Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/3631/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3631/05/19

Նախագահող դատավոր` Կ. Գևորգյան

    Դատավորներ`        Լ. Հակոբյան

                       Է. Նահապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի օգոստոսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԳՈԼԴՍ ՋԻՄ ԱՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` վարչական ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` հարկային գործակալի կողմից պահվող (գանձվող) եկամտային հարկի և (կամ) եկամտահարկի հաշվարկման ու վճարման խախտումների մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 07.05.2019 թվականի թիվ 3001090 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 04.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Միքայել Վարդգեսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքարկվող դատական ակտը բողոքաբերի կողմից ուշ ստացված լինելու վերաբերյալ համապատասխան ապացույցի առկայության պայմաններում պարտավոր է ձեռնամուխ լինել բերված բողոքի վարույթ ընդունելուն` առանց լրացուցիչ դատավարական գործողություններ կատարելու:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածը, շեղվել է ՀՀ սահմանադրական դատարանի 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի խախտմանը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն հաշվի չի առել, որ թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր, ըստ էության, գտնելով, որ օրենսդիրը, կարևորելով բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասը քննության առարկա դարձնելու` վերադաս ատյանի իրավասությունը, հետևողական մոտեցում չի ցուցաբերել և այդ լիազորությունը կապել է միայն վերաքննիչ բողոքը մերժելու հետ, ուստի, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդրական կարգավորումները և դրանց տրված մեկնաբանությունը պետք է կառուցվեն Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների էության անխախտելիության և դրանց իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պահանջի համատեքստում` զերծ մնալով այնպիսի կարգավորումներից, որոնք չեն ապահովում կամ խոչընդոտում են վերը նշված իրավունքների իրացումը:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունից կարելի է եզրակացնել, որ ո՛չ Վերաքննիչ դատարանը ո՛չ որևէ այլ դատարան չպետք է և չեն կարող կատարել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջները, քանի դեռ դրանք չեն իմպլեմենտացվել համապատասխան օրենսդրական եղանակով: Այսինքն` ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները ըստ էության փաստացի չունեն իրավաբանական ուժ ՀՀ տարածքում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չնայած Դատարանը բավարարել է հայցապահանջը, սակայն Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք` համաձայն չլինելով Դատարանի որոշ դիտարկումների և եզրակացությունների հետ, որոնք ըստ էության պարունակում են ցուցումներ և կարող են Ընկերության համար առաջացնել բացասական հետևանքներ, իսկ դատարանների առումով` առաջացնել կաշկանդվածություն հետագայում նման գործեր քննելիս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 07.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

- արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է հարգելի համարել դատավարական ժամկետի բացթողումն առանց դրա վերաբերյալ համապատասխան միջնորդության ներկայացման,

- արդյո՞ք վարչական դատարանի վճիռը միայն պատճառաբանական մասով բողոքարկվելու դեպքում այդ բողոքը ենթակա է վերադարձման` վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան լիազորությամբ օժտված չլինելու պատճառաբանությամբ:

 

1. Բողոքն առաջին հիմքով անհիմն է` հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (...):

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին: Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 35-36-րդ կետեր, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Ավելին, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու` իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքները, որոնք նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն` վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

i

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության ապահովման երաշխիքներով (տե՛ս, Բաղիշ Պետրոսյանն ընդդեմ Վարդենիսի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ2/0098/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.08.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե՛ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 06.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1296 որոշմամբ արձանագրել է, որ դատարանի կողմից դատավարական ակնկալվող գործողության կատարման, այն է` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը գրավոր միջնորդի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն անհրաժեշտ նախապայմանն է, որը վկայում է բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու մասին, ինչն էլ բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանի համար առաջացնում է բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու պարտականություն:

ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` խնդիրը ոչ միայն «ծանոթագրություն» բառն է, այլև այն հանգամանքը, թե շարադրանքի բովանդակությունը որքանով է հնարավորություն ընձեռում այն դատարանի կողմից որպես միջնորդություն ընկալվելու համար: Իսկ այդպիսին ընկալվելու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը հստակորեն ներկայացնի իր միջնորդությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 04.08.2021 թվականին, որի դեմ վերաքննիչ բողոքը կարող էր բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը` 06.09.2021 թվականը: Նշված վճռի դեմ Ընկերությունը փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոքը ներկայացրել է 13.09.2021 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո (հավելված, գ.թ. 44): Միաժամանակ, Ընկերության վերաքննիչ բողոքը միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Վերաքննիչ դատարանը 07.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի 04.08.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 06.09.2021 թվականը ներառյալ, մինչդեռ տվյալ դեպքում «Գոլդս Ջիմ Ար» ՍՊ ընկերության (ներկայացուցիչ Միքայել Վարդգեսյան) վերաքննիչ բողոքը փոստային բաժանմունքին հանձնվել է 13.09.2021 թվականին: Միևնույն ժամանակ (...) վերաքննիչ բողոքը չի պարունակում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Ըստ այդմ, (...) առկա է վերաքննիչ բողոքը վերադարձնելու Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը» (հավելված, գ.թ. 60-64):

Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերը նշված պատճառաբանությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` վերաքննիչ բողոք բերած անձը բաց է թողել դատական ակտի բողոքարկման ժամկետը, որի պայմաններում Ընկերության կողմից ենթակա էր ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Միայն նման միջնորդության առկայության դեպքում Վերաքննիչ դատարանը կարող էր քննարկել դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելիության հարցը` գնահատելով համապատասխան ապացույցները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված լինելու և համապատասխան միջնորդություն հարուցված չլինելու պայմաններում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար, դատական ակտն այդ մասով պետք է թողնել անփոփոխ:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է` հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

(...)

3. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ լիազորությունների, մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր է ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ. «Օրենսգրքի 130-րդ հոդվածը, սահմանելով վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ուղղակիորեն չի սահմանում, որ այդ անձինք կարող են դատական ակտը բողոքարկել միայն այն դեպքում, երբ նրանց համար անբարենպաստ է դրա եզրափակիչ մասը: Այսինքն` Օրենսգրքի 130-րդ հոդվածն ինքնին չի արգելափակում անձի բողոքարկման իրավունքի իրացումն այն դեպքում, երբ թեև դատական ակտի եզրափակիչ մասը (դրա մի մասը) այդ անձի համար բարենպաստ է, սակայն նա համաձայն չէ այդ դատական ակտի պատճառաբանական մասին: (...) Սակայն օրենսդիրը, կարևորելով բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասը քննության առարկա դարձնելու` վերադաս ատյանի իրավասությունը, հետևողական մոտեցում չի ցուցաբերել և այդ լիազորությունը կապել է միայն վերաքննիչ բողոքը մերժելու հետ: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորության կիրառմամբ իրավասու է փոփոխել բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունները միայն այն դեպքում, երբ մերժում է ներկայացված վերաքննիչ բողոքը, այսինքն` երբ պարզում է, որ թեև դատարանը գործին բողոք բերող դատավարության մասնակցի համար իրավացիորեն անբարենպաստ լուծում է տվել, սակայն այդ լուծումը սխալ կամ թերի է պատճառաբանել: Փաստորեն` Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների պայմաններում Վերաքննիչ դատարանն օժտված չէ բողոքարկվող դատական ակտի բացառապես պատճառաբանական մասի վերաբերյալ բողոքների քննության իրավասությամբ: Այս պարագայում ստացվում է մի իրավիճակ, որ ըստ էության ճիշտ լուծում ստացած դատական ակտերը երբեմն կարող են մնալ թերի կամ սխալ պատճառաբանված, ինչը չի բխում արդարադատության էությունից, չի ապահովում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, քանի որ նշված իրավունքները ենթադրում են ոչ միայն դատարան դիմելու և վեճի լուծում ստանալու, այլև ճիշտ և ամբողջական պատճառաբանված դատական ակտ ունենալու հնարավորություն»:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Եվրոպական դատարանն իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, ապա 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է տրամադրվեն (տե՛ս, օրինակ, Staroszczyk v. Poland գործով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում ձևավորել է այն դիրքորոշումը, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման (տե՛ս, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Այսպես`

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` կողմերն իրավունք ունեն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք առավել հաճախ բերում է դատավարության այն մասնակիցը, որը գործի ելքում դատավարական իմաստով պարտվել է, այսինքն` դատավարության այն մասնակիցը, ի վնաս որի կայացվել է վճիռը: Սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ դատավարության այս կամ այն մասնակիցը, համաձայն լինելով վճռի եզրափակիչ մասին, համաձայն չէ դրա պատճառաբանական մասին (դրա մի մասին): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանելով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու դատավարության մասնակիցների իրավունքը` օրենսդիրն այդ իրավունքի իրացումը որևէ կերպ չի պայմանավորել դատական ակտի եզրափակիչ մասի` դատավարության տվյալ մասնակցի համար ամբողջությամբ կամ մի մասով անբարենպաստ լինելու հետ: Դա նշանակում է, որ դատավարության մասնակիցների` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու իրավունքը երաշխավորվում է` առանց այդ դատական ակտերի միջև տարանջատման` ի վնաս կամ հօգուտ դատավարության տվյալ մասնակցի լինելու չափանիշով: Վճիռը միայն պատճառաբանական մասով (դրա մի մասով) բողոքարկելը ևս ինքնանպատակ չէ: Նման հնարավորություն ապահովելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավարության մասնակիցների համար հետևանքներ է առաջացնում, նրանց իրավունքները և պարտականությունները շոշափում է վճռի ոչ միայն եզրափակիչ մասը, այլև պատճառաբանական մասը (տե՛ս, Ներսես Հակոբյան և մյուսների ընդդեմ Երևան համայնքի ու մյուսների թիվ ՎԴ/6829/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.05.2021 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական գործով կայացված վճիռը, ուժի մեջ մտնելով, ի թիվս այլ հատկանիշների (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն), ձեռք է բերում նաև նախադատելիության հատկանիշ, որի հիման վրա էլ այդ դատական ակտով հաստատված փաստերը նույն կողմերի միջև (անձանց մասնակցությամբ) նոր վարչական կամ քաղաքացիական գործ քննելիս, որպես ընդհանուր կանոն, պարտադիր նշանակություն են ունենում դատավարության մասնակիցների և դատարանի համար և ներմուծվում են նոր կայացվող դատական ակտում` որպես այլևս ապացուցման կարիք չունեցող փաստեր: Հետևաբար, վճռով վարչական դատարանի կողմից որոշակի փաստերի հաստատումը դատավարության մասնակիցների համար էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն տվյալ վարչական գործի ելքի վրա դրանց ունեցած ազդեցության ուժով, այլև այն կարող է ազդել նրանց մասնակցությամբ վարչական կամ քաղաքացիական այլ գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակի որոշման վրա` դրանց կազմից բացառելով նախադատելի փաստերը: Նաև սրանով պայմանավորված` վարչական դատավարության մասնակիցների համար պետք է նաև ապահովվի վճիռը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու հնարավորությունը: Վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել ինչպես այն դեպքում, երբ գործն ամբողջությամբ կամ մասնակիորեն լուծվել է ի վնաս բողոք բերող անձի, այնպես էլ այն դեպքում, երբ վերջինս համաձայն չէ այդ դատական ակտի միայն պատճառաբանական մասին (դրա մի մասին):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է մասնակիորեն` հարկային գործակալի կողմից պահվող (գանձվող) եկամտային հարկի և (կամ) եկամտահարկի հաշվարկման ու վճարման խախտումների մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 07.05.2019 թվականի թիվ 3001090 ակտը:

Դատարանը 04.08.2021 թվականի վճռով հայցը բավարարել է:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Ընկերությունը` պահանջելով վերաքննիչ բողոքում նշված հիմնավորումներով փոփոխել վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին (հավելված, գ.թ. 30-40):

Վերաքննիչ դատարանը 07.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն պատճառաբանությամբ, որ. «(...) գործող օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների պայմաններում լիազորված չէ վերաքննիչ բողոքի բավարարման դեպքում փոփոխել վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին: Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշման հիման վրա Վերաքննիչ դատարանին` վերաքննիչ բողոքը բավարարելու` վճռի պատճառաբանական մասը փոփոխելով` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, լիազորություն վերապահելու համար համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարված չեն, իսկ առանց համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու և օրենսդրորեն այդպիսի լիազորություն ամրագրելու, Վերաքննիչ դատարանը չի կարող նման լիազորություն իրացնել: Ըստ այդմ, հստակ պահանջ չպարունակելու հիմքով վերաքննիչ բողոքը չի համապատասխանում Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջին, որպիսի պայմաններում առկա է նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը» (հավելված, գ.թ. 60-64):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, դատավարության մասնակիցների համար սահմանելով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորություն, չի բացառել դատական ակտը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու հնարավորությունը: Հետևաբար, Ընկերությունը, չհամաձայնելով վճռում տեղ գտած պատճառաբանություններին, որպես դատավարության մասնակից իրավունք ունի բողոքարկելու Դատարանի 04.08.2021 թվականի վճիռը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ տվյալ դեպքում Դատարանի 04.08.2021 թվականի վճիռը բողոքարկելով` Ընկերությունը նպատակ է ունեցել վերաքննության կարգով գնահատման առարկա դարձնել Դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտով որոշակի փաստերի հաստատումը, ինչին բողոք բերած անձը չի համաձայնվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստերը կարող են Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում դառնալ նաև նախադատելի, ուստի դատավարության մասնակցի (այդ թվում` բողոք բերած անձի) համար պետք է ապահովվի վերաքննիչ բողոք բերելու միջոցով Դատարանի կողմից այդ փաստերի հաստատումը վիճարկելու հնարավորություն:

i

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ տվյալ դեպքում բացակայում է վերաքննիչ բողոքը քննելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված` վերաքննիչ դատարանի համապատասխան լիազորությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ինչպես վերն արդեն նշվել է, ՀՀ սահմանադրական դատարանը 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմատիվային այդ բացը հաղթահարելով` իրավական հնարավորություն կստեղծվի ապահովելու նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված վարչական դատավարության սկզբունքը, որը որպես հրամայական պահանջ նախատեսում է դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավունքի բացը praeter legem կանոնի կիրառմամբ վերացնելը պայմանավորված է ինչպես ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությամբ և այդ առումով իրավունքի զարգացումն ապահովելու օրենսդրական կարգավորումով, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների ապահովմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացրած վերաքննիչ բողոքով Ընկերությունը խնդրել է «փոփոխել վճռի պատճառաբանական մասը` վերաքննիչ բողոքում նշված հիմնավորումներին համապատասխան` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Դատարանի 04.08.2021 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է Դատարանի 04.08.2021 թվականի վճիռը բողոքարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ սույն գործի փաստական հանգամանքներին համանման իրավիճակներում կարող է կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վերաքննիչ դատարանի լիազորությունը, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի վերը վկայակոչված որոշմամբ այդ նորմն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, արդեն իսկ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր: Ավելին` սույն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունվելու և քննվելու դեպքում հնարավոր է նաև իրավիճակ, երբ բողոքը հիմնավոր չլինի, որի դեպքում ևս կիրառելի կլինի վերաքննիչ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` կապված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված երկրորդ հիմքի հետ, չի բխում վերը նշված դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքն Ընկերության կողմից ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո և չի ներկայացվել դատարանի կողմից դատավարական ակնկալվող գործողության կատարման, այն է` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու մասին միջնորդություն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, իրավաչափորեն է վերադարձրել Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 07.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, վերացնել:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 26 օգոստոսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 14.11.22-27.11.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.08.2022
N ՎԴ/3631/05/19
Որոշում