Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՁԻՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԻ` «Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՁԻՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԻ` «ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՍԴ/1224/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1224/02/21         2023 թ.

Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                                      Կ. Համբարձումյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ա. Բարսեղյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի ապրիլի 6-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անուշավան Զախարյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Անուշավան Զախարյանի` Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անուշավան Զախարյանը պահանջել է Անահիտ Զաքարյանին ճանաչել անգործունակ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Հովհաննիսյան) 08.04.2022 թվականին վճռել է` «Անուշավան Զախարյանի դիմումը` Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ն. Գաբրիելյան, դատավորներ` Հ. Ենոքյան, Կ. Համբարձումյան) 01.07.2022 թվականի որոշմամբ Անուշավան Զախարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Անուշավան Զախարյանը (ներկայացուցիչ` Մհեր Բադալյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ, 249-րդ, 250-րդ, 251-րդ, 252-րդ և 254-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Անուշավան Զախարյանը դիմում է ներկայացրել Դատարան իր հարազատ քրոջը` Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջով, քանի որ քույրը մանկուց հոգեկան հիվանդ է և տառապում է «չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն» հոգեկան հիվանդությամբ, չի գիտակցում իր գործողությունների նշանակությունը, գտնվում է դիմողի խնամքին: Դիմողն ու Անահիտ Զաքարյանը հանդիսանում են Տարոն Զաքարյանի և Աղավնիկ Կոստանդյանի հարազատ երեխաները և այլ եղբայր, քույր չունեն, դիմողի ծնողները մահացած են, Անահիտ Զաքարյանը հիվանդության պատճառով չի գիտակցում և չի հասկանում, որ ծնողների ժառանգությունն ընդունելու համար պետք է դիմի նոտարական գրասենյակ, դիմողն է նրան ներկայացրել նոտարական գրասենյակ, սակայն նոտարը չի կարողացել հասկանալ Անահիտ Զաքարյանի ցանկությունը կամ մտքերը, ուստի դիմողը դիմել է Դատարան` Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջով:

Ստորադաս դատարանները հիմք են ընդունել այն, որ փորձագետի թիվ 38/22 եզրակացության համաձայն Անահիտ Զաքարյանը քրոնիկ հոգեկան հիվանդություն չունի, հետևաբար չի կարող անգործունակ ճանաչվել, մինչդեռ անգործունակ ճանաչելու համար քրոնիկ հոգեկան հիվանդության առկայությունը պարտադիր չէ, քանի որ հիվանդության հետևանքով Անահիտ Զաքարյանը չի գիտակցում իր գործողությունների նշանակությունը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Դատարանների կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

i

Վերոգրյալի հիման վրա բողոք ներկայացրած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի թիվ ՍԴ/1224/02/21 որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 05.05.1958 թվականին ծնված Անահիտ Զաքարյանի հայրը Տարոն Զաքարյանն է, մայրը` Աղավնիկ Կոստանդյանը (գ.թ. 8):

2) 11.08.1959 թվականին ծնված Անուշավան Զաքարյանի հայրը Տարոն Զաքարյանն է, մայրը` Աղավնիկ Կոստանդյանը (գ.թ. 44):

3) «Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Դատարանի 01.02.2022 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն` փորձագետին առաջադրելով հետևյալ հարցերը`

> տառապու՞մ է, արդյոք, Անահիտ Զաքարյանը խրոնիկ հոգեկան հիվանդությամբ,

> եթե այո, ապա ինչպիսի՞ ախտորոշմամբ և երբվանից,

> եթե այո, ապա ներկա հոգեկան վիճակով նա կարո՞ղ է արդյոք իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար և գիտակցաբար ղեկավարել դրանք:

Փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսեր» ՓԲԸ-ին (գ.թ. 53-55):

4) «Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսեր» ՓԲԸ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 25.02.2022 թվականի թիվ 38/22 եզրակացության համաձայն`

> «Անուշավան Զաքարյանի կնոջ խոսքերից. (...) Անահիտ Զաքարյանը մանկուց եղել է հաշմանդամ, 14.04.1977 թվականից 2-րդ խմբի հաշմանդամ է անժամկետ, ախտորոշում` «Ծանր մտավոր հետամնացություն, ՀՄԴ ծածկագիր` F72», ունի 02.08.1967 թվականին տրված առողջական վիճակի վկայարկման թերթիկ, որում նյարդաբանն ախտորոշել է` մնացորդային երևույթներ ներարգանդային էնցեֆալիտ կրելուց հետո տոքսոպլազմոզի հետևանքով, նույն թերթիկում հոգեբույժի գրառմամբ «Մտավոր հետամնացություն` արտահայտված դեբիլության աստիճանի», բուժվել է ստացիոնարում 13.11.1968-04.12.1968թթ. ընթացքում օլիգոֆրենիա ախտորոշմամբ»,

> «օբյեկտիվ քննությամբ. Անահիտ Զաքարյանի (...) հիշողությունը թույլ է, ինտելեկտը ցածր է, գիտելիքներ` որպես այդպիսիք չունի, ունի փոքր բառապաշար, ղեկավարվում է կոնկրետ պատկերացումներով: Մտածողությունն առարկայական է, առկա են երևակայելու նշույլներ, բայց ընդունակ չէ խորապես ըմբռնել երևույթների, իրադարձությունների միջև ընկած կապը, հասկանալ պատճառահետևանքային կապ, խորապես գիտակցել իր շահը և պաշտպանել այն: Դատողությունները մանկական են, տրամաբանական մտահանգումներ կատարել չի կարող: (...) Կամային բարձր ընդունակությունները զարգացած չեն, (...): (...) Ելնելով առկա անամնեստիկ, բժշկական փաստաթղթերում առկա և փորձաքննությամբ ձեռքբերված տվյալներից` հանձնաժողովը գտնում է, որ Անահիտ Զաքարյանը չի տառապում որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով, այլ ունի մտավոր հետամնացություն, ախտորոշումն է` «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն»: (...) Հիվանդությունը բուժման, լավացման ենթակա չէ, այն կայուն դեֆեկտ է, երբ մարդը չունի երևակայություն, չի կարող ունենալ հասուն անձին բնորոշ շրջապատի գիտակցված ընկալում և ծավալել գիտակցված գործունեություն, չի կարող հասկանալ դեպքերի, իրադարձությունների, երևույթների պատճառահետևանքային կապը, հասկանալ իր շահն ու պաշտպանել դա, ի վիճակի չէ, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք, հետևաբար Անահիտ Զաքարյանին հարկ է ճանաչել անգործունակ և նրա նկատմամբ սահմանել խնամակալություն» (գ.թ. 63-67):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է`

> ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

> ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Ա) Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել անձին անգործունակ ճանաչելու հիմքի` «հոգեկան խանգարում» հասկացության բովանդակությունը` քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործերի վարույթում:

Քաղաքացիաիրավական հարաբերություններում քաղաքացու իրավական վիճակը բնութագրող կարևոր տարրերից է գործունակությունը:

Քաղաքացիական գործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունն է, որը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 24, մաս 1):

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 74438/14) գործով 03.10.2019 թվականի վճռով ի թիվ այլնի արձանագրել է, որ անհատի մասնավոր կյանքը հարգելու իրավունքին ցանկացած միջամտություն կհամարվի 8-րդ հոդվածի խախտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով, հետապնդել է իրավաչափ նպատակ` համաձայն երկրորդ կետի և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այն իմաստով, որ այն համաչափ է հետապնդվող նպատակներին:

i

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխի նորմերով (հոդվածներ 249-255):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:

Վերոգրյալից հետևում է, որ`

- անգործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացու ունակության բացակայությունն է, անկարողությունը,

- քաղաքացուն անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայմանը հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ դրանք ղեկավարել չկարողանալու փաստի արձանագրումն է:

Միաժամանակ, Քաղաքացուն դատական կարգով անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայման է իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացու ունակության բացակայության և հոգեկան խանգարման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը. իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացու անկարողությունը պետք է լինի հոգեկան խանգարման ուղղակի հետևանք:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Այսպես, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում սահմանված են «հոգեկան առողջություն» և «հոգեկան խանգարում» հասկացությունները, մասնավորապես օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

1) հոգեկան առողջությունը մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք է, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.

(...)

