Սեղմել Esc փակելու համար:
ՈՐ ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ Է ԿԻՐԱՌԵԼԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐ ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ Է ԿԻՐԱՌԵԼԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՍԴ3/0286/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0286/02/19       2022 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ն. Կարապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Մխիթար Դավթյանի և Մաքսիմ Դալլաքյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 560.452 ՀՀ դրամ, որից 535.000 ՀՀ դրամը` պարտավորության սկզբնական չափ, ինչպես նաև 535.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել տոկոսներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2020 թվականի որոշմամբ Մխիթար Դավթյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 17.03.2020 թվականի վճիռը` հայցը բավարարելու` 10.04.2019 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը ներառյալ Մխիթար Դավթյանից և Մաքսիմ Դալլաքյանից համապարտության կարգով 535.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջը բավարարելու մասով բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. հայցը բավարարվել է մասնակիորեն` Մխիթար Դավթյանից և Մաքսիմ Դալլաքյանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 535.000 ՀՀ դրամ` որպես «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնաս: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սկսած մինչև պարտավորության դադարման օրը ներառյալ Մխիթար Դավթյանից և Մաքսիմ Դալլաքյանից համապարտության կարգով հօգուտ Կազմակերպության բռնագանձված 535.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվել են տոկոսներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով: Հայցը մնացած մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Գայանե Պապոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման Բյուրոյի պահանջի (բողոքի) մերժման մասով, չի համապատասխանում գործի փաստերին, կիրառելի օրենսդրությանը, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` նույն հարցի վերաբերյալ կայացված այլ բազմաթիվ որոշումներում արտահայտված դիրքորոշումներին, օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում Դատարանի վճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողների պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ, այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա, պատասխանողների կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Եթե պատասխանողները Բյուրոյի նկատմամբ պարտավորություն չունենային, ապա Դատարանը հատուցված գումարի բռնագանձման մասով ոչ թե պետք է բավարարեր Բյուրոյի հայցը, այլ` մերժեր այն:

Բացի այդ, ստորադաս դատարանները հաստատված են համարել, որ պատասխանողները պարտավոր են Բյուրոյին վճարել վերջինիս կողմից հատուցված վնասը: Այսինքն, X ժամկետում պատասխանողները պարտավորվել են Բյուրոյին վճարել իրենց կողմից հասցված վնասը, որը կարող էր կատարվել միայն Բյուրոյին Y չափի գումար վճարելու միջոցով, ինչը չի արվել: Ակնհայտ է, որ խոսքը ողջամիտ ժամկետի և կոնկրետ չափի գումարի մասին է: Հետևաբար Բյուրոն օրենքի հիման վրա այդ գումարը ստանալու իրավական ակնկալիք է ունեցել, իսկ պատասխանողները` այդ գումարը վճարելու պարտականություն:

Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելը, այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը: Հետևաբար` սույն վեճի լուծման համար ներկայացված իրավանորմի կիրառմամբ հարկ է հստակ տարանջատել պատասխանողի կողմից հայցվորի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը, այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

i

Ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած քաղաքացիական գործերով 29.04.2016 թվականի թիվ ԵԿԴ/2326/02/15, 28.12.2017 թվականի թիվ ԵԱԴԴ/2522/02/15, 29.03.2018 թվականի թիվ ԱՐԱԴ/0091/02/17, 28.06.2018 թվականի թիվ ԵԱՆԴ/0106/02/17, 24.01.2019 թվականի թիվ ԵԱՆԴ/2058/02/16 և մի շարք այլ քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի թիվ 3-1603 (ՎԴ), 22.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0735/02/15 որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջը, ինչպես նաև անդրադառնալ դատական ծախսերի բաշխմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից քաղվածքի համաձայն` 24.01.2019 թվականի դրությամբ «Կամազ 55111» մակնիշի 44TT408 հաշվառման համարանիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Մխիթար Վահրամի Դավթյանին (գ.թ. 17).

2) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից քաղվածքի համաձայն` 24.01.2019 թվականի դրությամբ «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Ռազմիկի Մամիկոնյանին (գ.թ. 17).

3) Բյուրոյի կողմից տրված ավտոտրանսպորտային միջոցի գործող ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի համաձայն` 15.03.2019 թվականի դրությամբ 44TT408 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր առկա չէ (գ.թ. 18).

4) Բյուրոյի կողմից տրված ավտոտրանսպորտային միջոցի գործող ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի համաձայն` 15.03.2019 թվականի դրությամբ 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ առկա է ԱՊՊԱ պայմանագիր «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության հետ` պայմանագրի սկիզբը` 09.08.2018 թվական, պայմանագրի ավարտը` 09.08.2019 թվական (գ.թ. 18).

5) Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու մասին համաձայնության համաձայն` որոշվել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Կենտրոնական փողոցում 30.12.2018 թվականին ժամը 17:50-ին «Կամազ 55111» մակնիշի 44TT408 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ «Կամազ 55111» մակնիշի 44TT408 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Մաքսիմ Դալլաքյանի և «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Մամիկոնյանի նկատմամբ վարչական վարույթ չիրականացնել (գ.թ. 19).

6) «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 11.01.2019 թվականին տրված թիվ Ա 190016 ԱՌ եզրակացության համաձայն` ՃՏՊ-ում մեղավոր է ճանաչվել «Կամազ 55111» մակնիշի 44TT408 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը (գ.թ. 22-24).

7) Վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Ա/Ս-19/0097 եզրակացության համաձայն` «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառվել է 535.000 ՀՀ դրամի չափով վնաս (գ.թ. 27).

8) Գույքին պատճառված վնասների գծով հատուցում ստանալու վերաբերյալ դիմումի համաձայն` Վարդան Մամիկոնյանը «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին խնդրել է փոխհատուցել 30.12.2018 թվականին ժամը 18:00-ին տեղի ունեցած պատահարում իրեն պատկանող «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենային հասցված վնասը (գ.թ. 28).

9) Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշում-ծանուցման համաձայն` «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն որոշել է փոխհատուցել «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենային հասցված վնասը` 535.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 16).

10) «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից տրված ԴՍԱ-ից ՀՊԱ-ին (խմբակային) ծանուցման համաձայն` «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն Բյուրոյին հայտնել է, որ 04.02.2019 թվականին Վարդան Մամիկոնյանին է փոխհատուցել 535.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական վճար (գ.թ. 15).

11) Բյուրոյի կողմից 07.02.2019 թվականի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրականացման» վերաբերյալ ծանուցման համաձայն` Բյուրոն Մաքսիմ Սամվելի Դալլաքյանին և Մխիթար Վահրամի Դավթյանին հայտնել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում 30.12.2018 թվականին ժամը 17:50-ին «Կամազ 55111» մակնիշի 44TT408 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարում տուժողին հատուցված 535.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի մասին, և պահանջել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարը` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների կամ ծանուցման ելքի ամսաթվից հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում վճարել 150.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 12 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/12-րդ չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարել: Դեպքի կարգավորման հետ կապված Բյուրոյի կողմից նշանակված փորձաքննությունների ծախսերը կազմում են 20.000 ՀՀ դրամ: Տվյալ ծանուցումն ուղարկվել է պատասխանողներին (հիմք` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից 08.02.2019 թվականի փետրվարի 8-ին տրված առաքանու կտրոնները (գ.թ. 11-12).

12) Վիլեն Վալերիի Արզումանյանի (Գնորդ) և Մխիթար Վահրամի Դավթյանի (Վաճառող) միջև 11.07.2018 թվականին կնքվել է շարժական գույքի` ավտոմեքենայի առուվաճառքի (տարաժամկետով) պայմանագիր, համաձայն որի` «Կամազ 55111» մակնիշի ավտոմեքենան Մխիթար Վահանի Դավթյանը 4.300.000 ՀՀ դրամով վաճառել է Վիլեն Վալերիի Արզումանյանին: Պայմանագրի 6-րդ կետի համաձայն` վաճառողը 10.05.2019 թվականին պարտավոր է ապրանքը (ավտոմեքենան) 10 օրվա ընթացքում հաշվառումից հանել, իսկ գնորդը պարտավոր է ապրանքը (ավտոմեքենան) հաշվառել իր անունով: Պայմանագրի 7-րդ կետի համաձայն` վաճառողը «Կամազ» մակնիշի ավտոմեքենան գնորդին հանձնելուց հետո, ազատվում է նույն ավտոմեքենայի հետ կապված հետագա բոլոր տեսակի պատասխանատվությունից: Գնորդը ավտոմեքենան ստանալու դեպքում պարտավոր է ավտոմեքենայի ապահովագրությունը փոխել իր անունով (գ.թ. 50).

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառվել է սխալ մեկնաբանությամբ, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե որ պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

i

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունը և սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.

1. վնասի առկայությունը,

2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,

3. պատճառական կապը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, ապահովագրական հատուցում է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը: Հարկ է նշել նաև, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից հետադարձ պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին: Օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, և որոնց նկատմամբ ապահովագրական հատուցումն իրականացվում է Երաշխավորման ֆոնդի հաշվին:

Այսպիսով, այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում այլ անձանց պատճառվել է վնաս, վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժած անձանց վնասների հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից: Նման պարագայում, Բյուրոն հետագայում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք է ստանում:

Նույն որոշմամբ անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, սակայն վիճելի է մնացել, թե որ պահից սկսված պետք է այդ պարտավորության նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: (...) (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Արամ Խաչունցի` թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը` մասնավորապես նշելով, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

i

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով 23.02.2021 թվականին կայացրած որոշմամբ նաև արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նույն հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են օրենսդրի կողմից սահմանված կոնկրետ պահանջների դեպքում: Մասնավորապես, 1. երբ պարտավորությունն ունի դրամական բնույթ, 2. երբ անձն ապօրինի պահել է ուրիշի դրամական միջոցները, 3. երբ խուսափել է դրանք վերադարձնելուց, 4. երբ օգտագործել է դրանք վճարման այլ կետանցով, կամ 5. երբ այլ անձի հաշվին անհիմն ստացել կամ խնայել է գումար: Միաժամանակ օրենսդիրը հստակեցրել է, որ տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ: Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պարտավորության կատարման ապահովման եղանակ է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ խնայվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ և 409-րդ հոդվածներով սահմանվել են պարտավորության խախտման հասկացությունը և պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելու կարգը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով արձանագրվել է, որ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ամրագրվել է, որ 1. պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները, 2. վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը սահմանել է պարտապանին պարտավորության կետանցող որակելու փաստական հանգամանքների կազմը: Ըստ այդմ` նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:

Քննարկվող պարագայում նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով Բյուրոյի փաստարկը պարտավորության ժամկետանց վերադարձման վերաբերյալ եղել է Մխիթար Դավթյանի և Մաքսիմ Դալլաքյանի կողմից վիճելի գումարը համապատասխան ժամկետներում չվերադարձնելու հանգամանքը, ուստի վերը ներկայացված իրավանորմերի համադրմամբ, հարկ է բացահայտել, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանների մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը:

Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունի այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ.

1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` նշված ժամկետում պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

i

Այսպիսով, պատասխանելով վերոգրյալ հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահով: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունն ընդդեմ «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ-ի և Սամվել Հովհաննիսյանի թիվ ԼԴ/2102/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2022 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Մամիկոնյանը «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին խնդրել է փոխհատուցել 30.12.2018 թվականին ժամը 18:00-ին տեղի ունեցած պատահարում իրեն պատկանող «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենային հասցված վնասը, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն որոշել է փոխհատուցել «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենային հասցված վնասը` 535.000 ՀՀ դրամի չափով: Այնուհետև «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն Բյուրոյին հայտնել է, որ 04.02.2019 թվականին Վարդան Մամիկոնյանին է փոխհատուցել 535.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական վճար:

Բյուրոյի կողմից 07.02.2019 թվականի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրականացման» վերաբերյալ ծանուցման համաձայն` Բյուրոն Մաքսիմ Սամվելի Դալլաքյանին և Մխիթար Վահրամի Դավթյանին հայտնել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում 30.12.2018 թվականին ժամը 17:50-ին «Կամազ 55111» մակնիշի 44TT408 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարում տուժողին հատուցված 535.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի մասին, և որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 1 (մեկ) ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարը` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ` առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում վճարել 150.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 12 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/12-րդ չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ: Տվյալ ծանուցումը 08.02.2019 թվականին ուղարկվել է Մխիթար Դավթյանին և Մաքսիմ Դալլաքյանին:

