01.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2022 թվականի N 690-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով`
Երևանի քաղաքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Երևանի քաղաքապետի
առաջին տեղակալ Լ. Հովհաննիսյան
2022 թ. դեկտեմբերի 27
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2022 թվականի դեկտեմբերի 27-ի
N 690-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասին և 245-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները:
1.1. Սույն կարգի իմաստով անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի գույքահարկ են համարվում նաև մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը գործող «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» օրենքների հիման վրա հաշվարկված գույքահարկը և հողի հարկը:
(1.1-ին կետը լրաց. 21.04.2026 թիվ 549-Ն որոշում)
2. Երևան քաղաքի ավագանին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանում առանձին հարկ վճարողների համար Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող (հաշվառված), անշարժ գույքի հարկով և փոխադրամիջոցի գույքահարկով (այդ թվում` գույքահարկով ու հողի հարկով) հարկման օբյեկտ հանդիսացող գույքի (ներառյալ` հողի) մասով` արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո: Սույն կետին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած անշարժ գույքի հարկի գծով արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը, իսկ փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնության գումարը` տվյալ հարկային տարվա համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:
(2-րդ կետը փոփ. 21.04.2026 թիվ 549-Ն որոշում)
3. Անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն կարող է սահմանվել քաղաքացիների և կազմակերպությունների հետևյալ խմբերի նկատմամբ.
1) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,
2) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ,
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք.
4) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց (մշտական) օգտագործող կազմակերպությունները` տվյալ անշարժ գույքի մասով, եթե համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի տարածքում չի իրականացվում ձեռնարկատիրական գործունեություն:
(3-րդ կետը փոփ. 18.03.2025 թիվ 315-Ն, 24.06.2025 թիվ 366-Ն որոշումներ)
3.1. Անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ կարող են սահմանվել նաև Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ: Ընդ որում, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքի նկատմամբ հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով կարող է սահմանվել 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն` անշարժ գույքի հարկի 25 տոկոսի չափով և նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից ազատում:
(3.1-ին կետը լրաց. 09.09.2025 թիվ 414-Ն որոշում)
3.2. Սույն կարգի 3.1-ին կետում նշված արտոնությունների կիրառումից հետո ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքի համար անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված մնացած հարկի գումարի նկատմամբ կարող են կիրառվել նաև հետևյալ արտոնությունները.
1) մինչև 50.000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար` 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցում` 25 տոկոսի չափով.
2) 50.000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար` 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցում` 50 տոկոսի չափով:
(3.2-րդ կետը լրաց. 09.09.2025 թիվ 414-Ն որոշում)
3.3. Սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված արտոնությունները չեն կարող կիրառվել, եթե առկա է սույն կետում նշված հիմքերից որևէ մեկը.
1) մինչև արտոնության տրամադրման վերաբերյալ որոշման կայացումը կառուցապատողին տրամադրվել է ավարտական ակտը.
2) մինչև արտոնության տրամադրման վերաբերյալ որոշման կայացումը շինարարության թույլտվության ժամկետը լրացել է և նշված ժամկետում շինարարության թույլտվության ժամկետը սահմանված կարգով չի երկարաձգվել:
(3.3-րդ կետը լրաց. 09.09.2025 թիվ 414-Ն որոշում)
3.4. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություններ կարող են սահմանվել նաև`
1) Երևան քաղաքի վարչական տարածքում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով, եթե առկա չեն գույքահարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ.
2) Երևան քաղաքի վարչական տարածքում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, հողի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող հողերի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով, եթե առկա չեն հողի հարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ.
3) Երևան քաղաքի վարչական տարածքում ֆիզիկական անձանց անվամբ գրանցված և մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարված և օտարող ֆիզիկական անձի սեփականության իրավունքի դադարումը պետական լիազոր մարմնի կողմից գրանցված փոխադրամիջոցների մասով հաշվարկված և չվճարված հարկի (ապառքի) և հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով:
(3.4-րդ կետը լրաց. 21.04.2026 թիվ 549-Ն որոշում)
3.5. Սույն կարգի 3.4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված արտոնությունները կարող են կիրառվել, եթե նույն ենթակետերով սահմանված հարկի (ապառքի) մասով պարտավորությունները կատարվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
(3.5-րդ կետը լրաց. 21.04.2026 թիվ 549-Ն որոշում)
4. Անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների և (կամ) մեկից ավել փոխադրամիջոցների առկայության դեպքում, արտոնությունը կիրառվում է այդ շինություններից և (կամ) փոխադրամիջոցներից մեկի նկատմամբ` ըստ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն ստացող անձի ցանկության, բացառությամբ սույն կարգի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման դեպքերի:
(4-րդ կետը փոփ. 09.09.2025 թիվ 414-Ն, 21.04.2026 թիվ 549-Ն որոշումներ)
5. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններից գրավոր հրաժարվելու դեպքում արտոնությունը համարվում է չսահմանված` տվյալ դիմողի մասով:
6. Սույն կարգի իմաստով ընտանիքի անդամներ են հանդիսանում ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները), ինչպես նաև քույրերը և եղբայրները, եթե վերջիններս սույն կարգի 3-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալու (հաստատման) օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել:
7. Հարկ վճարողներին անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կարող է սահմանվել Երևանի քաղաքապետի ներկայացմամբ:
8. Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը (բացառությամբ սույն կարգի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ կետերով սահմանված արտոնությունների, որոնց դեպքում նշվում է միայն հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը)` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ:
(8-րդ կետը փոփ. 09.09.2025 թիվ 414-Ն, 21.04.2026 թիվ 549-Ն որոշումներ)
9. Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկ վճարողի կողմից, հարկ վճարողը Երևանի քաղաքապետին է ներկայացնում անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը, տեղեկություններ` առաջացած հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու անհնարինության, տույժերի ու տուգանքների առաջացման պատճառների մասին` հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ: Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթակետերով, 3.1-ին և 3.4-րդ կետերով սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները, սույն կարգի 6-րդ կետով և 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված և արտոնության կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
(9-րդ կետը փոփ. 18.03.2025 թիվ 315-Ն, 09.09.2025 թիվ 414-Ն, 21.04.2026 թիվ 549-Ն որոշումներ)
10. Անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն չի կարող սահմանվել, եթե արտոնություն հայցող անձը (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) Երևան համայնքի հանդեպ ունի չկատարված այլ ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ, եթե դատական կարգով վիճարկում է տվյալ պարտավորության առկայությունը:
11. Երևանի քաղաքապետը հարկ վճարողի դիմումը և սույն կարգի 9-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում`
1) հարկային արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում` հարկ վճարողին հարկային արտոնություն տրամադրելու վերաբերյալ հարցը` հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.
2) հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկ վճարողին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
12. Երևան քաղաքի ավագանին սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում հարկ վճարողի համար անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու և հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին կամ մերժում է արտոնության տրամադրումը:
13. Երևան քաղաքի ավագանու որոշման մեջ նշվում են`
1) հարկ վճարողի գրանցման (կազմակերպության դեպքում` գտնվելու վայրի) և գույքի գտնվելու հասցեները, հարկ վճարողի անվանումն ու հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), բացառությամբ սույն կարգի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման դեպքերի, եթե արտոնությունը սահմանվում է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ.
2) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.
3) արտոնության գումարի մեծությունը, բացառությամբ սույն կարգի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման դեպքերի, եթե արտոնությունը սահմանվում է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, իսկ հարկի ժամկետային արտոնության տրամադրման դեպքում` հետաձգման ժամկետները:
(13-րդ կետը փոփ. 18.03.2025 թիվ 315-Ն, 09.09.2025 թիվ 414-Ն, 21.04.2026 թիվ 549-Ն որոշումներ)
14. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`
1) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս, արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով հարկ վճարողի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.
2) հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս, տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:
15. Երևան քաղաքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում` հարկ վճարողների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2022 թվական: