Սեղմել Esc փակելու համար:
Ո՞Ր ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ Է ԿԻՐԱՌԵԼԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ո՞Ր ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ Է ԿԻՐԱՌԵԼԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԴ/7418/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7418/02/19        2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահող և զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հուլիսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Մարգարիտ Պետրոսյանի, Լևոն Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է համապարտության կարգով Մարգարիտ Պետրոսյանից և Լևոն Պետրոսյանից բռնագանձել 158.500 ՀՀ դրամ, այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա 08.01.2019 թվականից (իր կողմից պատասխանողներին պարտավորության կատարման պահանջի ներկայացմանը հաջորդած երկամսյա ժամկետը լրանալու օրվանից) մինչև պարտավորության դադարումը հաշվեգրման ենթակա տոկոսների գումարը (հայցադիմումը դատարան ներկայացվելու օրվա դրությամբ` 3.480 ՀՀ դրամ), դեպքի կարգավորման շրջանակներում կատարված փորձաքննության ծախսի գումարը` 27.000 ՀՀ դրամ, հայցադիմումի համար իր վճարած պետական տուրքի և փաստաբանի ծառայությունների դիմաց վճարվելիք գումարները` համապատասխանաբար 3.240 ՀՀ դրամ և 55.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 31.01.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Լևոն և Մարգարիտ Պետրոսյաններից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 185.500 ՀՀ դրամ, որից 158.500 ՀՀ դրամը` ավտոմեքենային պատճառված և հատուցված վնաս, 27.000 ՀՀ դրամը` փորձաքննության դիմաց վճարված գումար: Սկսած 03.07.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 158.500 ՀՀ դրամին հաշվեգրել և համապարտության կարգով Լևոն և Մարգարիտ Պետրոսյաններից հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, իսկ բռնագանձվող գումարի 2 տոկոսը համապարտության կարգով Լևոն և Մարգարիտ Պետրոսյաններից բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես պետական տուրք: Լևոն և Մարգարիտ Պետրոսյաններից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 35.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Լևոն և Մարգարիտ Պետրոսյաններից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի, որպես նախապես վճարված պետական տուրք, բռնագանձվել է 3.710 ՀՀ դրամ: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.07.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.01.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Գայանե Պապոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշումը` Բյուրոյի հայցի (բողոքի) մերժման մասով, չի համապատասխանում գործի փաստերին և գործող օրենսդրությանը, ինչն էլ հանգեցրել է գործի մասամբ սխալ լուծմանը:

Միաժամանակ սույն գործով Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը ենթակա է կիրառման հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցման տեղադրման օրվանից` 25.06.2019 թվականից, յոթերորդ օրը` կետանցի օր համարելով 03.07.2019 թվականը, ինչպիսի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:

Մինչդեռ, Բյուրոն պահանջը ներկայացրել է, այնպես, ինչպես պահանջվում է օրենքով, իրենից կախված գործողություններն իրականացրել է սահմանված կարգով, և որևէ կերպ չէր կարող կանխարգելել այն հանգամանքը, որ նամակը վերադարձվել է «չպահանջված» նշումով: Հետևաբար պահանջը չստանալու անձի ցանկությունը չպետք է գնահատվի, որ պահանջ չի ներկայացվել, և այդ բացասական հետևանքը չպետք է կրի Բյուրոն: Ընդ որում ծանուցման մեջ նշված է եղել, որ ժամկետը տրամադրվում է ելքի ամսաթվից սկսած, այլ ոչ թե ստանալուց հետո:

