Սեղմել Esc փակելու համար:
Ե՞ՐԲ Է ՍԿՍՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ե՞ՐԲ Է ՍԿՍՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՐՏԱՊ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՍնԴ/0036/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0036/02/20        2022 թ.

Նախագահող դատավոր  Ս. Գրիգորյան

    Դատավորներ         Ա. Կուրեխյան

                       Գ. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջոն Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ընկերության ընդդեմ Ջոն Ասատրյանի, Սասուն Ասատրյանի, Սիրվարդ Ասատրյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ջոն Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանը և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ընկերությունը պահանջել են անվավեր ճանաչել Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 106 շենքի 47 բնակարան հասցեի անշարժ գույքի մասի առուվաճառքի 19.09.2019 թվականի թիվ 8352 պայմանագիրը և Սասուն Ասատրյանի ու Սիրվարդ Ասատրյանի անվամբ թիվ 8352 պայմանագրի հիմքով կատարված սեփականության իրավունքի գրանցումը, վերականգնել Ջոն Ասատրյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 106 շենքի 47 բնակարան հասցեի անշարժ գույքի 1/4 բաժնի նկատմամբ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 13.10.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.05.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ռոզա Մինասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը և սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրվել է 19.09.2019 թվականին, իսկ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է 24.09.2019 թվականին: Մինչդեռ Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 106 շենքի 47 հասցեի բնակարանում պարտապան Ջոն Ասատրյանին պատկանող բաժնի օտարման գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացնելիս առկա չի եղել այդ գույքի օտարումը թույլատրող դատարանի որոշում:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումն իրավաբանական ուժ է ձեռք բերում դրա պետական գրանցման պահից:

Թեպետ դատարանը պետք է սնանկության դիմումը վարույթ ընդունելու որոշումն անհապաղ ուղարկեր իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմիններ, սակայն այդ կարգավորումը պայմանավորված է օրենքի ուժով գոյություն ունեցող սահմանափակման մասին տեղեկատվությունը պետական մարմիններ ներկայացնելու անհրաժեշտությամբ: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը գույքն օտարելու սահմանափակում նախատեսում է դիմումը վարույթ ընդունելու պահից, ոչ թե այդ սահմանափակումը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից գրանցելու պահից: Հետևաբար` անկախ դատարանի կողմից տեղեկատվությունը ներկայացնելու հանգամանքից, սահմանափակումն օրենքի ուժով պետք է համարվի կիրառված:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Թիվ ՍնԴ/1528/04/19 սնանկության գործով Ընկերության դիմումը` Ջոն Ասատրյանին սնանկ ճանաչելու մասին, ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) 19.09.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1, գ.թ. 13):

2. Ջոն Ասատրյանի, որպես վաճառողի, և Սասուն և Սիրվարդ Ասատրյանների, որպես գնորդների, միջև 19.09.2019 թվականին ստորագրվել է անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ նաև` Պայմանագիր), որով Ջոն Ասատրյանը վաճառել է, և Սասուն և Սիրվարդ Ասատրյանները ձեռք են բերել Երևան, Քանաքեռ-Զեյթուն Պարույր Սևակի փողոցի 106 շենքի 47 հասցեի բնակարանի 1/4 բաժինը (հատոր 1, գ.թ 11):

3. ՀՀ Կադաստրի կոմիտեի 19.06.2020 թվականի թիվ ԱՏ-19062020-01-0282 տեղեկանքի համաձայն` Երևան, Քանաքեռ-Զեյթուն Պարույր Սևակի փողոցի 106 շենքի 47 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 24.09.2019 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում, հիմքը` 19.09.2019 թվականի 8352 մասի առուվաճառքի պայմանագիր (հատոր 1, գ.թ. 108):

4. ՀՀ Կադաստրի կոմիտեի 23.06.2021 թիվ ԱՏ-23062021-99-0221 տեղեկանքի համաձայն` Ջոն Ասատրյանի սնանկության վերաբերյալ ՀՀ սնանկության դատարանի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ՀՀ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ մուտքագրվել է 11.10.2019 թվականին (հատոր 2, գ.թ. 41):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, մասնավորապես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ու կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` ե՞րբ է սկսում գործել առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակումը:

i

(Ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում (...):

