Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

12.05.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին

 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները և պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

2. Բացառությամբ սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, սույն օրենքը չի կարգավորում վտանգավոր թափոնների հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման իրավական կարգավորումը

 

i

1. Աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Թափոնների մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

(2-րդ հոդ. փոփ. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) աղբ` կոշտ կենցաղային թափոններ, ներառյալ` թափոնները, որոնք գոյանում են համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման հետևանքով.

2) աղբահանություն` գոյացող աղբի, ինչպես նաև շինարարական ու խոշոր եզրաչափերի աղբի հավաքում, պահում, փոխադրում և տեղադրում աղբավայրում, այդ թվում` դրանց տեսակավորում ու փոխադրում աղբի վերաօգտագործման, օգտահանման, վերամշակման և վնասազերծման նպատակով.

3) կենսաքայքայվող (օրգանական) աղբ` աերոբիկ կամ անաերոբիկ քայքայման ենթարկվող թափոն (օրինակ` սննդային թափոն, այգիներում ծառերի էտման, բույսերի ու թփերի սանիտարական մաքրման հետևանքով առաջացող աղբ և այլն).

4) շինարարական աղբ` շենք-շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման գործունեության հետևանքով առաջացող աղբ.

5) խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող աղբ, որի չափերը գերազանցում են մեկ խորանարդ մետրը և, ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ), անհնար է դրա հավաքումը, պահումը կամ փոխադրումը աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով.

6) աղբաման` աղբի կուտակման համար նախատեսված տարողություն, որի ձևն ու չափը սահմանում է համապատասխան համայնքի ավագանին.

7) աղբամուղ` բազմաբնակարան շենքերում ներկառուցված` աղբի հավաքման, ուղղահայաց տեղափոխման և ժամանակավոր պահման համար նախատեսված ինժեներական սարքավորումների համալիր.

8) աղբահավաք խուց` բազմաբնակարան կամ հասարակական շենքերում աղբի ժամանակավոր պահման համար նախատեսված տարածք.

9) աղբամանների հարթակ` 0.75 խորանարդ մետր և ավել տարողությամբ աղբամանների տեղակայման համար նախատեսված տարածք, որոնց տեղադիրքը սահմանվում է սանիտարական նորմերին ու յուրաքանչյուր համայնքի աղբահանության սխեմաներին համապատասխան.

10) փոխաբեռնման կայան` բնապահպանական և տնտեսական արդյունավետությունից ելնելով` աղբի ժամանակավոր պահման, սեղմման և հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան.

11) աղբի հավաքման կենտրոն` հատուկ հատկացված տարածք, որտեղ հավաքվում է տեսակավորված աղբը հետագա օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման և վնասազերծման նպատակով.

12) աղբավայր` բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ` նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար.

13) սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, զբոսայգիների, պուրակների, հրապարակների, խաղահրապարակների, բակերի, մայթերի, վերգետնյա և ստորգետնյա անցումների, կամուրջների, սիզամարգերի, լողափերի, շատրվանների, ճամփեզրերի, կողնակների և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների և աղբամանների հարթակների սպասարկումը.

14) օպերատոր` համայնքին կամ համայնքներին կամ դրանց վարչական տարածքում կամ տարածքի մի մասում աղբահանության և (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր.

15) աղբի քանակի նվազեցում` աղբի գոյացման վայրում` սկզբնաղբյուրում, գոյացող աղբի քանակի նվազեցման նպատակով համալիր միջոցառումների կիրառում.

16) աղբի տեսակավորում` վերաօգտագործման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի տեսակների տարանջատումն ու առանձին հավաքումը աղբի գոյացման վայրում` սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում.

17) աղբի օգտահանում` աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի (արտադրանքի) արտադրության համար, ներառյալ` վերաօգտագործումը, երկրորդային ռեսուրսների ստացումը և աղբից օգտակար բաղադրիչների առանձնացումը.

18) աղբի վերաօգտագործում` աղբի օգտագործում սկզբնապես նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման.

19) աղբի վերամշակում` տեխնոլոգիական գործընթացների արդյունքով աղբի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունների փոփոխություն.

20) աղբի փոխադրում` աղբի հավաքում և տեղափոխում դրանց կուտակման վայրից դեպի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման վայրեր և (կամ) աղբավայր.

21) աղբի սեփականատեր` աղբ գոյացնող ֆիզիկական, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որի տիրապետման, օգտագործման ու տնօրինման ներքո է աղբը.

22) աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան` յուրաքանչյուր համայնքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման (հեռացման), վերամշակման ու օգտահանման գործընթացների պլանավորում, իրագործում ու մշտադիտարկում.

23) աղբահանության և սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմա` Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության առավել արդյունավետ գոտիավորում` կախված աշխարհագրական տեղադիրքից, գոյացող աղբի քանակից և տեսակից:

2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:

(3-րդ հոդ. փոփ. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հոդված 4. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և զարգացման ուղղություններն ու նպատակները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը և չեզոքացումը.

2) բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.

3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը և տարածքների մաքրումը աղբից.

4) առաջացող աղբի քանակի նվազեցումը.

5) աղբի տեսակավորման, վերաօգտագործման, վերամշակման և օգտահանման գործողությունների կիրառումը և աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալների նվազեցումը.

6) շրջանաձև տնտեսության խթանումը.

7) աղբահանության ծառայության վճարովի լինելը:

2. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության զարգացման ուղղություններն ու նպատակներն են`

1) աղբահանության և սանիտարական մաքրման պարտադիր և պարբերաբար իրականացումը.

2) աղբի տեսակավորված համակարգի ներդրումը.

3) հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման ապահովումը.

4) առաջացող աղբի առավելագույն օգտահանումը.

5) սակավաթափոն և անթափոն միջոցառումների և տեխնոլոգիաների կիրառումը.

6) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը.

7) ոլորտում միջհամայնքային համագործակցությունը.

8) համայնքային բյուջեի հաշվին կամ հանրային-մասնավոր համագործակցության շրջանակներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:

(4-րդ հոդ. փոփ. 28.06.19 ՀՕ-119-Ն, խմբ. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

Հոդված 4.1.  Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման համակարգումը.

2) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

3) աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների, թափոնների հավաքման, տեսակավորման, տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման, առաջացող աղբի քանակի նվազեցմանն ուղղված մեխանիզմների ներդրումը.

3.1) սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին.

3.2) հաստատում է Հայաստանի Հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմաները.

3.3) հաստատում է գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմերը.

4) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(4.1-ին հոդ. լրաց. 22.05.18 ՀՕ-330-Ն, փոփ. 10.09.19 ՀՕ-165-Ն, 13.04.23 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

Հոդված 4.2.  Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

1) մասնակցությունը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.

2) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրերի կազմումը.

3) աղբահանության ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և համակարգումը.

4) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը.

4.1) աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների նախագծման, կառուցման, շահագործման նորմերի ու կարգերի, աղբի տարբեր տեսակների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգերի, աղբի հավաքման և փոխադրման համար ներգրավվող կազմակերպությունների համար գործունեության պայմանների, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի մեթոդական ուղեցույցների հաստատումը.

5) բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող աղբավայրերի վերացման (լիկվիդացման) աշխատանքների համակարգումը.

6) կոշտ կենցաղային թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության մասնակցությունը.

7) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(4.2-րդ հոդ. լրաց. 22.05.18 ՀՕ-330-Ն, 13.04.23 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

 

Հոդված 4.3.

Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը

 

1. Աղբը սեփականության օբյեկտ է: Աղբ առաջացնողը ձեռք է բերում աղբի սեփականության իրավունք դրա գոյացման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնց գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, և իրենց սեփականության իրավունքի իրացման ընթացքում պարտավոր են միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի և հանրային առողջության վնասը կանխելու համար:

3. Աղբի սեփականատերն իրավունք ունի դրա տնօրինման, այդ թվում` օտարման և հեռացման այլ գործարքի պայմանագրի հիման վրա այլ անձանց փոխանցելու սեփականության իրավունքը, եթե այդ անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբահանության ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն:

4. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան այն սեփականության իրավունքով կամ որևէ այլ իրավունքով տիրապետման կամ օգտագործման տարածքից հեռացնելու պահից:

5. Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել է իրենց չպատկանող աղբ, պարտավոր են հայտնաբերվելուց հետո` ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին: Տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել տեղեկացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

(4.3.-րդ հոդ. լրաց. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

 

Հոդված 4.4. 

Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը հաստատում է համայնքի ավագանին` համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, ինչպես նաև ամենամյա աշխատանքների պլաններին կից հավելվածով:

2. Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առկա իրավիճակի գնահատում.

2) պլանավորում.

3) մշտադիտարկում և հաշվետվողականություն:

3. Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանի մեթոդական ուղեցույցը հաստատում է աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը:

(4.4.-րդ հոդ. լրաց. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հոդված 5. Աղբահանության վճարը

 

1. Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու սահմանած չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

2. Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք հաջորդ ամսվա 5-ը ներառյալ պարտադիր աղբահանության վճար վճարողներին իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին: Ընդ որում, իրազեկումն իրականացվում է համայնքի պաշտոնական կայքում հրապարակելով, իսկ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերի ու շինությունների դեպքում` աղբահանության համար վճարողի հաշվառման հասցեին կամ նրա տրամադրած էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով:

3. Աղբահանության լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջև կնքվում է պայմանագիր` սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձևը:

(5-րդ հոդ. լրաց. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հոդված 6. Աղբահանության վճար վճարողների շրջանակը

 

1. Աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:

Եթե միևնույն գույքի նկատմամբ սույն օրենքի իմաստով աղբահանության վճար վճարող են համարվում մեկից ավելի անձինք, ապա աղբահանության վճարի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

2. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը փոխադրվում և տեղադրվում է սեփական միջոցներով` սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված թույլտվության հիման վրա կամ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

3. Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է, բացառությամբ սույն օրենքի 21.1-ին հոդվածով սահմանված դեպքերի:

(6-րդ հոդ. փոփ. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հոդված 7. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորումը

 

i

1. Համայնքի տարածքում իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով (ծրագրերով) կամ արտաբյուջետային հաշվից: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում սույն մասով սահմանված աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել այլ աղբյուրներից:

(7-րդ հոդ. փոփ. 28.06.19 ՀՕ-119-Ն օրենք)

 

i
Հոդված 8. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողը

 

i

1. Համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են համապատասխան տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությամբ անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կարող են ֆինանսավորվել և (կամ) իրականացվել ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք կարող են իրականացնել խոշոր եզրաչափերի աղբի հավաքումը և փոխադրումը` տվյալ համայնքի ավագանու հաստատած դրույքաչափերին համապատասխան:

3. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան, կարող է իրականացնել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը սույն հոդվածով նախատեսված` աղբի հավաքման և փոխադրման թույլտվության հիման վրա:

4. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին` աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:

5. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով:

6. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը պետք է ուղղված լինեն սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակացույցին և սույն օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան աղբահանության իրականացման ապահովմանը:

i

7. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար` վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:

8. Տեսակավորված աղբի հավաքում և փոխադրում կարող են իրականացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք, ինչպես նաև աղբի սեփականատերը, իրավաբանական, ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը` համայնքի թույլտվության հիման վրա:

(8-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-235-Ն, 28.06.19 ՀՕ-119-Ն, 13.04.23 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 9. Աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպմանը ներկայացվող պահանջները

 

1. Աղբահանությունը և սանիտարական մաքրումը պարտադիր և պարբերաբար իրականացվող աշխատանքներ են` օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:

 

Հոդված 10. Աղբի հավաքմանը և պահմանը ներկայացվող պահանջները

 

1. Աղբի հավաքումը կատարվում է`

1) անմիջապես աղբ գոյացնողից և տեղափոխվում է անմիջապես աղբատար մեքենա` առանց աղբամաններում կուտակելու.