Հետևաբար, պատասխանողը պարտավոր է եղել առաջացած պարտավորության ուժով կատարել Բյուրոյի հանդեպ ունեցած պարտավորությունը (վճարել դրամ), իսկ Բյուրոն այդ դրամը ստանալու իրավունք (իրավական ակնկալիք) է ունեցել: Այսինքն պատասխանողը չվճարելով դրամը` ապօրինի պահել է այն և խնայել Բյուրոյի հաշվին: Ուստի տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը Բյուրոյի կողմից մատնանշված ժամկետից սկսած լիովին իրավաչափ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 24.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջները, ինչպես նաև անդրադառնալ դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սեփականության իրավունքով Մարգարիտ Պետրոսյանին պատկանող «Օպել» մակնիշի, 35CZ970 հաշվառման համարանիշով ավտոմեքենան (Ավտոմեքենան) վարելիս Լևոն Պետրոսյանի մեղքով 15.10.2018թ., ժամը 10:35-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել է «Կիա» մակնիշի, 244OR61 հաշվառման համարանիշով ավտոմեքենան, ընդ որում, Ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության` այդ պահի դրությամբ գործող պայմանագիր առկա չի եղել (գ.թ. 15-20, 29).

2) 27.10.2018թ. «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն ընդունել է տուժողին 158.500 դրամի չափ ապահովագրական հատուցում վճարելու մասին թիվ 18/10/6190 որոշում-ծանուցումը (գ.թ. 22).

3) Գործում առկա է 07.11.2018թ. «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման ծանուցումը», որով հայցվորը պատասխանողներին հայտնել է Ավտոմեքենայի օգտագործմամբ պատճառված վնասը 158.500 դրամի չափ հատուցած և փորձաքննության համար 27.000 դրամի չափ ծախս կատարած լինելու փաստերի, ինչպես նաև այդ փաստերի և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հիման վրա նրանց, որպես 185.500 դրամի չափ պարտավորության գծով համապարտ պարտապանների, հանդեպ հետադարձ պահանջի իրավունք ձեռք բերած լինելու մասին:

Նույն ծանուցմամբ հայցվորը պատասխանողներին առաջարկել է.

տվյալ ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը երկամսյա ժամկետում վճարել պարտավորության գումարը` առանց ՀՀ քաղ. օր.-ի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների, կամ.

տվյալ ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը երկամսյա ժամկետում վճարել առնվազն 75.000 դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը (ներառյալ ՀՀ քաղ. օր.-ի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները) առավելագույնը վեցամսյա ժամկետում ամսական հավասարաչափ մասնաբաժիններով վճարելու վերաբերյալ:

Գործում առկա չէ նշված ծանուցումը պատասխանողներին ուղարկված լինելու և (կամ) նրանց կողմից ստացված լինելու փաստերը հաստատող որևէ ապացույց (գ.թ. 13):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունը և սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.

1. վնասի առկայությունը,

2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,

3. պատճառական կապը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, ապահովագրական հատուցում է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը: Հարկ է նշել նաև, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից հետադարձ պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին: Օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, և որոնց նկատմամբ ապահովագրական հատուցումն իրականացվում է Երաշխավորման ֆոնդի հաշվին:

Այսպիսով, այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում այլ անձանց պատճառվել է վնաս, վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժած անձանց վնասների հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից: Նման պարագայում, Բյուրոն հետագայում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք է ստանում:

Նույն որոշմամբ անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, սակայն վիճելի է մնացել, թե որ պահից սկսված պետք է այդ պարտավորության նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: (...) (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Արամ Խաչունցի` թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը` մասնավորապես նշելով, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

i

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով 23.02.2021 թվականին կայացրած որոշմամբ նաև արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նույն հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են օրենսդրի կողմից սահմանված կոնկրետ պահանջների դեպքում: Մասնավորապես, 1. երբ պարտավորությունն ունի դրամական բնույթ, 2. երբ անձն ապօրինի պահել է ուրիշի դրամական միջոցները, 3. երբ խուսափել է դրանք վերադարձնելուց, 4. երբ օգտագործել է դրանք վճարման այլ կետանցով, կամ 5. երբ այլ անձի հաշվին անհիմն ստացել կամ խնայել է գումար: Միաժամանակ օրենսդիրը հստակեցրել է, որ տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ: Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պարտավորության կատարման ապահովման եղանակ է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ խնայվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ և 409-րդ հոդվածներով սահմանվել են պարտավորության խախտման հասկացությունը և պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելու կարգը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով արձանագրվել է, որ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ամրագրվել է, որ 1. պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները, 2. վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը սահմանել է պարտապանին պարտավորության կետանցող որակելու փաստական հանգամանքների կազմը: Ըստ այդմ` նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:

Քննարկվող պարագայում նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով Բյուրոյի փաստարկը պարտավորության ժամկետանց վերադարձման վերաբերյալ եղել է Ընկերության և Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների կողմից վիճելի գումարը համապատասխան ժամկետներում չվերադարձնելու հանգամանքը, ուստի վերը ներկայացված իրավանորմերի համադրմամբ, հարկ է բացահայտել, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանների մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը:

Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունի այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ.

1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` նշված ժամկետում պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, պատասխանելով վերոգրյալ հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահով: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` «Առգե Բիզնես» ՍՊԸ-ն 16.10.2018 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել Բյուրո:

Բյուրոն 27.10.2018 թվականի թիվ 18/10/6190 «Ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ» համապատասխան որոշմամբ բավարարվել է վերջինիս կողմից ներկայացված` հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը` որոշելով վճարել 158.000 ՀՀ դրամ:

Բյուրոն 07.11.2018 թվականի թիվ Բ/18-07473 ծանուցմամբ պատասխանողներից պահանջել է Բյուրոյին վճարել 158.500 ՀՀ դրամ, ինչպես նաև փորձաքննության ծախսը` 27.000 ՀՀ դրամ` վճարման համար տրամադրելով 2 ամիս ժամկետ` սկսած ծանուցման ելքի ամսաթվից:

Համաձայն ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի տվյալների` «Օպել» մակնիշի 35CZ970 հ/հ-ի ավտոմեքենայի վերաբերյալ վթարի պահի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, հետևաբար վերջինիս սեփականատիրոջ և վարորդի նկատմամբ հայցվորը ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք:

ԴՍԱ-ն, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և Բյուրոյի կանոնների համաձայն` վերջինս պատճառված վնասի հիսուն տոկոսի չափով հատուցել է «Կիա» մակնիշի 244OR61 հ/հ-ի ավտոմեքենային պատճառված վնասը, և Բյուրոն ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք:

Պատասխանողները, Բյուրոյի կողմից տրամադրված ողջամիտ ժամկետում չեն վճարել պահանջվող գումարը, այսինքն պատասխանողները ցուցաբերել են անգործություն, ինչի արդյունքում պարտավոր են Բյուրոյին վճարել նաև կետանցի օրվանից 08.01.2019 թվականից սկսած, 158.500 ՀՀ դրամի նկատմամբ մինչև պարտավորության դադարման օրը հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Բյուրոն սույն գործով հայց ներկայացնելու և վերջինիս իրավունքն արդյունավետ իրականացնելու և դատավարական ներկայացուցչություն ապահովելու համար դիմել է փաստաբանական ծառայության օգնության և կնքել է համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 6.1.1 կետով սահմանված է, որ տվյալ պատվերի գինը հայցադիմումը ներկայացնելու պահին սահմանվել է հայցագնի 16%-ը, բայց ոչ պակաս, քան 55.000 ՀՀ դրամը և ոչ ավելի քան 205.000 ՀՀ դրամ:

Բյուրոյի կողմից 185.500 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Մարգարիտ Պետրոսյանին և Լևոն Պետրոսյանին ուղղված «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» 07.11.2018 թվականի թիվ Բ/18-07473 ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ` առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ:

Դատարանը 31.01.2020 թվականի վճռով նշել է որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետը պետք է հաշվարկել հրապարակային ծանուցման օրվանից: Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակային ծանուցումը կատարվել է 25.06.2019 թվականին, և գտել է, որ պատասխանողների կողմից ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու կետանցի ժամկետը սկսվում է 03.07.2019 թվականից, ուստի սկսած 03.07.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը ընդհանուր 158.500 ՀՀ դրամին ենթակա է հաշվեգրման և բռնագանձման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, իսկ 3.480 ՀՀ դրամ սույն հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ պահանջվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարի, և սկսած 16.03.2019 թվականից մինչև 03.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար 185.500 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրման հայցվորի պահանջը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը մերժելով Բյուրոյի բողոքը` արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվեգրումը չի կարող սկսվել հայցվորի մատնանշած` նախքան Դատարան դիմելն իր կողմից պատասխանողներին պարտավորության կատարման պահանջի ներկայացմանը հաջորդած երկամսյա ժամկետը լրանալու օրվանից և չի կարող շարունակվել Դատարան դիմելու օրվանից մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Պատասխանողների` հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտականությունը կծագի սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից միայն, և այդ օրվանից էլ կսկսվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկը: Սա իր հերթին նշանակում է, որ խնդրո առարկա տոկոսները հայցվորի մատնանշած օրվանից` 08.01.2019 թվականից, մինչև սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում հաշվեգրելուն վերաբերող մասով վերաքննիչ բողոքը հիմնավորված չէ: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, թե Դատարանն անտեսել է իր կողմից պատասխանողներին ուղարկված` «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման ծանուցումը» հասցեատերերին հանձնված չլինելու և «Չպահանջված» գրառմամբ վերադարձված լինելու փաստերն ու իրեն է վերագրել ծագած պարտավորությունների պատշաճ կատարման հարցում պատասխանողների ցուցաբերած անբարեխիղճ վարքագծի անբարենպաստ հետևանքները, ապա նշված փաստերը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում այդ փաստարկը հիմնավորված չէ. Դատարանը չէր կարող նշված «փաստերը» հաստատված համարել սոսկ հայցվորի պնդման հիման վրա և նրան վերագրել է ոչ թե պատասխանողների անբարեխիղճ վարքագծի, այլ համապատասխան ապացույցների բացակայության պայմաններում նրա վկայակոչած փաստերը վիճելի մնալու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված բացասական հետևանքները:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար հիմք է դրամային պարտավորության առկայությունը, և այդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվարկման պարտավորության կետանցի օրվանից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտավորությունը:

i

Սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները, որոնք ծագել են ապահովագրության ոլորտում, ի սկզբանե հանդիսացել են եռակողմ` Բյուրոյի, տուժող կողմի` «Առգե Բիզնես» ՍՊԸ-ին, և վնաս պատճառած անձանց` Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների միջև: Այսինքն` Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների կողմից «Առգե Բիզնես» ՍՊԸ-ին պատճառված վնասի արդյունքում Բյուրոյի կողմից վերջինիս դիմումի հիման վրա նրան հատուցվել է Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին»» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք: Նշված փաստը հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից: Այսինքն, Բյուրոյի համար, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով, առկա է հետադարձ պահանջի ուժով տուժողին վճարած 185.500 ՀՀ դրամը, որպես իրեն պատկանող գումար, Մարգարիտ և Լևոն Պետրոսյաններից ստանալու իրավունք, իսկ վերջիններիս մոտ` այդ գումարը Բյուրոյին վճարելու պարտավորություն:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ վնաս պատճառողների մոտ ծագում է հայցվորին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների մոտ ծագում վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում վերջիններս պարտավորված կլինեին կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով, արձանագրում է, որ տվյալ դեպքում պատասխանողների մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ծագել է ոչ թե Դատարանի վճռով, այլ վճռով հաստատվել է արդեն իսկ առկա` Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման համաձայն` պարտավորության կետանցի պահը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):

Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների կողմից Բյուրոյի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, երբ պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Քննարկվող պարագայում, Բյուրոն 27.10.2018 թվականին համապատասխան որոշում է կայացրել «Առգե Բիզնես» ՍՊԸ-ին 185.500 ՀՀ դրամ վճարելու մասին: Միաժամանակ Բյուրոյի կողմից Մարգարիտ և Լևոն Պետրոսյանները ծանուցվել են «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» մասին: Այն է` Բյուրոյի կողմից 185.500 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ 07.11.2018 թվականի թիվ Բ/18-07473 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 7-րդ կետի համաձայն` Մարգարիտ և Լևոն Պետրոսյաններին, որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ, առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների:

Սույն գործով հիմնավորվել է, որ Բյուրոյի կողմից Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների անվամբ ուղարկված ծանուցմամբ առաջարկվել է վերջիններիս 07.11.2018 թվականին կայացված համապատասխան որոշմամբ ստանալուց հետո` երկամսյա ժամկետում, Բյուրոյին վճարել վիճելի գումարները: Փաստորեն, քննարկվող պարագայում, Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների մոտ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի (կամ հանգամանքի) վրա հասնելով (կամ ավարտով), ինչը նշանակում է, որ սույն վեճին լուծում տալու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ պարզել, թե երբ են Մարգարիտ և Լևոն Պետրոսյաններն իրազեկվել Բյուրոյի պահանջի մասին, այնուհետ նաև քննության առարկա դարձնել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման` ողջամիտ ժամկետի կիրառման հարցը, հետևյալ պատճառաբանությամբ.

Քննարկվող պարագայում, Բյուրոյի կողմից Մարգարիտ և Լևոն Պետրոսյաններին ուղղված ծանուցումներով պարտավորությունը կատարելու համար վերջիններիս տրվել է երկամսյա ժամկետ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը վիճելի գումարների նկատմամբ պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև Բյուրոյի կանոններով: Նման պայմաններում սույն գործով էական նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե երբ են Մարգարիտ և Լևոն Պետրոսյանները վիճելի գումարը Բյուրոյին վճարելու պարտավորության մասին տեղեկացել: Ուստի, Վերաքննիչ դատարանը սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար պետք է պարզեր նշված ժամանակահատվածը և դրա հաշվառմամբ վիճելի գումարների նկատմամբ կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Բյուրոյի կողմից 185.500 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Մարգարիտ և Լևոն Պետրոսյանները ծանուցվել են 07.11.2018 թվականի թիվ Բ/18-07473 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման» ծանուցմամբ, ուստի դատարանը պետք է ղեկավարվի նշված ծանուցումների կազմման պահին գործող խմբագրություններով Բյուրոյի կողմից սահմանված կանոններով:

Տվյալ դեպքում, ըստ 07.11.2018 թվականի թիվ Բ/18-07473 ծանուցման` Բյուրոյի Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չի եղել ԱՊՊԱ պայմանագիր, հետևաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի ու ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ` Մարգարիտ և Լևոն Պետրոսյանները հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ: Ուստի վերջիններիս կողմից ծանուցումները համարվում են պատշաճ ստացված և վերջիններիս կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետներն սկսվում են հաշվարկվել` ծանուցումն ստորագրությամբ առձեռն հանձնվելու դեպքում` հանձնելու օրվան հաջորդող օրվանից, պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում` հետպատասխան տեղեկացման մեջ նշված ծանուցման ստացման կամ որևէ հիմքով նամակը հետ վերադարձվելու հաջորդող օրվանից, (...):

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտավորությունը ծագում է «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման» ծանուցումը վերջիններիս կողմից ստանալու պահից: Այսինքն վերջիններս նշված ժամանակահատվածում են համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված: Այլ կերպ ասած` սույն վեճի լուծման համար հարկ է հստակ տարանջատել Մարգարիտ և Լևոն Պետրոսյանների կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը, պարզել, թե որ ժամանակահատվածում է պատասխանողը համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված, որից հետո այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով, բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2019 թվականի որոշումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 հուլիսի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203926782

 

Միասնական կայք` 26.06.23-09.07.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2022
N ԵԴ/7418/02/19
Որոշում