16.10.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1276-Ն
ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա` դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.2-րդ կետն ուժի մեջ մտնելու օրվանից:
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 04.12.2024 ՀՕ-491-Ն օրենքի 1-ին մասի համաձայն 55-դ հոդվածի 4-րդ մասը լրացվելու է 7.2-րդ կետով համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը`
------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. սեպտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի սեպտեմբերի 4-ի
N 1276-Ն որոշման
ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.2-րդ կետին համապատասխան` հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա` դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերի, կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մատակարարման` սույն հավելվածի 4-րդ կետում նշված դեպքերում և ժամկետներում օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան դուրս գրվող հարկային հաշվում (այդ թվում` ճշգրտող) և հաշիվ վավերագրում (այդ թվում` ճշգրտող) (այսուհետ` հաշվարկային փաստաթուղթ) պարտադիր ներառվում է գործարքի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման համար կիրառված հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմանը համապատասխան էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը ներառվում է հաշվարկային փաստաթղթում որպես առանձին ֆայլ կցելու միջոցով:
4. Դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը պարտադիր ներառվում է`
1) 2026 թվականի հունվարի 1-ից «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքերում.
2) 2027 թվականի հունվարի 1-ից ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2203 00 ծածկագրին դասվող գարեջրի և 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքերում:
(4-րդ կետը փոփ. 15.10.2026 թիվ 1486-Ն որոշում)
5. Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում ներառվում է`
1) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ժամանակ` հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-invoicing)` հսկիչ (նույնականացման) նշանները հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով կամ
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմանը համապատասխան` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի մշակած և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված բջջային հավելվածով (այսուհետ` բջջային հավելված)` հսկիչ (նույնականացման) նշանները սքանավորելու և հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով, բայց ոչ ուշ, քան հաշվարկային փաստաթուղթն ստացողի կողմից ստորագրվելը:
6. Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով անցնում է դրոշմավորված ապրանքներն ստացողին` ապրանքների մատակարարման օրվան հաջորդող օրվա ավարտին, իսկ մինչև այդ ժամկետը հաշվարկային փաստաթուղթն ստացողի կողմից ստորագրվելու դեպքում` ստորագրման պահից կամ մինչև այդ ժամկետն ստացողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստելու դեպքում` հավաստման պահից: Հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով:
7. Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասության անցումն իրականացվում է միայն դրոշմավորման վավեր ծածկագրերի մասով:
8. Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում կարող է փոփոխվել մինչև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված` հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով դրոշմավորված ապրանքներն ստացողին անցնելը:
9. Մինչև հաշվարկային փաստաթուղթն ստորագրելը (վավերացնելը) հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքն ստացողի կողմից վերջնական սպառման ենթակա լինելու դեպքում ստացողը կարող է կատարել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում, որից հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերն ինքնաշխատ եղանակով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ:
10. Հաշվարկային փաստաթղթերի չեղարկման, անվավեր ճանաչման, ինչպես նաև ստացողի կողմից հաշվարկային փաստաթղթի ջնջման դեպքերում հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով անցնում է փաստաթուղթ դուրս գրողին (մատակարարին):
Պաշտոնական հրապարակման օրը` 4 սեպտեմբերի 2025 թվական: