Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱԹԻԼԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1695-Լ

 

ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել ծրագրի հայտ ներկայացնող անձանց դիմումի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ ծրագրի շահառու հանդիսացող անձանց և ջրօգտագործողների ընկերությունների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշման դրույթներին համապատասխան:

4. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին`

1) հաշվետու տարվա ֆինանսական հոսքերում առանձնացնել և պլանավորել ծրագրից բխող անհրաժեշտ ցուցանիշները` քանակային և արժեքային արտահայտությամբ.

2) հաստատված ֆինանսական հոսքերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին` ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնին:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին` հաստատված ֆինանսական հոսքերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների` միջնաժամկետ ծախսային ծրագրերի և յուրաքանչյուր տարվա համար հատկացվող բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերը:

6. Սահմանել, որ ծրագրի փոխհատուցվող գումարները հատկացվում են 10.04 «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական աջակցության տրամադրում» 11002 միջոցառման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածի շրջանակներում, նախատեսելով ներդրվող արդիական համակարգերին վերաբերող ոչ ֆինանսական (արդյունքային) ցուցանիշներ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին փոխհատուցման գումարների հատկացումները:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մշակել և ներկայացնել առաջարկություն նոր տեխնոլոգիաներով` կաթիլային, անձրևացման եղանակով գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, ծրագիրը մեկնարկում է որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գործում է 5 տարի ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1695-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:

Սույն ծրագրով կարգավորվում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով փոխհատուցման ընթացակարգի, ժամկետների, չափորոշիչների պայմանների հետ կապված հարաբերությունները:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառման խթանումն է` իրենց հողակտորներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնող տնտեսավարողներին պետական աջակցություն ցուցաբերելու միջոցով:

3. Հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկն ավել է 2-3 անգամ նորմատիվային պահանջարկի նկատմամբ: Ներկայումս կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգով ոռոգվող շուրջ 250.0 հա հողատարածքների համար օգտագործվում է 980.0 հազ. մ3 ջուր, միջինը 1 հա հողատարածքի կտրվածքով կկազմի մինչև 4.0 հազ. մ3, իսկ նախնական տվյալներով ապագայում կանխատեսվող շուրջ 22.0 հազ. հա հողատարածքի համար նշված համակարգը ներդրողները կօգտագործեն շուրջ 88.5 մլն. մ3, որի արդյունքում ոռոգման ջրի սպառման ծախսը կնվազի 2-3 անգամ:

 

3. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

4. Շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված այն հողատարածքները մշակող ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց հողատարածքներն ընդգրկված են ջրօգտագործողների սպասարկման տարածքներում, հանդիսանում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներ` բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տարածքների:

5. Շահառու դառնալու նախապայմանն է` կաթիլային կամ անձրևացման ոռոգման համակարգեր ներդրած շահառուների կողմից դիմումի ներկայացումը:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Ծրագրին մասնակցող շահառուների համար ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում` «Ոռոգման համակարգերի առողջացում» ծրագրի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակներում` ծրագրի մեկնարկից հետո 5 տարի ժամկետով:

7. Ծրագրին դիմելու և ծրագրում ընդգրկվելու ընթացակարգը`

1) ծրագրին մասնակցելու համար կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգ ներդրած գյուղատնտեսությամբ զբաղվող անձը, N 2 հավելվածին համապատասխան, դիմում է ներկայացնում այն ջրօգտագործողների ընկերությանը, որի անդամ է հանդիսանում ինքը: Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների հիման վրա լրացնում են դիմում` կցելով նշված փաստաթղթերի պատճենները`

ա. անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում` գրանցման վկայականը),

բ. տվյալ հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականը կամ տվյալ հողամասի նկատմամբ իր գույքային իրավունքը հավաստող փաստաթուղթը,

գ. ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը,

դ. կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը.

2) ստանալով դիմումը` ջրօգտագործողների ընկերությունն ուսումնասիրում է դրա համապատասխանությունը ծրագրին և կազմում համապատասխան եզրակացություն: Եզրակացությունը պետք է ներառի հետևյալ նվազագույն տվյալները`

ա. հողամասի գտնվելու վայրը,

բ. հողամասի չափը և մշակաբույսերի կազմը,

գ. հողամասի նկատմամբ դիմողի իրավունքը,

դ. հողամասում տեխնիկական պայմաններին համապատասխանող կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգի առկայությունը.

3) ջրօգտագործողների ընկերությունը դիմումը մերժում է, եթե շահառուի դիմումին կից փաստաթղթերն ամբողջական չեն, և մինչև 10-օրյա ժամկետում վերադարձնում է շահառուին, իսկ շահառուն մինչև 20-օրյա ժամկետում փաստաթղթերի ամբողջական փաթեթը կրկին ներկայացնում է ջրօգտագործողների ընկերության եզրակացությանը.

4) ջրօգտագործողների ընկերությունը կազմում է եզրակացություն և շահառուի դիմումին կից փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով 10-օրյա ժամկետում ներկայացնում է Ջրային կոմիտե.

5) Ջրային կոմիտեն 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը և պահանջներին բավարարելու պարագայում հավանություն է տալիս շահառուին ծրագրում ընդգրկելու և հետագա գործընթացը կազմակերպելու համար, իսկ պահանջների լիարժեք չբավարարելու դեպքում` մերժում:

8. Ծրագրի շահառուին մատակարարած ոռոգման ջրի հանձնում-ընդունումն իրականացվում է`

1) ծրագրի շահառուի ոռոգման ջրի ծառայությունների մատուցումն իրականացվում է ոռոգման ջրի պայմանագրի համաձայն` տեղադրված ջրաչափի փաստացի ցուցմունքներին համապատասխան.

2) որպես ծրագրից օգտվելու նախապայման շահառուն պարտավորվում է սահմանազատման կետում տեղադրել առցանց հաղորդող ջրաչափ սարքավորում` առցանց վերահսկելու համար կամ ջրաչափ սարքավորում, մուտքի բանալին (կոդը) տրամադրում է ջրօգտագործողների ընկերությանը և Ջրային կոմիտեին.

3) փաստացի ստացված ոռոգման ջուրը ընկերությունը շահառուին է հանձնում տեղադրված ջրաչափով կահավորված սահմանազատման կետում, որի մասին կազմում է հանձնման-ընդունման ակտ և ստորագրում է ջրբաշխի մատյանում.

4) հանձնման-ընդունման ակտերի և ստորագրված ջրբաշխի մատյանի տվյալները մուտքագրվում են ջրի կառավարման ծրագրում առանձնացված բաժնում:

(8-րդ կետը փոփ. 01.09.2022 թիվ 1374-Լ որոշում)

9. Ծրագրի շահառուի կողմից օգտագործված ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման կարգը և ձևն իրականացվում են`

1) յուրաքանչյուր ջրօգտագործողների ընկերություն իր ընկերության սպասարկման տարածքի ծրագրի շահառուներին մատակարարած ոռոգման ջրի վարձավճարի մասին կազմում է ամփոփ տեղեկատվություն և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներկայացնում Ջրային կոմիտե.

2) ներկայացված տեղեկատվությանը կցվում են հանձնման-ընդունման ակտերի և ստորագրված ջրբաշխի մատյանների պատճենները.

3) Ջրային կոմիտեն, ամփոփելով բոլոր ջրօգտագործողների ընկերություններից ստացված տեղեկատվությունը, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը մշակում և ներկայացնում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ` վարձավճարների փոխհատուցման մասին.

4) հաշվետու տարվա ընթացքում ծրագրից օգտվող շահառուների կողմից ձևավորված հասույթին համապատասխան ջրօգտագործողների ընկերությունները դրամական և բնեղեն արտահայտությամբ ձևակերպում են ջրօգտագործողի բաժանորդային քարտում: Ջրօգտագործողին ըստ պահանջի կարող է տրամադրվել տեղեկանք կամ անդորրագիր փոխհատուցման մասին` ջրօգտագործողների ընկերությունների կողմից միջինացված սակագնի և ջրօգտագործողների օգտագործած ծավալների փաստացի չափով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1695-Լ որոշման

 

Օրինակելի ձև

 

_______________________________________ -ի

(ջրամատակարար կազմակերպության անվանումը)

 

ղեկավար ______________________________ -ին

___________________________________________________________________

        (ջրօգտագործողների ընկերության անդամի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հասցե __________________________________

(բնակության կամ հաշվառման)

 

Հեռախոսահամար ________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ ____________________________________________________________

_______________________________________________________________________

______________________________________________________________________:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերի պատճենները`

1) անձը հաստատող փաստաթղթի(երի) պատճենը|(ները) (իրավաբանական անձի

դեպքում` գրանցման վկայականը), __________________________ հատ,

2) տվյալ հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը կամ տվյալ հողամասի նկատմամբ իր գույքային իրավունքը հավաստող փաստաթղթի(երի)

պատճենը|(ները)______________________ հատ,

3) ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի պատճենը _________________ հատ,

4) կաթիլային կամ անձրևացման ոռոգման համակարգեր ներդնելու վերաբերյալ

փաստաթղթերի պատճենը|(ները) _____________________ հատ:

 

Դիմող` _____________________ (_______________________________)

             (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

____ ____________________ 20 թ.

 

___________________________________

ԻՐՏԵԿ` Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2021
N 1695-Լ
Որոշում