Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0346/01/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Մ. Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    4 ապրիլի 2022 թվական                       ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Գրիշա Հայկազի Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2018 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61211918 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի նախաքննությունը 2018 թվականի նոյեմբերի 23-ից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 29-ի որոշմամբ թիվ 61211918 քրեական գործի քննությամբ հայտնաբերված նոր` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 69102719 քրեական գործը, որը միացվել է թիվ 61211918 քրեական գործին:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 27-ի որոշումներով «Լայթէկո» և «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ճանաչվել են տուժողներ, Գ.Գասպարյանը ճանաչվել է «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, իսկ Ա.Գրիգորյանը` «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ Գրիշա Հայկազի Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի մարտի 6-ի որոշմամբ տուժող «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և վերջինիս ներկայացուցիչ Գ.Գասպարյանի դատավարական կարգավիճակը դադարեցվել է: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ տուժող «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և վերջինիս ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի դատավարական կարգավիճակը դադարեցվել է:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի մարտի 6-ի որոշմամբ Գ.Մուրադյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

2020 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ թիվ 69102719 քրեական գործը թիվ 61211918 քրեական գործից անջատվել է առանձին վարույթ` 69102719 համարով, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Քրեական գործի դատական քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի միջնորդությունը` «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տվյալ քրեական գործով տուժողներ ճանաչելու վերաբերյալ, մերժվել է:

3. «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչ Տ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մարտի 10-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Նախաքննության մարմնի կողմից Գրիշա Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Նա, 2002 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2014 թվականի հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտական հիմունքներով տնօրինչական-կառավարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությամբ և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով «Էրստեդ» ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս (...)»(1):

________________________

1) Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 1-ին, թերթեր 61-62:

 

6. Քրեական գործի դատական քննության ընթացքում` 2020 թվականի նոյեմբերի 3-ի դատական նիստում, «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչ Գ.Ավետիսյանը միջնորդել է «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տվյալ քրեական գործով ճանաչել տուժող:

Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է` մեղադրանքի փաստական նկարագրի մեջ վերոնշյալ ընկերություններին վնաս պատճառելու վերաբերյալ ձևակերպում առկա չլինելու պատճառաբանությամբ(2):

________________________

2) Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 1-ին, թերթեր 68-73:

 

7. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` արձանագրելով հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշումը պետք է բեկանել, քանի որ ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերը նշված դատական ակտը նախագահող դատավորի կողմից բավարար չափով պատճառաբանված չէ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ թեև Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի մեջ «Ֆենհալ» և «Լայթէկո» ՍՊ ընկերություններին վնաս պատճառելու վերաբերյալ ձևակերպում առկա չէ, այնուամենայնիվ, չի պատճառաբանել, թե արդյոք առաջադրված նման մեղադրանքի փաստական նկարագրի պայմաններում չի կարող խոսք լինել նշված ՍՊ ընկերություններին ենթադրյալ վնաս պատճառելու մասին և նման պայմաններում նշված ՍՊ ընկերությունները ինչու չէին կարող ճանաչվել որպես տուժող (...)»(3):

________________________

3) Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 3-րդ, թերթ 160:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի համոզմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և սխալ պատճառաբանված: Բողոքաբերը նշել է, որ պաշտպանության կողմը, Առաջին ատյանի դատարանում, «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տուժող ճանաչելու միջնորդության վերաբերյալ իր առարկությունները հայտնելիս` փորձել է պարզել, թե միջնորդություն ներկայացնելիս ո՞ր դատավարական ընթացակարգով են ղեկավարվել, այն դեպքում, երբ մեղադրական եզրակացության մեջ վերջիններիս վնաս պատճառելու դրվագների վերաբերյալ որևէ ձևակերպում առկա չէ, սակայն ընկերությունների ներկայացուցչի կողմից որևէ պարզաբանում և ողջամիտ պատասխան չի տրվել և չեն նշվել այն իրավական հիմքերը, որոնցով ղեկավարվելով Առաջին ատյանի դատարանը կարող էր միջնորդությունը բավարարել:

