Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...

 

 

020.0709.200707

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 414.2. ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 հուլիսի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմ Ռ. Մանուկյանի, նրա ներկայացուցիչ` փաստաբան Բ. Մինասյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ռուզաննա Մանուկյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասի և 414.2. հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Ռ. Մանուկյանի` 31.05.2007թ. դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի վիճարկվող դրույթները, որպես օրենսգրքի լրացումներ, ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. հուլիսի 7-ին` ՀՕ-152-Ն օրենքով:

2. Դիմողի կողմից վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթների սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-691 որոշումը, ուստի, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի դրույթները, սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմն իր 2007թ. հունիսի 18-ի որոշմամբ մերժել է Ռ. Մանուկյանի դիմումի քննության ընդունումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի մասով:

Դիմողը սահմանադրական դատարան է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի վերջնական դատական ակտ հանդիսացող երկու որոշում: Առաջինով` 2006թ. նոյեմբերի 13-ին վճռաբեկ դատարանը որոշել է (ՎԲ-301/06) վերադարձնել ներկայացված վճռաբեկ բողոքը` կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի դրույթները: Երկրորդով` 2007թ. հունվարի 22-ին վճռաբեկ դատարանը որոշել է (ՎԲ-11/07) բողոքը թողնել առանց քննության` կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասի պահանջը:

Դիմողը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված դրույթների սահմանադրականությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոք» վերտառությամբ 407 հոդվածի 4-րդ մասում սահմանված է` «Բողոքը թողնվում է առանց քննության նաև այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել»:

3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 3 (2-րդ մաս), 6 (2-րդ մաս), 18 (1-ին և 2-րդ մասեր), 19 (1-ին մաս) հոդվածներին` հետևյալ պատճառաբանությամբ.

ա) վճռաբեկ դատարանը 2006թ. նոյեմբերի 13-ի իր որոշման մեջ նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի պահանջներից ելնելով` վճռաբեկ բողոքում հիմքեր չկան այն բավարարելու համար, իսկ 2007թ. հունվարի 22-ի որոշմամբ երկրորդ վճռաբեկ բողոքն անհիմն կերպով թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ վճռաբեկ դատարանն այդ հարցին արդեն անդրադարձել է և 13.11.2006թ. իր որոշմամբ դրան տվել է լուծում: Որպես վերջին որոշման հիմնավորում նաև նշվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասի համաձայն բողոքը թողնվում է առանց քննության այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել,

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 422 հոդվածի 3-րդ մասի համաձայն վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը: Իսկ 423 հոդվածի 2-րդ մասի պահանջով «որոշումը պետք է կայացվի հանուն Հայաստանի Հանրապետության»: 423 հոդվածի 6-րդ մասի պահանջով «որոշումը պետք է հրապարակվի դատական նիստում»: Չնայած օրենսգրքի նման պահանջներին, «վճռաբեկ դատարանը քրեական գործը չի ուսումնասիրել, դատական նիստ չի նշանակել, գործին մասնակցող անձանց չի կանչել, չի լսել իմ առարկություններն ու փաստարկները, որոշումը կայացրել է կաբինետային պայմաններում, որոշումը չի հրապարակել հանուն Հայաստանի Հանրապետության»:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` վիճարկվող 407 հոդվածի 4-րդ մասը վերաբերում է բողոքն առանց քննության թողնելու դեպքերից մեկին, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել: Բողոքն առանց քննության թողնելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու վճռաբեկ դատարանի անհիմն ծանրաբեռնումը` կրկին անգամ անդրադառնալու այնպիսի հարցերի քննությանը, որոնց կապակցությամբ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը: Նշված դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներին, քանի որ վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության է թողնում այն դեպքում, երբ, նույնիսկ հաշվի առնելով դատական համակարգում վճռաբեկ դատարանի դերն ու նշանակությունը, անձն արդեն իրացրել է վճռաբեկ բողոք բերելու իր իրավունքը և բողոքում ներկայացված հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

Պատասխանող կողմը նաև գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վիճարկվող դրույթները ոչ միայն չեն հակասում Սահմանադրությանը, այլ կոչված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացմանը: Այս կետում նշված պայմանը, համաձայն որի` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը, ուղղակիորեն պայմանավորված է օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու` վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի իրականացման անհրաժեշտությամբ և հնարավորություն է տալիս վճռաբեկ դատարանին հետևողական լինել ստորադաս դատարանների կողմից իր կայացրած որոշումների կատարման նկատմամբ, դրանով իսկ որոշակիորեն ապահովելով իրավական կանխատեսելիության և անձի իրավունքների պաշտպանության սկզբունքները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշվում է, որ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե առկա են նոր երևան եկած հանգամանքներ: Ըստ պատասխանող կողմի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործերի նորոգումը դատավճռի օրինականության և հիմնավորվածության ստուգման, դատական սխալների ուղղման ու քրեական գործով ճշմարտության բացահայտմանն ուղղված կարևոր ընթացակարգ է: Նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը ոչ միայն չի կարող հակասել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, այլ, ընդհակառակն, նշված իրավունքի իրացման լրացուցիչ միջոց է այն անձանց համար, ում օրինական շահերը շոշափող դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում կայացված դատավճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

5. Սույն գործով վիճարկվող օրենսգրքի նորմերը ներառված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ բաժնում: Բաժինը վերնագրված է` «Վարույթը վճռաբեկ դատարանում»: Դրանում նախատեսված են վճռաբեկության կարգով դատավճիռների ու որոշումների վերանայման դեպքերը, նշված է վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, սահմանված են վճռաբեկ բողոք բերելու հիմքերը, վճռաբեկ բողոքի բովանդակությունը և մնացած այն բոլոր հարցերը, որոնք կազմում են վճռաբեկ դատարանի վարույթի բովանդակությունը: Նշված բաժնում տեղ գտած նորմերը և դրույթները փոխկապակցված են և լրացնում են միմյանց: ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` վճռաբեկ բողոք բերելու իրավունքի հետ կապված առանձին հոդվածների սահմանադրականությունը գնահատելու վերաբերյալ արտահայտել է իր իրավական դիրքորոշումները 11.04.2007թ. ՍԴՈ-691 որոշման մեջ:

6. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի` վիճարկվող 4-րդ մասում տեղ գտած դրույթը, համաձայն որի` բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել, իրավազոր պահանջ է, քանզի բողոքն առանց քննության թողնելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու կրկին անդրադառնալ այնպիսի հարցերի քննությանը, որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասում օգտագործվող` «բողոքում նշված հիմքով» և «նույն գործով» ձևակերպումները ենթադրում են, որ նույնաբնույթ է համարվում կրկին ներկայացված այն բողոքը, որում նույն դիմողը միևնույն առարկայի վերաբերյալ նույն պատճառաբանություններով ներկայացված բողոքի հիման վրա ձգտում է հասնել նպաստավոր որոշման:

Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը` «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ պետությունների` քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ: Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ոչ միայն 407 հոդվածի 4-րդ մասում, այլ նաև այլ բնույթի իրավահարաբերություններին առնչվող հոդվածներում նախատեսված է իրավունքի սուբյեկտի բողոքը կամ միջնորդությունն առանց քննության թողնելու իրավունքը (102 հոդվ. 2-րդ մաս, 103 հոդվ. 6-րդ մաս, 155 հոդվ. 3-րդ մաս, 381 հոդվ. 2-րդ մաս, 375.4 հոդվ. և այլն):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասում վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու հիմքի նախատեսումը չի հակասում ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներին, քանի որ վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության պետք է թողնի այն դեպքում, երբ արդեն իրացվել է վճռաբեկ բողոք բերելու անձի իրավունքը, և բողոքում ներկայացված հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշվում է, որ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե` «վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը»: Այս դրույթը վճռաբեկ դատարանի կողմից օրենքների միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի իրականացման գործուն միջոցներից է: Այն հնարավորություն է տալիս վճռաբեկ դատարանին հետևողական լինել ստորադաս դատարանների կողմից իր կայացրած որոշումների կատարման նկատմամբ: Վճռաբեկ դատարանի նշված լիազորությունը կոչված է նաև որոշակիորեն ապահովելու արդարադատության ոլորտում իրավական կանխատեսելիության և անձի իրավունքների պաշտպանության սկզբունքները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշվում է, որ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե առկա են նոր երևան եկած հանգամանքներ: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408 հոդվածի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործերի նորոգման խնդիր սովորաբար առաջանում է, եթե`

- օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

- օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

- դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

- ի հայտ են եկել դատավճիռ կամ որոշում կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

Նոր երևան եկած հանգամանքների ցանկն սպառիչ չէ: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով նորոգել գործը նաև այլ դեպքերում (հոդվ. 408, մաս 1-ին, կետ 4):

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 406, 407 և 408 հոդվածների համատեքստում նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին դրույթը լուրջ երաշխիք է դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունն ստուգելու, դատական սխալն ուղղելու և քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասի և 414.2. հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 հուլիսի 2007 թվականի

ՍԴՈ-709

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.07.2007
N ՍԴՈ-709
Որոշում