ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2026 թվականի N 211-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 8-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2011-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին, 25.2-րդ և 25.3-րդ կետերով.
«25.1. Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը տեսագրվում է գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպությունների կողմից: Յուրաքանչյուր տեսագրություն պետք է ներառի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը, հաշվառման համարանիշը և պարունակի գազաբալոնի պարբերական վկայագրման նկատմամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված պահանջների իրականացման գործընթացը:
25.2. Տեսագրությունները գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպության արտադրական բազայում պահպանվում են առնվազն 6 ամիս ժամկետով:
25.3. Սահմանել, որ`
1) առանց տեսագրման գազաբալոնների պարբերական վկայագրումն արգելվում է.
2) գազաբալոնների պարբերական վկայագրման տեսագրումն իրականացվում է ապաանձնավորված տարբերակով, բացառությամբ` վկայագրումն իրականացնող անձի` վերջինիս համաձայնությամբ.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պահանջները կատարելու, գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը տեսագրելու, տեսագրությունները պահպանելու, ինչպես նաև տեսագրող սարքավորումների անխափան և հուսալի աշխատանքային վիճակի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու պարտավորությունները կրում են գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնող կազմակերպությունները.
4) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) լիցենզավորման հանձնաժողովի կամ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից պահանջվող տեսագրությունները տրամադրում են տեսագրություններ ներկայացնելու ծանուցումը պատշաճ ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:».
i
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի 26
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 փետրվարի 2026 թվական: