Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ՊԱՏԻՎԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ՊԱՏԻՎԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/15836/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15836/02/20        2023թ.

Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան

    Դատավորներ`        Ն. Մարգարյան      

                                      Հ. Ենոքյան        

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի օգոստոսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների (այսուհետ` Համահայցվորներ) հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Մանե Գևորգյանի` վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի որոշման դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են պատասխանողներին պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Մանե Գևորգյանին պատկանող` «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջում, ինչպես նաև ՀՀ կառավարության պաշտոնական կայքում «Ներողություն ենք խնդրում Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից» վերնագրով գրառում կատարելու եղանակով հրապարակայնորեն ներողություն խնդրել Համահայցվորներից, անհնարինության դեպքում` նույն ժամկետում զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել առնվազն 5.000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 25.01.2021 թվականին վճռել է հայցը բավարարել մասնակիորեն`

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գևորգյանին պատկանող էջում 2020 թվականի ապրիլի 28-ին տեղ գտած (https://www.facebook.com/profile.php?id=100000453356168), գրառումը` «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը վերականգնել պետությանը պատճառված վնասը: ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը: Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր` ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները: Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը` առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների: Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով» ճանաչել որպես Հայցվորներին զրպարտող գրառում, իսկ «Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչներ» որակումը, որպես Հայցվորների պատիվը արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող (վիրավորական) գրառում: Պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի` Մանե Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետևյալ կերպ. վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գևորգյանին պատկանող էջում (https://www.facebook.com/profile.php?id=100000453356168), գրառում կատարել հետևյալ կերպ. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում (https://www.facebook.com/profile.php?id=100000453356168) տեղադրված գրառման մեջ նշված` նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված` «Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը: Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում»: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի «facebook.com» սոցիալական կայքի օգտահաշվում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում` պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով` հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի` Մանե Գևորգյանին պատկանող էջում (https://www.facebook.com/profile.php?id=100000453356168): Հայցը մնացած մասով մերժել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 16.000 ՀՀ դրամը վերադարձնել Գագիկ Խաչատրյանին, Գուրգեն Խաչատրյանին և Արտյոմ Խաչատրյանին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.06.2021 թվականի որոշմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Վարչապետի աշխատակազմի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` «թիվ ԵԴ/15836/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 25.01.2021 թվականի դատական ակտը` Հայաստանի Հանրապետության, ի դեմս Վարչապետի աշխատակազմի, մասով հայցադիմումը մերժելու պատճառաբանական մասը փոփոխել` ըստ սույն որոշմամբ արված պատճառաբանության` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի բռնագանձել 250.000 դրամ` որպես Վերաքննիչ դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Գագիկ Խաչատրյանից, Գուրգեն Խաչատրյանից և Արտյոմ Խաչատրյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Վարչապետի աշխատակազմի, բռնագանձել 10.000 դրամ` որպես Բողոքաբերի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և վերաքննիչ բողոքներով դատական ծախսերի հարցը համարել լուծված»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Նարինե Բեգլարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ և 128-րդ հոդվածները, 129-րդ հոդվածի 1-ին կետը, 130-րդ հոդվածի 1-ին կետն ու 1087.1 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 12-րդ, 59-րդ և 66-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով պատասխանող է ՀՀ վարչապետը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական մարմինը, առավել ևս դրա պաշտոնատար անձը, չի կարող քաղաքացիական և քաղաքացիադատավարական իրավահարաբերություններում լինել իրավունքի ինքնուրույն սուբյեկտ: Քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտ է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների, այլ ոչ թե հենց պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը: Ավելին, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձի կողմից քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառած վնասի համար պատասխանատվություն է կրում պետությունը, այլ ոչ թե պետական մարմինը: Այլ կերպ ասած, պետական մարմինը, առավել ևս դրա պաշտոնատար անձը չի հանդիսանում քաղաքացիական իրավունքի սուբյեկտ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը բավարարել է մի հայցապահանջ, որը չի ներկայացվել: Մասնավորապես` վճռի եզրափակիչ մասի 1-ին կետի համաձայն` Դատարանը վճռել է. «...»Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գևորգյանին պատկանող էջում 2020 թվականի ապրիլի 28-ին տեղ գտած (https://www.facebook.com/profile.php?id=100000453356168) գրառումը ճանաչել որպես Հայցվորներին զրպարտող գրառում, իսկ «Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչներ» որակումը, որպես Հայցվորների պատիվը արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող (վիրավորական)»: Մինչդեռ այսպիսի հայցապահանջ չի ներկայացվել: Այսինքն` Դատարանը դուրս է եկել հայցի հիմքի և առարկայի սահմաններից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Մաֆիոզ համակարգի ներկայացուցիչներ» ձևակերպումն ուղղված չէ Համահայցվորներին: Մանե Գևորգյանի կողմից իր անձնական էջում կատարած գրառումից հնարավոր չէ կատարել հետևություն այն մասին, որ ձևակերպումն ուղղված է եղել Համահայցվորներին: Գրառման մեջ առկա են գնահատողական դատողություններ, որոնք պայմանավորված են գերակա հանրային շահով, հիմնված են բավարար փաստական կազմի վրա և հավասարակշռված են ներկայացված: Թեև Դատարանը նշել է, որ ՀՀ վարչապետի կողմից գրառման մեջ կատարվել են գնահատողական դատողություններ, այնուամենայնիվ բավարարել է հայցը` պատճառաբանելով, որ այդ դատողությունները հիմնված են եղել ոչ թե ստույգ փաստերի, այլ մամուլի նյութերի վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը չի հետազոտել գործով ներկայացված ապացույցները` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ խախտում: Միակ ապացույցը, որի թույլատրելիության հարցի վերաբերյալ Դատարանը պատճառաբանել է իր դիրքորոշումը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ուղարկված գրությունն է:

ՀՀ վարչապետը դիտավորություն չի ունեցել Համահայցվորներին անվանարկելու, չէր էլ կարող ունենալ, քանի որ վարչապետը կենսագործում է լիազորություն, իսկ վիրավորելը կամ զրպարտելը լիազորության մաս չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի որոշումը մասնակիորեն` վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 25.01.2021 թվականի վճռի` հայցը բավարարելու մասն անփոփոխ թողնելու մասով, բեկանել ու փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Համահայցվորների վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն համարել է որպես Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող անձ և գործով պատասխանող, իսկ Դատարանն ընդունել է վերջինիս կողմից ներկայացուցչին տրված լիազորագիրը, հակառակ դեպքում կստացվեր, որ Ն. Փաշինյանը և նրա աշխատակազմը սեփական շահերի պաշտպանության համար թույլ են տվել պետական միջոցների վատնում:

Չնայած վճռաբեկ բողոքով ներկայացված պնդումներին առ այն, որ պետական մարմինը կամ պաշտոնատար անձն օժտված չէ դատավարական կամ քաղաքացիական իրավունակությամբ, վճռաբեկ բողոքը ներկայացվել է ՀՀ վարչապետի (պետական մարմնի) անունից:

Գրառմամբ պատճառված վնասը պետք է հատուցվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններով, որպիսի դեպքում ընդհանուր հիմունքներով որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ պետք է հանդես գար անձի ոչ նյութական բարիքին` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս պատճառած անձը` պետությունը` ի դեմս պետական մարմինների, ինչը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 128-րդ և 129-րդ հոդվածների, 162-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից:

Վճռում հստակ արտացոլված են բոլոր ապացույցների գնահատումը, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացը, հետևաբար Դատարանը կայացրել է պատճառաբանված դատական ակտ: Դատարանը ճիշտ է գնահատել գործով ներկայացված ապացույցները: Դատարանը կիրառել է ՀՀ վարչապետի խոսքի նկատմամբ թույլատրելի ենթադրություն` օրենքում ամրագրված անմեղության կանխավարկածը, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բացառության առկայության հիմքով վճիռը չի կարող համարվել պատճառաբանված ենթադրություններով:

Դատարանը դուրս չի եկել հայցի հիմքի և հիմնավորումների շրջանակից, քանի որ ըստ էության վիրավորանքի և զրպարտության համար հատուցման պահանջը ներառում է արտահայտությունները, համապատասխանաբար, վիրավորանք և զրպարտություն որակելու պահանջը, քանի որ պատասխանատվություն սահմանելուց առաջ դատարանը պետք է եզրակացության հանգի, թե արդյոք արտահայտությունները վիրավորանք կամ զրպարտություն են, թե ոչ:

Վերոգրյալ հիմնավորումների ուժով գտնում են, որ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը 28.04.2020 թվականին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ հրապարակային գրառումը. «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը, վերականգնել պետությանը պատճառված վնասը:

ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:

Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր` ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:

Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը` առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների:

Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով» (հատոր 1, գ.թ. 45).

2) ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Հրապարակ» օրաթերթին 29.04.2020 թվականին տված հարցազրույցի շրջանակներում հաստատել է, որ գրառումը համաձայնեցված է եղել վարչապետի հետ և եղել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառում (հատոր 1, գ.թ 32-36):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ, 130-րդ և 1087.1-րդ հոդվածների խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք որպես անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորող անձ կարող են հանդես գալ պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը, ում դեմ կարող է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործով հայց հարուցվել, այլ կերպ ասած` արդյո՞ք պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը կարող են հանդես գալ որպես պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործով պատասխանատու սուբյեկտ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը: Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության սուբյեկտների շրջանակի սահմանափակում օրենսդիրն արդարացիորեն չի նախատեսել, և այդպիսիք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ դրա հիմքում ընկած է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ տրված իրավակարգավորումը, համաձայն որի` քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` Քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքներն են (հոդված 128): (...) Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին կետով հատկապես նախատեսված է անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի` իբրև ոչ նյութական բարիքների դատական կարգով պաշտպանության հնարավորությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կատարած խախտումներից (տե՛ս Վարդան Աթայանի ընդդեմ «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ի և Մանվել Տեր-Առաքելյանի թիվ ԵԿԴ/3260/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքներն են (հոդված 128):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

i

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները:

i

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոնները զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի` պետական և համայնքային:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների` քաղաքական, (...):

i

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական քաղաքական պաշտոններն են (...), վարչապետի, (...) պաշտոնները, (...):

i

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաև ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաև ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները:

i

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահը, վարչապետը նույն օրենքի իմաստով պետական մարմիններ են:

i

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձը, օրենքով, իրավական այլ ակտերով և իր աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին և խնդիրներին համապատասխան, իրականացնում է իր աշխատակազմի կառավարումը:

i

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական մարմնի ղեկավարը, օրենքով, իրավական այլ ակտերով և պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված` պետական մարմնի գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան, ղեկավարում է պետական մարմնի գործունեությունը:

i

Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն` պետական մարմնի ղեկավարը`

1) պատասխանատու է պետական մարմնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է պետական մարմնի ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

4) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է պետական մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) հաստատում է հաստիքացուցակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

7) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա պետական մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

11) լսում է պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

12) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր:

i

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական մարմինը, (...) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող են ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ:

i

Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն` պետական մարմնի, (...) պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

i

Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն` պետական մարմինը, (...) իրենց իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում կարող են հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Պետությունը` ի դեմս պետական մարմնի կամ պաշտոնատար անձանց, պատասխանատու է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված գործառույթների իրականացման համար:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությունը քաղաքացիական իրավունքի նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների մասնակից (սուբյեկտ) է և քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում է այդ հարաբերություններին իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերին համապատասխան: Միաժամանակ, պետությունը` որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակից, ունի իր կարգավիճակից բխող առանձնահատկություններ, որոնց համակցությունը բացառում է պետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական հարաբերություններում իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերի` նույն ծավալով կիրառումը պետության նկատմամբ: Պետությունը, ստանձնելով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ, քաղաքացիաիրավական շրջանառությանը մասնակցում է ինչպես անմիջականորեն` այդ նպատակի համար հատուկ լիազորված պետական մարմինների միջոցով, այնպես էլ միջնորդավորված` պետական իրավաբանական անձ հանդիսացող հիմնարկների և կազմակերպությունների միջոցով: Պետական մարմինները քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում են օրենքներով, այլ իրավական ակտերով ու իրենց կանոնադրություններով սահմանված իրավասուբյեկտության, ու դրանով պայմանավորված` իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Պետական մարմնի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ բողոք ներկայացրած անձը ի թիվ այլնի հայտնել է, որ սույն գործով պատասխանող է ՀՀ վարչապետը, ոչ թե ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական մարմինը, դրա պաշտոնատար անձը չեն կարող լինել իրավունքի ինքնուրույն սուբյեկտ քաղաքացիական և քաղաքացիադատավարական իրավահարաբերություններում:

Անդրադառնալով պատասխանողներից Մանե Գևորգյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի պատշաճ պատասխանող հանդիսանալու հարցին` Դատարանն արձանագրել է. «Տվյալ դեպքում պատասխանող Մանե Գևորգյանը` հանդիսանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատուն, կազմել է մամուլի հաղորդագրություն և ստանալով հավանություն հրապարակել է այն: Մանե Գևորգյանը կատարել է իր գործառույթները, չի արտահայտել սեփական կարծիքը, հետևաբար չի կարող պատասխանատվություն կրել 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» (Facebook (Ֆեյսբուք)) սոցիալական ցանցի իր էջում Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի վերաբերյալ կատարված գրառման համար: (...): (...) հրապարակային գրառման մեջ տեղ գտած դատողությունները ներկայացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից և ՀՀ վարչապետի աշխատակազմը չի կարող պատասխանատվություն կրել (...)»:

Դատարանն արձանագրել է նաև, որ «Տվյալ դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» (Facebook (Ֆեյսբուք)) սոցիալական ցանցի իր էջում Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի վերաբերյալ հրապարակային գրառման մեջ Հայցվորների վերաբերյալ կատարել է որոշակի հրապարակային դատողություններ, որակումներ որոնք իրականությանը չեն համապատասխանում, վիրավորում են նրանց պատիվը արժանապատվությունը և գործարար համբավը, հետևաբար պետք է հերքել հրապարակային խոսքում ասված տվյալները և ներողություն խնդրել պատիվը արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար»:

Արդյունքում Դատարանը վճռել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հերքել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ գործով պատասխանող է ՀՀ վարչապետը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական մարմինը, առավել ևս` դրա պաշտոնատար անձը, չի կարող լինել իրավունքի ինքնուրույն սուբյեկտ քաղաքացիական և քաղաքացիադատավարական իրավահարաբերություններում` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ՀՀ վարչապետը, հանդիսանալով պետական մարմին, օժտված է լայն իրավազորություններով, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնը, որպես ինստիտուտ, միայն սահմանադրորեն ամրագրված լինելու փաստի ուժով չի կարող կենսագործել որևէ լիազորություն: Վարչապետի պաշտոնի լիազորությունները համակարգային առումով և ամբողջ ծավալով կարող են կյանքի կոչվել միայն համապատասխան պաշտոնատար անձի տվյալ պաշտոնում նշանակված լինելու փաստի ուժով, իսկ վերջինս ՀՀ վարչապետի լիազորությունները կենսագործում է նաև սեփական հայեցողությամբ. իսկ հայեցողություն կարող է ունենալ միայն անձը և ոչ երբեք ինստիտուտն ինքնին: Դրանից պետք է անել հետևություն, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով ոչ թե ՀՀ վարչապետի` որպես պետական մարմնի ինստիտուտն է կրում դրա գործառութային առանձնահատկությամբ պայմանավորված իրավունքներ և պարտականություններ, այլ այդ պաշտոնը զբաղեցնող անձը` որպես ՀՀ վարչապետ: Ուստի, Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ` տվյալ դեպքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձը (բայց ոչ ՀՀ վարչապետ պետական ինստիտուտը) կարող է սույն գործով հանդես գալ որպես պատասխանող: (...) Եթե պետական մարմնի կամ համայնքի պաշտոնատար անձը հրապարակային խոսքով վիրավորում կամ զրպարտում է որևէ անձի` ապա տվյալ դեպքում ի հայտ է գալիս տվյալ պաշտոնատար անձի պաշտոնեական (գործառութային) լիազորությունների սահմանազանցման փաստ, որի հետևանքները պետք է կրի տվյալ պաշտոնատար անձը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սույն գործով պատշաճ պատասխանող և պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևության իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վիրավորանք հանդիսացող տեղեկությունների համար ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջ է ներկայացվել պետական մարմնի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու արդյունքում արված արտահայտությունները հերքելու միջոցով պատասխանատվության է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վերաքննիչ դատարանը վճիռն այս մասով թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի հիմքում ընկած իրավահարաբերություններն ունեն մասնավոր բնույթ, ինչը ենթադրում է կողմերի հավասարություն, այսինքն` իրավունքի սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով:

Մինչդեռ իր հանրային իշխանական լիազորությունների գործադրման արդյունքում ՀՀ վարչապետը չի կարող իրավահավասար հարաբերությունների մեջ գտնվել մասնավոր անձանց հետ և սույն գործի շրջանակներում մյուս կողմի հետ հանդես գալ հավասար կերպով:

ՀՀ վարչապետը` որպես պետական մարմին, հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, որը հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները, իրականացնում է հանրային նշանակության գործառույթներ, հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող:

