Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Մ....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Մ.ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԱՐԴ/0197/01/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ/0197/01/19

Նախագահող դատավոր` Ս. Մարաբյան

Ա. Վարդանյան

Ա. Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Պետրոսյանի

 

    26 նոյեմբերի 2021 թվական                   ք. Երևան

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Մանուկ Բորիսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման դեմ վերջինիս և պաշտպան Ն.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2019 թվականի մայիսի 14-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի և 273-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 48166019 քրեական գործը:

2019 թվականի օգոստոսի 29-ին Մանուկ Բորիսի Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

i

2019 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 48104919 քրեական գործը, որը նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել է թիվ 48166019 քրեական գործին:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ Մ.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

i

2019 թվականի նոյեմբերի 27-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Մ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:

2019 թվականի դեկտեմբերի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020 թվականի հունվարի 22-ի դատավճռով Մ.Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Մեղադրող Մ.Տիգրանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունվարի 22-ի դատավճիռը` պատժի մասով բեկանել և փոփոխել է, Մ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացրել: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ.Գևորգյանը և պաշտպան Ն.Գրիգորյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը դատական նիստում քննության առնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Մանուկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Նա 2019 թվականի մայիս ամսվա սկզբներին, չպարզված օրը, Արմավիր քաղաքի Մ. Հերացի փողոցի 1-ին հասցեում գտնվող «Կարինե-85» արտադրական կոոպերատիվի տարածքից գտնելով իր հանգուցյալ հայր Բորիս Գևորգյանին պատկանող, 1958 թվականի գործարանային արտադրության, 5,6 մմ տրամաչափի, 80608 համարի «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրազենը և թվով 8 հատ գործարանային արտադրության 5,6 տրամաչափի օղակավոր բոցավառման, հրացանային սպորտային-որսորդական ռազմամթերք հանդիսացող փամփուշտները, դրանք ապօրինի կերպով պահել է նույն արտադրամասի տարածքում, որոնք 2019թ մայիսի 14-ին կատարված խուզարկության ժամանակ ներկայացրել է ոստիկանության աշխատակիցներին»(1):

_____________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 139:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Մանուկ Բորիսի Գրիգորյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը:

Որպես պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ են դիտվում այն, որ ամբաստանյալ Մանուկ Բորիսի Գևորգյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն, բնութագրվում է դրականորեն, նախկինում արատավորված չի եղել, բազմանդամ ընտանիքի կերակրողն է, խնամքին են գտնվում նաև անչափահաս դուստրն ու երկրորդ խմբի հաշմանդամ, վատառողջ մայրը, ֆիզիկապես վատառողջ է, որի կապակցությամբ ազատվել է իսկական զինվորական ծառայությունից:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, դատարանը գտնում է, որ հնարավոր է ամբաստանյալ Մանուկ Բորիսի Գևորգյանի հետագա ուղղումն ու վերադաստիարակումն առանց հասարակությունից մեկուսացնելու և նպատակահարմար չէ, որ վերջինս ազատազրկման ձևով պատիժ կրի, ուստի նրա նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: (...)»(2):

_____________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 55-56:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Մ.Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը լրիվ և բազմակողմանի գնահատման չի ենթարկել նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Մ.Գևորգյանի մոտից հայտնաբերված զենքի և ռազմամթերքի տեսակը և հատկությունները, մինչդեռ դրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանրային վտանգավորության բնութագրիչներից են և այդ հանցագործության վերաբերյալ յուրաքանչյուր գործով պետք է գնահատման ենթարկվեն` ի ապահովումն պատժի անհատականացման սկզբունքի:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում զենքի և ռազմամթերքի տեսակը և հատկությունները էականորեն բարձրացնում են Մ.Գևորգյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը:

Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, խախտելով ՀՀ Վճռաբեկ դատարանի Պ.Բայրամյանի գործով 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումները, հաստատված է համարել այնպիսի մեղմացնող հանգամանքներ, որոնք իրական չեն, հետևաբար ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, խոսքը մասնավորապես վերաբերում է դատարանի կողմից, որպես մեղմացնող գնահատված այն հանգամանքները, որ ամբաստանյալ Մանուկ Բորիսի Գևորգյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Ինչպես երևում է գործի նյութերից` խուզարկության ժամանակ Մ.Գևորգյանը ունենալով հնարավորություն ներկայացնելու ռազմամթերք հանդիսացող փամփուշտները` չի ներկայացրել դրանք, ավելին` որպես մեղադրյալ հարցաքննվելիս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատական քննության փուլում մեղադրանքի հետ համաձայն լինելը և արագացված դատաքննության կարգ կիրառելու միջնորդություն ներկայացնելը` բավարար չեն հաստատված համարելու Առաջին ատյանի դատարանի կողմից վկայակոչած մեղմացնող հանգամանքները:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից վկայակոչած` ամբաստանյալի անձը բնութագրող և քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մնացած հանգամանքները բավարար էին մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նախատեսող հանցագործության համար 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելու համար, իսկ այդ պատժի կրման նպատակահարմարության հարցի լուծման տեսանկյունից դրանք էական նշանակություն չունեն:

(...) Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Մ.Գևորգյանի նկատմամբ 6 ամիս ժամկետով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս բազմակողմանի գնահատման չի ենթարկել արարքի հանրային վտանգավորության աստիճանը բնութագրող` վերևում նշված հանգամանքները` թույլ տալով արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները, պատժի նպատակները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում:

i

Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ արված հետևությունները հիմնավորված չեն գործի փաստերով: Արդյունքում` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատական ակտին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջներին:

(...) Ամբաստանյալ Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է:

(...) Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում բացակայում են Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմքերը (...)»(3):

_____________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 44-53:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Ըստ բողոքաբերների` պատժի նպատակների իրացման տեսանկյունից Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ և օբյեկտիվ եզրահանգման առ այն, որ առկա են Մ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը, վերջինիս ուղղումը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու և դրա միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, իսկ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները:

Բողոքի հեղինակները նշել են, որ ստորադաս դատարանը չի պատճառաբանել, թե հանցագործության առարկայի որակական կամ տեսակային որ հատկանիշն է, որ կարող էր ազդել հանցագործության վտանգավորության աստիճանի բարձրացման վրա, այն դեպքում, երբ հայտնաբերված առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված հանցագործության առարկաներից ամենանվազ վտանգավորություն ներկայացնողներն են թե՛ տրամաչափի, թե՛ կիրառության ոլորտի և թե՛ խոցելիության հնարավորության առումով, իսկ Մ.Գևորգյանը դրանք ոչ թե ձեռք է բերել, այլ դա պատկանել է իր հորը, ինչն էականորեն նվազեցնում է արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը:

Բողոք բերած անձինք ընդգծել են, որ գործով հաստատված է համարվել, որ Մ.Գևորգյանը որևէ գործողություն չի կատարել հրազենը և փամփուշտները ձեռք բերելու ուղղությամբ և հանգամանքների բերումով ստիպված է եղել հրազենը տեղափոխել անվտանգ վայր, դա հետագայում իրացնելու նպատակ չի ունեցել: Բացի այդ, Մ.Գևորգյանը շուրջ տասներեք տարի հանդիսացել է որսորդմիության անդամ, և իրավունք ուներ ոստիկանությունում հաշվառելով ձեռք բերել և պահել որսորդական ակոսափող ցանկացած հրազեն և դրա փամփուշտները, հետևաբար նրա կողմից այդ հանցանքի կատարման վտանգավորության աստիճանը ևս պետք է դիտարկվեր որպես նվազ վտանգավոր, ինչն էլ, սակայն, որևէ կերպ քննարկման առարկա չի դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Բողոքաբերները շեշտել են, որ Մ.Գևորգյանը նախաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, տվել է ճշմարտացի ցուցմունքներ, ըստ էության, կրկնելով մեղադրանքում ներկայացված դեպքի հանգամանքները, ուստի նրա կողմից տրված ցուցմունքները պետք է գնահատվեն ինքնախոստովանական և ունենան մեղադրանքն ընդունելու նշանակություն, ինչն էլ կատարվել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտում, որի վերաբերյալ, սակայն, Վերաքննիչ դատարանը հայտնել է իր անհամաձայնությունը` անտեսելով մեղադրանքն ամբաստանյալի կողմից ընդունելու փաստը:

Բողոքի հեղինակները փաստարկել են, որ Մ.Գևորգյանի ազատազրկմամբ նրա ընտանիքը կզրկվի միակ կերակրողից, ինչը կհանգեցնի բացասական հետևանքների, ինչպիսի հանգամանքներն էլ որևէ կերպ հաշվի չեն առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Բողոք բերած անձինք նշել են նաև, որ ամբաստանյալն ունի բարձրագույն կրթություն, կայուն աշխատանք, բնութագրվում է դրականորեն, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչով պայմանավորված վճարում է հարկեր և հանդիսանում է գործատու տասնյակ քաղաքացիների համար, ինչպես նաև վերջինիս մայրը` Սուսաննա Դարբինյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է:

8.1. Բացի այդ, բողոքի հեղինակները, վկայակոչելով կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) հիմնարար պահանջը, փաստել են, որ Մ.Գևորգյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն ուղարկվել է կատարման, ինչի հիման վրա վերջինս, 2020 թվականի մարտի 5-ին, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունում վերցվել է հաշվառման, այսինքն` նրա նկատմամբ սահմանված փորձաշրջանը սկսվել է ի կատար ածվել, որի ավարտին, բողոքը ներկայացնելու պահին, մնացել է շուրջ մեկ ամիս: Նշվածի հաշվառմամբ բողոքաբերները եզրահանգել են, որ Մ.Գևորգյանն արդեն իսկ կրել է Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված փորձաշրջանը, հետևապես` պատիժը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված վեց ամիս ժամկետով ազատազրկումը պետք է դիտարկել որպես նույն արարքի համար կրկնակի պատժի կրում, ինչը հանգեցնելու է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության պահանջի խախտման:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունվարի 22-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

11.1. Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա(4)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն(5):

_____________________________

i

4) Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

i

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

 

11.2. Անդրադառնալով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հանցավորի անձը բնութագրող տվյալները գնահատման ենթարկելու կարևորությանը` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցությունը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, սեռը, դատվածությունը և այլն): Մասնավորապես Վճռաբեկ դատարանը փաստել է հանցավորի ընտանեկան դրությունը, վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա նշանակված պատժի ազդեցությունը, նրա խնամքին այլ անձանց առկայությունը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղն ու դիրքը, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագիրը և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները գնահատման ենթարկելու անհրաժեշտությունը(6):

_____________________________

i

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հազարապետ Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Սերոբ Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Ջոն Շիրվանյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 և այլ որոշումները:

 

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Մ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կոոպերատիվի տարածքում ապօրինի կերպով պահել է իր հանգուցյալ հորը` Բորիս Գևորգյանին պատկանող ակոսափող հրազենը և հրացանային սպորտային-որսորդական ռազմամթերք հանդիսացող փամփուշտները, որոնք խուզարկության ընթացքում ներկայացրել է ոստիկանության աշխատակիցներին(7),

_____________________________

7) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Մ.Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, որի համար էլ պետք է պատասխանատվություն կրի և միաժամանակ արձանագրել, որ վերջինիս հետագա ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու և նպատակահարմար չէ, որ վերջինս ազատազրկման ձևով պատիժ կրի, նրա նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել(8),

_____________________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ Մ.Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը լրիվ և բազմակողմանի գնահատման չի ենթարկել նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալ Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը` վերացրել, դատավճիռը մնացած մասով թողնելով անփոփոխ(9):

_____________________________

9) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 11-11.2-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Մ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու պարտականություն սահմանելիս պատշաճ վերլուծության չի ենթարկել գործի փաստական տվյալների ամբողջությունը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը թեպետ արձանագրել է, որ ստորադաս դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել հայտնաբերված զենքի և ռազմամթերքի տեսակն ու հատկությունները, այնուամենայնիվ որևէ կերպ չի պատճառաբանել, թե հանցագործության առարկա համարվող «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրազենը և թվով 8 հատ գործարանային արտադրության 5,6 տրամաչափի օղակավոր բոցավառման, հրացանային սպորտային-որսորդական ռազմամթերք հանդիսացող փամփուշտներն կոնկրետ ինչ հատկություններով կարող էին էականորեն բարձրացնել Մ.Գևորգյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այնպիսի մեղմացնող հանգամանքներ, որոնք իրական չեն, մասնավորապես այն, որ ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն: Մինչդեռ հարկ է նկատել, որ ամբաստանյալ Մ.Գևորգյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել, որպեսզի կիրառվի դատական քննության արագացված կարգ(10): Տվյալ պայմաններում անհասկանալի է Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ մեղադրանքի հետ համաձայն լինելը դեռևս բավարար չէր հաստատված համարելու Առաջին ատյանի դատարանի կողմից մեղմացնող համարվող հիշյալ հանգամանքի առկայությունը: Նշվածի համատեքստում հարկ է նաև նշել, որ էական համարվել չէր կարող նաև Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված այն փաստարկը, թե նախաքննության ընթացքում Մ.Գևորգյանը մեղքը չի ընդունել:

_____________________________

10) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ խուզարկության ժամանակ Մ.Գևորգյանը հնարավորություն է ունեցել ներկայացնելու ռազմամթերք հանդիսացող փամփուշտները, սակայն չի ներկայացրել դրանք, ապա հարկ է նշել, որ նշված հանգամանքը կոնկրետ դեպքում չի կարող վկայել ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին` այն պայմաններում, երբ գործի նյութերից երևում է, որ վերջինս խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներին կամովին ներկայացրել է հրազենը(11):

_____________________________

11) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը և քրեական գործ, հատոր 1, թերթեր 11-31:

 

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա` Մ.Գևորգյանի անձը բնութագրող փաստական տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, մասնավորապես` դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, խնամքին անչափահաս երեխայի և վատառողջ ծնողի առկայությունը, բազմանդամ ընտանիքի կերակրողն ու վատառողջ լինելը, խուզարկության ընթացքում հրազենը կամովին հանձնելը, կատարած արարքի համար լիովին զղջալը(12), նախկինում Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միավորման անդամ լինելն ու ողորկափող որսորդական հրացան ձեռք բերելու թույլտվություն ունենալը(13), ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վկայում է Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու աննպատակահարմարության ու առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, ուստի վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության` համակողմանի վերլուծության ենթարկելով կատարված արարքի հանրային վտանգավորությունը և բնույթը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, ինչպես նաև անձը բնութագրող տվյալների համակցությունը:

_____________________________

12) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 133 և 134-136:

 

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Մ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը բողոքաբերների` սույն որոշման 8.1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է համարում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մանուկ Բորիսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հունվարի 22-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը www.datalex.am կայքէջում բացակայում է, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.11.2021
N ԱՐԴ/0197/01/19
Որոշում