09.10.2026 -
040.0596.090615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2015 թվականի N 596-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 19-ի
N 596-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` քաղաքաշինական փաստաթղթեր) փորձաքննության իրականացման (այսուհետ` փորձաքննություն) հետ կապված հարաբերությունները:
2. Փորձաքննության հիմնական նպատակն ընտրված նախագծային լուծումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանության ապահովումն է:
3. Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչև դրանց` սահմանված կարգով համաձայնեցումն ու հաստատումը, ենթակա են փորձաքննության: Բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի (այսուհետ` N 4 հավելված) NN 1 և 2 ցանկերով սահմանված` ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) և միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը:
4. Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը կարող է փոխարինվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով, եթե նման պայման նախատեսված է կապալի պայմանագրով:
5. Փորձաքննություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզիա ունեցող անձինք (այսուհետ` քաղաքաշինական փորձագիտական մարմին), օրենքով սահմանված դեպքերում` նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող` քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), ինչպես նաև բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտի հատուկ համալիր փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը:
(5-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
6. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննության աշխատանքներում:
7. Քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրով:
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
9. Ելնելով քաղաքաշինական փաստաթղթերի նշանակությունից, ինչպես նաև դրանցով իրականացվող քաղաքաշինական օբյեկտների բարդությունից` իրականացվում են փորձաքննության հետևյալ տեսակները`
1) պարզ փորձաքննություն` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով, ինչպես նաև միջին (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով, եթե առկա չէ սույն կարգի 4-րդ կետում նշված երաշխավորագիրը.
2) պետական համալիր փորձաքննություն` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների, ինչպես նաև բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով` սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կողմից հատուկ համալիր եզրակացության կազմման նպատակով ներկայացնելու համար.
3) հատուկ համալիր փորձաքննություն` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով:
(9-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
10. Նախագծային փաստաթղթերի պարզ փորձաքննությունն իրականացվում է քաղաքաշինական օբյեկտի ճարտարապետաշինարարական և արտաքին ու ներքին ինժեներական համակարգերի հուսալիության, կայունության, անվտանգության, ինչպես նաև մարդկանց առողջության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին` նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը հավաստելու համար բավարար ծավալով:
10.1. Պարզ փորձաքննությունն անցկացվում է պատվիրատուի և քաղաքաշինական փորձագիտական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
(10.1-ին կետը լրաց. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
11. Նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագիրը պետք է պարունակի սույն կարգի 10-րդ կետով սահմանված պարտադիր պահանջներին` նախագծային փաստաթղթերի համապատասխանությունն ապահովող բավարար երաշխիքներ:
12. Բազմակի (կրկնակի) օգտագործման օրինակելի նախագծերի և սերտիֆիկացված նախագծերի օգտագործման դեպքում փորձաքննության են ենթակա միայն օբյեկտի զրոյական նիշից ներքև տեղակայված կառուցվածքների նախագծային փաստաթղթերը (տեղակապման նախագծերը): Ընդ որում, II կատեգորիայի դասակարգում ունեցող` սույն կետում նշված օբյեկտների տեղակապման նախագծերի փորձաքննությունը ևս կարող է փոխարինվել երաշխավորագրով:
(12-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
13. Պետական համալիր փորձաքննության ենթակա են այն քաղաքաշինական այդ թվում` նաև ծրագրային փաստաթղթերը, որոնցով, բացի քաղաքաշինական նորմերին համապատասխանության անհրաժեշտությունից, օրենքով պահանջվում է նաև շրջակա միջավայրի պահպանության վրա ազդեցության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ, փլուզումներ և այլն) կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական եզրակացության կամ համաձայնեցման տրամադրում:
(13-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
13.1. Քաղաքաշինական փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը տրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության առկայությամբ` բացառությամբ սույն կարգի 13.2-րդ կետով նախատեսված դեպքի:
(13.1-ին կետը լրաց. 31.10.2024 թիվ 1729-Ն որոշում)
13.2. Գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին և պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում կամ միևնույն բնակավայրում այդ նպատակով հատկացված հողամասերում նախատեսվող նոր դպրոցի (կրթահամալիրի) կամ մանկապարտեզի կառուցման, գոյություն ունեցող դպրոցի (կրթահամալիրի) կամ դպրոցի (կրթահամալիրի) մարզադահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցման կամ հիմնանորոգման, ինչպես նաև ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտերի կառուցման, ինչպես նաև արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնների (դատակենտրոններ) կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը կարող է տրվել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը:
(13.2-րդ կետը լրաց. 31.10.2024 թիվ 1729-Ն, 27.05.2026 թիվ 728-Ն / փոփոխությունն ունի անցումային դրույթ/, 01.10.2026 թիվ 1423-Ն որոշումներ)
13.3. Սույն կարգի 13.2-րդ կետում նշված դեպքում քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացության հիման վրա իրավասու մարմնի որոշմամբ կառուցապատողին տրամադրվում է շինարարության թույլտվություն: Իրավասու մարմնի որոշմամբ սահմանվում է, որ շինարարության թույլտվությունն ուժի մեջ է մտնում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացության տրամադրմանը հաջորդող օրվանից:
(13.3-րդ կետը լրաց. 31.10.2024 թիվ 1729-Ն որոշում)
13.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն հայցողի կողմից սույն կարգի 13.3-րդ կետով նախատեսված իրավասու մարմնի որոշումն ստանալու պահից 6-ամսյա ժամկետում նշված դրական եզրակացությունն իրավասու մարմնին չտրամադրելու դեպքում վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում անվավեր է ճանաչում սույն կարգի 13.3-րդ կետով նախատեսված որոշումը և դրա մասին անմիջապես տեղեկացնում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին` տրամադրելով սույն կարգի 13.3-րդ կետով նախատեսված որոշումն անվավեր ճանաչելու մասին որոշումը (այսուհետ` տեղեկություն): Տեղեկությունն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն անվավեր է ճանաչում ճարտարապետաշինարարական նախագծի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը:
(13.4-րդ կետը լրաց. 31.10.2024 թիվ 1729-Ն որոշում)
14. Պետական համալիր փորձաքննությունն իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան փորձագիտական և (կամ) սույն կարգի 13-րդ կետում նշված համապատասխան ոլորտին առնչվող մասնագիտական եզրակացություն կամ համաձայնություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) մասնակցությամբ:
(14-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
15. N 4 հավելվածի հատուկ նշանակության օբյեկտների N 3 ցանկում ներառված պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող կառույցների կամ պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտում կառուցվող օբյեկտների համար պարտադիր է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառներում կառավարումն իրականացնող լիազորված մարմնի համաձայնությունը:
(15-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
15.1. Պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ, հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված` պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):
(15.1-ին կետը լրաց. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
16. Պետական համալիր փորձաքննության ենթակա են`
1) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի).
2) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը.
3) N 4 հավելվածի N 3 ցանկով սահմանված բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող կարևորագույն (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր) նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 24-րդ կետով նախատեսված դեպքերում` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը:
(16-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
17. Պատվիրատուի նախաձեռնությամբ` պետական համալիր փորձաքննության կարող են ենթարկվել նաև ավելի ցածր ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը` փորձագիտական մարմնի և պատվիրատուի միջև կնքվող պայմանագրում այդպիսի պայման նախատեսվելու դեպքում:
(17-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
18. Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին:
(18-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
19. (19-րդ կետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
21. Շահագրգիռ մարմինները` ըստ համապատասխան բնագավառների, իրենց եզրակացությունները տրամադրում են պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին, որը դրանք ներառում է սույն կարգի 31-րդ կետով սահմանված փաստաթղթերի կազմում` վերջիններիս կազմն ու բովանդակությունը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին:
(21-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
22. Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում նախագծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով և սույն կարգով նախատեսված լրիվ ծավալով:
(22-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
23. Պետական և համայնքի բյուջեների (ներառյալ` վարկային և դրամաշնորհային միջոցները) հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող ճարտարապետաշինարարական օբյեկտների նախագծերը փորձաքննության են ներկայացվում նախահաշվային փաստաթղթերի ներառմամբ: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը ներկայացվում են պատվիրատուի որոշմամբ:
24. Հատուկ համալիր փորձաքննության ենթակա են հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող քաղաքաշինական օբյեկտների նախագծային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվում ծրագիրն իրականացնող համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` կախված տվյալ օբյեկտի գործառնական նշանակությունից (էներգետիկա, տրանսպորտ, ջրային համակարգեր և այլն): Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ օբյեկտի փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում է (ընդգրկվում են) քաղաքաշինության տվյալ բնագավառում պետական համալիր փորձաքննություն իրականացնող, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող և այլ շահագրգիռ մարմինները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում կարող են ներառվել նաև խնդրին առնչվող այլ մարմիններ և կազմակերպություններ: Հատուկ համալիր փորձաքննությունը կարող է իրականացվել նաև միջազգային փորձագիտական մարմինների (կամ փորձագետների) ներգրավմամբ: Սույն կետում նշված լիազորված մարմինը ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի հատուկ համալիր ամփոփ եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման:
(24-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
25. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը երկու փուլով («Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր») մշակելու դեպքում փորձաքննության է ներկայացվում համաձայնեցման ենթակա` «Նախագիծ» փուլը, որի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
26. Հաստատված «Նախագիծ» փուլին հաջորդող` «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի նախագծային փաստաթղթերի մշակումը` հատուկ համալիր և համալիր փորձաքննության ենթակա օբյեկտների համար, պատվիրատուի նախաձեռնությամբ, կարող է զուգորդվել փորձագիտական ուղեկցմամբ:
27. Փորձագիտական ուղեկցումը կիրառվում է «Նախագիծ» փուլով համաձայնեցված լուծումներին հաջորդող աշխատանքային փաստաթղթերի համապատասխանությունը հանձնաժողովի կողմից հավաստելու նպատակով: Այս դեպքում հանձնաժողովի հետ կնքվող պայմանագրով սահմանված ժամկետներում և պայմաններով վերջինիս կողմից պատվիրատուին ներկայացված դիտողություններն ու առաջարկություններն ընդգրկվում են սույն կարգի 28-րդ կետում նշված` աշխատանքային փաստաթղթերի մշակման փուլերում:
(27-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
28. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված դեպքերում աշխատանքային փաստաթղթերի համապատասխանությունը համաձայնեցված «Նախագիծ» փուլով ընդունված լուծումներին հավաստվում է հանձնաժողովի տեղեկանք-երաշխավորագրերով` շինարարության թույլտվությամբ սահմանված աշխատանքների իրականացման հաջորդականությամբ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն), որոնք ներառվում են կատարողական փաստաթղթերի փաթեթում:
(28-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
29. Եթե սույն կարգի 25-րդ կետում նշված դեպքերում փորձագիտական ուղեկցում չի իրականացվում, ապա «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի` համաձայնեցված «Նախագիծ» փուլով ընդունված լուծումներին համապատասխանությունը երաշխավորում է նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուն, եթե նախագծային կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
30. Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում մեկ օրինակից:
31. Մշակված քաղաքաշինական փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են նախագծման համար հիմք հանդիսացող` սույն կարգի 73-րդ կետի 3-րդ ու 4-րդ ենթակետերում նշված ելակետային փաստաթղթերն ու օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի դեպքում` շենքի (կառույցի) տեխնիկական, կոնստրուկտիվ լուծումների հիմնավորման հաշվարկները, իսկ սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում` նաև տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների փորձագիտական և (կամ) մասնագիտական եզրակացությունները կամ համաձայնությունները:
(31-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 16.12.2021 թիվ 2052-Ն որոշումներ)
32. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են հիդրավլիկական մոդելային հետազոտությունների արդյունքները կամ այդպիսի հետազոտությունների` ավելորդ լինելու մասին հիմնավորումները:
33. Փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի կազմում ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը` հետևյալ քաղաքաշինական փաստաթղթերի համար`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
2) ինժեներապաշտպան միջոցառումների նախագծային փաստաթղթերը (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն, հակաթափվածքային, հականստվածքային, մակերևութային և ստորգետնյա ջրահեռացման, ափապաշտպան ու լանջապաշտպան, հակասուֆոզիոն, աղակալված և նստվածքային գրունտների խտացում ու ամրացում).
3) բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող` հատուկ համալիր փորձաքննության ենթակա օբյեկտների նախագծային փաստաթղթերը, եթե այդպիսի պայման սահմանված է ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
4) N 4 հավելվածով սահմանված N 3 ցանկում ներառված` կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը:
(33-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
34. Սույն կարգի 33-րդ կետում չներառված օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի դեպքում` տվյալ օբյեկտի համար կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը դիտարկվում են փորձաքննության ներկայացված նախագծային կամ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի կազմում:
35. Մինչև պայմանագրի կնքումը փորձաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է ստուգել ներկայացվող քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի կազմն ու ծավալը և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում կնքել պայմանագիրը: Անհամապատասխանության դեպքում փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին` առաջարկելով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել եռօրյա ժամկետում:
(35-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
36. Փորձագիտական եզրակացությամբ ներկայացված դիտողությունների համաձայն լրամշակված նախագծային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով` հաշվի առնելով աշխատանքի ծավալն ու աշխատատարությունը:
37. Փորձաքննության սկզբի ժամկետ է համարվում փորձաքննության մասին պայմանագրի կնքման ամսաթիվը, իսկ փորձաքննության ավարտի ժամկետ` փորձագիտական եզրակացությունը փորձաքննություն իրականացրած մարմնի կողմից հաստատվելու օրը:
(37-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
38. Փորձաքննության ծառայությունների արժեքը, փորձաքննության անցկացման ժամկետների խախտման համար պատվիրատուի և փորձաքննություն իրականացնողի փոխադարձ պարտավորությունները սահմանվում են պայմանագրով:
39. Հատուկ համալիր փորձաքննության իրականացման ժամկետները և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` յուրաքանչյուր առանձին դեպքի համար:
40. Քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն:
41. Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի`
1) նախագծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը.
2) ելակետային փաստաթղթերին և օբյեկտի նախագծման տեխնիկական պայմաններին նախագծային լուծումների համապատասխանության վերաբերյալ կատարված եզրահանգումները.
3) հիմնական նախագծային լուծումների (սույն կարգի 23-րդ կետով սահմանված դեպքերում` նաև նախահաշվային փաստաթղթերի) վերլուծության արդյունքները, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին, հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները.
4) ընդունված նախագծային լուծումների վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները, նախագծում ճշտումներ ու լրացումներ կատարելու մասին հանձնարարականները, առաջարկվող ճշտումների հիմնավորումները` պարտադիր հղում կատարելով այն նորմին, որի խախտումն արձանագրվել է.
5) փորձաքննության ընթացքում աշխատանքային կարգով կատարված հիմնական փոփոխությունները և լրացումները.
6) քաղաքաշինական փաստաթուղթը երաշխավորելու կամ այն լրամշակման վերադարձնելու կամ այն մերժելու մասին որոշման հիմնավորումները: Փորձաքննություն իրականացնող մարմնի դիտողություններն ու առաջարկությունները կարող են ներկայացվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների ապահովման մասով:
(41-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
42. Փորձագիտական եզրակացությունը կարող է եզրափակվել հետևյալ սահմանումներից մեկով`
1) «Երաշխավորվում է նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին» (փորձագիտական դրական եզրակացություն), որից հետևում է, որ նախագիծը կարող է սահմանված կարգով պատվիրատուի կողմից ներկայացվել համաձայնեցման և հաստատվել: Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերված բացթողումների ու սխալների ուղղումը չի ենթադրում հիմնական նախագծային լուծումների փոփոխում, ապա նախագիծը ճշտվում և լրացվում է աշխատանքային կարգով, որից հետո տրվում է վերջնական փորձագիտական եզրակացությունը: Այդ դեպքում նախագիծը կրկնակի փորձաքննության չի ներկայացվում.
2) «Նախագիծը վերադարձվում է լրամշակման», որից հետևում է, որ նախագիծը ենթակա է լրամշակման` ըստ եզրակացությունում ներկայացված դիտողությունների և առաջարկությունների, որից հետո ճշտված և լրամշակված նախագծային փաստաթղթերի մասով այն պետք է պատվիրատուի կողմից ներկայացվի կրկնակի փորձաքննության: Լրամշակված նախագծի կրկնակի փորձաքննության համար ներկայացվում են փորձաքննության վերաբերյալ արված դիտողությունների հիման վրա փոփոխված նախագծային նյութերի մասին բացատրագիրը` անհրաժեշտ հիմնավորումներով, նախորդ դիտարկումից հետո փոփոխված և լրացված նախագծային փաստաթղթերը.
3) «Նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին», որից հետևում է, որ տվյալ նախագիծը ենթակա է հիմնավոր վերամշակման և պետք է փորձաքննության ներկայացվի որպես նոր նախագիծ:
43. Փորձագիտական դրական եզրակացությունը չի կարող պարունակել նախագծային լուծումների վերաբերյալ դիտողություններ, առաջարկություններ կամ նախագծում ճշտումներ ու լրացումներ կատարելու մասին հանձնարարականներ:
44. Փորձագիտական եզրակացությունը հաստատվում է փորձաքննություն իրականացրած մարմնի ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, և ուղարկվում է պատվիրատուին:
(44-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)
45. Փորձագիտական դրական եզրակացության կամ երաշխավորագրի գործողության ժամկետը երեք տարի է, որը լրանալուն պես տվյալ եզրակացությունը (երաշխավորագիրը) համարվում է ուժը կորցրած:
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում