Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

համոզված լինելով, որ գիտատեխնիկական համագործակցությունը հանդիսանում է երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի կարևոր բաղադրիչ տարրը, և ընդունելով գիտական հետազոտությունների և մշակումների միջազգայնացման պայմաններում փոխգործակցության անհրաժեշտությունը,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ձևավորվող գիտատեխնիկական կապերը,

նկատի ունենալով, որ նման փոխադարձ կապերը կնպաստեն երկու երկրների և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև կստեղծեն նախադրյալներ փոխշահավետ առևտրատնտեսական կապերի զարգացման համար,

անհրաժեշտ համարելով այդ համագործակցության համար երկարաժամկետ հիմքերի ստեղծումը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կզարգացնեն գիտատեխնիկական համագործակցություն իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հաշվի առնելով երկու երկրների գիտատեխնիկական քաղաքականության առաջնայնությունները` Կողմերը կզարգացնեն համագործակցություն հետևյալ ուղղություններով.

համագործակցություն գիտությունների ազգային ակադեմիաների միջև,

հետազոտություններ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման բնագավառում,

մասնագետների պատրաստում և ստաժավորում,

ստանդարտացում, չափագիտություն և սերտիֆիկացում,

մտավոր սեփականության պահպանություն,

գիտատեխնիկական տեղեկատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների նախարարությունների, գերատեսչությունների, ազգային ակադեմիաների, գիտահետազոտական հիմնարկների, բուհերի, ֆիրմաների, գիտական կազմակերպությունների և ընկերությունների, առանձին գիտնականների և մասնագետների կողմից` նրանց իրավասության շրջանակներում, ուղղակի համաձայնագրերի հիման վրա և ազգային օրենսդրություններին համապատասխան: Համագործակցության ընդհանուր ղեկավարումը և համակարգումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից: ՈՒղղակի համաձայնագրերը պետք է սահմանեն համագործակցության ծրագրերի իրականացման հարցերը, դրա տնտեսական և կազմակերպչական պայմանները` մասնավորապես.

համագործակցության նպատակներն ու բովանդակությունը, առաջադրանքներն ու սպասվող արդյունքները, համատեղ ծրագրերի իրագործման ժամկետներն ու պայմանները,

համագործակցության շրջանակներում պետություններից յուրաքանչյուրում կատարվող աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները, փոխադարձ ֆինանսական պարտավորությունները,

գիտատեխնիկական օբյեկտների համատեղ օգտագործման, ինչպես նաև համատեղ հետազոտությունների օգտագործման կարգը և՛ մտավոր և՛ արդյունաբերական սեփականության հարցերի կարգավորումը,

վիճելի հարցերի լուծման կարգը և վնասների հատուցման կարգը, որոնք կարող են գործընկերներին հասցվել համագործակցության իրագործմանը մասնակցած անձանց կողմից, համագործակցության շրջանակներում իրենց պարտավորությունների անմիջական կատարման ժամանակ,

համագործակցությանը երրորդ պետությունների անձանց կամ միջազգային կազմակերպությունների մասնակցության, այդպիսի մասնակցության ֆինանսական ապահովման և այդ անձանց կամ կազմակերպությունների համագործակցության արդյունքների օգտագործման կարգը,

համագործակցության ընթացքում միմյանց փոխանցվող տեղեկության հավաստիության և նյութերի ու սարքավորումների որակի համար պատասխանատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրագործվել հետևյալ ձևերով`

համատեղ գիտահետազոտական ծրագրերի, գիտատար տեխնոլոգիաների ստեղծման և յուրացման նախագծերի իրականացում,

նոր տեխնոլոգիաների յուրացումը ապահովող համատեղ գիտական կոլեկտիվների, լաբորատորիաների, ինչպես նաև ինովացիոն ֆիրմաների և կազմակերպությունների ձևավորում,

մյուս Կողմի պետության գիտահետազոտական հաստատություններում, բուհերում, տեխնոպարկերում, արխիվներում, գրադարաններում և թանգարաններում գիտական աշխատանքը` ներառյալ համատեղ դաշտային հետազոտություններն ու արշավները,

գիտատեխնիկական տեղեկության, փաստաթղթերի, գրականության և մատենագիտական հրատարակությունների փոխանակում,

համատեղ սեմինարների, գիտական կոնֆերանսների և աշխատանքային հանդիպումների անցկացում,

գիտնականների և մասնագետների փոխանակում,

գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացում, ստաժավորման կազմակերպում,

ինչպես նաև այլ փոխհամաձայնեցված ձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը պարտավորվում են սույն Համաձայնագրի հիման վրա իրենց և իրենց ներկայացուցիչների ստացած գիտատեխնիկական տեղեկությունը և փաստաթղթերը չփոխանցել որևէ երրորդ երկրի առանց Կողմերի միջև պաշտոնական համաձայնեցման:

Կողմերը պայմանավորվեցին, որ համագործակցության ընթացքում ստացած գիտական և գիտատեխնիկական տեղեկությունը, բացի նրանից, որը վերաբերում է մտավոր և արդյունաբերական սեփականությանը, կամ որը առևտրային կամ արտադրական պատճառներով ենթակա չէ հրապարակման, փոխադարձ համաձայնությամբ բաց կլինի համաշխարհային գիտական հասարակության համար` դրա փոխանցման համընդհանուր ընդունված միջոցների օգտագործման ճանապարհով և Կողմերի պետությունների գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կլուծեն մտավոր սեփականության (որը կարող է ստեղծվել համագործակցության արդյունքում) պաշտպանության հարցերը` հաշվի առնելով պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությունը և միջազգային իրավունքի նորմերը: Մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքի և դրա օգտագործման հետ կապված խնդիրների լուծման կոնկրետ հարցերը, դրա հետ կապված հնարավոր ֆինանսական պարտավորությունները համաձայնեցվում են 3-րդ հոդվածով նախատեսված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի կատարման և հայկական ու վրացական կազմակերպությունների միջև գիտատեխնիկական համագործակցության իրականացման համար մասնագետների գործուղումների հետ կապված ֆինանսական ծախսերը կկատարվեն Կողմերի պայմանավորվածություններից բխող պայմաններով, որոնք մանրամասնորեն սահմանվում են սույն Համաձայնագրի իրագործմանն առնչվող փաստաթղթերում և համագործակցող կազմակերպությունների պայմանագրերում ու կոնտրակտներում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Համատեղ ծրագրերում մասնակցող և այդ ընթացքում մյուս պետության տարածքում գտնվող մի պետության անձանց բժշկական սպասարկման հարցերը (սուր հիվանդությունների կամ դժբախտ պատահարների դեպքում) լուծվում են ընդունող կազմակերպության հաշվին` նույն պայմաններով, ինչպիսիք ընդունող կազմակերպության աշխատակիցների համար են:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից ու համաձայնագրերից բխող իրավունքները և պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անհրաժեշտության դեպքում, փոխադարձ համաձայնությամբ, Կողմերը կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի դրույթների կատարման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին ծանուցման օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի դրա գործողության ընթացքում սկսված և գործողության դադարեցման պահին չավարտված ծրագրերի իրականացման վրա:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 3-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակների համար օգտագործվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
03.05.1997
Համաձայնագիր