Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 775-Լ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 520-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև համագործակցության պայմանագրի օրինակելի ձևը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 520-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման հավելվածի 1-ին կետը «վարկերի» բառից հետո լրացնել «և ֆակտորինգի (այսուհետ միասին` վարկ)» բառերով.

2) հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) վարկի սահմանաչափը կազմում է`

ա. բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում` ոչ ավելի, քան 7.0 մլն դրամը,

բ. անհատական բնակելի տների համար` ոչ ավելի, քան 10.0 մլն դրամը.»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 26-ի

N 775-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) շահառուներին ներկայացվող պահանջները, ծրագրի իմաստով էներգաարդյունավետության չափանիշները, ծրագրի շրջանակներում վերանորոգման վարկերի ծախսային ուղղությունները, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության դադարեցման հիմքերը և աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն ցուցաբերված աջակցության գումարի տնօրինման կարգը, ծրագրի մշտադիտարկմանը, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` ֆինանսական կառույցներ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացվող հաշվետվություններին վերաբերող պահանջները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 520-Լ որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետով հաստատված` Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր.

2) շահառու` ծրագրի 4-րդ կետում նշված անձինք.

3) էներգաարդյունավետ վերանորոգում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ նախատեսված ընթացիկ նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ, որոնք ուղեկցվում են ծրագրի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված էներգաարդյունավետության միջոցառումներով.

4) էներգաարդյունավետ վերանորոգման վարկ (այսուհետ` վարկ)` սույն կարգի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող (բացառությամբ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար տրամադրված վարկ և ֆակտորինգ.

5) ֆինանսական կառույց` առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք ծրագրի շրջանակներում համագործակցում են նախարարության հետ.

6) ընտանիքի անդամ` սույն կարգի իմաստով շահառուի ընտանիքի անդամ են հանդիսանում շահառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները.

7) վարկառու` շահառուն կամ վերջինիս ընտանիքի անդամը, ով ֆինանսական կառույցի հետ կնքում է վարկային պայմանագիր.

8) վարկային պայմանագիր` ծրագրի ներքո ֆինանսական կառույցի և վարկառուի միջև կնքված վարկի կամ ֆակտորինգի պայմանագիր.

9) սուբսիդավորման գումար` ծրագրով սահմանված սահմանաչափերով վարկի տարեկան տոկոսադրույքի մարմանն ուղղված գումար.

10) հատուկ հաշիվ` ֆինանսական կառույցի բանկային հաշիվ, որին ծրագրի շրջանակներում նախարարությունը փոխանցում է սուբսիդավորման գումարը.

11) պայմանագիր` ծրագրի շրջանակներում նախարարության և ֆինանսական կառույցի միջև կնքված` սույն որոշման 2-րդ կետով սահմանված համագործակցության պայմանագիր:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) վարկառուն վարկ ստանալու նպատակով դիմում է ֆինանսական կառույց` բացի բանկի ներքին ընթացակարգերով պահանջվող փաստաթղթերից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

ա. վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը,

բ. մինչև 2010 թվականը կառուցված բնակարանի (բնակելի տան) համար տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացություն (ոչ ավելի, քան 10 տարվա վաղեմության)` 4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ (շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքէջում` www.minurban.am) կամ գնահատողի որակավորման գործող վկայական ունեցող և լիազոր մարմնի կողմից հաշվառված անձի կողմից տրված գնահատման հաշվետվություն, որը ներառում է գնահատվող գույքի տեխնիկական վիճակի (վնասվածության աստիճանի) վերաբերյալ տեղեկատվություն.

2) ֆինանսական կառույցի կողմից`

ա. գնահատվում է վարկառուի վարկավորման պայմանների համապատասխանությունը ծրագրի և սույն կարգի պայմաններին, և որոշում է կայացվում վարկ տրամադրելու վերաբերյալ` իր ներքին ընթացակարգերին համապատասխան (ֆինանսական կառույցն ազատ է որպես գրավ ընդունել կամ չընդունել վերանորոգվող բնակելի անշարժ գույքը, ինչպես նաև ձեռք բերված ապրանքները, սարքավորումները և կենցաղային տեխնիկան),

բ. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) պայմանագրով սահմանված ձևաչափով նախարարություն է ներկայացվում սուբսիդավորման գումարի փոխանցման վերաբերյալ հայտ (այսուհետ` հայտ)` կցելով վարկառուների հետ կնքված վարկային պայմանագրերով սահմանված վարկի մարման ժամանակացույցերը, սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ տեղեկություններ.

3) նախարարությունը հայտն ստանալուց տասն աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը որոշմամբ և սույն կարգով սահմանված պահանջներին (պահանջները բավարարող շահառուն ինքնաշխատ եղանակով համարվում է ծրագրի շահառու) և պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում ապահովում է շահառուների մասով սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կառույցի հատուկ հաշվին:

(3-րդ կետը փոփ. 22.09.2022 թիվ 1459-Լ որոշում)

4. Վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն):

(4-րդ կետը փոփ. 22.09.2022 թիվ 1459-Լ որոշում)

5. Վարկը կարող է տրամադրվել միանվագ կամ առանձին փուլերով` միայն անկանխիկ եղանակով:

6. Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարման համար արտոնյալ ժամկետ չի սահմանվում:

7. Վարկի գծով ամսական տոկոսադրույքի վճարները սուբսիդավորման գումարի սահմանաչափերը գերազանցելու դեպքում տարբերությունը վճարվում է վարկառուի կողմից:

8. Վարկառուի կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում վերջինիս համար որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն չի կարող սահմանվել կամ կիրառվել:

9. Վարկի տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:

10. Սուբսիդավորման գումարի չափը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ:

11. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա:

12. Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:

 

3. ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

13. Վարկի գործողության ընթացքում սուբսիդավորման գումարի տրամադրումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`

1) վարկի ամբողջական մարման դեպքում.

2) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում.

3) վարկառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրվելու դեպքերում.

4) բնակարանի (բնակելի տան) վերանորոգման աշխատանքները վարկի ամբողջական տրամադրումից առավելագույնը 12 ամիս հետո ավարտված չլինելու դեպքում.

5) վարկի գործողության ընթացքում վարկառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում.

6) վարկառուի կողմից ծրագրի շրջանակներում մեկից ավելի անգամ օգտվելու նպատակով ֆինանսական կառույցից վարկ ստանալու դեպքում, ընդ որում, սուբսիդավորման գումարի դադարեցումը տարածվում է բոլոր տրամադրված վարկերի վրա:

(13-րդ կետը փոփ. 22.09.2022 թիվ 1459-Լ որոշում)

14. Վարկառուի կողմից սույն կարգի 13-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիմքերով սուբսիդավորման գումարի տրամադրման դադարեցման դեպքում, իսկ 13-րդ կետի 6-րդ ենթակետով նշված հիմքերով սուբսիդավորման գումարի տրամադրման դադարեցման դեպքում` միայն երկրորդ և հաջորդիվ տրամադրված վարկերի գծով մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը վարկառուի կողմից ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով: Ֆինանսական կառույցն իրավասու է սուբսիդավորման գումարը Հայաստանի Հանրապետության անունից պահանջելու վարկառուից: Վերը նշված մնացած դեպքերում, ինչպես նաև 13-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքում առաջինը տրամադրված վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած, իսկ մինչ այդ վճարված սուբսիդավորման գումարները վերադարձման ենթակա չեն:

(14-րդ կետը փոփ. 22.09.2022 թիվ 1459-Լ որոշում)

 

4. ՎԱՐԿԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Վարկի ծախսային ուղղությունները ներառում են սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցառումները:

16. Սույն կարգի իմաստով էներգաարդյունավետության չափանիշներին համապատասխանող են դիտարկվում հետևյալ միջոցառումները`

1) պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում.

2) էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում.

3) արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում.

4) ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրականության հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, սեկցիաներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում.

5) հովացման համակարգերի, էներգաարդյունավետ օդափոխիչի, օդորակիչի ձեռքբերում և տեղադրում.

6) արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում.

7) լուսադիոդային լամպերի և լուսատուների ձեռքբերում:

17. Էներգաարդյունավետ միջոցառումներին ներկայացվող տեխնիկական բնութագրերը սահմանվում են պայմանագրով:

18. Վարկի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10%-ը կարող է ուղղվել կենցաղային տեխնիկայի (առնվազն էներգախնայողության A+ դասի սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց, էլեկտրական սալօջախ, էլեկտրական ջրատաքացուցիչ) ձեռքբերմանը: Կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը չի համարվում էներգաարդյունավետ միջոցառում:

19. Վարկի օգտագործումը թույլատրելի ծախսային ուղղություններով իրականացվում է անկանխիկ եղանակով` վարկի ընդհանուր գումարի առնվազն 70%-ի չափով: Վարկի ծախսային ուղղությունների առնվազն 80%-ը և էներգաարդյունավետ միջոցառումներին ուղղվող ծախսերի 100%-ը պետք է հիմնավորվեն վճարումը հավաստող փաստաթղթերով (վճարման հանձնարարական, ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագրերով վճարում, բանկային կամ քարտային փոխանցում, ապրանքի կամ աշխատանքի կամ ծառայության ընդունման-հանձնման փաստը հավաստող փաստաթուղթ (փոխադարձ ակտ, արձանագրություն և այլն): Էներգաարդյունավետ այն միջոցառումները, որոնց համար չեն ներկայացվում վճարումը հավաստող փաստաթղթեր, ծրագրի իմաստով չեն դիտարկվում որպես էներգաարդյունավետ միջոցառումներ:

 

5. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Ֆինանսական կառույցը վարկի ամբողջական տրամադրումից հետո առավելագույնը 12 ամսվա ընթացքում պարտավոր է իրականացնել վարկի նպատակայնության մշտադիտարկում, որն առնվազն պետք է ներառի շահառուի բնակարանի (բնակելի տան) մինչև վերանորոգումը և վերանորոգումից հետո արված լուսանկարները կամ տեսագրություն: Մշտադիտարկման այլ պայմաններն ու իրականացման կարգը սահմանվում են ֆինանսական կառույցի ներքին ընթացակարգերով:

21. Ֆինանսական կառույցը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում հաշվետվություն է ներկայացնում նախարարությանը: Հաշվետվությունը պետք է պարունակի`

1) ծրագրի 8-րդ կետի համաձայն դասակարգված տեղեկատվություն` Երևան քաղաքի և մարզերի բնակավայրերի կտրվածքով տրամադրված վարկերի գումարի և քանակի, շահառուների թվի, սուբսիդավորման ենթակա գումարի մասին.

2) տեղեկատվություն վարկի նպատակայնության մշտադիտարկման արդյունքների մասին` կցելով մինչև շահառուի բնակարանի (բնակելի տան) վերանորոգումը և վերանորոգումից հետո արված լուսանկարները կամ տեսագրությունը.

3) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ.

4) սույն կարգի 19-րդ կետով սահմանված փաստաթղթերը.

5) անհրաժեշտության դեպքում` առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման հետ կապված և այլն:

22. Ծրագրի մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը` հիմք ընդունելով ծրագրի իրականացման ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական կառույցների կողմից ներկայացված հաշվետվությունները: Նախարարության կողմից մշտադիտարկումն իրականացվում է ընտրանքային սկզբունքով:

23. Նախարարությունը կիսամյակային պարբերականությամբ իր պաշտոնական կայքէջում հրապարակում է ծրագրի 8-րդ կետի համաձայն դասակարգված վիճակագրական տեղեկատվություն` տրամադրված վարկերի գումարի և քանակի, շահառուների թվի, սուբսիդավորման ենթակա գումարների, վարկի նպատակայնության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ:

 

______________________________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 775-Լ
Որոշում