Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-48-Ո-Կ-14

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ         Կ. Անդրեասյանի

 

    մասնակցությամբ` անդամներ                    Ա. Աթաբեկյանի

                                                Հ. Գրիգորյանի

                                                Ե. Թումանյանցի

                                                Դ. Խաչատուրյանի

                                                Ն. Հովսեփյանի

                                                Մ. Մակյանի

                                                Ք. Մկոյանի

                                                Ա. Վարդանյանի

                                                Վ. Քոչարյանի

 

    Արդարադատության նախարարի տեղակալ`           Լ. Բալյանի

 

Արդարադատության նախարարի

    ներկայացուցիչներ`                           Ա. Բադալյանի

                                                Հ. Սանոյանի

 

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

    դատավոր                                     Դ. Սարգսյանի

 

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

    դատավորի ներկայացուցիչ                      Ա. Սարդարյանի

 

    քարտուղարությամբ`                           Թ. Ղուկասյանի

 

    2023 թվականի հունիսի 12-ին                  ք. Երևանում

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի` «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի ապրիլի 19-ի N 28-Ա որոշումը ու կից ներկայացված փաստաթղթերը.

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից 23.12.2022 թվականին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին ներկայացված հաղորդումը` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Դավիթ Սարգսյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի 14.03.2023 թվականի թիվ 17-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 19.04.2023 թվականի թիվ 28-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև` Խորհուրդ)` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի (այսուհետ նաև` Քրեական օրենսգիրք) 67-րդ հոդվածի 5-րդ մասի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 529-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Միաժամանակ օրենսդիրը նշված նորմից շեղվելու որևէ բացառություն չի նախատեսել: Քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար օրենսդիրն իրավանորմի սանկցիայում սահմանել է առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում, ինչից հետևում է, որ խնդրո առարկա քրեական վարույթով մեղադրյալ Էմիլ Հարությունյանին մեղսագրված արարքը համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն:

Քննարկվող դեպքում Դատարանը 13.07.2022 թվականի որոշմամբ թիվ ԳԴ4/0042/01/22 գործն ընդունել է վարույթ և 26.09.2022 թվականին կայացրել է դատավճիռ` մեղադրյալ Էմիլ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի(1) (այսուհետ նաև` Նախկին օրենսգիրք) 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել է պատիժ` ազատազրկում 6 ամիս ժամկետով: Նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` սահմանել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով: Տվյալ դեպքում Դատարանն իրավազոր չէր նշանակել ազատազրկումը` որպես պատիժ, քանի որ մեղադրյալ Էմիլ Հարությունյանն առաջին անգամ էր ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարել, և նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա չի եղել, հետևաբար` գործել է քրեական օրենքի հետադարձ ուժ ունենալու կանոնը:

________________

1) Ընդունվել է 18.04.2003 թվականին, ուժի մեջ մտել` 01.08.2003 թվականին, ուժը կորցրել 01.07.2022 թվականին:

 

i

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով 05.05.2021 թվականին ընդունված և 01.07.2022 թվականի ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը և Վճռաբեկ դատարանի Վաղարշակ Գալոյանի գործով 18.10.2013 թվականի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ քննարկվող դեպքում մեղադրյալ Էմիլ Հարությունյանը հանցանքը կատարել է 15.01.2022 թվականից մինչև 17.01.2022 թվականն ընկած ժամանակահատվածում, այսինքն` նրա վրա տարածվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի պահանջները, սակայն օրենսդիրը սահմանել է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ և այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:

Այսպիսով, Դատարանը թույլ է տվել Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի խախտում, այն է` մեղադրյալի վերաբերյալ դեռևս առկա չէր օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ և Դատարանը պարտավոր էր մեղադրյալի նկատմամբ կիրառել պատիժը մեղմացնող օրենքը:

Վարույթ հարուցած մարմինը վերոնշյալ իրավական վերլուծությունից հանգել է այն հետևության, որ Դատարանը թույլ է տվել Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված պահանջի խախտում, այն է` առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձի նկատմամբ որպես պատժատեսակ ընտրել է ազատազրկումը:

Բացի այդ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի(2) 458-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 459-րդ, 460-րդ հոդվածների, 461-րդ հոդվածի 3-րդ մասի, 463-րդ հոդվածի 1-3-րդ մասերի վերլուծությունից հետևում է, որ համաձայնեցման վարույթ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալը նման միջնորդություն է ներկայացրել, համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցել է իր միջնորդության բնույթն ու հետևանքները: Միջնորդությունը բավարարելուց հետո հանրային մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում մեղադրյալի և նրա պաշտպանի հետ: Կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ նշանակման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ` այն կրելու նպատակահարմարության շուրջ: Համաձայնության արդյունքում սահմանվող պատիժը և բռնագրավվող գույքը պետք է համապատասխանեն օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին: Բանակցությունների արդյունքում համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն: Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե համաձայնեցված պատիժը կամ բռնագրավման ենթակա գույքը կամ դրա չափն անօրինական է:

________________

2) Ընդունվել է 30.06.2021 թվականին, ուժի մեջ մտել` 01.07.2022 թվականին:

 

Քննարկվող դեպքում մեղադրյալ Էմիլ Հարությունյանը նախնական դատալսումների ժամանակ միջնորդել է դատական քննություն անցկացնել համաձայնեցման վարույթի կարգով: Հանրային մեղադրողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելուն: Դատարանը բավարարել է նշված միջնորդությունը և բանակցությունների համար սահմանել ժամկետ: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել մեղադրյալ Էմիլ Հարությունյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը` 6 ամիս ժամկետով` համաձայնեցված պատիժը պայմանական չկիրառելով և 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով:

Տվյալ դեպքում թեև Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը, սակայն Դատարանն իրավունք չուներ հաստատելու համաձայնության մասին արձանագրությունը, քանի որ համաձայնության արդյունքում սահմանվող պատիժը չի համապատասխանել Քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր սահմանել առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ` նոր արձանագրություն կազմելու և Դատարան ներկայացնելու համար, սակայն Դատարանն ընդունել է համաձայնության վերաբերյալ արձանագրությունը և կազմել մեղադրական դատավճիռ` նշանակելով պատիժ` ազատազրկում 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Վերը նշվածից հետևում է, որ Դատարանը թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ մասով, 461-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված պահանջների խախտում, այն է` համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը չի համապատասխանել Քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին:

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, նշել է, որ վերը ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու փաստը: Միաժամանակ, գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն` Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

i

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաս տարկին, որ մեղադրյալ Էմիլ Հարությունյանը Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով չի համարվում առաջին անգամ հանցանք կատարած անձ, քանի որ նրա կողմից նախկինում ենթադրյալ հանցավոր արարք կատարելու վերաբերյալ գործը գտնվել է դատարանում և օրենսդիրը հստակ չի կարգավորել անձի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու և գործի` դատարանի վարույթում գտնվելու պարագայում այլ ենթադրյալ հանցանք կատարելու մասով անձի կողմից առաջին անգամ հանցանք կատարելու փաստը, ապա վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

i

Վարույթ հարուցած մարմինը վկայակոչելով 01.11.2012 թվականի թիվ ԵԿԴ/0081/01/11 որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումը` նշել է, որ անմեղության կանխավարկածը միջազգային և ներպետական ճանաչում ստացած կարևորագույն սկզբունքներից մեկն է, որը հանդիսանում է քրեական գործերով արդար դատաքննության իրավունքի կառուցվածքային տարրերից: Ընդ որում, անմեղության կանխավարկածը գործում է դատավարության ողջ ընթացքում և դատարանները պարտավոր են պահպանել այն, ուստի Դատավորի մոտեցումն անհիմն է, Էմիլ Հարությունյանի կողմից նախկինում ենթադրյալ հանցավոր արարք կատարելու վերաբերյալ գործը դեռևս գտնվել է դատարանում, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ առկա չի եղել և դեռևս նրա մեղավորությունն ապացուցված չի եղել:

Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ և 403-րդ հոդվածները` վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված սխալի հետևանքով առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որն ակնհայտորեն հակասում է օրենքին` նշանակված պատժի տեսակի մասով: Արդյունքում, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող և անձի հիմնարար իրավունքները խախտող դատավճիռը կարող է վերանայվել միայն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուց հետո: Միաժամանակ, Դատավորի կողմից թույլ տրված նման սխալի հետևանքով հեղինակազրկվել է նաև դատական իշխանությունը, քանի որ Դատավորը, հանդիսանալով արդարադատության իրականացման կրողը և հաստատելով սխալ` տվյալ գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառման ոչ ենթակա առավել ծանր պատժի տեսակը, կայացրել է ակնհայտորեն օրենքին հակասող և անձի հիմնարար իրավունքները խախտող դատական ակտ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը վարույթ հարուցած մարմնին ուղղված բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը` հետևյալ հիմնավորմամբ.

Դատավորը նշել է որ 11.07.2022 թվականին իրեն է հանձնվել Էմիլ Հարությունյանի վերաբերյալ թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով: 13.07.2022 թվականին որոշում է կայացրել քրեական գործով վարույթ ստանձնելու նախնական դատալսումներ նշանակելու մասին: Նախնական և դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվել է 26.07.2022 թվականին: 26.09.2022 թվականին նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Էմիլ Հարությունյանը ներկայացրել է միջնորդություն համաձայնեցված վարույթ կիրառելու մասին:

Նույն օրը Դատարանը, բավարարելով միջնորդությունը, կողմերին ժամանակ է տվել բանակցությունների համար, որի արդյունքում կողմերը համաձայնության են եկել Էմիլ Հարությունյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում` 6 ամիս ժամկետով և 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նրա նկատմամբ համաձայնեցված` ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Դատավորը նշել է, որ հաշվի առնելով, որ համաձայնության մասին ներկայացված արձանագրությունը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերաբերելի պահանջներին, բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը` ընդունել է համաձայնության մասին արձանագրությունը և որոշել անցկացնել լրացուցիչ դատալսումներ: Արդյունքում դատավճիռ է կայացրել համաձայն որի` Էմիլ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ազատազրկում 6 ամիս ժամկետով: 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Դատավորը, վկայակոչելով կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ արձանագրված` կարգապահական վարույթ հարուցելու հիմքը, մեջբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ և 67-րդ հոդվածները, նշել է, որ Էմիլ Հարությունյանի կողմից կատարված արարքը որպես հանցանք նախատեսված է 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և 05.05.2021 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու դեպքում էլ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն համարվում է ոչ մեծ ծանրության հանցանք:

Քրեական գործում առկա «ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանք»-ի համաձայն`

1. 2020 թվականի մարտի 4-ին Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախաձեռնվել Էմիլ Հարությունյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար և քրեական գործն ուղարկվել է դատարան.

2. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային բաժնի կողմից 2021 թվականի հունիսի 25-ին նյութեր են նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և 2021 թվականի դեկտեմբերի 24-ին կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Այսպիսով` ուսումնասիրելով թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործով մեղադրողի, մեղադրյալի և պաշտպանի կողմից ներկայացված համաձայնեցման գալու վերաբերյալ արձանագրությունը և քրեական գործի նյութերը, արձանագրելով, որ Էմիլ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով չի համարվում առաջին անգամ հանցանք կատարած անձ, քանի որ նրա կողմից նախկինում ենթադրյալ հանցավոր արարք կատարելու վերաբերյալ գործը գտնվում է դատարանում և օրենսդիրը հստակ չի կարգավորել անձի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու և գործը դատարանի վարույթում գտնվելու պարագայում այլ ենթադրյալ հանցանք կատարելու մասով անձի կողմից առաջին անգամ հանցանք կատարելու փաստը գնահատելու հարցը, որոշել է ընդունել համաձայնեցման մասին արձանագրությունը և Էմիլ Հարությունյանի նկատմամբ նշանակել է պատիժ ազատազրկման ձևով: Նշված պատճառաբանությունները չեն նշվել թիվ ԳԴ4/0042/01/22 դատավճռում, քանի որ համաձայնեցման վարույթով կայացվում է մեղադրական դատավճիռ և դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը:

Դատավորը, մեջ բերելով Օրենսգրքի 69-րդ, 142-րդ և 147-րդ հոդվածները, ամփոփելով, նշել է որ, իր բացատրությունում շարադրված փաստական տվյալներից ակնհայտ է` թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործով իր կողմից կայացված դատական ակտով ոչ դիտավորությամբ և ոչ էլ կոպիտ անփութությամբ թույլ չի տրվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում, քանի որ`

- Էմիլ Հարությունյանի նկատմամբ, նրան մեղավոր ճանաչվելով 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, պատիժ է նշանակվել ազատազրկում 6 ամիս ժամկետով` այն հիմնավորմամբ, որ նա ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն չի համարվել առաջին անգամ հանցանք կատարած անձ.

- Օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված հասկացությունները շարադրելիս` որպես առաջին անգամ հանցանք կատարած անձ է սահմանել նախկինում հանցանք չկատարած անձին և հասկացություններում չկա սահմանում, որ նախկինում հանցանք չկատարած անձն այն անձն է, որի վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ մեղադրական վերդիկտ: Օրենսդիրը չի սահմանել, թե արդյոք առաջին անգամ հանցանք կատարած անձ է հանդիսանում այն անձն ում վերաբերյալ գործը գտնվում է դատարանում և նա կրկին մեղադրվում է այլ ենթադրյալ հանցանք կատարելու մեջ.

- Դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառման արդյունքում դատավճիռ կայացնելիս և արձանագրելով, որ համաձայնեցման արձանագրությունը համապատասխանում է օրենքով սահմանված վերաբերելի պահանջներին, ընդունել է այն:

Վերը նշվածից ելնելով, Դատավորը գտել է, որ չի կարող խոսք լինել իր կողմից ոչ դիտավորությամբ և ոչ էլ կոպիտ անփութությամբ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման մասին: Թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործով վերը նշված որոշումը կայացվել է օրենքի մեկնաբանության արդյունքում, որն ինքնին չի կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

Ավելին, Դատավորի խորին համոզմամբ, թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործով Էմիլ Հարությունյանին 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելով և նրա նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատազրկում պատիժ նշանակվելով, այն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելով, ինքը արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ չի տվել:

Վերոգրյալի հիման վրա, Դատավորը գտել է, որ վերը նշված հիմնավորումներով օրենքի մեկնաբանությունը չի կարող ունենալ այնպիսի կարևորություն, որպեսզի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով դիտարկվի որպես կարգապահական խախտում:

Վերը նշվածից ելնելով` միջնորդել է կայացնել հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում:

08.05.2023 թվականին Խորհրդին ներկայացրած պատասխանով Դատավորը խնդրել է վերը ներկայացված բացատրությունն ընդունել որպես սույն միջնորդության պատասխան:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1 Դատարանը 26.09.2022 թվականի դատավճռով Էմիլ Հարությունյանին մեղավոր է ճանաչել 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ` նշանակելով պատիժ` ազատազրկում 6 ամիս ժամկետով և նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` սահմանել փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

4.2 Դատարանը դատավճռում արձանագրել է հետևյալը.

«(...) Նախնական դատալսումների ժամանակ մեղադրյալ Էմիլ Հարությունյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել համաձայնեցման վարույթի կարգով: Նա հայտարարեց, որ համաձայն է մեղադրանքի հետ, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդություն ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է միջնորդության բնույթն և հետևանքները:

Մեղադրողը չառարկեց համաձայնեցման վարույթ կիրառելուն:

Դատարանը համոզվելով, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են նույն օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, բավարարել է համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը և բանակցությունների համար սահմանել ժամկետ:

Բանակցությունների արդյունքում կողմերը եկել են համաձայնության և կազմվել է համաձայնության մասին արձանագրություն:

(...) Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո մեղադրյալ Էմիլ Հարությունյանը հայտնեց, որ իրեն պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը և համաձայն է դրա հետ, դրանում արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները և պնդում է կնքված համաձայնությունը:

Հանրային մեղադրող Վիգեն Հովհաննիսյանը և պաշտպան Արմեն Սարգսյանը պնդեցին կնքված համաձայնությունը:

(...) Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածի 3-րդ մասով, Դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվելիք պատժատեսակի, պատժաչափի և պատիժը կրելու նպատակահարմարության հարցերը պետք է լուծել ըստ համաձայնության մասին արձանագրության:

(...) Էմիլ Հարությունյանին մեղավոր ճանաչել նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 6 ամիս ժամկետով:

i

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով...):»:

i

4.3 Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Մեղադրյալը, համաձայնեցման վարույթի արդյունքում Դատավորի կողմից կայացված դատավճռի պահի դրությամբ դատապարտված չի եղել մեկ այլ հանցագործության համար:

4.4. Կայացված դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին`

5.1. արդյո՞ք թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտում.

