Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 424-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 424-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԿԴ1/4122/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/4122/02/19        2023թ.

Նախագահող դատավոր Դ. Սերոբյան

    Դատավորներ        Ա. Խառատյան

                                     Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի օգոստոսի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սերյոժա Իսրայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերյոժա Իսրայելյանի ընդդեմ Ստեփան և Վահան Ավագյանների` գումար բռնագանձելու ու տոկոսներ հաշվեգրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սերյոժա Իսրայելյանը պահանջել է Ստեփան և Վահան Ավագյաններից համապարտությամբ բռնագանձել 340.000 ՀՀ դրամ` որպես պարտավորության գումար, ինչպես նաև այդ գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև պարտավորությունն ամբողջությամբ կատարելու օրը:

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Մ. Գևորգյան) (այսուհետ` Դատարան) 15.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ստեփան և Վահան Ավագյաններից համապարտության կարգով հօգուտ Սերյոժա Իսրայելյանի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ` որպես պարտավորության գումար, 150.000 ՀՀ դրամին հաշվեգրվել է և բռնագանձվել են տոկոսներ` սկսած 23.09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2021 թվականի որոշմամբ Ստեփան և Վահան Ավագյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.10.2020 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է` հայցը մերժվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերյոժա Իսրայելյանը (ներկայացուցիչ Ա. Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ստեփան և Վահան Ավագյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողներն ընդունել են, որ իրենցից Վահան Ավագյանը եղել է «Ագրոսպասարկում» միավորման սեփականատիրոջ լիազորված անձը և 2015 թվականին բողոք բերած անձին տրվել է 150.000 ՀՀ դրամի մասին պարտավորագիր, որը մարվել է: Այսինքն` պատասխանողներն ընդունել են աշխատանքի դիմաց 150.000 ՀՀ դրամի պարտավորություն ունենալու փաստը, որն ամրագրվել է գրավոր փաստաթղթով, սակայն մարված լինելու վերաբերյալ գրավոր որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը Վահան Ավագյանի ցուցմունքը և առարկությունը հիմք չի համարել ու գտել է, որ բողոք բերած անձը պետք է ապացուցեր իրեն պարտք լինելու հանգամանքը: Մինչդեռ Վահան Ավագյանն ընդունել է իր կողմից գրված փաստաթղթի` պարտավորագիր լինելու և բողոք բերած անձին վերաբերելու փաստերը, որպիսիք ապացուցելու պարտականություն է կրել:

Վերաքննիչ դատարանը ոստիկանության նյութերի ուսումնասիրության արդյունքում եզրակացրել է, որ վիճելի փաստաթղթից հնարավոր չէ հետևություններ անել, թե այն ու՞մ կողմից է գրված և ու՞մ է տրված, արդյո՞ք կազմված է դրամական պարտավորությունների կապակցությամբ, թե ոչ: Մի կողմից Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ վիճելի փաստաթուղթը գրվել է Վահան Ավագյանի կողմից, որով ընդունել է Սերյոժա Իսրայելյանին 150.000 ՀՀ դրամ պարտք լինելու հանգամանքը, մյուս կողմից նշված ապացույցը չի գնահատել և չի դիտարկել որպես պարտքի վերաբերյալ ստացական:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քրեական գործի ընթացքում անձանց տված ցուցմունքներն ինքնուրույն գրավոր ապացույցներ են, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ հնարավորություն տան պարզելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ոստիկանության նյութերում առկա փաստերը պատասխանողների կողմից դատարանում հաստատվել և ընդունվել են ու այլ ապացույցներով դրանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայել է:

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Դատարանի այն պատճառաբանությունը, որ Սերյոժա Իսրայելյանի և «Ագրոսպասարկում» միավորման, ի դեմս` այդ միավորման սեփականատեր Է. Գևորգյանի լիազորված անձանց` պատասխանողների, միջև առաջացել են ինչպես աշխատանքային, այնպես էլ քաղաքացիաիրավական` պարտավորական հարաբերություններ այն պատճառաբանությամբ, որ այդ հարաբերությունների ծագման վերաբերյալ որևէ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց Սերյոժա Իսրայելյանի կողմից չի ներկայացվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.10.2020 թվականի վճռին:

 

2.1 Ստեփան Ավագյանի և Վահան Ավագյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված, ուստի անհրաժեշտ է դատական ակտը թողնել անփոփոխ, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել հետևյալ պատճառաբանությամբ:

Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ստեփան Ավագյանը հանդիսանում է «Ագրոսպասարկում» ընկերության սեփականատեր կամ սեփականատիրոջ լիազորված անձ կամ ստանձնել է որևէ պարտավորություն Սերյոժա Իսրայելյանի հանդեպ: Բողոք բերած անձը չի ապացուցել և չի ներկայացրել որևէ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց, որը կհիմնավորեր իր ներկայացրած պահանջի իրավաչափությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ի հավաստումն պարտավորության առկայության` հայցադիմումին կից ներկայացվել է 150.000 ՀՀ դրամ պարտքի մասին 29.10.2013 թվականին ստորագրված փաստաթուղթ, որը պարունակում է «Վահան» և «Տիկո» անունների դիմաց համապատասխան ամսաթվերի մասով տարբեր չափի գումարների հաշվարկներ, որոնք եզրափակվում են «պարտք» բառով և ստորագրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 19, 20).

2) Ստեփան և Վահան Ավագյանների կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում մասնավորապես նշվել է, որ «(...) Ի սկզբանե տեղեկացնում եմ դատարանին, որ նախկին «Ագրոսպասարկում» միավորման սեփականատերը մենք չենք, այն սեփականության իրավունքով պատկանում է Էլմիրա Գևորգյանին, որը վաղուց բնակվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մենք` պատասխանողներս, կրկին ժամավճարով աշխատել ենք «Ագրոսպասարկում» միավորումում` կատարելով ցանկացած աշխատանք: Սերյոժա Գլասի Իսրայելյանը «Ագրոսպասարկում» միավորման ադմինիստրացիայի հետ որևէ աշխատանքային հարաբերությունների մեջ չի մտել, առկա չէ աշխատանքի ընդունման հրաման կամ աշխատանքային պայմանագիր, հետևաբար նրա բոլոր գործողություններն առարկայազուրկ են և անհիմն»: (հատոր 1-ին, գ.թ. 36, 37).

3) Ստեփան և Վահան Ավագյանների կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում նաև նշվել է, որ «պարտքի վերաբերյալ որպես ապացույց դատարան է ներկայացվել Վահան Ավագյանի կողմից գրված 150.000 ՀՀ դրամի պարտավորագիր: (...) Վահան Ավագյանի կողմից տրված պարտավորագիրը չի կարող որևէ իրավական հետևանքներ ունենալ, քանի որ այդ պարտավորությունը սույն վեճի հետ որևէ իրավական կապ չունի (...)» (հատոր 1-ին, գ.թ. 36, 37).

4) գործի քննության ընթացքում Վահան Ավագյանն ընդունել է, որ գործում առկա պարտքի մասին փաստաթուղթը պարտավորագիր է, տրվել է իր կողմից և կապված է Սերյոժա Իսրայելյանի կողմից որոշակի աշխատանքներ կատարելու դիմաց գումար վճարելու հետ (անվիճելի փաստ): Վահան Ավագյանը նաև նշել է, որ այդ գումարներն իր կամ իր հոր կողմից ամբողջությամբ վճարվել են Սերյոժա Իսրայելյանին (հատոր 1-ին, գ.թ. 78-81):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ պարտավորական իրավահարաբերություններն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու հետ: Պարտավորությունները, որպես քաղաքացիական իրավահարաբերությունների տարատեսակ, կարող են առաջանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման բոլոր հիմքերով: Թեև պարտավորությունների գերակշռող մասը ծագում է պայմանագրերից և վնաս պատճառելու հետևանքով, սակայն դրանցից բացի, գոյություն ունեն պարտավորությունների առաջացման այլ հիմքեր ևս: Այսպես, պարտավորական հարաբերությունների առաջացման հիմք են հանդիսանում նաև միակողմ գործարքները, որոնց միջոցով քաղաքացիական իրավունքի սուբյեկտը միակողմանի կամահայտնությամբ տնօրինում է իր սուբյեկտիվ իրավունքը կամ ստանձնում է սուբյեկտիվ պարտականություն` դրանով իսկ պարտավորական հարաբերության մյուս կողմին օժտելով համապատասխան սուբյեկտիվ իրավունքով (տե՛ս Լևոն Սողոմոնյանն ընդդեմ Հրայր Ալիխանյանի թիվ ԵՇԴ/0185/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորագիրը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ (տե՛ս Մելիք Ավետյանն ընդդեմ Անահիտ Ենոքյանի թիվ ԱՎԴ3/0042/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ քաղաքացիական շրջանառությունում պարտավորագիրը, որպես կանոն, կազմվում է կողմերի միջև առկա իրավահարաբերությունը դադարելիս փոխադարձ հաշվարկների արդյունքում` մի կողմի մյուսի հանդեպ որոշակի պարտավորության ստանձնմամբ կամ պարտքի ճանաչման դեպքում: Պարտավորագրի պարագայում էականը կողմի կամահայտնության դրսևորումն է` անկախ դրան նախորդած այս կամ այն իրադարձությունից կամ փաստական հանգամանքից: Այն դեպքում, երբ այդպիսի կամահայտնությունը ստացել է գրավոր ամրագրում, և առկա չէ որևէ ապացույց, որն ակնհայտորեն հաստատում է որևէ այլ կամահայտնության դրսևորման փաստ, պարտավորագիրն ինքնին հանդիսանում է պարտավորության ծագման հիմք և այդ փաստը հաստատող բավարար ապացույց (տե՛ս Ֆլորա Ավագյանն ընդդեմ Էդուարդ Աղաջանյանի և Ալվարդ Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/0501/02/14 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան` Սերյոժա Իսրայելյանը պահանջել է Ստեփան և Վահան Ավագյաններից համապարտությամբ բռնագանձել 340.000 ՀՀ դրամ` որպես պարտավորության գումար, ինչպես նաև այդ գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև պարտավորությունն ամբողջությամբ կատարելու օրը:

Ի հավաստում պարտավորության առկայության` հայցադիմումին կից ներկայացվել է 150.000 ՀՀ դրամ պարտքի մասին 29.10.2013 թվականին ստորագրված փաստաթուղթ, որը պարունակում է «Վահան» և «Տիկո» անունների դիմաց համապատասխան ամսաթվերի մասով տարբեր չափի գումարների հաշվարկներ, որոնք եզրափակվում են «պարտք» բառով և ստորագրությամբ:

Ստեփան և Վահան Ավագյանների կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում նշվել է` «Պարտքի վերաբերյալ որպես ապացույց դատարան է ներկայացվել Վահան Ավագյանի կողմից գրված 150.000 ՀՀ դրամի պարտավորագիր: (...) Վահան Ավագյանի կողմից տրված պարտավորագիրը չի կարող որևէ իրավական հետևանքներ ունենալ, քանի որ այդ պարտավորությունը սույն վեճի հետ որևէ իրավական կապ չունի (...)»:

Գործի քննության ընթացքում Վահան Ավագյանն ընդունել է, որ գործում առկա պարտքի մասին փաստաթուղթը պարտավորագիր է, տրվել է իր կողմից և կապված է Սերյոժա Իսրայելյանի կողմից որոշակի աշխատանքներ կատարելու դիմաց գումար վճարելու հետ (անվիճելի փաստ):

Դատարանը, պատճառաբանելով, որ «նկատի ունենալով, որ հայցվորի կողմից որպես ապացույց ներկայացվել է միայն 150.000 ՀՀ դրամ պարտավորության առկայության վերաբերյալ, այն է Վահան Ավագյանի կողմից գրված պարտավորագիրը, իսկ պահանջի մնացած մասի վերաբերյալ հայցվորի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել: (...)»: Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ «հայցվորի և պատասխանողների միջև առաջացել են պարտավորության իրավահարաբերություններ, որի պայմանը խախտվել է պատասխանողների կողմից, ուստի պատասխանողների համար առաջացել է պարտավորության չկատարման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն, (...): ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում 21.02.2019թ. Սերյոժա Իսրայելյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերով` ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՀՈԲ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ. Ղազարյանի կողմից արձանագրվել է, որ Վահան Ավագյանը հանդիսացել է «Ագրոսպասարկում» միավորման սեփականատեր Է. Գևորգյանի լիազորված անձը: (...) ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում 21.02.2019թ. Սերյոժա Իսրայելյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերով` ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՀՈԲ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ. Ղազարյանի կողմից արձանագրվել է, որ Սերյոժա Իսրայելյանը աշխատել է «Ագրոսպասարկում» միավորումում` ամսական 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով: (...)», 15.10.2020 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու` Ստեփան և Վահան Ավագյաններից համապարտությամբ 150.000 ՀՀ դրամ բռնագանձելու ու այդ գումարին 23.09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվեգրելու մասին:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ`

- «Դատարանի կողմից հիշատակված «հաշվարկ», իսկ վճռի պատճառաբանական մասում արդեն որպես «պարտավորագիր» նշված փաստաթուղթը պարունակում է, «Վահան», «Տիկո», «պարտք» բառերը, որոշակի ամսաթվեր և թվեր, իսկ վերջում մեկ ստորագրություն: Այդ փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հնարավոր չէ հետևություններ անել թե այն ու՞մ կողմից է գրված, ու՞մ է տրված, արդյո՞ք դրամական պարտավորությունների կապակցությամբ է այն կազմված, առավել ևս, որ այն գրված է պատասխանող Վահան Ավագյանի կողմից և վերջինս այդ փաստաթղթով ընդունել է, որ հենց Սերյոժա Իսրայելյանին պարտք է 150,000.00 դրամ: Մինչդեռ Դատարանը եզրակացրել է, որ «հայցվորի կողմից որպես ապացույց ներկայացվել է միայն 150.000 ՀՀ դրամ պարտավորության առկայության վերաբերյալ, այն է` Վահան Ավագյանի կողմից գրված պարտավորագիրը, իսկ պահանջի մնացած մասի վերաբերյալ հայցվորի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել», ավելին այս նույն պատճառաբանությամբ վճռել է այդ 150,000.00 դրամ գումարը բռնագանձել ոչ միայն Վահան Ավագյանից, այլև Ստեփան Ավագյանից: (...)»,

- «անհիմն է համարում Դատարանի այդ եզրահանգումը, որ Սերյոժա Իսրայելյանի և «Ագրոսպասարկում» միավորման` ի դեմս այդ միավորման սեփականատեր Է. Գևորգյանի լիազորված անձեր` պատասխանողների միջև, առաջացել են ինչպես աշխատանքային, այնպես էլ քաղաքացիաիրավական` պարտավորական հարաբերություններ այն պատճառաբանությամբ, որ այդ հարաբերությունների ծագման որևէ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցներ հայցվոր Սերյոժա Իսրայելյանի կողմից չեն ներկայացվել: (...) ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում 21.02.2019թ. Սերյոժա Իսրայելյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերով` ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՀՈԲ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ. Ղազարյանի կողմից կազմված արձանագրությունը արտացոլում է հայցվորի և պատասխանողների կողմից տրված բացատրությունները, որոնք չեն կարող նույնացվել աշխատանքային հարաբերությունների ծագման համար իրավական հիմք հանդիսացող աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի հետ, ինչպես նաև քաղաքացիական պարտավորական հարաբերությունների համար: (...)»,

- «Հայցվորը, հայցադիմումում պնդելով, որ պատասխանողների և իր միջև առկա են աշխատանքային, պարտավորական իրավահարաբերություններ և դրանից բխող 340,000.00 ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունք, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կրել է այդ փաստն ապացուցելու պարտականությունը, մինչդեռ այդ պարտականության կատարման ուղղված որևէ վերաբերելի ապացույց Դատարանին չի ներկայացրել, որպիսի պայմաններում նույն հոդվածի 6-րդ մասի կիրառման արդյունքում հայցվորը պետք է կրեր փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները: (...)», 09.04.2021 թվականին որոշում է կայացրել Ստեփան և Վահան Ավագյանների վերաքննիչ բողոքը բավարարելու` Դատարանի 15.10.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու ու փոփոխելու` հայցը մերժելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ստեփան և Վահան Ավագյանների վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է հայցվոր Սերյոժա Իսրայելյանի կողմից իր վկայակոչած` պարտավորական իրավահարաբերություններ ծագած լինելու և դրանց շրջանակներում պահանջի իրավունք ունենալու փաստերն ապացուցված չլինելու ու Դատարանի կողմից գործում առկա ապացույցները սխալ գնահատված լինելու հանգամանքները:

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

Վերահաստատելով ապացուցելուց ազատվելու հիմքերի կապակցությամբ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները և անդրադառնալով անվիճելի փաստերի ապացուցման անհրաժեշտությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդրի կողմից իբրև ապացուցելուց ազատվելու հիմքեր սահմանված են հանրահայտ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և դատավճռով հաստատված փաստերը, սակայն դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նաև այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ բոլոր դեպքերում գործի փաստերն անվիճելիների շարքին դասելու, դրանք ապացուցման առարկայից հանելու և, ի վերջո, հաստատված համարելու և գնահատելու գործառույթները բացառապես վերապահված են դատարանին, որը դրանք պետք է իրականացնի սահմանված դատավարական իրավակարգավորումներին համապատասխան: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոշարադրյալ դատավարական կանոնների պահպանմամբ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է ազատել գործին մասնակցող մյուս անձանց կողմից չվիճարկվող փաստերն ապացուցելու պարտականությունից և այդ փաստերը համարել ապացուցված (տե՛ս Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստ գրավոր կամ բանավոր ձևով ընդունելը փաստական այդ հանգամանքը դարձնում է անվիճելի, այն է` ապացուցման կարիք չունեցող, և դատարանն այդ փաստը համարելով հաստատված` հանում է ապացուցման առարկայից` պայմանով, որ առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառությունները:

Տվյալ դեպքում ինչպես Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով, այնպես էլ դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ Վահան Ավագյանն ընդունել է, որ գործում առկա պարտքի մասին փաստաթուղթը պարտավորագիր է, տրվել է իր կողմից և կապված է Սերյոժա Իսրայելյանի կողմից որոշակի աշխատանքներ կատարելու դիմաց գումար վճարելու հետ, որպիսի պայմաններում նշված փաստերը դարձել են անվիճելի: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պարտավորական իրավահարաբերություններ ծագած լինելու փաստը կասկածի տակ է դրել և գործում առկա պարտքային փաստաթուղթն այդ փաստի հաստատմանը ծառայող արժանահավատ ապացույց չի դիտարկել այն պատճառաբանությամբ, որ այդ փաստաթղթից «հնարավոր չէ հետևություններ անել թե այն ու՞մ կողմից է գրված, ու՞մ է տրված, արդյո՞ք դրամական պարտավորությունների կապակցությամբ է այն կազմված, առավել ևս, որ այն գրված է պատասխանող Վահան Ավագյանի կողմից և վերջինս այդ փաստաթղթով ընդունել է, որ հենց Սերյոժա Իսրայելյանին պարտք է 150,000.00 դրամ»:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր կողմից բարձրացված հարցադրումներն իրենց պատասխանները ստացել են` անվիճելի դարձնելով գործում առկա պարտքային փաստաթուղթը Վահան Ավագյանի կողմից գրված լինելու և Սերյոժա Իսրայելյանի կողմից որոշակի աշխատանքներ կատարելու դիմաց գումար վճարելու հետ կապված լինելու փաստերը: Սույն գործով այլ կամահայտնության դրսևորման փաստ առկա չլինելու պայմաններում գործում առկա պարտքային փաստաթուղթն ինքնին բավարար է Վահան Ավագյանի կողմից Սերյոժա Իսրայելյանի հանդեպ պարտավորություն ստանձնելու, ուստի պարտավորության ծագման հիմք համարվելու և պարտավորության առկայությունը հաստատող թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց լինելու համար:

Ավելին` Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվոր Սերյոժա Իսրայելյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կրել է պարտավորական իրավահարաբերություններ առկա լինելու և դրանցից պահանջի իրավունք ունենալու` իր վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունը, ինչը չի արել, ուստի նույն հոդվածի 6-րդ մասի ուժով պետք է կրի դրա բացասական հետևանքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձանց կողմից իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու ընդհանուր կանոն սահմանելով հանդերձ` որոշակի փաստերի դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել են ապացուցման պարտականությունը կրելու այլ կանոններ, մասնավորապես պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը:

Գործի քննության ընթացքում Վահան Ավագյանը նշել է, որ պարտավորագրում նշված գումարներն իր կամ իր հոր կողմից ամբողջությամբ վճարվել են Սերյոժա Իսրայելյանին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վահան Ավագյանն է կրել պարտավորագրում նշված գումարը Սերյոժա Իսրայելյանին վճարելու փաստն ապացուցելու պարտականությունը, ինչը չի կատարել` արդյունքում նույն հոդվածի 6-րդ մասի ուժով կրելով դրանից բխող բացասական հետևանքները:

Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցը` 150.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, բավարարման ենթակա լինելու կապակցությամբ Դատարանի պատճառաբանություններն իրավաչափ են:

Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հայցը` Ստեփան Ավագյանի մասով, ենթակա է մերժման` նկատի ունենալով, որ գործում առկա չեն Ստեփան Ավագյանի կողմից Սերյոժա Իսրայելյանի հանդեպ որևէ պարտավորություն ստանձնելու կամահայտնությունը վկայող ապացույցներ` հաշվի առնելով, որ անվիճելի է պարտավորագիրը Վահան Ավագյանի կողմից տրված լինելու փաստը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տրված լինելու և այդ խախտմամբ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված են մասնակիորեն` Վահան Ավագյանին վերաբերող մասով: Իրավական որոշակիության, ինչպես նաև գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի ապահովման նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունը` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է մասնակիորեն` Վահան Ավագյանին վերաբերող մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել` Վահան Ավագյանից հօգուտ Սերյոժա Իսրայելյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 23.09.2019 թվականից (հայցադիմումը ներկայացնելու օրվանից) մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է` դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարվում է մասնակիորեն` Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը մասնակիորեն` Վահան Ավագյանին վերաբերող մասով, բեկանվում և հայցն այդ մասով ամբողջությամբ բավարարվում է, դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծել հետևյալ կերպ:

Նկատի ունենալով, որ հայց ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Սերյոժա Իսրայելյանի միջնորդությունը բավարարվել է (հայցագինը կազմել է 340.000 ՀՀ դրամ, և Վահան Ավագյանից ենթակա է բռնագանձման 150.000 ՀՀ դրամ, ուստի Սերյոժա Իսրայելյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձման է ենթակա 3.800 ՀՀ դրամ (չբավարարված հայցապահանջի` 190.000 ՀՀ դրամի 2 տոկոսի չափով), իսկ Վահան Ավագյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձման է ենթակա 3.000 ՀՀ դրամ (բավարարված հայցապահանջի` 150.000 ՀՀ դրամի 2 տոկոսի չափով):

Հիմք ընդունելով Սերյոժա Իսրայելյանին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու և որպես ներկայացուցիչ հանրային պաշտպան նշանակելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 04.12.2019 թվականի որոշումն ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասը` Վճռաբեկ դատարանը խելամիտ է համարում 70.000 ՀՀ դրամը, որը ենթակա է բռնագանձման Վահան Ավագյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափով` դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 4.500 ՀՀ դրամ (150.000 ՀՀ դրամի 3 տոկոսի չափով), մինչդեռ Ստեփան Ավագյանի և Վահան Ավագյանի կողմից վճարվել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք: Հայցը Վահան Ավագյանի մասով բավարարման ենթակա լինելու պայմաններում վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա 4.500 ՀՀ դրամի մասով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված, իսկ ավել վճարված 5.500 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման Ստեփան Ավագյանին և Վահան Ավագյանին:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափով` դրամական պահանջի գործերով` հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

Վճռաբեկ դատարանի 09.06.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Սերյոժա Իսրայելյանի միջնորդությունը բավարարվել է` նախատեսելով այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ: Արդյունքում Վահան Ավագյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձման է ենթակա 10.000 ՀՀ դրամ (150.000 ՀՀ դրամի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշումը մասնակիորեն` Սերյոժա Իսրայելյանի հայցն ընդդեմ Ստեփան և Վահան Ավագյանների` 340,000.00 ՀՀ դրամ գումար բռնագանձելու և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվեգրելու պահանջների մասով, բեկանել և փոփոխել` Սերյոժա Իսրայելյանի հայցն ընդդեմ Վահան Ավագյանի` գումար բռնագանձելու և տոկոսներ հաշվեգրելու պահանջների մասին, բավարարել` Վահան Ավագյանից հօգուտ Սերյոժա Իսրայելյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 23.09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը. մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սերյոժա Իսրայելյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3.800 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Վահան Ավագյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 13.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը և վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Վահան Ավագյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 70.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության ծախս:

Վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=16325548649312522

 

pin
Վճռաբեկ դատարան
11.08.2023
N ԿԴ1/4122/02/19
Որոշում