Սեղմել Esc փակելու համար:
ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՁԻ ՊԱՏՎԻՆ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՁԻ ՊԱՏՎԻՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԴ/26070/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26070/02/19       2023 թ.

Նախագահող դատավոր` Ա. Կուրեխյան

    Դատավորներ`        Ս. Գրիգորյան

                                      Գ. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սոնա Աղեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Մարությանի ընդդեմ Սոնա Աղեկյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հայկ Մարությանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին հրավիրել մամուլի ասուլիս և հրապարակայնորեն հերքել զրպարտչական արտահայտությունները, պարտավորեցնել պատասխանողին որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցվորին վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 04.10.2021 թվականի վճռով Հայկ Մարությանի հայցը բավարարվել է մասնակի` Սոնա Աղեկյանին պարտավորեցվել է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում NEWS.am էլեկտրոնային լրատվական կայքում հրապարակայնորեն հերքել 09.08.2019 թվականին հրապարակված մամուլի ասուլիսում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները` «...քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին..., հանցավոր պայմանավորվածության և կոռուպցիայի նշանների, այսինքն` կոռուպցիայի հոտ գալու..., Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի հասնելու և հենց պարոն քաղաքապետի` այսօրվա գործող, կոռուպցիոն գործարքների մեջ լինելու ...» վերաբերյալ, այնպես, որ հերքման տեսանյութը հաղորդման ժամի և տեղակայման առումով չզիջի 09.08.2019 թվականին մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակված մամուլի ասուլիսի տեսանյութին: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2022 թվականի որոշմամբ Սոնա Աղեկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոնա Աղեկյանը (ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Մարությանը (ներկայացուցիչ Տաճատ Ոսկանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 13-րդ, 57-րդ, 62-րդ, 66-րդ հոդվածները, 177-րդ հոդվածի 3-րդ մասը, 191-րդ, 192-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անհասկանալի հիմնավորումներով գտել է, իսկ Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ պատասխանողի կողմից արված արտահայտություններում նկարագրված գործողությունները պարունակում են հանցակազմ: Նախ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում առկա այն առանցքային հիմքին և հիմնավորմանը, որ Դատարանը պատշաճ չի գնահատել ու չի վերլուծել պատասխանողի կողմից արված արտահայտությունները, չի լսել նրա բացատրությունները, որոնք կատարվել են նույն ասուլիսի ժամանակ: Պատշաճ գնահատման դեպքում Դատարանը չէր կարող անտեսել այն արտահայտությունը, որ Պատասխանողը կատարել է ասուլիսի ժամանակ` մանրամասնելով, թե ինչ նկատի ունի «կոռուպցիա», այն է` քաղաքը աղբի մեջ կորած է, իսկ իրենք պարգևավճար են բաժանում, բա կոռուպցիա չէ, ի՞նչ է:

Այս բացատրությունների գնահատման դեպքում, նախ հայցվորը, ապա նաև Դատարանը պետք է ցույց տային, թե ՀՀ քրեական օրենսգրքի այդ ո՞ր հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության մասին է պնդել պատասխանողը:

Այսինքն, թե՛ Դատարանի, թե՛ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հիմնավորված չեն, քանի որ դրանցում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատարանը կոպիտ կերպով խախտելով ապացույցների հետազոտման օրենսդրական պահանջը, չի հետազոտել և իր դատական ակտում չի անդրադարձել պատասխանողի կողմից «Հայցադիմումի պատասխան» գրավոր փաստաթղթում ներկայացված մի շարք հրապարակումների, որոնցում պատասխանողը հրապարակային կերպով անդրադարձել է խնդրին և դիմել է քաղաքային իշխանություններին, մասնավորապես` հենց հայցվորին, խնդիրը պարզաբանելու պահանջով: Դատարանը` նշված էական խախտումը թույլ չտալու և ներկայացված ապացույցները պատշաճ հետազոտելու պարագայում պետք է անդրադառնար դրանց իր դատական ակտում և գնահատեր և միգուցե գար այլ եզրահանգման, ինչը կազդեր գործի ելքի վրա: Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ մի շարք հրապարակումները ներկայացված են եղել փաստաթղթային կրիչի` «Հայցադիմումի պատասխան» գրավոր փաստաթղթում: Ինչպես նաև հաշվի չի առնվել սույն գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այն, որ սույն գործերով ներկայացված փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն (ապացույց) են հանդիսանում կողմերի ներկայացրած դիրքորոշումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, չի անդրադարձել բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանն իր դատողությունը սկսում է «Վերոգրյալից ելնելով» տերմինով, սակայն մինչ այդ արտահայտված դիրքորոշումներից չի բխում «Վերոգրյալից ելնելով» տերմինին հաջորդող եզրահանգումը: Անհասկանալի է, թե ինչից ելնելով է Դատարանը հանգել այդ եզրահանգմանը, եթե պատասխանողն իր ելույթի քննարկվող մասը սկսելը նշում է, որ «Ես այստեղ նույնիսկ արդեն միտում եմ տեսնում, միգուցե հանցավոր պայմանավորվածություն և կոռուպցիայի նշաններ, այսինքն կոռուպցիոն հոտ է գալիս»: Դատարանն իր դատական ակտում այս տեքստը որակել է որպես փաստացի տվյալների վերաբերյալ պնդում: Չի անդրադարձել «միգուցե» բառին, որը ապացուցում է, որ պատասխանողն ընդամենը կասկած է հայտնում: Դատարանը չի անդրադարձել նաև «հոտ է գալիս» դարձվածքին, որի վերաբերյալ պատասխանողը ներկայացրել է տերմինի բացատրությունն ըստ Պետրոս Բեդիրյանի հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանի «մի բանի հոտ գալ» նշանակում է նշաններ նկատվել, կանխազգացվել:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Վերաքննիչ բողոքում առկա այն հիմքին, որ Դատարանն ընդհանրապես չի նշել, թե ինչ ապացույցների հիման վրա է եկել վերոնշյալ դատողություններին: Բացի այդ, Դատարանը չի անդրադարձել մեկ այլ կարևոր չափանիշի` զրպարտելու նպատակին, ինչպիսի պայմաններում Դատարանը չէր կարող գործը լուծել կիրառելի իրավանորմի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը և դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիմքով հաստատել են, որ պատասխանողի կողմից հնչեցված արտահայտությունները պարունակում են զրպարտություն` առանց ապացուցման պարտականությունը իրավաչափորեն բաշխելու, առանց պատասխանողի վրա պարտականություն դնելու այն հարցի առնչությամբ, որ պատասխանողը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու իր խոսքի ճշմարտությունը և հիմնավորվածությունը, եզրահանգել է, որ պատասխանողը չի ապացուցել այն հանգամանքը, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու իր խոսքի ճշմարտությունը և հիմնավորվածությունը:

Այսպես, պատասխանողը մինչև ասուլիսի օրն իր գնահատողական դատողությունները ներկայացնելը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով և հրապարակումներով, որոնց ժամանակ ուղղակի հարցադրումներ է արել Երևանի քաղաքապետին` «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ և չի ստացել որևէ պատասխան:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` բավարարել Սոնա Աղեկյանի վերաքննիչ բողոքը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

Բողոքաբերը ժխտում է այն փաստը, որ օգտագործելով կոռուպցիա եզրույթը, ի նկատի է ունեցել հանցակազմ պարունակող արարք: Բողոքաբերը իր բողոքում պնդում է, որ Դատարանը կոպիտ կերպով խախտել է ապացույցների հետազոտման օրենսդրական պահանջը, չի հետազոտել և իր դատական ակտում չի անդրադարձել պատասխանողի կողմից «Հայցադիմումի պատասխան» գրավոր փաստաթղթում ներկայացված մի շարք հրապարակումների, որոնցում պատասխանողը հրապարակային կերպով անդրադարձել է խնդրին և դիմել է քաղաքային իշխանություններին, մասնավորապես' հենց Հայցվորին, խնդիրը պարզաբանելու պահանջով, իսկ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այս հանգամանքը:

Բողոքաբերը պնդում է, որ անհասկանալի է, թե Դատարանն ինչու է գտել, որ իր կողմից արված հայտարարությունները փաստական տվյալներ են, այլ ոչ թե գնահատողական դատողություններ: Այս պնդումը Բողոքաբերը հիմնավորում է այն փաստով, որ Պատասխանողն օգտագործել է «հոտ է գալիս» դարձվածքը և բացատրելով դարձվածքի նշանակությունը' գտնում է, որ իր ողջ ելույթը կառուցել է հենց նույն տրամաբանությամբ' հնչեցնելով միայն գնահատողական դատողություններ: Այս պնդումը կատարյալ անհիմն է: Բողոքաբերը միայն անդրադարձ է կատարում «հոտ է գալիս» դարձվածքի կիրառմանը և չի նշում, որ իր այդ արտահայտությունն օգտագործելուց հետո ինքը նշում է հետևյալը' «Այստեղից ոչ թե կոռուպցիայի հոտ է գալիս, այլ կոռուպցիան լցվել է Երևանի քաղաքապետարան, այն հասել է աննախադեպ մակարդակի: Եւ գործող քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է»:

Բողոքաբերի պնդումներն անհիմն են, քանի որ թե' Հայցվորը հայցադիմումի մեջ և թե' Դատարանը վճռի մեջ հստակ կերպով նշել են, թե ինչ կերպով են Պատասխանողի կողմից ներկայացված կեղծ տվյալները արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը' մատնանշելով նաև այն փաստը, որ Հայցվորը հանդիսանում է հանրային մեծ ճանաչում ունեցող անձնավորություն և զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Բացի այդ, բողոքաբերն ըստ էության սխալ է տարանջատել քննադատություն և զրպարտություն երևույթները, ինչի արդյունքում գտել է, որ իր կողմից հնչեցված հայտարարությունները հանդիսանում են ոչ թե զրպարտություն, այլ քննադատություն: Նման դիրքորոշումը ամբողջությամբ անհիմն է, ինչը հիմնավորվել է թե' հայցադիմումում և սույն պատասխանում և թե' Դատարանի վճռում:

Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է ամբողջությամբ հիմնավոր, պատճառաբանված և օրինական որոշում` մերժելով բողոքաբերի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և Դատարանի կողմից կայացված վճիռը թողնելով անփոփոխ:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 09.08.2019 թվականին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից կատարվել են հետևյալ արտահայտությունները.

«Մենք ամեն օր էլ տեսնում ենք, որ աղբը մեր քաղաքում արդեն անասելի, աննախադեպ և անթույլատրելիի չափերը անցել է: Իհարկե սա խոսում է քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին: Ես այստեղ նույնիսկ արդեն միտում եմ տեսնում, միգուցե հանցավոր պայմանավորվածություն և կոռուպցիայի նշաններ, այսինքն կոռուպցիոն հոտ է գալիս: Ամբողջ Երևանը գարշահոտության մեջ է, սակայն քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում` ամուր մտել են սեղանի տակ պատասխանատու այրերը` և' քաղաքապետը, և՛ կոմունալի վարչության պետը, և բոլոր պաշտոնական այրերը, ովքեր պատասխանատու են Երևան քաղաքում մաքրության, աղբահանության և սանմաքրման համար, նրանք մտել են իրենց գրասեղանների տակ և ասում են` տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանի տակից:

Դրա համար մենք որոշեցինք, ճիշտ է մենք վաղուց զգուշացնում էինք, նախազգուշացնում էինք միշտ բարձրաձայնում էինք, որ աղբը, առավել ևս ամռան ամիսներին աննախադեպ է լինելու, եթե այս տեմպերով աշխատի Երևանի քաղաքապետարանը: Բայց քանի որ մարդիկ չէին լսում, ականջալուր չէին լսում, չէին լինում, խորհուրդներ չէին ընդունում, նրանք, այո, այսօր եկան ու հասցրեցին մեզ, մեր քաղաքացիներին այն իրավիճակին, որ քայլում ենք աղբը փաթաթվում է ոտքերին, որ քայլում ես ու անընդհատ փսխելու զգացողություն ունես: Մարդիկ Երբեմն չեն դիմանում ու հենց փսխում են փողոցներում: Մինչդեռ էս պարագայում մենք անձամբ կոմունալի վարչության պետին, ով ձախողել է և դիտավորյալ Երևանը դարձրել է կեղտաշաղախ, աղբակեղտոտ, էլ չգիտես, գարշահոտությամբ լեցուն, մենք նրան պարգևավճար ենք տալիս կիսամյակը մեկ: Դուք հասկանու՞մ եք ինչի մասին է խոսքը: Այսինքն մենք իրեն ութը հարյուր քառասուն հազար դրամ լրացուցիչ տալիս ենք բացի իր աշխատավարձը, բացի իր վրա ծախսած մեր համայնքային բյուջեից այն գումարները, որ մենք նրան տրամադրել ենք ծառայողական մեքենա, վարորդ, գործավար, առաջին և առաջատար կարգի մասնագետներ, էլի գործավարներ և այլ բաժնի պետեր նաև, մենք այսքան գումար ենք ծախսում որպեսզի այդ մարդը, այդ չինովնիկը կարողանա ապահովել մեր աղբահանությունը, մինչդեռ նա հանցավոր անգործություն է ցուցաբերում` չի մաքրում Երևանը աղբից և դեռ պարգևավճարներ ենք տալիս: Այստեղ կոռուպցիայի հոտ է գալիս, ոչ թե հոտ է գալիս, արդեն կոռուպցիան լցվել է հենց Երևանի քաղաքապետարան: Որևէ մեկը ինձ չի կարող ապացուցել, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիա չկա: Կոռուպցիան Երևանի քաղաքապետարանում աննախադեպ մակարդակի է հասել և հենց պարոն քաղաքապետը այսօրվա գործող, ինքը կոռուպցիոն գործարքների մեջ է: Եթե նա պաշտոնապես տալիս է պարգևավճարներ մարդկանց, ովքեր ձախողել են և իրենց գործունեությամբ չեն կարողացել արդարացնել իրենց վրա դրված պարտականությունները, սա նշանակում է, որ նրանց մենք կոռուպցիա ենք տալիս, գումարներ ենք տալիս» (հատոր 1-ին, գ.թ. 43-71):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով «գնահատողական դատողություն» եզրույթի իրավական բովանդակությունը` կարծիքի արտահայտման ազատության լույսի ներքո` վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

i

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունն անխախտելի է:

i

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

i

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

i

Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.

1. խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,

2. դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,

3. դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,

4. կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:

Մեկնաբանելով «Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակներին» պայմանները` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե՛ս, «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):

Նույն որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս, Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը զրպարտության դեպքում հավասարապես կիրառելի է համարել վիրավորանքի դեպքում «հրապարակային ներկայացնել», «փաստեր» և «գնահատողական դատողություններ» եզրույթներին տրված մեկնաբանությունները:

Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս, Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս, Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):

Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:» (տե՛ս, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):

Վերոգրյալից զատ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս, Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում (տե՛ս, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

i

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով գնահատողական դատողության եզրույթին, նշել է, որ կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ: Այլ կերպ ասած` պետք է պարզել, թե արդյոք արտահայտությունն անելու ժամանակ այդ արտահայտությունը պարունակել է անձի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ, արդյոք այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, արդյոք դրանք համապատասխանել են իրականությանը և արդյոք դրանք իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակ տարանջատել փաստական հիմք ունեցող գնահատողական դատողությունները զրպարտող բնույթի փաստական տվյալներից` հիմք ընդունելով սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումները (տե՛ս, թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «գնահատողական դատողություն» եզրույթի իրավական բովանդակությանը` կարծիքի արտահայտման ազատության լույսի ներքո` այդ թվում ներկայացնելով այդ կապակցությամբ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները:

Այսպես, Եվրոպական դատարանի գնահատմամբ կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակության ամենակարևոր հիմնասյուներից է, ժողովրդավարության զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի հաշվառմամբ` այն կիրառվում է ոչ միայն այն տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք կարող են ընկալվել դրական կամ դիտարկվել որպես անվնաս կամ անտարբեր, այլ նաև այնպիսի տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստացնում: Այսպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և տեսակետների բազմազանության պահանջները, առանց որոնց` «ժողովրդավարական հասարակությունը» չի կարող գոյություն ունենալ: Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածում, այդ ազատությունից կարող են լինել բացառություններ, որոնք, սակայն, պետք է խստորեն մեկնաբանվեն, և որևէ սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով ապացուցվի (տե՛ս, Bedat v. Switzerland ([GC] (գանգատ թիվ 56925/08) գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 48):

Եվրոպական դատարանը նաև կարևորել է, որ պետք է հստակ տարանջատում մտցվի քննադատության և վիրավորանքի միջև, և վերջինը, որպես կանոն, կարող է հանգեցնել պատասխանատվության կիրառման (տե՛ս, Palomo Sanchez and Others v. Spain [GC] (գանգատներ թիվ 28955/06, 28957/06, 28959/06 և 28964/06) գործով Եվրոպական դատարանի 12.09.2011 թվականի վճիռը, կետ 67): Իրավախախտում թույլ տալը կարող է դուրս գալ կարծիքի արտահայտման ազատության պաշտպանության սահմաններից, եթե այն հավասարազոր է անհիմն զրպարտությանը, օրինակ, այն ժամանակ, երբ արատավորող տեղեկության միակ նպատակը անձին վիրավորելն է: Այդուհանդերձ, ոչ կոռեկտ արտահայտությունների օգտագործումն ինքնին որոշիչ չէ արատավորող տեղեկությունների գնահատման համար, քանի որ այն կարող է պարզապես ծառայել ոճային նպատակներով: Եվրոպական դատարանի համար ոճը հաղորդակցման մաս է` որպես արտահայտման ձև և որպես այդպիսին պաշտպանվում է արտահայտության բովանդակության հետ միասին (տե՛ս, Uj v. Hungary (գանգատ թիվ 23954/10) գործով Եվրոպական դատարանի 19.07.2011 թվականի վճիռը, կետ 20):

Բացի այդ, Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների հարաբերակցությանը, արձանագրել է, որ անձի համբավի պաշտպանության իրավունքը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունք է` որպես անձնական կյանքի հարգման տարր (տե՛ս, Denisov v. Ukraine [GC], (գանգատ թիվ 76639/11) գործով Եվրոպական դատարանի 25.09.2018 թվականի վճիռը, կետ 97): «Անձնական կյանք» արտահայտությունը լայն հասկացություն է, որը հնարավոր չէ սպառիչ բնութագրել, այն ներառում է նաև մարդու հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը: Այդուհանդերձ, որպեսզի 8-րդ հոդվածը գործի, անձի համբավի վրա ոտնձգությունը պետք է հասած լինի լրջության որոշակի աստիճանի, ընդ որում այնպիսի եղանակով, որպեսզի այն վնաս հասցնի անձի անձնական կյանքի հարգման իրավունքի իրականացմանը (տե՛ս, Axel Springer AG v. Germany (GC) (գանգատ թիվ 39954/08) գործով Եվրոպական դատարանի 07.02.2015 թվականի վճիռը, կետ 83, Medzlis Islamske Zajednice Brcko and Others v. Bosnia and Herzegovina (GC) (գանգատ թիվ 17224/11) գործով Եվրոպական դատարանի 27.07.2017 թվականի վճիռը, կետ 75, Beizaras and Levickas v. Lithuania (գանգատ թիվ 41288/15) գործով Եվրոպական դատարանի 14.01.2020 թվականի վճիռը, կետ 117): Մյուս կողմից, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա չի կարելի հենվել` բարձրացնելով համբավի կորստի հարց, որը սեփական գործողությունների կանխատեսելի հետևանքն է (ինչպես, օրինակ, քրեական օրենսդրությամբ սահմանված հանցագործության կատարումը) (տե՛ս, Axel Springer AG v. Germany [GC] (գանգատ թիվ 39954/08) գործով Եվրոպական դատարանի 07.02.2015 թվականի վճիռը, կետ 83, Denisov v. Ukraine [GC], (գանգատ թիվ 76639/11) գործով Եվրոպական դատարանի 25.09.2018 թվականի վճիռը, կետ 98):

Եվրոպական դատարանը փաստել է, որ պետությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով մի անձի իրավունքը պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունն իրականացնելու համար ստիպված է ինչ-որ աստիճանով սահմանափակել այլ անձի իրավունքները, որոնք երաշխավորված են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Ժողովրդավարական հասարակությունում նման սահմանափակումների անհրաժեշտությունը «այլ անձանց համբավը կամ իրավունքները պաշտպանելու» շահերից ելնելով գնահատելիս` Եվրոպական դատարանը ստուգում է, թե արդյոք ազգային իշխանություններն արդարացի հավասարակշռություն ապահովել են Կոնվենցիայով երաշխավորված երկու արժեքների միջև, որոնք կարող են հակասության մեջ լինել որոշ դեպքերում, մասնավորապես, մի կողմից` 10-րդ հոդվածով պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատությունը, և մյուս կողմից` 8-րդ հոդվածով ամրագրված անձնական կյանքի հարգման իրավունքը (տե՛ս, Bedat v. Switzerland ([GC] (գանգատ թիվ 56925/08) գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 74): Ընդ որում, անդրադառնալով «գնահատողական դատողությունների» և «փաստերի» արտահայտման տարբերակման կարևորությանը` Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին և արված դիտողությունների ընդհանուր տոնին` նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (տե՛ս, Morice v. France [GC], (գանգատ թիվ 29369/10) գործով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126):

Միաժամանակ Եվրոպական դատարանը սահմանել է մի շարք չափանիշներ, որոնց համապատասխան կարծիքի արտահայտման ազատությունը հավասարակշռվում է մասնավոր կյանքի հարգման իրավունքի հետ, այդ թվում`

1) վիճարկվող արտահայտությունը նպաստե՞լ է արդյոք ընդհանուր շահի քննարկմանը,

2) որքանո՞վ է հայտնի շահագրգիռ անձը և ո՞րն է հրապարակման առարկան,

3) շահագրգիռ անձի նախորդ վարքագիծը,

4) տեղեկատվության ստացման միջոցը և դրա արժանահավատությունը,

5) հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները,

6) կիրառված պատասխանատվության խստությունը (տե՛ս, EDITORIAL BOARD OF GRIVNA NEWSPAPER v. UKRAINE (գանգատներ թիվ 41214/08 և 49440/08) գործով Եվրոպական դատարանի 16.04.2019 թվականի վճիռը, կետ 97):

Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գնահատող դատողություններին այն դեպքում, երբ դրանք առերևույթ պարունակում են զրպարտությանը բնորոշ տարրեր:

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ վիրավորանքի և զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն` արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն:

Հետևաբար որևէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալը, ոչ կոռեկտ լինելն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիքի արտահայտման ազատության սահմանները, և կարծիքի արտահայտման նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարևոր է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը` մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ կարծիքը` որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք` որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած` քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից:

Այսպիսով, նաև հիմք ընդունելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ որևէ արտահայտություն որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նաև պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած և տուժող անձանց վարքագիծը մինչև արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը և մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը:

Սույն գործի փաստերի համաձայն` 09.08.2019 թվականին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Սուրենի Աղեկյանի կողմից կատարվել են հետևյալ արտահայտությունները.

«Մենք ամեն օր էլ տեսնում ենք, որ աղբը մեր քաղաքում արդեն անասելի, աննախադեպ և անթույլատրելիի չափերը անցել է: Իհարկե սա խոսում է քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին: Ես այստեղ նույնիսկ արդեն միտում եմ տեսնում, միգուցե հանցավոր պայմանավորվածություն և կոռուպցիայի նշաններ, այսինքն կոռուպցիոն հոտ է գալիս: Ամբողջ Երևանը գարշահոտության մեջ է, սակայն քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում` ամուր մտել են սեղանի տակ պատասխանատու այրերը` և' քաղաքապետը, և՛ կոմունալի վարչության պետը, և բոլոր պաշտոնական այրերը, ովքեր պատասխանատու են Երևան քաղաքում մաքրության, աղբահանության և սանմաքրման համար, նրանք մտել են իրենց գրասեղանների տակ և ասում են` տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանի տակից:

Դրա համար մենք որոշեցինք, ճիշտ է մենք վաղուց զգուշացնում էինք, նախազգուշացնում էինք միշտ բարձրաձայնում էինք, որ աղբը, առավել ևս ամռան ամիսներին աննախադեպ է լինելու, եթե այս տեմպերով աշխատի Երևանի քաղաքապետարանը: Բայց քանի որ մարդիկ չէին լսում, ականջալուր չէին լսում, չէին լինում, խորհուրդներ չէին ընդունում, նրանք, այո, այսօր եկան ու հասցրեցին մեզ, մեր քաղաքացիներին այն իրավիճակին, որ քայլում ենք աղբը փաթաթվում է ոտքերին, որ քայլում ես ու անընդհատ փսխելու զգացողություն ունես: Մարդիկ Երբեմն չեն դիմանում ու հենց փսխում են փողոցներում: Մինչդեռ էս պարագայում մենք անձամբ կոմունալի վարչության պետին, ով ձախողել է և դիտավորյալ Երևանը դարձրել է կեղտաշաղախ, աղբակեղտոտ, էլ չգիտես, գարշահոտությամբ լեցուն, մենք նրան պարգևավճար ենք տալիս կիսամյակը մեկ: Դուք հասկանու՞մ եք ինչի մասին է խոսքը: Այսինքն մենք իրեն ութը հարյուր քառասուն հազար դրամ լրացուցիչ տալիս ենք բացի իր աշխատավարձը, բացի իր վրա ծախսած մեր համայնքային բյուջեից այն գումարները, որ մենք նրան տրամադրել ենք ծառայողական մեքենա, վարորդ, գործավար, առաջին և առաջատար կարգի մասնագետներ, էլի գործավարներ և այլ բաժնի պետեր նաև, մենք այսքան գումար ենք ծախսում որպեսզի այդ մարդը, այդ չինովնիկը կարողանա ապահովել մեր աղբահանությունը, մինչդեռ նա հանցավոր անգործություն է ցուցաբերում` չի մաքրում Երևանը աղբից և դեռ պարգևավճարներ ենք տալիս: Այստեղ կոռուպցիայի հոտ է գալիս, ոչ թե հոտ է գալիս, արդեն կոռուպցիան լցվել է հենց Երևանի քաղաքապետարան: Որևէ մեկը ինձ չի կարող ապացուցել, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիա չկա: Կոռուպցիան Երևանի քաղաքապետարանում աննախադեպ մակարդակի է հասել և հենց պարոն քաղաքապետը այսօրվա գործող, ինքը կոռուպցիոն գործարքների մեջ է: Եթե նա պաշտոնապես տալիս է պարգևավճարներ մարդկանց, ովքեր ձախողել են և իրենց գործունեությամբ չեն կարողացել արդարացնել իրենց վրա դրված պարտականությունները, սա նշանակում է, որ նրանց մենք կոռուպցիա ենք տալիս, գումարներ ենք տալիս»:

Դիմելով դատարան` Հայկ Մարությանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին հրավիրել մամուլի ասուլիս և հրապարակայնորեն հերքել զրպարտչական արտահայտությունները, պարտավորեցնել պատասխանողին որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, հայցվորին վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Դատարանը հայցը բավարարել է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ. «...որ Պատասխանողի ասուլիսին հնչեցրած ելույթը լսելիս անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Սոնա Սուրենի Աղեկյանը հստակ պնդում է, որ Հայկ Հրաչյայի Մարությանը կոռուպցիոներ է, քանի որ պատասխանողն իր ելույթի տարբեր հատվածներում հնչեցնում է «քաղաքային իշխանություն», «քաղաքապետ» արտահայտությունները, մինչդեռ անհերքելի փաստ է, որ արտահայտությունները կատարելու պահից մինչ այսօր հայցվոր Հայկ Հրաչյայի Մարությանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը, բնականաբար սովորական ունկնդիրն էլ կզգա, որ տվյալ արտահայտություններն իրականում հասցեագրված են հենց հայցվորին: Դատարանը նաև հաստատված է համարում, որ այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային ձևով, քանի որ արտահայտությունները կատարվել են մամուլի ասուլիսի ընթացքում, այսինքն` զանգվածային լրատվության միջոցով` ինչպիսի փաստն անվիճելի է: Անդրադառնալով ներկայացված փաստացի տվյալների զրպարտություն գնահատելու հաջորդ երկու չափանիշներին` դատարանը հաստատված է համարում, որ ներկայացված փաստացի տվյալները չեն համապատասխանել իրականությանը, այսինքն` եղել են սուտ, անհիմն, ոչ հավաստի, քանի որ պատասխանողի կողմից հակառակն ապացուցող փաստեր չեն ներկայացվել, ներկայացված փաստացի տվյալներն իրականում արատավորել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ արտահայտություններն իրենց բնույթով ու նյութի ամբողջ բովանդակության համատեքստում պարունակել են ոչ պատշաճ վարքագծի դրսևորման, հայցվորի կողմից քրեորեն պատժելի արարք կատարելու վերաբերյալ տեղեկություններ, ինչը հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է հայցվորի արժանիքները հանրության շրջանում, ունակ է հայցվորին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի, ստիպում է ամաչել հայցվորին կամ այլ մարդկանց խուսափել հայցվորից: (...), բացի փոխհատուցում վճարել պարտավորեցնելուց զրպարտության դեպքում առկա է իրավունքների վերականգնման օրենքով նախատեսված այլ միջոցի կիրառման հնարավորություն` Դատարանը գտնում է, որ որպես զրպարտության համար սահմանված պատասխանատվության միջոց բավարար է հերքում հրապարակելը` պարտավորեցնելով պատասխանողին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ ամսվա ընթացքում NEWS.am էլեկտրոնային լրատվական կայքում հրապարակայնորեն հերքել 2019թ. օգոստոսի 09-ին հրապարակված մամուլի ասուլիսում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները` «...քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին..., հանցավոր պայմանավորվածության և կոռուպցիայի նշանների, այսինքն` կոռուպցիայի հոտ գալու..., Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի հասնելու և հենց պարոն քաղաքապետի` այսօրվա գործող, կոռուպցիոն գործարքների մեջ լինելու ...» վերաբերյալ, այնպես, որ հերքման տեսանյութը հաղորդման ժամի և տեղակայման առումով չզիջի 2019թ. օգոստոսի 09-ին մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակված մամուլի ասուլիսի տեսանյութին: NEWS.am էլեկտրոնային լրատվական կայքի միջոցով հերքում հրապարակելու վերաբերյալ Դատարանը եզրահանգումը պայմանավորված է դատական նիստի ընթացքում հետազոտված տեսանյութից, որը կատարված է NEWS.am էլեկտրոնային լրատվական կայքից: Ինչ վերաբերում է «Մենք այսքան գումար ենք ծախսում, որպեսզի այդ մարդը` այդ չինովնիկը կարողանա ապահովել մեր աղբահանությունը, մինչդեռ նա հանցավոր անգործություն է ցուցաբերում» արտահայտությանը` Դատարանը փաստում է, որ ներկայացված փաստացի տվյալներն իրականում չեն արատավորում հայցվորի պատիվը, արժանապատվությունը քանի որ ուղղված չեն հայցվորին այն հիմնավորմամբ, որ դրան նախորդում են հետևյալ արտահայտությունները` «Մինչդեռ էս պարագայում մենք անձամբ կոմունալի վարչության պետին, ով ձախողել է և դիտավորյալ Երևանը դարձրել է կեղտաշաղախ, աղբակեղտոտ, էլ չգիտես, գարշահոտությամբ լեցուն, մենք նրան պարգևավճար ենք տալիս կիսամյակը մեկ: Դուք հասկանու՞մ եք ինչի մասին է խոսքը: Այսինքն մենք իրեն ութը հարյուր քառասուն հազար դրամ լրացուցիչ տալիս ենք բացի իր աշխատավարձը, բացի իր վրա ծախսած մեր համայնքային բյուջեից այն գումարները, որ մենք նրան տրամադրել ենք ծառայողական մեքենա, վարորդ, գործավար, առաջին և առաջատար կարգի մասնագետներ, էլի գործավարներ և այլ բաժնի պետեր նաև, մենք այսքան գումար ենք ծախսում որպեսզի այդ մարդը, այդ չինովնիկը կարողանա ապահովել մեր աղբահանությունը», հետևաբար Դատարանի գնահատմամբ դրանք չեն կարող մեկնաբանվել որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը արատավորող փաստացի տվյալներ»:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 04.10.2021 թվականի վճիռը անփոփոխ թողնելով պատճառաբանել է, որ «Վերաքննիչ դատարանը անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն հիմնավորմանը, թե Դատարանը Հայցվորի վրա չի դրել զրպարտության նպատակն ապացուցելու պարտականությունը, միաժամանակ արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ, արված արտահայտությունը վիրավորանք գնահատելու չափանիշին անդրադառնալիս է այդ փաստի ապացուցման բեռը դրել Հայցվորի վրա, այսինքն` արված արտահայտությունը որպես վիրավորանք գնահատելիս է անհրաժեշտ, որպեսզի Հայցվորն ապացուցի, որ արտահայտություն կատարողն ի սկզբանե հետապնդել է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, մինչդեռ ներկայացված փաստացի տվյալները զրպարտություն գնահատելու դեպքում, նույն որոշման համաձայն Հայցվորն ապացուցման նման բեռ չի կրում, հետևաբար վերաքննիչ բողոքի այս հիմքը նույնպես հիմնավոր չէ և սույն դեպքում այդ փաստն ապացուցման ենթակա փաստերի շրջանակում չներառելով ու դրա ապացուցման պարտականությունը հայցվորի վրա չդնելով դատարանը դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ չի տվել: (...) Այսպիսով, վերաքննիչ բողոքի փաստարկները և Դատարանին վերագրվող նյութական և դատավարական իրավունքների նորմերի խախտումները որևէ կերպ հիմնավորված չեն, իսկ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով գործում առկա ապացույցներն իրենց համակցության մեջ` արդյունքում կայացրել է հիմնավորված, պատճառաբանված և օրինական դատական ակտ, որը բերված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ենթակա չէ բեկանման:

Վերոգրյալի հիման վրա հիմնավոր չհամարելով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը թույլ չի տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող` գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ»:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են` հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ: Այլ կերպ ասած` պետք է պարզել, թե արդյոք արտահայտությունն անելու ժամանակ այդ արտահայտությունը պարունակել է անձի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ, արդյոք այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, արդյոք դրանք համապատասխանել են իրականությանը և արդյոք դրանք իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակ տարանջատել փաստական հիմք ունեցող գնահատողական դատողությունները զրպարտող բնույթի փաստական տվյալներից` հիմք ընդունելով սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումները:

Սույն գործով ներկայացված ապացույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները ունեցել են հստակ ուղղվածություն` հանրությանը իրազեկելու երկրում, մասնավորապես` Երևան քաղաքում առկա խնդիրների մասին և դիմել է հենց հայցվորին, խնդիրը պարզաբանելու պահանջով: Ամբողջ ասուլիսի ընթացքում Սոնա Աղեկյանը որպես քաղաքային իշխանությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետին, փորձել է բացատրել, որ ամբողջ Երևան քաղաքը գարշահոտության մեջ է:

Նշվածը բավարար է ձևավորելու համոզմունք այն մասին, որ պատասխանողը նպատակ է ունեցել հանրությանը իրազեկել Երևան քաղաքում տիրող իրավիճակի մասին: Հետևաբար հրապարակումը չի կարող գնահատվել որպես Հայկ Մարությանի համբավի արատավորում, այլ պատասխանողն իր բացասական գնահատականը, քննադատությունը, հետևաբար` գնահատողական դատողությունն է արտահայտել քաղաքում տիրող իրավիճակի մասին` ունենալով բավարար փաստական հիմք:

Վճռաբեկ դատարանը, կարևորելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով երաշխավորված մարդու բարձրագույն արժեք լինելը և մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք լինելը, այդուհանդերձ գտնում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը չպետք է ենթարկվի այնպիսի սահմանափակումների, որոնք հանգեցնեն այդ իրավունքի փաստացի անիրացվելիության: Սույն գործով Սոնա Աղեկյանը, ով Երևանի ավագանու նախկին անդամ է, ոչ իրավաբան և պարտավոր չէր իրապես պատկերացնել արված արտահայտության իրավական ստույգ բովանդակությունը, հնչեցված արտահայտությամբ նպատակ չի ունեցել խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը և արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու արժանապատվությունը, այլ, ունենալով բավարար փաստական հիմք` ներկայացրել է իր բացասական կարծիքը (քննադատությունը) Երևան քաղաքում տիրող իրավիճակի մասին:

Նկատի ունենալով մի կողմից անձի պատվի և արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը և մյուս կողմից կարծիքի արտահայտման ազատության իրական երաշխիքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել արդարացի հավասարակշռություն երկու հիմնարար իրավունքների միջև, և Սոնա Աղեկյանի կարծիքի արտահայտման ազատությունն անհարկի սահմանափակվել է: Նախ` Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում առկա այն առանցքային հիմքին և հիմնավորմանը, որ Դատարանը պատշաճ չի գնահատել ու չի վերլուծել պատասխանողի կողմից արված արտահայտությունները, չի լսել նրա բացատրությունները, որոնք կատարվել են նույն ասուլիսի ժամանակ: Պատշաճ գնահատման դեպքում Դատարանը չէր կարող անտեսել այն արտահայտությունը, որ պատասխանողը կատարել է ասուլիսի ժամանակ` մանրամասնելով, թե ինչ նկատի ունի «կոռուպցիա», այն է` «քաղաքը աղբի մեջ կորած է, իսկ իրենք պարգևավճար են բաժանում, բա կոռուպցիա չէ, ի՞նչ է»: Պատասխանողն իր ելույթի տարբեր հատվածներում հնչեցնում է «քաղաքային իշխանություն», «քաղաքապետ» արտահայտությունները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արտահայտությունը համարել է զրպարտություն` անտեսելով, որ երկու արտահայտություններն էլ հնչեցվել են որպես Երևանի քաղաքապետին` մասնավորապես Հայկ Մարությանից անմիջական արձագանք` այդպիսով արտահայտելով Սոնա Աղեկյանի կարծիքը, քննադատությունը, գնահատողական դատողությունը Հայկ Մարությանի վարքագծի վերաբերյալ:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհարկի սահմանափակում է Սոնա Աղեկյանի կարծիքի արտահայտման ազատությունը, չի ապահովում անձի անձնական կյանքի հարգման իրավունքի և կարծիքի արտահայտման ազատության միջև արդարացի հավասարակշռությունը, ավելին` փաստացի հանգեցնում է պատասխանողի կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անիրացվելիության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես` կարծիքի ազատ արտահայտման իրավունքը սահմանափակվել է այն աստիճան, որ հանգեցրել է այդ իրավունքի փաստացի անիրացվելիության` արդյունքում նաև խաթարելով արտահայտությունը զրպարտություն համարելու չափանիշների բուն էությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:

Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն` դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Սույն գործով վերաքննիչ բողոքի համար Սոնա Աղեկյանը վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Սոնա Աղեկյանի կողմից ենթակա է եղել վճարման 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սոնա Աղեկյանի կողմից վճարված, սակայն օրենքով չպահանջվող, պետական տուրքը` 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը`

- Հայկ Մարությանից հօգուտ Սոնա Աղեկյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

- Հայկ Մարությանից հօգուտ Սոնա Աղեկյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

Անդրադառնալով պատասխանողի` փաստաբանի խելամիտ վարձատրությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ նախադեպային որոշումներով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «որպես դատական ծախս, թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց»:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով 29.06.2012 թվականի որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ «փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը»:

Տվյալ դեպքում Սոնա Աղեկյանը` 25.10.2021 թվականի լիազորագրով լիազորել է Վլադիմիր Գաբրիելյանին որպես ներկայացուցիչ հանդես գալ Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում: Միաժամանակ Վլադիմիր Գաբրիելյանի և Սոնա Աղեկյանի միջև 28.10.2021 թվականին կնքվել է փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիրը, ըստ որի` կողմերի համաձայնությամբ Պայմանագրի շրջանակներում 1.1 կետով Պատվիրատուն պատվիրում է, իսկ Կատարողը մատուցում է հետևյալ իրավաբանական ծառայությունները այն է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2021 թվականի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով վճռի դեմ վերաքննիչ բողոքի կազմում: Սույն պայմանագրի 1.1 կետով սահմանված ծառայությունների գինը կազմել է 500.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործի նյութերում առկա Վլադիմիր Գաբրիելյանի և Սոնա Աղեկյանի միջև կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը նախատեսում է միայն սույն գործով վճռի դեմ վերաքննիչ բողոքի կազմում, իսկ գործի նյութերում և բողոքին կից ներկայացված չէ Վլադիմիր Գաբրիելյանի և Սոնա Աղեկյանի միջև կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման այլ պայմանագիր, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու մասով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջը ենթակա է մասնակի բավարարման, այն է` 100.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2022 թվականի որոշումը և փոփոխել. Հայկ Մարությանի հայցն ընդդեմ Սոնա Աղեկյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջների մասին` մերժել:

2. Հայկ Մարությանից հօգուտ Սոնա Աղեկյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

Հայկ Մարությանից հօգուտ Սոնա Աղեկյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

Հայկ Մարությանից հօգուտ Սոնա Աղեկյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի

կողմից թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով 10.03.2023 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

10.03.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 10-ին գրավոր ընթացակարգով քննելով Սոնա Աղեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Մարությանի ընդդեմ Սոնա Աղեկյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման ու հերքման պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2022 թվականի որոշումը և այն փոփոխել` Հայկ Մարությանի հայցն ընդդեմ Սոնա Աղեկյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման ու հերքման պարտավորեցնելու պահանջների մասին մերժել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում վճռաբեկ բողոքում նշել է հետևյալը.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն`

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն`

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` 3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե`

1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

Նշված իրավական հիմքերը տեղայնացնելով սույն գործի փաստական հիմքերի և Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումներում, գտնում ենք, որ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները հետևյալն են.

Ստորադաս դատարանը և Վերաքննիչ դատարանը դատական ակտերը կայացնելիս առերևույթ խախտել են մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար հետևյալ խախտումները` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն հիմնավորմամբ, որ դատական ակտի սխալ պատճառաբանվածության և հիմնավորվածության արդյունքում Բողոքաբերի կողմից հրապարակայնորեն հնչեցված արտահայտությունները որակել են որպես զրպարտություն` խախտելով Հայցվորի` իր կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը:

Գտնում ենք նաև, որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 191-րդ, 192-րդ, 57-րդ, 62-րդ, 66-րդ, 74-րդ հոդվածների, 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ կետերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի վերաբերյալ մեկնաբանությունները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-1843(ՎԴ) նախադեպային որոշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ցիհան Օզթուրքն ընդդեմ Թուրքիայի գործով արտահայտված դիրքորոշումներին: Ինչպես նաև նշված նորմերը կիրառելիս Վերաքննիչ դատարանը և դատարանը թույլ են տվել այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը և դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիմքով հաստատել են, որ Պատասխանողի կողմից հնչեցված արտահայտությունները պարունակում են զրպարտություն` առանց ապացուցման պարտականությունը իրավաչափորեն բաշխելու, առանց Պատասխանողի վրա պարտականություն դնելու այն հարցի առնչությամբ, որ Պատասխանողը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու իր խոսքի ճշմարտությունը և հիմնավորվածությունը, եզրահանգել է, որ Պատասխանողը չի ապացուցել այն հանգամանքը, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու իր խոսքի ճշմարտությունը և հիմնավորվածությունը:

