Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՊԱՀԸ ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/18502/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18502/02/18        2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ         Ս. Թորոսյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ընդդեմ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի, պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի, սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի` «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի միջև 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը 24.09.2017 թվականից լուծված ճանաչելու, գրավի առարկա հանդիսացող գույքերը «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին վերադարձնելուն պարտավորեցնելու, ՀՀ կադաստրի կոմիտեին 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագրից բխող վարձակալության իրավունքի գրանցումը դադարեցնել պարտավորեցնելու պահանջների մասին

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (այսուհետ նաև` Բանկ) պահանջել է 24.09.2017 թվականից լուծված ճանաչել «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) միջև 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը, պարտավորեցնել վերադարձնել գրավի առարկա հանդիսացող գույքերը «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին, ինչպես նաև պարտավորեցնել դադարեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագրից բխող վարձակալության իրավունքի գրանցումը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 09.12.2019 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Նարինե Բեգլարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորն ի սկզբանե կարևորել է և իր պահանջի հիմքում դրել է հենց վարձակալության պայմանագիրը լուծված լինելու հանգամանքը, հայցն ամբողջությամբ կառուցված է հայցվորի այն պնդման վրա, որ վարձակալության պայմանագիրը 27.09.2017 թվականից լուծված է: Դատարանում հայցվորի բոլոր փաստարկներն ու ներկայացրած ապացույցները ուղղված են եղել այդ հանգամանքն իր կողմից ապացուցելու, հիմնավորելու նպատակին, ինչը նաև բխում է հենց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:

Գործի համար նշանակություն ունեցող այլ փաստերի ապացուցման խնդիր տվյալ դեպքում գոյություն չունի, խնդիրը հանգում է նույն փաստին` պայմանագիրը 27.09.2017 թվականից լուծված լինելուն: Եթե հենց այդ նույն փաստն է դրված հայցի հիմքում և դրա ապացուցման դատավարական պարտականությունը կրում է հայցվորը, իսկ ապացուցման բեռը բաշխելու որոշմամբ այդ փաստը որպես ապացուցման կարիք չունեցող փաստ չնշելը որևէ կերպ չէր կարող անդրադառնալ ո՛չ հայցվորի իրավունքների, և ո՛չ էլ` գործի ելքի վրա:

Ընկերությունը գործի քննության ընթացքում ներկայացրել է թիվ ԵԿԴ/0498/02/18 քաղաքացիական գործով վճիռը, մատնանշել դրանով հաստատված փաստը, ուստի անհիմն են հայցվորի պնդումը և Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, թե իբր հայցվորը հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնել վճռի հիմքում դրված ապացույցների վերաբերյալ:

Հատկանշական է, որ Վերաքննիչ դատարանն իր հետևություններով չի էլ հերքել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման իրավաչափությունը:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ «գործի նոր քննությամբ անհրաժեշտ է քննության առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք վարձակալության պայմանագիրը դադարած ճանաչելու պահանջը կարող է նույնացվել գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի հետ»:

Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե այս հանգամանքը որ իրավանորմի կիրառման, որ հարցի պարզման համար նշանակություն ունի: Եթե Վերաքննիչ դատարանն այս հարցը կարևորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար, ապա այս առումով և ընդհանրապես այլ առումներով նշված հանգամանքը որևէ նշանակություն չունի սույն գործի լուծման համար:

Երկու քաղաքացիական գործերով հայցի առարկաները տարբեր են, սակայն նշված դատավարական նորմի կիրառումը չի պայմանավորվում հայցի առարկան նույնը լինելու հանգամանքով, ինչը հստակ է այդ իրավանորմի բովանդակությունից: Երկու գործերով էլ հայցի հիմքում դրված է եղել վարձակալության նույն պայմանագիրը լուծված լինելու հայցվորի պնդած հանգամանքը, ինչի վերաբերյալ Դատարանը հանգել է օրինական ու հիմնավորված հետևության:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.12.2019 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է, Վերաքննիչ դատարանի 15.04.2020 թվականի որոշումը իրավաչափ է, չկա նյութական և դատավարական նորմերի որևէ խախտում, հետևաբար ենթակա չէ բեկանման:

Բողոք բերած անձի կողմից մատնանշված և Սնանկության դատարանի կողմից գնահատված փաստերը, որոնք հաստատվել են ԵԿԴ/0498/02/18 քաղաքացիական գործով, վերաբերելի չեն սույն դատական գործին, քանի որ տարբեր են նախորդ դատական գործով գործին մասնակցող անձանց շրջանակը, ինչպես նաև նախորդ գործով հայցի առարկան էականորեն տարբերվում է սույն դատական գործով հայցի առարկայից:

Նախորդ գործով հայցվորը պահանջել է վերադարձնել գույքն ապօրինի տիրապետումից, այնինչ սույն դատական գործով հայցվորի պահանջն է ըստ էության վարձակալության պայմանագիրը լուծված ճանաչելը և գույքը սեփականատիրոջը վերադարձնելը:

Սնանկության դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս ընդհանրապես անդրադարձ չի կատարել ապացուցման կարիք չունեցող փաստերի հարցին և չի անդրադարձել դրանց, չի վերհանել նման փաստեր և չի բացառել դրանց ապացուցման պարտականությունը: Ստացվում է, որ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 169-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր այն պարագայում, երբ վճռի հիմքում դրվել են ապացուցման կարիք չունեցող փաստեր, այսինքն` սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 169-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր: Մասնավորապես` մեկ այլ դատական գործով հաստատված փաստական հանգամանքները հաշվի չառնելու, ինչպես նաև գործին մասնակցող անձանց հետ ապացուցման ոչ ենթակա փաստերը քննարկելով, միևնույն ժամանակ ապահովելով մրցակցության սկզբունքը և դրանք ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանելու դեպքում դատարանը կկայացներ հայցը բավարարելու մասին վճիռ:

Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է խախտումները և իրավացիորեն բեկանել է Սնանկության դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2016 թվականի վճռով «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 02.09.2016 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Անդրանիկ Ելինյանը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 27.12.2016 թվականին որոշել է թույլատրել «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկում և «Էյչ-Էս-Բի-Սի-Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում գրավադրված անշարժ և շարժական գույքերը` ըստ դատարանի որոշմամբ սահմանված ցանկի և պայմանների, վարձակալությամբ հանձնել «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերությանը:

2) «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերությունը, հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի 28.12.2016 թվականի թիվ ԵՇԴ/0111/04/16 որոշումը, գրավառու «Էյչ-Էս-Բի-Սի-Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության և Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի 21.12.2016 թվականի և 23.12.2016 թվականի համաձայնությունները, 29.12.2016 թվականին կնքել են վարձակալության պայմանագիր (այսուհետ Պայմանագիր): Պայմանագրի հիման վրա պատասխանող ընկերությանը վարձակալությամբ հանձնվել են Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածներով սահմանված սարքավորումները, տրանսպորտային միջոցները, անշարժ գույքը (թվով երեք անշարժ գույք, թվով տասնինը տրանսպորտային միջոց, երկու կցակցորդ և արտադրական նշանակության այլ գույքեր) Վարձակալության պայմանագրի հիման վրա գրանցվել է «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության վարձակալության իրավունքը ք. Երևան, Շիրակի 2/2, ինչպես նաև Շիրակի 2/4 և 2/5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ, այդ իրավունքը չի դադարեցվել մինչ օրս (հատոր 1-ին, գ.թ. 58-68):

3) Վարձակալության իրավունքի պետական գրանցումը հայցադիմում ներկայացնելու օրվա դրությամբ դադարած չի եղել:

4) 19.07.2017 թվականով թվագրված ծանուցմամբ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ծանուցել է «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ին, որ օգտվում է Վարձակալության պայմանագրի 2.4.6 և 5.5 կետերով ամրագրված իր իրավունքներից և պահանջում է վերադարձնել սահմանված մեկամսյա ժամկետում գրավի առարկա գույքը և լուծել վարձակալության պայմանագիրը:

Վարձակալած գույքը չի վերադարձվել, «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն շարունակել է տիրապետել և օգտագործել վարձակալած գույքը:

«Շեն Հոլդինգ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի` գույքն ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին, այն պատճառաբանությամբ, որ պայմանագրով սահմանված է տեղեկացման մեկամսյա ժամկետ, ուստի, հիմք ընդունելով Պայմանագիրը լուծելու մասին 21.08.2017 թվականին իր կողմից դիմած լինելու հանգամանքը, Պայմանագիրը համարվում է լուծված 22.09.2017 թվականից, ինչից էլ հետևում է գույքը վերադարձնելու պատասխանող ընկերության պարտավորությունը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0498/02/18 քաղաքացիական գործով 22.01.2019 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «Հայցվորի և պատասխանողի միջև 29.12.2016թ. կնքվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն Հավելված 1 և Հավելված 2 նշված գույքերը Վարձակալի ժամանակավոր տիրապետմանն են հանձնվում Վարձատուի կողմից, համապատասխան վճարի դիմաց: Վարձակալության պայմանագրի հիման վրա գրանցվել է պատասխանող ընկերության վարձակալության իրավունքը ք. Երևան, Շիրակի 2/2, ինչպես նաև Շիրակի 2/4 և 2/5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ: Վարձակալության իրավունքի դադարման վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Գործում առկա են «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից պատասխանող ընկերության անունով դուրս գրված հարկային հաշիվներ` տարածքի, գույքի վարձակալության, մեքենաների, սարքավորումների, ենթավարձակալության պայմանագրի հիման վրա կատարվող վճարների մասին: Վերջինը գրվել է 2018 թվականի դեկտեմբերին: Վերոգրյալներից հետևում է, որ վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը չի վերացվել, և վարձակալած գույքի, սարքավորումների, և պայմանագրով մատնանշված այլ վարձավճարների վերաբերյալ ներկայացվում են հարկային հաշիվներ: Այսինքն, դատարանն արձանագրում է, որ վարձակալության պայմանագիրը դադարած չի համարվում, և պայմանագրից բխող պարտավորությունները կողմերը դեռ կատարում են»:

5) «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերության և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության միջև 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը փաստացի լուծված լինելու փաստը հիմնավորող ապացույցներ գործում առկա չեն:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետական գրանցման ենթակա պայմանագրի լուծման պահը որոշելու համար անհրաժեշտ փաստերի հաստատման իրավական խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`

1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.

3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.

4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.

5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.

6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.

7) անհիմն հարստացման հետևանքով.

8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.

9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ. քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18 գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն` վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 611-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ են հայտարարվում`

ա) վարձակալի և վարձատուի համատեղ դիմումի հիման վրա.

բ) անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում.

գ) վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում:

Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի համապատասխան բաժնում կատարվում է գրառում` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վարձակալության պայմանագրի դադարման դեպքում վարձակալի համար սահմանել է գույքն իր կողմից ստացված վիճակում (պայմանագրով նախատեսված վիճակում) վարձատուին վերադարձնելու պարտավորություն, ուստի և վարձակալության պայմանագիրը լուծված կարող է համարվել դրա առարկայի նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման դադարեցումը, քանի որ օրենսդիրը հստակ սահմանել է, որ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքները, այդ թվում` դրանց դադարումը ենթակա են պետական գրանցման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պետական գրանցման ենթակա պայմանագիրը կարող է լուծված համարվել բացառապես պայմանագրի լուծումը պետական լիազորված մարմնում գրանցվելու պահից:

Դիմելով Դատարան Բանկը պահանջել է 24.09.2017 թվականից լուծված ճանաչել «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերության և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության միջև 29.12.2016 թվականի անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ «(...) վիճելի վարձակալության պայմանագիրը լուծված ճանաչելու համար հայցվորի կողմից պետք է ապացուցվեր պայմանագիրը փաստացի լուծված լինելու փաստը, մինչդեռ պայմանագրի կողմերի վարքագիծը հիմնավորում է այն, որ պայմանագիրը շարունակում է գործել, իսկ հայցվոր կողմը հիմնական հայցապահանջը հիմնավորող ապացույց դատարանին չի ներկայացրել: Ավելին, հայցադիմումի 1.11 կետում հայցվորը նշել է, որ վարձակալության պայմանագիրն առ այսօր լուծված չէ (...)»:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, արձանագրել է, որ «(...) որ Դատարանը 14.08.2019 թվականի որոշմամբ բաշխել է ապացուցման բեռը, որում չի սահմանել ապացուցման կարիք չունեցող փաստերը: Ստանալով նման որոշում, Հայցվորի մոտ համոզմունք է ձևավորվել, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ մատնանշված փաստերից բացի այլ փաստեր ենթակա չեն ապացուցման, (այդ թվում` Դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրված թիվ ԵԿԴ/0498/02/18 քաղաքացիական գործով վճռի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու առումով), պետք է դատարան ներկայացնել միայն այնպիսի ապացույցներ, որոնք հիմնավորում են իր կողմից վկայակոչված փաստական հանգամանքները, որ դրանք լիովին ամբողջացնում են ապացուցման առարկան և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ փաստի ապացուցման անհրաժեշտություն չկա: (...): Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննությամբ անհրաժեշտ է քննության առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք վարձակալության պայմանագիրը դադարած ճանաչելու պահանջը կարող է նույնացվել գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի հետ»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ` 1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով. 2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով. 3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

i

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև` կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:

Նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:

Նախորդ գործի քննությանը մասնակցող անձանց կազմի նեղացումը, կամ ընդլայնումը չի կարող հանգեցնել նախորդ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքների վերաորակմանը և որևէ կերպ նսեմացնել դրանց նշանակությունն ու արժանահավատությունը:

Նախադատելիության առանձնահատկությունը պայմանավորված է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի լայն իմաստով քաղաքացիական հարաբերությունների կայունության համար` դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես, այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն «Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է (...) ապացուցման կարիք չունեցող փաստերը,..»:

Նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` «Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` (...) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, ...»:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան, մասնավորապես ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է նաև ապացուցման կարիք չունեցող փաստերը: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` քննելով ԵԴ/0498/02/18 քաղաքացիական գործն ըստ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի հայցի ընդդեմ «ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ` գույքն ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին, 22.01.2019 թվականին վճռել է «Հայցը մերժել: Նույն վճռով դատարանը հաստատված է համարել, որ «վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը չի վերացվել, և վարձակալած գույքի, սարքավորումների, և պայմանագրով մատնանշված այլ վարձավճարների վերաբերյալ ներկայացվում են հարկային հաշիվներ: Այսինքն, դատարան արձանագրում է, որ վարձակալության պայմանագիրը դադարած չի համարվում և պայմանագրից բխող պարտավորությունները կողմերը դեռ կատարում են»: Տվյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով Բանկը խնդրել է 24.09.2017 թվականից լուծված ճանաչել «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը, մինչդեռ ԵԴ/0498/02/18 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը չի վերացվել, վարձակալության հարաբերությունները փաստացի շարունակվում են, այսինքն` վարձակալության պայմանագիրը դեռևս 2017 թվականի սեպտեմբերից լուծված չլինելու փաստը կրկին անգամ ապացուցման ենթակա չէր:

Դատարանը պայմանագիրը փաստացի լուծված լինելու փաստի ապացուցման բեռը դրել է Բանկի վրա, վերջինը այս ուղղությամբ որևէ ապացույց չի ներկայացրել ավելին, հայցադիմումի 1.11 կետում Բանկը նշել է, որ վարձակալության պայմանագիրն առ այսօր լուծված չէ:

Դատարանի 14.08.2019 թվականի որոշմամբ բաշխված ապացուցման բեռի իրավաչափությունը Բանկը վերաքննիչ բողոքով չի վիճարկել այլ վիճարկել է բացառապես որոշմամբ ապացուցման կարիք չունեցող փաստերը սահմանված չլինելը:

Վերաքննիչ դատարանի` եզրահանգումներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը 14.08.2019 թվականի որոշմամբ բաշխելով ապացուցման բեռը, չի սահմանել ապացուցման կարիք չունեցող փաստերը և արձանագրել որ գործի նոր քննությամբ անհրաժեշտ է քննության առարկա դարձնել այն հարցը թե արդյո՞ք վարձակալության պայմանագիրը դադարած ճանաչելու պահանջը կարող է նույնացվել գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի հետ:

i

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`. դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Չնայած, Դատարանը 14.08.2019 թվականին որոշմամբ չի սահմանել ապացուցման կարիք չունեցող փաստերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չէր կարող, քանի որ չի հանգեցրել գործի սխալ լուծման:

Մասնավորապես, Հայցվորն ի սկզբանե կարևորել է և իր պահանջի հիմքում դրել է հենց վարձակալության պայմանագիրը լուծված լինելու հանգամանքը, հայցն ամբողջությամբ կառուցված է հայցվորի այն պնդման վրա, որ վարձակալության պայմանագիրը 27.09.2017 թվականից լուծված է: Առաջին ատյանի դատարանում հայցվորի բոլոր փաստարկներն ու ներկայացրած ապացույցները ուղղված են եղել այդ հանգամանքն իր կողմից ապացուցելու, հիմնավորելու նպատակին, ինչը նաև բխում է հենց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի իրավակարգավորումից և եթե ապացուցման դատավարական պարտականությունը դրվել է հայցվորի վրա, ապա ապացուցման բեռը բաշխելու որոշմամբ այդ փաստը որպես ապացուցման կարիք չունեցող փաստ չնշելը որևէ կերպ չէր կարող ազդել գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանի սույն եզրահանգումը պայմանավորված է նաև նրանով, որ սույն գործով նախնական դատական նիստին, որին մասնակցել են կողմերը, Դատարանը պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, վիճելի իրավահարաբերության բնույթը, սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց միջև բաշխել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, ապացույց ներկայացնելու համար ժամկետ է տրամադրել, գործը նշանակել դատաքննության:

Բացի այդ, դատական ակտից վկայակոչված պատճառաբանությունից հետևում է, որ Դատարանը գործի քննության ընթացքում քննարկման առարկա չդարձված որևէ փաստ դատական ակտը չի բովանդակում, Դատարանի եզրահանգման հիմքում մատնանշված չէ հայցվորի կողմից ապացուցման ենթակա, սակայն չապացուցված փաստ: Նման պայմաններում Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չէր կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես դատավարական իրավունքի խախտում դիտված «ապացուցման կարիք չունեցող փաստերի» չսահմանումը ապացուցման բեռի բաշխման որոշմամբ չէր կարող դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ, հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավաչափ չէ նաև ստորադաս դատարանին տրված գործի նոր քննության ծավալը, քանի որ այն վերաբերում է ոչ թե գործի քննության համար էական հանգամանքների որոշմանը, այլ ընդհանուր բնույթի իրավական հարցադրում է, որի վերաբերյալ դիրքորոշման արտահայտումը վերապահված է իրեն:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման, այնինչ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության:

 

Վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո ամբողջությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, վճռաբեկ բողոքի համար Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամը, Բանկից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 09.12.2019 թվականի վճռին:

2. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից հօգուտ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի

կողմից թիվ ԵԴ/18502/02/18 քաղաքացիական գործով 11.11.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

11.11.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 11-ին գրավոր ընթացակարգով քննելով «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ընդդեմ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի, պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի, սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի` «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի միջև 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը 24.09.2017 թվականից լուծված ճանաչելու, գրավի առարկա հանդիսացող գույքը «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին վերադարձնելուն պարտավորեցնելու, ՀՀ կադաստրի կոմիտեին 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագրից բխող վարձակալության իրավունքի գրանցումը դադարեցնել պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 09.12.2019 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Մ. Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (այսուհետ նաև` Բանկ) պահանջել է «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) միջև 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը 24.09.2017 թվականից լուծված ճանաչել, գրավի առարկա հանդիսացող գույքերը «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին վերադարձնել պարտավորեցնել, ՀՀ կադաստրի կոմիտեին 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագրից բխող վարձակալության իրավունքի գրանցումը դադարեցնել պարտավորեցնել:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 09.12.2019 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Նարինե Բեգլարյան)»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորն ի սկզբանե կարևորել է և իր պահանջի հիմքում դրել է հենց վարձակալության պայմանագիրը լուծված լինելու հանգամանքը, հայցն ամբողջությամբ կառուցված է հայցվորի այն պնդման վրա, որ վարձակալության պայմանագիրը 27.09.2017 թվականից լուծված է: Դատարանում հայցվորի բոլոր փաստարկներն ու ներկայացրած ապացույցները ուղղված են եղել այդ հանգամանքն իր կողմից ապացուցելու, հիմնավորելու նպատակին, ինչը նաև բխում է հենց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:

Գործի համար նշանակություն ունեցող այլ փաստերի ապացուցման խնդիր տվյալ դեպքում գոյություն չունի, խնդիրը հանգում է նույն փաստին` պայմանագիրը 27.09.2017 թվականից լուծված լինելուն: Եթե հենց այդ նույն փաստն է դրված հայցի հիմքում և դրա ապացուցման դատավարական պարտականությունը կրում է հայցվորը, իսկ ապացուցման բեռը բաշխելու որոշմամբ այդ փաստը որպես ապացուցման կարիք չունեցող փաստ չնշելը որևէ կերպ չէր կարող անդրադառնալ ո՛չ հայցվորի իրավունքների, և ո՛չ էլ` գործի ելքի վրա:

Ընկերությունը գործի քննության ընթացքում ներկայացրել է թիվ ԵԿԴ/0498/02/18 քաղաքացիական գործով վճիռը, մատնանշել դրանով հաստատված փաստը, ուստի անհիմն են հայցվորի պնդումը և Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, թե իբր հայցվորը հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնել վճռի հիմքում դրված ապացույցների մասին:

Հատկանշական է, որ Վերաքննիչ դատարանն իր հետևություններով չի էլ հերքել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման իրավաչափությունը:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նաև նշել է. «Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննությամբ անհրաժեշտ է քննության առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք վարձակալության պայմանագիրը դադարած ճանաչելու պահանջը կարող է նույնացվել գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի հետ»:

Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե այս հանգամանքը որ իրավանորմի կիրառման, որ հարցի պարզման համար նշանակություն ունի: Եթե Վերաքննիչ դատարանն այս հարցը կարևորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար, ապա այս առումով և ընդհանրապես այլ առումներով նշված հանգամանքը որևէ նշանակություն չունի սույն գործի լուծման համար:

Երկու քաղաքացիական գործերով հայցի առարկաները տարբեր են, սակայն նշված դատավարական նորմի կիրառումը չի պայմանավորվում հայցի առարկան նույնը լինելու հանգամանքով, ինչը հստակ է այդ իրավանորմի բովանդակությունից: Երկու գործերով էլ հայցի հիմքում դրված է եղել վարձակալության նույն պայմանագիրը լուծված լինելու հայցվորի պնդած հանգամանքը, ինչի վերաբերյալ Դատարանը հանգել է օրինական ու հիմնավորված հետևության:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.12.2019 թվականի վճռին»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն անհիմն է, Վերաքննիչ դատարանի 15.04.2020 թվականի որոշումը իրավաչափ է, չկա նյութական և դատավարական նորմերի որևէ խախտում, հետևաբար ենթակա չէ բեկանման:

Բողոք բերած անձի կողմից մատնանշված և Սնանկության դատարանի կողմից գնահատված փաստերը, որոնք հաստատվել են ԵԿԴ/0498/02/18 քաղաքացիական գործով, վերաբերելի չեն սույն դատական գործին, քանի որ տարբեր են նախորդ դատական գործով գործին մասնակցող անձանց շրջանակը, ինչպես նաև նախորդ գործով հայցի առարկան էականորեն տարբերվում է սույն դատական գործով հայցի առարկայից:

Նախորդ գործով հայցվորը պահանջել է վերադարձնել գույքն ապօրինի տիրապետումից, այնինչ սույն դատական գործով հայցվորի պահանջն է ըստ էության վարձակալության պայմանագիրը լուծված ճանաչելը և գույքը սեփականատիրոջը վերադարձնելը:

Սնանկության դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս ընդհանրապես անդրադարձ չի կատարել ապացուցման կարիք չունեցող փաստերի հարցին և չի անդրադարձել դրանց, չի վերհանել նման փաստեր և չի բացառել դրանց ապացուցման պարտականությունը: Ստացվում է, որ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 169-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր այն պարագայում, երբ վճռի հիմքում դրվել են ապացուցման կարիք չունեցող փաստեր, այսինքն` սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 169-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր: Մասնավորապես` մեկ այլ դատական գործով հաստատված փաստական հանգամանքները հաշվի չառնելու, ինչպես նաև գործին մասնակցող անձանց հետ ապացուցման ոչ ենթակա փաստերը քննարկելով, միևնույն ժամանակ ապահովելով մրցակցության սկզբունքը և դրանք ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանելու դեպքում դատարանը կկայացներ հայցը բավարարելու մասին վճիռ:

Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է խախտումները և իրավացիորեն բեկանել է Սնանկության դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«1) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2016 թվականի վճռով «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 02.09.2016 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Անդրանիկ Ելինյանը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 27.12.2016 թվականին որոշել է թույլատրել «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկում և «Էյչ-Էս-Բի-Սի-Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում գրավադրված անշարժ և շարժական գույքերը` ըստ դատարանի որոշմամբ սահմանված ցանկի և պայմանների, վարձակալությամբ հանձնել «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերությանը:

