Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 21-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 15-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքներում (խմբերում) ընտանիքում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը հաստատելու մասին» 15-Լ հրամանի`

1) հավելված 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«6. Իրավասու ծառայողը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հույսի 17-ի թիվ 18-Լ հրամանով նախատեսված գործողությունները կատարելու ընթացքում բռնություն գործադրած անձի անվամբ զենք հաշվառված լինելու փաստը հայտնաբերելու արդյունքում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառման դեպքում բռնություն գործադրած անձից վերցնում է այդ պահին նրա փաստացի տիրապետման տակ գտնվող զենքը և ստացականով հանձնում հերթապահ մաս: Եթե զենքը գտնվում է բռնության կատարման փաստը հայտնաբերած ստորաբաժանման սպասարկման տարածքում, անկախ որոշման մասին այլ տարածքային ստորաբաժանմանը իրազեկելուց, զենք վերցնելու պարտականությունը կրում է բռնության փաստը հայտնաբերած ստորաբաժանումը: Եթե զենքը չի գտնվում բռնության կատարման փաստը հայտնաբերած ստորաբաժանման սպասարկման տարածքում, ապա այդ ստորաբաժանումն է կրում զենքը վերցնելու պարտականությունը` մինչև զենքի փաստացի գտնվելու վայրի ստորաբաժանմանը, իսկ փաստացի գտնվելու վայրը հայտնի չլինելու դեպքում` զենքի հաշվառման հասցեի սպասարկումը իրականացնող տարածքային ստորաբաժանմանը հայտնելը:»:

i

2) հավելված 1-ի 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6 կետեր`

«6.1. Եթե բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը հաշվառված է ոստիկանության այլ ստորաբաժանման կողմից և տվյալ պահին չի գտնվում բռնություն գործադրած անձի փաստացի տիրապետման տակ, ապա.

ա) Նախազգուշացում կիրառելու մասին որոշում կայացնելու դեպքում` որոշումը կայացրած տարածքային ստորաբաժանումը անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում հեռախոսագրով (անհնարինության դեպքում` հերթապահ մասի հեռախոսային կապով) տեղյակ է պահում զենքի հաշվառումն իրականացնող ստորաբաժանմանը, որը միջոցներ է ձեռնարկում զենքի փաստացի գտնվելու վայրը պարզելու, ինչպես նաև պահման պայմանները ստուգելու համար և արդյունքների մասին հայտնում որոշումը կայացրած ստորաբաժանմանը,

բ) Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու դեպքում` անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը կայացրած տարածքային ստորաբաժանումը անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հեռախոսագրով (անհնարինության դեպքում` հերթապահ մասի հեռախոսային կապով) տեղյակ է պահում զենքի փաստացի գտնվելու վայրը սպասարկող և հաշվառումն իրականացնող ստորաբաժանումներին: Զենքի փաստացի գտնվելու հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանման իրավասու ծառայողը բռնություն գործադրած անձից վերցնում է զենքը և ստացականով ի պահ հանձնում հերթապահ մաս, այնուհետև զենքը վերցնելու մասին հեռախոսագրով հայտնում է որոշումը կայացրած ստորաբաժանմանը:

6.2. Բռնություն գործադրած անձի նկատմամբ նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո, իրավասու ծառայողը անհապաղ, բայց ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում, բնակվելու փաստը պարզելու նպատակով, գրավոր (անհրաժեշտության դեպքում` ֆաքսիմիլային կապով) հարցում է կատարում անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմին: Հարցումը ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանումը պատասխանն ուղարկում է հարցումը կատարողին: Իրավասու ծառայողը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հուլիսի 17-ի «Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» 14-Լ հրամանի հավելվածի 5-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց և հարցման պատասխանը ստանալուց հետո, նախապատրաստած բոլոր նյութերը ուղարկում է բռնություն գործադրած անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանում:

6.3. Բռնություն գործադրած անձի կանխարգելիչ հաշվառումն իրականացվում է հաշվառվող անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության բաժնի կողմից: Եթե բռնություն գործադրած անձը չունի հաշվառում և բնակության վայր կամ հայտնի չէ բնակության վայրը, հաշվառման է վերցվում արարքի կատարման վայրը սպասարկող տարածքային ստորաբաժանման կողմից:

