Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ, 26-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ, 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ         Քաղաքացիական գործ թիվ 3-1161 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ-861/2007 թ.                          2007 թ.

Նախագահող դատավոր` Ե. Խունդկարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի

                                                 

2007 թվականի օգոստոսի 1-ին

դռնբաց դատական նիստում քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Արմեն Սիմոնյանի միջոցով «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 25.04.2007 թվականին թիվ Տ-861 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Նունե Սահակյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` ապօրինի տիրապետումից «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերը հետ պահանջելու և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ստեփան Ախոյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի` ապօրինի տիրապետումից «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերը հետ պահանջելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Նունե Սահակյանը պահանջել է Ընկերության ապօրինի տիրապետումից հետ պահանջել «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը: Ստեփան Ախոյանը ևս պահանջել է Ընկերության ապօրինի տիրապետումից հետ պահանջել «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը:

Գործի դատաքննության ընթացքում հայցվոր Նունե Սահակյանը փոխել է հայցի առարկան` պահանջելով Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 15.12.2003 թվականին իր և Ընկերության միջև կնքված` «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի արժեքը` 102.050.000 ՀՀ դրամ գումար:

Դատաքննության ընթացքում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ստեփան Ախոյանը հրաժարվել է հայցից:

ՀՀ տնտեսական դատարանի 25.04.2007 թվականի վճռով Նունե Սահակյանի հայցը բավարարվել է ամբողջությամբ: Ստեփան Ախոյանի հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ընկերությունը:

Նունե Սահակյանը վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, 929-րդ հոդվածի 2-րդ մասը և 930-րդ հոդվածը, «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի» 5-րդ, 7-րդ և 14-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը Նունե Սահակյանի` իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի օտարումը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի, դիտել է որպես ձեռնարկատիրական գործունեություն և դրա նկատմամբ կիրառել է «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի» 5-րդ, 7-րդ և 14-րդ կետերի պահանջները, որոնք չպետք է կիրառեր: Նունե Սահակյանը վաճառել է «Շինտրաստ» ՓԲԸ-ում իրեն պատկանող բաժնետոմսերը, այլ ոչ թե շահույթ ստանալու նպատակով իրականացրել է բաժնետոմսերի առուվաճառքի գործունեություն:

Քաղաքացու կողմից բաժնետոմսերի օտարումը դիտելով ձեռնարկատիրական գործունեություն` դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 929-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք կիրառելի չեն սույն վեճի նկատմամբ, քանի որ քաղաքացիների միջև գործարքը կարող է կատարվել նաև կանխիկ ձևով:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 436-րդ, 437-րդ հոդվածները, 470-րդ հոդվածի 1-ին մասը, 502-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել կողմերի միջև 15.12.2003 թվականին կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը, որի 2.2 կետով կողմերը հաստատել են, որ բաժնետոմսերի դիմաց ողջ գումարը վճարվել է նույն օրը` կանխիկ, իսկ վաճառողը ստացել է գումարն ամբողջությամբ:

Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ Ընկերությունը Ս. Ախոյանի հաշվեհամարին փոխանցել է 110.514.300 ՀՀ դրամ գումար` բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Դատարանի կողմից նշված ապացույցի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության և գնահատման դեպքում պարզ կդառնար, որ նշված փոխանցումը որևէ կապ չունի 15.12.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հետ, քանի որ պայմանագրով նախատեսված գինը սահմանվել է 102.050.000 ՀՀ դրամ, որի դիմաց չէր կարող փոխանցվել 110.514.300 ՀՀ դրամ գումար: Համաձայն պայմանագրերի 2.2 կետի` պայմանագրերի կնքման օրը գումարը ամբողջությամբ կանխիկ վճարվել է, իսկ վաճառողը այն ստացել է, որի հետևանքով նույն օրը գործարքն ավարտվել է:

