Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347-ՐԴ, 348-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Սնանկության գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԴ/0919/04/18

    Սնանկության գործ թիվ ԵԴ/0919/04/18         2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Մխիթարյան

    Դատավորներ`        Ն. Կարապետյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հուլիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի` «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) 12.06.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 15.11.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Նարեկ Բաբայան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արմեն Ղազարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ և 408-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը և 43-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ և 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համաձայն` Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձման ենթակա գումարը, այդ թվում` պայմանագրով սահմանված 9-րդ և 10-րդ փուլերի համար նախատեսված պարտավորությունը և դրա չկատարման արդյունքում պայմանագրի 7.2. կետի «ա» ենթակետով հաշվարկվելիք տուգանքի գումարը կազմում է 190.334.600 ՀՀ դրամ, որից 158.064.700 ՀՀ դրամը` պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորությունների կատարման գումար, 31.209.705 ՀՀ դրամը` պայմանագրով սահմանված ներդրումները չկատարելու հետևանքով առաջացած տուգանքի գումար, 560.195 ՀՀ դրամը` պետական տուրքի գումար (դատական ակտերի հիման վրա), 500.000 ՀՀ դրամը` Ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ստորադաս դատարանները չեն անդրադարձել պայմանագրով սահմանված 9-րդ և 10-րդ փուլերի համար նախատեսված, սակայն չկատարված պարտավորության գումարը և այդ պարտավորության չկատարման արդյունքում պայմանագրով հաշվարկվելիք տուգանքի գումարը սնանկության գործով պահանջի չափի մեջ ներառելու հարցին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` Կոմիտեին ճանաչել պարտատեր` 190.334.600 ՀՀ դրամի չափով կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի հետևությունները, որ պայմանագրի 5.4.2 կետով սահմանված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գնորդի համար նախատեսված է բացասական հետևանք` տուգանքի վճարում հիմնավոր է և բխում է գործի փաստերից, իսկ բողոքաբերի այն պնդումը, որ պարտապանի կողմից ներդրվելիք գումարների շահառու է հանդիսանում ՀՀ պետական բյուջեն, անհիմն է: Հետևաբար վճռաբեկ բողոքը պետք է մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ վաճառող) և «Բիզնես Լայն» ՍՊԸ-ի (այսուհետ գնորդ) միջև 13.07.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) թիվ 857-ՈՒ պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 2.1 կետի համաձայն` Պայմանագրի առարկան ՀՀ պաշտպանության նախարարության «Ռեմդիզել» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումն է:

Պայմանագրի 5.4.2 կետի համաձայն` գնորդը պարտավորվում է նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 10 տարվա ընթացքում կատարել 250.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի համամասնորեն` 25.000.000 ՀՀ դրամ:

Պայմանագրի 7.2 կետի համաձայն` գնորդի կողմից նույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում Պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումները ամբողջությամբ, միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-20):

2) Դատարանի 15.11.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 22.157.900 ՀՀ դրամ պահանջը գրանցվել է որպես չապահովված պահանջ` «է» հերթում, 500.000 ՀՀ դրամ պահանջը` չապահովված պահանջ` «դ» հերթում:

Պայմանագրով սահմանված 9-րդ և 10-րդ փուլերի համար պարտավորության չկատարման արդյունքում առաջացած տուգանքի գումարն Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում չի ներառվել (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 178-187):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ և 408-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ և 66-րդ հոդվածները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյոք պայմանագրով նախատեսված պարտավորության չկատարման արդյունքում տուգանքի գումարը պետք է ներառվի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում, թե` ոչ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է նույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել է, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես` պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).