2) աղբամանների միջոցով` աղբը հավաքվում կամ պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում այդ նպատակով սահմանված կամ նախատեսված հատուկ հարթակների վրա տեղադրված` համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

3) աղբամուղների միջոցով` աղբը հավաքվում է աղբահավաք խցերում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

4) փոխաբեռնման կայանների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում, սեղմվում և ըստ անհրաժեշտության` տեսակավորվում է աղբը` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, այնուհետև տեղափոխվում վերամշակման, օգտահանման արտադրամասեր կամ աղբավայր.

5) աղբի հավաքման կենտրոնների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում է տեսակավորված աղբը դրա հետագա գործածության նպատակով: Ընդ որում, աղբի հավաքման կենտրոններ տեսակավորված աղբը կարող են տեղափոխել օպերատորը, ինչպես նաև ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրենց միջոցների հաշվին` համայնքի ղեկավարի թույլտվությամբ:

2. Համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում առաջացող աղբի համար համայնքը կամ օպերատորը տեղադրում է աղբամաններ կամ կոնտեյներներ` սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան:

3. Շինարարական աղբը, ինչպես նաև խոշոր եզրաչափերով աղբը հավաքվում է անմիջապես աղբ գոյացնողից` առանց աղբամաններում կուտակելու կամ պահվում է աղբահանության վճար վճարողների ձեռք բերած կամ համայնքի կամ օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց տրամադրած և դրանց համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում, որոնք տեղադրվում են աղբահանության վճար վճարողների համապատասխան տարածքներում, եթե այլ բան չի սահմանել համայնքի ավագանին: Ընդ որում, համայնքը կամ օպերատորը աղբամանները կամ կոնտեյներները աղբահանության համար վճարողների պահանջով կարող է տրամադրել վարձակալության հիմունքներով:

3.1. Օգտահանման և վերամշակման ենթակա աղբը (թղթե, ապակե, պլաստիկ և կենսաքայքայվող աղբը) հավաքվում է համայնքի, օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց տրամադրած առանձնացված աղբամաններում կամ կոնտեյներներում:

3.2. Վտանգավոր թափոնների հավաքման գործընթացներն իրականացվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերի պահանջները: Ընդ որում, աղբը պետք է փոխադրվի մինչև կոնտեյներների ամբողջությամբ լցվելը:

4.1. Աղբամաններում արգելվում է տեղադրել կամ պահել արտադրական թափոնները, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները, սնդիկ պարունակող լամպերը և այլ արտադրանք, էլեկտրական կուտակիչները և մարտկոցները, անվադողերը, այրվող, շիկացած կամ տաք աղբը, բժշկական թափոնները, խոշոր եզրաչափերի աղբը, ձյունը և սառույցը, հեղուկ թափոնները, ինչպես նաև այլ վտանգավոր թափոններ, որոնք կարող են վնաս հասցնել աղբահանություն կատարող անձանց կյանքին և առողջությանը:

 

ԻՐՏԵԿ     10-րդ հոդ. 4.1.-րդ մասն ուժի մեջ է մտնում 01.01.2025 թվականից` 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք:

5. Արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում:

(10-րդ հոդ. փոփ. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հոդված 11. Աղբի փոխադրմանը ներկայացվող պահանջները

 

1. Աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը:

2. Աղբի փոխադրումն իրականացվում է դրա համար նախատեսված հատուկ մասնագիտացված տեխնիկայի և համապատասխան անձնակազմի միջոցով` սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան:

3. Շինարարական, խոշոր եզրաչափերի, օգտահանման և վերամշակման ենթակա աղբը փոխադրվում է առանձին-առանձին` սահմանված նորմերին ու կանոններին համապատասխան:

(11-րդ հոդ. լրաց. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հոդված 12. Աղբի տեղադրմանը և աղբավայրերի շահագործմանը ներկայացվող պահանջները

 

1. Աղբը տեղադրվում է բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրերում կամ ենթարկվում է վերամշակման:

2. Աղբավայրերում աղբի տեղադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:

3. Համայնքային աղբավայրերի դեպքում աղբի տեղադրման համար վճարը սահմանում է համայնքի ավագանին:

4. Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում:

5. Արգելվում է պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի և այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների և մարտկոցների, փոխադրամիջոցների և դրանց անվադողերի, ինչպես նաև առանց հատուկ տարաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնների տեղադրումը աղբավայրերում:

 

ԻՐՏԵԿ    12-րդ հոդ. 5-րդ մասն ուժի մեջ է մտնում 01.01.2025 թվականից` 13.04.2023 ՀՕ-137-Ն օրենք:

6. Սահմանափակվում է կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում:

7. Արգելվում է աղբավայրում աղբի բաց եղանակով այրումը:

8. Աղբավայրերը շահագործող օպերատորները շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում են աղբավայրի հսկողություն, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումներ աղբի ինքնայրումը կանխելու համար:

(12-րդ հոդ. փոփ և լրաց. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հոդված 13. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեման պարունակում է հետևյալ հիմնական տարրերը. առաջացող աղբի ծավալների հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման և փոխադրման մեթոդներն ու ժամային գրաֆիկները, աղբի տեղադրման, տեսակավորման և վնասազերծման, վերամշակման ու օգտահանման ձևերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:

2. Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին:

3. Աղբի հավաքման, կուտակման, ժամանակավոր պահման, փոխադրման, վերաօգտագործման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և աղբավայրում տեղադրման գործունեության կազմակերպման համար հանրապետության աղբահանության տարածաշրջանային գոտիավորված տարածքների համար հաստատվում են աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները, որոնք ներառում են`

1) գոտիավորված տարածքում աղբ առաջացնող աղբյուրների վերաբերյալ տվյալներ.

2) գոտիավորված տարածքում գոյացող աղբի ծավալի և տեսակների վերաբերյալ տվյալներ.

3) գոտիավորված տարածքում վերաօգտագործման, վնասազերծման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի նպատակային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.

4) գոտիավորված տարածքում աղբի կուտակման վայրերի գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն.

5) գոտիավորված տարածքում օգտահանման, վնասազերծման, վերամշակման ենթակա աղբի և աղբի հեռացման օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ.

6) գոտիավորված տարածքում նախատեսվող աղբի վերամշակման, օգտահանման, վնասազերծման օբյեկտների և աղբավայրերի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն.

7) գոտիավորված տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեմայի էլեկտրոնային մոդել:

4. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները ենթակա են հրապարակման դրանց հաստատումից հետո` եռօրյա ժամկետում:

(12-րդ հոդ. փոփ. և լրաց. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԸ, ԴՐԱ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i
Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը և հաշվարկման մեթոդները

 

1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական հիսունից մինչև չորս հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ, կամ

2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև քսանհինգ Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչև հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` տասնհինգից մինչև քսան Հայաստանի Հանրապետության դրամ.

4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` երեքից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ութ Հայաստանի Հանրապետության դրամ.

5) արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար` ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին` կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով.

7) շինություններում (այդ թվում` առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:

2.1. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:

2.2. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

3. Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2.1-ին մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` երեք հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ

2) ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` տասը հազար Հայաստանի Հանրապետության դրամ.