2) «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերությունը, հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի 28.12.2016 թվականի թիվ ԵՇԴ/0111/04/16 որոշումը, գրավառու «Էյչ-Էս-Բի-Սի-Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության և Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի 21.12.2016 թվականի և 23.12.2016 թվականի համաձայնությունները, 29.12.2016 թվականին կնքել են վարձակալության պայմանագիր (այսուհետ Պայմանագիր): Պայմանագրի հիման վրա պատասխանող ընկերությանը վարձակալությամբ հանձնվել են Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածներով սահմանված սարքավորումները, տրանսպորտային միջոցները, անշարժ գույքը (թվով երեք անշարժ գույք, թվով տասնինը տրանսպորտային միջոց, երկու կցակցորդ և արտադրական նշանակության այլ գույքեր) Վարձակալության պայմանագրի հիման վրա գրանցվել է «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության վարձակալության իրավունքը ք. Երևան, Շիրակի 2/2, ինչպես նաև Շիրակի 2/4 և 2/5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ, այդ իրավունքը չի դադարեցվել մինչ օրս (հատոր 1-ին, գ.թ. 58-68):

3) Վարձակալության իրավունքի պետական գրանցումը հայցադիմում ներկայացնելու օրվա դրությամբ դադարած չի եղել:

4) 19.07.2017 թվականով թվագրված ծանուցմամբ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ծանուցել է «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ին, որ օգտվում է Վարձակալության պայմանագրի 2.4.6 և 5.5 կետերով ամրագրված իր իրավունքներից և պահանջում է վերադարձնել սահմանված մեկամսյա ժամկետում գրավի առարկա գույքը և լուծել վարձակալության պայմանագիրը:

Վարձակալած գույքը չի վերադարձվել, «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն շարունակել է տիրապետել և օգտագործել վարձակալած գույքը:

«Շեն Հոլդինգ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի` գույքն ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին, այն պատճառաբանությամբ, որ պայմանագրով սահմանված է տեղեկացման մեկամսյա ժամկետ, ուստի, հիմք ընդունելով Պայմանագիրը լուծելու մասին 21.08.2017 թվականին իր կողմից դիմած լինելու հանգամանքը, Պայմանագիրը համարվում է լուծված 22.09.2017 թվականից, ինչից էլ հետևում է գույքը վերադարձնելու պատասխանող ընկերության պարտավորությունը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0498/02/18 քաղաքացիական գործով 22.01.2019 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «Հայցվորի և պատասխանողի միջև 29.12.2016թ. կնքվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն Հավելված 1 և Հավելված 2 նշված գույքերը Վարձակալի ժամանակավոր տիրապետմանն են հանձնվում Վարձատուի կողմից, համապատասխան վճարի դիմաց: Վարձակալության պայմանագրի հիման վրա գրանցվել է պատասխանող ընկերության վարձակալության իրավունքը ք. Երևան, Շիրակի 2/2, ինչպես նաև Շիրակի 2/4 և 2/5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ: Վարձակալության իրավունքի դադարման վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Գործում առկա են «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից պատասխանող ընկերության անունով դուրս գրված հարկային հաշիվներ` տարածքի, գույքի վարձակալության, մեքենաների, սարքավորումների, ենթավարձակալության պայմանագրի հիման վրա կատարվող վճարների մասին: Վերջինը գրվել է 2018 թվականի դեկտեմբերին: Վերոգրյալներից հետևում է, որ վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը չի վերացվել, և վարձակալած գույքի, սարքավորումների, և պայմանագրով մատնանշված այլ վարձավճարների վերաբերյալ ներկայացվում են հարկային հաշիվներ: Այսինքն, դատարանն արձանագրում է, որ վարձակալության պայմանագիրը դադարած չի համարվում, և պայմանագրից բխող պարտավորությունները կողմերը դեռ կատարում են»:

5) «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերության և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության միջև 29.12.2016 թվականին անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը փաստացի լուծված լինելու փաստը հիմնավորող ապացույցներ գործում առկա չեն»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

i

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետական գրանցման ենթակա պայմանագրի լուծման պահը որոշելու համար անհրաժեշտ փաստերի հաստատման իրավական խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`

1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.

3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.

4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.

5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.

6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.

7) անհիմն հարստացման հետևանքով.

8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.

9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ. քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`. պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18 գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն` վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 611-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ են հայտարարվում`

ա) վարձակալի և վարձատուի համատեղ դիմումի հիման վրա.

բ) անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում.

գ) վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում:

Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի համապատասխան բաժնում կատարվում է գրառում` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վարձակալության պայմանագրի դադարման դեպքում վարձակալի համար սահմանել է գույքն իր կողմից ստացված վիճակում (պայմանագրով նախատեսված վիճակում) վարձատուին վերադարձնելու պարտավորություն, ուստի և վարձակալության պայմանագիրը լուծված կարող է համարվել դրա առարկայի նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման դադարեցումը, քանի որ օրենսդիրը հստակ սահմանել է, որ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքները, այդ թվում` դրանց դադարումը ենթակա են պետական գրանցման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պետական գրանցման ենթակա պայմանագիրը կարող է լուծված համարվել բացառապես պայմանագրի լուծումը պետական լիազորված մարմնում գրանցվելու պահից:

Դիմելով Դատարան Բանկը պահանջել է 24.09.2017 թվականից լուծված ճանաչել «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերության և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության միջև 29.12.2016 թվականի անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ «(...) վիճելի վարձակալության պայմանագիրը լուծված ճանաչելու համար հայցվորի կողմից պետք է ապացուցվեր պայմանագիրը փաստացի լուծված լինելու փաստը, մինչդեռ պայմանագրի կողմերի վարքագիծը հիմնավորում է այն, որ պայմանագիրը շարունակում է գործել, իսկ հայցվոր կողմը հիմնական հայցապահանջը հիմնավորող ապացույց դատարանին չի ներկայացրել: Ավելին, հայցադիմումի 1.11 կետում հայցվորը նշել է, որ վարձակալության պայմանագիրն առ այսօր լուծված չէ (...)»:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, արձանագրել է, որ «(...) որ Դատարանը 14.08.2019 թվականի որոշմամբ բաշխել է ապացուցման բեռը, որում չի սահմանել ապացուցման կարիք չունեցող փաստերը: Ստանալով նման որոշում, Հայցվորի մոտ համոզմունք է ձևավորվել, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ մատնանշված փաստերից բացի այլ փաստեր ենթակա չեն ապացուցման, (այդ թվում` Դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրված թիվ ԵԿԴ/0498/02/18 քաղաքացիական գործով վճռի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու առումով), պետք է դատարան ներկայացնել միայն այնպիսի ապացույցներ, որոնք հիմնավորում են իր կողմից վկայակոչված փաստական հանգամանքները, որ դրանք լիովին ամբողջացնում են ապացուցման առարկան և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ փաստի ապացուցման անհրաժեշտություն չկա: (...): Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննությամբ անհրաժեշտ է քննության առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք վարձակալության պայմանագիրը դադարած ճանաչելու պահանջը կարող է նույնացվել գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի հետ»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ` 1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով. 2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով. 3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

i

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև` կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:

Նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:

Նախորդ գործի քննությանը մասնակցող անձանց կազմի նեղացումը, կամ ընդլայնումը չի կարող հանգեցնել նախորդ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքների վերաորակմանը և որևէ կերպ նսեմացնել դրանց նշանակությունն ու արժանահավատությունը:

Նախադատելիության առանձնահատկությունը պայմանավորված է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի լայն իմաստով քաղաքացիական հարաբերությունների կայունության համար` դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես, այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն «Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է (...) ապացուցման կարիք չունեցող փաստերը,..»:

i

Նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` «Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` (...) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, ...»:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան, մասնավորապես ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է նաև ապացուցման կարիք չունեցող փաստերը: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` քննելով ԵԴ/0498/02/18 քաղաքացիական գործն ըստ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի հայցի ընդդեմ «ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ` գույքն ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին, 22.01.2019 թվականին վճռել է «Հայցը մերժել: Նույն վճռով դատարանը հաստատված է համարել, որ «վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը չի վերացվել, և վարձակալած գույքի, սարքավորումների, և պայմանագրով մատնանշված այլ վարձավճարների վերաբերյալ ներկայացվում են հարկային հաշիվներ: Այսինքն, դատարան արձանագրում է, որ վարձակալության պայմանագիրը դադարած չի համարվում և պայմանագրից բխող պարտավորությունները կողմերը դեռ կատարում են»: Տվյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով Բանկը խնդրել է 24.09.2017 թվականից լուծված ճանաչել «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերության և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության միջև 29.12.2016թ. անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը, մինչդեռ ԵԴ/0498/02/18 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը չի վերացվել, վարձակալության հարաբերությունները փաստացի շարունակվում են, այսինքն` վարձակալության պայմանագիրը դեռևս 2017 թվականի սեպտեմբերից լուծված չլինելու փաստը կրկին անգամ ապացուցման ենթակա չէր:

Դատարանը պայմանագիրը փաստացի լուծված լինելու փաստի ապացուցման բեռը դրել է Բանկի վրա, վերջինը այս ուղղությամբ որևէ ապացույց չի ներկայացրել ավելին, հայցադիմումի 1.11 կետում Բանկը նշել է, որ վարձակալության պայմանագիրն առ այսօր լուծված չէ:

Դատարանի 14.08.2019 թվականի որոշմամբ բաշխված ապացուցման բեռի իրավաչափությունը Բանկը վերաքննիչ բողոքով չի վիճարկել այլ վիճարկել է բացառապես որոշմամբ ապացուցման կարիք չունեցող փաստերը սահմանված չլինելը:

Վերաքննիչ դատարանի` եզրահանգումներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը 14.08.2019 թվականին որոշմամբ բաշխելով ապացուցման բեռը, չի սահմանել ապացուցման կարիք չունեցող փաստերը և արձանագրել որ գործի նոր քննությամբ անհրաժեշտ է քննության առարկա դարձնել այն հարցը թե արդյո՞ք վարձակալության պայմանագիրը դադարած ճանաչելու պահանջը կարող է նույնացվել գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի հետ:

i

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Չնայած, Դատարանը 14.08.2019 թվականին որոշմամբ չի սահմանել ապացուցման կարիք չունեցող փաստերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չէր կարող, քանի որ չի հանգեցրել գործի սխալ լուծման:

Մասնավորապես, Հայցվորն ի սկզբանե կարևորել է և իր պահանջի հիմքում դրել է հենց վարձակալության պայմանագիրը լուծված լինելու հանգամանքը, հայցն ամբողջությամբ կառուցված է հայցվորի այն պնդման վրա, որ վարձակալության պայմանագիրը 27.09.2017 թվականից լուծված է: Առաջին ատյանի դատարանում հայցվորի բոլոր փաստարկներն ու ներկայացրած ապացույցները ուղղված են եղել այդ հանգամանքն իր կողմից ապացուցելու, հիմնավորելու նպատակին, ինչը նաև բխում է հենց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի իրավակարգավորումից և եթե ապացուցման դատավարական պարտականությունը դրվել է հայցվորի վրա, ապա ապացուցման բեռը բաշխելու որոշմամբ այդ փաստը որպես ապացուցման կարիք չունեցող փաստ չնշելը որևէ կերպ չէր կարող ազդել գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանի սույն եզրահանգումը պայմանավորված է նաև նրանով, որ սույն գործով նախնական դատական նիստին, որին մասնակցել են կողմերը, Դատարանը պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, վիճելի իրավահարաբերության բնույթը, սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց միջև բաշխել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, ապացույց ներկայացնելու համար ժամկետ է տրամադրել, գործը նշանակել դատաքննության:

Բացի այդ, դատական ակտից վկայակոչված պատճառաբանությունից հետևում է, որ Դատարանը գործի քննության ընթացքում քննարկման առարկա չդարձված որևէ փաստ դատական ակտը չի բովանդակում, Դատարանի եզրահանգման հիմքում մատնանշված չէ հայցվորի կողմից ապացուցման ենթակա, սակայն չապացուցված փաստ: Նման պայմաններում Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չէր կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես դատավարական իրավունքի խախտում դիտված «ապացուցման կարիք չունեցող փաստերի» չսահմանումը ապացուցման բեռի բաշխման որոշմամբ չէր կարող դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ, հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավաչափ չէ նաև ստորադաս դատարանին տրված գործի նոր քննության ծավալը, քանի որ այն վերաբերում է ոչ թե գործի քննության համար էական հանգամանքների որոշմանը, այլ ընդհանուր բնույթի իրավական հարցադրում է, որի վերաբերյալ դիրքորոշման արտահայտումը վերապահված է իրեն:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման, այնինչ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության:

 

Վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո ամբողջությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Մ. Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: (...)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

i

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի խախտում վերագրելու համար:

Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ`

- «Չնայած Դատարանը 14.08.2019 թվականի որոշմամբ չի սահմանել ապացուցման կարիք չունեցող փաստերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չէր կարող, քանի որ չի հանգեցրել գործի սխալ լուծման»,

- «Առաջին ատյանի դատարանում հայցվորի բոլոր փաստարկներն ու ներկայացրած ապացույցները ուղղված են եղել այդ հանգամանքն իր կողմից ապացուցելու, հիմնավորելու նպատակին, ինչը նաև բխում է հենց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի իրավակարգավորումից և եթե ապացուցման դատավարական պարտականությունը դրվել է հայցվորի վրա, ապա ապացուցման բեռը բաշխելու որոշմամբ այդ փաստը որպես ապացուցման կարիք չունեցող փաստ չնշելը որևէ կերպ չէր կարող ազդել գործի ելքի վրա»,

- «դատական ակտից վկայակոչված պատճառաբանությունից հետևում է, որ Դատարանը գործի քննության ընթացքում քննարկման առարկա չդարձված որևէ փաստ դատական ակտը չի բովանդակում, Դատարանի եզրահանգման հիմքում մատնանշված չէ հայցվորի կողմից ապացուցման ենթակա, սակայն չապացուցված փաստ: Նման պայմաններում Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չէր կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես դատավարական իրավունքի խախտում դիտված «ապացուցման կարիք չունեցող փաստերի» չսահմանումը ապացուցման բեռի բաշխման որոշմամբ չէր կարող դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ, հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ»:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու»:

Նախ, կարծում ենք, որ միայն վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ մեր կողմից վկայակոչված վերը նշված նորմերի մեկնաբանությունից բխում է նաև, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմաններում, բացի բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տալու փաստը հաստատված համարելուց, անհրաժեշտ է, որպեսզի Վճռաբեկ դատարանը համապատասխան վերլուծությունների արդյունքում եզրահանգում անի այն մասին, որ նման խախտումը խաթարել է արդարադատության բուն էությունը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշումը զուրկ է նման վերլուծություններից և եզրահանգումից:

Բացի այդ, կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը չէր կարող բեկանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, քանի որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը քննել է ոչ թե նյութական իրավունքի նորմերի, այլ` բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը խախտված լինելու հիմքով, և Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում նշված են բացառապես դրա վերաբերյալ շարժառիթները:

 

Վերոգրյալից ելնելով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:

 

    Դատավորներ`                            Գ. Հակոբյան

                                           Մ. Դրմեյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 11 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.11.2022
N ԵԴ/18502/02/18
Որոշում