5.2. եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործով ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

6.1. Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի և Դատավորի ներկայացուցչի պատասխանները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն որոշման 5.1 կետում նշված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նրան, թե արդյոք անմեղության կանխավարկածի տարրերի, մասնավորապես` անձին մեղավոր ճանաչելու դատարանի բացառիկ իրավասության և նշված կանխավարկածը բացառապես ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի օրինականության և հիմնավորվածության կանխավարկածով հերքվելու պահանջների նորմատիվ բովանդակության տեսանկյունից, «առաջին անգամ հանցագործություն կատարած» անձ եզրույթը ներառում է բացառապես այն անձանց, ում նկատմամբ կայացված է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, և արդյոք համաձայնեցման վարույթի համար սահմանված պայմանի` մեղադրյալի կողմից նախկինում հանցագործություն կատարած չլինելը արձանագրելու համար պարտադիր էր նաև օրենսդրի կողմից որևէ հստակեցնող այլ նորմի սահմանումը, որը դատավորին կզրկեր վարույթի` մեղադրական դատավճռի կայացմանը նախորդող փուլերում անձին «նախկինում հանցագործություն կատարած անձ»դիտելու հնարավորությունից:

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

i

ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում` դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

i

Հաջորդիվ, Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

i

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը`

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ.

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով.

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը` խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Նախկին Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

i

Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:

i

Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

i

Քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է նրա կողմից դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

i

Քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի վերաբերյալ համաձայնության գալուց հետո կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ նշանակման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի և դրա չափի վերաբերյալ: Համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը և բռնագրավվող գույքը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին:

i

Քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 460-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ինչպես նաև եթե համաձայնեցված պատիժը կամ բռնագրավման ենթակա գույքը կամ դրա չափն անօրինական է: Եթե դատարանի սահմանած ժամկետում կողմերը չեն ներկայացնում համաձայնության մասին պատշաճ արձանագրություն, ապա դատարանն ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները:

6.2. Խորհուրդը փաստում է, որ ՀՀ Քրեական դատավարության թե՛ նախկին, և թե՛ գործող օրենսգրքերի համաձայն` «մեղադրյալի կողմից հանցագործության կատարումը», այն է` դրա ապացուցված լինելը, հանդիսանում է բացառապես մեղադրական` համապատասխանաբար, դատավճռով կամ վերդիկտով լուծման ենթակա հանգամանք (տես` հիշյալ օրենսգրքերի, համապատասխանաբար, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 342-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը), ուստի քրեական վարույթի որևէ այլ փուլում անձը չի կարող համարվել հանցագործություն կատարած անձ, հետևաբար` այլ գործով` մեղքի առթիվ որոշումներ կայացնելիս, այդ փաստը չի կարող դիտվել որպես այդպիսին: Առավել ևս, այդ փաստը չի կարող հաստատվել մեկ այլ քրեական վարույթի որևէ փուլում կայացվող որևէ դատավարական որոշմամբ, ներառյալ` մեկ այլ գործով կայացվող մեղադրական դատավճիռը:

Դատավորի կողմից ներկայացված և կարգապահական վարույթի ընթացքում արտահայտած դիրքորոշմամբ Դատավորը սույն գործով դատավճռի կայացման ընթացքում օգտվելով կիրառելի նորմերը մեկնաբանելու իր հնարավորությունից «հանցանք կատարած» եզրույթը մեկնաբանել է այն տեսանկյունից, որ Էմիլ Հարությունյանը` Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով չի համարվել առաջին անգամ հանցանք կատարած անձ, քանի որ վերջինիս վերաբերյալ տվյալ ժամանակահատվածում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է մեկ այլ քրեական գործ, որի առկայության պարագայում ըստ Դատավորի, օրենսդիրը հստակ չի սահմանել թե արդյոք օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի կամ մեղադրական վերդիկտի բացակայության պարագայում տվյալ անձը մեկ այլ քրեական գործի շրջանակներում կարող է համարվել հանցանք չկատարած:

i

Սույն վարույթի շրջանակներում քննարկման ենթակա հարցի պարզաբանման նպատակով Խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ  հոդվածի 2-րդ մասի («Անմեղության կանխավարկածը») համաձայն` «Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը»:

Դատավորի վերը նշված պնդման կապակցությամբ Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ անմեղության կանխավարկածի տարրերի սպառիչ նորմատիվ ձևակերպման պայմաններում սահմանադրի և օրենսդրի կամքի մեկնաբանության տեղիք չի տալիս այն փաստը, որ համապատասխանաբար` սահմանադրական և քրեադատավարական վերաբերելի նորմերը, սահմանելով, որ միայն դատարանն է իրավասու անձին մեղավոր ճանաչել հանցագործության կատարման մեջ, իսկ անձի կողմից հանցագործության կատարումը, մասնավորապես` մեղավոր կատարումը, կարող է հաստատվել միայն նրա նկատմամբ համապատասխան քրեական վարույթի շրջանակներում կայացված մեղադրական դատավճռով, չի սահմանել նաև, որ առաջին անգամ միջին ծանրության հանցագործության կատարելու համար որպես պատիժ ազատազրկում նշանակելու արգելքը տարածվում է նաև այն մեղադրյալների նկատմամբ, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվում այլ քրեական գործով վարույթի շրջանակներում:

i

Անմեղության կանխավարկածի սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն Արմեն Բաղդասարյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0009/11/13 քրեական գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ «հանցագործության կատարման մեջ կասկածվողի կամ մեղադրվողի մեղքն ապացուցված կարող է համարվել միայն դատարանի` օրենքով սահմանված կարգով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այլ խոսքով` կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորությունը կարելի է հաստատված համարել միայն այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ», (տես` որոշման 14-րդ և 15-րդ կետերը):

i

Համաձայն Վճռաբեկ դատարանի կողմից Մելինե Մարգարյանի վերաբերյալ քրեական գործով թիվ ԵԿԴ/0081/01/11 2012 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշման` «(...)անմեղության կանխավարկածի իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներից է, որը գործում է քրեական դատավարության ողջ ընթացքում», (տես` որոշման 21-րդ կետը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` «(...) անմեղության կանխավարկածի խախտում է այն դեպքը, երբ դատական որոշման կամ պաշտոնատար անձի կողմից արված հայտարարության մեջ կարծիք է արտահայտվում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի մեղքի վերաբերյալ` նախքան նրա մեղքը կհաստատվի օրենքով սահմանված կարգով(3)»:

 

________________

3) Տե՛ս` Գարիցկին ընդդեմ Լեհաստանի (Garycki v. Poland) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, գանգատ թիվ 14348/02, կետ 66-րդ:

 

Կարգապահական վարույթի նյութերի, ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ քրեադատավարական օրենսդրության և ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների ուսումնասիրության հիման վրա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ անմեղության կանխավարկածը միջազգային և ներպետական ճանաչում ստացած կարևորագույն սկզբունքներից է, որը հանդիսանում է քրեական գործերով արդար դատաքննության իրավունքի կառուցվածքային տարրերից: Անմեղության կանխավարկածը` իր բոլոր տարրերով հանդերձ, գործում է քրեական դատավարության ողջ ընթացքում, ինչը Խորհրդին հնարավորություն է տալիս արձանագրելու, որ Էմիլ Հարությունյանի նկատմամբ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած լինելու և նրա նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած այլ եզրափակիչ դատական ակտի բացակայության պարագայում նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելը անհիմն է, և չի բխում անձի անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքից:

6.3. Վերը նշված իրավակարգավորումների լույսի ներքո, գնահատելով սույն կարգապահական վարույթի համար առիթ հանդիսացած թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործով Դատավորի կողմից կատարված դատավարական նորմի առերևույթ խախտումը, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Դատավորի կողմից հիշյալ քրեական գործով ուսումնասիրության առարկա չեն դարձվել Քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումները, մասնավորապես` այն, որ դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե համաձայնեցված պատիժը անօրինական է: Տվյալ դեպքում հարկ է նշել, որ Դատավորի կողմից հիշյալ քրեական գործով համաձայնեցման արձանագրությունը հաստատելիս չի պահպանվել Քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթը այն մասին, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

Դատարանի կողմից թիվ ԳԴ4/0042/01/22 քրեական գործով 26.09.2022 թվականին կայացված դատավճռով` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանեցվել է` 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 1-ին մասին և Էմիլ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է համաձայնեցված վարույթ, արդյունքում վերջինս մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ է նշանակվել ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Վերոհիշյալի համատեքստում Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որի համար պատիժ է սահմանվում առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում, ըստ Քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, իսկ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը հստակ սահմանել է, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

6.4. Մյուս կողմից, Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից առերևույթ թույլ տրված խախտումը չի առաջացրել հետևանքներ և, հետևաբար, իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը: Մասնավորապես, նախ, որպես ազատազրկում նշանակված քրեական պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Թեև պայմանական ազատազրկումը իր մեջ ներառում է որոշակի` ապագային միտված հետևանքներ, այն է` փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու համար նախկին դատական ակտով նշանակված ազատազրկման կիրառումը, սակայն Խորհուրդը գտնում է, որ նշված հետևանքի առաջ գալու հավանականությունը կարող է իրացվել բացառապես նոր քրեական պատիժը նշանակող դատարանի կողմից անձի նկատմամբ նախկինում նշանակված պատիժը հաշվի առնելու, այն «վերակենդանացնելու» արդյունքում:

Խորհուրդը ընդգծում է նաև, որ կաշկանդված չէ քրեական հետապնդման մարմինների հետ շահերի միասնությամբ, իսկ անօրինական դատական ակտերը ուժի մեջ մտնելը կանխելու իրավունքը, իսկ վարույթի հանրային մասնակիցների դեպքում` պարտականությունը ամբողջությամբ դրված է գործով կողմերի վրա, որոնց կողմից այդ իրավունքը կամ պարտականությունն իրացնելու արդյունքում ներկայացված բողոքների հիման վրա վերադաս դատական ատյանները իրավասու են քննել այդ բողոքները և բեկանել անօրինական ճանաչված ակտերը:

ՀՀ օրենսդրությունը և Խորհուրդը իր իրավակիրառ պրակտիկայում դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը չեն կապում դատավորի կողմից կայացված խնդրո առարկա դատական ակտը բեկանված լինելու կամ չլինելու փաստի հետ: Մասնավորապես, Խորհուրդը ինչպես դատավորներին կարգապահական պատասխանատվության է ենթարկել խնդրո առարկա դատական ակտի բեկանված չլինելու պայմաններում, այնպես էլ մերժել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները դատական ակտի բեկանված լինելու պայմաններում: Խորհուրդը գտնում է, որ հետևաբար, առերևույթ բեկանման ենթակա ակտի առկայությունը, ինչպես նաև այն բեկանելու անհրաժեշտությունը չեն առաջացնում նաև դատավորին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն: Այլ խոսքերով, կարգապահական վարույթը և դատական ակտի օրինականության ստուգումը տարբեր վարութային ռեժիմներ են, և վերջինս նշված վարույթն իրականացնելը կամ դրան աջակցելը դուրս է Խորհրդի սահմանադրական լիազորությունների շրջանակից:

Ավելին, Խորհուրդը հարկ է համարում նշել, որ օրենսդրական նախաձեռնություն ունեցող սուբյեկտի կողմից արդեն իսկ 2023թ. մայիսի 11-ից շրջանառվող օրենսդրական փոփոխության նախագծով առաջարկվում է սահմանել նույն վարույթի շրջանակներում քննարկվող ենթադրյալ դատական սխալը ուղղելու հնարավորություն: Մասնավորապես, առաջարկվել է Քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 2.1-ին («Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը») կետով` հետևյալ խմբագրությամբ, այն է` եթե «մեղադրյալին վերագրվող հանցագործության համար նշանակվել է օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել կամ չի համակցվել»:

6.5. Ինչ վերաբերում է Խորհրդի կողմից լուծման ենթակա երկրորդ հարցին, այն է` մեղքի ձևին, այսինքն` առերևույթ խախտման նկատմամբ Դատավորի ունեցած սուբյեկտիվ վերաբերմունքին, ապա Խորհուրդը, վերոգրյալի լույսի ներքո, գտնում է, որ Դատավորը, չնայած իր` այդ թվում Խորհրդի նիստում արտահայտած այն դիրքորոշման, որ չի ընդունում վարույթ հարուցած մարմնի կողմից իրեն վերագրված մեղքի ձևը` կոպիտ անփութություն, քանի որ լիովին գիտակցել է իր գործողությունների բնույթը` ի դեմս ազատազրկումը որպես պատիժ նշանակելու վավերապայմանների սեփական մեկնաբանության, այնուամենայնիվ, դրսևորել է ոչ թե դիտավորության, այլ կոպիտ անփութության հատկանիշներ: Մասնավորապես, օրենսդրի կամքի սպառիչ արտահայտված լինելու պայմաններում` առ այն, որ միայն դատավճռով է հաստատվում անձի կողմից հանցագործություն կատարած լինելու փաստը, անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս և որպես ազատազրկում պատիժ նշանակելիս, նրան` այլ վարույթում որպես մեղադրյալ ներգրավելու ուժով դիտարկել է որպես ոչ առաջին անգամ հանցագործություն կատարած անձ:

Խորհուրդը առանձնահատուկ նշանակություն է տալիս հենց այս հանգամանքին` հաշվի առնելով այն փաստը, որ դատարանի կողմից, մասնավորապես` մինչդատական վարույթի շրջանակներում կայացվող որոշ դատական ակտերի հիմքում դրված է լինում «հանցանք կատարած լինելը»: Այսպես, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ («Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը») կետում իրավաչափ է համարում խափանման միջոցի կիրառումը` «մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար»: Այսինքն, օրինակ, եթե գրավի կիրառմամբ ազատ արձակված անձը առերևույթ կատարի հանցագործություն և նրան մեղադրանք առաջադրվի այդ նոր` առերևույթ հանցավոր արարքը ենթադրաբար կատարելու համար, ապա արդյո՞ք Խորհրդի վերը արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո, դատարանի կողմից անմեղության կանխավարկածի խախտում կլինի անձին` որպես «հանցանք կատարած անձ» դիտարկելը և նրան կալանավորելը` այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ նրա պատշաճ վարքագիծը երաշխավորելու փաստված անարդյունավետության հիմքով` նոր արարքի համար նույն անձի նկատմամբ մեղադրական դատավճռի բացակայության պայմաններում:

Այս կապակցությամբ Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ կարևոր է, թե քրեական գործով լուծման ենթակա ինչպիսի հարցով լուծվող, հետևաբար` ինչ դատավարական ակտի, հետևաբար` ինչ ապացուցողական չափորոշիչով կայացվող դատական ակտի հիմքում է դրվում այլ վարույթում անձի կողմից ենթադրաբար հանցանք կատարած լինելու փաստը: Քանի որ սույն կարգապահական վարույթի առարկա գործով խնդրո առարկա դատական ակտը վերջնական դատական ակտն է, որով լուծվում է մեղադրյալի կողմից հանցագործությունը մեղավորությամբ կատարած լինելու և նրա նկատմամբ քրեական պատիժ նշանակելու հարցը, իսկ ապացուցման չափորոշիչը «ողջամիտ կասկածից վեր» շեմն է, ապա այլ գործով նույն անձին որպես մեղադրյալ ներգրավելը` հանցանք կատարելու համար` անկախ գործը դատարան ուղարկվելու հանգամանքից, որևէ կերպ չի կարող ազդել նման դատական ակտի բովանդակության վրա: Մինչդեռ, քանի որ խափանման միջոցի, մասնավորապես` կալանքի իրավաչափության գնահատման և կիրառման համար գործում է «հիմնավոր կասկածի» շեմը, այն կարող է բավարարվել այնպիսի փաստերով և տեղեկություններով, որոնք դեռևս չեն ապացուցվել «ողջամիտ կասկածից վեր» շեմով:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իր գործունեության ընթացքում երբևէ չի ունեցել որևէ տույժ, խնդրո առարկա դատական ակտը կայացնելիս գործել է բարեխղճորեն:

6.6. Սույն դեպքում, Խորհուրդը նաև հաշվի է առնում այն հանգամանքը, որ Դատավորի արարքը դատավարության մասնակցի համար բացասական իրավական ծանր հետևանք չի առաջացրել, ինչպես նաև այն, որ Դատավորի փորձառությունը քրեական գործերի քննության ոլորտում էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի` տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ:

Դատավորի արարքը, թեև պարունակում է կարգապահական խախտման, ինչպես նաև` այդ արարքի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքի, այն է` մեղքի կոպիտ անփութության հատկանիշներ, սակայն ծանր հետևանքների բացակայության ուժով, չի կարելի ասել որ կասկածի տակ է դնում դատավորի համապատասխանությունը իր կարգավիճակին կամ իր էությամբ հեղինակազրկում է դատական իշխանությունը:

Ամփոփելով վերը նշվածը` Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Դատավորի կողմից թույլ է տրվել Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով, 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նյութական նորմի, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ և 461-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված դատավարական կանոնների խախտման առերևույթ հատկանիշներ պարունակող արարք, որը իր նվազ կարևորության պատճառով չի կարող հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Ուստի, Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահ                                Կ. Անդրեասյան

 

    Անդամներ                               Ա. Աթաբեկյան

                                           Հ. Գրիգորյան

                                           Ե. Թումանյանց

                                           Դ. Խաչատուրյան

                                           Ն. Հովսեփյան

                                           Մ. Մակյան

                                           Ք. Մկոյան

                                           Ա. Վարդանյան

                                           Վ. Քոչարյան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 30 հունիսի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
12.06.2023
N ԲԴԽ-48-Ո-Կ-14
Որոշում