3) հոգեկան խանգարումը հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչի հոգեկան և վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակն է կամ վարքի խանգարումը:

Վկայակոչված հասկացությունների բովանդակային ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս արձանագրել, որ հոգեկան առողջությունն ու հոգեկան խանգարումը հոգեկան վիճակի հակադիր դրսևորումներն են, մասնավորապես` քաղաքացու գործունակությունը վկայում է վերջինիս հոգեկան առողջության մասին, համապատասխանաբար գործունակության խաթարումը` հոգեկան անառողջ վիճակի կամ վարքի խանգարման մասին, արդյունքում` հոգեկան խանգարման մասին:

Միաժամանակ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված` հոգեկան խանգարում հասկացության բովանդակության բացահայտման նպատակով «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը որպես բլանկետային նորմի հղում է կատարում հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչին:

Հիվանդությունների միջազգային դասակարգիչը հիվանդությունների և ախտաբանական վիճակների խմբավորման համակարգ է, որն արտահայտում է բժշկագիտության ժամանակակից զարգացման փուլը:

Հիվանդությունների տասներորդ վերանայված միջազգային դասակարգիչը (այսուհետ` ՀՄԴ-10) բաժանված է 21 դասերի (լատինական տառերով) (A-Z): Հիվանդությունների միջազգային դասակարգման ավանդական կառուցվածքը պահպանված է, փոփոխված է միայն կոդավորման թվային համակարգը, այն փոխարինվել է տառաթվայինով: Առաջին նշանը անգլերենի այբուբենի տառ է, իսկ 2-րդ և 3-րդ նշանները թվային են: ՀՄԴ-10-ում կոդերի հնարավոր համարները ձգվում են A00.0-ից մինչև Z99.9: Դասակարգիչը բաղկացած է հիվանդության տեսակների անվանումներից, համապատասխան կոդերից և համառոտ պարզաբանումից: Կոդի առաջին նշանը` տառը, համապատասխանում է կոնկրետ հիվանդության դասի:

ՀՄԴ-10 դասակարգչի 5-րդ դասում թվարկված են հոգեկան խանգարումներն ու վարքի խանգարումները: Վկայակոչված դասին ու վերջինիս բովանդակությանը համապատասխան հաստատվել է ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ:

Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի` «ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը» հաստատելու և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 14.11.2013 թվականին ուժի մեջ մտած թիվ 871-Ն հրամանով (այսուհետ` Հրաման) հաստատվել է ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը»` համաձայն հավելվածի (այսուհետ` Հավելված) (տասներորդ վերանայում, ընդգծումը ՀՀ Վճռաբեկ դատարանինն է):

Հավելվածի համաձայն` հիվանդությունների դասակարգման նպատակն է ստեղծել պայմաններ` տարբեր երկրներում կամ տարածաշրջաններում և տարբեր ժամանակներում ստացված մահացության և հիվանդացության տվյալների համակարգված գրանցման, վերլուծության, մեկնաբանման և համեմատության համար, հիվանդությունների դասակարգումը կիրառվում է հիվանդությունների և առողջության հետ կապված այլ խնդիրների ախտորոշումների բանավոր ձևակերպումը տառաթվային ծածկագրի փոխակերպելու համար, ինչն ապահովում է տվյալների պահպանման, առանձնացման և վերլուծության հարմարավետությունը:

Հավելվածի` «Հոգեկան և վարքային խանգարումներ» վերտառությամբ 5-րդ գլուխը ներառում է հետևյալ բաժինները`

F00-F09 Օրգանական, ներառյալ սիմպտոմատիկ, հոգեկան խանգարումներ.

F10-F19 Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով.

F20-F29 Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ.

F30-F39 Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ.

F40-F48 Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ.

F50-F59 Վարքային համախտանիշեր` պայմանավորված ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով.

F60-F69 Չափահասի անձի և վարքի խանգարումներ.

F70-F79 Մտավոր հետամնացություն.

F80-F89 Հոգեբանական զարգացման խանգարումներ.

F90-F98 Վարքային և հուզական խանգարումներ` սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող.

F99-F99 Հոգեկան խանգարում` չճշտված:

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի տառացի (լեզվական) մեկնաբանումից հետևում է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայման հանդիսացող հոգեկան խանգարումը ներառում է հոգեկան և/կամ վարքային խանգարումներ (Հավելվածի 10-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն` «և» շաղկապը կիրառվում է և՛ «և»-ի, և՛ «կամ»-ի իմաստով), իսկ վարքային խանգարումների դրսևորումների նկարագրությունը վկայում է այդպիսի խանգարման որոշակի աստիճանով պայմանավորված` վարքի և մտքի խաթարված դրսևորումների մասին, որոնք կարող են առաջանալ ինչպես հոգեկան խանգարման հետևանքով, այնպես էլ` առանց դրա:

Հետևաբար վարքային խանգարման հիմքում հոգեկան խանգարման բացակայությունը (վարքային խանգարումը հոգեկան խանգարման հետևանք չլինելը) ամենևին չի վկայում քաղաքացուն անգործունակ ճանաչելու` հոգեկան խանգարման պայմանի, հետևաբար նաև` անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմի բացակայության մասին:

Այսպես, օրինակ, Հավելվածով սահմանված մտավոր հետամնացությունը (F70-F79) բնութագրվում է որպես մտավոր զարգացման կանգի կամ թերզարգացման վիճակ, որն առաջին հերթին բնութագրվում է զարգացման ընթացքում առաջացող այն ունակությունների նվազումով, որոնք որոշում են բանականության (ինտելեկտ) ընդհանուր մակարդակը, այսինքն` ճանաչողական, խոսքի, շարժունակության և սոցիալական կարողությունները: Մտավոր հետամնացությունը կարող է առաջանալ որևիցե հոգեկան կամ սոմատիկ խանգարման ֆոնի վրա կամ առանց դրա: Մտավոր ունակությունները և սոցիալական հարմարվողականությունը ժամանակի ընթացքում կարող են փոխվել, սակայն բավականին թույլ: Լավացումը կարող է լինել մարզման և վերականգնման արդյունք: Ախտորոշումը պետք է հիմնվի տվյալ պահին առկա մտավոր գործունեության մակարդակի վրա:

Միևնույն պատճառով խանգարման ծանրությունը կարող է տարբեր լինել: Այսօր ՀՄԴ-10 դասակարգիչն առանձնացնում է մտավոր հետամնացության 4 աստիճաններ: Ըստ ավանդական դասակարգման` գոյություն ունի նրա 3 աստիճան` դեբիլ, իմբեցիլ և ապուշ: «Դեբիլ», «իմբեցիլ» և «ապուշ» տերմիններն ամբողջությամբ հանված են ՀՄԴ-10 դասակարգչից, քանի որ դրանք դուրս են եկել խիստ բժշկական սահմաններից և ձեռք են բերել սոցիալական (բացասական) երանգ: Դրանց փոխարեն առաջարկվել է օգտագործել բացառապես չեզոք տերմիններ, որոնք քանակապես արտացոլում են մտավոր հետամնացության աստիճանը:

Այսպես.

. F70 կատեգորիային համապատասխանում է թեթև աստիճանի մտավոր հետամնացությունը (դեբիլություն), մտավոր զարգացման գործակցի ցուցանիշը գտնվում է 50-69-ի սահմաններում (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 9-12 տարեկանին): Հնարավոր են որոշ դժվարություններ դպրոցում սովորելիս: Շատ մեծահասակներ ի վիճակի կլինեն աշխատել, պահպանել նորմալ սոցիալական հարաբերություններ և իրենց ավանդը ներդնել հասարակական կյանքում.

. F71 կատեգորիային համապատասխանում է չափավոր աստիճանի մտավոր հետամնացությունը (ցածր արտահայտված իմբեցիլություն), մտավոր զարգացման գործակիցը գտնվում է 35-49-ի սահմաններում (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 6-9 տարեկանին): Հավանաբար զարգացման ուշացումը նկատելի է մանկուց, բայց նրանց մեծ մասը կարող է սովորել և հասնել որոշակի աստիճանի անկախության ինքնասպասարկման գործում, ձեռք բերել համարժեք հաղորդակցության և ուսումնական հմտություններ, մեծահասակները կարող են ունենալ տարբեր աստիճանի աջակցության կարիք կյանքում և աշխատանքում.

. F72 կատեգորիային համապատասխանում է ծանր աստիճանի մտավոր հետամնացությունը (արտահայտված իմբեցիլություն), մտավոր զարգացման գործակիցը սովորաբար 20-34-ի սահմաններում է (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 3-6 տարեկանին), հավանական է մշտական աջակցության անհրաժեշտությունը.

. F73 կատեգորիային համապատասխանում է խորը մտավոր հետամնացությունը (ապուշություն), մտավոր զարգացման գործակիցը 20-ից ցածր է (հասուն տարիքում մտավոր զարգացումը ցածր է երեք տարեկան հասակից), արտահայտվում է ինքնասպասարկման, միզարձակման և կղազատման վերահսկման, հաղորդակցման և շարժունակության ծանր սահմանափակումներով:

Ընդ որում, թվարկված չորրորդ նիշով ենթաբաժանումները կիրառվում են F70-F79 դասերի հետ` վարքի խանգարման ծանրության աստիճանի նույնականացման համար, այն է` 0` վարքի խանգարման բացակայություն կամ թույլ արտահայտում, 1` խնամք և բուժում պահանջող վարքի էական խանգարում, 8` վարքի այլ խանգարումներ, 9` առանց վարքի խանգարումը նշելու:

Արդյունքում ստացվում է, որ, օրինակ, F71 կատեգորիային համապատասխանող չափավոր աստիճանի մտավոր հետամնացությունը (ցածր արտահայտված իմբեցիլություն)`

. կախված վարքի խանգարման ծանրության աստիճանից, կարող է առաջանալ որևիցե հոգեկան կամ սոմատիկ խանգարման ֆոնի վրա կամ առանց դրա,

. կարող է որակվել որպես խնամք և բուժում պահանջող վարքի էական խանգարում կամ այդպիսին չորակվել:

Ըստ այդմ, քաղաքացուն անգործունակ ճանաչելու միջոցի կիրառման համաչափությունը ենթակա է գնահատման վկայակոչված պայմանների առկայությունը կամ բացակայությունը պարզելուց հետո:

Անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյոք անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով անձին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով դատարանը պարտավոր է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն, ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելը հնարավոր է բացառապես բժշկական և իրավական չափանիշների համընկնման դեպքում: Բացահայտելով բժշկական չափանիշի էությունը` հարկ է նշել, որ այն ենթադրում է քաղաքացու «հոգեկան խանգարման» տեսակի որոշում, այն է` քաղաքացու մոտ գոյություն ունեցող հոգեկան խանգարումներից մեկի կամ մի քանիսի հայտնաբերում, որոնք ուղղակիորեն բացասաբար են ազդում մարդու սոցիալական բաղադրիչի վրա:

Ինչ վերաբերում է իրավական չափանիշին, ապա ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դրսևորվում է անձի` իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու և այդ գործողությունների հետևանքները կանխատեսելու ունակության կորստով: Իրավական չափանիշի շնորհիվ հնարավոր է որոշել անձի հոգեկան խանգարման խորությունը (ծանրությունը), որն այս կամ այն կերպ ազդում է այդ անձի կողմից քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իրականացման վրա:

i

Արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար կարևոր հիմք է հանդիսանում դատարանի` քաղաքացու հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների և անձի հոգեկան (գիտակցության) խանգարման մասին բավարար տվյալների առկայությունը: Ուստի անձի հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հարցը քննելիս դատարանի մոտ առաջացած հիմնավոր կասկածի բավարարման կամ հերքման համար պետք է դատարանի կողմից ձեռնարկվեն բավարար միջոցներ, որոնց վերջնարդյունքում կփարատվեն կամ կհերքվեն այդ կասկածները (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի թիվ ԱՎԴ2/2912/02/19 որոշումը):

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացու կողմից իր գործողությունների նշանակությունը չհասկանալը կամ դրանք ղեկավարել չկարողանալը հոգեկան խանգարման հետևանք դիտարկելու բավարար պայման է նաև որոշակի «տեսակի կամ աստիճանի» վարքային խանգարումը, որը կարող է առաջանալ նաև առանց հոգեկան խանգարման. անհրաժեշտ է միայն որոշակի գործառույթների, վարքային խափանումների այնպիսի դրսևորում, որը հնարավորություն կտա անվերապահորեն բացահայտելու, թե որ գործողությունները չի կարող քաղաքացին հասկանալ կամ ղեկավարել` հստակ պատկերացում կազմելու քաղաքացու հիվանդության աստիճանի, նրա սոցիալական կյանքի, առողջության, նյութական շահերի և այլնի վրա նրա հիվանդության հնարավոր հետևանքների մասին, արդյունքում նաև` քաղաքացուն անգործունակ ճանաչելու միջոցի կիրառման համաչափության մասին:

 

Բ) Ստորադաս դատարանների համար քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործերի վարույթի կանխատեսելիությունն ապահովելու, անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմի առկայությունը բացահայտելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալ ուղենիշները.

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի բովանդակության տառացի (լեզվական) մեկնաբանման մեթոդի կիրառման արդյունքում ակներև է, որ հոդվածի կարգավորումը վերաբերում է միայն հոգեկան խանգարմանը, սակայն Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վկայակոչված հոդվածն ավելի լայն իմաստով պետք է մեկնաբանել, քանի որ, ինչպես արդեն նշվել է, հոգեկան խանգարումը ներառում է ինչպես հոգեկան, այնպես էլ վարքային խանգարումները, ընդ որում, վերջինները կարող են ամենևին հոգեկան խանգարման հետևանք չլինել:

Եթե ենթադրենք, որ քննարկվող նորմով օրենսդիրը նախատեսել է միայն հոգեկան խանգարման հետևանքով քաղաքացուն անգործունակ ճանաչելու հնարավորություն, կբացառենք հոգեկան խանգարման հետևանք չհանդիսացող վարքային խանգարումներով պայմանավորված քաղաքացուն անգործունակ ճանաչելու հնարավորությունը, ինչը կհակասի ոչ միայն սույն որոշման Ա) կետում շարադրված պատճառաբանություններին, այլև քաղաքացուն անգործունակ ճանաչելու ինստիտուտի նպատակներին:

Մասնավորապես` քաղաքացուն անգործունակ ճանաչելու ինստիտուտի նպատակը իր գործողությունները հասկանալու և/կամ ղեկավարելու անընդունակ քաղաքացուն կամայականորեն քաղաքացիական շրջանառության մասնակիցների շրջանակից բացառելը չէ. ինստիտուտի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել նշված անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ ոլորտը կանոնակարգող նորմերի նպատակային մեկնաբանումը թույլ է տալիս վեր հանել քաղաքացուն անգործունակ ճանաչելու իրավաչափ նպատակը, այն է` հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունների նշանակությունը չհասկացող կամ դրանք ղեկավարելու անընդունակ քաղաքացու իրավունակության կիրառմանն ուղղված համապատասխան և արդյունավետ երաշխիքների ապահովումը մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան, որպեսզի իրավունակության կիրառմանն ուղղված միջոցներով հարգվեն անձի իրավունքները, կամքը և նախասիրությունները, դրանք զերծ լինեն շահերի բախումից և անհիմն ազդեցությունից, համահունչ և հարմարեցված լինեն անձի հետ կապված հանգամանքներին, կիրառվեն հնարավորինս սեղմ ժամկետներում և ենթարկվեն պարբերական վերահսկողության իրավասու, անկախ և անաչառ մարմնի կամ դատական մարմնի կողմից: Երաշխիքները պետք է համահունչ լինեն այն ազդեցության աստիճանին, որն այդ միջոցներն ունենում են անձի իրավունքների և շահերի վրա («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա, հոդված 12):

Օրենքով ամրագրված անհրաժեշտ և բավարար պայմանների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու իրավաչափ նպատակի մասին է վկայում նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` սույն հոդվածի դրույթների համաձայն` անդամ պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան և անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց` իրենց սեփականությունը տնօրինելու կամ ժառանգելու, սեփական ֆինանսական գործարքները վերահսկելու և բանկային վարկերից, հիփոթեքային վարկից և ֆինանսական վարկավորման այլ միջոցներից օգտվելու հավասար իրավունքը, ինչպես նաև երաշխավորում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կամայականորեն չզրկվեն իրենց սեփականությունից:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան խանգարում է նաև վարքային խանգարումը, որի հետևանքով իր գործողությունների նշանակությունը հասկանալու և/կամ դրանք ղեկավարելու անկարողության նյութաիրավական փաստակազմի առկայության արձանագրումը բավարար է քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատական ակտ կայացնելու համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հնարավորության հարցը գնահատելիս պետք է առաջնորդվել տարածական մեկնաբանման կանոնով` հոգեկան խանգարում հասկացությունը ենթարկելով տարածական մեկնաբանման, և դրա բովանդակության ներքո հասկանալ հոգեկան և վարքային բոլոր այն խանգարումները, որոնց հետևանքով քաղաքացին անկարող է հասկանալ իր գործողությունների նշանակությունը և/կամ ղեկավարել դրանք:

 

Գ) Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան` դիմող Անուշավան Զախարյանը պահանջել է Անահիտ Զաքարյանին ճանաչել անգործունակ:

Որպես Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու հիմք հանդիսացող հանգամանք դիմողը հայտնել է, որ Անահիտ Զաքարյանն ունի հոգեկան հիվանդություն, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, իսկ անգործունակ ճանաչելուց և խնամակալ նշանակելուց հետո դիմողը Անահիտ Զաքարյանի փոխարեն կիրականացնի վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, կկարողանա Անահիտ Զաքարյանի անունից կատարել գործարքներ:

Որպես դիմումի իրավական հիմք դիմողը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ, 251-րդ, 252-րդ, 254-255-րդ հոդվածները:

Գործի քննության ընթացքում Դատարանը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու որոշում է կայացրել:

Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ, 252-րդ հոդվածները, արձանագրելով, որ»»Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի կողմից 28.02.2022 թվականին տրված թիվ 38/22 եզրակացության համաձայն` Անահիտ Զաքարյանը չի տառապում որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով, այլև ունի մտավոր հետամնացություն, ախտորոշումն է` «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն», եզրահանգել է, որ «չի հիմնավորվել Անահիտ Զաքարյանի` հոգեկան խանգարում ունենալը»:

Անդրադառնալով 28.02.2022 թվականի թիվ 38/22 եզրակացության այն հետևությանը, որ Անահիտ Զաքարյանի` «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն» հիվանդությամբ պայմանավորված նրան պետք է ճանաչել անգործունակ, Դատարանն արձանագրել է, որ «01.02.2022 թվականի որոշմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությամբ փորձագետներին նման հարց չի տրվել, և անգործունակ ճանաչելու հարցը որոշում է ոչ թե փորձագետը, այլ` դատարանը. փորձագետն ընդամենը տալիս է մասնագիտական եզրակացություն դատարանի կողմից առաջադրված հարցերի վերաբերյալ»:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Դատարանը վճռել է դիմումը մերժել:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածը, մերժել է դիմող Անուշավան Զաքարյանի վերաքննիչ բողոքը` Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունները. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով անձին անգործունակ ճանաչելու համար որպես հիմք սահմանվել է քաղաքացու միայն հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունների նշանակությունը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը: Այսինքն` սահմանված իրավակարգավորումների բովանդակությունն այնպիսին է, որ եթե քաղաքացին իր գործողությունների նշանակությունը չի կարող հասկանալ կամ ղեկավարել դրանք ոչ թե հոգեկան խանգարման հետևանքով, այլ հիվանդության այլ դրսևորումների արդյունքում, ապա այդ դեպքերը, համաձայն Օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորումների, չեն կարող հանդիսանալ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքեր: Ավելին` վերոգրյալ իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարևորել է ոչ թե ցանկացած հիվանդության հետևանքով քաղաքացու մոտ առաջացած փաստացի վիճակը, այլ կոնկրետ հիվանդության, այն է` հոգեկան խանգարման հետևանքով առաջացած վիճակը: Վերոգրյալի մասին են վկայում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումները, մասնավորապես` այն, որ Օրենսգրքի 252-րդ հոդվածը սահմանում է անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակման իրավական հնարավորությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն այնպիսինն են, որ իրավունքի նորմի լայն մեկնաբանության պայմաններում ևս չեն կարող մեկնաբանվել այնպես, որի արդյունքում կկարևորվի նաև քաղաքացու մոտ այլ հիվանդությունների արդյունքում իր գործողությունների նշանակությունը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը, քանի որ Օրենսդիրն ավելի քան հստակ սահմանել է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին իր գործողությունների նշանակությունը չկարողանա հասկանալ կամ դրանք ղեկավարել միայն հոգեկան խանգարման հետևանքով»:

Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, որ 28.02.2022 թվականին տրված թիվ 38/22 եզրակացությամբ հիմնավորվում է, որ Անահիտ Զաքարյանը ունի հոգեկան հիվանդություն, քանի որ «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն»-ը հանդիսանում է հոգեկան հիվանդություն, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմք է հանդիսանում բացառապես հոգեկան խանգարման հետևանքով քաղաքացու մոտ ստեղծված այն վիճակը, երբ նա չի կարողանում հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, իսկ տվյալ դեպքում Բողոքաբերի պնդումն այն է, որ փորձաքննության եզրակացությամբ տրված ախտորոշումը ևս հոգեկան հիվանդության դրսևորում է: Ավելին` փորձաքննության եզրակացությամբ հստակ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանը չի տառապում որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով»:

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ըստ էության դիմումը մերժելու հիմք են ընդունել այն, որ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ արձանագրվել է Անահիտ Զաքարյանի` որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով չտառապելու հանգամանքը:

Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ սույն որոշմամբ վկայակոչված կիրառելի իրավակարգավորումների նպատակային, համակարգային և տարածական մեկնաբանման գործիքակազմի կիրառմամբ բացահայտվում է հոգեկան խանգարման հասկացության օրենսդրական բովանդակությունը, մասնավորապես այն, որ «հոգեկան խանգարում» հասկացության ներքո պետք է հասկանալ նաև վարքի խանգարումները, որոնք կարող են հոգեկան խանգարման հետևանք չլինել:

Ավելին, փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանն ունի մտավոր հետամնացություն, ախտորոշումն է` «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն», իսկ նշված վարքային խանգարումն ընդգրկված է ՀՄԴ-10 դասակարգչում:

Բացի այդ, փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանի խանգարումը բուժման, լավացման ենթակա չէ, վերջինս չի կարող ծավալել գիտակցված գործունեություն, չի կարող հասկանալ դեպքերի, իրադարձությունների, երևույթների պատճառահետևանքային կապը, հասկանալ իր շահն ու պաշտպանել այն, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք (տե՛ս փաստ 4):

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի իմաստը հնարավոր է ուղղակիորեն բացահայտել կիրառելի կարգավորումների համակարգային, նպատակային և տարածական մեկնաբանման կանոնների կիրառմամբ:

Ասվածի համատեքստում Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն այնպիսինն են, որ իրավունքի նորմի լայն մեկնաբանության պայմաններում ևս չեն կարող մեկնաբանվել այնպես, որի արդյունքում կկարևորվի նաև քաղաքացու մոտ այլ հիվանդությունների արդյունքում իր գործողությունների նշանակությունը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը, Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված` կիրառելի իրավակարգավորումներից չբխող:

Ամփոփելով շարադրվածը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի անհարկի նեղ, կիրառելի իրավակարգավորումներից չբխող մեկնաբանման հետևանքով ստորադաս դատարանները չեն բացահայտել «հոգեկան խանգարում» հասկացության բովանդակությունը, կարգավորման առարկայի ամբողջ ծավալը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածների սխալ մեկնաբանման պայմաններում անգործունակ ճանաչելու համար անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է փորձաքննություն նշանակելու մասին Դատարանի որոշմամբ`

> ապահովել դատահոգեբուժական փորձաքննության իրականացում` նկատի ունենալով, որ եզրակացությունը Նախարարների կոմիտեի թիվ R(99) 4 հանձնարարականի 12-րդ սկզբունքի իմաստով պետք է լինի «արդիական» (բժշկական փորձաքննության օբյեկտիվությունը ենթադրում է պահանջ, որ այն պետք է լինի հնարավորինս վերջերս կատարված, Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 74438/14) գործով 03.10.2019 թվականի վճիռ).

> փորձաքննությանն առաջադրվեն համապատասխան հարցեր, որոնց հիմնավորված պատասխանների արդյունքում եզրակացության մեջ հստակ կարձանագրվեն, թե որ գործողությունների նշանակությունը չի կարող Անահիտ Զաքարյանը հասկանալ կամ ղեկավարել, կարտացոլվեն սոցիալական կյանքի, առողջության, նյութական շահերի և այլնի վրա նրա հիվանդության հնարավոր հետևանքները, կբացահայտվի «հոգեկան խանգարման» ազդեցությունը նրա վարքի վրա.

> հաշվի կառնվի 28.02.2022 թվականի թիվ 38/22 եզրակացությամբ դիմող Անուշավան Զախարյանի կնոջ կողմից տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ Անահիտ Զաքարյանն առաջին անգամ չի ենթարկվել հոգեբուժական փորձաքննության, եղել է մանկուց հաշմանդամ, 14.04.1977 թվականից 2-րդ խմբի հաշմանդամ է անժամկետ, ախտորոշում` «Ծանր մտավոր հետամնացություն, ՀՄԴ ծածկագիր` F72» (տե՛ս փաստ 4):

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` դիմողները` քաղաքացուն անգործունակ (...) ճանաչելու, (...) վերաբերյալ դիմումներով, 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նշված իրավակարգավորումների ուժով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ա. Բարսեղյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի

կողմից թիվ ՍԴ/1224/02/21 քաղաքացիական գործով 06.04.2023 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

06.04.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի ապրիլի 6-ին գրավոր ընթացակարգով քննելով Անուշավան Զախարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Անուշավան Զախարյանի` Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Անուշավան Զախարյանը պահանջել է Անահիտ Զաքարյանին ճանաչել անգործունակ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Հովհաննիսյան) 08.04.2022 թվականին վճռել է` «Անուշավան Զախարյանի դիմումը` Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ն. Գաբրիելյան, դատավորներ` Հ. Ենոքյան, Կ. Համբարձումյան) 01.07.2022 թվականի որոշմամբ Անուշավան Զախարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Անուշավան Զախարյանը (ներկայացուցիչ` Մհեր Բադալյան)»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ, 249-րդ, 250-րդ, 251-րդ, 252-րդ և 254-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Անուշավան Զախարյանը դիմում է ներկայացրել Դատարան իր հարազատ քրոջը` Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջով, քանի որ քույրը մանկուց հոգեկան հիվանդ է և տառապում է «չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն» հոգեկան հիվանդությամբ, չի գիտակցում իր գործողությունների նշանակությունը, գտնվում է դիմողի խնամքին: Դիմողն ու Անահիտ Զաքարյանը հանդիսանում են Տարոն Զաքարյանի և Աղավնիկ Կոստանդյանի հարազատ երեխաները և այլ եղբայր, քույր չունեն, դիմողի ծնողները մահացած են, Անահիտ Զաքարյանը հիվանդության պատճառով չի գիտակցում և չի հասկանում, որ ծնողների ժառանգությունն ընդունելու համար պետք է դիմի նոտարական գրասենյակ, դիմողն է նրան ներկայացրել նոտարական գրասենյակ, սակայն նոտարը չի կարողացել հասկանալ Անահիտ Զաքարյանի ցանկությունը կամ մտքերը, ուստի դիմողը դիմել է Դատարան` Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու պահանջով:

Ստորադաս դատարանները հիմք են ընդունել այն, որ փորձագետի թիվ 38/22 եզրակացության համաձայն Անահիտ Զաքարյանը քրոնիկ հոգեկան հիվանդություն չունի, հետևաբար չի կարող անգործունակ ճանաչվել, մինչդեռ անգործունակ ճանաչելու համար քրոնիկ հոգեկան հիվանդության առկայությունը պարտադիր չէ, քանի որ հիվանդության հետևանքով Անահիտ Զաքարյանը չի գիտակցում իր գործողությունների նշանակությունը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Դատարանների կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք ներկայացրած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի թիվ ՍԴ/1224/02/21 որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 05.05.1958 թվականին ծնված Անահիտ Զաքարյանի հայրը Տարոն Զաքարյանն է, մայրը` Աղավնիկ Կոստանդյանը (գ.թ. 8):

2) 11.08.1959 թվականին ծնված Անուշավան Զաքարյանի հայրը Տարոն Զաքարյանն է, մայրը` Աղավնիկ Կոստանդյանը (գ.թ. 44):

3) «Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Դատարանի 01.02.2022 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն` փորձագետին առաջադրելով հետևյալ հարցերը`

- տառապու՞մ է, արդյոք, Անահիտ Զաքարյանը խրոնիկ հոգեկան հիվանդությամբ,

- եթե այո, ապա ինչպիսի՞ ախտորոշմամբ և երբվանից,

- եթե այո, ապա ներկա հոգեկան վիճակով նա կարո՞ղ է արդյոք իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար և գիտակցաբար ղեկավարել դրանք:

Փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսեր» ՓԲԸ-ին (գ.թ. 53-55):

4) «Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսեր» ՓԲԸ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 25.02.2022 թվականի թիվ 38/22 եզրակացության համաձայն`

- «Անուշավան Զաքարյանի կնոջ խոսքերից. (...) Անահիտ Զաքարյանը մանկուց եղել է հաշմանդամ, 14.04.1977 թվականից 2-րդ խմբի հաշմանդամ է անժամկետ, ախտորոշում` «Ծանր մտավոր հետամնացություն, ՀՄԴ ծածկագիր` F72», ունի 02.08.1967 թվականին տրված առողջական վիճակի վկայարկման թերթիկ, որում նյարդաբանն ախտորոշել է` մնացորդային երևույթներ ներարգանդային էնցեֆալիտ կրելուց հետո տոքսոպլազմոզի հետևանքով, նույն թերթիկում հոգեբույժի գրառմամբ «Մտավոր հետամնացություն` արտահայտված դեբիլության աստիճանի», բուժվել է ստացիոնարում 13.11.1968-04.12.1968 թթ. ընթացքում օլիգոֆրենիա ախտորոշմամբ»,

- «օբյեկտիվ քննությամբ. Անահիտ Զաքարյանի (...) հիշողությունը թույլ է, ինտելեկտը ցածր է, գիտելիքներ` որպես այդպիսիք չունի, ունի փոքր բառապաշար, ղեկավարվում է կոնկրետ պատկերացումներով: Մտածողությունն առարկայական է, առկա են երևակայելու նշույլներ, բայց ընդունակ չէ խորապես ըմբռնել երևույթների, իրադարձությունների միջև ընկած կապը, հասկանալ պատճառահետևանքային կապ, խորապես գիտակցել իր շահը և պաշտպանել այն: Դատողությունները մանկական են, տրամաբանական մտահանգումներ կատարել չի կարող: (...) Կամային բարձր ընդունակությունները զարգացած չեն, (...): (...) Ելնելով առկա անամնեստիկ, բժշկական փաստաթղթերում առկա և փորձաքննությամբ ձեռքբերված տվյալներից` հանձնաժողովը գտնում է, որ Անահիտ Զաքարյանը չի տառապում որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով, այլ ունի մտավոր հետամնացություն, ախտորոշումն է` «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն»: (...) Հիվանդությունը բուժման, լավացման ենթակա չէ, այն կայուն դեֆեկտ է, երբ մարդը չունի երևակայություն, չի կարող ունենալ հասուն անձին բնորոշ շրջապատի գիտակցված ընկալում և ծավալել գիտակցված գործունեություն, չի կարող հասկանալ դեպքերի, իրադարձությունների, երևույթների պատճառահետևանքային կապը, հասկանալ իր շահն ու պաշտպանել դա, ի վիճակի չէ, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք, հետևաբար Անահիտ Զաքարյանին հարկ է ճանաչել անգործունակ և նրա նկատմամբ սահմանել խնամակալություն» (գ.թ. 63-67)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է`

> ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

> ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Ա) Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել անձին անգործունակ ճանաչելու հիմքի` «հոգեկան խանգարում» հասկացության բովանդակությունը` քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործերի վարույթում:

Քաղաքացիաիրավական հարաբերություններում քաղաքացու իրավական վիճակը բնութագրող կարևոր տարրերից է գործունակությունը:

Քաղաքացիական գործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունն է, որը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 24, մաս 1):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 74438/14) գործով 03.10.2019 թվականի վճռով ի թիվ այլնի արձանագրել է, որ անհատի մասնավոր կյանքը հարգելու իրավունքին ցանկացած միջամտություն կհամարվի 8-րդ հոդվածի խախտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով, հետապնդել է իրավաչափ նպատակ` համաձայն երկրորդ կետի և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այն իմաստով, որ այն համաչափ է հետապնդվող նպատակներին:

i

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխի նորմերով (հոդվածներ 249-255):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:

Վերոգրյալից հետևում է, որ`

- անգործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացու ունակության բացակայությունն է, անկարողությունը,

- քաղաքացուն անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայմանը հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ դրանք ղեկավարել չկարողանալու փաստի արձանագրումն է:

Միաժամանակ, Քաղաքացուն դատական կարգով անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայման է իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացու ունակության բացակայության և հոգեկան խանգարման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը. իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու քաղաքացու անկարողությունը պետք է լինի հոգեկան խանգարման ուղղակի հետևանք:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Այսպես, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում սահմանված են «հոգեկան առողջություն» և «հոգեկան խանգարում» հասկացությունները, մասնավորապես օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

1) հոգեկան առողջությունը մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք է, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.

(...)

3) հոգեկան խանգարումը հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչի հոգեկան և վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակն է կամ վարքի խանգարումը:

Վկայակոչված հասկացությունների բովանդակային ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս արձանագրել, որ հոգեկան առողջությունն ու հոգեկան խանգարումը հոգեկան վիճակի հակադիր դրսևորումներն են, մասնավորապես` քաղաքացու գործունակությունը վկայում է վերջինիս հոգեկան առողջության մասին, համապատասխանաբար գործունակության խաթարումը` հոգեկան անառողջ վիճակի կամ վարքի խանգարման մասին, արդյունքում` հոգեկան խանգարման մասին:

Միաժամանակ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված` հոգեկան խանգարում հասկացության բովանդակության բացահայտման նպատակով «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը որպես բլանկետային նորմի հղում է կատարում հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչին:

Հիվանդությունների միջազգային դասակարգիչը հիվանդությունների և ախտաբանական վիճակների խմբավորման համակարգ է, որն արտահայտում է բժշկագիտության ժամանակակից զարգացման փուլը:

Հիվանդությունների տասներորդ վերանայված միջազգային դասակարգիչը (այսուհետ` ՀՄԴ-10) բաժանված է 21 դասերի (լատինական տառերով) (A-Z): Հիվանդությունների միջազգային դասակարգման ավանդական կառուցվածքը պահպանված է, փոփոխված է միայն կոդավորման թվային համակարգը, այն փոխարինվել է տառաթվայինով: Առաջին նշանը անգլերենի այբուբենի տառ է, իսկ 2-րդ և 3-րդ նշանները թվային են: ՀՄԴ-10-ում կոդերի հնարավոր համարները ձգվում են A00.0-ից մինչև Z99.9: Դասակարգիչը բաղկացած է հիվանդության տեսակների անվանումներից, համապատասխան կոդերից և համառոտ պարզաբանումից: Կոդի առաջին նշանը` տառը, համապատասխանում է կոնկրետ հիվանդության դասի:

ՀՄԴ-10 դասակարգչի 5-րդ դասում թվարկված են հոգեկան խանգարումներն ու վարքի խանգարումները: Վկայակոչված դասին ու վերջինիս բովանդակությանը համապատասխան հաստատվել է ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ:

Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի` «ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը» հաստատելու և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 14.11.2013 թվականին ուժի մեջ մտած թիվ 871-Ն հրամանով (այսուհետ` Հրաման) հաստատվել է ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը»` համաձայն հավելվածի (այսուհետ` Հավելված) (տասներորդ վերանայում, ընդգծումը ՀՀ Վճռաբեկ դատարանինն է):

Հավելվածի համաձայն` հիվանդությունների դասակարգման նպատակն է ստեղծել պայմաններ` տարբեր երկրներում կամ տարածաշրջաններում և տարբեր ժամանակներում ստացված մահացության և հիվանդացության տվյալների համակարգված գրանցման, վերլուծության, մեկնաբանման և համեմատության համար, հիվանդությունների դասակարգումը կիրառվում է հիվանդությունների և առողջության հետ կապված այլ խնդիրների ախտորոշումների բանավոր ձևակերպումը տառաթվային ծածկագրի փոխակերպելու համար, ինչն ապահովում է տվյալների պահպանման, առանձնացման և վերլուծության հարմարավետությունը:

Հավելվածի` «Հոգեկան և վարքային խանգարումներ» վերտառությամբ 5-րդ գլուխը ներառում է հետևյալ բաժինները`

F00-F09 Օրգանական, ներառյալ սիմպտոմատիկ, հոգեկան խանգարումներ.

F10-F19 Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով.

F20-F29 Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ.

F30-F39 Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ.

F40-F48 Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ.

F50-F59 Վարքային համախտանիշեր` պայմանավորված ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով.

F60-F69 Չափահասի անձի և վարքի խանգարումներ.

F70-F79 Մտավոր հետամնացություն.

F80-F89 Հոգեբանական զարգացման խանգարումներ.

F90-F98 Վարքային և հուզական խանգարումներ` սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող.

F99-F99 Հոգեկան խանգարում` չճշտված:

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի տառացի (լեզվական) մեկնաբանումից հետևում է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու անհրաժեշտ պայման հանդիսացող հոգեկան խանգարումը ներառում է հոգեկան և/կամ վարքային խանգարումներ (Հավելվածի 10-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն` «և» շաղկապը կիրառվում է և՛ «և»-ի, և՛ «կամ»-ի իմաստով), իսկ վարքային խանգարումների դրսևորումների նկարագրությունը վկայում է այդպիսի խանգարման որոշակի աստիճանով պայմանավորված` վարքի և մտքի խաթարված դրսևորումների մասին, որոնք կարող են առաջանալ ինչպես հոգեկան խանգարման հետևանքով, այնպես էլ` առանց դրա:

Հետևաբար վարքային խանգարման հիմքում հոգեկան խանգարման բացակայությունը (վարքային խանգարումը հոգեկան խանգարման հետևանք չլինելը) ամենևին չի վկայում քաղաքացուն անգործունակ ճանաչելու` հոգեկան խանգարման պայմանի, հետևաբար նաև` անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմի բացակայության մասին:

Այսպես, օրինակ, Հավելվածով սահմանված մտավոր հետամնացությունը (F70-F79) բնութագրվում է որպես մտավոր զարգացման կանգի կամ թերզարգացման վիճակ, որն առաջին հերթին բնութագրվում է զարգացման ընթացքում առաջացող այն ունակությունների նվազումով, որոնք որոշում են բանականության (ինտելեկտ) ընդհանուր մակարդակը, այսինքն` ճանաչողական, խոսքի, շարժունակության և սոցիալական կարողությունները: Մտավոր հետամնացությունը կարող է առաջանալ որևիցե հոգեկան կամ սոմատիկ խանգարման ֆոնի վրա կամ առանց դրա: Մտավոր ունակությունները և սոցիալական հարմարվողականությունը ժամանակի ընթացքում կարող են փոխվել, սակայն բավականին թույլ: Լավացումը կարող է լինել մարզման և վերականգնման արդյունք: Ախտորոշումը պետք է հիմնվի տվյալ պահին առկա մտավոր գործունեության մակարդակի վրա:

Միևնույն պատճառով խանգարման ծանրությունը կարող է տարբեր լինել: Այսօր ՀՄԴ-10 դասակարգիչն առանձնացնում է մտավոր հետամնացության 4 աստիճաններ: Ըստ ավանդական դասակարգման` գոյություն ունի նրա 3 աստիճան` դեբիլ, իմբեցիլ և ապուշ: «Դեբիլ», «իմբեցիլ» և «ապուշ» տերմիններն ամբողջությամբ հանված են ՀՄԴ-10 դասակարգչից, քանի որ դրանք դուրս են եկել խիստ բժշկական սահմաններից և ձեռք են բերել սոցիալական (բացասական) երանգ: Դրանց փոխարեն առաջարկվել է օգտագործել բացառապես չեզոք տերմիններ, որոնք քանակապես արտացոլում են մտավոր հետամնացության աստիճանը:

Այսպես.

. F70 կատեգորիային համապատասխանում է թեթև աստիճանի մտավոր հետամնացությունը (դեբիլություն), մտավոր զարգացման գործակցի ցուցանիշը գտնվում է 50-69-ի սահմաններում (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 9-12 տարեկանին): Հնարավոր են որոշ դժվարություններ դպրոցում սովորելիս: Շատ մեծահասակներ ի վիճակի կլինեն աշխատել, պահպանել նորմալ սոցիալական հարաբերություններ և իրենց ավանդը ներդնել հասարակական կյանքում.

. F71 կատեգորիային համապատասխանում է չափավոր աստիճանի մտավոր հետամնացությունը (ցածր արտահայտված իմբեցիլություն), մտավոր զարգացման գործակիցը գտնվում է 35-49-ի սահմաններում (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 6-9 տարեկանին): Հավանաբար զարգացման ուշացումը նկատելի է մանկուց, բայց նրանց մեծ մասը կարող է սովորել և հասնել որոշակի աստիճանի անկախության ինքնասպասարկման գործում, ձեռք բերել համարժեք հաղորդակցության և ուսումնական հմտություններ, մեծահասակները կարող են ունենալ տարբեր աստիճանի աջակցության կարիք կյանքում և աշխատանքում.

. F72 կատեգորիային համապատասխանում է ծանր աստիճանի մտավոր հետամնացությունը (արտահայտված իմբեցիլություն), մտավոր զարգացման գործակիցը սովորաբար 20-34-ի սահմաններում է (երբ հասուն տարիքում մտավոր զարգացումը համապատասխանում է 3-6 տարեկանին), հավանական է մշտական աջակցության անհրաժեշտությունը.

. F73 կատեգորիային համապատասխանում է խորը մտավոր հետամնացությունը (ապուշություն), մտավոր զարգացման գործակիցը 20-ից ցածր է (հասուն տարիքում մտավոր զարգացումը ցածր է երեք տարեկան հասակից), արտահայտվում է ինքնասպասարկման, միզարձակման և կղազատման վերահսկման, հաղորդակցման և շարժունակության ծանր սահմանափակումներով:

Ընդ որում, թվարկված չորրորդ նիշով ենթաբաժանումները կիրառվում են F70-F79 դասերի հետ` վարքի խանգարման ծանրության աստիճանի նույնականացման համար, այն է` 0` վարքի խանգարման բացակայություն կամ թույլ արտահայտում, 1` խնամք և բուժում պահանջող վարքի էական խանգարում, 8` վարքի այլ խանգարումներ, 9` առանց վարքի խանգարումը նշելու:

Արդյունքում ստացվում է, որ, օրինակ, F71 կատեգորիային համապատասխանող չափավոր աստիճանի մտավոր հետամնացությունը (ցածր արտահայտված իմբեցիլություն)`

. կախված վարքի խանգարման ծանրության աստիճանից, կարող է առաջանալ որևիցե հոգեկան կամ սոմատիկ խանգարման ֆոնի վրա կամ առանց դրա,

. կարող է որակվել որպես խնամք և բուժում պահանջող վարքի էական խանգարում կամ այդպիսին չորակվել:

Ըստ այդմ, քաղաքացուն անգործունակ ճանաչելու միջոցի կիրառման համաչափությունը ենթակա է գնահատման վկայակոչված պայմանների առկայությունը կամ բացակայությունը պարզելուց հետո:

Անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյոք անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով անձին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով դատարանը պարտավոր է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն, ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելը հնարավոր է բացառապես բժշկական և իրավական չափանիշների համընկնման դեպքում: Բացահայտելով բժշկական չափանիշի էությունը` հարկ է նշել, որ այն ենթադրում է քաղաքացու «հոգեկան խանգարման» տեսակի որոշում, այն է` քաղաքացու մոտ գոյություն ունեցող հոգեկան խանգարումներից մեկի կամ մի քանիսի հայտնաբերում, որոնք ուղղակիորեն բացասաբար են ազդում մարդու սոցիալական բաղադրիչի վրա:

Ինչ վերաբերում է իրավական չափանիշին, ապա ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դրսևորվում է անձի` իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու և այդ գործողությունների հետևանքները կանխատեսելու ունակության կորստով: Իրավական չափանիշի շնորհիվ հնարավոր է որոշել անձի հոգեկան խանգարման խորությունը (ծանրությունը), որն այս կամ այն կերպ ազդում է այդ անձի կողմից քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իրականացման վրա:

i

Արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար կարևոր հիմք է հանդիսանում դատարանի` քաղաքացու հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների և անձի հոգեկան (գիտակցության) խանգարման մասին բավարար տվյալների առկայությունը: Ուստի անձի հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հարցը քննելիս դատարանի մոտ առաջացած հիմնավոր կասկածի բավարարման կամ հերքման համար պետք է դատարանի կողմից ձեռնարկվեն բավարար միջոցներ, որոնց վերջնարդյունքում կփարատվեն կամ կհերքվեն այդ կասկածները (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի թիվ ԱՎԴ2/2912/02/19 որոշումը):

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացու կողմից իր գործողությունների նշանակությունը չհասկանալը կամ դրանք ղեկավարել չկարողանալը հոգեկան խանգարման հետևանք դիտարկելու բավարար պայման է նաև որոշակի «տեսակի կամ աստիճանի» վարքային խանգարումը, որը կարող է առաջանալ նաև առանց հոգեկան խանգարման. անհրաժեշտ է միայն որոշակի գործառույթների, վարքային խափանումների այնպիսի դրսևորում, որը հնարավորություն կտա անվերապահորեն բացահայտելու, թե որ գործողությունները չի կարող քաղաքացին հասկանալ կամ ղեկավարել` հստակ պատկերացում կազմելու քաղաքացու հիվանդության աստիճանի, նրա սոցիալական կյանքի, առողջության, նյութական շահերի և այլնի վրա նրա հիվանդության հնարավոր հետևանքների մասին, արդյունքում նաև` քաղաքացուն անգործունակ ճանաչելու միջոցի կիրառման համաչափության մասին:

 

Բ) Ստորադաս դատարանների համար քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործերի վարույթի կանխատեսելիությունն ապահովելու, անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմի առկայությունը բացահայտելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալ ուղենիշները.

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի բովանդակության տառացի (լեզվական) մեկնաբանման մեթոդի կիրառման արդյունքում ակներև է, որ հոդվածի կարգավորումը վերաբերում է միայն հոգեկան խանգարմանը, սակայն Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վկայակոչված հոդվածն ավելի լայն իմաստով պետք է մեկնաբանել, քանի որ, ինչպես արդեն նշվել է, հոգեկան խանգարումը ներառում է ինչպես հոգեկան, այնպես էլ վարքային խանգարումները, ընդ որում, վերջինները կարող են ամենևին հոգեկան խանգարման հետևանք չլինել:

Եթե ենթադրենք, որ քննարկվող նորմով օրենսդիրը նախատեսել է միայն հոգեկան խանգարման հետևանքով քաղաքացուն անգործունակ ճանաչելու հնարավորություն, կբացառենք հոգեկան խանգարման հետևանք չհանդիսացող վարքային խանգարումներով պայմանավորված քաղաքացուն անգործունակ ճանաչելու հնարավորությունը, ինչը կհակասի ոչ միայն սույն որոշման Ա) կետում շարադրված պատճառաբանություններին, այլև քաղաքացուն անգործունակ ճանաչելու ինստիտուտի նպատակներին:

Մասնավորապես` քաղաքացուն անգործունակ ճանաչելու ինստիտուտի նպատակը իր գործողությունները հասկանալու և/կամ ղեկավարելու անընդունակ քաղաքացուն կամայականորեն քաղաքացիական շրջանառության մասնակիցների շրջանակից բացառելը չէ. ինստիտուտի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել նշված անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ ոլորտը կանոնակարգող նորմերի նպատակային մեկնաբանումը թույլ է տալիս վեր հանել քաղաքացուն անգործունակ ճանաչելու իրավաչափ նպատակը, այն է` հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունների նշանակությունը չհասկացող կամ դրանք ղեկավարելու անընդունակ քաղաքացու իրավունակության կիրառմանն ուղղված համապատասխան և արդյունավետ երաշխիքների ապահովումը մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան, որպեսզի իրավունակության կիրառմանն ուղղված միջոցներով հարգվեն անձի իրավունքները, կամքը և նախասիրությունները, դրանք զերծ լինեն շահերի բախումից և անհիմն ազդեցությունից, համահունչ և հարմարեցված լինեն անձի հետ կապված հանգամանքներին, կիրառվեն հնարավորինս սեղմ ժամկետներում և ենթարկվեն պարբերական վերահսկողության իրավասու, անկախ և անաչառ մարմնի կամ դատական մարմնի կողմից: Երաշխիքները պետք է համահունչ լինեն այն ազդեցության աստիճանին, որն այդ միջոցներն ունենում են անձի իրավունքների և շահերի վրա («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա, հոդված 12):

Օրենքով ամրագրված անհրաժեշտ և բավարար պայմանների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու իրավաչափ նպատակի մասին է վկայում նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` սույն հոդվածի դրույթների համաձայն` անդամ պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան և անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց` իրենց սեփականությունը տնօրինելու կամ ժառանգելու, սեփական ֆինանսական գործարքները վերահսկելու և բանկային վարկերից, հիփոթեքային վարկից և ֆինանսական վարկավորման այլ միջոցներից օգտվելու հավասար իրավունքը, ինչպես նաև երաշխավորում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կամայականորեն չզրկվեն իրենց սեփականությունից:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան խանգարում է նաև վարքային խանգարումը, որի հետևանքով իր գործողությունների նշանակությունը հասկանալու և/կամ դրանք ղեկավարելու անկարողության նյութաիրավական փաստակազմի առկայության արձանագրումը բավարար է քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատական ակտ կայացնելու համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հնարավորության հարցը գնահատելիս պետք է առաջնորդվել տարածական մեկնաբանման կանոնով` հոգեկան խանգարում հասկացությունը ենթարկելով տարածական մեկնաբանման, և դրա բովանդակության ներքո հասկանալ հոգեկան և վարքային բոլոր այն խանգարումները, որոնց հետևանքով քաղաքացին անկարող է հասկանալ իր գործողությունների նշանակությունը և/կամ ղեկավարել դրանք:

 

Գ) Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան` դիմող Անուշավան Զախարյանը պահանջել է Անահիտ Զաքարյանին ճանաչել անգործունակ:

Որպես Անահիտ Զաքարյանին անգործունակ ճանաչելու հիմք հանդիսացող հանգամանք դիմողը հայտնել է, որ Անահիտ Զաքարյանն ունի հոգեկան հիվանդություն, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, իսկ անգործունակ ճանաչելուց և խնամակալ նշանակելուց հետո դիմողը Անահիտ Զաքարյանի փոխարեն կիրականացնի վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, կկարողանա Անահիտ Զաքարյանի անունից կատարել գործարքներ:

Որպես դիմումի իրավական հիմք դիմողը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ, 251-րդ, 252-րդ, 254-255-րդ հոդվածները:

Գործի քննության ընթացքում Դատարանը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու որոշում է կայացրել:

Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 249-րդ, 252-րդ հոդվածները, արձանագրելով, որ ««Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի կողմից 28.02.2022 թվականին տրված թիվ 38/22 եզրակացության համաձայն` Անահիտ Զաքարյանը չի տառապում որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով, այլև ունի մտավոր հետամնացություն, ախտորոշումն է` «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն», եզրահանգել է, որ «չի հիմնավորվել Անահիտ Զաքարյանի` հոգեկան խանգարում ունենալը»:

Անդրադառնալով 28.02.2022 թվականի թիվ 38/22 եզրակացության այն հետևությանը, որ Անահիտ Զաքարյանի` «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն» հիվանդությամբ պայմանավորված նրան պետք է ճանաչել անգործունակ, Դատարանն արձանագրել է, որ «01.02.2022 թվականի որոշմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությամբ փորձագետներին նման հարց չի տրվել, և անգործունակ ճանաչելու հարցը որոշում է ոչ թե փորձագետը, այլ` դատարանը. փորձագետն ընդամենը տալիս է մասնագիտական եզրակացություն դատարանի կողմից առաջադրված հարցերի վերաբերյալ»:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Դատարանը վճռել է դիմումը մերժել:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածը, մերժել է դիմող Անուշավան Զաքարյանի վերաքննիչ բողոքը` Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունները. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով անձին անգործունակ ճանաչելու համար որպես հիմք սահմանվել է քաղաքացու միայն հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունների նշանակությունը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը: Այսինքն` սահմանված իրավակարգավորումների բովանդակությունն այնպիսին է, որ եթե քաղաքացին իր գործողությունների նշանակությունը չի կարող հասկանալ կամ ղեկավարել դրանք ոչ թե հոգեկան խանգարման հետևանքով, այլ հիվանդության այլ դրսևորումների արդյունքում, ապա այդ դեպքերը, համաձայն Օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորումների, չեն կարող հանդիսանալ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքեր: Ավելին` վերոգրյալ իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարևորել է ոչ թե ցանկացած հիվանդության հետևանքով քաղաքացու մոտ առաջացած փաստացի վիճակը, այլ կոնկրետ հիվանդության, այն է` հոգեկան խանգարման հետևանքով առաջացած վիճակը: Վերոգրյալի մասին են վկայում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումները, մասնավորապես` այն, որ Օրենսգրքի 252-րդ հոդվածը սահմանում է անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակման իրավական հնարավորությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն այնպիսինն են, որ իրավունքի նորմի լայն մեկնաբանության պայմաններում ևս չեն կարող մեկնաբանվել այնպես, որի արդյունքում կկարևորվի նաև քաղաքացու մոտ այլ հիվանդությունների արդյունքում իր գործողությունների նշանակությունը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը, քանի որ Օրենսդիրն ավելի քան հստակ սահմանել է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին իր գործողությունների նշանակությունը չկարողանա հասկանալ կամ դրանք ղեկավարել միայն հոգեկան խանգարման հետևանքով»:

Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, որ 28.02.2022 թվականին տրված թիվ 38/22 եզրակացությամբ հիմնավորվում է, որ Անահիտ Զաքարյանը ունի հոգեկան հիվանդություն, քանի որ «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն»-ը հանդիսանում է հոգեկան հիվանդություն, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմք է հանդիսանում բացառապես հոգեկան խանգարման հետևանքով քաղաքացու մոտ ստեղծված այն վիճակը, երբ նա չի կարողանում հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, իսկ տվյալ դեպքում Բողոքաբերի պնդումն այն է, որ փորձաքննության եզրակացությամբ տրված ախտորոշումը ևս հոգեկան հիվանդության դրսևորում է: Ավելին` փորձաքննության եզրակացությամբ հստակ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանը չի տառապում որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով»:

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ըստ էության դիմումը մերժելու հիմք են ընդունել այն, որ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ արձանագրվել է Անահիտ Զաքարյանի` որևէ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումով չտառապելու հանգամանքը:

Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ սույն որոշմամբ վկայակոչված կիրառելի իրավակարգավորումների նպատակային, համակարգային և տարածական մեկնաբանման գործիքակազմի կիրառմամբ բացահայտվում է հոգեկան խանգարման հասկացության օրենսդրական բովանդակությունը, մասնավորապես այն, որ «հոգեկան խանգարում» հասկացության ներքո պետք է հասկանալ նաև վարքի խանգարումները, որոնք կարող են հոգեկան խանգարման հետևանք չլինել:

Ավելին, փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանն ունի մտավոր հետամնացություն, ախտորոշումն է` «Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, իմբեցիլություն», իսկ նշված վարքային խանգարումն ընդգրկված է ՀՄԴ-10 դասակարգչում:

Բացի այդ, փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է, որ Անահիտ Զաքարյանի խանգարումը բուժման, լավացման ենթակա չէ, վերջինս չի կարող ծավալել գիտակցված գործունեություն, չի կարող հասկանալ դեպքերի, իրադարձությունների, երևույթների պատճառահետևանքային կապը, հասկանալ իր շահն ու պաշտպանել այն, չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք (տե՛ս փաստ 4):

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի իմաստը հնարավոր է ուղղակիորեն բացահայտել կիրառելի կարգավորումների համակարգային, նպատակային և տարածական մեկնաբանման կանոնների կիրառմամբ:

Ասվածի համատեքստում Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներն այնպիսինն են, որ իրավունքի նորմի լայն մեկնաբանության պայմաններում ևս չեն կարող մեկնաբանվել այնպես, որի արդյունքում կկարևորվի նաև քաղաքացու մոտ այլ հիվանդությունների արդյունքում իր գործողությունների նշանակությունը հասկանալ կամ դրանք ղեկավարել չկարողանալը, Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված` կիրառելի իրավակարգավորումներից չբխող:

Ամփոփելով շարադրվածը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի անհարկի նեղ, կիրառելի իրավակարգավորումներից չբխող մեկնաբանման հետևանքով ստորադաս դատարանները չեն բացահայտել «հոգեկան խանգարում» հասկացության բովանդակությունը, կարգավորման առարկայի ամբողջ ծավալը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածների սխալ մեկնաբանման պայմաններում անգործունակ ճանաչելու համար անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է փորձաքննություն նշանակելու մասին Դատարանի որոշմամբ`

> ապահովել դատահոգեբուժական փորձաքննության իրականացում` նկատի ունենալով, որ եզրակացությունը Նախարարների կոմիտեի թիվ R(99) 4 հանձնարարականի 12-րդ սկզբունքի իմաստով պետք է լինի «արդիական» (բժշկական փորձաքննության օբյեկտիվությունը ենթադրում է պահանջ, որ այն պետք է լինի հնարավորինս վերջերս կատարված, Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 74438/14) գործով 03.10.2019 թվականի վճիռ).

> փորձաքննությանն առաջադրվեն համապատասխան հարցեր, որոնց հիմնավորված պատասխանների արդյունքում եզրակացության մեջ հստակ կարձանագրվեն, թե որ գործողությունների նշանակությունը չի կարող Անահիտ Զաքարյանը հասկանալ կամ ղեկավարել, կարտացոլվեն սոցիալական կյանքի, առողջության, նյութական շահերի և այլնի վրա նրա հիվանդության հնարավոր հետևանքները, կբացահայտվի «հոգեկան խանգարման» ազդեցությունը նրա վարքի վրա.

> հաշվի կառնվի 28.02.2022 թվականի թիվ 38/22 եզրակացությամբ դիմող Անուշավան Զախարյանի կնոջ կողմից տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ Անահիտ Զաքարյանն առաջին անգամ չի ենթարկվել հոգեբուժական փորձաքննության, եղել է մանկուց հաշմանդամ, 14.04.1977 թվականից 2-րդ խմբի հաշմանդամ է անժամկետ, ախտորոշում` «Ծանր մտավոր հետամնացություն, ՀՄԴ ծածկագիր` F72» (տե՛ս փաստ 4)»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

 

Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով` նշելով նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Հիմք ընդունելով այն, թե վճռաբեկ բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում ինչ է նշել իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում` կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել վերոգրյալով, քանի որ նույն վճռաբեկ բողոքի այն բաժնում, որը վճռաբեկ բողոք բերած անձն առանձնացրել է որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում, նման նորմի զարգացման խնդրի առկայության մասին նշված չէ:

 

Բացի այդ, ցանկանում եմ կարծիք հայտնել նաև հետևյալի մասին.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Դրանից ելնելով անհրաժեշտ համարելով անդրադառնալ Վճռաբեկ դատարանի շարժառիթներին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանք կարող էին բավարար հիմք հանդիսանալ նման եզրահանգման գալու համար` ցանկանում եմ արձանագրել, որ այդ շարժառիթների հիմքում դրված են այնպիսի հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կատարված վերլուծություններ, որոնք գիտության բնագավառում են և պահանջում են հատուկ գիտելիքներ: Այսինքն` այդ հարցերի բացահայտումը և պարզաբանումը հնարավոր էր բացառապես փորձաքննության եզրակացություն ստանալու միջոցով:

 

Նման պայմաններում հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

    Դատավոր`                               Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 6 ապրիլի 2023 թվական:

 

 

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=35465847065611940

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.04.2023
N ՍԴ/1224/02/21
Որոշում