3) (14-րդ հոդ. 3-րդ կետն ուժը կորցրել է 12.05.23 թվականից` 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2.1-ին մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին:

3.2. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը` սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման` համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները:

3.3. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաև աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:

4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու` օրենքով սահմանած կարգով` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 14.10.2019 թվականից` 10.09.19 ՀՕ-165-Ն օրենք)

(14-րդ հոդ. փոփ. 22.05.18 ՀՕ-330-Ն, 10.09.19 ՀՕ-165-Ն, 13.04.23 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Աղբահանության վճարի հաշվարկման կարգը

 

1. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատվածը օրացուցային ամիսն է:

2. Անշարժ գույքի սեփականատիրոջ` ցանկացած հիմքով փոփոխության դեպքում նոր սեփականատիրոջն է անցնում աղբահանության վճարի գծով նախկին սեփականատիրոջ չկատարած պարտավորությունը կամ գերավճարի իրավունքը:

3. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալի կամ անհատույց օգտագործողի` աղբահանության վճարի գծով պարտավորությունները փոխանցվում են համապատասխանաբար պետությանը կամ համայնքին, եթե այլ բան նախատեսված չէ նոր վարձակալի կամ անհատույց օգտագործողի հետ կնքված գործարքով:

4. Աղբահանության վճար վճարողի պարտավորությունը դադարում է դրամական միջոցների վճարմամբ կամ ֆիզիկական անձ համարվող վճարողի մահվամբ, եթե`

1) վճարողի անշարժ գույքն անժառանգ ճանաչվելու հիմքով փոխանցվել է համայնքին ի սեփականություն.

2) պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման` մահացածի իրավունքը այլ անձի չի փոխանցվել:

 

Հոդված 16. Աղբահանության վճարը հաշվարկողի կողմից սխալ հաշվարկվելու դեպքում պակաս վճարված աղբահանության վճարի գումարների վերահաշվարկումն ու վճարումը

 

i

1. Աղբահանության վճարը հաշվարկողի կողմից սխալ հաշվարկվելու դեպքում պակաս վճարված աղբահանության վճարի` գրավոր տեղեկացնելու օրվա դրությամբ հաշվարկված`

1) գումարները վճարում է աղբահանության վճար վճարողը` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար, եթե սխալ հաշվարկի համար պատճառ են դարձել աղբահանության վճար վճարողի ներկայացրած կեղծ տվյալները.

2) գումարների վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը վճարում է հաշվարկող մարմինը, բացառությամբ սույն մասի 3-րդ կետում նշված դեպքերի.

3) գումարների վճարումն ուշացնելու տույժեր չեն հաշվարկվում, եթե հաշվարկող մարմինը տեղական ինքնակառավարման մարմինն է.

4) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարները ներառվում են և ենթակա են վճարման ընթացիկ ամսվա վճարի հետ: Աղբահանության վճար վճարողի կամ հաշվարկող մարմնի դիմումի առկայությամբ դիմումատուի հետ համայնքի ղեկավարը կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմել վճարման ժամանակացույց, որով սույն կետում նշված գումարների մարման ժամկետը կարող է սահմանվել ժամանակացույցի կնքման օրվանից առավելագույնը 6 ամիս: Սահմանված ժամանակացույցի` աղբահանության վճար վճարողի կողմից առաջին իսկ խախտման դեպքում կիրառվում են սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժերը:

 

Հոդված 17. Աղբահանության վճարի գերավճարները

 

1. Աղբահանության վճարի ավել մուծված գումարները (ներառյալ` աղբահանության վճարը հաշվարկողի կողմից սխալ հաշվարկվելու դեպքում ավել վճարված գումարները) հաշվարկվում են որպես կանխավճար, կամ այդ վճարը վճարողի դիմումի հիման վրա ենթակա է համայնքի կողմից վերադարձման` դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում, անկախ օպերատորի հետ պայմանագրի լուծման հանգամանքից:

 

Հոդված 18. Աղբահանության վճարի վճարման կարգը

 

1. Յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ անկանխիկ` հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

2. Աղբահանության վճարի դրույքաչափի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում աղբահանության վճար հաշվարկողը հաջորդող ամսվա 10-ը ներառյալ աղբահանության վճար վճարողներին իրազեկում է հաշվարկված վճարի չափի մասին:

 

i
Հոդված 19. Աղբահանության վճար վճարողներին հաշվառողները, աղբահանության վճարը հաշվարկողները և աղբահանության վճարի գանձումը

 

1. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը և համայնքի բյուջե փոխանցումն իրականացնում է համայնքի ղեկավարը:

i

2. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու կողմից կարող են վերապահվել օպերատորին կամ այլ կազմակերպությանը (կազմակերպություններին):

3. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը օպերատորի կամ այլ կազմակերպության կողմից իրականացվելու դեպքում օպերատորը կամ տվյալ կազմակերպությունը համայնքի ղեկավարին է ներկայացնում ամսական տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների (հաշվետվություն) վերաբերյալ:

i

4. Աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը սահմանում է համայնքի ավագանին:

5. Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 20. Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքները և պարտականությունները

 

1. Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքներն են`

1) ինքնուրույն հաշվարկել իրենց կողմից կատարվող վճարի չափը և ստուգել դրա համապատասխանությունը կատարված հաշվարկների հետ.

2) ծանոթանալ իրենց կողմից կատարվող վճարի չափին և հաշվարկներին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ իրենց կատարած վճարումների մասին.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկել աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման իրեն վերաբերող գործողությունները.

4) համայնքից, օպերատորից կամ կազմակերպությունից պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով սեփական միջոցների հաշվին կատարած աղբահանության ծախսերի հատուցում:

2. Աղբահանության վճար վճարողները պարտավոր են`

1) սույն օրենքով սահմանված ժամկետում և սահմանված դրույքաչափով վճարել աղբահանության վճարը.

2) խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում պատվիրել նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրումը.

3) աղբը պահել և թափել դրա համար սահմանված կամ նախատեսված վայրերում:

 

Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Աղբահանության վճարի վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,075 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից:

i

3. Օպերատորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` համայնքի բյուջե վճարելով տուգանք` չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աղբահանության յուրաքանչյուր դեպքի համար` հիսուն հազար դրամի չափով, եթե օպերատորի և համայնքի միջև կնքված պայմանագրով ավելի մեծ տուգանք սահմանված չէ:

Տուգանքի վճարումն օպերատորին չի ազատում չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորության կատարումից: Օպերատորի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը (մարմինը):

i

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված անձինք համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից սույն օրենքով նախատեսված` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտելու դեպքում:

(21-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-289-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.1 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ

 

Հոդված 21.1.  Տնտեսական խթանիչների կիրառումը  

 

1. Աղբահանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները կիրառում են տնտեսական խթանիչներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` սույն օրենքի 14-րդ հոդվածում ամրագրված վճարների նվազեցմամբ` աղբի կանոնավորված տեսակավորման, դրա գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու դեպքերում:

(4.1-րդ գլուխը լրաց. 13.04.23 ՀՕ-137-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ու աղբահանություն և (կամ) սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերը գործում են, կամ դրանց գործողությունը կարող է երկարաձգվել, ինչպես նաև համանման պայմանագրեր կարող են կնքվել մինչև սույն օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխան օպերատորի հետ կնքված պայմանագրով նախատեսված օպերատորի կողմից պարտավորությունների կատարման ժամկետի սկիզբը:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, համայնքի ավագանին սահմանում է աղբահանության դրույքաչափերը, ընդ որում` աղբահանության վճարը հաշվարկվում է աղբահանության դրույքաչափը սահմանելուն հաջորդող ամսվանից և գանձվում է սույն օրենքով սահմանված կարգով:

i

4. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հուլիսի 15
Երևան
ՀՕ-237-Ն

 

pin
ՀՀ 23.06.2011
N ՀՕ-237-Ն օրենք