Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՍԴ/0393/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0393/02/20        2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ն. Գաբրիելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 3-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի ընդդեմ «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության` 4.918.750 ՀՀ դրամ պատճառված վնասի, 21.020.900 ՀՀ դրամ բաց թողնված օգուտի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման և հողամասն օգտագործման համար պիտանի վիճակի բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանը (այսուհետ նաև` Բողոքաբերներ) պահանջել են «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունից բռնագանձել 4.918.750 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար, 21.020.900 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ, ինչպես նաև պահանջել են պարտավորեցնել պատասխանողին հողամասը օգտագործման համար պիտանի վիճակի բերել:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Գրիգորյան) 08.04.2020 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժվել է և հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր Ս. Թորոսյան) 04.06.2020 թվականի որոշմամբ Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` «Պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» մասին 08.04.2020 թվականի որոշումը վերացվել է:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2021 թվականի վճռով հայցը մերժվել է` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Դատարանի 03.03.2021 թվականի որոշմամբ հողամասն օգտագործման համար պիտանի վիճակի բերելուն պարտավորեցնելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը առանձնացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2021 թվականի որոշմամբ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ հայցվորների ներկայացրած միջնորդությունը մերժվել է, հայցվորների և պատասխանողի ներկայացրած վերաքննիչ բողոքները վերադարձվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանը (ներկայացուցիչ Մ. Աբրահամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (տնօրեն Ա. Սինյակով):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 21-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի «գ» կետը, որը պետք է կիրառեր, և սխալ է կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածը:

Բողոքաբերները նշված պնդումները պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներից հետևում է, որ պետական տուրքի հետ կապված արտոնություններ դատարանը սահմանում է անձի գույքային դրությունը հաշվի առնելով:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այլապես Վերաքննիչ դատարանի համար ակնհայտ կդառնար, որ նույն պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ հաստատվել է Բողոքաբերների գույքային ծանր դրության փաստը:

Վերոգրյալի հիման վրա Բողոքաբերները պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 07.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին» որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի ներկայացրած միջնորդությունն իրավաչափորեն մերժել է նրանց գույքային ծանր դրության վերաբերյալ ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը`

1) Դատարանի 03.03.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերած անձինք` Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանը, վկայակոչելով մի կողմից Մելսինա Խաչիկյանի կենսաթոշակառու հանդիսանալու փաստը, և մյուս կողմից ներկայացնելով Սիմոն Խաչիկյանի կողմից աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև այդ պահին պետական տուրքի գումարը վճարելու հնարավորության բացակայության փաստը, միջնորդել են հետաձգել իրենց պետական տուրքի վճարումը: (հավելված, գ.թ. 49-52, 56-59)

2) Նշված միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ` «(...) Ի խախտումն Օրենսգրքի (նկատի է ունեցվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի) 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի` վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող որևէ ապացույց, իսկ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ բողոք բերած անձանց միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ ներկայացվել է առանց բողոք բերած անձանց գույքային ծանր դրությունը հաստատող ապացույցների

(Սիմոն Խաչիկյանի աշխատավարձի չափի վերաբերյալ 16.04.2021թ. թիվ 373 քաղվածքը և Մելսինա Խաչիկյանի` կենսաթոշակառու հանդիսանալու փաստն ինքնին բավարար չեն բողոք բերած անձանց գույքային դրությունն այն աստիճան ծանր գնահատելու համար, որը կարող է զրկել նրանց պետական տուրք վճարելու հնարավորությունից), մինչդեռ,

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից միայն: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից վկայակոչված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումներին, ապա դրանք նույնպես չեն արտոնում պետական տուրքի գծով այս կամ այն արտոնության կիրառման վերաբերյալ ոչնչով չհիմնավորված միջնորդությունների մեխանիկական բավարարումը և անհրաժեշտ են համարում յուրաքանչյուր դեպքում տվյալ խնդրի մանրակրկիտ քննությունը: Նշված դրույթներն ու իրավական դիրքորոշումներն անվերապահորեն ընդունելով հանդերձ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից դրանց վկայակոչումը տեղին չէ, քանի որ առկա չէ այնպիսի փաստական իրավիճակ, որի բացառմանն ուղղված են դրանք (...)» (հավելված, գ.թ. 68):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ա.) Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

արդյո՞ք պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացրած անձանց կողմից կենսաթոշակի վկայական և նվազագույն աշխատավարձի չափից էականորեն չտարբերվող աշխատավարձ ստանալու մասին ապացույցները կարող են ինքնին բավարար ապացույցներ հանդիսանալ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին արտոնություն կիրառելու համար:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):

Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոքաբերը կրում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատող ապացույց ներկայացնելու պարտականություն: Պետական տուրքի վճարման արտոնություն ակնկալելու պայմաններում բողոքին կցվում կամ բողոքում ներառվում է համապատասխան միջնորդություն, եթե բողոքաբերն օրենքով արդեն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից:

ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով թե ոչ (տե՛ս, Քրոյցն ընդդեմ Լեհաստանի ((Kreuz v. Poland), թիվ 28249/95, պարբերություն 60):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ դատարանները լիազորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի կիրառմամբ սահմանելու նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված արտոնություն, ներառյալ` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգելու արտոնություն: Այն դրսևորվում է պետական տուրք վճարելու պարտականություն ունեցող դատավարական կողմի ներկայացրած պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությամբ և դատարանի կողմից համապատասխան միջնորդության քննության արդյունքում առանձին որոշման ընդունմամբ` հիմք ընդունելով այդ անձի գույքային դրությունը: Այլ կերպ ասած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը լիազորում է դատարաններին և դատավորներին սահմանելու պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնություն` անձի գույքային դրության հաշվառմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու` դատարանների և դատավորների լիազորության իրականացման պայմաններին և ընդգծել, որ «(...) յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն` հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա): Վերոգրյալից հետևում է, որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով գործի հանգամանքները, հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները» (տե՛ս, «Ռեքվիեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Մեգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տարիքային կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը վկայում է անձի` որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտությունը, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի` գույքային ծանր դրության վերաբերյալ» (տե՛ս, Միշա և Յաշա Գրիգորյանների ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և մյուսների թիվ ՏԴ1/0171/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Ի թիվս այլի, Սոցիալական պետության հիմնական բնութագրիչներից են (1) կենսանվազագույնի երաշխավորումը, (2) մարդու իրավունքների և ազատությունների արդարադատական ապահովումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները կենսանվազագույնի երաշխավորումը և մարդու իրավունքների և ազատությունների արդարադատական ապահովումը կարող են իրականացնել, ի թիվ այլ հանգամանքների, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված և հանրահայտ փաստ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում առկա նվազագույն սպառողական զամբյուղի չափը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերահաստատելով և զարգացնելով իր նախկին որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ դատարանները պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս, որպես ուղղորդող չափանիշներ պետք է հիմք ընդունեն (1) վիճելի իրավահարաբերության բնույթը, (2) վճարման ենթակա պետական տուրքի չափը, (3) գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները, (4) կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Ա1.) Դատարանի 03.03.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած անձինք` Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանը, վկայակոչել են մի կողմից Մելսինա Խաչիկյանի կենսաթոշակառու հանդիսանալու, և մյուս կողմից Սիմոն Խաչիկյանի աշխատավարձ ստանալու մասին փաստերը հաստատող ապացույցներ, միևնույն ժամանակ վկայակոչել են այդ պահին պետական տուրքի գումարը վճարելու հնարավորության բացակայության փաստը և միջնորդել են պետական տուրքի գծով արտոնություն կիրառել: Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքին կից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ վերջիններիս ներկայացրած միջնորդությունը հետևյալ պատճառաբանությամբ` «(...) Ի խախտումն Օրենսգրքի (նկատի է ունեցվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի) 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի` վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող որևէ ապացույց, իսկ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ բողոք բերած անձանց միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ ներկայացվել է առանց բողոք բերած անձանց գույքային ծանր դրությունը հաստատող ապացույցների (Սիմոն Խաչիկյանի աշխատավարձի չափի վերաբերյալ 16.04.2021թ. թիվ 373 քաղվածքը և Մելսինա Խաչիկյանի` կենսաթոշակառու հանդիսանալու փաստն ինքնին բավարար չեն բողոք բերած անձանց գույքային դրությունն այն աստիճան ծանր գնահատելու համար, որը կարող է զրկել նրանց պետական տուրք վճարելու հնարավորությունից), մինչդեռ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից միայն: (...)»:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններից հետևում է, որ պետական տուրք վճարելու ժամկետը հետաձգելու մասին Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դրա հիմքում դրված հիմնավորումները և կից ներկայացված ապացույցները ինքնին բավարար չեն բողոք բերած անձանց գույքային դրությունն այն աստիճան ծանր գնահատելու համար, որը կարող է զրկել պետական տուրք վճարելու հնարավորությունից: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ առանց բողոք բերած անձի գույքային ծանր դրության վերաբերյալ ապացույցների, և այդպիսի ապացույցներ ներկայացված չլինելու պատճառով միջնորդության մերժմամբ չի սահմանափակվում բողոք բերած անձին երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը 07.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին» որոշմամբ ոչ իրավաչափորեն գնահատման առարկա է դարձրել Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի ծանր գույքային դրությունը, այն դեպքում, երբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ գ) կետի համաձայն պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդության քննության շրջանակներում, Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ վերջիններիս գույքային դրությունը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դատարանները պետական տուրքի արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանը պետք է կիրառի ավելի մեղմ չափանիշ` բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը: Վերաքննիչ դատարանը «ծանր գույքային դրությունը» ապացուցող չափանիշ հիմք ընդունելով, ըստ էության, սահմանել է օրենքի պահանջից ավելի բարձր շեմ` անհարկի ծանրաբեռնելով բողոքաբերներին օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտականությամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ա) կետի համաձայն պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ նույն հոդվածի բ) կետի համաձայն` ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ նաև` Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափը, սույն գործում առկա այլ փաստական հանգամանքների հաշվառմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Մելսինա Խաչիկյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված կենսաթոշակառու հանդիսանալու փաստը հաստատող` կենսաթոշակի վկայականի առկայության պայմաններում պատշաճ քննարկման առարկա չի դարձրել բողոքաբեր Մելսինա Խաչիկյանի գույքային դրությունը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պահանջվող պետական տուրքի գումարը վճարելու ունակության տեսանկյունից:

Սիմոն Խաչիկյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված աշխատավարձի չափի վերաբերյալ 16.04.2021 թվականի թիվ 373 քաղվածքի գնահատմանն անդրադառնալիս Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Սիմոն Խաչիկյանի աշխատավարձի չափի վերաբերյալ 16.04.2021թ. թիվ 373 քաղվածքը և Մելսինա Խաչիկյանի` կենսաթոշակառու հանդիսանալու փաստն ինքնին բավարար չեն բողոք բերած անձանց գույքային դրությունն այն աստիճան ծանր գնահատելու համար, որը կարող է զրկել նրանց պետական տուրք վճարելու հնարավորությունից»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ քննության առարկա չի դարձվել Սիմոն Խաչիկյանի կողմից ներկայացված աշխատավարձի չափի վերաբերյալ 16.04.2021 թվականի թիվ 373 քաղվածքը, համաձայն որի` Սիմոն Խաչիկյանը աշխատում է Կարճևանի հիմնական դպրոցում, և ստանում է նվազագույն աշխատավարձից էականորեն չտարբերվող աշխատավարձ, որը միջինում կազմում է 99.805 ՀՀ դրամ (հարկերի և այլ վճարների ներառմամբ):

Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի կողմից վերաքննիչ բողոքին կից պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդության ներկայացման ժամանակահատվածում ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մեծահասակի նվազագույն սպառողական զամբյուղը կազմում էր 57,215.7 ՀՀ դրամ: Այսինքն` միջնորդության ներկայացման պահին ըստ միջին վիճակագրական տվյալների Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձի բնականոն կենսաապահովման համար ամսական հարկավոր էր 57,215.7 ՀՀ դրամ գումար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել գործով ներկայացված դրամական պահանջի չափը, քաղաքացիական գործում բողոքաբերների կողմից գույքային առավել բարենպաստ դրություն ունենալու վերաբերյալ ապացույցների բացակայությունը և կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը և չի անդրադարձել վճարման ենթակա պետական տուրքի գումարի չափի և կենսաապահովման համար անհրաժեշտ գումարը աշխատավարձից նվազեցնելուց հետո մնացյալ աշխատավարձը սույն գործով վճարման ենթակա պետական տուրքը վճարելու համար բավարար լինելու հարցին:

Վերաքննիչ դատարանի թույլ տված դատական սխալի հետևանքով Բողոքաբերները զրկվել են արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, որը հանգեցրել է բողոքաբերների դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման և այդ իրավունքի բուն էության խաթարման:

Բ) Վճռաբեկ բողոքի հիմնավորումների համաձայն, նույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր Ս. Թորոսյան) 04.06.2020 թվականի որոշմամբ վերացվել է Դատարանի 08.04.2020 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը` հաստատելով Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի գույքային դրությունը:

Անդրադառնալով Բողոքաբերների այն փաստարկին, որ նույն դատական ատյանը, միևնույն գործերով և միևնույն փաստական հանգամանքների շրջանակներում ընդունել է երկու հակասական որոշումներ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է քննարկել իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկի` իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության ու էությանը լույսի ներքո:

Նշված սկզբունքին բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր բազմաթիվ որոշումներում շեշտել է մեխանիզմներ ներմուծելու կարևորությունը դատական պրակտիկայի մեջ հետևողականության և դատարանի նախադեպային օրենսդրության միասնականության ապահովման համար: Այն նմանապես հայտարարել է, որ պետություններն են պատասխանատու կազմակերպել իրենց դատական համակարգերն այնպես, որ խուսափեն հակասող վճիռների կայացումից (տե՛ս, Վրիոնին և այլոք ընդդեմ Ալբանիայի, N 2141/03, կետ 58, 2009թ. մարտի 24):

Քննման համար իրեն ներկայացված հանգամանքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատականները միշտ հիմնված են եղել իրավական որոշակիության սկզբունքի վրա, որը կազմում է օրենքի գերակայության հիմնարար կողմերից մեկը: Իսկապես, անորոշությունը` լինի դա իրավական, վարչական, թե իշխանությունների գործունեության արդյունքում առաջացած, մի գործոն է, որը պետք է հաշվի առնել պետության վարքագիծը քննելիս: Այս առումով դատարանը նաև ընդգծել է, որ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը հռչակում է, որ օրենքի գերակայությունը կազմում է պայմանավորվող երկրների ընդհանուր ժառանգության մասը: Ըստ այդմ, օրենքի գերակայության հիմնարար անկյունաքարերից մեկը իրավական որոշակիության սկզբունքն է (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով վճիռը, N 28342/95, կետ 61, ՄԻԵԴ 1999-VII), որը, inter alia, երաշխավորում է որոշակի կայունություն իրավական իրավիճակներում և խթանում է դատարանների նկատմամբ հանրային վստահությանը: Հակասական դատական որոշումները մյուս կողմից ստեղծում են իրավական անորոշության վիճակ, որը հավանական է, որ նվազեցնի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը, մինչդեռ այդ վստահությունն ակնհայտորեն օրենքի գերակայության վրա հիմնված պետության կարևոր բաղադրիչներից մեկն է (տե՛ս, Նեջդետ Սահինը և Պերիհան Սահինը ընդդեմ Թուրքիայի գործով 20 հոկտեմբերի 2011 թվականի որոշումը (բողոք 13279/05)):

Վերլուծելով իրավական կանխատեսելիության սկզբունքը դատարանի հասանելիության առումով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքը վնասվում է, երբ կանոնները դադարում են բավարարել իրավական որոշակիության և պատշաճ դատական վարչարարության նպատակներին և յուրօրինակ արգելք են հանդիսանում, որպեսզի հայցվորը հնարավորություն ունենա, որ իր գործը լուծվի իրավասու դատարանի կողմից (տե՛ս, Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի գործով 2018 թվականի ապրիլի 5-ի որոշումը, կետ 98):

Ընդ որում, իրավական որոշակիությունը գնահատելիս կարևոր է ոչ միայն օրենսդրական նորմի ձևակերպման հստակությունը, այլ նաև դրա կիրառման պրակտիկայի միասնականությունը: Օրինական ակնկալիքների պաշտպանության սկզբունքին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը: Այսպես, Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 18.04.2014 թվականի թիվ 1148 որոշում):

Սահմանադրական դատարանը 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ, մասնավորապես, արձանագրել է, որ իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 18.04.2006 թվականի թիվ 630 որոշում):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավելի վաղ սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր Ս. Թորոսյան) 04.06.2020 թվականի որոշմամբ գնահատելով Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի գույքային դրությունը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերացնելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` «Պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» 08.04.2020 թվականի որոշումը, հիմնվել է բացառապես Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի կողմից ներկայացված նույնանման ապացույցների վրա, այն է` Սիմոն Խաչիկյանի եկամտի վերաբերյալ ներկայացված նվազագույն աշխատավարձի չափով եկամուտ ստանալու վերաբերյալ տեղեկանքը և հայցվոր` Մելսինա Խաչիկյանի կենսաթոշակի վկայականի պատճենը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի 03.03.2021 թվականի վճիռը բողոքարկելիս վերաքննիչ բողոքին կից ներկայացված է եղել նվազագույն աշխատավարձի չափից էականորեն չտարբերվող աշխատավարձի մասին տեղեկանք: Հետևաբար` միևնույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր գործողություններով արդեն իսկ փաստել է, որ նույն կամ նույնանման ապացույցների ներկայացման պայմաններում, բողոք բերած անձինք կարող էին ակնկալել, որ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը կրկին կբավարարվի:

Իհարկե, օրենքի տարակերպ մեկնաբանությունները, այդ թվում նույն դատարանի կողմից չեն կարող բացառվել` ելնելով դատավորների անկախության սկզբունքից: Բայցևայնպես միևնույն ատյանի կողմից նույն օրենքի տարակերպ մեկնաբանությունները առանց լրացուցիչ պատճառաբանության, կարող են իրավական որոշակիության և իրավական կանխատեսելիության իմաստով խնդրահարույց լինել: Ուստի դատարանները, գործում նույն կամ նույնաբովանդակ փաստական հանգամանքների առկայության պայմաններում, կիրառելի օրենքը մեկնաբանելիս պետք է որոշակի չափ կանխատեսելի վարքագիծ դրսևորեն` ապահովելու համար անձանց իրավական որոշակիության իրավունքը:

Նույնաբովանդակ պահանջ ներկայացնելով` բողոքաբերներ Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանը ունեն իրավաչափ ակնկալիք, որ իրենց նույն` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու միջնորդությունը պետք է գնահատվի նույն մոտեցմամբ:

Նշվածը հիմնավորվում է արդեն իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր Ս. Թորոսյան) 04.06.2020 թվականի որոշմամբ քննարկվող իրավական նորմին տված մեկնաբանության արդյունքում ձևավորված պրակտիկայով: Այսինքն, նույն դատական գործի շրջանակներում, միևնույն փաստական հանգամանքներում և առավել ևս միևնույն ատյանի կողմից նույնաբովանդակ միջնորդության քննության արդյունքը պետք է կանխատեսելի լինի, որով կապահովվի` իրավունքի գերակայությունը, իրավական որոշակիության և անձի օրինական սպասելիքների պաշտպանությունը:

Գ) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 07.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին» որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերադարձրել էր նաև պատասխանող «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոք ներկայացվել է միայն հայցվորների կողմից` իրենց իրավունքների խախտմանը վերաբերող մասով, և սույն որոշմամբ անդրադարձ է կատարվել հայցվորների վերաքննիչ բողոքը վերադարձնելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունների իրավաչափության գնահատմանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված լիազորությունը և հայցվորների իրավունքների խախտմանը վերաբերող մասով վերացնել Վերաքննիչ դատարանի 07.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին» որոշումը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 07.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու և գործը` Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի ներկայացրած միջնորդությունը կրկին քննության առնելու նպատակով, համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին» որոշումը` պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ Սիմոն Խաչիկյանի և Մելսինա Խաչիկյանի ներկայացրած միջնորդությունը մերժելուն վերաբերող մասով և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 3 մարտի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=35465847065595555

 

Միասնական կայք` 26.12.22-08.01.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.03.2022
N ՍԴ/0393/02/20
Որոշում