Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով ընդհանուր ջանքերով զարգացնել զբոսաշրջության հարաբերությունները և համագործակցությունը երկու երկրների միջև,

հաշվի առնելով զբոսաշրջության կարևորությունը որպես բարեկամական հարաբերություններն ամրապնդող գործոն երկու երկրների ժողովուրդների միջև,

արտահայտելով ընդհանուր հետաքրքրություն զբոսաշրջության բնագավառում իրենց համագործակցության համար համապատասխան և երկարատև իրավական դաշտ ստեղծելու ուղղությամբ` Կողմերի օրենսդրությանը համապատասխան,

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության և միջազգային ճամփորդությունների սկզբունքներով և հանձնարարականներով, ըստ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոնֆերանսի եզրափակիչ փաստաթղթերի և համաձայն Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության հանձնարարականի,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց երկրների գործող օրենսդրությանն և կանոնակարգերին համապատասխան, կաջակցեն զբոսաշրջության բնագավառում զարգացմանը փոխշահավետության և իրավահավասարության հիմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համաձայն են կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը` աջակցելու և զարգացնելու զբոսաշրջիկների փոխանակում երկու երկրների միջև և խրախուսելու երրորդ երկրներից զբոսաշրջիկների ճամփորդությանը:

Կողմերը ակտիվորեն կաջակցեն զբոսաշրջության ոլորտը կառավարող պետական մարմինների, զբոսաշրջային ընկերությունների, զբոսաշրջային ասոցիացիաների, հյուրանոցային ցանցերի միջև հարաբերությունների հաստատմանը և կիրականացնեն այլ գործողություններ` դյուրացնելու երկու երկրների միջև զբոսաշրջիկների փոխանակումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կձգտեն դյուրացնել մաքսային և այլ ընթացակարգերը երկու երկրների միջև զբոսաշրջության փոխանակման ասպարեզում` հաշվի առնելով իրենց երկրների օրենսդրությունը և կանոնակարգերը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կնպաստեն զբոսաշրջության բնագավառում տեղեկության և տվյալների փոխանակմանը` կապված զբոսաշրջության վերաբերյալ օրենսդրական, ենթաօրենսդրական, վիճակագրական փաստաթղթերի, ուսումնական ծրագրերի, մարդկային ռեսուրսների մասնագիտական ուսուցման, զբոսաշրջության զարգացման ուսումնասիրման և հետազոտման համար:

Փոխադարձ հիմունքներով` Կողմերը կփոխանակեն զբոսաշրջության ոլորտի մասնագետներ` Կողմերի զբոսաշրջության ինֆրակառուցվածքին և զբոսաշրջության բնագավառի գործունեությանը ծանոթացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կդյուրացնեն զբոսաշրջությանը աջակցող նյութերի փոխանակումը և կխրախուսեն զբոսաշրջային ընկերություններին և գործակալություններին` մասնակցելու զբոսաշրջությանը վերաբերող միջոցառումներին: Գովազդային և վավերագրական նյութերը, ինչպես նաև զբոսաշրջության ցուցահանդեսների համար առանց առևտրական արժեքի նախատեսված նյութերը կազատվեն մաքսավճարներից:

Սակայն եթե նման նյութերը վաճառվեն, ներմուծվող /ընդունող/ երկրում, ապա կկիրառվեն համապատասխան երկրի մաքսային կանոնակարգերը և հարկերը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Երկու Կողմերը կձգտեն միջոցներ ձեռնարկել` իրենց հնարավորությունների սահմաններում ապահովելու զբոսաշրջության ոլորտի աշխատողների մասնագիտական ուսուցումը, կխրախուսեն փորձագետների և լրագրողների փոխանակումը, կնպաստեն երկու երկրների միջև հետազոտական կազմակերպությունների բազմակողմանի կապերին և համատեղ գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն զբոսաշրջության բնագավառում համագործակցությանը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի ներդրման վերաբերյալ տեղեկության փոխանակմանը, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Կողմերը կաջակցեն զբոսաշրջության ոլորտում տեխնիկական օգնության ապահովմանը հյուրանոցային, հասարակական սննդի և հյուրընկալման կազմակերպման հարցերում:

Կողմերը կդյուրացնեն զբոսաշրջային ընկերությունների և միությունների, մասնագետների և գործարար անձանց հանդիպումների կազմակերպումը, յուրաքանչյուր Կողմ հնարավորություն կունենա ներկայացնել տեղեկություն, վիճակագրություն, փաստաթղթեր և ներդրումային ծրագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի ազգային զբոսաշրջության ղեկավար մարմինները կհամակարգեն իրենց գործունեությունը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) և այլ միջազգային զբոսաշրջության կազմակերպությունների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը կարող են միմյանց տարածքներում բացել իրենց զբոսաշրջության պաշտոնական գրասենյակները: Գրասենյակի հիմնումը և նրա գործունեությունը կհամաձայնեցվեն Կողմերի պետական իշխանությունների հետ և կենթարկվեն Կողմերի ազգային օրենսդրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի դրույթների կատարումը Կողմերը հանձնարարում են իրենց երկրների զբոսաշրջության ոլորտը կառավարող պետական մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով կստեղծվի Համատեղ հանձնաժողով, որը բաղկացած կլինի երկու երկրների ներկայացուցիչներից:

Համատեղ հանձնաժողովը կգումարվի երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար երկու երկրներում` զբոսաշրջության բնագավառում երկկողմանի հարաբերությունների և համագործակցության զարգացման ու հետագա շրջանի հիմնական ուղղությունների հաստատման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է Կողմերի օրենսդիր մարմինների հաստատմանը և ուժի մեջ կմտնի համապատասխան իրավական ընթացակարգերի կատարման մասին միմյանց վերջին ծանուցման պահից:

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա հինգ տարվա ընթացքում և կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս հինգ տարի ժամկետով, եթե Կողմերից մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չծանուցի դրա դադարեցման իր մտադրության մասին:

 

Համաձայնագրի չեղյալ հայտարարումը, այնուամենայնիվ, չի անդրադառնա սույն Համաձայնագրի գործելու ժամանակաշրջանում ընդունված ծրագրերի և նախագծերի իրագործման վրա, եթե Կողմերը չեն համաձայնել այլ կերպ:

 

Կատարված է Երևանում 1996 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակով, հայերեն, ռումիներեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի նոյեմբերի 16-ից:

 

 

pin
Ռումինիա
25.03.1996
Համաձայնագիր