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն` դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդված ի 1-ին մասի «բ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ նույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշման մեջ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին, արձանագրել է, որ այդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած` մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նշել է նաև, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված` պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ` սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը` նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների` օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ (...): Հետևաբար` պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ` նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը (տե՛ս, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն` դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց` պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ (տե՛ս, «ՍԱԴԵ» ԲԸ-ն ընդդեմ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետին և 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում (տե՛ս, Արտավազդ Սիմոնյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վահան Թերզյանի, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արսեն Չիտչյանի թիվ ՎԴ3/0075/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը): Այդ որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը վերստին հաստատել է, որ ինքնանպատակ չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին դատարանի կողմից անհապաղ ուղարկելու վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված պահանջը, քանի որ, ըստ օրենքի կարգավորման նպատակի, նշված նորմով օրենսդիրը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանի գույքի, ի թիվս այլնի, նաև օտարումն արգելելու նպատակ է հետապնդել: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «(...) գույքի նկատմամբ դատական ակտի հիման վրա սահմանափակում կիրառված լինելու դեպքերում, որպիսին համարվում է նաև սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, քանի որ այն առաջացնում է պարտապանի գույքն առանց դատարանի որոշման որևէ իրավունքով ծանրաբեռնելու սահմանափակում, անշարժ գույքի պետական միասնական կադաստրը կրում է այդ սահմանափակումը համապատասխան դատական ակտը ստանալուց հետո գրանցման մատյանում պետական գրանցման ենթարկելու պարտականություն»:

Առաջնորդվելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներով` Վճռաբեկ դատարանը վերստին փաստում է, որ պարտատերերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում կարևորվում է սնանկության ամբողջ ընթացքում պարտապանի գույքի ամբողջականությունն ապահովելու երաշխիքի առկայությունը: Ընդ որում` պարտապանի կողմից անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը նվազեցնելու նպատակով նրա գույքի նկատմամբ սահմանափակումներ սկսվում են կիրառվել սնանկության վարույթի հարուցման պահից:

Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու փաստն արդեն ստեղծում է պարտապանի հնարավոր սնանկության վտանգ, ինչն այդ փուլում առաջացնում է իր գույքի էական նվազեցմանն ուղղված պարտապանի հետագա անբարեխիղճ վարքագիծը կանխելու անհրաժեշտություն: Այդ պատճառով առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու արգելքը սկսում է գործել սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից, որպիսի միակ փաստի հետ օրենսդիրը պայմանավորել է այդ արգելքի գործարկումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված` առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու սահմանափակումը կիրառելու համար նշված նորմը որևէ այլ պայման, քան սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն է, չի պահանջում: Ուստի սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման առկայությունն արդեն բավարար է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի առկայության փաստը հաստատելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո պարտապանի գույքի վերաբերյալ կնքված օտարման, վարձակալության, գրավադրման կամ այն այլ ձևով ծանրաբեռնող գործարքները համարվում են օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքներ: Այդ գործարքները փաստացի կնքվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված պահանջի խախտմամբ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր գործարքներ են:

(Բ) Ինչ վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին անհապաղ ուղարկելու դատարանի պարտականությանն ու նույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հետ դրա փոխգործակցմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման (...):

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գույքի կադաստրային գնահատման, հաշվառման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տեղեկատվական բանկի ստեղծման և կառավարման միասնական գործառույթն է: Իսկ պետական գրանցումը նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների ճանաչման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ի թիվս այլնի, պետական գրանցման հիմնական սկզբունքն ու խնդիրն է պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` սահմանափակումների պետական գրանցման համար հիմք են դատական ակտերը, (...):

Նշված նորմերի մեկնաբանությունից հետևում է, որ գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաև սահմանափակումների պարտադիր պետական գրանցում իրականացնելու գործառույթը հետապնդում է պետության կողմից դրանք ճանաչելու, դրանց երաշխավորումն ու պաշտպանությունն իրականացնելու նպատակներ: Ընդ որում` սահմանափակումների պետական գրանցում իրականացնելու հիմք է նաև դատական ակտը: Հետևաբար` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նկատմամբ որևէ իրավունքի սահմանափակման մասին դատական ակտը պետական գրանցում իրականացնող մարմնի համար հիմք է այդ սահմանափակման պետական գրանցում իրականացնելու և այդ կերպ պետության կողմից այն ճանաչելու, երաշխավորելու և պաշտպանելու համար:

Այլ կերպ ասած` գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման հիմքը դատական ակտն է, որի ընդունման հետ էլ պետք է կապել արգելքի առկայությունը, իսկ պետական գրանցումը դատական ակտի հիման վրա արդեն իսկ կիրառված սահմանափակման ճանաչումը, դրա երաշխավորումն ու պաշտպանումն է պետության կողմից: Ուստի գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակումն առկա է համապատասխան դատական ակտի ընդունման, և ոչ թե այդ սահմանափակումը պետական գրանցման ենթարկելու պահից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը և 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը նշված հիմնավորումների ներքո մեկնաբանելու արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանց դատարանի որոշման պարտապանի գույքի օտարումն արգելվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից, իսկ այդ որոշումն իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին անհապաղ ուղարկելու դատարանի պարտականությունը կարևորվում է այդ սահմանափակումը պետական գրանցման ենթարկելու ուժով պետության կողմից ճանաչելու, երաշխավորելու և պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Այսինքն` պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման կայացման պահից առանց դատարանի որոշման պարտապանի գույքի օտարման սահմանափակումը համարվում է կիրառված` պարտատերերի իրավունքները երաշխավորելու նպատակով, և այն, որպես սահմանափակման կիրառման հիմք, դատարանի կողմից անհապաղ ուղարկվում է իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին սահմանափակումը պետության կողմից ճանաչելու, երաշխավորելու և պաշտպանելու նպատակով: Նշվածը հիմք ընդունելով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդրի կողմից սահմանված սահմանափակման որոշումն անհապաղ գրանցում իրականացնող մարմնին ուղարկելու պահանջն իր հերթին վերը նշված նպատակների համահունչ իրագործման նպատակ է հետապնդում: Ուստի դատարանները պարտավոր են իրենց գործունեության ընթացքում կատարելու նշված պահանջը և անհապաղ ուղարկել գրանցում իրականացնող մարմիններին համապատասխան որոշումները նաև բացառելու սույն գործի հիմքում ընկած իրավիճակը:

Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման կիրառումը դրա պետական գրանցման ենթարկելու պահով պայմանավորելու դեպքում այն կորցնում է իր գործնական նշանակությունը և դառնում ինքնանպատակ: Այդ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման գործարկումը կախվածության մեջ է դրվում դատարանի և իրավունքների պետական գրանցումն իրականացնող մարմինների գործողություններից: Ավելին` խեղաթյուրվում է օրենսդրի հետապնդած` սահմանափակումը պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման պահից կիրառելու և այդ փուլից ի վեր պարտապանի գույքի ամբողջականության պահպանության նկատմամբ դատական վերահսկողություն սահմանելու նպատակը, որը հստակ և որոշակի ամրագրված է Օրենսդրի կողմից և որևէ բացառություն չի նախատեսում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ջոն Ասատրյանին սնանկ ճանաչելու մասին Ընկերության դիմումը ՀՀ սնանկության դատարանի 19.09.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ՍնԴ/1528/04/19 սնանկության գործով):

Ջոն Ասատրյանի, որպես վաճառողի, և Սասուն և Սիրվարդ Ասատրյանների, որպես գնորդների, միջև 19.09.2019 թվականին ստորագրվել է անշարժ գույքի մասի առուվաճառքի պայմանագիր, որով Ջոն Ասատրյանը վաճառել է, և Սասուն և Սիրվարդ Ասատրյանները ձեռք են բերել Երևան, Քանաքեռ-Զեյթուն Պարույր Սևակի փողոցի 106 շենքի 47 հասցեի բնակարանի 1/4 բաժինը:

ՀՀ Կադաստրի կոմիտեի 19.06.2020 թվականի թիվ ԱՏ-19062020-01-0282 տեղեկանքի համաձայն` Երևան, Քանաքեռ-Զեյթուն Պարույր Սևակի փողոցի 106 շենքի 47 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 24.09.2019 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում, հիմքը` 19.09.2019 թվականի 8352 մասի առուվաճառքի պայմանագիր:

ՀՀ Կադաստրի կոմիտեի 23.06.2021 թիվ ԱՏ-23062021-99-0221 տեղեկանքի համաձայն` Ջոն Ասատրյանի սնանկության վերաբերյալ ՀՀ սնանկության դատարանի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ՀՀ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ մուտքագրվել է 11.10.2019 թվականին:

Դիմելով դատարան` Ջոն Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանը և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ընկերությունը պահանջել են անվավեր ճանաչել Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 106 շենքի 47 բնակարան հասցեի անշարժ գույքի մասի առուվաճառքի 19.09.2019 թվականի թիվ 8352 պայմանագիրը և Սասուն Ասատրյանի ու Սիրվարդ Ասատրյանի անվամբ թիվ 8352 պայմանագրի հիմքով կատարված սեփականության իրավունքի գրանցումը, վերականգնել Ջոն Ասատրյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 106 շենքի 47 բնակարան հասցեի անշարժ գույքի 1/4 բաժնի նկատմամբ:

Դատարանը մերժել է հայցը հետևյալ պատճառաբանությամբ` «(...) հայցվոր կողմը պետք է հիմնավորեր պարտապան Ջոն Ասատրյանի համար որոշակի գործողությունների կատարումը սահմանափակող նորմով սահմանված իրավակարգավորման վրա հասնելու պահը:

(...) հայցվոր կողմին չհաջողվեց ապացուցել, որ 19.09.2021 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ՀՀ սնանկության դատարանի 19.09.2019 թվականի` «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության` Ջոն Ասատրյանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու որոշումը կայացնելուց հետո, որի պարագայում կգործեր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով պարտապանին որոշակի գործողություններ կատարելը սահմանափակող նորմը, որպիսի հանգամանքների առկայության պարագայում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների ուժով, կարող էին առաջանալ քննարկվող գործարքների անվավերության առերևույթ հատկանիշներ:

Ավելին, Դատարանն արձանագրում է, որ հայցվոր կողմին սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում չհաջողվեց ապացուցել, որ Ջոն Ասատրյանը տեղյակ է եղել սնանկության դիմում դատարան ներկայացված լինելու մասին (...)»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքն ու Դատարանի վճիռը թողել անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) սույն գործում չկա որևէ փաստական հիմք առ այն, որ վիճարկվող առուվաճառքի պայմանագրի ստորագրման պահին

(19.09.2019 թվականին), ինչպես նաև դրանից ծագող իրավունքի պետական գրանցման պահին (24.09.2019 թվականին) առկա է եղել ՀՀ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոցի 106-րդ շենքի 47-րդ բնակարանի նկատմամբ Ջոն Ասատրյանի տնօրինման իրավունքի գրանցված սահմանափակում, հետևաբար նշված ժամանակահատվածում առուվաճառքի պայմանագրի կնքման համար իրավական արգելք գոյություն չի ունեցել (...):

Թեև սույն գործով վիճարկվող առուվաճառքի պայմանագրից ծագած իրավունքը գրանցվել է 24.09.2019 թվականին, այդուհանդերձ, ինչպես վերը նշվեց, պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցման պահին առկա չի եղել Բնակարանի նկատմամբ Ջոն Ասատրյանի տնօրինման իրավունքի գրանցված սահմանափակում, հետևաբար վերոնշյալ պայմանագրի կնքման հարցում կողմերը իրավական խոչընդոտ չեն ունեցել: Ավելին, ՀՀ կադաստրի կոմիտեն 23.06.2021 թվականի տեղեկանքով հայտնել է, որ Ջոն Ասատրյանի սնանկության վերաբերյալ ՀՀ սնանկության դատարանի դիմումը վարույթ ընդունելու մասին 04.10.2019 թվականի ՍնԴ/1528/04/19 որոշումը ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ մուտքագրվել է 11.10.2019 թվականին (...)»:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրակացությունների իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը` արդյունքում հանգելով նշված հոդվածով նախատեսված սահմանափակումը կիրառված համարելու պահի կապակցությամբ սխալ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի կիրառումը պայմանավորել է պարտապան Ջոն Ասատրյանի տնօրինման իրավունքի սահմանափակումը պետական գրանցման ենթարկված լինելու հանգամանքով: Արդյունքում` Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ Պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ` 24.09.2019 թվականին, սահմանափակում դեռևս առկա չի եղել, քանզի համապատասխան սահմանափակումը պետական գրանցման ենթարկված չի եղել:

Մինչդեռ քննարկվող նորմով նախատեսված` առանց դատարանի որոշման գույքն օտարելու պարտապանի իրավունքի սահմանափակումը կիրառվում է պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացվելու պահից, տվյալ դեպքում` 19.09.2019 թվականից: Անկախ այն հանգամանքներից, թե ՀՀ սնանկության դատարանը նշված որոշումը երբ է ուղարկել ՀՀ Կադաստրի կոմիտեին և վերջինս այն երբ է ստացել ու պարտապան Ջոն Ասատրյանի տնօրինման իրավունքի սահմանափակումը պետական գրանցման ենթարկել, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի կիրառման հիմքը եղել է ՀՀ սնանկության դատարանի 19.09.2019 թվականի որոշումը: Ուստի 19.09.2019 թվականից ի վեր գույքն օտարելու Ջոն Ասատրյանի իրավունքը եղել է սահմանափակված:

Ջոն Ասատրյանի, որպես վաճառողի, և Սասուն և Սիրվարդ Ասատրյանների, որպես գնորդների, միջև 19.09.2019 թվականին ստորագրված Պայմանագրով Երևան, Քանաքեռ-Զեյթուն Պարույր Սևակի փողոցի 106 շենքի 47 հասցեի բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդներին պետական գրանցման է ենթարկվել 24.09.2019 թվականին: Նշված փաստերը հիմք ընդունելով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

Առուվաճառքի պայմանագիրը գույքի օտարման պայմանագիր է, հետևաբար սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու որոշում կայացվելու պահից այդպիսի պայմանագիր կնքելու պարտապանի իրավունքը սահմանափակված է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 5-րդ կետի բովանդակությունից բխում է, որ առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակ է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն` վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ), իսկ 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:

Վերոշարադրյալից բխում է, որ գնորդին ի սեփականություն հանձնվելիք հողամասի, շենքի, շինության, բնակարանի կամ այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման, ուստի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված այդ իրավունքի գրանցման պահից:

Վճռաբեկ դատարան անհրաժեշտ է համարում փաստել, որ Պայմանագիրը կնքվել է 24.09.2019 թվականին, մինչդեռ դրանից առաջ` դեռևս 19.09.2019 թվականին, Ջոն Ասատրյանին սնանկ ճանաչելու մասին Ընկերության դիմումը ՀՀ սնանկության դատարանի կողմից ընդունվել է վարույթ, որպիսի փաստի ուժով այդ օրվանից ի վեր պարտապան Ջոն Ասատրյանին արգելված է եղել առանց դատարանի որոշման իր գույքն օտարելը:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը Վերաքննիչ դատարանի կողմից սխալ մեկնաբանելու կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 23.05.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության: Հետևաբար պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը` բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Սնանկության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ ամբողջ ծավալով նոր քննություն իրականացնելու նպատակով գործն ուղարկվում է ՀՀ Սնանկության դատարան` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին: Դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2022 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 23 նոյեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=46161896180556421

 

Միասնական կայք` 20.03.23-02.04.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.11.2022
N ՍնԴ/0036/02/20
Որոշում