Սեղմել Esc փակելու համար:
«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

13 հունիսի 2002 թվականի N 24

 

i

3. «ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1305 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան`

Հավանություն տալ «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության և հեռանկարային զարգացման ծրագրին (կցվում է):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ

 

i

ԾՐԱԳԻՐ «ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Առաջնորդվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով ու պահանջներով` նորաստեղծ պատմամշակութային արգելոցը նախատեսում է գործունեություն ծավալել երեք հիմնական ուղղությամբ`

ա) արգելոցի տարածքում եղած հուշարձանների ուսումնասիրություն և դրանց գիտական, պատմական, մշակութային դերի արժևորում.

բ) արգելոցի տարածքում արդեն փաստագրված և հետագա ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված հուշարձանների պահպանություն.

գ) արգելոցի տարածքի թանգարանացում և օգտագործում` գիտաճանաչողական, զբոսաշրջության նպատակով:

Այս ուղղություններով նախատեսվող աշխատանքների իրականացման և անհրաժեշտ միջոցների հայթայթման համար նախատեսվում է պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու «Ագարակ» գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամի միջև և հուշարձանն օգտագործման հանձնել նրան` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի համաձայն:

 

1. «ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Արգելոցի տարածքում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումն առաջնային խնդիր է, քանի որ Ագարակի նորահայտ հուշարձանների գիտական ուսումնասիրության արդյունքներն են պայմանավորելու հնավայրի պահպանության, թանգարանացման և զբոսաշրջության օբյեկտ դարձնելու ծրագրերը: Հնավայրի պեղումների արդյունքներն օգտագործվելու են ինչպես գիտատեսական, այնպես էլ գիտագործնական խնդիրների լուծման նպատակով: Արգելոցի տարածքում նախատեսվող պեղումները և դրանց արդյունքում ձեռք բերված տվյալներն ու նյութերը կլրացնեն Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության աղբյուրագիտական հիմքը, թույլ կտան պարզել արգելոցի տարածքում առկա հուշարձանների տեղն ու դերը հայոց հնագույն և միջնադարյան պատմության մի հսկայական ժամանակահատվածի համար (մ.թ.ա. III հազ. սկիզբ-մ.թ. XIII/XIV դդ.):

Արգելոցի տարածքում մշտապես գործող հնագիտական արշավախումբը կատարելու է պարբերական պեղումներ (արշավախումբն ստեղծվել և գործում է 2001 թվականից): Հնավայրի առաջին տարվա պեղումների ընթացքում հետազոտվել է ավելի քան 3000 քառ. մ մակերեսով տարածք: Բացվել են մ.թ.ա. III հազ. շինություններ և քարակոփ կերտվածքներ, մ.թ.ա. VI-մ.թ. XIII/XIV դդ. շինությունների մնացորդներ, ժայռափոր դամբարաններ, կարասային թաղումներ, ժայռափոր հնձաններ, հորեր և այլն: Մշակութային շերտերից հայտնաբերվել են բեկորային վիճակում և ամբողջական պահպանված շուրջ 40000 հնագիտական գտածո: Կասկածից վեր է, որ հնավայրի ամբողջական ուսումնասիրության համար անհրաժեշտ են ծրագրավորված երկարատև պեղումներ ու հետազոտություններ:

Արշավախմբի կազմում ընդգրկված են և հետագայում էլ ընդգրկվելու են ՀՀ տարբեր գիտական հաստատությունների մասնագետներ` հնագետ, ճարտարապետ, երկրաբան, վերականգնող, մարդաբան, հնաբուսաբան, հնակենդանաբան և այլք: Այս կամ այն գիտական խնդրի լուծման պահանջներին համապատասխան` արշավախմբի կազմը մշտապես համալրվելու է համապատասխան մասնագետներով: Արշավախմբի կազմում աշխատելու են նաև շրջակա գյուղերի (Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ և այլն) բնակիչները:

Հատուկ ուշադրություն է դարձվելու արգելոցի տարածքում առկա և ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված հուշարձանների և դրանց բաղկացուցիչների գիտական վավերագրման հարցերին (տոպոհանույթներ, ճարտարապետական չափագրություններ, գրչանկարներ, լուսանկարներ): Աշխատանքներն արդեն սկսվել են, և պեղումներին զուգընթաց վավերագրվելու են ինչպես պեղված մակերեսների օբյեկտները, այնպես էլ արտաքուստ երևացող քարակոփ կերտվածքները:

Ագարակի արգելոցը (որպես գիտական ուսումնասիրության և զբոսաշրջության հեռանկարային օբյեկտ) միջազգայնացնելու նպատակով նախատեսվում է գիտական կապեր հաստատել արտասահմանյան գիտական կենտրոնների և լաբորատորիաների հետ, ինչը հնարավորություն կտա գործնականորեն լուծելու գիտական ինտեգրացման բազմաթիվ խնդիրներ: Համագործակցությունը կիրականացվի ինչպես համատեղ ծրագրերի, այնպես էլ արտասահմանյան լաբորատորիաներում անհրաժեշտ անալիզների կատարմամբ: Ինտերնետի ցանցում կբացվի հատուկ էջ, որտեղ պարբերաբար կներկայացվեն Ագարակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Միաժամանակ նախատեսվում է Ագարակի պեղումներից ձեռք բերված նյութերի ու տվյալների համակարգչային մշակում, տվյալների շտեմարանի ստեղծում:

Նախատեսվում է Ագարակի հնավայրի հետազոտության ընթացքում կազմակերպել գիտաուսումնական պրակտիկաներ` ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան բուհերի ուսանողների համար: Արտասահմանյան հնագիտական կենտրոնների կամ կոլեգաների հետ համատեղ ծրագրեր մշակելիս` պարտադիր կետ պետք է լինի հայ ուսանողների կամ ասպիրանտների` տվյալ երկրի համապատասխան բուհում վերապատրաստման հարցը: Պեղումների արդյունքներին զուգահեռ կհրատարակվեն բուկլետներ, որոնք կներկայացնեն ինչպես արգելոցի նշանավոր հուշարձանները, այնպես էլ Արագածոտնի մարզի մինչ օրս անհայտ մնացած բազմաթիվ այլ հուշարձաններ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Ագարակ» պատմամշակութային արգելոցի սահմաններում ներառվել է հսկայածավալ հուշարձանախմբի մի մասը միայն, նախատեսվում է հետազոտական աշխատանքներ իրականացնել նաև հուշարձանախմբի այն հատվածներում, որոնք չեն մտնում բուն արգելոցի սահմանների մեջ:

Գյուղատնտեսական, շինարարական, հողօգտագործման այլևայլ աշխատանքների հետևանքով Հայաստանի տարածքում ամեն տարի մասամբ կամ ամբողջովին խաթարվում, վնասվում են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, որոնց մեծ մասն արտաքուստ չի փաստագրվում և բացահայտվում է թվարկված աշխատանքների հետևանքով: Այս հանգամանքը նկատի ունենալով` արգելոցի տարածքում գործող հնագիտական արշավախմբի կազմում ստեղծվելու է արագ արձագանքման ջոկատ, որը հարկ եղած դեպքում պահպանական պեղումներ կիրականացնի վնասված կամ վնասվող հուշարձանների տարածքում:

Ագարակի հնավայրի ուսումնասիրության որոշակի փուլերում (երբ առկա կլինեն բավարար քանակով գիտական դիտարկումներ) կկազմակերպվեն գիտական նստաշրջաններ: Նստաշրջանների հիմնական նպատակն է լինելու հրապարակային քննարկման դնել ինչպես Ագարակում, այնպես էլ Արագածոտնի մարզում կատարված պատմահնագիտական աշխատանքների արդյունքները: Նման քննարկումների առանձնահատուկ տեղ է հատկացվելու Ագարակի քարակերտ կառույցների պահպանության խնդիրներին:

Պեղումների արդյունքները գիտական շրջանառության մեջ դնելու համար պարբերաբար կհրատարակվեն հետազոտությունների որոշակի փուլերն ամփոփող հոդվածներ, իսկ բավարար քանակով ուսումնասիրություններից հետո կհրատարակվեն մենագրություններ: Նշված աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու, Արագածոտնի մարզում մշտական գործող հնագիտական արշավախմբի համար տեղում գործելու պայմաններ ստեղծելու նպատակով կառուցվելու է հնագիտական բազա:

 

2. «ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Արգելոցի պահպանությունը պատշաճ կազմակերպելու համար նախ և առաջ անհրաժեշտ է տարածքը ցանկապատել, ինչպես նաև նախատեսվում է տարեցտարի ընդարձակվող պեղված մակերեսների ցանկապատմամբ աստիճանաբար ընդգրկել ողջ արգելոցը:

Ագարակի հնավայրի ուսումնասիրության կարևոր խնդիրներից մեկն էլ պետք է լինի ժայռափոր և քարակոփ կերտվածքների պահպանության հարցը: Եթե, պահպանության ռեժիմ սահմանելով, կարելի է նվազագույնի հասցնել հուշարձանը վնասող մարդկային գործոնը, ապա լանդշաֆտի մի հսկայական մաս կազմող տուֆակերտ կառույցների պահպանությունը հողմահարումից զուտ գիտագործնական խնդիր է: Նախատեսվում է հրավիրել մասնագետների, որոնք կարող են ներկայացնել առաջարկներ` արհեստածին լանդշաֆտը հետագա հողմահարումից զերծ պահելու համար: Ներկայումս երկրաբանների հետ համատեղ աշխատանքներ են տարվում` տարածքի տուֆի քիմիական բաղադրության, ջրաթափանցիկության, ջերմակայունության, հողմակայունության, տեկտոնիկ իրավիճակի ուսումնասիրության առումներով: Ստացված արդյունքների ամփոփումից հետո կմշակվեն կոնկրետ հանձնարարականներ` քարակոփ կերտվածքներն ամրակայելու նպատակով:

Արգելոցի տարածքի հիմնական մասը մշտապես շահագործվել է գյուղատնտեսական նպատակներով (տարածքում ժամանակին գործել է նաև տուֆի հանք), որի հետևանքով հնավայրի զգալի մասը պատված է արտադրական թափոններով, աղբով: Այս բոլորը պահանջում են լայն ծավալներով բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգման, մաքրման աշխատանքները նույնպես հիմնականում պետք է կատարվեն պեղումների միջոցով, քանի որ շինարարական թափոնները ծածկում են տուֆե կերտվածքները և շինությունների պատերի մնացորդները:

Յուրաքանչյուր տարվա պեղումների ընթացքում և պեղումներից հետո բացված ճարտարապետական կառույցները ժամանակավորապես կամրակայվեն: Ընդարձակ հատվածների պեղումներից հետո, երբ պարզ կդառնան տվյալ հատվածում առկա կառույցների հատակագծային մանրամասները, ամբողջականությունը և վերականգնելու հնարավորությունները, կիրականացվեն ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքներ:

 

3. «ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՑՄԱՆ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Արգելոցի տարածքում գտնվող հուշարձանների ինքնատիպությունը և անմիջական հարևանությունը Երևան-Գյումրի մայրուղուն թույլ են տալիս այն վերածել զբոսաշրջության կենտրոնի:

Հնավայրի տարածքի հիմնական մասն զբաղեցնում են ծավալատարածքային լուծումներով միասնական անսամբլ կազմող ծիսապաշտամունքային համալիրները: Դրանք ընդարձակ, կենտրոնում տուֆակերտ զոհասեղանով հրապարակների շուրջ համախմբված, բարձրադիր քարե հարթակներ են, որոնք պատված են ժայռափոր խորշերով, ձեռակերտ քարայր-դամբարաններով, աստիճաններով: Հարյուրավոր քառակուսի մետրերի վրա անընդմեջ շարունակվող բազմաբջիջ ժայռափոր կերտվածքներով այս քարահարթակներն առաջին իսկ հայացքից արտառոց տպավորություն են ստեղծում և դիտարժան են:

Նշված հանգամանքները նկատի ունենալով` արգելոցը կընդգրկվի զբոսաշրջության Երևան-Ամբերդ երթուղու մեջ: Երթուղին ներառում է նեոլիթից մինչև զարգացած միջնադարի (Ք. ա. VIII հազարամյակից մինչև XIII դար) հուշարձաններ, ինչն առավելագույնս կնպաստի, որպեսզի արգելոցը վերածվի զբոսաշրջության կենտրոնի (կից ներկայացվում է Երևան-Ամբերդ երթուղու քարտեզը): Արգելոցի թանգարանացման նպատակով ծրագրված է հնավայրին կից կառուցել թանգարան` պեղումներից հայտնաբերված նյութերի ֆոնդավորման, հաշվառման, վերականգնման, պահպանման, գիտական մշակման և ցուցադրության համար:

Թանգարանացվելու և ցուցադրվելու են նաև պեղումներից հետո ամրակայված և վերականգնված հնավայրի բաղկացուցիչները: Այդ նպատակով հնավայրի հիմնական համալիրները կվերածվեն ցուցադրական հարթակների: Կկառուցվեն դեպի ցուցադրական հարթակները տանող ուղիներ: Տարածքի բարձր կետերում կկառուցվեն դիտահարթակներ և դիտակետեր` հնավայրի ողջ տարածքի և շրջակայքի ամբողջական ընկալման համար:

Արգելոցի տարածքի բարեկարգման նպատակով նախատեսվում է տարածքի կանաչապատում: Զգալի հատվածներ զբաղեցնող քարուտները կմաքրվեն և կպատվեն ծաղկանոցներով, փոքր ջրային մակերեսներով: Հետիոտնի համար նախատեսված անցումներն ու ճանապարհները, դիտահրապարակները կերիզվեն դեկորատիվ թփուտներով, պուրակներով, կանաչապատ հարթակներով:

Հնավայրի առավել արժեքավոր հատվածներ պեղումներից և ամրակայումից հետո, երկարատև անխաթար պահպանությունն ապահովելու և լավագույնս ցուցադրելու նպատակով նախատեսվում է դրանք թանգարանացնել` առնելով թեթև կոնստրուկցիաներով ծածկերի տակ: Նման տաղավարների կառուցումը հնարավորություններ կընձեռի` տվյալ համալիրից հայտնաբերված գտածոների ցուցադրությունը կազմակերպել տեղում:

Արգելոցն զբոսաշրջության երթուղիներում ընդգրկելու համար նախատեսվում է կառուցել այցելուներին սպասարկող օբյեկտներ (ավտոկանգառ, հուշանվերների վաճառքի և սննդի կետեր, սանհանգույցներ, անհրաժեշտ ցուցանակներ, ճանապարհային ուղեցույց և այլն), պայմանագրեր կնքել տուրիստական գործակալությունների հետ` արգելոցն իրենց երթուղիներում ընդգրկելու համար:

Մշտական գործող արշավախմբի առկայությունն արգելոցի տարածքում թույլ է տալիս կազմակերպել նաև պեղման ընթացքի ցուցադրություն:

Կկնքվեն պայմանագրեր արտասահմանյան համապատասխան կազմակերպությունների հետ` արգելոցի տարածքում և տարածաշրջանում մասնագիտական (հնագիտական, ճարտարապետական) տուրիզմ կազմակերպելու համար:

Նկատի ունենալով այն, որ արգելոցն զբաղեցնում է մեծ տարածք, ինչն անհնար է դարձնում այցելության ընթացքում հետիոտն շրջագայությամբ ընդգրկել ողջ հնավայրը, նախատեսվում է`

ա) այցելուներին մեկ համալիրից մյուսը տեղափոխել բաց թափք ունեցող էլեկտրատրանսպորտով (ավտոկառերով).

բ) մշակել այցելուների տեղաշարժի երթուղիներ` ըստ ցուցադրության հաջորդականության.

գ) համաձայն մշակված երթուղիների` կառուցել ներքին ճանապարհներ էլեկտրատրանսպորտի համար:

Արգելոցը որպես զբոսաշրջության օբյեկտ գովազդելու համար ինտերնետի ցանցում կբացվի էջ:

 

ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻԿԱ 2002-2005 ԹԹ. ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Ձեռնարկողը 2002-2005 թթ. պեղումներ կիրականացնի հուշարձանախմբի երեք տարբեր հատվածներում:

2002-2003 թթ. կիրականացվի արգելոցի տարածքի, ինչպես նաև հուշարձանախմբի պահպանական գոտու մեջ ընդգրկված հատվածների տեղագրական մանրամասն հանույթը:

2002 թվականից սկսած` պեղման աշխատանքների ավարտական փուլում կցանկապատվեն Երևան-Գյումրի մայրուղուն հարավից հարող ժայռակերտ կերտվածքներն ու պեղվող մակերեսները: Պեղումներին զուգընթաց կհեռացվի կուտակված աղբը: Կմաքրվեն ժայռակերտ կառույցները (կից ներկայացվում է առաջին համալիրի թանգարանացման սխեման): Կցանկապատվի նաև «Կայծակի քար» անվանումով ժայռահարթակի 2002 թ. պեղվող հատվածը: Հարթակն իր շրջապատով կմաքրվի և կբարեկարգվի:

Կմաքրվեն Ոսկեհատ գյուղի հյուսիսային հատվածում պահպանված ժայռակերտ կառույցները:

2002 թ. կսկսվի հնագիտական բազայի շինարարությունը: Մինչև թանգարանի կառուցումը հնագիտական բազայի շենքային հնարավորությունները կօգտագործվեն նաև պեղումներից հայտնաբերված իրերի ֆոնդավորման, հաշվառման և ցուցադրության համար:

2002-2005 թվականներին կկառուցվեն ավտոկանգառը, զբոսաշրջիկներին սպասարկող անհրաժեշտ օբյեկտներ (սանհանգույց, սննդի կետ, ճանապարհային ուղեցույց, ցուցանակներ):

2002-2003 թվականներին կամրակայվեն պեղումներով բացված և պահպանության ենթակա բոլոր կարևոր շինություններն ու օբյեկտները: (Բացահայտված շինությունների ամրակայման աշխատանքները նախատեսվում են կատարել պարբերաբար` յուրաքանչյուր տարի):

Նախատեսվում է (2002 թ. սկսած) Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում սովորող լավագույն հինգ ուսանողի ընդգրկել Ագարակի հնագիտական արշավախմբի կազմում: Մագիստրատուրայում սովորելու վարձը կվճարի պեղումների ձեռնարկողը: Շրջանավարտները մասնագիտանալու են հատկապես Ագարակի հնավայրի ուսումնասիրության և պահպանության խնդիրների բնագավառում:

 

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2002
N 24
Արձանագրային որոշում