Նունե Սահակյանի` որպես վաճառողի, և Ընկերության, ի դեմս լիազորված անձ Արդեն Շելեֆյանի` որպես գնորդի միջև կնքված` 15.12.2003 թվականի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքման հիմքում ընկած է եղել «Շինտրաստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի սեփականատեր Նունե Սահակյանի և Ստեփան Ախոյանի և որպես գնորդ հանդես եկող` Ընկերության համաձայնությունը և կամքի ազատ արտահայտությունը: Կողմերը ազատ են եղել պայմանագրերը կնքելիս, կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ, պայմաններն էլ որոշվել են կողմերի հայեցողությամբ: Նշված պայմանագիրը կնքվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կողմերի միջև 15.12.2003 թվականին կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի 2.2 կետով սահմանվել է վճարման կարգը: Պայմանագիրը կնքելիս Ա. Շելեֆյանը Ընկերության անունից վճարել է պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ, որպիսի փաստը Նունե Սահակյանը և Ստեփան Ախոյանը պայմանագրում հաստատել են իրենց ստորագրություններով: Ըստ պայմանագրի 3.1 կետի` պայմանագրով գնորդի բոլոր իրավունքները ենթակա են գրանցման Ընկերության բաժնետերերի ռեեստրում: «Շինտրաստ» ՓԲԸ-ի բաժնետերերի ռեեստրում 100% բաժնետոմսերը ձևակերպվել են Ընկերության անվամբ: Գնորդ Ընկերությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնետոմսերի համար վճարելու պահից դարձել է դրանց սեփականատերը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին կետի` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Մինչդեռ պայմանագրի գինը վճարվել է պայմանագրի կնքման օրը` համաձայն պայմանագրի 2.2 կետի:

Նշված խախտումների արդյունքում խախտվել է հայցվորի` ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության իրավունքը:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 25.04.2007 թվականի թիվ Տ-861 քաղաքացիական գործով կայացված վճիռը:

 

2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

Բողոքին պատասխան ներկայացրած անձը գտնում է, որ`

1) Պայմանագրերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ, 929-րդ, 930-րդ, «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված` «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի» 5-րդ, 7-րդ և 14-րդ կետերի: Հետևաբար, ՀՀ տնտեսական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ և 437-րդ հոդվածների որևէ պահանջ չի խախտել:

2) Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ, 930-րդ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածները, ինչպես նաև ճիշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 929-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը: Մասնավորապես, «Շինտրաստ» ընկերության բաժնետոմսերի օտարումը ուղղակիորեն կապված է բաժնետերերի ձեռնարկատիրական գործունեության հետ: Իսկ քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկները` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության հետ, կատարվում են անկանխիկ ձևով:

3) Բողոք բերած անձը չի հիմնավորել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ, 163-րդ և ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածների, 470-րդ հոդվածի 1-ին և 502-րդ հոդվածի 1-ին մասերի կիրառելիությունը: Վեճն ընդամենը վճարման պարտավորությունը կատարելուն է վերաբերում և ոչ ոք չի վիճարկում առուվաճառքի գործարքը, ինչպես նաև կասկածի տակ չի դնում հայցվորի` իր գույքն օտարելու և պատասխանողի` այդ գույքը ձեռք բերելու իրավաբանական հնարավորությունները: ՈՒստի դատարանը չպետք է կիրառեր և չի էլ խախտել վերոհիշյալ նորմերի պահանջները:

4) Դատարանը բազմակողմանիորեն վերլուծել և գնահատել է պայմանագրերը, «Արցախբանկ» ՓԲԸ-ի 16.12.2003 թվականի մեմորիալ օրդերը, Արդեն Շելեֆյանի 03.02.2007 թվականի և 12.02.2007 թվականի գրությունները: Արդեն Շելեֆյանը չի կարող համարվել վկա, քանի որ չի ներկայացել դատարան և ցուցմունք չի տվել որպես վկա: Ֆաքսով ուղարկված գրությունները թույլատրելի գրավոր ապացույցներ չեն: Ինչ վերաբերում է մեմորիալ օրդերում նշված տեղեկություններին, ապա պատասխանողն ինքն է գումարը փոխանցել, տվյալները լրացվել են իր ցուցումով, ինքն իր կնիքով և պաշտոնատար անձի ստորագրությամբ վավերացրել է այն և ներկայումս որպես գործին մասնակցող անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Բողոքաբերը չի ներկայացրել որևէ ծանրակշիռ պատճառաբանություն, որով կհաստատվեր այն հանգամանքը, որ օրդերով փոխանցված գումարն այլ բաժնետոմսեր ձեռք բերելու դիմաց է վճարվել և սույն վեճի հետ կապ չունի:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Շինտրաստ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 15.12.2003 թվականի դրությամբ կազմել է 204.100.000 ՀՀ դրամ, և սովորական ոչ փաստաթղթային 1000-ական դրամ անվանական արժեքով բաժնետոմսերով բաժնետերեր են հանդիսացել Ստեփան Ախոյանը և Նունե Սահակյանը` յուրաքանչյուրը համապատասխանաբար 102.050-ական բաժնետոմսերով:

2) 15.12.2003 թվականին կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերով Նունե Սահակյանը և Ստեփան Ախոյանը Ընկերությանն են վաճառել սեփականության իրավունքով իրենց պատկանող «Շինտրաստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:

3) 16.12.2003 թվականին Ընկերությունը Ստեփան Ախոյանի հաշվին բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով փոխանցել է 110.514.300 ՀՀ դրամ գումար:

4) Պայմանագրերի 2.2 կետերում արձանագրվել է, որ պայմանագրի կնքման պահին գնորդը կանխիկ ձևով վճարել է, իսկ վաճառողը ստացել է 102.050.000 ՀՀ դրամ` 102.050 հատ բաժնետոմսերի դիմաց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը` նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով տալ ձեռնարկատիրական գործունեությունը սահմանող վերը հիշատակված նորմի մեկնաբանությունը սույն գործի փաստերից ելնելով:

Ձեռնարկատիրական գործունեությունը բնորոշող վերը թվարկված հատկանիշների սահմանափակ մեկնաբանությունը հնարավորություն չի ստեղծում ամբողջությամբ բացահայտելու ձեռնարկատիրական գործունեության էությունը, քանի որ յուրաքանչյուր գործունակ անձ իր գործողություններն իրականացնում է ինքնուրույն, բնականաբար` կրելով դրանց հետևանքների ռիսկը: Փաստորեն, վերը նշված հոդվածի սահմանափակ տառացի մեկնաբանության արդյունքում անձի ցանկացած գործունեություն, որի արդյունքում վերջինս եկամուտ է ստանում (այդ թվում նաև` քաղաքացու կենցաղային գործարքները) կարող է մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեության տարր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանության նման կանոնի (սահմանափակ տառացի մեկնաբանություն) կիրառման արդյունքում առաջանում է մարդու և քաղաքացու` միջազգային իրավական փաստաթղթերով, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված` իր գույքից անարգել օգտվելու, սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքի սահմանափակման իրական վտանգ:

Միաժամանակ, վճռաբեկ դատարանը սույն օրինադրույթը մեկնաբանելիս հաշվի է առնում այն ժամանակաշրջանի հասարակական հարաբերությունների, այդ թվում նաև` ձեռնարկատիրական գործունեության ոլորտում զարգացման և հասարակական իրավագիտակցության մակարդակը, երբ օրենսդիրն ընդունել է նման կարգավորումը (1999 թվական): Այս տրամաբանությունից ելնելով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ձեռնարկատիրական գործունեության` քաղաքացիական օրենսգրքում օրենսդրի տված սահմանման մեկնաբանությունը տալիս հաշվի առնել նաև այլ օրենքներում արտացոլված օրենսդրի դիրքորոշումը նույն կամ համասեռ հարաբերություններ կարգավորելիս:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Նույն հոդվածի համաձայն` տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց: Այսինքն, օրենսդիրը տարանջատել է ձեռնարկատիրական գործունեությունը տնտեսական գործունեությունից` ընդհանրապես, այն դիտարկելով որպես ընդհանուրի և մասնավորի հարաբերակցություն:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այսինքն` օրենսդիրը հարկային օրենսդրության կիրառման մասով քաղաքացիների անձնական գույքի օտարումը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ձեռնարկատիրական գործունեություն չի համարում:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` քաղաքացիական ծառայողն իրավունք չունի անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում տաս և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

