Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2007  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0045.260805

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         08           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2005 թվականի N 45-Ն

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը (Հավելված 1):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 4-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 11/7-Ն որոշումը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. օգոստոսի 22-ի

թիվ 45-Ն որոշման

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) մշտական հիմունքներով գործող պետական մարմին է:

2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովը որոշումներ է ընդունում Օրենսգրքով նախատեսված դեպքերում` իր լիազորությունների սահմաններում:

5. Հանձնաժողովն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան կնիք, կարող է ունենալ ձևաթուղթ, իր գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:

6. Հանձնաժողովի գտնվելու վայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահից տասնհինգ օր հետո:

i

8. Հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` Հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով` մասնագիտական դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած անձանցից, բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ դատական ծառայողների, որոնք Հանձնաժողովում անդամներ նշանակում են դատական ծառայողների կազմից:

(8-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

9. Հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` Հանձնաժողովների կազմավորումից առնվազն 10 օր առաջ:

10. Հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա Հանձնաժողովի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

i

11. Հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև Հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում սահմանված կարգով Հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն քանակը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը` դատական ծառայողների կազմից:

(11-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը ընտրվում են Հանձնաժողովի առաջին նիստում` Հանձնաժողովի անդամների կազմից:

13. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամն ինքը կարող է առաջադրել իր թեկնածությունը:

14. Նիստը վարողը գրանցում է Հանձնաժողովի նախագահ առաջադրված թեկնածուների անուն-ազգանունները: Ինքնաբացարկն ընդունվում է առանց քվեարկության:

15. Գրանցված թեկնածուները պատասխանում են Հանձնաժողովի անդամների հարցերին, կարող են ելույթ ունենալ:

16. Հանձնաժողովի նախագահի ընտրությունը կարող է անցկացվել բաց կամ գաղտնի քվեարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ:

17. Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ կամ ձեռնպահ:ա

i

(17-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

18. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

19. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի անդամներից ընտրված հաշվիչ հանձնաժողովը: Գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար նիստը վարողը հայտարարում է մինչև մեկ ժամ տևողությամբ ընդմիջում:

20. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից:

21. Քվեաթերթիկներում այբբենական հերթականությամբ նշվում են առաջադրված և ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները, իսկ աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններ:

22. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն տողի ներքևում գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

23. Հանձնաժողովի անդամը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում (սենյակում), նշում կատարելով այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում:

24. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում Հանձնաժողովի անդամը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ» եմ բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց:

25. Քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները: Նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքների հիման վրա Հանձնաժողովն ընդունում է որոշում Հանձնաժողովի նախագահ ընտրվելու մասին:

26. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

i

27. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն:

(27-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

i

28. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:

(28-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

29. Հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հանձնաժողովի անդամներից:

30. Հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունն անցկացվում է Հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

31. Հանձնաժողովի նախագահը`

ա) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) սահմանում է Հանձնաժողովի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

գ) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

դ) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

ե) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոշումները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

զ) ելույթների համար` ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.

է) զգուշացումներ է անում կանոնակարգը խախտողներին.

ը) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.

թ) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում` զրկում խոսքից, նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից.

ժ) կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.

ժա) վերահսկում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքը.

ժբ) ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմիններում, ատյաններում և իրավահարաբերություններում.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

32. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել իր դիմումի համաձայն, որը նրա կողմից ներկայացվում է հանձնաժողովի նիստին: Այն ընդունվում է ի գիտություն:

33. Եթե հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարել են Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու Օրենսգրքով նախատեսված դեպքերում, ապա Հանձնաժողովի նախագահի տեղակալը եռօրյա ժամկետում հրավիրում է արտահերթ նիստ` Հանձնաժողովի նախագահի ընտրության համար:

34. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

35. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է Հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն` Օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

36. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

ա) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա բացակայության ընթացքում.

բ) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

գ) ապահովում է ընտրությունների վերաբերյալ ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:

37. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

38. Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

39. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը.

բ) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստերի օրակարգը.

գ) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստերի օրակարգի հարցերի մասին` նիստից առնվազն մեկ օր առաջ.

դ) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը, հրավիրված անձանց ներկայությունը.

ե) արձանագրում և ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

զ) ապահովում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.

է) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ուղարկումն ըստ պատկանելության.

ը) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և Օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները.

թ) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

ժ) իրականացնում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

40. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

41. Հանձնաժողովի քարտուղարը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 7
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

42. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

ա) նախապես ծանոթանալ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

բ) ելույթներ ունենալ Հանձնաժողովի նիստերում.

գ) Հանձնաժողովի նիստում ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.

դ) Հանձնաժողովի նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ.

ե) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում.

զ) ծանոթանալ Հանձնաժողովում ստացված փաստաթղթերին.

է) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

ը) ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն.

թ) օգնել ստորադաս ընտրական հանձնաժողովների անդամներին և ընտրությունների մյուս մասնակիցներին` իրավաբանական, կազմակերպչական և մեթոդական խորհրդատվություններով:

43. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

ա) կատարել Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.

բ) մասնակցել Հանձնաժողովի նիստերին.

գ) կազմակերպել Հանձնաժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:

44. Հանձնաժողովի անդամը`

ա) ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից.

բ) համապետական ընտրությունների ժամանակ կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ.

գ) իր գործունեության ընթացքում կարող է ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունները կատարելուց:

45. Հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Օրենսգրքով սահմանված կարգով:

Հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:

46. Հանձնաժողովների անդամների լիազորություններն իրականացվում են մինչև նոր Հանձնաժողովների կազմավորումը:

47. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են Օրենսգրքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

 

i

48. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի:

Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են Հանձնաժողովի նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:

Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:

(48-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

49. Հանձնաժողովի առաջին նիստի օրը նախորդ Հանձնաժողովի լիազորությունները դադարում են:

50. Հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է Հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին:

i

51. Առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը վարողը և Հանձնաժողովի քարտուղարը:

(51-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

52. Հանձնաժողովի հերթական նիստն անցկացվում է Հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված Հանձնաժողովի նիստերի ժամանակացույցին համապատասխան` նիստի օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:

53. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:

54. Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցության մասին նշվում է Հանձնաժողովի նիստերի գործավարության մատյանում: Այդ գրառման տակ ստորագրում են Հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

55. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է:

56. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի և օրակարգի մասին Հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում Հանձնաժողովի անդամներին:

57. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:

58. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

59. Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել`

ա) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.

բ) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.

գ) դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները.

դ) առաջադրված թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները` թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ:

60. Հանձնաժողովի նիստում ներկա գտնվող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը` միայն նիստը վարողի թույլտվությամբ:

61. Հանձնաժողովի նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Նիստը վարողը ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ:

62. Նիստը վարողը, ելնելով աշխատանքի արդյունավետությունից, կարող է փոխել օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը, եթե չկա առարկություն:

63. Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկությունների դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:

64. Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

65. Նիստերի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

 

ԳԼՈՒԽ 9
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

66. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ, Օրենսգրքով սահմանված կարգով:

67. Հանձնաժողովի նիստում ներկայացվող հարցի կապակցությամբ Հանձնաժողովի անդամները կարող են`

ա) տալ հարցեր զեկուցողին.

բ) ելույթ ունենալ` մինչև 5 րոպե.

գ) ներկայացնել առաջարկություններ:

68. Քննարկվող հարցի կապակցությամբ նիստը վարողն ունի ելույթի իրավունք` մինչև 7 րոպե:

69. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է Հանձնաժողովի քարտուղարը:

70. Նիստը վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:

71. Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները: Անհրաժեշտության դեպքում քվեարկությունը հետաձգվում է` որոշման նախագիծը նոր տեսքով քվեարկության ներկայացնելու համար:

72. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, իսկ նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:

73. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ կամ ձեռնպահ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:

74. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

i

75. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը:

(75-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

i

76. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թվից:

Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերում որոշումներ ընդունելու վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:

(76-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 4-Ն որոշում)

77. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունվելու կամ չընդունվելու մասին:

78. Քվեարկության արդյունքները գրառվում են նիստի արձանագրությունում:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.08.2005
N 45-Ն
Որոշում