Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ...

 

01.05.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2022 թվականի N 149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. ԷՄԱ կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

 

1) Առևտրային հաշվառքի սարք`

Առևտրային հաշվառման նպատակով Պայմանագրում կամ Հաշվառման քարտում ամրագրված Հաշվառքի սարք.

2) Առևտրային հաշվառքի սարքի խախտում`

Չափագիտական մարմնի փորձաքննության եզրակացությամբ փաստված Առևտրային հաշվառքի սարքի առանձին բաղադրիչների խափանումները, դրանց վնասվածքները, Առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, դրանց կեղծված, վնասված լինելը (այդ թվում` հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների հարաչափերի կամ միացման սխեմաների փոփոխությունը) կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.

3) Բաշխող`

  էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

4) Գաղտնապահական տեղեկատվություն`

Բաշխողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել վերջիններիս, ինչպես նաև Սպառողներին վերաբերող` Բաշխողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարի մոտ առկա տեղեկությունները.

5) Ենթասպառող`

Սպառող, որի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ Սպառողի սպառման համակարգի միջոցով, և որն ունի Երաշխավորված մատակարարի (Մատակարարի) հետ սահմանված կարգով կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր.

6) Երաշխավորված մատակարար`

Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձ.

 

7) ԷԲՑ կանոններ`

Հանձնաժողովի հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններ.

8) ԷՄՇ կանոններ`

Հանձնաժողովի հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ.

9) Ինքնավար էներգաարտադրող (ԻԷԱ)`

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը Երաշխավորված մատակարարի հետ կնքել է Փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով` սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում` խմբի բոլոր մասնակիցների` էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն).

10) Ինքնավար խումբ`

ինքնավար էներգաարտադրողի կամ ինքնավար էներգաարտադրողի (էներգաարտադրողների) և սպառողի (սպառողների) խումբ.

11) Խոցելի սպառող`

բնակիչ-բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ` հաշվի առնելով վերջինիս սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.

12) Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

13) Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

14) Հաշվարկային ամիս`

ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է նույն ամսվա վերջին օրվա ժամը 23:59-ին ներառյալ.

15) Հաշվառքի սարք`

էլեկտրական էներգիայի հաշվիչ կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների միացությունների համախումբ` ստուգաչափված Չափագիտական մարմնի կողմից.

16) ԷՄԱ մասնակիցներ`

Մատակարար, Երաշխավորված մատակարար, Սպառող (բացառությամբ որակավորված սպառողի) և ԻԷԱ.

 

17) Մատակարար`

Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ.

18) Մատակարարման պայմանագիր`

Մատակարարի և Սպառողի միջև կնքվող (կնքված)` էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանները սահմանող պայմանագիր.

19) Շուկայի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

20) Չափագիտական մարմին`

«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.

21) Պայմանագիր`

Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան` էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր և (կամ) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր.

22) Սակագին`

էլեկտրական էներգիայի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար Հանձնաժողովի կողմից Օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին.

23) Սահմանազատման կետ`

ԷՄԱ մասնակիցների, Բաշխողի էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

24) Սպառող`

էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ` երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.

25) Սպառողի սպառման համակարգ`

Սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ.

26) Վերստուգիչ հաշվառքի սարք`

Պայմանագրում կամ Հաշվառման քարտում վերստուգիչ հաշվառման նպատակով ամրագրված Հաշվառքի սարք.

27) Փոխհոսքերի պայմանագիր`

Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան` Ինքնավար էներգաարտադրողի և Երաշխավորված մատակարարի միջև կնքվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի մասին պայմանագիր:

 

i

2) Հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում «բացառությամբ Խոցելի սպառողի» բառերից հետո լրացնել «, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի» բառերը.

i

3) Հավելվածի 23-րդ կետում «բացառությամբ Խոցելի սպառողների,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ների և Ինքնավար խմբի մասնակիցների,» բառերը».

i

4) Հավելվածի 29-րդ կետում «Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի» բառերը փոխարինել «ԻԷԱ-ի և Երաշխավորված մատակարարի» բառերով, իսկ «N2 հավելվածի» բառերը` «15.1-րդ գլխի» բառերով.

i

5) Հավելվածի 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1 կետով.

«29.1. ԷՄԱ կանոնների` Սպառողներին վերաբերող կարգավորումները հավասարապես կիրառվում են ԻԷԱ-ների նկատմամբ` բացառությամբ, եթե ԷՄԱ կանոններով այլ բան սահմանված չէ:».

i

6) Հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Երաշխավորված մատակարարն Օրենքի, լիցենզիայի, ԷՄԱ կանոնների, Պայմանագրի և Փոխհոսքերի պայմանագրի համաձայն`

1) էլեկտրական էներգիա է մատակարարում յուրաքանչյուր Սպառողի, որը տվյալ ժամանակահատվածում չունի Մատակարարման պայմանագիր այլ Մատակարարի հետ,

2) էլեկտրական էներգիա է մատակարարում Խոցելի սպառողներին,

3) ապահովում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացումը ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի հետ,

4) կատարում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարմանն առնչվող այլ գործառույթներ:».

i

7) Հավելվածի 31-րդ կետի 5-րդ ենթակետում «մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի,» բառերը.

i

8) Հավելվածի 32-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «Պայմանագիրը, դրա հիմքերը» բառերը փոխարինել «Պայմանագիրը, Փոխհոսքերի պայմանագիրը, դրանց հիմքերը» բառերով.

բ. 3-րդ և 4-րդ ենթակետերում «Սպառողի սպառման» բառերից հետո լրացնել «, առկայության դեպքում` նաև արտադրության» բառերը.

գ. 9-րդ ենթակետում «ամսական ծախսերի,» բառերից հետո լրացնել «ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի ամսական մատակարարված քանակի, կուտակված ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակի,» բառերը, իսկ «վճարումների,» բառից հետո` «ԻԷԱ-ին կամ Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին հատուցման ենթակա գումարի,» բառերը.

i

9) Հավելվածի 52-րդ կետի 2-րդ ենթակետում «մատակարարված էլեկտրական էներգիայի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում` երբ էլեկտրական էներգիան արտադրվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառվում տարբեր կետերում` նաև մատուցված բաշխման ծառայության,» բառերը.

i

10) Հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետում «Խոցելի սպառող,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ կամ Ինքնավար խմբի մասնակից,» բառերը.

i

11) Հավելվածի 73-րդ կետում «ընդունվում է էլեկտրական էներգիայի այդ քանակը:» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում, երբ Հաշվարկային ամսում բոլոր արտադրության կետերում արտադրված և բոլոր սպառման կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը բացասական է, մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը որոշվում է այդ բացասական տարբերության բացարձակ մեծությունը արտադրության և սպառման կետերի միջև սպառման ծավալների համամասնությամբ բաշխելով:» նախադասությունը.

i

12) Հավելվածի 15-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81.1 կետով.

«81.1. ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում, երբ էլեկտրական էներգիան արտադրվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառվում տարբեր կետերում, բաշխման ծառայության արժեքը որոշվում է սպառման կետում լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով, իսկ բաշխման ծառայության դիմաց վճարման պարտավորությունը ձևավորվում է տվյալ սպառման կետի Հաշվառման քարտին:».

i

13) Հավելվածի 83-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում «էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի,» բառերը.

i

14) Հավելվածի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«84. Հաշվարկային ամսվա համար մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի դիմաց Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում ապահովում է հետևյալ տեղեկությունների առկայությունը.

1) Սպառողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև էլեկտրական էներգիայի մատակարարման ցուցմունքը` ըստ ժամային տիրույթների), Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, Հաշվարկային ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը` ըստ ժամային տիրույթների) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը` ըստ ժամային տիրույթների), պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.

2) ԻԷԱ-ի դեպքում` նաև ինքնավար էներգաարտադրության շրջանակում Հաշվարկային ամսվա արդյունքով Երաշխավորված մատակարարին մատակարարված, ինչպես նաև Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ փոխհոսքերի շրջանակում կուտակված էլեկտրական էներգիայի քանակները (արտահայտված կիլովատտ ժամերով` ըստ ցերեկային և գիշերային սակագնի համար սահմանված ժամանակահատվածների), մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը).

3) իսկ Մատակարարի սպառողի դեպքում` Սպառողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը, պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:».

i

15) Հավելվածի 85-րդ կետում «Բաշխողը» բառից հետո լրացնել «(Երաշխավորված մատակարարը)», իսկ «մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի,» բառերից հետո` «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում` նաև ինքնավար էներգաարտադրության շրջանակում Հաշվարկային ամսվա արդյունքով Երաշխավորված մատակարարին մատակարարված, ինչպես նաև Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ փոխհոսքերի շրջանակում կուտակված էլեկտրական էներգիայի քանակների, մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի,» բառերը.

i

16) Հավելվածի 86-րդ կետում «մատակարարված էլեկտրական էներգիայի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության,» բառերը.

i

17) Հավելվածի 87-րդ և 88-րդ կետերում «մատակարարված էլեկտրական էներգիայի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության,» բառերը.

i

18) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 15.1 ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

88.1. ԻԷԱ-ի կարգավիճակ ստանալու նպատակով, Սպառողը`

1) դիմում է Բաշխողին` իր էներգաարտադրող տեղակայանքը ԷԲՑ կանոններով սահմանված կարգով բաշխման ցանցին միացումն ապահովելու համար,

2) ԷՄԱ կանոններով սահմանված կարգով Երաշխավորված մատակարարի հետ կնքում է Փոխհոսքերի պայմանագիր:

88.2. ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Երաշխավորված մատակարարի հետ` բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում խմբում ներգրավված ԻԷԱ-ների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը:

88.3. Այն դեպքում, երբ ԻԷԱ-ն ունի մեկից ավելի էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք (անկախ դրանց գտնվելու վայրից և միացման կետերի քանակից), իրավունք ունի կնքել մեկ միասնական Փոխհոսքերի պայմանագիր կամ յուրաքանչյուր արտադրության համակարգի համար` առանձին Փոխհոսքերի պայմանագիր:

88.4. Փոխհոսքերի պայմանագիր կնքելու նպատակով Սպառողը դիմում է Երաշխավորված մատակարարին` կից ներկայացնելով`

1) Սպառողի Հաշվառման քարտի համարը,

2) Էներգաարտադրող տեղակայանքի դրվածքային հզորությունը,

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` արտադրության և սպառման բոլոր կետերում Հաշվառման քարտերի համարները,

4) Ինքնավար խումբ ստեղծելու դեպքում` նաև`

ա. Ինքնավար խմբի մասնակից դառնալու ցանկություն հայտնած Սպառողի Հաշվառման քարտի համարը,

բ. սույն ենթակետի «ա» մասում նշված Սպառողի գրավոր համաձայնությունը Ինքնավար խմբում ներառվելու մասին:

88.5. ԻԷԱ-ն Փոխհոսքերի պայմանագիր կնքելուց հետո իրավունք ունի`

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու, էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման նոր կետ ավելացնելու` այդ նպատակով Երաշխավորված մատակարարին ներկայացված դիմումին կից ապահովելով ԷՄԱ կանոնների 88.4 կետի 3-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը.

2) Ինքնավար խումբ ստեղծելու կամ խմբում նոր մասնակից ընդգրկելու` այդ նպատակով Երաշխավորված մատակարարին ներկայացված դիմումին կից ապահովելով ԷՄԱ կանոնների 88.4 կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը.

3) Ինքնավար խմբի գործունեությունը դադարեցնելու` այդ մասին համապատասխան դիմումով ծանուցելով Երաշխավորված մատակարարին: Ինքնավար խմբի գործունեությունը համարվում է դադարեցված ծանուցումն ստանալուց 5 աշխատանքային օր հետո:

88.6. ԷՄԱ կանոնների 88.4 կամ 88.5 կետերով սահմանված դիմումներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորված մատակարարը`

1) ստուգում է ինքնավար էներգաարտադրության կետում դարձափոխիչային հաշվիչի առկայությունը և էներգաարտադրող տեղակայանքի հզորության համապատասխանությունը ԷՄԱ կանոնների 88.2 կետով սահմանված պահանջներին.

2) ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը 88.4 կամ 88.5 կետերով սահմանված պահանջներին.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պահանջներին համապատասխանության դեպքում դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագիր կնքելու առաջարկ` 88.4 կետով սահմանված դեպքում, կամ Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր` 88.5 կետով սահմանված դեպքում` իր կողմից ստորագրված պայմանագրի (համաձայնագրի) 2 օրինակի հետ միասին, իսկ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում մերժում դիմումները` նշելով հիմքերը:

88.7. Դիմող անձը ԷՄԱ կանոնների 88.6 կետի 3-րդ ենթակետի համաձայն առաջարկն ստանալու պահից` եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի (համաձայնագրի) մեկ օրինակը ներկայացնում է Երաշխավորված մատակարարին: Սույն կետում նշված առաջարկը ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, իր կողմից ստորագրված պայմանագրի (համաձայնագրի) մեկ օրինակը Երաշխավորված մատակարարին փաստացի չհանձնելը համարվում է ԷՄԱ կանոնների 88.4 կամ 88.5 կետերով սահմանված դիմումից դիմող անձի հրաժարում:

88.8. Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում ԻԷԱ-ի սպառած էլեկտրական էներգիա է համարվում ԻԷԱ-ի արտադրության և սպառման բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակը, իսկ ԻԷԱ-ի մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում իր արտադրության բոլոր կետերում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը:

88.9. Ինքնավար խմբում ինքնավար էներգաարտադրության դեպքում Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր ԻԷԱ-ների մատակարարած էլեկտրական էներգիայի քանակը:

88.10. Ինքնավար խմբի մասնակից դառնալու դեպքում ԻԷԱ-ի` ԷՄԱ կանոնների 88.5 կետի 2-րդ ենթակետում սահմանված իրավունքները դադարում են, իսկ վերջինիս կողմից ստեղծված Ինքնավար խմբի գործունեությունը համարվում է դադարեցված:

88.11. Ինքնավար խումբ ստեղծում է ԻԷԱ-ն:

88.12. Ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները չեն կարգավորվում:

88.13. Սպառողն իր յուրաքանչյուր միացման կետի մասով կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ Ինքնավար խմբում:

88.14. Ինքնավար խմբում մասնակիցների փոփոխությունները կատարվում են տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ և ուժի մեջ են մտնում ԷՄԱ կանոնների 88.7 կետում նշված` ԻԷԱ-ի Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի կնքմանը հաջորդող հաշվարկային ամսվա սկզբին:

88.15. Ինքնավար խմբի մասնակիցների միջև` ինքնավար էներգաարտադրության շրջանակում Երաշխավորված մատակարարին մատակարարված և Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան խմբի մասնակիցների միջև բաշխվում է ամսական կտրվածքով` Ինքնավար խմբի մասնակիցների սպառման ծավալների համամասնությամբ:

88.16. Սույն գլխի իմաստով հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածը:

88.17. Ամսական կտրվածքով Երաշխավորված մատակարարը հաշվարկում է`

1) ԻԷԱ-ի կամ Ինքնավար խմբի մատակարարած (ներառյալ` նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքը) էլեկտրական էներգիայի քանակը` ցերեկային և գիշերային սակագնի համար Հանձնաժողովի սահմանած ժամանակահատվածների արդյունքներով.

2) ԻԷԱ-ի կամ Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիայի քանակը` ցերեկային և գիշերային սակագնի համար Հանձնաժողովի սահմանած ժամանակահատվածում,

3) ԻԷԱ-ի կամ Ինքնավար խմբի մատակարարած և սպառած էլեկտրական էներգիայի քանակների տարբերությունները ցերեկային (այսուհետ` ցերեկային փոխհոսք) և գիշերային (այսուհետ` գիշերային փոխհոսք) սակագնի համար Հանձնաժողովի սահմանած ժամանակահատվածների համար և վերջիններիս հանրագումարը (այսուհետ` փոխհոսք): Ցերեկային կամ գիշերային փոխհոսքի բացասական մեծության դեպքում նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքը հաշվանցվում է նախ` ցերեկային փոխհոսքին, այնուհետև` գիշերային փոխհոսքին:

88.18. Փոխհոսքի դրական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիան հաշվի է առնվում ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտում և գումարվում հաջորդող ամսում ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի մատակարարած էլեկտրական էներգիայի քանակին:

88.19. Փոխհոսքի բացասական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի մասնակիցը Երաշխավորված մատակարարին վճարում է տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի սահմանած սակագնով` ԷՄԱ կանոնների 88.21 կետով սահմանված կարգով:

88.20. Ինքնավար խմբի մասնակցի դեպքում վերջինիս կողմից վճարման ենթակա փոխհոսքի բացասական մեծությունը հաշվարկվում է ԷՄԱ կանոնների 88.15 կետով սահմանված սկզբունքով:

88.21. Փոխհոսքի բացասական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում` Ինքնավար խմբի մասնակիցը վճարում են`

1) ցերեկային սակագնի և փոխհոսքի բացասական մեծության բացարձակ արժեքի արտադրյալով` ցերեկային փոխհոսքի բացասական և գիշերային փոխհոսքի դրական մեծությունների դեպքում,

2) գիշերային սակագնի և փոխհոսքի բացասական մեծության բացարձակ արժեքի արտադրյալով` ցերեկային փոխհոսքի դրական և գիշերային փոխհոսքի բացասական մեծությունների դեպքում,

3) ցերեկային սակագնի և ցերեկային փոխհոսքի բացասական մեծության բացարձակ արժեքի արտադրյալով և գիշերային սակագնի և գիշերային փոխհոսքի բացասական մեծության բացարձակ արժեքի արտադրյալով` ցերեկային և գիշերային փոխհոսքերի բացասական մեծությունների դեպքում:

88.22. ԷՄԱ կանոնների 88.8 և 88.9 կետերում նշված դեպքերում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության համար վճարվում է ԷՄԱ կանոնների 81.1 կետով սահմանված կարգով, անկախ Հաշվարկային ամսվա արդյունքներով արձանագրված` փոխհոսքի դրական կամ բացասական մեծություններից:

88.23. Հաշվարկային տարվա առաջին ամսվա համար ԷՄԱ կանոնների 88.17 կետում նշված` նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքի մեծությունը ընդունվում է հավասար զրոյի:

88.24. Հաշվարկային տարվա վերջին ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ` նախորդող ամիսներից կուտակված) փոխհոսքերի դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը ԻԷԱ-ին, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծած ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով:

88.25. Հաշվարկային տարվա ավարտից հետո, ԷՄԱ կանոնների 88.24 կետում նշված հատուցումն ստանալու համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ն և Երաշխավորված մատակարարը, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցվում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծած ԻԷԱ-ի` Փոխհոսքերի պայմանագրում ամրագրված բանկային հաշվեհամարին` մինչև հաշվարկային տարվան հաջորդող հուլիսի 1-ը:».

i

19) Հավելվածի 89-րդ կետում «մատակարարված էլեկտրական էներգիայի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության,» բառերը.

i

20) Հավելվածի 94-րդ և 96-րդ կետերում «ինքնավար էներգաարտադրող» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ԻԷԱ» բառով` համապատասխան հոլովաձևերով, իսկ 94-րդ կետի 4-րդ ենթակետում «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (Ինքնավար էներգաարտադրող-Բաշխող)» բառերը` «Փոխհոսքերի» բառով.

21) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 97.1 կետով.

«97.1. ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի դեպքում ԷՄԱ կանոնների 17-րդ գլխի համաձայն կատարված վերահաշվարկի արդյունքներն արտացոլվում են 15.1-րդ գլխով սահմանված` ինքնավար էներգաարտադրության շրջանակում հատուցման հարաբերություններին առնչվող հաշվարկներում:».

22) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 104.1 կետով.

«104.1. Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար` սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե այդ ժամանակահատվածում ծախս չի ունեցել, ապա խախտման հայտնաբերմանը նախորդող ծախս ունեցած Հաշվարկային ամսում սպառած էլեկտրական էներգիայի արժեքին:».

23) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի N 2 հավելվածը:

2. Սահմանել, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում ինքնավար էներգաարտադրողներին հատուցում տրամադրելու վերջնաժամկետը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն է:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

ք. Երևան
20 ապրիլի 2022 թ.

 

 

Գ. Բաղրամյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
20.04.2022
N 149-Ն
Որոշում