Բացի այդ, բողոքի հեղինակը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումն ավելի քան պատճառաբանված է: Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար էր Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանվածությունը «լրացնելու» և վերջնական դատական ակտ կայացնելու, այլ կերպ ասած` վերաքննիչ բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու համար` ելնելով դատավարական խնայողության և արդարադատության արդյունավետության շահից: Բողոքաբերը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանը որպես դատական ակտը բեկանելու անվերապահ հիմք նշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված` պատճառաբանական մասի իսպառ բացակայությունը, մինչդեռ իր հետևություններում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դատական ակտը պատճառաբանված է, բայց ոչ պատշաճ` դրանով իսկ հակասելով դատական ակտը բեկանելու իր իսկ կողմից նշված հիմքին:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշումը, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

i

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ. «(...) Ընդհանուր կանոնի համաձայն` գործի դատական քննությունը սահմանափակված է մեղադրանքի այն ծավալով, որն առաջադրվել է ամբաստանյալին (...): Հիշյալ կանոնից բացառություն են մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքերը, որոնց կառուցակարգը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված բացառության կանոնը, պետք է գործի ընդհանուր կանոնը, որից ցանկացած շեղում կհանգեցնի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքի, հետևաբար` օրինականության սկզբունքի խախտման (...)»(4):

________________________

i

4) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Էդուարդ Նագդալյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0108/01/14 որոշման 19-րդ կետը:

 

i

11.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:

(...)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (...)»:

12. Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է(5):

________________________

i

5) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները:

 

12.1. Վճռաբեկ դատարանը Էրիկ Մարգարյանի գործով արձանագրել է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս(6):

________________________

i

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը:

 

Դատական ակտին ներկայացվող պահանջների առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատարանի պատճառաբանությունները ոչ միայն պետք է կառուցվեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, այլև դատական ակտի կառուցվածքային տարբեր մասերում արված դատողությունները պետք է համապատասխանեն միմյանց, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ: Դատական ակտում պետք է բացառվեն ներքին հակասությունները, իրարամերժ դատողությունները, քանի որ հակառակ դեպքում այդպիսի դատական ակտի տրամաբանությունը կխարխլվի, իսկ քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի(7):

________________________

i

7) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Աննա Հարությունյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11, Արթուր Մադոյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15 որոշումները:

 

i

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2002 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2014 թվականի հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտական հիմունքներով տնօրինչական-կառավարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությամբ և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս(8):

________________________

8) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Քրեական գործի դատական քննության ընթացքում` Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցչի միջնորդությունը` «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տվյալ քրեական գործով տուժողներ ճանաչելու վերաբերյալ, մերժվել է` մեղադրանքի փաստական հանգամանքների մեջ վերոնշյալ ընկերություններին վնաս պատճառելու վերաբերյալ ձևակերպում առկա չլինելու պատճառաբանությամբ(9):

________________________

9) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` արձանագրելով, որ թեև Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Գ.Մուրադյանին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի մեջ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին վնաս պատճառելու վերաբերյալ ձևակերպում առկա չէ, այնուամենայնիվ, չի պատճառաբանել, թե արդյոք առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի պայմաններում չի կարող խոսք լինել նշված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին ենթադրյալ վնաս պատճառելու մասին(10):

________________________

10) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը մի կողմից նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի մեջ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին վնաս պատճառելու վերաբերյալ ձևակերպում առկա չէ, մյուս կողմից արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն այնուամենայնիվ, չի պատճառաբանել, թե արդյոք առաջադրված նման մեղադրանքի փաստական նկարագրի պայմաններում չի կարող խոսք լինել նշված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին ենթադրյալ վնաս պատճառելու մասին: Վերոգրյալ պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հիշյալ դատողություններն իրարամերժ են, հակասող և զուրկ են ներքին միասնությունից:

i

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Մուրադյանին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի(11) պայմաններում հիմնավոր է Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ Գ.Մուրադյանի մեղադրանքի փաստական նկարագրի մեջ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին վնաս պատճառելու դրվագների վերաբերյալ որևէ ձևակերպում առկա չէ, հետևաբար` նշված ընկերությունները գործի դատական քննության փուլում չէին կարող քրեական գործով տուժողներ ճանաչվել, քանի դեռ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված կարգով չէր փոփոխվել և չէր լրացվել:

________________________

11) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

15. Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:

i

16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, նշված ընկերություններին որպես տուժող ճանաչելու հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիշա Հայկազի Մուրադյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 4 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.04.2022
N ԵԴ/0346/01/20
Որոշում