Դատարանն անտեսել է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային պրակտիկան, ըստ որի համանման գործերով Հայցվորի վրա է դրվում ևս մեկ կարևոր փաստի ապացուցման պարտականություն` Զրպարտության նպատակը:

Այսպես, անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի օրենսդրական կարգավորման էության բացահայտման խնդրին Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում հայտնել է, արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:

Նույն դիրքորոշումն է հայտնել նաև Սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրականության պարզման վերաբերյալ դիմումի քննության արդյունքում` «Քննության առարկա հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունից բխում է, որ արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն, ոչ թե պետք է վիրավորանք համարել գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այստեղ կարևոր է նաև «արատավորելու նպատակով» արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ»:

Վճռաբեկ դատարանն իր վերոնշյալ որոշմամբ բացահայտել է նաև դիտավորության առկայության պարզման համար այն անհրաժեշտ գործողությունների շրջանակը, որոնք պետք է իրականացվեն գործը քննող դատարանների կողմից: Այսպես` «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում»:

Համադրելով վերոնշյալ իրավական դատողությունները մեր գործում առկա փաստերի հետ, պնդում ենք, որ Պատասխանողը չի ունեցել իր գնահատողական դատողություններով Հայցվորին արատավորելու, անվանարկելու դիտավորություն:

Չնայած այն հանգամանքին, որ դիտավորության առկայության ապացուցման բեռը պետք է դրվեր Հայցվորի վրա, այնուամենայնիվ Պատասխանողը ներկայացրել է իր վերոնշյալ պնդումը հիմնավորող փաստեր, որոնք կրկին չեն հետազոտվել և չեն գնահատվել Դատարանի կողմից

Այսպես, Պատասխանողը մինչև Ասուլիսի օրը իր գնահատողական դատողությունները ներկայացնելը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով և հրապարակումներով, որոնց ժամանակ ուղղակի հարցադրումներ է արել Երևանի քաղաքապետին` «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ և չի ստացել որևէ պատասխան:

Կարևոր է, որ Հայցադիմումի պատասխանում նշված հղումներում առկա տեղեկատվական նյութերը չեն հետազոտվել Դատարանի կողմից, ինչը Վերաքննիչ դատարանը իրավաչափ է համարել:

Վերաքննիչ դատարանի ու դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումը (Ցիհան Օզթուրքն ընդդեմ Թուրքիայի գործով) հաշվի առնվելու և դատական ակտի հիմքում դրվելու պարագայում, գործի ելքը այլ կլիներ:

Մասնավորապես, Ցիհան Օզթուրքն ընդդեմ Թուրքիայի (Cihan Ozturk v. Turkey) գործով փաստական հանգամանքները հետևյալն էին`

Դիմումատուն հրապարակում էր կատարել, որում մեղադրում էր բարձր պաշտոնյաներին հանրային միջոցների վատնման մեջ:

Ազգային դատարանը գտել էր, որ դիմումատուի հրապարակումը զրպարտչական է եղել:

ՄԻԵԴ-ն այս գործով արձանագրեց, որ բոլոր այն հայտարարությունները, որոնք վերաբերվում են պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցանքի/զանցանքի կամ կոռուպցիայի մասին ենթակա են շատ խիստ պաշտպանության: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները չեն կարող արդարացվել` պետական պաշտոնյաների հասցեին նմանատիպ քննադատությունները կանխելու համար:

Տվյալ պարագայում ակնհայտ են հետևյալ փաստերը, որ`

ա) Հայցվոր Հայկ Մարությանը զբաղեցնում է Երևան քաղաքի քաղաքապետի` բարձր պաշտոնը,

բ) Պատասխանողի քննադատությունն ուղղված է ոչ թե Հայկ Մարությանի անձնական կյանքի, այլ` հանրային իշխանություն ունենալու փաստի ուժով պայմանավորված պաշտոնեական լիազորությունների իրականացմանը,

գ) Քննադատությունը եղել է մի կողմից` գնահատողական դատողությունների հիման վրա, մյուս կողմից պարունակել է ստեղծված իրավիճակը /վերջին տարում մայրաքաղաքի աղբահանության հայտնի խնդիրը, որը գտնում ենք հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք չունի/ պատկերավոր ներկայացնելու համար օգտագործվող խիստ արտահայտություններ ինչպիսիք են` «քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունը» կամ «քաղաքապետարանը թաղված է կոռուպցիայի մեջ»:

դ) Քննադատական վերոնշյալ ոճը հատուկ է հանրային բոլոր այն գործիչներին, որոնք զբաղվում են հանրությանը հուզող խնդիրներով և այդ համատեքստում առնչվում են հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հետ:

ե) Հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: զ/Նման խոսքի սահմանափակումն անթույլատրելի է ՄԻԵԴ 10-րդ հոդվածի տեսանկյունից և իրենից ներկայացնում է անհամաչափ միջամտություն խոսքի ազատության իրավունքին և դուրս է գալիս կոնվենցիոն սահմանափակումների թույլատրելի շրջանակից` խաղալով անցանկալի գործիչների ու լրագրողների դեմ մահակի դեր»:

Վերոգրյալից բխում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք նշել է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերի, 57-րդ, 62-րդ, 66-րդ, 74-րդ, 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 191-րդ և 192-րդ հոդվածների ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալը` պայմանավորված բողոքարկվող դատական ակտում վերը նշված նորմերի մեկնաբանությունը Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասելու հետ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը` պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում թույլ տալու հետ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` նշելով, թե իբրև Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, որպիսի հիմք (վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու), իմ կարծիքով, վճռաբեկ բողոքում նշված չէ:

Վերոգրյալը համարում եմ բավարար չանդրադառնալու համար Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված պատճառաբանություններին:

Նման պայմաններում հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

    Դատավոր`                               Գ. Հակոբյան

 

 

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203964231

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.03.2023
N ԵԴ/26070/02/19
Որոշում