Բյուրոյի կողմից Մխիթար Դավթյանին ուղարկված վերը նշված ծանուցումը վերջինս ստացել է, ինչը հիմնավորվում է գործում առկա հետադարձ հավաստագրով, իսկ Մաքսիմ Դալլաքյանի կողմից նշված ծանուցումն ստանալու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Դատարանը 17.03.2020 թվականի վճռով անդրադառնալով 09.04.2019 թվականի դրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված 5.452 ՀՀ դրամի չափով տոկոսների գումարը պատասխանողից բռնագանձելու, ինչպես նաև 535.000 ՀՀ դրամի նկատմամբ 10.04.2019 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները պատասխանողից բռնագանձելու մասին հայցվորի պահանջներին, գտել է, որ դրանք ևս ենթակա են բավարարման: Դատարանը հանգել է այն հետևության, որ պատասխանողները թույլ են տվել կետանց, խախտել են գումարը վերադարձնելու համար Բյուրոյի կողմից 07.02.2019 թվականի վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրականացման թիվ Բ/19-00787 ծանուցմամբ սահմանված ժամկետը և Բյուրոյի դրամական միջոցները պահում են ապօրինի:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Մխիթար Դավթյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման մասով արձանագրել է, որ դրամական պարտավորության առկայության կամ բացակայության վերաբերյալ վեճը Դատարանի քննությանը վերապահված լինելու պայմաններում հայցվորի հանդեպ ստանձնած 535.000 ՀՀ դրամ վճարելու դրամական պարտավորությունը պատասխանողների համար կարող է ծագել միայն նշված դրամական պարտավորության առկայության վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկը տվյալ պարագայում` կարող է կիրառվել` վնասի առկայության և որոշակի անձի (իրավաբանական կամ ֆիզիկական) կողմից այն հատուցելու պարտավորության վերաբերյալ համապատասխան դատական ակտի դեպքում, քանի որ համապատասխան դատական ակտի բացակայության պարագայում դեռևս չի կարող խոսք լինել վնասը հատուցելու պարտավորության և այդ հիմքով` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու վերաբերյալ: ՈՒստի` այդ մասով Վերաքննիչ դատարանը գտել է, որ 535.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման սկիզբը դիտարկելով 10.04.2019 թվականը` Դատարանը թույլ է տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ:

Վերաքննիչ դատարանը որոշել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սկսած մինչև պարտավորության դադարման օրը ներառյալ Մխիթար Դավթյանից ու Մաքսիմ Դալլաքյանից հօգուտ Բյուրոյի համապարտության կարգով բռնագանձել 535.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, և հայցը մնացած մասով մերժել:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար հիմք է դրամային պարտավորության առկայությունը, և այդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվարկման պարտավորության կետանցի օրվանից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտավորությունը:

i

Սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները, որոնք ծագել են ապահովագրության ոլորտում, ի սկզբանե հանդիսացել են եռակողմ` Բյուրոյի, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի և վնաս պատճառած անձանց` Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի միջև: Այսինքն` Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի կողմից տուժողին պատճառված վնասի արդյունքում Բյուրոյի կողմից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի դիմումի հիման վրա վերջինիս հատուցվել է Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին»» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք: Նշված փաստը հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից: Այսինքն, Բյուրոյի համար, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով, առկա է հետադարձ պահանջի ուժով «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին վճարած 535.000 ՀՀ դրամը, որպես իրեն պատկանող գումար, Մխիթար Դավթյանից ու Մաքսիմ Դալլաքյանից ստանալու իրավունք, իսկ վերջիններիս մոտ` այդ գումարը Բյուրոյին վճարելու պարտավորություն:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ վնաս պատճառողների մոտ ծագում է հայցվորին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի մոտ ծագում վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում վերջիններս պարտավորված կլինեին կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով, արձանագրում է, որ տվյալ դեպքում պատասխանողների մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ծագել է ոչ թե Դատարանի վճռով, այլ վճռով հաստատվել է արդեն իսկ առկա` Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման համաձայն` պարտավորության կետանցի պահը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):

Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի կողմից Բյուրոյի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, երբ պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Քննարկվող պարագայում, Բյուրոյի կողմից Մխիթար Դավթյանին ու Մաքսիմ Դալլաքյանին ուղարկվել է ծանուցում «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» մասին: Այն է` Բյուրոյի կողմից 07.02.2019 թվականի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրականացման» վերաբերյալ ծանուցման համաձայն` Բյուրոն Մաքսիմ Սամվելի Դալլաքյանին և Մխիթար Վահրամի Դավթյանին հայտնել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում 30.12.2018 թվականին ժամը 17:50-ին «Կամազ 55111» մակնիշի 44TT408 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և «Վազ 21213» մակնիշի 25UO740 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարում տուժողին հատուցված 535.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի մասին, և որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարը` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ` առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում վճարել 150.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 12 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/12-րդ չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ:

Փաստորեն, քննարկվող պարագայում, Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի մոտ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի (կամ հանգամանքի) վրա հասնելով (կամ ավարտով), ինչը նշանակում է, որ սույն վեճին լուծում տալու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ պարզել, թե երբ են Մխիթար Դավթյանը ու Մաքսիմ Դալլաքյանը իրազեկվել Բյուրոյի պահանջի մասին, այնուհետ նաև քննության առարկա դարձնել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման` ողջամիտ ժամկետի կիրառման հարցը, հետևյալ պատճառաբանությամբ.

Քննարկվող պարագայում, Բյուրոյի կողմից Մխիթար Դավթյանին ու Մաքսիմ Դալլաքյանին ուղղված ծանուցմամբ պարտավորությունը կատարելու համար վերջիններիս տրվել է մեկամսյա ժամկետ: Նշված ծանուցումը Մխիթար Դավթյանը ստացել է 12.02.2019 թվականին, իսկ Մաքսիմ Դալլաքյանի կողմից այն ստանալու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև Բյուրոյի կանոններով: Նման պայմաններում սույն գործով էական նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե երբ են Մխիթար Դավթյանը ու Մաքսիմ Դալլաքյանը վիճելի գումարը Բյուրոյին վճարելու պարտավորության մասին տեղեկացել: ՈՒստի, Վերաքննիչ դատարանը սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար պետք է պարզեր նշված ժամանակահատվածը և դրա հաշվառմամբ վիճելի գումարների նկատմամբ կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները: Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ 535.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման» ծանուցմամբ Բյուրոյի կողմից Մխիթար Դավթյանը ծանուցվել է 12.02.2019 թվականին, ուստի դատարանը Մխիթար Դավթյանի մասով պետք է ղեկավարվի վերը նշված ծանուցման կազմման պահին գործող խմբագրությամբ Բյուրոյի կողմից սահմանված կանոններով:

Տվյալ դեպքում, ըստ 07.02.2019 թվականի թիվ Բ/19-00787 ծանուցման` Բյուրոյի Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չի եղել ԱՊՊԱ պայմանագիր, հետևաբար Բյուրոն ստացել է հետադարձ պահանջի իրավունք վնաս պատճառած անձի ու ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ` Մխիթար Դավթյանը ու Մաքսիմ Դալլաքյանը հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ: Մխիթար Դավթյանի կողմից ծանուցումը համարվում է պատշաճ ստացված և վերջինիս կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետներն սկսում են հաշվարկվել ծանուցման ստացման հաջորդ օրվանից:

Միաժամանակ, գործում առկա չէ Մաքսիմ Դալլաքյանին ծանուցումն ստորագրությամբ առձեռն հանձնվելու, պատվիրված նամակով ուղարկվելու կամ որևէ հիմքով նամակը հետ վերադարձվելու վերաբերյալ որևէ ապացույց, որպիսի ապացույցի առկայության պարագայում միայն հնարավոր կլինի հաշվարկել վերջինիս կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները:

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտավորությունը ծագում է «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման» ծանուցումը վերջիններիս կողմից ստանալու պահից: Այսինքն վերջիններս նշված ժամանակահատվածում են համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված: Այլ կերպ ասած` սույն վեճի լուծման համար հարկ է հստակ տարանջատել Մխիթար Դավթյանի ու Մաքսիմ Դալլաքյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը, պարզել, թե որ ժամանակահատվածում են պատասխանողները համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված, որից հետո այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով, բեկանելու և գործը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2020 թվականի որոշումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 30 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.09.2022
N ՍԴ3/0286/02/19
Որոշում