Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐ ...

 

14.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1253-Ն

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-250-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. օգոստոսի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի օգոստոսի 8-ի

N 1253-Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի արդյունքում հաստատված կանոնավոր երթուղիների փոխադրավարձը վերանայելու պահանջները:

(1-ին կետը փոփ. 04.06.2026 թիվ 781-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման պահանջներին համապատասխան մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների (այսուհետ` երթուղի) ուղեգծերի փոփոխության` դրանց երկարացման կամ կրճատման դեպքում, մրցույթի արդյունքում սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել` համապատասխանաբար ավելացվել կամ նվազեցվել:

3. Մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղու ձևավորման դեպքում սահմանվում է այդ երթուղու փոխադրավարձը սույն կարգի պահանջներին համապատասխան:

4. Երթուղու ուղեգծի երկարացման կամ կրճատման դեպքում փոխադրավարձը կարող է համապատասխանաբար ավելացվել կամ նվազեցվել երկարացվող կամ կրճատվող կիլոմետրի հաշվարկով` տվյալ երթուղու փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջին արժեքի չափով: Փոխադրավարձը հաշվարկելիս կիրառվում է ընդհանուր սակագնի մաթեմատիկական կլորացում, որը 1-49 դրամի դեպքում չի կարող գերազանցել 50 դրամը, 51-99 դրամի դեպքում` 100 դրամը:

5. Միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը հաշվարկվում է ըստ երթուղու երկարության` հիմք ընդունելով մրցույթի արդյունքները հաստատող լիազոր մարմնի ղեկավարի ընդունած իրավական ակտով սահմանված տվյալ միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքը: Փոխադրավարձի արժեքը կարող է հաշվարկվել միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքից ցածր արժեքով, սակայն փոխադրավարձը չի կարող պակաս լինել 100 դրամից:

(5-րդ կետը փոփ. 04.06.2026 թիվ 781-Ն որոշում)

6. Սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքում երթուղու փոխադրավարձի վերանայման, իսկ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձի սահմանման համար տվյալ երթուղին սպասարկող օպերատորը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից կազմավորված մրցութային հանձնաժողովին (այսուհետ` մրցութային հանձնաժողով) հիմնավորված առաջարկություն է ներկայացնում փոխադրավարձի փոփոխության կամ սահմանման վերաբերյալ, որը մրցութային հանձնաժողովը քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Փոխադրավարձի փոփոխության կամ նոր երթուղու փոխադրավարձի սահմանման վերաբերյալ մրցութային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ղեկավարն ընդունում է փոխադրավարձը հաստատելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտ:

8. Մրցութային հանձնաժողովը փոխադրավարձի փոփոխության կամ նոր երթուղու փոխադրավարձի սահմանման վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությանը բացասական եզրակացություն է տալիս, եթե ներկայացված փոխադրավարձի հաշվարկը համապատասխանաբար չի բավարարում սույն կարգի 4-րդ կետի պահանջներին կամ սույն կարգի 5-րդ կետի պահանջներին:

9. Փոխադրավարձի փոփոխության կամ նոր երթուղու փոխադրավարձի սահմանման վերաբերյալ առաջարկության վերաբերյալ մրցութային հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ղեկավարն ընդունում է փոխադրավարձի փոփոխության կամ նոր երթուղու փոխադրավարձի սահմանման մերժման վերաբերյալ համապատասխան իրավական ակտ, որի վերաբերյալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է երթուղին սպասարկող օպերատորին` ներկայացնելով մերժման հիմքերը:

10. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն):

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձը վերանայվում է տվյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:

12. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձի վերանայման վերաբերյալ առաջարկությունը երթուղին սպասարկող օպերատորը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին, կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկը.

2) փոխադրավարձի միջին կշռված սակագինը, որը համարժեք է տնտեսապես հիմնավորված մեկ ուղևորի փոխադրավարձի չափին, ինչը հնարավորություն է տալիս փոխհատուցել ուղևորների փոխադրման ընդհանուր ծախսերը և ապահովել տնտեսապես հիմնավորված շահութաբերություն.

3) տեղեկանք փոխադրավարձի բարձրացման պատճառների վերաբերյալ.

4) ուղևորափոխադրումների ինքնարժեքի հաշվարկը.

5) տվյալ երթուղին սպասարկելու համար վերջին հարկային տարվա ընթացքում փաստացի կատարված հետևյալ ծախսերը փաստաթղթային հիմնավորմամբ`

ա. վառելիքի ծախս,

բ. քսանյութերի ծախս,

գ. անվադողերի փոխարինման ծախս,

դ. տրանսպորտային միջոցի վերանորոգման ծախս, ե. աշխատավարձի ծախս,

զ. այլ ծախսեր` ըստ տեսակի.

6) ամորտիզացիոն մասհանումներ.

7) հաշվետու ժամանակահատվածում փոխադրված ուղևորների թիվը.

8) դրամի փոխարժեքի տատանումները.

9) շահութաբերության հաշվարկ:

13. Անհրաժեշտության դեպքում երթուղին կազմակերպող մարմինը կարող է երթուղին սպասարկող օպերատորից պահանջել լրացուցիչ տեղեկություններ գործող փոխադրավարձի վերանայելը հիմնավորելու համար:

14. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձը վերանայելու վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությունը մրցութային հանձնաժողովը քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

15. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձի վերանայման վերաբերյալ առաջարկն ընդունվում և հաստատվում է կամ մերժվում է համապատասխանաբար սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերի պահանջներին համապատասխան:

16. Փոխադրավարձի վերանայման վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի կողմից սույն կարգի 12-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում մրցութային հանձնաժողովը գրավոր առաջարկում է օպերատորին վերացնել թերությունները: Օպերատորը փաստաթղթերի թերությունները կարող է վերացնել 15 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Մրցութային հանձնաժողովը փոխադրավարձի վերանայման վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկության վերաբերյալ կարող է տալ բացասական եզրակացություն սույն կարգի 12-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացվելու կամ հիմնավորված փաստաթղթեր չներկայացվելու դեպքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 օգոստոսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2024
N 1253-Ն
Որոշում