2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե՛ս, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` կողմերի միջև 13.07.2008 թվականին կնքված Պայմանագրի 2.1 կետով Պայմանագրի առարկան ՀՀ պաշտպանության նախարարության «Ռեմդիզել» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումն է:

Պայմանագրի 5.4.2 կետի համաձայն` գնորդը պարտավորվում է նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 10 տարվա ընթացքում կատարել 250.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի համամասնորեն` 25.000.000 ՀՀ դրամ:

Պայմանագրի 7.2 կետի համաձայն` գնորդի կողմից նույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում Պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումները ամբողջությամբ, միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով:

Դատարանի 15.11.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 22.157.900 ՀՀ դրամ պահանջը գրանցվել է որպես չապահովված պահանջ` «է» հերթում, 500.000 ՀՀ դրամ պահանջը` չապահովված պահանջ` «դ» հերթում:

Պայմանագրով սահմանված 9-րդ և 10-րդ փուլերի համար պարտավորության չկատարման արդյունքում առաջացած տուգանքի գումարն Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում չի ներառվել:

Դատարանը 15.11.2019 թվականի «Պարտատիրոջ պահանջի օրինականության, չափի առաջնահերթության ու ապահովվածության վերաբերյալ առարկությունը քննարկելու և պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու պահանջի մասին», որոշմամբ պատճառաբանել է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի վերլուծությունից հետևում է, որ չկա որևէ դրույթ առ այն, որ ներդրումային պարտավորությունների չկատարումը որպես հետևանք հանգեցնում է չներդրված գումարի` ՀՀ պետական բյուջե բռնագանձմանը: Հետևաբար Ընկերությանը` 158.064.700 ՀՀ դրամ գումարի մասով պարտատեր ճանաչելու և այդ գումարը ՀՀ պետական բյուջե բռնագանձելու պահանջը ենթակա է մերժման:

Անդրադառնալով ՀՀ պետական բյուջե բռնագանձման ենթակա գումարի մասով պահանջին, Դատարանը նշել է, որ այն օրենքի ուժով ենթակա է գրանցման որպես պարտապան ընկերության պարտավորություն և այդ պահանջի գումարը կազմում է 22.157.900 ՀՀ դրամ, հիմք` թիվ ԵԿԴ/0687/02/13, թիվ ԵԿԴ/2776/02/13, թիվ ԵԿԴ/5612/02/14, թիվ ԵԿԴ/0431/02/16 և թիվ ԵԿԴ/0401/02/17 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:

Վերաքննիչ դատարանը, Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ Դատարան ներկայացված ապացույցներն իրենց համակացության մեջ հնարավորություն են տալիս ձևավորելու այն իրավաչափ հետևությունը, որ պայմանագրով Ընկերության` սահմանված արժեքով ներդրումային պարտավորությունները վերաբերում են «Ռեմդիզել» ընկերությանը, իսկ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա կարող է լինել ներդրումային պարտավորության խախտման արդյունքում ձևավորված տուգանքի գումարը: Այսինքն` պայմանագրով նախատեսված զուտ ներդրումների շահառուն «Ռեմդիզել» ընկերությունն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, ուստի Կոմիտեն սնանկության վարույթում չի կարող հանդես գալ որպես պահանջատեր` պայմանագրով նախատեսված ներդրումների արժեքի գումարային էկվիվալենտի չափով: Հետևաբար 158.064.700 ՀՀ դրամ գումարի մասով Կոմիտեի պահանջի գրանցումը մերժելով, Դատարանը կատարել է իրավաչափ եզրահանգում:

i

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ վերոգրյալով հերքվում է նաև Դատարանին վերագրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ հոդվածների, 348-րդ և 352-րդ հոդվածների 1-ին մասերի և 408-րդ հոդվածի պահանջները, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի բ) ենթակետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների չկիրառման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների խախտմամբ դատական ակտ կայացված լինելու վերաբերյալ բողոքաբերի հիմնավորումները: Հետևաբար Կոմիտեի վերաքննիչ բողոքը բոլոր հիմքերով անհիմն է և ենթակա է մերժման:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

Սույն գործում առկա 13.07.2008 թվականի Պայմանագրի 5.4.2 և 7.2 դրույթների վերլուծությունից հետևում է, որ Պայմանագրի 5.4.2 կետով գնորդի համար սահմանվել է պարտավորություն` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 10 տարվա ընթացքում կատարել 250.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ, յուրաքանչյուր տարի համամասնորեն` 25.000.000 ՀՀ դրամի չափով, այսինքն` որոշակի արժեքի չափով ներդրում կատարելու պարտավորություն, առանց մասնավորեցնելու ներդրման բնույթն ու նշանակությունը, իսկ Պայմանագրի 7.2 կետը սահմանել է գնորդի կողմից նույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում Պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումները ամբողջությամբ, միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով: Նշվածից հետևում է, որ Պայմանագրի 5.4.2 կետով սահմանված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գնորդի համար նախատեսված բացասական հետևանքը` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով տուգանքի վճարումն է ՀՀ պետական բյուջե: Հետևաբար ստորադաս դատարանները 158.064.700 ՀՀ դրամի մասով մերժելով Կոմիտեի պահանջը, եկել են իրավաչափ եզրահանգման, քանի որ ներդրումներ չկատարելու դեպքում ներդրման գումարը ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավորություն Պայմանագրով Ընկերությունը չունի, ուստի այս մասով վճռաբեկ բողոքն անհիմն է:

Անդրադառնալով 22.157.900 ՀՀ դրամ Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում ներառելու պահանջին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս մասով ստորադաս դատարանները եկել են ճիշտ եզրահանգման, քանի որ այն օրենքի ուժով ենթակա է գրանցման որպես պարտապան Ընկերության` Պայմանագրով ստանձնած 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ փուլերի համար նախատեսված և չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով պարտավորություն (հիմք` թիվ ԵԿԴ/0687/02/13, թիվ ԵԿԴ/2776/02/13, թիվ ԵԿԴ/5612/02/14, թիվ ԵԿԴ/0431/02/16 և թիվ ԵԿԴ/0401/02/17 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես վերը նշվեց, Պայմանագրով նախատեսվել է, որ 10 տարվա ընթացքում պետք է կատարվի 250.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ, յուրաքանչյուր տարի համամասնորեն` 25.000.000 ՀՀ դրամի չափով, այսինքն` Պայմանագրով նախատեսվել է ներդրումներ կատարելու 10 փուլ: Տվյալ դեպքում առաջին երեք փուլերի համար նախատեսված ներդրումները պատշաճ կատարվել են, իսկ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ փուլերի համար նախատեսված պարտավորությունները չեն կատարվել, որի վերաբերյալ առկա են թիվ ԵԿԴ/0687/02/13, թիվ ԵԿԴ/2776/02/13, թիվ ԵԿԴ/5612/02/14, թիվ ԵԿԴ/0431/02/16 և թիվ ԵԿԴ/0401/02/17 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Այսինքն` Պայմանագրով նախատեսված է նաև 9-րդ և 10-րդ փուլերի համար ներդրումներ, որոնք չեն կատարվել, իսկ ստորադաս դատարաններն էլ իրենց դատական ակտերում չեն անդրադարձել Պայմանագրով նախատեսված 9-րդ և 10-րդ փուլերի պարտավորությունների խախտման հարցին, որի հետևանքով էլ պայմանագրային պարտավորությունների խախտման արդյունքում առաջացած գումարի 20 տոկոսի չափով ՀՀ պետական բյուջե տուգանք վճարելու պարտավորությունը չեն ներառել Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում:

Վերոգրյալից հետևում է, որ Պայմանագրով նախատեսված 9-րդ և 10-րդ փուլերի պարտավորության չկատարման համար չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով ՀՀ պետական բյուջե տուգանք վճարելու պարտավորությունը, որը կազմում է (25.000.000*20%/100)*2=10.000.000 ՀՀ դրամ, ևս պետք է ներառվի Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում` որպես չապահովված պահանջ` «է» հերթում:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` այդ մասով, նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2020 թվականի որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ. Պետական գույքի կառավարման կոմիտեի 10.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցել ՀՀ սնանկության դատարանի 15.11.2019 թվականի «Պարտատիրոջ պահանջի օրինականության, չափի առաջնահերթության ու ապահովվածության վերաբերյալ առարկությունը քննարկելու և պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու պահանջի մասին» որոշման մեջ` որպես «է» հերթի չապահովված պահանջ: Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 28 հուլիսի 2022 թվական:

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.07.2022
N ԵԴ/0919/04/18
Որոշում