի վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 16-րդ և 17-րդ կետերը, Սամվել Հունիկյանի վերաբերյալ գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշումը:

 

11.2. Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության որակյալ հանցակազմը բնութագրվում է կատարման այնպիսի եղանակով, որի հետևանքով որոշակի անձին (անձանց) կյանքից զրկելով հանդերձ` հանցավորը միաժամանակ իրական վտանգի տակ է դնում նաև այլ անձանց կյանքը: Սպանությունը նշված որակյալ հանցակազմով որակելու համար կարևոր է ոչ թե այն, թե որքան մարդ է զրկվել կամ կարող էր զրկվել կյանքից, այլ այն, թե բացի հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված կոնկրետ անձից կամ անձանցից, արդյոք վտանգի տակ դրվել է նաև այլ անձանց կյանքը: Ուստի արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար անհրաժեշտ է, որ բացի կոնկրետ անձից (անձանցից), վտանգ սպառնա նաև այլ անձանց կյանքին, ինչը, սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ այլ անձանց ևս պետք է վնաս պատճառվի:

11.3. Սպանության` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակի բնույթը կապված է այլ մարդկանց վնաս պատճառելու` հնարավոր սպառնալիք պարունակող համապատասխան գործիքների ու միջոցների կիրառման, ինչպես նաև հանցանքի կատարման իրադրության և տեղի հետ, որտեղ նշված սպառնալիքը փաստացի կարող է իրագործվել: Տվյալ դեպքում սկզբունքային նշանակություն ունի նաև հանցավորի սուբյեկտիվ վերաբերմունքն իր կատարածի նկատմամբ: Քանի որ քննարկվող հանցագործությունը դասվում է դիտավորությամբ կատարվողների շարքին, անհրաժեշտ է, որ սուբյեկտը գիտակցի սպանության` իր կողմից կիրառվող եղանակի` շատերի կյանքի համար վտանգավոր լինելը, ինչպես նաև ցանկանա դրա կիրառումը կամ գիտակցաբար թույլ տա այլ անձանց վնաս պատճառելու հնարավորությունը կամ անտարբեր լինի դրա նկատմամբ:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել` պատժվում է (...)»:

12.1. Հիշյալ հանցակազմին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վլադիկ Խաչատրյանի գործով կայացված որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(...) Նշված հանցակազմի օբյեկտը հավաքական բնույթ է կրում, այն բաղկացած է մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև սեփականության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից:

Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է ակտիվ գործողություններով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքով: Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում: Այս հանցակազմի իմաստով սպառնալիքի արտահայտման եղանակները կարող են տարբեր լինել, ինչն արարքի որակման համար նշանակություն չունի: Այն կարող է արտահայտվել բանավոր, գրավոր, որոշակի գործողություններով (օրինակ` զենքը ցուցադրաբար թափահարելով):

(...) Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով արգելված արարքը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Այսինքն` հանցավորը գիտակցում է, որ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք տալով` տուժողի վրա հոգեբանական ազդեցություն է գործադրում` վերջինիս մոտ առաջացնելով վախի, անվստահության զգացողություն, նախատեսում և ցանկանում է նշված հետևանքների առաջացումը: Հանցագործության շարժառիթները կարող են տարբեր լինել` վրեժ, խանդ, անձնական անբարյացակամ հարաբերություններ և այլն (...)»(8):

___________________________

8) Տե՛ս Վլադիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0025/01/11 որոշման 17-19-րդ կետերը:

 

13. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում ներկայացված իրավանորմերը և շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության փորձի և սպանության սպառնալիքի հանցակազմերի տարանջատման համար առանցքային նշանակություն ունի հանցավորի դիտավորության ուղղվածությունը պարզելը: Այլ կերպ` հիշյալ հանցակազմերը սահմանազատելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք հանցավորի կողմից ձեռնարկված գործողություններն ուղղված են տուժողին կյանքից զրկելուն, թե սահմանափակվում են միայն այս կամ այն կերպ սպառնալիք տալով` նպատակ ունենալով վնաս պատճառել տուժողի հոգեկան առողջությանը, նրա մոտ սեփական կյանքի համար տագնապի զգացողություն առաջացնել: Իսկ նշված հարցի լուծումը պահանջում է համակցության մեջ վերլուծել գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` հանցագործության կատարման եղանակը, օգտագործված գործիքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի և տուժողի միջև առկա փոխհարաբերությունների բնույթը և այլն:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել Վ.Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն առ այն, որ նա 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, կրած և փոխադրած ինքնաձիգով փորձել է դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վ.Աբգարյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով(9): Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Վ.Անտոնյանի դիտավորության ուղղվածության վերաբերյալ իր դատողությունները չի կառուցել գործում առկա փաստական տվյալներից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության` ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման վերաբերյալ: Անդրադառնալով Վ.Անտոնյանին մեղսագրված արարքը որակյալ դարձնող հատկանիշին` հանցանքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարելուն, Վերաքննիչ դատարանը նշել է, որ դեպքի վայրի զննության արձանագրությամբ, ինչպես նաև դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Անտոնյանի կողմից արձակված կրակոցների ուղղությամբ որևէ բնակավայր չի եղել, ավելին` կրակոցները դիպել են Ախթալա քաղաքի կամրջի մոտ գտնվող ժայռին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործով ձեռք բերված ապացույցների ամբողջությունը բավարար չէ ամբաստանյալ Վ.Անտոնյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հաստատված համարելու նրա` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դիտավորության առկայությունը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը վկայում է այն մասին, որ Վ.Անտոնյանի կողմից կրակոցներն արձակվել են ոչ թե սպանության, այլ տուժողի` Է.Պողոսյանի մոտ սեփական կյանքի համար տագնապի զգացողություն առաջացնելու նպատակով, այսինքն` ամբաստանյալի դիտավորությունն ուղղված է եղել տուժողի նկատմամբ հոգեբանական բռնության դրսևորմանը, հետևաբար` ամբաստանյալ Վ.Անտոնյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշերը(10):

___________________________

9) Տե՛ս սույն որոշման 6-6.1-րդ կետերը:

10) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

15. Սույն որոշման 5-7-րդ և 14-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Վ.Անտոնյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, անտեսել է վերջինիս արարքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի հատկանիշների առկայության մասին վկայող, գործով հաստատված փաստական տվյալների համակցությունը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է Վ.Անտոնյանի մոտ Վ.Աբգարյանին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու դիտավորության առկայության մասին վկայող հետևյալ հանգամանքները.

- 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Վ.Անտոնյանը նախապես իր հետ վերցրել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ և այն պահել է սույն գործով վկա Ա.Հարությունյանին պատկանող «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի ավտոմեքենայում,

- Վ.Անտոնյանը, 2015 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան գտնվելով Ա.Հարությունյանի ավտոմեքենայում և Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի վրա տեսնելով Վ.Աբգարյանի «Համեր» մակնիշի ավտոմեքենան, մթության և «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով չի նկատել, որ ավտոմեքենայի ղեկին Է.Պողոսյանն է, այլ ոչ թե Վ.Աբգարյանը (վերոնշյալը հաստատվել է ինչպես վկա Ա.Հարությունյանի ցուցմունքներով, այնպես էլ տրանսպորտային միջոցը զննելու մասին արձանագրությամբ),

- Վ.Անտոնյանի խնդրանքով Ա.Հարությունյանը մեքենան վարել է Վ.Աբգարյանի «Համեր» և դրա հետևից ընթացող` Ա.Մնացականյանի «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների հետևից, պարզել դրանց ընթացքի ուղղությունը, ապա վազանց կատարել: Հասնելով Ախթալա քաղաք տանող կամրջին` Վ.Անտոնյանը խնդրել է կանգնել կամրջի վերջնամասում` սպասելով նրանց,