Վարչապետի` որպես պետական մարմնի հանրային իշխանական լիազորությունների գործադրման արդյունքում ծագում է հանրային իրավահարաբերություն, ուստիև բացառվում է մասնավոր-իրավական բնույթն ու դրա նկատմամբ մասնավոր-իրավական նորմերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի) կիրառումը:

Ըստ այդմ, զրպարտության կամ վիրավորանքի գործերով որպես վնաս պատճառող կարող է հանդես գալ ոչ թե պետական մարմինը, այլ մասնավոր անձը:

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պետությունը` ի դեմ իր պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, չի կարող համարվել վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձ, չի կարող հանդիսանալ վիրավորանքի միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության սուբյեկտ` վնաս պատճառող, քանի որ վերջինիս ուղղված հայցապահանջը վերաբերելի չէ պետությանը` ի դեմս որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի:

Հետևաբար կարգավիճակից բխող առանձնահատկությունից ելնելով` սույն գործով ՀՀ վարչապետը չի կարող հանդես գալ որպես անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու հայցով պատասխանատու սուբյեկտ` պատշաճ պատասխանող, ուստի վերջինիս դեմ հարուցված հայցը ենթակա չէր բավարարման:

Մինչդեռ ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման և կիրառման հետևանքով հանգել են ՀՀ վարչապետի` որպես սույն գործով Համահայցվորների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հայցով պատասխանատու սուբյեկտ` պատշաճ պատասխանող լինելու վերաբերյալ չհիմնավորված հետևության` բավարարելով ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարուցված հայցը:

Նման պայմաններում նկատի ունենալով, որ գործով մյուս պատասխանողների` պատշաճ լինելու հնարավորությունը ստորադաս դատարանները բացառել են, իսկ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարուցված հայցը սույն որոշման պատճառաբանությունների հաշվառմամբ ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և դրանց հիմնավորումներին չի անդրադառնում, քանի որ դրանք այլևս նշանակություն չունեն վեճը լուծելու, հետևաբար և` բողոքի քննության համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Մինչև 09.05.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, (....) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` ոչ դրամական պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով, 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով, 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Համահայցվորները հայցադիմումի համար վճարել են 24.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, սույն վճռաբեկ բողոքի համար` 40.000 ՀՀ դրամ: Միաժամանակ վճռաբեկ բողոք ներկայացրած անձը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դատական ծախսերի կազմում ներառել 480.000 ՀՀ դրամը` որպես Վերաքննիչ դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և այն բաշխել բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման 25.02.2021 թվականի պայմանագրի պատճենը, որի 4.1. կետի համաձայն` սույն պայմանագրով մատուցման ենթակա ծառայության գինը կազմում է 480.000 ՀՀ դրամ:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը (ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցը բավարարելու մասին վճիռն անփոփոխ թողնելու մասով)` բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասով, ենթակա է մերժման: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի ու պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրեն Համահայցվորները:

Ըստ այդմ`

. հայցադիմումի համար նախապես վճարված 8.000 ՀՀ դրամի, ինչպես նաև Դատարանում, Վերաքննիչ դատարանում և Վճռաբեկ դատարանում Համահայցվորների փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների բաշխման հարցը պետք է համարել լուծված (ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարուցված հայցն ամբողջությամբ մերժվում է),

. Համահայցվորներից հօգուտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակա են բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար, 40.000 ՀՀ դրամ` որպես սույն վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ:

Միաժամանակ հիմք ընդունելով վճռաբեկ բողոքին կից ներկայացված պայմանագրի պատճենը և վճռաբեկ բողոքը բավարարվելու արդյունքում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցը մերժվելու հանգամանքը, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով, հաշվի առնելով գործի բարդությունը, փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (վերաքննիչ բողոքի կազմում), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում փաստաբանի վարձատրության ողջամիտ չափ է 100.000 ՀՀ դրամը, որը ենթակա է բռնագանձման Համահայցվորներից հօգուտ պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Նկատի ունենալով, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսեր առկա չեն, Վճռաբեկ դատարանը այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի որոշումը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը մերժելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների 250.000 դրամ` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասերով, և այդ մասերով փոփոխել` Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել:

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:

3. Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից հօգուտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ:

4. Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից հօգուտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

5. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204039106

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.08.2023
N ԵԴ/15836/02/20
Որոշում