Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր, ելնելով հարկային օրենսդրության պահպանման հարցերում միջազգային համագործակցության և փոխադարձ օգնության կարևորությունից և ցանկանալով այդ նպատակով հնարավորին չափ լայն աջակցություն ցուցաբերել միմյանց,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող տերմինները նշանակում են`

«հարկային օրենսդրություն» - տվյալ Կողմի տարածքում հարկերի տեսակները և դրանց գանձման կարգը սահմանող և հարկային պարտավորությունների առաջացման, փոփոխման և դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավաբանական նորմերի ամբողջություն,

«հարկային օրենսդրության խախտում» - հակաիրավական գործողություն կամ անգործունեություն, որն արտահայտվում է հարկատուի կողմից բյուջեի հանդեպ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու մեջ, որի համար սահմանված է իրավաբանական պատասխանատվություն,

«իրավասու հարկային մարմիններ»`

Հայաստանի Հանրապետության առնչությամբ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը,

Վրաստանի առնչությամբ` Վրաստանի պետական հարկային ծառայությունը,

«հարցում անող հարկային ծառայություն» - Կողմի իրավասու հարկային մարմին, որը հարկային հարցերով աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցում է անում (այսուհետ` աջակցության մասին հարցում),

«հարցումը ստացող հարկային ծառայություն» - Կողմի իրավասու հարկային մարմին, որը ստանում է հարկային հարցերով աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Կողմերը հարկային իրավասու մարմինների միջոցով հարկային օրենսդրության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով փոխադարձաբար աջակցում են միմյանց.

հարկային օրենսդրության խախտումները կանխելու և խափանելու գործում,

աջակցության մասին հարցումով կամ նախաձեռնության կարգով իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկային օրենսդրությունը պահպանելու վերաբերյալ տեղեկություն տրամադրելու գործում,

ազգային հարկային համակարգերի և հարկային օրենսդրության ընթացիկ փոփոխությունների մասին տեղեկություններ տրամադրելու գործում,

հարկային մարմինների աշխատանքն ապահովող համակարգչային համակարգեր ստեղծելու և գործադրելու գործում,

հարկ վճարողների և հարկային մարմինների հետ աշխատանքը կազմակերպելու գործում, ներառյալ հարկային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության ապահովման գծով մեթոդական հանձնարարականների մշակումը,

կադրերի ուսուցման և մասնագետների փոխանակման բնագավառում,

համատեղ գործողություններ պահանջող այլ հարցերում:

Սույն Համաձայնագրի դրույթները չեն խոչընդոտում իրավասու հարկային մարմինների համագործակցությանը` Կողմերի միջև կնքված այլ համաձայնագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Աջակցության մասին հարցումը պետք է ուղարկել գրավոր` կցելով դրա քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Արտակարգ իրավիճակում աջակցության մասին հարցումը կարող է արվել բանավոր` հետագայում հնարավորինս կարճ ժամկետներում այն գրավոր հաստատելով:

Աջակցության մասին հարցումը պետք է ներառի`

հարցում անող հարկային ծառայության անվանումը,

հարցումը ստացող հարկային ծառայության անվանումը,

հարցման նպատակն ու պատճառը,

հարկ վճարողի անվանումը (անունը) և հասցեն, որի նկատմամբ արվում է հարցումը,

հարցման էության և դրա հետ կապված իրավաբանական հանգամանքների համառոտ շարադրանքը` նշելով դիտարկվող ժամանակաշրջանը և հարկերի կոնկրետ տեսակները:

Հարցումը պետք է արվի ռուսերեն: Կողմերի խնդրանքով տրամադրվող նյութը կարող է թարգմանվել հայերեն կամ վրացերեն:

Հարցումը ստացող հարկային ծառայությունն իրավասու է լրացուցիչ տեղեկություններ պահանջել աջակցության մասին ստացված հարցման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Իրավասու հարկային մարմինները միմյանց աջակցում են ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության սահմաններում:

Հարցում անող հարկային ծառայությունը կարող է իր խնդրանքով ծանուցվել աջակցության մասին հարցումը կատարելու համար իրականացվող գործողությունների անցկացման ժամանակի և տեղի մասին, իսկ նրա ներկայացուցիչները, լրացուցիչ համաձայնության դեպքում, կարող են ներկա լինել դրանց անցկացմանը:

Եթե աջակցության մասին հարցումը չի կարող կատարվել հարցում ստացող հարկային ծառայության կողմից, նա հարցումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է հարցում անող հարկային ծառայությանը` նշելով աջակցելը մերժելու պատճառները:

Աջակցության մասին հարցման կատարումը կարող է մերժվել, եթե դրա կատարումը հակասում է հարցում ստացող Կողմի ազգային օրենսդրությանը կամ պրակտիկային:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Իրավասու հարկային մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ աջակցության մասին հարցումով միմյանց տրամադրում են տեղեկություններ`

ձեռնարկությունների, դրանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման մասին, ներառյալ` դրանց գտնվելու վայրի, ենթակայության, սեփականության ձևի և այլնի վերաբերյալ,

իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից պետական ու առևտրային բանկերում հաշիվներ բացելու, ինչպես նաև դրանցում դրամական միջոցների առկայության ու շարժի մասին,

տվյալ Կողմի տարածքում իրավաբանական ու ֆիզիկական անձանց ստացած բոլոր տեսակի եկամուտների և հարկման օբյեկտների, հարկերի վճարված գումարների և հարկման հետ կապված այլ հարցերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

Հարցում ստացող հարկային ծառայությունը, աջակցության մասին հարցման համաձայն, տրամադրում է նորմատիվ ակտեր, փաստաթղթերի հաստատված պատճեններ և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են հարկային հետաքննություն կատարելու համար:

Փաստաթղթերի և այլ նյութերի բնօրինակները կարող են պահանջվել այն դեպքում, երբ հաստատված պատճենները հետաքննության համար բավարար չեն: Փաստաթղթերի և այլ նյութերի փոխանցվող բնօրինակները պետք է վերադարձվեն համաձայնեցված ժամկետներում:

Նյութերը կարող են տրամադրվել համակարգչային տեղեկության տեսքով` լրացուցիչ փոխանցելով այդ նյութերի մեկնաբանման համար անհրաժեշտ օժանդակ տեղեկությունը:

Անհրաժեշտության դեպքում մի Կողմի հարկային մարմինները հավաստում են մյուս Կողմում հարկման համար պահանջվող իրավաբանական և ֆիզիկական անձանց փաստաթղթերը առանց վերադաս հարկային մարմինների հետ լրացուցիչ համաձայնեցնելու:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Աջակցության մասին հարցումները, փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները փոխանցվում են Կողմերի համաձայնությամբ որոշվող կարգով:

Աջակցությունն իրականացվում է իրավասու հարկային մարմինների ղեկավարների կողմից որոշված պաշտոնատար անձանց ուղղակի պաշտոնական կապերի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Կոնկրետ հարկ վճարողներին վերաբերող տեղեկությունը համարվում է գաղտնի և ապահովվում է հարցում ստացող հարկային ծառայության պահանջներին համապատասխանող պաշտպանության ռեժիմով:

Ստացած տեղեկությունը Կողմերը կարող են օգտագործել միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով, այդ թվում նաև` վարչական կամ դատական քննության համար: Տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակների համար միայն հարցում ստացող Կողմի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Կողմերը կձգտեն հասնել փոխհամաձայնության այն վիճելի հարցերը կարգավորելիս, որոնք կարող են ծագել սույն Համաձայնագիրը մեկնաբանելիս կամ կիրառելիս:

Անհրաժեշտության դեպքում Կողմերը սույն Համաձայնագրի իրագործման ընթացքը և դրա մեջ փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը գնահատելու համար կանցկացնեն խորհրդակցություններ: Այդպիսի խորհրդակցությունների ժամկետները Կողմերը որոշում են լրացուցիչ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից և դադարեցնում է իր գործողությունը այն օրվանից վեց ամիս լրանալուց հետո, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր հայտնում է դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի հունվարի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի հայերեն և վրացերեն տեքստերի վերաբերյալ Կողմերի մոտ տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք կընդունվի սույն Համաձայնագրի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հուլիսի 5-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
14.01.1997
Համաձայնագիր