13.04.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2022 թվականի N 391-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԼԱՅՆԱՇԵՐՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը» և 3-րդ կետի «ա» ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
5 հոկտեմբերի 2022 թ.
Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2022 թվականի հոկտեմբերի 5-ի
N 391-Ն որոշման
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԼԱՅՆԱՇԵՐՏ (LTE) ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցի օպերատորի (այսուհետ` Օպերատոր) հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթի (այսուհետ` Ծածկույթ) հասանելիության չափանիշը սույն կետի աղյուսակով նախատեսված` Օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերի համաձայն` Օպերատորի Ծածկույթի հասանելիության ապահովումն է: Սույն կետի աղյուսակի իմաստով շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման միջին գործակիցը 10դԲ է: Սույն կետի աղյուսակով նախատեսված պարամետրերի ապահովումը` շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման գործակցի կիրառմամբ, ենթադրում է շինությունների ներսում ազդանշանի հաջող ներթափանցման առնվազն 75 տոկոս հավանականություն:
._____________________________________________________________________.
|Ազդանշանի (ընդունման) |Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP) |
|հզորությունը (RSRP) |բնակեցված տարածքների դեպքում (բացօթյա |
|չբնակեցված տարածքների |տարածք)` շինություններ ներթափանցելիս |
|(բացօթյա տարածք) և |ազդանշանի թուլացման գործակցի կիրառմամբ |
|ճանապարհների դեպքում (դԲմ)|(դԲմ) |
| |__________________________________________|
| |միջին |ուժեղ |
|__________________________|_____________________|____________________|
|- 115 |- 105 |- 95 |
._____________________________________________________________________.
2. Օպերատորը յուրաքանչյուր տարի առնվազն 1 անգամ իրականացնում է Ծածկույթի գնահատում` բնակավայրերում` հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի բազային կայանների տեխնիկական տվյալների հաշվարկների արդյունքների հիման վրա (համակարգչային սիմուլյացիաներ) կամ վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով, իսկ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (մայրուղիներ)` վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով և դրանց տարեկան արդյունքները (այդ թվում` Ծածկույթի գնահատման նպատակով իրականացված հաշվարկների և չափումների սկզբունքները) յուրաքանչյուր հաջորդող տարվա մինչև փետրվարի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացվող` սույն կետում նշված տեղեկատվությունը պետք է ներառի Օպերատորի կողմից Ծածկույթով ապահովված բնակավայրերի և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) ցանկը` ըստ բնակավայրի վարչական տարածքում և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) հատվածներում Օպերատորի Ծածկույթի հասանելիության ցուցանիշի (տարածքի ընդգրկման տոկոսային արտահայտությամբ):
(2-րդ կետը փոփ. 03.04.2024 թիվ 93-Ն որոշում)
3. Օպերատորի կողմից վարման սկզբունքով չափումներն (drive test) իրականացվում են 1,5 մետր բարձրության վրա տեղադրված բազմակողմանի անտենայի միջոցով (անտենայի ուժեղացման գործակիցը` Gi=0դԲ և ֆիդերի թուլացումը` 0դԲ):
4. Ծածկույթի հաշվարկն իրականացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կիրառելի` ազդանշանի տարածման մոդելի համաձայն, իսկ տարածքի Ծածկույթը գնահատվում է 50x50 մետր կամ 100x100 մետր չափերի տեղամասերով:
5. Օպերատորը հաճախորդների սպասարկման իր գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքում, զանգվածային լրատվամիջոցներով և այլ պաշտոնական հրապարակումներում, ինչպես նաև Հանձնաժողով Ծածկույթի վերաբերյալ տեղեկությունների կամ հաշվետվությունների ներկայացման դեպքում առաջնորդվում է Ծածկույթի որակի սույն չափանիշներով:
Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2022 թվական: