ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/50197/02/21
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/50197/02/21 2025 թ.
Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան
Դատավորներ` Հ. Ենոքյան
Կ. Համբարձումյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Գ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Վ. Քոչարյան
2025 թվականի հունիսի 2-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն և Նարինե Միքաելյանների` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Նորիկ Միքաելյանի բաժնի վրա:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.07.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.03.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-8-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսում է հոսել այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման, այլ ոչ թե պատասխանողի գույքային դրության մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողի կողմից Բանկի իրավունքները խախտելու փաստի վրա հասնելուց` վարկային պարտավորությունները չկատարելուց հետո Բանկը դիմել է իրավունքի պաշտպանության և ստացել իր հայցը բավարարող վճիռ: Հետևաբար այդ պահից սկսած արդեն առարկայազուրկ է խոսել հայցային վաղեմության և այդ ինստիտուտի կիրառության մասին, քանի որ իրավունքի պաշտպանությունն արդեն իսկ իրացվել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` մերժելով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճռով «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Յուլիռոզ» ՍՊԸ-ի, Գայանե Գալստյանի, Նորիկ Միքաելյանի, Էդուարդ Շահբազյանի և Միհրան Ավագյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 10-21).
2) թիվ ԵԿԴ/0455/17/17 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01.11.2017 թվականին որոշում է կայացրել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ Բանկի դիմումը բավարարելու` Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական թերթ տրամադրելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 22-26).
3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2017 թվականի որոշման հիման վրա 01.11.2017 թվականին տրամադրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 27, 28).
4) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետը 18.06.2018 թվականի գրությամբ Բանկին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` Նորիկ Միքայելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Նշված գրությունը Բանկի կողմից ստացվել է 21.06.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 29).
5) գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 04.07.2018 թվականի տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գայանե Սահակյանի (1/4), Արմեն Միքաելյանի (1/4), Նորիկ Միքաելյանի (1/4) ու Նարինե Միքաելյանի (1/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 30).
6) Բանկը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով, 16.07.2018 թվականի գրությամբ Գայանե Սահակյանից, Նորիկ, Արմեն և Նարինե Միքաելյաններից պահանջել է Նորիկ Միքաելյանի պարտքը մարելու համար շուկայական գնով գնել վերջինիս բաժնեմասն ու համաձայնության (առարկության) մասին տեղեկացնել իրեն նույն գրությունն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում` միաժամանակ նշելով, որ «Բանկը կհամարի, որ հրաժարվել եք ձեռք բերել վերջինիս բաժնեմասը և կդիմի դատարան` անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջով»: Նշված գրությունը վերը նշված անձինք ստացել են 21.07.2018 (հատոր 1-ին, գ.թ. 32-34).
7) Բանկը փոստային առաքման եղանակով 29.10.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն և Նարինե Միքաելյանների` պահանջելով Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Նորիկ Միքաելյանի բաժնի վրա (հատոր 1-ին, գ.թ. 4-39).
8) Դատարանի 18.11.2021 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1).
9) Նորիկ Միքաելյանի ներկայացուցիչ Մարտուն Մկոյանը 07.02.2022 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 68-79):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 337-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ու 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով կատարողական վարույթն ավարտվելուց հետո պահանջատիրոջ կողմից դատարան ներկայացվող` պարտապանի ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից վերջինիս բաժնեմասն առանձնացնելու մասին հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու իրավական հնարավորությանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ Մինասյանի և մյուսների թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրելով, որ «հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ պահանջատերը տեղեկացվել է իր իրավունքների չվերականգնման և դրանց վերականգնման նոր հնարավորության մասին, որ պահից և սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը», փաստել է, որ «11.12.2003 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ, հայցով դատարան է դիմել միայն 21.03.2007 թվականին` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո» (տե՛ս Գայանե Հովհաննիսյանը և Դավիթ Բալասանյանն ընդդեմ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով ստորև նշված սահմանադրական և Կոնվենցիոն նորմերի ու դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների, Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումների վերլուծության համատեքստում զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 337-րդ հոդվածները, անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...):
Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: (...):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ թեև Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը` որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
i
Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ (տե՛ս Սահմանադրական դատարանի 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի հաշվառմամբ փաստել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների, ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով:
Դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության ու կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար (տե՛ս, օրինակ, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան:
i
Անդրադառնալով կատարողական վարույթն ավարտելու` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, եթե ձեռնարկել է իրենից կախված` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, սակայն առկա են այնպիսի հիմքեր և հանգամանքներ, որոնք խոչընդոտում են հետագա կատարողական գործողությունների կատարմանը: Մասնավորապես` այն դեպքում, երբ կատարողական վարույթն ավարտվում է պահանջատիրոջ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու պահանջ ներկայացնելու գրավոր առաջարկով, ապա գործում է այն իրավաչափ կանխավարկածը, որ մինչ այդ հարկադիր կատարողը ձեռնարկել է օրենքով թույլատրելի բոլոր միջոցները` առանց պարտատիրոջ կողմից դատարան դիմելու հնարավորության բռնագանձումը նրա գույքի վրա տարածելու ուղղությամբ, սակայն բռնագանձումը հնարավոր չի եղել կատարել` այլ անձանց իրավունքներին անթույլատրելի միջամտություն կատարելու խոչընդոտի պատճառով: Այլ խոսքով` դա նշանակում է, որ հարկադիր կատարողը չի հայտնաբերել այնպիսի գույք, որի վրա կարող էր բռնագանձում տարածել` առանց դատարանի կողմից իրավական խոչընդոտի հաղթահարման: Դա իր հերթին նշանակում է, որ հարկադիր կատարողը վերոգրյալ հիմքով կատարողական վարույթն ավարտում է, եթե չի հայտնաբերել պարտապանի այլ գույք, որի առկայությունը բավարար կլիներ կատարողական թերթի պահանջն ինքնուրույն կատարելու համար, այդ իսկ պատճառով էլ նշված հիմքով կատարողական վարույթի ավարտն ինքնին վկայում է պարտապանի մոտ այլ գույքի բացակայության կամ անբավարարության մասին` անկախ այդ մասին կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման մեջ նշվելուց կամ չնշվելուց (տե՛ս Շանթ Խայալեանն ընդդեմ Նաիրա Բալոյանի և Նաիրա Բալոյանն ընդդեմ Շանթ Խայալեանի թիվ ԵԱԴԴ/4462/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.11.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կատարողական վարույթի` պահանջատիրոջ համար բացասական ելքով ավարտված լինելու հանգամանքը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատել հարկադիր կատարողի կողմից համապատասխան որոշում կայացնելու` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքի հաշվառմամբ` պարզելով, թե արդյոք վարույթն ավարտելու հիմքն այնպիսին է, որ պահանջատերը զրկվում է իր պահանջի անմիջապես բավարարում ստանալու հնարավորությունից, և, համապատասխանաբար, առաջանում է իր իրավունքը հնարավոր այլ իրավաչափ եղանակով պաշտպանելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն:
Կատարողական վարույթն ավարտելու հիմքերից է նաև ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու վերաբերյալ հարկադիր կատարողի կողմից պահանջատիրոջն առաջարկ ներկայացնելը: Կատարողական վարույթն ավարտվում է այս հիմքով, եթե օրենքով թույլատրված բոլոր միջոցները ձեռնարկելուց հետո հարկադիր կատարողին չի հաջողվում առանց այլ անձանց իրավունքներին անթույլատրելիորեն միջամտելու բռնագանձում տարածել պարտապանի գույքի վրա, իսկ կատարողական թերթի պահանջը կատարելու համար պարտապանի մոտ բացակայում կամ անբավարար է լինում այլ գույքը: Արդյունքում` անհնար է դառնում հետագա կատարողական գործողությունների իրականացումը` պայմանավորված այլ անձանց իրավունքների հետ կապված խոչընդոտները դատական կարգով հաղթահարելու, այսինքն` համապատասխան պահանջով դատարան դիմելու անհրաժեշտությամբ, որի մասին հարկադիր կատարողն առաջարկ է ներկայացնում պահանջատիրոջը:
Շարադրվածից բխում է, որ առաջարկն ինքնին վկայում է այն մասին, որ այդ փուլում կատարողական վարույթի միջոցով անհնար է դառնում պահանջի բավարարումը, ուստի ելքը պահանջատիրոջ համար բացասական է:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքում պահանջատիրոջն առաջարկվում է կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով օգտվել համապատասխան հայցով դատարան դիմելու իրավունքից, որը վերջինիս համար պարտադիր բնույթ չի կրում (տե՛ս ըստ Սմբատ Նասիբյանի դիմումի թիվ ՍնԴ/0038/04/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2024 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ իրավունքը ծագում է այն դեպքում, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելու համար:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ [Կատարողական վարույթը ավարտելը], 42-րդ [Կատարողական վարույթը կարճելը] և 44.1-րդ [Պարտապանի գույքն արգելանքից հանելը] հոդվածների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն կատարողական վարույթը կարճելու, ինչպես նաև կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա կատարողական վարույթն ավարտելու դեպքերի, կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-9-րդ կետերով նախատեսված հիմքերից ցանկացածով ավարտվելու դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության և կատարելիության հատկանիշը չի սպառվում, ավելին` չի դադարում պարտապանի գույքի հաշվին այդ ակտի հարկադիր կատարումն ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը, ինչը, իր հերթին, ենթադրում է կատարողական վարույթի շրջանակում պարտապանի ու նրան պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (արգելանքի) պահպանում այնքան ժամանակ, քանի դեռ դատական ակտը փաստացի կատարված չէ կամ կատարողական վարույթը կարճված չէ այլ հիմքով: Միևնույն ժամանակ կատարողական վարույթի ավարտը, այդ թվում` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով, ենթադրում է ցանկացած պահի պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելու դեպքում կատարողական վարույթը պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ վերսկսելու և հարկադիր կատարողի կողմից անհրաժեշտ կատարողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն (բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ կատարողական վարույթն ավարտվել է կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա)` անկախ նրանից` պահանջատերը, հետևելով հարկադիր կատարողի առաջարկությանը, ներկայացրել է համապատասխան հայցը դատարան, թե ոչ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող իրավակարգավորումների տրամաբանությամբ ընդհանուր գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով կատարողական վարույթը շարունակելու համար անհրաժեշտ է կատարողական վարույթում պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացում, որի դեպքում, թեև օրենսդիրը նախատեսել է հայց ներկայացնելու անհրաժեշտություն, սակայն այդպիսի հայցն ուղղված է ոչ թե դատարան դիմող անձի խախտված կամ վիճարկվող իրավունքի պաշտպանությանը, այլ կատարողական վարույթում դատական կարգով լուծում պահանջող հարցի լուծմանը, կատարողական վարույթում պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող անձի` այդ կարգավիճակից բխող օրենքով պահպանվող որոշակի շահերի իրացմանը: Համապատասխանաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող հայցատեսակի հիման վրա հարուցված գործի քննության ակնկալվող վերջնարդյունքը ոչ թե դատական պաշտպանության դիմած անձի խախտված կամ վիճարկվող իրավունքի պաշտպանությունն է, վեճի ըստ էության լուծումը, այլ օրինական ուժի մեջ մտած, պարտադիրության և կատարելիության հատկանիշ ձեռք բերած դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Այս առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված հայցատեսակը դատական ակտի հարկադիր կատարման գործընթացի նկատմամբ ունի օժանդակող նշանակություն: Նման հայցի հիման վրա հարուցվող դատական վարույթն էլ որոշակի առումով հետապնդում է կատարողական վարույթը սպասարկելու, պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթացում այդ գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքների հետ կապված խոչընդոտները դատական կարգով հաղթահարելու, այդ անձանց նախապատվության կամ այլ իրավունքների իրացումն ապահովելու, մեծ հաշվով` կատարողական վարույթի նկատմամբ օրենքով նախատեսված դեպքերում և չափով դատական հսկողություն իրականացնելու նպատակ:
Տվյալ գործերով առաջին ատյանի դատարանը հիմնականում գործ ունի այնպիսի իրավիճակների հետ, երբ քաղաքացիական շրջանառության մասնակիցների միջև ծագած վեճն արդեն իսկ ըստ էության լուծված է, խախտված կամ վիճարկվող իրավունքը պաշտպանված է, և առաջացել է կայացված ակտի հարկադիր կատարման ընթացքում ծագած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունն արդեն իսկ տեղի ունեցած իրողություն է, որպիսի պայմաններում պարտատերն ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին հայց է ներկայացնում դատարան ոչ թե իր իրավունքների պաշտպանության, այլ խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանն օժանդակելու նպատակով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված պահանջը դատական ակտի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով ներկայացնելու իրավունքը, տնօրինչականության սկզբունքի ուժով, կատարողական վարույթում պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող անձն իրացնում է իր հայեցողությամբ: Ավելին` նա կարող է ձեռնպահ մնալ դրա իրացումից` նախընտրելով կատարողական վարույթում իր իրավունքների և օրինական շահերի իրացման հնարավոր այլ եղանակը: Նշվածից բխում է, որ պահանջատերն ազատ է կատարողական վարույթում իր իրավունքների և օրինական շահերի իրացման եղանակն ընտրելու հարցում, որպիսի պայմաններում ինքն է որոշում` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված առաջարկի հիման վրա հայց ներկայացնել դատարան, թե սպասել օրենքով նախատեսված հարկադիր կատարման այլ գործիքակազմով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը` պահանջի բավարարում ստանալու հարցում գնահատելով իր կողմից ընտրված եղանակի (իր վարքագծի) արդյունավետությունը, նպատակահարմարությունը և ճկունությունը:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը և նկատի ունենալով թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 26.09.2008 թվականին որոշում կայացնելուց հետո արտահայտված վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջազգային-իրավական կարևորագույն փաստաթղթերով երաշխավորված արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտերի կատարման իրավունքի հետևողական կենսագործումն ապահովելու, ինչպես նաև դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական ու կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու նկատառումներից ելնելով` ներկայումս անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով արտահայտված դիրքորոշումը և Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորության շրջանակներում զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 337-րդ հոդվածները` արձանագրելով, որ եթե օրենսդիրը հայցային վաղեմության ինստիտուտն ուղղակիորեն կապել է իրավունքի խախտման և այդ մասին իրավունքը կրող անձի իմանալու կամ իմանալ կարողանալու հետ, իսկ քննարկվող իրավիճակում կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքային դրության բացահայտումը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես պահանջատիրոջ իրավունքի խախտում, իսկ այդ մասին նրան իրազեկելը` դատական պաշտպանության ենթակա իրավունքի խախտման մասին տեղեկացում, ապա կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը և այն մերժելը պատճառաբանությամբ, թե հայցվորը, կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով իրազեկվելով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորության մասին` բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոգրյալ դիրքորոշումը չի կարող ընկալվել բացարձակ իմաստով, և դատարանները, քննելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով կատարողական վարույթն ավարտելու դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով ներկայացված պահանջները, յուրաքանչյուր դեպքում, ունենալով գործին մասնակցող անձի դիրքորոշումը` պահանջատիրոջ կողմից իրավունքը չարաշահած լինելու մասին, պետք է պարզեն և գնահատման առարկա դարձնեն նման հայցատեսակով դատարան դիմող պահանջատիրոջ, ինչպես նաև պարտապանի, իսկ հնարավորության դեպքում նաև պարտապանին պատկանող գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականության իրավունք ունեցող այլ անձանց վարքագիծը` բացառելով պարտատիրոջ կողմից իր քաղաքացիական և դատավարական իրավունքները չարաշահելու հանգամանքը, որպիսի մոտեցումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության ու կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճռով «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Յուլիռոզ» ՍՊԸ-ի, Գայանե Գալստյանի, Նորիկ Միքաելյանի, Էդուարդ Շահբազյանի և Միհրան Ավագյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01.11.2017 թվականին որոշում է կայացրել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ Բանկի դիմումը բավարարելու` Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական թերթ տրամադրելու մասին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2017 թվականի որոշման հիման վրա 01.11.2017 թվականին տրամադրվել է կատարողական թերթ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետը 18.06.2018 թվականի գրությամբ Բանկին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` Նորիկ Միքայելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:
Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 04.07.2018 թվականի տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գայանե Սահակյանի (1/4), Արմեն Միքաելյանի (1/4), Նորիկ Միքաելյանի (1/4) ու Նարինե Միքաելյանի (1/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով` Բանկը 16.07.2018 թվականի գրությամբ Գայանե Սահակյանից, Նորիկ, Արմեն և Նարինե Միքաելյաններից պահանջել է Նորիկ Միքաելյանի պարտքը մարելու համար շուկայական գնով գնել վերջինիս բաժնեմասն ու համաձայնության (առարկության) մասին տեղեկացնել իրեն նույն գրությունն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:
Բանկը փոստային առաքման եղանակով 29.10.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն և Նարինե Միքաելյանների` պահանջելով Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարները հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Նորիկ Միքաելյանի բաժնի վրա: Նշված հայցադիմումը 18.11.2021 թվականին ընդունվել է վարույթ:
07.02.2022 թվականին Նորիկ Միքաելյանի ներկայացուցիչ Մարտուն Մկոյանը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանը, պատճառաբանելով, որ`
- «»Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 21.06.2018թ.-ին ստացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ Ա. Հարությունյանի 18.06.2018թ. գրությունը վերոնշյալ բովանդակությամբ, ինչի հիման վրա Դատարանը հաստատված է համարում, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն իմացել է Նորիկ Լաերդի Միքայելյանի կողմից քաղաք Երևան, Նորք թաղամաս 83 հասցեում գտնվող անշարժ գույքում բաժին ունենալու մասին: Այսինքն` հենց նշված պահից էլ սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը»,
- «առնվազն 21.06.2018 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ հայց է ներկայացրել դատարան միայն 27.10.2021 թվականին` հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրանալուց հետո»,
գտել է, որ հայցը ենթակա է մերժման` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ` նշելով, որ «Դատարանի եզրահանգումն առ այն, որ տվյալ դեպքում լրացել է հայցային վաղեմության ժամկետը և հայցը ենթակա է մերժման իրավաչափ է, քանի որ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի դեռևս 18.06.2018 թվականի թիվ 21044/06 գրությամբ իրազեկվել է, որ կարող է դիմել դատարան քաղաքացի Նորիկ Լաերդի Միքաելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված ք. Երևան, Նորք թաղամաս 83 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Մինչդեռ, հայցվորը, իրազեկ լինելով իր խախտված իրավունքների վերականգնման նոր հնարավորության մասին, դատական պաշտպանության է դիմել միայն 04.11.2021 թվականին` բաց թողնելով իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության կիրառմանը վերաբերող վերաքննիչ բողոքի հիմքն անհիմն է»:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում սույն որոշմամբ արտահայտված նոր իրավական դիրքորոշումից այն մասին, որ կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը և այն մերժելը պատճառաբանությամբ, թե հայցվորը, կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով իրազեկվելով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորության մասին` բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 22.08.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ հայցը մերժվել է հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, և գործի ըստ էության քննություն չի իրականացվել, իսկ Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ է թողել Դատարանի վճիռը, որպիսի պայմաններում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժել:
Թիվ ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Վ. Քոչարյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի
կողմից թիվ ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործով 2025 թվականի հունիսի
02-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ
մասերի վերաբերյալ
02.06.2025 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի հունիսի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն և Նարինե Միքաելյանների` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժել: Թիվ ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության.:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ն. Հովսեփյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Նորիկ Միքաելյանի բաժնի վրա:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.07.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.03.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-8-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսում է հոսել այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման, այլ ոչ թե պատասխանողի գույքային դրության մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողի կողմից Բանկի իրավունքները խախտելու փաստի վրա հասնելուց` վարկային պարտավորությունները չկատարելուց հետո Բանկը դիմել է իրավունքի պաշտպանության և ստացել իր հայցը բավարարող վճիռ: Հետևաբար այդ պահից սկսած արդեն առարկայազուրկ է խոսել հայցային վաղեմության և այդ ինստիտուտի կիրառության մասին, քանի որ իրավունքի պաշտպանությունն արդեն իսկ իրացվել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` մերժելով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը, կամ գործն ուղարկել նոր քննության.:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճռով «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Յուլիռոզ» ՍՊԸ-ի, Գայանե Գալստյանի, Նորիկ Միքաելյանի, Էդուարդ Շահբազյանի և Միհրան Ավագյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 10-21).
2) թիվ ԵԿԴ/0455/17/17 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01.11.2017 թվականին որոշում է կայացրել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ Բանկի դիմումը բավարարելու` Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական թերթ տրամադրելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 22-26).
3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2017 թվականի որոշման հիման վրա 01.11.2017 թվականին տրամադրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 27, 28).
4) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետը 18.06.2018 թվականի գրությամբ Բանկին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` Նորիկ Միքայելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Նշված գրությունը Բանկի կողմից ստացվել է 21.06.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 29).
5) գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 04.07.2018 թվականի տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գայանե Սահակյանի (1/4), Արմեն Միքաելյանի (1/4), Նորիկ Միքաելյանի (1/4) ու Նարինե Միքաելյանի (1/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 30).
6) Բանկը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով, 16.07.2018 թվականի գրությամբ Գայանե Սահակյանից, Նորիկ, Արմեն և Նարինե Միքաելյաններից պահանջել է Նորիկ Միքաելյանի պարտքը մարելու համար շուկայական գնով գնել վերջինիս բաժնեմասն ու համաձայնության (առարկության) մասին տեղեկացնել իրեն նույն գրությունն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում` միաժամանակ նշելով, որ «Բանկը կհամարի, որ հրաժարվել եք ձեռք բերել վերջինիս բաժնեմասը և կդիմի դատարան` անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջով»: Նշված գրությունը վերը նշված անձինք ստացել են 21.07.2018 (հատոր 1-ին, գ.թ. 32-34).
7) Բանկը փոստային առաքման եղանակով 29.10.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն և Նարինե Միքաելյանների` պահանջելով Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Նորիկ Միքաելյանի բաժնի վրա (հատոր 1-ին, գ.թ. 4-39).
8) Դատարանի 18.11.2021 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1).
9) Նորիկ Միքաելյանի ներկայացուցիչ Մարտուն Մկոյանը 07.02.2022 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 68-79).:
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին` առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման և կասեցման կարգն ու հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է հայցը սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Հայցային վաղեմության ընթացքի ընդհատման յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետն սկսում է հոսել վերստին (տե՛ս «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
i
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ` «(...) վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ` զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող` «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից` օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը: (...) (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել պարտատիրոջ իրավունքի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառելիությանը, արձանագրել է, որ հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ պահանջատերը տեղեկացվել է իր իրավունքների չվերականգնման և դրանց վերականգնման նոր հնարավորության մասին, որ պահից և սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը: Փաստորեն, 11.12.2003 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ հայցով դատարան է դիմել միայն 21.03.2007 թվականին` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո (տե՛ս Գայանե Հովհաննիսյանը, Դավիթ Բալասանյանն ընդդեմ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության, երրորդ անձ Գևորգ Բալասանյանի` թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.09.2008 թվականի որոշումը):
Հարկ եմ համարում արձանագրել, որ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնելու պարտատիրոջ իրավունքի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը, որը երեք տարի է, քանի որ օրենքով այլ` հատուկ ժամկետ սահմանված չէ:
Անդրադառնալով պարտապան հանդիսացող բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի հոսման պահին` հարկ եմ համարում արձանագրել, որ այդպիսի պահ է այն պահը, երբ պահանջատերն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների վերականգնման անհնարինության և դրանց վերականգնման նոր հնարավորության, այն է` պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի` մասնավորապես Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ Ա. Հարությունյանի կողմից Բանկին ուղղված 18.06.2018 թվականի թիվ եգ-21044/06 գրության համաձայն` Բանկին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան քաղաքացի Նորիկ Միքայելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Նորք թաղամասի 83 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Նշված գրությունը Բանկի կողմից ստացվել է 21.06.2018 թվականին:
Սույն գործով ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին հայցադիմումը Դատարան է ներկայացվել 29.10.2021 թվականին:
Նորիկ Միքաելյանը 07.02.2021 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան:
Դատարանը 15.07.2022 թվականի վճռով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 21.06.2018թ.-ին ստացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ Ա. Հարությունյանի 18.06.2018թ. գրությունը վերոնշյալ բովանդակությամբ, ինչի հիման վրա Դատարանը հաստատված է համարում, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն իմացել է Նորիկ Լաերդի Միքայելյանի կողմից քաղաք Երևան, Նորք թաղամաս 83 հասցեում գտնվող անշարժ գույքում բաժին ունենալու մասին: Այսինքն` հենց նշված պահից էլ սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը` Դատարանն արձանագրում է, որ առնվազն 21.06.2018 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ հայց է ներկայացրել դատարան միայն 27.10.2021 թվականին` հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրանալուց հետո»:
Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանի եզրահանգումն առ այն, որ տվյալ դեպքում լրացել է հայցային վաղեմության ժամկետը և հայցը ենթակա է մերժման իրավաչափ է, քանի որ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի դեռևս 18.06.2018 թվականի թիվ 21044/06 գրությամբ իրազեկվել է, որ կարող է դիմել դատարան քաղաքացի Նորիկ Լաերդի Միքաելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված ք. Երևան, Նորք թաղամաս 83 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:
Մինչդեռ, հայցվորը, իրազեկ լինելով իր խախտված իրավունքների վերականգնման նոր հնարավորության մասին, դատական պաշտպանության է դիմել միայն 04.11.2021 թվականին` բաց թողնելով իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը»:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը` հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորը դեռևս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի 18.06.2018 թվականի թիվ եգ-21044/06 գրությամբ տեղեկացվել է իր իրավունքների չվերականգնման և դրանց վերականգնման նոր հնարավորության մասին առ այն, որ իր խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնելու նպատակով կարող է դիմել դատարան քաղաքացի Նորիկ Միքաելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Նորք թաղամասի 83 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Նշված գրությունը հայցվորն ստացել է 21.06.2018 թվականին, որ պահից էլ սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը:
Մինչդեռ, հայցվորը, 21.06.2018 թվականից իրազեկ լինելով իր խախտված իրավունքների վերականգնման նոր հնարավորության մասին, դատական պաշտպանության է դիմել 29.10.2021 թվականին` բաց թողնելով հայցային վաղեմության եռամյա ժամկետը:
Փաստերի նման դասավորվածությունից հետևում է, որ սույն գործով առկա է եղել հայցային վաղեմություն կիրառելու հիմքեր, որպիսի իրավաչափ հետևությանն է եկել Վերաքննիչ դատարանը 10.03.2023 թվականի որոշմամբ, որով անփոփոխ է թողել Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը:
Այսպիսով, հիմք ընդունելով վերը նշված թիվ 3-486(ՎԴ) գործով 29.09.2008 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու հիմնավորումները գտնում եմ, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով նախատեսված պայմանների առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև` այդ հիմքերով բողոքը վարույթ ընդունելու համար:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
Հետևաբար անհրաժեշտ էր վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Դատավորներ` Էդ. Սեդրակյան
Ն. Հովսեփյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204231796