Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽ ...

11.03.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   11.03.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.05 թիվ 39-Ն որոշում)

i

603.0202.281202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302427

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2002 թվականի N 202-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ» ձև թիվ 1-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թվականի

թիվ 202-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Մեթոդական ցուցումները նախատեսված են իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվությունները լրացնելիս առաջնորդվելու համար:

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. Իրավաբանական անձանց ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող առանձնացված ստորաբաժանումներն աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվությունները ներկայացնում են իրավաբանական անձին կամ վերջինիս ցուցումով` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությանը:

3. Կազմակերպական-իրավական ձևի, փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրերը, պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը լրացվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից:

4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ*:

 

* Առավել մեծ տեսակարար կշռի համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրիչ չափանիշներով:

 

5. Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվությունները կազմվում են սահմանված հաշվետվական ժամանակաշրջանի` ամսվա, եռամսյակի և տարվա համար:

Ամսական հաշվետվությունը կազմվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև վերջին օրվա (ներառյալ) համար, եռամսյակայինը` եռամսյակի 1-ին ամսվա 1-ին օրվանից մինչև 3-րդ ամսվա վերջին օրվա (ներառյալ) համար, տարեկանը` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար:

6. Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են վիճակագրական հաշվետվության հաստատված ձևերով, նախատեսված ժամկետներում և հասցեներով:

 

ԲԱԺԻՆ 2. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

7. Աշխատողների ցուցակային կազմի մեջ ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատանք կատարողները` հիմնական, սեզոնային, ինչպես նաև մեկ օր և ավելի ժամկետով ժամանակավոր աշխատանքի ընդունվածները` նրանց աշխատանքի ընդունելու օրվանից սկսած: Ընդ որում, հաշվառվում են ինչպես փաստացի աշխատողները, այնպես էլ ժամանակավորապես բացակայողները, որոնք, սակայն, պահպանում են կցվածությունն իրենց աշխատատեղին:

8. Ցուցակային կազմի մեջ ներառվում են.

8.1. Փաստացի աշխատանքի ներկայացածները, ներառյալ հարկադրական պարապուրդների պատճառով չաշխատածները,

8.2. Փորձաշրջանի մեջ գտնվողները` աշխատանքի դուրս գալու առաջին օրվանից սկսած,

8.3. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ աշխատողները:

Նշված աշխատողները ցուցակային թվաքանակում յուրաքանչյուր օրացուցային օրվա համար հաշվառվում են որպես ամբողջ միավոր, ներառյալ աշխատանքի ընդունման պայմաններով պայմանավորված ոչ աշխատանքային օրերը (տե՛ս բաժին III, կետ 16բ)),

Այս սկզբունքը տարածվում է նաև ոչ լրիվ աշխատանքային օրվա (շաբաթվա) փոխադրված աշխատողների նկատմամբ:

Աշխատողների այս խմբի մեջ չեն ներառվում աշխատողների այն խմբերը, որոնց համար, համաձայն գործող օրենսդրության, սահմանված է կրճատ աշխատանքային օր, մասնավորապես, մինչև 18 տարեկան աշխատողները, երեխային կերակրելու համար լրացուցիչ ընդմիջումից օգտվող կանայք և այլն:

8.4. Ծառայողական գործուղման մեջ գտնվողները, եթե պահպանվում է նրանց աշխատավարձը, ներառյալ` արտասահմանում կարճաժամկետ ծառայողական գործուղման մեջ գտնվողները,

8.5. Տանն աշխատելու մասին կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները (տնայնագործները):

Աշխատողների ցուցակային թվաքանակում յուրաքանչյուր օրացուցային օրվա համար տնայնագործները հաշվառվում են որպես մեկ միավոր (տե՛ս բաժին III, կետ 17),

8.6. Կազմակերպության սահմաններից դուրս աշխատողները, եթե նրանք աշխատավարձը ստանում են տվյալ կազմակերպությունից,

8.7. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատողները (ներառյալ կապալային պայմանագրով աշխատողները), եթե նրանց կատարած աշխատանքի համար հաշվարկներն իրականացվում են անմիջապես կազմակերպության կողմից` պայմանով, որ այդ աշխատողներն այլ կազմակերպություններում չեն աշխատում և նրանց ցուցակային կազմի մեջ չեն ներառվում (տե՛ս կետ 10.2.),

8.8. Բացակա աշխատողներին (հիվանդության, հղիության և ծննդաբերության, երեխային խնամելու հետ կապված արձակուրդում գտնվող) փոխարինող աշխատողները,

8.9. Կազմակերպությունների հետ աշխատուժի տրամադրման վերաբերյալ հատուկ պայմանագրերի հիման վրա ժամանակավորապես աշխատանքի ներգրավվածները (զինծառայողներ և ազատազրկվածներ), եթե նրանց աշխատավարձը հիմնական աշխատավայրում չի պահպանվում,

8.10. Կազմակերպությունում արտադրական պրակտիկա անցնող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները, ովքեր օրենքով սահմանված կարգով համարվում են կազմակերպության աշխատողներ,

8.11. Աշխատանքն ուսման հետ համատեղող և առանց աշխատավարձի պահպանման լրացուցիչ արձակուրդում գտնվողները, ինչպես նաև ուսումնական հաստատությունում ընդունելության քննություններ հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող աշխատողները,

8.12. Հանրապետության տարածքում գործող և օտարերկրյա հիմնադիր ունեցող կազմակերպություններում պայմանագրերով աշխատող օտարերկրացիները, եթե նրանք վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Ցուցակային կազմի մեջ ներառվում են նաև աշխատանքից ժամանակավորապես բացակայողների հետևյալ խմբերը.

9.1. Հիվանդության պատճառով աշխատանքի չներկայացածները (եթե բացակայության բոլոր օրերի համար առկա է անաշխատունակության թերթիկը),

9.2. Աշխատանքից կտրված որակավորման ինստիտուտներ, դասընթացներ և այլ ուսումնական հաստատություններ որակավորումը բարձրացնելու կամ նոր մասնագիտություն ձեռք բերելու համար գործուղվածները,

9.3. Ամենամյա վճարովի, ամենամյա լրացուցիչ արձակուրդում գտնվողները,

9.4. Հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ինչպես նաև անմիջապես ծննդատնից նորածնի որդեգրման հետ կապված արձակուրդում գտնվողները,

9.5. Երեխայի, մինչև օրենսդրությամբ սահմանված տարիքը, խնամքի համար արձակուրդում գտնվողները, ինչպես մասնակիորեն վճարվող, այնպես էլ առանց աշխատավարձի պահպանման լրացուցիչ արձակուրդում գտնվողները (տե՛ս բաժին III, կետ 13. բ),

9.6. Ասպիրանտուրաներում, մագիստրատուրաներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում հեռակա սովորող ուսումնական արձակուրդում գտնվողները` աշխատավարձի մասնակի կամ լրիվ պահպանմամբ (տե՛ս բաժին III, կետ 13գ)),

9.7. Առանց աշխատավարձի պահպանման ընտանեկան կամ այլ հարցերով կարճաժամկետ արձակուրդում գտնվողները,

9.8. Աշխատավարձի մասնակի կամ լրիվ պահպանմամբ արձակուրդում գտնվողները,

9.9. Լրացուցիչ աշխատած ժամերի համար հանգստյան օր ունեցողները,

9.10. Հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերին աշխատելու համար հանգստյան օր ստացածները,

9.11. Գործադուլների մասնակիցները,

9.12. Գործալքումներ թույլ տվածները,

9.13. Մինչև դատարանի որոշում կայացնելը նախնական կալանքի տակ գտնվողները:

10. Ցուցակային կազմի մեջ չեն ներառվում.

10.1. Միանգամյա վճարովի աշխատանքներ կատարելու համար ներգրավված աշխատողները (օրինակ, բժշկական հաստատություններում բժիշկների խորհրդատվությունները, փորձագիտական աշխատանքները, գույքի վերանորոգումը և այլն),

10.2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատողները, եթե նրանք հաշվառված են այլ կազմակերպությունների ցուցակային կազմում:

Աշխատողը, որը ներառված է աշխատողների ցուցակային թվաքանակում և միաժամանակ կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր նույն կազմակերպության հետ, ապա կազմակերպության աշխատողների ցուցակային և միջին ցուցակային թվաքանակում հաշվառվում է որպես մեկ անգամ:

10.3.Համատեղության կարգով այլ կազմակերպություններից աշխատանքի ընդունվածները (արտաքին համատեղողների հաշվառումը տարվում է առանձին ցուցակներով):

Աշխատողը, որը ձևակերպված է որպես ներքին համատեղող և կազմակերպությունում վարձատրվում է երկու, մեկուկես կամ մեկից պակաս դրույքով, աշխատողների ցուցակային թվաքանակում հաշվառվում է որպես մեկ ամբողջ միավոր:

10.4. Կազմակերպությունների հետ աշխատուժի տրամադրման վերաբերյալ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները (տե՛ս բաժին III, կետ 16ա)),

10.5. Ժամանակավորապես այլ կազմակերպություններ աշխատանքի գործուղվածները, եթե հիմնական աշխատավայրում այդ աշխատողների աշխատավարձը չի պահպանվում,

10.6. Կազմակերպության կողմից արտադրությունից կտրված սովորելու (բարձրագույն ուսումնական հաստատություն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն) գործուղվածները, եթե նրանց կրթաթոշակը կամ ուսման վարձը վճարվում է տվյալ կազմակերպության միջոցներից,

10.7. Ազատման դիմում տված և աշխատանքը մինչև նախազգուշացման ժամկետի ավարտը դադարեցրած աշխատողները:

Վերջիններս աշխատողների ցուցակային թվաքանակից դուրս են բերվում աշխատանքի դուրս չգալու օրվանից սկսած:

11. Աշխատողների ցուցակային թվաքանակը պահի դրությամբ` կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակն է հաշվետու ժամանակաշրջանի որոշակի պահի` օրինակ, ամսվա առաջին կամ վերջին օրվա դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:

 

ԲԱԺԻՆ 3. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

12. Աշխատողների միջին թվաքանակը ներառում է.

ա) աշխատողների միջին ցուցակային թվաքանակը,

բ) արտաքին համատեղողների միջին թվաքանակը,

գ) քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների միջին թվաքանակը:

Աշխատողների միջին թվաքանակը հաշվառվում է որպես ամբողջ միավոր:

13. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն օգտագործվում է միջին աշխատավարձի, աշխատանքի արտադրողականության և այլ միջին ցուցանիշների որոշման համար (նախկինում` միջին աշխատավարձի և այլ միջին ցուցանիշների հաշվարկման համար օգտագործվող աշխատողների թվաքանակը): Այս ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ խմբերը.

ա) Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև անմիջապես ծննդատնից նորածին երեխայի որդեգրման հետ կապված արձակուրդում գտնվող կանայք,

բ) Երեխայի` մինչև օրենսդրությամբ սահմանված տարիքը, խնամքի համար արձակուրդում գտնվող կանայք (ինչպես մասնակի վճարվող, այնպես էլ` առանց աշխատավարձի պահպանման լրացուցիչ արձակուրդում գտնվողները),

գ) Ասպիրանտուրաներում, մագիստրատուրաներում, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում հեռակա սովորող և աշխատավարձի մասնակի կամ լրիվ պահպանմամբ ուսումնական արձակուրդում գտնվողները, ինչպես նաև բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունում ընդունելության քննություններ հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման, արձակուրդում գտնվողները,

դ) Առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:

14. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա:

ա) Աշխատողների յուրաքանչյուր օրվա ցուցակային թվաքանակը պետք է համապատասխանի աշխատաժամանակի օգտագործման հաշվառման տաբելի տվյալներին, որի հիման վրա որոշվում է աշխատանքի ներկայացած և չներկայացած աշխատողների թվաքանակը:

բ) Աշխատողների հաշվառման և վարձատրման սկզբնական փաստաթղթային ձևերն են` աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման, արձակուրդի տրամադրման, աշխատանքային պայմանագրի կնքման, դադարեցման հրամանները, անձնական քարտը, աշխատաժամանակի օգտագործման հաշվառման և աշխատավարձի հաշվարկման տաբելը, հաշվարկավճարային ցուցակը և այլ փաստաթղթեր:

15. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար: Երկու և ավելի հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների ցուցակային թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

ա) Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

բ) Ոչ լրիվ ամիս աշխատած կազմակերպությունների (օրինակ, նոր շահագործման հանձնված, լուծարված, արտադրության սեզոնային բնույթ ունեցող և այլն) աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար որոշվում է հաշվետու ամսում կազմակերպության աշխատած օրերի` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

ՕՐԻՆԱԿ. Նոր ստեղծված կազմակերպությունը շահագործման է հանձնվել և սկսել աշխատել 2002թ. հուլիսի 24-ից: Աշխատողների ցուցակային թվաքանակն այսպիսին է. հուլիսի 24-ին` 570 մարդ, 25-ին` 570, 26-ին (կիրակի)` 570, 27-ին` 576, 28-ին` 575, 29-ին` 580, 30-ին` 580, 31-ին` 583 մարդ:

Հուլիսին ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը, որը ենթակա է ներառման միջին ցուցակային թվաքանակում, կազմել է 4604 մարդ, օրացուցային օրերի թիվը` 31, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հուլիսին կկազմի 149 մարդ (4604:31):

Նոր ստեղծված կազմակերպություն չի համարվում այն կազմակերպությունը, որը ստեղծվել է վերակազմակերպված իրավաբանական անձի հիմքի վրա:

Եթե կազմակերպության աշխատանքի ժամանակավորապես դադարեցումը կրում է արտադրատնտեսական բնույթ, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որոշվում է ընդհանուր հիմունքներով:

գ) Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի համար որոշելիս, եռամսյակի բոլոր ամիսների աշխատողների ամսական միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանվում է 3-ի:

ՕՐԻՆԱԿ. Կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հունվարին կազմել է 620 մարդ, փետրվարին` 640, մարտին` 690 մարդ: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի համար կկազմի 650 մարդ [(620+640+690):3]:

դ) Եթե կազմակերպությունն աշխատել է ոչ լրիվ եռամսյակ, ապա աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի համար որոշելիս, հաշվետու եռամսյակում աշխատած ամիսների աշխատողների ամսական միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանվում է 3-ի:

ՕՐԻՆԱԿ. Կազմակերպությունը ստեղծվել և սկսել է աշխատել մարտին: Մարտին աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմել է 720 մարդ: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը 1-ին եռամսյակի համար կկազմի 240 մարդ (720:3):

ե) Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարեսկզբից մինչև հաշվետու ամիսը ներառյալ, որոշվում է` բոլոր ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը` տարեսկզբից մինչև հաշվետու ամիսը ներառյալ, կազմակերպության տարեսկզբից աշխատած ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, այսինքն` համապատասխանաբար` 2-ի, 3-ի, 4-ի և այլն:

ՕՐԻՆԱԿ. Կազմակերպությունը սկսել է աշխատել մարտին: Մարտին աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմել է 450 մարդ, ապրիլին` 660, մայիսին` 690 մարդ: Տարեսկզբից (5 ամսվա համար) աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կկազմի 360 մարդ [(450+660+690):5]:

զ) Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ցուցակային թվաքանակների գումարը 12-ի վրա բաժանելով:

ՕՐԻՆԱԿ.

._______________________________________________________________________.

|Ամիսներ|Աշխատողների միջին         |Ամիսներ  |Աշխատողների միջին         |

|       |ցուցակային թվաքանակը, մարդ|         |ցուցակային թվաքանակը, մարդ|

|_______|__________________________|_________|__________________________|

|հունվար|         500              |հուլիս   |          560             |

|_______|__________________________|_________|__________________________|

|փետրվար|         496              |օգոստոս  |          570             |

|_______|__________________________|_________|__________________________|

|մարտ   |         500              |սեպտեմբեր|          565             |

|_______|__________________________|_________|__________________________|

|ապրիլ  |         515              |հոկտեմբեր|          570             |

|_______|__________________________|_________|__________________________|

|մայիս  |         530              |նոյեմբեր |          580             |

|_______|__________________________|_________|__________________________|

|հունիս |         518              |դեկտեմբեր|          600             |

|__________________________________|____________________________________|

|            Ընդամենը              |                 6504               |

._______________________________________________________________________.

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը` տարվա համար, կկազմի 542 մարդ (6504:12):

է) Եթե կազմակերպությունն աշխատել է ոչ լրիվ տարի (աշխատանքի սեզոնային բնույթի պատճառով կամ սկսել է գործել հունվարից հետո և այլն), ապա աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար որոշելիս, կազմակերպության աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանվում է 12-ի:

ՕՐԻՆԱԿ. Աշխատանքի սեզոնային բնույթ ունեցող կազմակերպությունը սկսել է աշխատել ապրիլին և ավարտել է օգոստոսին: Աշխատողների միջին թվաքանակը կազմել է ապրիլին` 641, մայիսին` 1254, հունիսին` 1316, հուլիսին` 820, օգոստոսին` 457 մարդ: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար կկազմի 374 մարդ [(641+1254+1316+820+457):12]:

ը) Եթե հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել վերակազմավորում, կառուցվածքային փոփոխություններ կամ ցուցանիշների հաշվառման մեթոդաբանական փոփոխություններ, ապա նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալները բերվում են ըստ հաշվետու ժամանակաշրջանում ընդունված կառուցվածքի և մեթոդաբանության:

16. Միջին ցուցակային թվաքանակի մեջ հաշվարկային կարգով հաշվառվում են ցուցակային կազմի մեջ չներառվող հետևյալ խմբերը.

ա) Աշխատուժի տրամադրման վերաբերյալ կազմակերպությունների հետ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները (զինծառայողներ և ազատազրկվածներ), որոնց հաշվարկային թիվը միջին ցուցակային թվաքանակում հաշվառվում է որպես ամբողջ միավոր` ըստ աշխատանքի ներկայացած օրերի:

բ) Աշխատանքային պայմանագրի կամ աշխատողի գրավոր դիմումի համաձայն` ոչ լրիվ աշխատանքային օրվա/շաբաթվա կամ երկարացված աշխատանքային օրվա անցած աշխատողները հաշվառվում են փաստացի աշխատած ժամերի համամասնությամբ` հետևյալ կարգով. որոշվում է այդ աշխատողների աշխատած մարդ/օրերի ընդհանուր թիվը, որի համար հաշվետու ամսում աշխատած ընդհանուր մարդ/ժամերի թիվը բաժանվում է աշխատանքային օրվա տևողության վրա, ելնելով աշխատանքային շաբաթվա սահմանված տևողությունից.

40 ժամի դեպքում բաժանվում է 8 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 6,67 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ),

36 ժամի դեպքում բաժանվում է 7,2 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 6 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ),

24 ժամի դեպքում բաժանվում է 4,8 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 4 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ):

Այնուհետև որոշվում է հաշվետու ժամանակաշրջանում ոչ լրիվ զբաղված աշխատողների միջին թվաքանակը, որի համար աշխատած մարդ-օրերի թիվը բաժանվում է հաշվետու ամսվա օրացուցային աշխատանքային օրերի թվի վրա:

գ) Հիվանդության, արձակուրդի, աշխատանքից բացակայության (աշխատանքային օրերին) դեպքում աշխատած մարդ/ժամերի թվում պայմանականորեն ներառվում են նախորդ աշխատանքային օրվա ժամերը (ի տարբերություն աշխատած մարդ-ժամերի քանակի հաշվառման ընդունված մեթոդաբանության):

ՕՐԻՆԱԿ. Եթե ոչ լրիվ օր տևողությամբ աշխատողների աշխատաժամանակն օրվա մեջ կազմել է 4 ժամ, ապա այդ աշխատողներն ամեն մի աշխատանքային օրվա համար հաշվառվում են որպես 0,5 մարդ: Օրինակ, հուլիսին մեկն աշխատել է 22 աշխատանքային օր, մյուսը` 10, մեկ ուրիշը` 5: Միջին հաշվով ոչ լրիվ զբաղվածություն ունեցող աշխատողների թվաքանակը կկազմի 0,8 մարդ (0,5x22+0,5x10+0,5x5): 22 (հուլիսի աշխատանքային օրերի թիվը): Այս թվաքանակը հաշվառվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակի հաշվարկման ժամանակ:

Ոչ լրիվ աշխատանքային օրվա (շաբաթվա) փոխադրված աշխատողները (առանց աշխատողի գրավոր դիմումի) միջին ցուցակային թվաքանակում հաշվառվում են որպես ամբողջ միավոր:

17. Միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում է տնայնագործների հաշվարկային թվաքանակը, որը որոշվում է հետևյալ կերպ. հաշվետու ամսում նրանց փաստացի հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների (ներառյալ պարգևավճարները և փոխհատուցումները) ընդհանուր գումարը բաժանվում է հաշվետու ամսում հիմնական գործունեության մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձի վրա:

18. Արտաքին համատեղողների միջին թվաքանակը որոշվում է ոչ լրիվ աշխատանքային օր/շաբաթ աշխատողների հաշվառման կարգի համապատասխան (տե՛ս կետ 16բ)):

19. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատողների միջին թվաքանակն ամսվա համար, հաշվարկվում է ըստ միջին ցուցակային թվաքանակի սահմանման մեթոդաբանության: Այս աշխատողները հաշվառվում են որպես ամբողջ միավոր բոլոր օրացուցային օրերի համար, պայմանագրի ժամկետի ուժի մեջ գտնվելու ողջ ընթացքում: Հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի դեպքում աշխատողների թվաքանակն ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

20. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատողների միջին թվաքանակը տարեսկզբից ընկած ժամանակահատվածի և տարվա համար որոշելիս, բոլոր ամիսների աշխատողների միջին թվաքանակների գումարը բաժանվում է ամիսների թվի վրա, այսինքն` 3, 4, 5,... 12:

21. Եթե աշխատողը ներառված է ցուցակային կազմում և միաժամանակ կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր նույն կազմակերպության հետ, ապա այդ աշխատողը չի ներառվում քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարողների միջին թվաքանակում:

22. Աշխատաժամանակի օգտագործումն այն ժամերի տևողությունն է, որի ընթացքում աշխատողը փաստացի աշխատանք է կատարել:

ա) Աշխատաժամանակի օգտագործման ցուցանիշները լրացվում են աշխատողների աշխատաժամանակի օգտագործման տվյալների հաշվառման հիման վրա:

բ) Աշխատած մարդ/ժամերի քանակը ներառում է աշխատողների կողմից փաստացի աշխատած ժամերը, ներառյալ` արտաժամյա, տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, ինչպես հիմնական աշխատանքում (պաշտոնում), այնպես էլ նույն կազմակերպությունում որպես փոխարինող, ներառյալ ծառայողական գործուղման աշխատանքային ժամերը:

23. Աշխատած մարդ/ժամերի մեջ չեն ներառվում.

ա) աշխատողների ամենամյա, լրացուցիչ, ուսումնական արձակուրդի, ինչպես նաև հարկադիր արձակուրդի մեջ գտնվելու ժամանակը,

բ) հիվանդության ժամանակը,

գ) ներհերթափոխային պարապուրդի ժամանակը,

դ) երեխային կերակրելու համար աշխատանքի ընթացքում լրացուցիչ ընդմիջումից օգտվող մայրերին տրվող ժամերը,

ե) մինչև 18 տարեկան աշխատողներին տրվող կրճատ աշխատանքային օրվա տևողության ժամերը,

զ) գործադուլներին մասնակցած ժամանակը,

է) այլ պատահարներ` կապված աշխատողի աշխատանքից բացակայելու հետ, անկախ նրանից` պահպանվել է աշխատավարձը, թե ոչ:

24. Աշխատած մարդ/ժամերի միջին քանակը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների աշխատած մարդ/ժամերի ընդհանուր քանակը բաժանելով նույն ժամանակաշրջանի համապատասխան խմբի աշխատողների միջին թվաքանակի վրա:

 

ԲԱԺԻՆ 4. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ) ՇԱՐԺԸ

 

25. Ցուցակային կազմի աշխատողների շարժը բնութագրվում է աշխատանքի ընդունվելու և տարբեր պատճառներով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների ցուցակային թվաքանակի փոփոխությամբ:

Աշխատողների շարժը հաշվետու ժամանակաշրջանում կարելի է ներկայացնել հաշվեկշռի տեսքով` աշխատողների ցուցակային թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին, ավելացրած` աշխատանքի ընդունվածների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանում, նվազեցրած` աշխատանքից ազատվածների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանում, հավասար է աշխատողների ցուցակային թվաքանակին` հաշվետու ժամանակաշրջանի վերջին:

26. Աշխատանքի ընդունվածների թվաքանակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում հրամանի (կարգադրության) համաձայն` տվյալ կազմակերպությունում աշխատանքի ընդունվածներին:

27. Աշխատանքից ազատվածների թվաքանակը ներառում է այն աշխատողներին, ովքեր տարբեր պատճառներով տվյալ կազմակերպությունում թողել են աշխատանքը:

28. Աշխատանքի ընդունված և ազատված ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի մեջ չեն ներառվում.

ա) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարողները,

բ) համատեղության կարգով այլ կազմակերպություններից աշխատանքի ընդունվածները,

գ) կազմակերպությունների հետ աշխատուժի տրամադրման վերաբերյալ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները:

29. Աշխատատեղերի շարժը բնութագրվում է կազմակերպության աշխատատեղերի թվի փոփոխությամբ, կապված լուծարման կամ նոր աշխատատեղերի ստեղծման հետ:

30. Զբաղվածության վիճակագրության մեջ օգտագործվող աշխատատեղերի թիվն արտահայտվում է աշխատողների փաստացի թվաքանակով և ազատ աշխատատեղերի թվով:

31. Ազատ աշխատատեղերի թիվն արտահայտվում է կազմակերպության կողմից պահանջվող աշխատողների քանակով` նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով:

32. Լրացուցիչ ստեղծված աշխատատեղերի թիվն արտահայտվում է աշխատողների այն թվաքանակով, ովքեր հաշվետու ժամանակաշրջանում ընդունվել կամ կարող են ընդունվել աշխատանքի` նոր ստեղծված աշխատատեղերում (արտադրության ընդլայնման և վերակազմավորման, հերթափոխային աշխատանքների ավելացման և այլն):

 

ԲԱԺԻՆ 5. ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄ

 

33. Աշխատանքի վիճակագրության մեջ կազմակերպությունները դասակարգվում են ըստ հիմնական և ոչ հիմնական գործունեության տեսակների: Ըստ արտադրության գործընթացում ունեցած դերի և աշխատավայրի, նյութական արտադրության ոլորտում զբաղված անձնակազմը վիճակագրական ենթատեքստով ստորաբաժանվում է երկու խմբի.

ա) հիմնական գործունեության անձնակազմ,

բ) ոչ հիմնական գործունեության անձնակազմ (հիմնական գործունեությանը և նրանում զբաղված անձնակազմին սպասարկող կազմակերպություններում զբաղված անձնակազմ):

Այս կազմակերպությունները հաշվառված են հիմնական գործունեությունն իրականացնող կազմակերպության հաշվեկշռում և գործում են նրա միջոցների հաշվին:

Որպես օրինակ բերված է արդյունաբերության և շինարարության մեջ աշխատողների դասակարգումն ըստ հիմնական և ոչ հիմնական գործունեության տեսակների: Նույն կարգով համանման բաժանում կարելի է իրականացնել նաև տնտեսության այլ ճյուղերում:

34. Արդյունաբերությունում հիմնական գործունեության մեջ զբաղված անձնակազմը կոչվում է արդյունաբերաարտադրական անձնակազմ, որը ներառում է.

ա) արդյունաբերական կազմակերպությունների արդյունաբերաարտադրական անձնակազմը,

բ) արդյունաբերական գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման արդյունաբերաարտադրական անձնակազմը,

գ) գիտահետազոտական, կոնստրուկտորական, նախագծակոնստրուկտորական ստորաբաժանումների, հաշվողական կենտրոնների անձնակազմը և այլն:

35. Արդյունաբերաարտադրական անձնակազմի աշխատողներ են համարվում, մասնավորապես.

ա) Հիմնական և օժանդակ արտադրամասերի աշխատողները (գործիքային, մամլիչային, ջրագոլորշիամատակարարման և այլ արտադրամասերի աշխատողները և այլն),

բ) Օժանդակ արտադրությունների աշխատողները,

գ) Էլեկտրական և ջերմային ցանցերը, ենթակայանները (շահագործում և վերանորոգում) սպասարկող աշխատողները, էներգակառավարման արտադրական ծառայությունների աշխատողները,

դ) Կազմակերպությունների` գերազանցապես արտադրությանը սպասարկող տրանսպորտային (երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային և տրանսպորտի այլ տեսակների) արտադրամասերի աշխատողները,

ե) Բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, բեռները (մինչև նշանակության կետերը հասցնելը) ուղեկցող աշխատողները,

զ) Լաբորատորիաների` ներառյալ փորձնական, փորձարարական և գիտահետազոտական աշխատանքներով զբաղված լաբորատորիաների աշխատողները, կազմակերպության կոնստրուկտորական բաժիններում (բյուրոներում) զբաղված աշխատողները` անգամ եթե երբ նրանք կատարում են աշխատանքներ այլ կազմակերպությունների համար,

է) Նոր արտադրանքի փորձնական նմուշների արտադրությամբ և տեղակայմամբ զբաղվածները,

ը) Գործարկման-տեղակայման աշխատանքներով, ինչպես նաև նոր կազմակերպություններում արտադրության նախապատրաստմամբ զբաղված աշխատողները արտադրական անձնակազմի մեջ ներառվում են կազմակերպության կամ նրա առանձին արտադրամասերի շահագործման մեջ մտնելու պահից, այսինքն` պետական ընդունող հանձնաժողովի կողմից կազմակերպությունը (ստորաբաժանումը) շահագործման հանձնելու մասին ակտը ստորագրելու պահից կամ մինչև ակտը ստորագրելու պահը, եթե այդ կազմակերպությունը (ստորաբաժանումը) արդեն սկսել է արդյունաբերական արտադրանքի արտադրությունը (ընդ որում, տվյալները նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի վերաբերյալ այդ աշխատողների համար չեն վերահաշվարկվում),

թ) Հողի ռեկուլտիվացիայով զբաղված հիմնական արտադրության աշխատողները,

ժ) Կազմակերպության հաշվեկշռում հաշվառված, արտադրությունը մասնակիորեն կամ ամբողջությամբ սպասարկող մաքրող կառույցներում զբաղվածները,

ժա) Արդյունաբերական կազմակերպության հաշվեկշռում հաշվառված սառնարանային շինությունների (տնտեսությունների) աշխատողները,

ժբ) Կազմակերպության հաշվեկշռում արտացոլված կապի հանգույցի աշխատողները` ներառյալ նրանք, ովքեր մասնակիորեն սպասարկում են նաև բնակչությանը,

ժգ) Կազմակերպության հաշվեկշռում հաշվառված տեղեկատվական-հաշվողական կայանների, հաշվողական կենտրոնների աշխատողները` ներառյալ նրանք, ովքեր կատարում են աշխատանքներ այլ կազմակերպությունների համար,

ժդ) Տվյալ կազմակերպության հաստիքացուցակներում հաշվառված պահպանության բոլոր տեսակի աշխատողները (մասնագիտացված հրշեջ, պահակային խմբեր և այլն),

ժե) Հորատանցքերի, հանքերի, գործարանների ցնցուղների և բաղնիքների աշխատողները (ովքեր սպասարկում են միայն տվյալ կազմակերպության աշխատողներին), ինչպես նաև գործարանային լվացքատների և մասնագիտական հագուստի նորոգման արհեստանոցների աշխատողները,

ժզ) Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների աշխատողները` ներառյալ նյութատեխնիկական մատակարարման և առաքման բաժինների, հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի պահեստների, ինչպես նաև գործարանային տարածքը մաքրող աշխատողները, բնակարանային-կոմունալ տնտեսության բաժնի աշխատողները (եթե վերջինս հանդիսանում է կազմակերպության առանձնացված ստորաբաժանում),

ժէ) Կազմակերպության սարքերի, սարքավորումների և տրանսպորտային միջոցների կապիտալ և ընթացիկ նորոգմամբ զբաղվածները, ինչպես նաև կազմակերպության հիմնական արտադրական ֆոնդեր հանդիսացող շենքերի և շինությունների ընթացիկ նորոգմամբ զբաղվածները,

ժը) Կազմակերպությանը կից ավտոմեքենաների նորոգման հավաքակայանների, փոխանակման կայանների աշխատողները,

ի) Տեխնիկական գրադարանների աշխատողները,

իա) Կադրերի պատրաստմամբ զբաղվածները, ինչպես նաև հիմնական գործունեության միջոցների հաշվին սովորողները:

36. Արդյունաբերական կազմակերպության կապիտալ շինարարության բաժինների կամ վարչությունների աշխատողների համար, ովքեր իրականացնում են շինարարություն տնտեսավարման եղանակով, կազմվում է աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ առանձին հաշվետվություն և այդ աշխատանքներում զբաղվածները հաշվառվում են շինարարություն ճյուղում:

37. Արդյունաբերական կազմակերպության աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ հաշվետվության մեջ չեն ներառվում նաև կապիտալ շինարարության բաժինների, վարչություններին ենթակա արտադրամասերի, տեղամասերի, շինարարական սարքավորումների և նյութերի պահեստների աշխատողները: Նշված անձնակազմը ցույց է տրվում շինարարության ճյուղի համար կազմված աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ հաշվետվության մեջ:

38. Արդյունաբերական կազմակերպությունում շինարարության նկատմամբ հսկողություն իրականացնող և շինարարության համար առանձնացված միջոցների հաշվին պահվող կապիտալ շինարարության բաժնի (վարչության) անձնակազմը նույնպես պետք է հաշվառվի շինարարության վերաբերյալ հաշվետվության մեջ:

39. Եթե արդյունաբերական կազմակերպության կապիտալ շինարարության բաժինը (վարչությունը) չի իրականացնում շինմոնտաժային աշխատանքներ, այլ իրականացնում է միայն շինարարության տեխնիկական հսկողություն, հանդիսանում է կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումը և պահվում է հիմնական գործունեության միջոցների հաշվին, ապա նրա անձնակազմը հաշվառվում է կազմակերպության արտադրական անձնակազմում:

40. Շինարարության մեջ արտադրական անձնակազմին են պատկանում շինարարական-մոնտաժային աշխատանքներում և օժանդակ արտադրություններում զբաղվածները, իսկ ոչ հիմնական գործունեության մեջ ընդգրկված անձնակազմը համարվում է սպասարկող և այլ տնտեսություններում զբաղված անձնակազմ (օրինակ, տրանսպորտ, բնակարանային տնտեսություն, նյութատեխնիկական մատակարարման պահեստներ և այլն): Հիմնական գործունեության մեջ ներառվում են աշխատողների նույն խմբերը, ինչ արդյունաբերության մեջ:

41. Շինարարական-մոնտաժային աշխատանքներում զբաղված աշխատողներ են համարվում.

ա) Շենքերի և շինությունների (այդ թվում` ժամանակավոր (ոչ տիտղոսային)) շինարարությունում զբաղվածները,

բ) Սարքավորումների մոնտաժման աշխատանքով զբաղվածները,

գ) Շենքերի և կառույցների կապիտալ վերանորոգման աշխատանքներով զբաղվածները,

դ) Անմիջապես շինարարական հրապարակներում ոչ ստանդարտացված սարքավորումների պատրաստման աշխատանքներով զբաղվածները, սարքերի և սարքավորումների նախամոնտաժային ստուգման և դրա հետ կապված վերանորոգման ու գործարկման-տեղակայման աշխատանքներ կատարողները:

Եթե ոչ ստանդարտացված սարքավորումները պատրաստվում են շինարարական կազմակերպության արհեստանոցներում, ապա դրանց պատրաստմամբ զբաղված անձնակազմը հաշվառվում է օժանդակ արտադրություններում զբաղված աշխատողների կազմում,

ե) Ջրարբիացման, հորատման, ջերմամեկուսացման աշխատանքներ կատարողները,

զ) Գյուղատնտեսական հողահանդակները սկզբնական մշակովի դարձման աշխատանքներով զբաղվածները,

է) Բնակչության միջոցների հաշվին բնակարանների գազաֆիկացման և այլ կապալային աշխատանքներ կատարողները,

ը) Անմիջապես շինարարական հրապարակներում (այլ ոչ թե առանձնացված օժանդակ արտադրությունում) բետոնի, լուծույթի, պատրաստմամբ զբաղվածները, նյութերը շինարարական մեքենաների մոտ տեղափոխելու, բետոնի տաքացման աշխատանքներում զբաղվածները,

թ) Աշխատավայրում բեռնման-բեռնաթափման և նյութերն ու սարքավորումները տեղամասային պահեստներից աշխատանքի կատարման վայրերը տեղափոխելու աշխատանքներով զբաղվածները,

ժ) Շինարարությանը սպասարկող կապի, ցնցուղների, լվացքատների և այլ ստորաբաժանումների աշխատողները (ովքեր հիմնական գործունեության մեջ զբաղված աշխատողներին սպասարկում են անմիջապես շինարարական հրապարակներում), ինչպես նաև շինարարական տարածքի և ժամանակավոր կառույցների մաքրմամբ զբաղվածները:

Բնակարանային-կոմունալ տնտեսության (հանրակացարանների, բաղնիքների և այլն) աշխատողները հաշվառվում են սպասարկող և այլ տնտեսությունների անձնակազմում:

ժա) Մեքենայացման գրասենյակների (վարչությունների, բազաների), վերանորոգման բազաների, մեքենայացված շարասյուների աշխատողները, շինարարական մեքենաների և մեխանիզմների շահագործմամբ և տեխնիկական սպասարկմամբ զբաղվածները (ովքեր սպասարկում են շինարարական, արդյունաբերական և այլ կազմակերպություններ),

ժբ) Շինարարական մեքենաների և մեխանիզմների շահագործմամբ ու սպասարկմամբ զբաղված կապալային կազմակերպությունների (շինարարական, շինարարական-մոնտաժային, շինարարական-վերանորոգման, մեքենայացման վարչություններ, շարժական շինարարական կազմավորումներ և այլն) աշխատողները,

ժգ) Հաստիքացուցակներում հաշվառված բոլոր տեսակների պահպանության աշխատողները (զինվորականացված, մասնագիտացված հրշեջ, պահակային խմբեր և այլն):

Պահպանության աշխատողները, ովքեր միաժամանակ սպասարկում են շինարարական-մոնտաժային աշխատանքները, օժանդակ արտադրությունները, սպասարկող և այլ տնտեսությունները, համարվում են շինարարական-մոնտաժային աշխատանքներով զբաղվածներ:

Առանձին հաշվեկշիռ ունեցող օժանդակ արտադրությունների, սպասարկող և այլ տնտեսությունների պահպանության աշխատողները պատկանում են համապատասխան օժանդակ արտադրություններում, սպասարկող և այլ տնտեսություններում զբաղվածների թվաքանակին:

ժդ) Տեղեկատվահաշվողական կենտրոնների աշխատողները, եթե հաշվառված են շինարարական-մոնտաժային և շինարարական կազմակերպությունների հաշվեկշռում, ներառյալ նաև այլ կազմակերպությունների համար աշխատանքներ կատարողները,

ժե) Շինարարական-մոնտաժային, շինարարական կազմակերպությունների լաբորատորիաների, նորմատիվահետազոտական կայանների, տեխնիկայի անվտանգության ծառայության աշխատողները,

ժզ) Շինարարական-մոնտաժային և կապալային կազմակերպությունների ապարատի աշխատողները (շինարարական, շինարարական-մոնտաժային, շինարարական-վերանորոգման վարչություններ, մեքենայացման, շարժական շինարարական կազմավորումների վարչություններ և այլն),

ժէ) Արտադրատեխնիկական համալրման վարչությունների աշխատողները:

Այն դեպքում, երբ արտադրատեխնիկական համալրման վարչությանը կից ստեղծված է շինարարական նյութերի արտադրության և վերամշակման արտադրամաս, վերջինիս աշխատողները հաշվառվում են օժանդակ արտադրությունում զբաղվածների թվաքանակում:

ժը) Տրանսպորտի (ավտոբազաների, կազմակերպությունների կազմում գտնվող մեքենաների հավաքակայանների), շինարարական լաբորատորիաների, աշխատանքների կազմակերպման, նախագծման խմբերի և նախագծային բյուրոների (խմբերի) աշխատողները:

Եթե շինարարական կազմակերպությունների կազմի մեջ մտնող ժզ) - ժը) կետերում թվարկած ստորաբաժանումները վերակազմավորվել են և ստացել իրավաբանական անձի կարգավիճակ, ապա նշված ստորաբաժանումների անձնակազմը չի ներառվում շինարարական-մոնտաժային աշխատանքներով զբաղված անձնակազմի թվաքանակի մեջ:

 

ԲԱԺԻՆ 6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

42. Ըստ արտադրության գործընթացում աշխատողների ունեցած տեղի և դերի, աշխատանքի վիճակագրության մեջ իրականացվում է աշխատողների դասակարգում ըստ մասնագիտության, աշխատանքային ստաժի, սեռի, տարիքային խմբերի, որակավորման աստիճանի և այլ խմբերի:

Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ հաշվետվությունում, վիճակագրական իմաստով, աշխատողների թվաքանակը բաժանվում է երկու խմբի.

ա) բանվորներ,

բ) ծառայողներ:

43. Արտադրության գործընթացում բանվորները համարվում են հիմնական խումբ: Բանվորների խմբին դասվելու հիմնական չափանիշն աշխատողի անմիջական մասնակցությունն է տվյալ ճյուղի արտադրանքի արտադրությանը:

Բանվորներ են համարվում, մասնավորապես.

ա) Ավտոմատ հոսքային գծերի, հարմարանքների ղեկավարմամբ, կարգավորմամբ և դրանց աշխատանքի հսկմամբ զբաղվածները, ինչպես նաև անմիջապես մեքենաների, մեխանիզմների, ագրեգատների ղեկավարմամբ կամ սպասարկմամբ զբաղվածները, եթե նրանց աշխատանքը վճարվում է բանվորների տարիֆային կամ ամսական դրույքներով,

բ) Ձեռքով, ինչպես նաև պարզ մեխանիզմների, գործիքների օգնությամբ նյութական արժեքների ստեղծմամբ զբաղվածները,

գ) Շենքերի և շինությունների շինարարությամբ և վերանորոգմամբ, սարքերի մոնտաժմամբ և նորոգմամբ, տրանսպորտի միջոցների նորոգմամբ զբաղվածները,

դ) Հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի տեղափոխման, բեռնման կամ բեռնաթափման աշխատանքով զբաղվածները,

ե) Պահեստներում, բազաներում բեռների ընդունմամբ, պահպանմամբ և առաքմամբ զբաղվածները,

զ) Մեքենաների, սարքավորումների, արտադրական և ոչ արտադրական կառույցների խնամքով զբաղվածները,

է) Վերգետնյա և ստորգետնյա լեռնային հանքատեղերի, հորատանցքերի հորատմամբ, փորձարկմամբ և յուրացմամբ, երկրաբանական լուսանկարահանման և երկրաբանական-հետախուզական աշխատանքներով զբաղվածները, եթե նրանց աշխատանքը վարձատրվում է բանվորների տարիֆային կամ ամսական դրույքներով,

ը) Մեքենավարները, վարորդները, հնոցապանները, սլաքավարների պահակակետերի հերթապահները, բեռնակիրները, ուղեկցողները, տրանսպորտային կապի ուղիների նորոգմամբ և խնամքով զբաղված աշխատողները, տեղափոխման սարքերի և միջոցների նորոգմամբ և խնամքով զբաղվածները, տրակտորիստները, մեխանիկները, բուսաբուծության և անասնապահության աշխատողները,

թ) Փոստատարները, հեռախոսավարները, հեռագրավարները, ռադիոապարատավարները, կապի օպերատորները,

ժ) Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օպերատորները,

ժա) Դռնապանները, հավաքարարները, ցրիչները, հանդերձապահները, պահակները:

44. Ծառայողների խմբին են դասվում տարբեր վարչատնտեսական և գրասենյակային պաշտոններ զբաղեցնողները, ինչպես նաև հաշվառում իրականացնող անձնակազմը: Այս խմբում առանձնացվում են.

ա) Ղեկավարներ- իրավաբանական անձի և նրա առանձնացված ստորաբաժանումների ղեկավար պաշտոն զբաղեցնողները,

բ) Մասնագետներ - ինժեներատեխնիկական, տնտեսագիտական և այլ աշխատանքով զբաղվածները,

գ) Ծառայող համարվող այլ աշխատողներ- փաստաթղթերի պատրաստում և ձևակերպում, հաշվառում և հսկողություն, տնտեսական սպասարկում իրականացնող աշխատողները:

 

ԲԱԺԻՆ 7. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ (ՆԵՐԱՌՅԱԼ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ)

 

45. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները ներառում են կազմակերպությունների ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների (արտաքին համատեղողների) կողմից փաստացի կատարված աշխատանքի դիմաց հաշվարկված աշխատավարձը, պարգևավճարները և փոխհատուցումները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները` հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները` ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն:

46. Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունը կազմելիս, ցույց են տրվում վճարման համար հաշվարկած գումարները` համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողներին կանոնավոր (շաբաթական, երկու շաբաթը մեկ անգամ, ամենամսյա և այլն) իրականացվել է աշխատավարձի հաշվարկ` ըստ կատարած աշխատանքի քանակի և որակի: Նշված գումարները բերվում են համախառն տեսքի, այսինքն` օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց եկամտահարկը և այլ պահումները հանելու:

47. Տարադրամով հաշվարկած աշխատավարձը հաշվետվության մեջ ներառվում է տարադրամը` կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով վերահաշվարկելու միջոցով:

48. Հաշվետու ամսում ամենամյա, ամենամյա լրացուցիչ և լրացուցիչ արձակուրդների համար հաշվարկած գումարները ցույց են տրվում միայն այն օրերի գումարի չափով, որոնք բաժին են ընկնում տվյալ ամսին: Հաջորդ ամսին ընկնող օրերի համար գումարը մտցվում է հաջորդ ամսվա հաշվետվության մեջ:

49. Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար աշխատավարձի վերաբերյալ տվյալները ցույց են տրվում` համաձայն ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանում ընդունված մեթոդաբանության:

50. Բնեղեն ձևով աշխատանքի վարձատրության գումարները աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլվում են, ելնելով շուկայական գներից` վարձատրության գումարների հաշվարկման պահի դրությամբ:

 

Ա. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

51. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները ներառում են կազմակերպության հիմնական արտադրական անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը` ներառյալ բանվորների և ծառայողների պարգևատրումները, ինչպես նաև կազմակերպության հաստիքացուցակներում չհաշվառված, սակայն հիմնական գործունեությանը դասվող աշխատողների աշխատանքի վարձատրության ծախսերը:

52. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են.

52.1. Կատարած աշխատանքի (աշխատած ժամանակի) համար աշխատավարձի վճարումները` կազմակերպության աշխատանքի վարձատրության համար ընդունված համակարգերին համապատասխան (ըստ գործարքային գների, տարիֆային և պաշտոնային դրույքաչափերի, կամ հասույթից` տոկոսով, շահույթից` բաժիններով հաշվարկված աշխատավարձը),

52.2. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած օրերի, ժամերի համար վարձատրությունը,

ա) Ամենամյա և լրացուցիչ արձակուրդների վճարումը, չօգտագործած արձակուրդների համար դրամական փոխհատուցումները, կազմակերպության աշխատողների հանգստավայր մեկնել- վերադառնալու ճանապարհածախսի վճարումը,

բ) Աշխատանքում հատուկ ընդմիջումների, դեռահասների արտոնյալ ժամերի վարձատրությունը,

գ) Պետական և հասարակական աշխատանքներում ներգրավված աշխատողների աշխատաժամանակի վարձատրությունը,

դ) Այլ կազմակերպություններում աշխատանքի տեղավորված աշխատողների աշխատավարձերի միջև եղած տարբերությունների վճարումը` որոշակի ժամանակահատվածի ընթացքում նախկին աշխատավայրի պաշտոնային դրույքների պահպանմամբ, ինչպես նաև ժամանակավոր փոխարինման համար վճարված գումարները,

ե) Ոչ աշխատողների մեղքով պարապուրդների վճարումը,

զ) Աշխատանքից կտրված` որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգում ուսուցանելու ընթացքում ղեկավարներին, ծառայողներին և բանվորներին հիմնական աշխատավայրում վճարվող աշխատավարձը,

է) Աշխատավարձի մասնակի պահպանմամբ` հարկադրական արձակուրդում գտնվող աշխատողներին վճարված գումարները,

ը) Գործադուլներին մասնակցող աշխատողներին վճարված գումարները, եթե դրանք տրվում են աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների գումարներից,

թ) Աշխատունակության ժամանակավոր կորստի դեպքում, մինչև փաստացի աշխատավարձը տրվող հավելավճարները, արտադրական վնասվածքների հետևանքով աշխատունակության կորստի դեպքում տրվող նպաստները,

ժ) Աշխատող դոնորներին հետազոտման, արյուն տալու և դրանից հետո հանգստանալու համար տրվող վճարումները,

ժա) Հարկադրական գործալքման ժամերի համար տրվող վարձատրությունը,

ժբ) Առանց հիմնական աշխատանքից կտրվելու կամ աշխատանքից կտրվելով աշխատողների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման, սովորողների և ուսանողների արտադրական պրակտիկայի ղեկավարման աշխատանքներին ներգրավված որակյալ բանվորների, ղեկավարների, մասնագետների վարձատրությունը,

ժգ) Ոչ աշխատողի մեղքով խոտան արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության դիմաց տրվող վարձատրությունը,

ժդ) Կազմակերպությունում արտադրական պրակտիկա անցնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների աշխատանքի վարձատրությունը,

ժե) Պայմանագրերով աշխատողների աշխատանքի վարձատրությունը,

ժզ) Այլ կազմակերպություններից համատեղության կարգով աշխատանքի ընդունված աշխատողների աշխատավարձը,

ժէ) Արտահաստիքային աշխատողներին հաշվարկած գումարները (դասախոսություններ, թարգմանություններ, ելույթներ` ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլն),

ժը) Կազմակերպության հաստիքացուցակներում չգրանցված, միանգամյա աշխատանքներ (նորոգման, ներկման աշխատանքներ, բժիշկների խորհրդատվություններ, փորձագիտական աշխատանքներ և այլն) կատարողների աշխատավարձը, քաղաքացիաիրավական, ինչպես նաև այլ կարգի պայմանագրերի հիման վրա աշխատանքների կատարման դիմաց վարձատրությունը, եթե դա կատարում է ինքը` կազմակերպությունը: Ընդ որում, այդ աշխատողների աշխատանքի վարձատրության չափը որոշվում է ըստ այդ աշխատանքների (ծառայությունների) նախահաշիվների` համաձայն կնքված պայմանագրերի և վճարման փաստաթղթերի,

ի) Աշխատավարձի ինդեքսավորման գումարները,

իա) Արտադրության մեջ զբաղված աշխատողներին բնեղեն վարձատրության կարգով տրվող արտադրանքի արժեքը` կիրառելով համապատասխան գներ:

Եթե արտադրանքը տրամադրված է անվճար, ապա աշխատավարձի չափը հաշվարկվում է այդ արտադրանքի շուկայական գնով, իսկ եթե այն տրամադրվել է վաճառքի գնից ցածր գներով, ապա` վաճառքի գնի և արտադրանքի շուկայական գնի տարբերությամբ:

իբ) Աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումներ:

 

Բ. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

 

53. Պարգևավճարներ են համարվում.

ա) Արտադրական ցուցանիշների համար պարգևատրումները,

բ) Տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները,

գ) Մասնագիտական հմտության, աշխատանքում ձեռքբերումների համար տրվող հավելումները և այլն,

դ) Երկարամյա ծառայության, հատուկ արտադրական առաջադրանքների կատարման համար տրվող միանվագ պարգևատրումները և այլն,

ե) Մասնագիտական աշխատանքային ստաժի համար տրվող հավելավճարները:

54. Փոխհատուցումներ են համարվում.

ա) Աշխատանքի վարձատրության շրջանային կարգավորմամբ պայմանավորված վճարները` շրջանային գործակիցներով, ջրազուրկ, բարձրլեռնային շրջաններում աշխատանքի համար գործակիցներով, ծանր բնակլիմայական շրջաններում աշխատանքային անընդհատ ստաժի համար տրվող հավելավճարները,

բ) Օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքային պայմաններում աշխատելու համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները,

գ) Գիշերային, բազմահերթ գրաֆիկով, արտաժամյա, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերի աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները,

դ) Կապի, երկաթգծի, ավտոմոբիլային տրանսպորտի, խճուղային ճանապարհների և այլ աշխատողների (որոնց մշտական աշխատանքը կապված է ճանապարհների հետ կամ ունի շրջիկ բնույթ) աշխատավարձի հավելավճարները յուրաքանչյուր օրվա համար` կազմակերպությունից դուրս գալու պահից մինչև վերադառնալը,

ե) Հերթափոխային աշխատանք կատարելիս` կազմակերպության հավաքման կայանի գտնվելու վայրից մինչև աշխատանքի վայր մեկնել-վերադառնալու վրա ծախսված օրերի (գրաֆիկով նախատեսված), ինչպես նաև ճանապարհներին օդերևութաբանական պայմանների և տրանսպորտային կազմակերպությունների մեղքով աշխատողների ուշացած օրերի համար տարիֆային դրույքի չափով վճարվող գումարները,

զ) Ստորգետնյա աշխատանքներում զբաղված աշխատողներին տրվող հավելավճարները,

է) Ճաշարաններում, բուֆետներում սննդի թանկացման հետ կապված փոխհատուցման գումարները,

ը) Արձակուրդի ամենամյա հավելավճարները, կամ այսպես կոչված, «նյութական օգնությունները»,

թ) Տնտեսության առանձին ճյուղերի աշխատողներին, համաձայն գործող օրենսդրության, անվճար տրամադրված կոմունալ ծառայությունների, սննդի, մթերքների արժեքը,

ժ) Օրենսդրությամբ սահմանված կարգով երկաթուղային, օդային և ավտոմոբիլային տրանսպորտի, քաղաքային էլեկտրատրանսպորտի աշխատողներին երթևեկելու համար տրամադրվող արտոնությունների արժեքը,

ժա) Կոոպերատիվ բնակարանային շինարարության մուտքի սկզբնական վճարումները կատարելու, կոոպերատիվ և անհատական բնակարանային շինարարության համար տրամադրված վարկերի մասնակի մարման համար աշխատողներին տրամադրվող նյութական օգնության գումարները,

ժբ) Աշխատողների և նրանց ընտանիքի անդամների հանգստյան վայր մեկնել-վերադառնալու ճանապարհածախսը,

ժգ) Կազմակերպության միջոցների հաշվին աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին բուժման, հանգստի, էքսկուրսիաների և ճանապարհորդությունների ուղեգրերի վճարումները,

ժդ) Աշխատողներին` անվճար կամ արտոնյալ գներով սննդի տրամադրման վրա ծախսված գումարները,

ժե) Օրենսդրությամբ նախատեսված դեպքում աշխատողների առանձին խմբերին տրամադրվող հատուկ համազգեստի և այլ իրերի արժեքը, որոնք մշտապես մնում են աշխատողի տրամադրության ներքո,

ժզ) Օրենսդրության համաձայն` աշխատողներին անվճար տրամադրվող բնակարանային վարձի արժեքը (վճարովի բնակարանի, կոմունալ ծառայությունների և այլնի տրամադրման դիմաց տրվող փոխհատուցման գումարները),

ժէ) Կազմակերպության աշխատողներին կամ նրանց հասարակական սննդի կազմակերպման համար օժանդակ տնտեսություններին տրամադրվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գների տարբերության փոխհատուցման ծախսերը,

ժը) Առողջապահական կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի հիման վրա աշխատողներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով ստեղծված պոլիկլինիկաների ծառայությունների դիմաց վճարումները, մանկական նախադպրոցական հաստատություններում երեխաներին պահելու համար վճարները,

ժթ) Բնակարանի, բնակվարձի, հանրակացարաններում տեղերի դիմաց վճարումները (բացի 54թ) կետում նշածից),

ի) Հասարակական տրանսպորտով, գերատեսչական տրանսպորտով աշխատանքի վայր հասնելու ծախսերը,

իա) Ապահովագրական վճարումները (անդամավճարները), որ վճարվում են կազմակերպության կողմից` համաձայն անձնական և գույքային ապահովագրության պայմանագրերի` կնքված հօգուտ աշխատողների,

իբ) Այլ արտոնություններ (առողջության խմբերի, ակումբներում պարապմունքների, թերթերի և ամսագրերի բաժանորդագրման և այլն):

55. Աշխատողների միջին աշխատավարձն ամբողջ կազմակերպության համար որոշվում է ցուցակային կազմի աշխատողների (ներառյալ համատեղողների) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների (ներառյալ պարգևավճարները և փոխհատուցումները) ընդհանուր գումարը (ինչպես դրամական, այնպես էլ բնեղեն ձևով) միջին ցուցակային թվաքանակի և հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա բաժանելով:

Եկամտով հարկվող շահույթի որոշման և ֆինանսական հաշվարկների ժամանակ, միջին աշխատավարձի հաշվարկն իրականացվում է` ելնելով աշխատողների այն թվաքանակից, որը ներառում է այլ կազմակերպություններից ներգրավված համատեղողներին և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատողներին, ներառյալ կապալային պայմանագրով աշխատողներին: Այս աշխատողները թվաքանակի մեջ ներառվում են հաշվարկային կարգով` փաստացի աշխատած ժամանակի համամասնությամբ (տե՛ս բաժին III, կետ 18, 19):

56. Հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամտից նվազեցվում են հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատողներին նախատեսված այլ փոխհատուցումների ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ 8. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵՋ ՉՆԵՐԱՌՎՈՂ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵՋ ՉՆԵՐԱՌՎՈՂ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

57. Կազմակերպության միջոցների հաշվին տրվող նպաստների և վճարների մեջ ներառվում են.

ա) Աշխատանքի ծավալի կրճատման կամ աշխատանքի բնույթի փոփոխման հետ կապված աշխատանքից ազատվող աշխատողներին (կազմակերպության լուծարման, աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատման, ինչպես նաև արտադրությունում դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքից ազատման դեպքում) տրվող արձակման նպաստները,

բ) Թվաքանակի կամ հաստիքների կրճատման, կազմակերպության վերակազմավորման կամ լուծարման հետևանքով աշխատանքից ազատված աշխատողներին մինչև նոր աշխատանքի տեղավորվելը վճարվող գումարները,

գ) Կենսաթոշակների հավելավճարները, կենսաթոշակի գնացող աշխատանքի վետերաններին տրվող միանվագ նպաստները,

դ) Երեխաների խնամքի համար արձակուրդում գտնվող կանանց` մինչև երեխայի օրենսդրությամբ սահմանված տարիքին հասնելը վճարվող փոխհատուցման գումարները,

ե) Աշխատողի կատարած աշխատանքին չառնչվող իրադարձությունների հետ կապված ցույց տրվող նյութական օգնության գումարները,

զ) Արտադրական վնասվածքների պատճառով աշխատունակության կորստի դեպքում վճարվող նպաստները,

է) Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը (բացի VII բաժնի է) և ժգ) կետերում ցույց տրված աշխատավարձի ծախսերի),

ը) Ասպիրանտուրաներում, մագիստրատուրաներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում հեռակա սովորողներին, ասպիրանտուրա, մագիստրատուրա ընդունվողներին` ուսումնական արձակուրդների համար տրվող գումարները,

թ) Կազմակերպության կողմից բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսուցման գործուղված ուսանողներին և սովորողներին կազմակերպության միջոցների հաշվին վճարվող կրթաթոշակները:

58. Սոցիալական ապահովության և այլ արտաբյուջետային ֆոնդերից տրվող նպաստների մեջ ներառվում են.

ա) Սոցիալական ապահովության նպաստները (ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծնվելու, նրա խնամքի, աշխատողների և նրանց ընտանիքների հանգստի և այլնի համար),

բ) Աշխատողների առողջության վնասման ժամանակ աշխատավարձի և այլ ծախսերի փոխհատուցումը, այլ ծախսեր, որոնք կատարվում են ի հաշիվ սոցիալական ապահովության, կենսաթոշակային և այլ արտաբյուջետային ֆոնդերի:

59. Այլ վճարումների և ծախսերի մեջ ներառվում են.

ա) Հեղինակային հոնորարները,

բ) Գյուտերի, հայտնագործությունների և նորարարական առաջարկությունների համար տրվող հատուցումները,

գ) Ծառայողական գործուղումների ընթացքում` օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում և դրանցից ավել (առանց օրապահիկի) կատարվող ծախսերը,

դ) Այլ վայրեր աշխատանքի տեղափոխելու, ընդունելու և ուղարկելու դեպքում վճարվող միանվագ նպաստները և օրավարձը, օրենսդրությամբ նախատեսված նորմաների սահմաններում նախատեսված ծախսերը,

ե) Անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օրենսդրությամբ սահմանված նորմաներից ավել օգտագործելու դեպքում կատարված ծախսերի փոխհատուցումը,

զ) Տրված հատուկ համազգեստի, կոշիկի և անհատական օգտագործման այլ միջոցների, օճառի և լվացող այլ միջոցների, վնասազերծող միջոցների, բուժկանխարգելիչ սննդի, աշխատողների կողմից հատուկ համազգեստի, կոշիկի և այլ անհատական օգտագործման միջոցների ձեռք բերման ծախսերի փոխհատուցման գումարները (բացի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, տե՛ս VII բաժնի կետ 54 ժե)),

է) Մշակութալուսավորական և առողջարարական միջոցառումների անցկացման ծախսերը (բացի VII բաժնի կետ 54 ժգ), ժը) կետերում ցույց տրված գումարների),

ը) ՈՒսումնական, մշակութային, սպորտային միջոցառումների անցկացման համար շենքերի վարձակալում,

թ) Հանգստի երեկոների, քննարկումների, ներկայացումների, համերգների, գիտության և մշակույթի գործիչների հետ հանդիպումների, սպորտային միջոցառումների անցկացման ծախսերը,

ժ) Կազմակերպության հաշվեկշռում հաշվառված կամ փայատիրական կարգով պահվող բուժկետերի, գրադարանների, առողջարանների, հանգստյան տների և առողջապահական կազմակերպությունների պահպանման ծախսերը,

ժա) Մանկական նախադպրոցական հաստատություններում, առողջարաններում, առողջարարական ճամբարներում գտնվող երեխաների սննդի թանկացման հետ կապված փոխհատուցման գումարները,

ժբ) Գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցների թատերական համազգեստի, սպորտային համազգեստի և իրերի ձեռքբերման կամ դրանք վարձակալելու ծախսերը,

ժգ) Կազմակերպության հաշվեկշռում հաշվառված կամ փայատիրական հիմունքներով պահվող բուժկանխարգելիչ կազմակերպությունների համար դեղորայքի ձեռք բերման ծախսերը,

ժդ) Խմբակների, դասընթացների, ստուդիաների, ակումբների, ֆակուլտետների, ցուցահանդես-վաճառքների, տոնավաճառների և այլ կազմակերպման ծախսերը,

ժե) Այգեգործական ընկերությունների բարեկարգման (ճանապարհների շինարարության, էներգաջրամատակարարում և ընդհանուր այլ ծախսեր), ավտոտնակների շինարարության ծախսերը:

 

ԲԱԺԻՆ 9. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ (ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐ)

 

60. Շահաբաժինները և տոկոսները ցույց են տրվում որպես առանձին եկամուտներ, որոնք ստացվում են բաժնետոմսերի և այլ դրամական ներդրումների դիմաց տրվող վճարումների տեսքով:

 

ԲԱԺԻՆ 10. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

61. Սոցիալական վճարները պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի (սոցիալական ապահովության, կենսաթոշակային, զբաղվածության և այլ ֆոնդեր) ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներն են:

62. Սոցիալական վճարումներ կատարում են.

ա) գործատուները,

բ) վարձու աշխատողները,

գ) անհատ ձեռնարկատերերը,

դ) գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք,

ե) գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք:

63. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են.

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները,

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված այլ եկամուտները,

գ) անհատ ձեռնարկատերերի, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձանց տարեկան եկամուտները` «Եկամտահարկի մասին» օրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ` սոցիալական ապահովագրության վճարների) կատարելուց հետո,

դ) գյուղացիական տնտեսությունների սեփականություն համարվող հողատարածքների կադաստրային զուտ եկամուտը:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
10.09.2002
N 202-Ն
Որոշում