Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ...

14.07.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1998  -ից մինչեւ   14.07.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 04.06.03 թիվ 214-Ա հրաման)

i

050.0330.191297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 330

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԻՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «ա» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 322 որոշումը ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1997 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 526 հրամանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» վերախմբագրված կարգը (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված կարգը գործողության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշմամբ հաստատված կարգը գործողության մեջ դնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

         ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                         ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

     ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ                  ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ

           ՆԱԽԱԳԱՀ                           ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

                                               ՆԱԽԱՐԱՐ

19 դեկտեմբերի 1997թ.

     050.0330.191297                     19 դեկտեմբերի 1997թ. հր. 526

         Բ. ԱՍԱՏՐՅԱՆ                      Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ              

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԻՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ Կ Ա Ր Գ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգը սահմանվել է համաձայն 1997թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի:

1.2. Սույն կարգով սահմանվում է բանկերի կողմից տրված վարկերի (այդ թվում` օվերդրաֆտ, վարկային քարտեր, այլ բանկերում ներդրված դեպոզիտներ (այդ թվում նաև` բանկային ոսկով)) դասակարգումը, դրանց հնարավոր կորուստների պահուստի (այսուհետև` պահուստ) ձևավորումը և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրումը:

Պահուստին ուղղվող մասհանումները կատարվում են բանկի ծախսերից, իսկ մասհանված միջոցների հաշվառումը տարվում է «Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ» հաշվով:

1.3. Պահուստին ուղղվող մասհանումները, անկախ հաշվետու ժամանակաշրջանում ստացված եկամուտների մեծությունից, կատարվում են ըստ սույն կարգի 2.13 կետում սահմանված վարկային ռիսկի դասակարգման աղյուսակի:

1.4. Պահուստին ուղղվող մասհանումները կատարվում են բանկի կողմից տրամադրված բոլոր վարկերի գծով:

Պահուստի միջոցներն օգտագործվում են սույն կարգի 2.17 կետում սահմանված անհուսալի վարկերի դուրսգրման համար:

1.5. Պահուստի ընդհանուր մեծությունը, կախված հատկացված վարկի գումարից (արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում` նաև արտարժույթի փոխարժեքից) և վարկային ռիսկի գնահատման դասից, ճշտվում է`

ա) մարման ժամկետը չլրացած վարկերի համար` տրամադրման պահից սկսած յուրաքանչյուր 30-րդ օրը, բայց մարման օրից ոչ ուշ,

բ) մարման ժամկետը լրացած (ժամկետանց) վարկերի համար` մարման ժամկետը լրանալու պահին, այնուհետև` յուրաքանչյուր 30-րդ օրը:

Պահուստին ուղղվող միջոցների հաշվեգրումները կատարվում են սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված ժամկետներից ոչ ուշ:

 

Ժամկետանց և երկարաձգված վարկեր

 

1.6. Սույն կարգի նպատակների համար ժամկետանց վարկեր են համարվում`

ա) այն վարկերը, որոնք պայմանագրում սահմանված ժամկետում չեն մարվել, և որոնց մարման ժամկետը չի երկարաձգվել նախքան վարկային պայմանագրում նշված վարկի մարման սկզբնական ժամկետի լրանալը,

բ) սույն կարգի 2.3-2.5 կետերում սահմանված առաջնակարգ ապահովված, այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող այն վարկերը, որոնք երկարաձգվել են` պայմանագրով սահմանված մարման ժամկետի ավարտին տոկոսներն ամբողջությամբ չվճարված,

գ) սույն կարգի 2.4 և 2.5 կետերում սահմանված այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող վարկերը, եթե վարկի տոկոսները վճարվել են, սակայն բոլոր երկարաձգումների ընդհանուր տևողությունը գերազանցում է վարկային պայմանագրով նախատեսված սկզբնական ժամկետը չորս և ավելի անգամ:

1.7. Վարկի դիմաց մինչև մարման օրը հաշվեգրված տոկոսագումարը համարվում է ժամկետանց տոկոս, եթե այն չի վճարվել վարկային պայմանագրում նշված ժամկետներում և դրանց վճարման ժամկետները չեն երկարաձգվել:

1.8. Երկարաձգված են համարվում այն վարկերը, որոնց մարման ժամկետը, կողմերի փոխհամաձայնությամբ, պայմանագրային կարգով երկարաձգվել է նախքան վարկի մարման սկզբնական ժամկետի լրանալը:

1.9. Սույն կարգի 1.6-1.8 կետերում նշված դասակարգումը տարածվում է ինչպես վարկի ամբողջ գումարի, այնպես էլ դրա մասերի վրա:

 

II. Վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման կարգը

 