- նկատելով ավտոմեքենաները` Վ.Անտոնյանը Ա.Հարությունյանի ավտոմեքենայից վերցրել է իր կողմից այնտեղ նախապես դրված ինքնաձիգը և շուրջ հինգ մետր ընդառաջ գնալով` ինքնաձիգից առնվազն 20 կրակոց է արձակել Վ.Աբգարյանի «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որպիսի հանգամանքը հաստատվել է վկա Ա.Հարությունյանի ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, առգրավում կատարելու մասին որոշմամբ և արձանագրությամբ, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3099-15, 3250-15 և 3020-15 եզրակացություններով,

- Վ.Անտոնյանը «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա ինքնաձիգով կրակահերթ է արձակել` անտեսելով, որ դրա հետևից ընթանում է «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվող անձը կամ անձինք նույնպես կարող էին վնասվել,

- դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3099-15 եզրակացության համաձայն` «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա` առջևի վահանի աջ մասում, առջևի համարանիշի, ձախ լապտերի գրեթե կենտրոնական հատվածում առկա վնասվածքները հանդիսանում են հրազենային գնդակային թափանցող վնասվածքներ` կատարված երեք կրակոցների արդյունքում: Ավտոմեքենայի վրա` առջևի դիմապակու ձախ ապակեմաքրիչի վրա, ապակեմաքրիչից դեպի ներքև` դիմապակու վրա առկա վնասվածքները, առաջացել են համեմատաբար պինդ առարկայի ներգործության հետևանքով, որոնք, սակայն, հնարավոր չէ պարզել` հրազենային են արդյոք, թե ոչ,

- միևնույն ժամանակ, տուժող Վ.Աբգարյանն իր ցուցմունքներում ընդգծել է, որ մինչև դեպքը, իրեն պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա նախկինում որևէ վնասվածք չի եղել, այն գտնվել է անթերի վիճակում,

- դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3020-15 եզրակացության համաձայն` Ախթալա քաղաքի կամրջի մոտ առկա քարաժայռի վրա հայտնաբերված թվով 8 վնասվածքները հանդիսանում են հրազենային գնդակային կույր վնասվածքներ` կատարված ութ կրակոցների արդյունքում, որոնք տեղակայված են գետնից 180 սմ, 130 սմ, 158 սմ, 140 սմ, 195 սմ, 173 սմ, 215 սմ և 200 սմ բարձրության վրա,

- դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3250-15 եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված թվով 20 հատ պարկուճները հանդիսանում են «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների, դրանց մոդիֆիկացիաների և համապատասխան տրամաչափի այլ ակոսափող զենքերի համար նախատեսված գործարանային արտադրության 5,45 մմ (5.45x39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր` կրակված պարկուճներ, որոնք կրակվել են միևնույն զենքից,

- թվով 20 հատ պարկուճները Լոռու մարզային քննչական վարչությունում առգրավվել են Սուրեն Մարտիրոսյանից, ով հայտարարել է, որ ներկայացրած պարկուճներն ինքը հայտնաբերել է Ախթալա քաղաքի կամրջի մոտ(11):

___________________________

11) Տե՛ս սույն որոշման 5-6.1-րդ կետերը:

 

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք է բերվել վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը թույլ է տալիս գալու հիմնավոր հետևության առ այն, որ Վ.Անտոնյանը գործել է Վ.Աբգարյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասել: Մասնավորապես, ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը և բովանդակությունը բացահայտելիս Վճռաբեկ դատարանը կարևորում է սույն գործով կիրառված հանցագործության գործիքը, արձակված կրակոցների քանակն ու ուղղվածությունը, հրազենային վնասվածքների տեղակայումը, հանցագործության տեղն ու իրադրությունը, ինչպես նաև հանցավորի վարքագիծը հանցագործությունից առաջ և դրա ընթացքում:

Այսպես` Վ.Անտոնյանը, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեսնելով Վ.Աբգարյանի «Համեր» մակնիշի ավտոմեքենան և կարծելով, որ վերջինս ավտոմեքենայում է, Ա.Հարությունյանի հետ միասին հետևել և պարզել են դրա ընթացքի ուղղությունը, այնուհետև առաջ անցնելով «Համեր» և դրա հետևից ընթացող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաներից` կանգնել են Ախթալա քաղաք տանող կամրջի վերջնամասում` սպասելով վերջիններիս: Կամրջի սկզբնամասում տեսնելով մոտեցող ավտոմեքենաները` Վ.Անտոնյանը Ա.Հարությունյանի ավտոմեքենայից վերցրել է ինքնաձիգը և «Վահագ արի ասեմ» խոսքերով մոտ հինգ մետր առաջ է գնացել, դիրքավորվել այնպես, որպեսզի դիմահար կրակելու հնարավորություն ունենա ու մոտ տարածությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Կրակոցներից առնվազն երեքը վնասել են ավտոմեքենայի առջևի հատվածը (առջևի վահանի աջ մասը, համարանիշը և ձախ լապտերը), իսկ թվով ութ հրազենային վնասվածքները հայտնաբերվել են ավտոմեքենաների հետնամասում գտնվող քարաժայռի վրա, ընդ որում, այնպիսի բարձրությամբ, որը վկայում է, որ կրակոցները ուղղված են եղել ոչ միայն «Համեր» ավտոմեքենայի ներքևի հատվածին, որպիսի եզրահանգման ոչ իրավաչափորեն եկել էր Վերաքննիչ դատարանը (վնասվածքները տեղակայված են եղել գետնից 180 սմ, 130 սմ, 158 սմ, 140 սմ, 195 սմ, 173 սմ, 215 սմ և 200 սմ բարձրության վրա, հետևաբար գնդակները կարող էին ներթափանցել սրահ և խոցել ավտոմեքենաներում գտնվող անձանց):

Դեպքի վայրից հայտնաբերվել են ու առգրավվել 20 հատ պարկուճներ, որոնք դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության թիվ 3250-15 եզրակացության համաձայն` կրակվել են միևնույն զենքից:

17. Այսպիսով, ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Անտոնյանը Վ.Աբգարյանին կյանքից զրկելու ուղղությամբ կատարել է իրական գործողություններ, այն է` հետևելով Վ.Աբգարյանի ավտոմեքենային և համապատասխան վայր ընտրելով իր դիտավորությամբ ընդգրկված հանցանքն ի կատար ածելու համար` «Վահագ արի ասեմ» արտահայտությամբ, մոտ տարածությունից, ինքնաձիգով առնվազն 20 դիմահար կրակոց է արձակել Վ.Աբգարյանի ավտոմեքենայի ուղղությամբ, որոնցից երեքը դիպել են ավտոմեքենային, իսկ ութը` դրա հետևում գտնվող քարաժայռին` այնպիսի բարձրությամբ, որը վկայում է ավտոմեքենան և դրանում գտնվող անձին վնաս պատճառելու իրական հնարավորության մասին: Ընդ որում, հարկ է նկատել, որ ամբաստանյալն իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար ընտրել է այնպիսի վայր (կամրջի վրա), որտեղ էականորեն կարող էր դժվարանալ ավտոմեքենաների` կրակոցներից խույս տալու հնարավորությունը: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Վ.Անտոնյանի կողմից կրակոցների արձակման դիտավորության վերաբերյալ, բացի նրա ցուցմունքներից այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, անհիմն է, չի բխում գործի փաստական հանգամանքների ամբողջությունից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը բացահայտելիս հաշվի չի առել և որևէ գնահատման չի ենթարկել սույն գործով օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստական տվյալները, փոխարենը հիմնվել է միայն ամբաստանյալի դատաքննական ցուցմունքների վրա` արդյունքում անձի կատարած արարքի որակման հարցում հանգելով սխալ հետևության:

Վճռաբեկ դատարանի համոզմամբ` կատարված գործողությունները որևէ պարագայում չեն կարող դիտարկվել որպես հոգեբանական հարկադրանք, որն ուղղված էր պարզապես անձին վախեցնելուն և իր կյանքի համար անհանգստության ու տագնապի զգացում առաջացնելուն: Այլ կերպ` տուժողի ուղղությամբ քսան կրակոց արձակելը չի կարող բացառապես ուղղված լինել նրա հոգեկան առողջությանը վնաս պատճառելուն, վերոնշյալ գործողությունները դուրս են սպանության սպառնալիքի շրջանակներից և արդեն իսկ ոտնձգում են անձի կյանքի անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ:

17.1. Ինչ վերաբերում է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զրահապատ լինելու մասին սույն գործում առկա ցուցմունքներին(12), ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ավտոմեքենայի ուղղությամբ ինքնաձիգով դիմահար շուրջ քսան կրակոց արձակվելու դեպքում, դրա զրահապատ լինելու վերաբերյալ փաստարկը որևէ պարագայում չի կարող բացառել սպանության դիտավորության առկայությունը: Այս առումով Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ Վ.Անտոնյանն ի սկզբանե չէր կարող իմանալ, որ Վ.Աբգարյանի ավտոմեքենան զրահապատ է, իսկ եթե նույնիսկ Վ.Անտոնյանի սուբյեկտիվ ընկալմամբ «Համեր» մակնիշի ավտոմեքենան եղել է զրահապատ, ապա դա ևս չի կարող մեկնաբանվել հօգուտ իրեն, քանի որ վերջինս ապօրինի կրած և փոխադրած ինքնաձիգից «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ է արձակել քսան անգամ, ավտոմեքենայի հետևից ընթացել է Ա.Մնացականյանի վարած «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ ընդհանրապես տվյալներ առկա չեն, որ այն ևս եղել է զրահապատ:

___________________________

12) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Բացի այդ, սույն գործում առկա չէ որևէ ապացույց, ինչը հիմք կտար փաստելու, որ Վ.Անտոնյանը տեղեկացված է եղել ավտոմեքենայի զրահապատ համակարգի, դրա պաշտպանվածության աստիճանի, հնարավոր խոցելիության վերաբերյալ` կախված կիրառվող զենքի տեսակից, արձակված կրակոցների քանակից, տարածությունից, ուղղվածությունից և այլն:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել վկա Գ.Հարությունյանի ցուցմունքներն առ այն, որ Վ.Անտոնյանը տեղյակ է եղել «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զրահապատ լինելու մասին, հիմնավոր չէ:

17.2. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ վկա Ա.Հարությունյանը դատաքննական ցուցմունքով նշել է, որ «Համերի» վրա կրակելուց առաջ Վ.Անտոնյանը մոտավորապես այսպիսի արտահայտություն է արել` «Վահագ արի ասեմ» ու կրակել է, ինչը, սակայն, վկան իր նախաքննական ցուցմունքներում երբևէ չի նշել և միայն դատաքննության փուլում է վերը նշված հանգամանքի մասին հայտնել, ինչը, ըստ Վերաքննիչ դատարանի, որոշակի տարակուսանք է առաջացնում վկայի մատնանշած հանգամանքի արժանահավատության վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեռևս նախաքննության փուլում վկան վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ մինչև կրակոցներ արձակելը, Վ.Անտոնյանը հնչեցրել է հիշյալ արտահայտությունը(13), ուստի Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եզրահանգումը չի բխում գործում առկա փաստական տվյալներից: Ընդ որում, հարկ է նկատել, որ վկայի հայտնած վերոնշյալ հանգամանքը ևս վկայում է այն մասին, որ Վ.Անտոնյանը ենթադրել է, որ Վ.Աբգարյանն է վարել ավտոմեքենան կամ նա գտնվել է ավտոմեքենայի մեջ:

___________________________

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 79-83:

 

18. Անդրադառնալով սպանության փորձի` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարելու որակյալ հանգամանքի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ դեպքի վայրի զննության արձանագրությամբ, ինչպես նաև դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ ամբաստանյալ Վ.Անտոնյանի կողմից արձակված կրակոցների ուղղությամբ որևէ բնակավայր չի եղել, ավելին` կրակոցները դիպել են Լոռու մարզի Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16 կմ հատվածում` Ախթալա քաղաքի կամրջի մոտ գտնվող քարաժայռին, բացի այդ` «Նիսան Տիանա 280 JK» ավտոմեքենայի վրա որևէ հրազենային վնասվածք առկա չի եղել, ինչը հաստատում են ամբաստանյալի դատաքննական ցուցմունքներն այն մասին, որ «Նիսան Տիանա 280 JK» ավտոմեքենան գտնվել է «Համերի» հետևում, և կրակոցներից վերջինը չէր վնասվի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. նախ` Վ.Անտոնյանի համար ակնհայտ է եղել, որ բացի «Համեր» մակնիշի ավտոմեքենայից, դրա հետևում է գտնվում նաև «Նիսան Տիանա 280 JK» ավտոմեքենան, ուստի նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ որևէ բնակավայր այդ վայրում չի եղել, որևէ նշանակություն չի կարող ունենալ:

Միևնույն ժամանակ, իրավաչափ չէ նաև Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ քանի որ «Նիսան Տիանա 280 JK» ավտոմեքենայի վրա որևէ հրազենային վնասվածք առկա չի եղել, ուստի հիմնավոր է ամբաստանյալի այն ցուցմունքը, որ վերոնշյալ ավտոմեքենան գտնվել է «Համերի» հետևում, և կրակոցներից այն չէր կարող վնասվել: Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 11.2-11.3-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ սպանության` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության համար բավարար է փաստել, որ հանցավորը կիրառել է մի եղանակ, որը, բացի իր դիտավորության մեջ ընդգրկված անձից կամ անձանցից, իրական վտանգի տակ է դրել նաև այլոց կյանքը, ընդ որում, էականն այս դեպքում վնաս պատճառելու իրական հնարավորությունն է, և ոչ թե փաստացի պատճառված վնասը, որը կարող է նաև չլինել: Իսկ կոնկրետ դեպքում, «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենայի հետևում գտնվող ժայռերի վրա առկա թվով 8 հրազենային վնասվածքները և գետնից դրանց բարձրությունը վկայում են այն մասին, որ օբյեկտիվորեն վտանգի տակ է դրվել նաև նշված ավտոմեքենայում գտնվող անձի կյանքը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի հիմնավորումներն այս առումով ևս ընդունելի չեն:

19. Անդրադառնալով տուժողներ Ա.Մնացականյանի և Է.Պողոսյանի ցուցմունքներին, ըստ որոնց` նրանք Ախթալայի կամրջի վրա կրակոցների ձայներ չեն լսել և չեն տեսել, որ կրակում են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, ինչպես նաև, որ կամրջի վրա ավտոմեքենաները կանգնեցրել և դուրս են եկել ավտոմեքենաներից, ապա դրանք Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արժանահավատ չի համարել(14), քանի որ, մասնավորապես Է.Պողոսյանը չէր կարող չլսել և չտեսնել անմիջականորեն իր կողմից վարվող ավտոմեքենայի առջևից արձակվող կրակահերթը, և բացի այդ, ըստ Ա.Մնացականյանի ցուցմունքների` «Համեր» մակնիշի ավտոմեքենայի դիմացից կայծեր և ծուխ է երևացել: Ընդ որում, ավտոմեքենաներից դուրս չգալու հանգամանքն իր ցուցմունքներում պնդել է վկա Ա.Հարությունյանը` նշելով, որ կրակոցները դադարելուց հետո երկու ավտոմեքենաներն էլ շրջվել են և գնացել դեպի Ալավերդի:

___________________________

14) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքի հեղինակի փաստարկն առ այն, որ եթե անգամ կրակոցներից հետո տուժողներն իջել են ավտոմեքենաներից, որից հետո Վ.Անտոնյանը դադարեցրել է կրակոցները, ապա դա ևս հիմնավորում է այն, որ Վ.Անտոնյանը ուղղակի դիտավորությամբ ցանկացել է ապօրինաբար կյանքից զրկել ոչ թե Է.Պողոսյանին, այլ Վ.Աբգարյանին(15):

___________________________

15) Տե՛ս սույն որոշման 8.4-րդ կետը:

 

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով տուժողներ Է.Պողոսյանի, Ա.Մնացականյանի և վկա Ա.Հարությունյանի ցուցմունքներում առկա հակասություններին (մասնավորապես` տուժողները նշել են, որ իջել են ավտոմեքենայից, իսկ վկա Ա.Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կրակոցներն արձակելուց հետո «Համեր» և «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները շրջվել են և գնացել դեպի Ալավերդի), փաստել է, որ վերոնշյալ հակասությունները սույն դատաքննության շրջանակներում չեն կարող փարատվել, ուստի դրանք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալ Վ.Անտոնյանի: Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ցուցմունքների միջև հակասության առկայության դեպքում դատարանը, դրանցից յուրաքանչյուրը ենթարկելով բազմակողմանի հետազոտման ու գնահատման, պետք է դրանց արժանահավատության հարցում գա համապատասխան հետևության` մասնավորապես նշելով, թե որ ցուցմունքն է առավել արժանահավատ գնահատում: Այլ կերպ` ցուցմունքների միջև հակասության առկայությունը դեռևս չի ենթադրում չփարատված կասկած, որը ենթակա է մեկնաբանման հօգուտ ամբաստանյալի:

19.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 8.7-րդ կետում բարձրացված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանն ըստ էության եկել է ճիշտ եզրահանգման, ուստի բողոքաբերի պատճառաբանությունն այդ առումով ընդունելի չէ: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ թեև որպես այլ փաստաթուղթ ճանաչված օպերատիվ տեղեկություններն Առաջին ատյանի դատարանը դրել է իր կողմից կայացված դատական ակտի հիմքում, այնուամենայնիվ դրանք ապացուցողական զանգվածից հանելը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ գործի ելքի վրա:

20. Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Վ.Անտոնյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից վերաորակելով նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, պատշաճ վերլուծության և գնահատականի չի արժանացրել սույն գործի փաստական տվյալները` նյութաիրավական նորմերի կիրառման հարցում հանգելով սխալ եզրահանգման: Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վ.Անտոնյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների առկայության և նույն օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշների բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

21. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Վ.Անտոնյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից վերաորակելով նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, թույլ է տվել համապատասխանաբար` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում և նույն օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչը հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն հաստատված է համարել, որ Վ.Անտոնյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերը: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

22. Նկատի ունենալով, որ Վ.Անտոնյանը 2016 թվականի հունվարի 14-ից մինչև 2019 թվականի մարտի 25-ը սույն գործով 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 11 (տասնմեկ) օր գտնվել է կալանքի տակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված` 13 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ հաշվակցել նրա կալանքի տակ գտնվելու նշված ժամկետը և Վ.Անտոնյանին թողնել կրելու 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս 19 (տասնինը) օր ժամկետով ազատազրկում` պատժի սկիզբը հաշվելով նրան արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վարդան Վաղենակի Անտոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ Վարդան Անտոնյանի` 2016 թվականի հունվարի 14-ից մինչև 2019 թվականի մարտի 25-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռով նշանակված` 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժին և թողնել կրելու 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս 19 (տասնինը) օր ժամկետով ազատազրկում: Պատժի սկիզբը հաշվել Վ.Անտոնյանին արգելանքի վերցնելու պահից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը www.datalex.am կայքէջում բացակայում է, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.05.2020
N ԼԴ2/0056/01/16
Որոշում