6.4. Հաշվառման վերցնելու համար ոստիկանության իրավասու ծառայողը, անձի հաշվառված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով, բռնության փաստի հայտնաբերումից, ինչպես նաև անձի դատվածության փաստը հավաստող տեղեկատվություն ստանալուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է կատարում վարչությանը: Ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշվառված չլինելու դեպքում, կանխարգելիչ հաշվառման քարտ կազմելու վերաբերյալ զեկուցագիրը, հաշվառման վերցնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է բաժնի պետին:

6.5. Իրավասու ծառայողը բաժնի պետին ներկայացված զեկուցագրում նշում է կատարում բռնություն գործադրած անձի անվամբ զենք հաշվառված լինելու կամ չլինելու փաստի մասին և հաշվառման վերցնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերում ներառում է նաև թույլտվության համակարգի հաշվառումներով ստուգված լինելու փաստը հավաստող փաստաթուղթը, իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու դեպքում` զենքը հերթապահ մաս ի պահ հանձնված լինելու փաստը հավաստող փաստաթուղթը: Բաժնի պետը «Զենքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալի 17.02.2016թ. «Քաղաքացիներին տրվող զենքի լիցենզիաների և թույլտվությունների ձևակերպման առանձնահատկությունների մասին» թիվ 2-Ց ցուցումի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հանձնարարական է տալիս բաժնի պետի ծառայության գծով տեղակալին: Իսկ եթե բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքի հաշվառումը վարվում է այլ ստորաբաժանման կողմից, իրավասու ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, գրավոր (անհրաժեշտության դեպքում` հեռախոսագրով) անձին հաշվառման վերցնելու մասին հայտնում է զենքի հաշվառումը վարող ստորաբաժանմանը` «Զենքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի և «ոստիկանության պետի տեղակալի 17.02.2016թ. «Քաղաքացիներին տրվող զենքի լիցենզիաների և թույլտվությունների ձևակերպման առանձնահատկությունների մասին» թիվ 2-Ց ցուցումի պահանջները կատարելու համար:

6.6. Ոստիկանության իրավասու ծառայողը, ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ կանխարգելիչ հաշվառման քարտը (հավելված 6) գրանցում է ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշվառման մատյանում (այսուհետ` մատյան)` դրան տալով հերթական համար: Հաշվառման քարտերի հերթական համարները յուրաքանչյուր տարի սկսվում է 01 թվից, այնուհետև դրվում է գծիկ և նշվում հաշվառման տարեթվի վերջին երկու նիշերը: Հաշվառման քարտի համարը պետք է համընկնի մատյանում ընթացիկ տարվա հերթական համարի հետ:»,

i

3) հավելված 1-ի 12-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«12. Հաշվառված անձի փաստացի բնակության վայրի փոփոխության կամ բնակության վայրը պարզելու դեպքում մասնագիտացված ստորաբաժանման իրավասու ծառայողն այդ մասին տեղեկությունը ստանալուց հետո անհապաղ գրավոր տեղյակ է պահում վերջինիս բնակության հասցեն սպասարկող ոստիկանության տարածքային մարմին, որտեղից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հավաստում ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, կանխարգելիչ հաշվառման քարտը ուղարկվում է բնակության վայրի ոստիկանության բաժին:»,

4) հավելված 1-ի 23-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«23. Ոստիկանության իրավասու ծառայողը սոցիալական աշխատողի հետ փոխհամագործակցության շրջանակներում, ամսական առնվազն մեկ հանդիպում է ունենում հաշվառման վերցված և ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ, իրականացնում բացատրական աշխատանքներ, ինչպես նաև ծանոթանում ընտանիքում տիրող իրավիճակին և ընտանիքի անդամների փոխհարաբերություններին և կազմում համապատասխան տեղեկանք: Եթե բռնության ենթարկված անձը փաստացի բնակվում է այլ տարածքում և հնարավոր չէ իրականացնել նախատեսվող հանդիպումները, ապա ստացված գրության հիման վրա հանդիպումներն իրականացնում է փաստացի բնակության վայրի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման իրավասու ծառայողը և այդ մասին ամսական պարբերականությամբ գրավոր հայտնում բռնություն գործադրած անձի հաշվառումն իրականացնող ստորաբաժանմանը:»,

i

5) հավելված 1-ի 40-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ

«4. կազմված զեկուցագրերը, ընթացիկ աշխատանքների մասին տեղեկանքները աշխատանքների կատարման ընթացքում հաշվառվողի և այլ անձանց հետ անցկացված լսումների արձանագրությունները»:

2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

29 հունիսի 2022թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 30 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
29.06.2022
N 21-Լ
Հրաման