2.1. Վարկային ռիսկի գնահատման նպատակով վարկերը, ելնելով հատկացված վարկերի ապահովվածության աստիճանից, մարման ժամկետանց օրերից, վարկի մարման ժամկետի երկարաձգումից և տոկոսների վճարումից, վարկառուի ֆինանսական վիճակից (ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համաձայն), դասակարգվում են 4 դասի` համապատասխան ռիսկի գործակիցներով:

 

Վարկերի խմբավորումն ըստ ապահովվածության աստիճանի

 

2.2. Վարկերը, կախված ապահովվածության աստիճանից, խմբավորվում են առաջնակարգ ապահովված, այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող (բլանկային) վարկերի:

2.3. Առաջնակարգ ապահովված վարկերի խմբին են դասվում այն վարկերը, որոնք ամբողջությամբ ապահովված են.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորագրերով (բյուջետային երաշխիքներ),

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երաշխիքներով,

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ, արտերկրի առաջնակարգ բանկերի երաշխավորագրերով, երաշխիքներով կամ առաջնակարգ ապահովագրական ընկերությունների ապահովագրական վկայականներով (պոլիսներով),

դ) SDR-ի կամ ECU-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթի (այդ թվում` արտարժույթով դեպոզիտի) գրավով,

ե) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի գրավով,

զ) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների (այդ թվում` ոսկով հաշիվների) գրավով,

է) հայկական դրամի (այդ թվում` հայկական դրամով դեպոզիտի) գրավով:

2.4. Այլ ապահովվածություն ունեցող վարկեր են համարվում այն վարկերը, որոնք ապահովված են 2.3 կետում չընդգրկված երաշխիքներով, երաշխավորագրերով, ապահովագրային պոլիսներով կամ գրավով:

2.5. Ապահովվածություն չունեցող վարկեր են համարվում այն վարկերը, որոնց վերադարձելիությունը վարկառուների կողմից ապահովված չէ որևէ գրավով, ապահովագրային պոլիսներով, երաշխիքով կամ երաշխավորագրով, կամ որոնց ապահովման համար տրված երաշխիքը, երաշխավորագիրը, գրավի իրավունքը կամ պոլիսը դադարել կամ անվավեր է ճանաչվել օրենքով նախատեսված հիմքերով:

2.6. Սույն կարգի 2.3 - 2.5 կետերում նշված դասակարգումը տարածվում է ինչպես վարկի ամբողջ գումարի, այնպես էլ դրա մասերի վրա:

 

Վարկերի խմբավորումն ըստ ժամկետանց օրերի թվի

 

2.7. Կախված ժամկետանց օրերի թվից` վարկերը դասակարգվում են հինգ խմբի.

ա) վարկը ժամկետանց դառնալու պահից մինչև 30-օրյա ժամկետանց վարկ,

բ) վարկը ժամկետանց դառնալու պահից` 30-րդ օրից մինչև 60-օրյա ժամկետանց վարկ,

գ) վարկը ժամկետանց դառնալու պահից` 60-րդ օրից մինչև 90-օրյա ժամկետանց վարկ,

դ) վարկը ժամկետանց դառնալու պահից` 90-րդ օրից մինչև 180-օրյա ժամկետանց վարկ,

ե) վարկը ժամկետանց դառնալու պահից` 180-օրյա և ավելի ժամկետանց վարկ:

2.8. Վարկերի խմբավորումն ըստ ապահովվածության աստիճանի, ժամկետանց օրերի թվի և երկարաձգման ու տոկոսների վճարման գործոնների` հիմք է հանդիսանում վարկային ռիսկի դասի որոշման համար:

2.9. Վարկային ռիսկի յուրաքանչյուր դասին համապատասխանում է վարկային ռիսկի իր գործակիցը, որի միջոցով հաշվարկվում է պահուստ ուղղվող մասհանման չափը:

 

Վարկային ռիսկի դասակարգումը

 

  ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԴԱՍԸ           ՌԻՍԿԻ ԳՈՐԾԱԿԻՑԸ (%)

                    առաջնակարգ ապահովված      այլ ապահովվածություն

                         վարկեր            ունեցող և  ապահովվածություն

                                                 չունեցող վարկեր

 1. Ստանդարտ               0-2                       2

 2. Ոչ ստանդարտ           0-20                      2-20

 3. Վտանգավոր             0-70                      20-70

 4. Անհուսալի              100                       100

 

2.10. Այն դասում, որտեղ գործակցի համար սահմանված են նվազագույն և առավելագույն սահմաններ, պահուստին ուղղվող մասհանման չափը որոշում է բանկը` ելնելով վարկի ապահովվածության աստիճանից և տվյալ պահին վարկառուի ֆինանսական վիճակից:

2.11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, բանկի վարկային պորտֆելի ստուգման արդյունքների հիման վրա, կարող է բանկին պարտավորեցնել պահուստին ուղղվող մասհանումները կատարել ընդհուպ վարկային ռիսկի դասերի գործակցի առավելագույն չափը, ինչպես նաև ճշտել հատկացված վարկերի դասը` ելնելով սույն կարգի 2.1 կետից:

2.12. Այն դեպքում, երբ վարկառուն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ կամ դատարանի կողմից հաստատվել է բռնագանձման անհնարինության ակտը, նրան հատկացված վարկը անմիջապես դասվում է անհուսալիների շարքին:

2.13. Ըստ ապահովվածության աստիճանի և ժամկետանց օրերի թվի, հատկացված վարկի ռիսկի գնահատման և դրան համապատասխան պահուստին ուղղվող մասհանումների համար հիմք է հանդիսանում դասակարգման հետևյալ աղյուսակը.

 

Ա ղ յ ու ս ա կ

Վարկային ռիսկի դասակարգումը

 

        ՎԱՐԿԻ                 Առաջնակարգ    Այլ ապահովվածություն

    ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ          ապահովված       ունեցող և

                                վարկեր         ապահովվածություն

                                               չունեցող   

   ՏՐՄԱՆ                                       վարկեր   

ՊԱՀԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ

ՕՐԵՐԸ

 

   1. Վարկի տրամադրման         ստանդարտ        ստանդարտ

   պահին                         0-2 %           2 %

   2. Վարկի ժամկետանց           ստանդարտ     ոչ ստանդարտ

   դառնալու պահից մինչև           0-2 %          2-20 %

60-րդ օրը

   3. Ժամկետանց դառնալու      ոչ ստանդարտ     վտանգավոր

   պահից 60-րդ օրից մինչև        0-20 %         20-70 %

90-րդ օրը

   4. Ժամկետանց դառնալու       վտանգավոր      վտանգավոր

   պահից 90-րդ օրից մինչև        0-70 %         20-70 %

180-րդ օրը

   5. Ժամկետանց դառնալու       անհուսալի      անհուսալի

   պահից 180-րդ օրը և  ավելի      100 %          100 %

 

2.14. Բոլոր վարկերը հատկացման պահին համարվում են ստանդարտ: Ստանդարտ վարկերի խմբին են դասվում նաև`

ա) այն վարկերը, որոնց դիմաց հաշվարկված տոկոսների վճարումը փաստացի կատարվում է վարկային պայմանագրերով (այդ թվում նաև` երկարաձգված) նշված ժամկետներում` բացառությամբ 1.5 «գ» կետում նշված դեպքերի,

բ) վարկի ժամկետանց դառնալու պահից մինչև 60-րդ օրը լրացած առաջնակարգ ապահովված վարկերը,

գ) այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող ժամկետային (մարման ժամկետը դեռևս չլրացած) վարկերը:

Բանկերը գործառնական օրվա ավարտից հետո, տվյալ օրը, հատկացված յուրաքանչյուր առաջնակարգ ապահովված ստանդարտ վարկերի գծով պահուստին են ուղղում վարկի գումարի 0-2 տոկոսի, իսկ այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող ստանդարտ վարկերի գծով` 2 տոկոսի չափով գումար:

 

2.15. Ոչ ստանդարտ վարկերի խմբին են դասվում`

ա) առաջնակարգ ապահովված ժամկետանց վարկերը` ժամկետանց դառնալու 60-րդ օրից մինչև 90-րդ օրը,

բ) այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող ժամկետանց վարկերը` ժամկետանց դառնալու պահից մինչև 60-րդ օրը:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում կատարվող դասակարգումը տարածվում է նաև 1.5. «բ» և «գ» ենթակետերում սահմանված ժամկետանց վարկերի վրա:

Առաջնակարգ ապահովված ոչ ստանդարտ վարկերի գծով բանկերը պահուստ են ուղղում հատկացված վարկերի 0-20 %-ի, իսկ այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող ոչ ստանդարտ վարկերի գծով` 2-20 %-ի չափով գումար:

2.16. Վտանգավոր վարկերի խմբին են դասվում`

ա) առաջնակարգ ապահովված ժամկետանց վարկերը` ժամկետանց դառնալու 90-րդ օրից մինչև 180-րդ օրը,

բ) այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող ժամկետանց վարկերը` ժամկետանց դառնալու 60-րդ օրից մինչև 180-րդ օրը:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում կատարվող դասակարգումը տարածվում է նաև 1.5. «բ» և «գ» ենթակետերում սահմանված ժամկետանց վարկերի վրա:

Առաջնակարգ ապահովված վտանգավոր վարկերի գծով բանկերը պահուստաֆոնդ են ուղղում հատկացված վարկի մեծության 0-70 %-ի, իսկ այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող վտանգավոր վարկերի գծով` 20-70 %-ի չափով գումար:

2.17. Անհուսալի վարկերի խմբին են դասվում`

ա) այն վարկերը, որոնց գծով վարկառուն ճանաչվել է սնանկ կամ դատարանի կողմից հաստատվել է բռնագանձման անհնարինության ակտը,

բ) վարկի ժամկետանց դառնալու 180-րդ օրից սկսած առաջնակարգ ապահովված, այլ ապահովվածություն ունեցող և ապահովվածություն չունեցող վարկերը:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում կատարվող դասակարգումը տարածվում է նաև 1.5. «բ» և «գ» ենթակետերում սահմանված ժամկետանց վարկերի վրա:

Անհուսալի վարկերի գծով բանկերը պարտավոր են պահուստին ուղղել հատկացված վարկի 100 %-ի չափով գումար:

2.18. Պահուստին կատարվող մասհանումները և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրումը կատարվում է վարկերի գումարների գծով ձևավորված պարտավորությունների չմարված մասի նկատմամբ:

 

III. Պահուստի օգտագործման կարգը

 

3.1. Բանկի կողմից անհուսալի գնահատված վարկը (վարկի չմարված մնացորդը) երեք բանկային օրվա ընթացքում դուրս է գրվում «Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ» հաշվի միջոցներից:

3.2. Վարկը (կամ դրա մի մասը) մարվելու դեպքում տվյալ վարկի (կամ դրա մի մասի) գծով պահուստում կուտակված գումարներն ուղղվում են բանկի եկամուտներին:

 

IV. Հաշվեգրված տոկոսների և տույժերի դուրսգրումը

 

4.1. Վարկի տոկոսագումարները դուրս են գրվում` նվազեցնելով եկամուտները`

ա) ժամկետանց դառնալու 30-րդ օրը,

բ) անհուսալի ճանաչված վարկի դուրսգրման օրը:

 

4.2. 60 օր ժամկետանց դարձած վարկերի գծով դադարեցվում է տույժերի հաշվեգրումը հաշվեկշռում, իսկ մինչ այդ հաշվեգրված տույժը երեք բանկային օրվա ընթացքում դուրս է գրվում` նվազեցնելով եկամուտները:

4.3. Բանկը կարող է 60 օրից ավել ժամկետանց վարկի նկատմամբ պայմանագրով սահմանված տույժեր հաշվեգրել ծանուցման հաշիվներում:

 

V . Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Վարկի գծով ձևավորված պարտավորության (վարկը, տոկոսները և տույժերը) դուրսգրումը բանկի հաշվեկշռից չի հանդիսանում վարկային պարտավորության (վարկի, տոկոսների և տույժերի) դադարում կամ անվավեր ճանաչում: Դուրսգրման պահից սկսած վարկի գծով ձևավորված պարտավորությունը առնվազն 5 տարի հաշվառվում է բանկի համապատասխան ծանուցման հաշիվներում, եթե այդ ընթացքում վարկային պարտավորությունը (վարկը, տոկոսները և տույժերը) բանկի կողմից չի զիջվել կամ ներվել:

5.2. Հաշվեկշռից դուրս գրված վարկային պարտավորության (վարկը, տոկոսները և տույժերը) գումարի մարման դեպքում մարված գումարի չափով ավելացվում են բանկի եկամուտները և նույն գումարի չափով պակասեցվում համապատասխան ծանուցման հաշիվները:

5.3. Սույն կարգը սահմանված է բացառապես բանկային գործունեության կարգավորման և բանկի հարկային հաշվառման կարգավորման նպատակով, և դատարանի, պետական կառավարման մարմնի, բանկի կամ նրա հաճախորդների, կամ վերջիններիս բաժնետիրոջ, կամ որևէ այլ անձի կողմից սույն կարգի որևէ դրույթ կամ հասկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպես բանկի և հաճախորդի (վարկառուի) միջև իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերությունները սահմանափակող նորմ` պայմանագրի կնքման, կատարման, ժամկետի երկարաձգման, տոկոսագումարների, տույժերի և տուգանքների հաշվարկման, գրավի և ցանկացած այլ հարցի վերաբերյալ:

5.4. Սույն կարգը կրճատ անվանվում է «Վարկերի դուրսգրման կարգ»:

5.5. Սույն կարգն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.12.1997
N 330
Որոշում