Այսինքն` օրենսդիրը առևտրային կազմակերպություններում մասնակցությունը, գույքի հավատարմագրային կառավարման հանձնելու արդյունքում եկամտի ստացումը չի դիտում որպես ձեռնարկատիրական գործունեություն և բաժնետեր քաղաքացիական ծառայողների համար սահմանում է ընդամենը որոշակի սահմանափակումներ:

ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածը սահմանում է դատավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելք, որի համաձայն` դատավորն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր: Դատավորն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե դա ողջամտորեն ենթադրում է դատավորի պաշտոնեական դիրքի օգտագործում, կամ բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատավորը ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը, կամ ողջամտորեն ենթադրվում է, որ առևտրային կազմակերպությունը համապատասխան դատարանում հաճախ հանդես է գալու որպես գործին մասնակցող անձ:

Վերը նշված հոդվածը սահմանելով դատավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, դատավորին չի արգելում լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու և մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին, արգելելով վերջինիս զբաղվել ընկերության կարգադրիչ գործառույթների իրականացմամբ: Այսինքն, նկատի ունենալով դատավորի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական արգելքը, դատավորին թույլատրելով լինել ընկերության մասնակից կամ ավանդատու, օրենսդիրը տնտեսական գործունեության այդ տեսակները չի դիտել որպես ձեռնարկատիրական գործունեության տարրեր:

Այսպիսով, վերը հիշատակված փաստարկների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև` ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,

6. այլ առանձնահատուկ հատկանիշներ:

Ելնելով սույն գործի փաստերից և ձեռնարկատիրական գործունեության վերը նկարագրված մեկնաբանությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բաժնետեր քաղաքացու կողմից իր բաժնետոմսերի օտարումն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեություն:

 

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 929-րդ հոդվածի 2-րդ մասի` իրավաբանական անձանց միջև հաշվարկները, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկները, կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության հետ, կատարվում են անկանխիկ ձևով: Այդ անձանց միջև հաշվարկները կարող են կատարվել նաև կանխիկ դրամով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է այդ օրենքի գործողության ոլորտը, որի համաձայն` նշված օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա:

Նույն օրենքի 6-րդ հոդվածը սահմանել է վերը նշված սուբյեկտների կողմից կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները:

ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված` «Դրամարկղային գործունեության իրականացման» կարգի 5-րդ, 7-րդ, 14-րդ կետերի համաձայն` կազմակերպության դրամարկղից կանխիկ դրամի ելքագրման (վճարման) փաստաթղթավորումը կատարվում է դրամարկղային ելքի օրդերով (ձև N 2 Դր-2) (այսուհետ` ելքի օրդեր) ... Կազմակերպության ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը, հաշվապահը, գանձապահը և դրամ ստացողն ստորագրում են ելքի օրդերը: Ընդ որում, եթե ելքի օրդերին կցվող փաստաթղթերում (դիմում, հաշիվ, տեղեկագիր, հաշվետվություն և այլն) առկա են դրամ վճարելու վերաբերյալ կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի և հաշվապահի թույլատրող մակագրությունները, ապա նրանց ստորագրությունները ելքի օրդերի վրա կարող են չդրվել:... Կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները գրանցվում են դրամարկղային գրքում (ձև N 5` Դր-5)` մուտքի և ելքի օրդերների հիման վրա:

Ակնհայտ է, որ վերը հիշատակված նորմերը տարածվում են ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, օտարերկրյա կազմակերպությունների` դրանց ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա, իրավաբանական անձանց միջև հաշվարկների, ինչպես նաև այն քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկների վրա, որոնք կատարվում են նրանց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ոլորտում, ինչպես նաև քաղաքացու ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքերի վրա:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը հիշատակված հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ վեճի հիմքում ընկած պայմանագրի մի կողմը` քաղաքացի Նունե Սահակյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի սխալ մեկնաբանության վերաբերյալ հիմքի պատճառաբանական մասում շարադրված պատճառաբանությամբ` սույն գործով վիճելի գործարքի կնքմամբ չի իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն:

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 15.12.2003 թվականին Նունե Սահակյանի և Ընկերության միջև կնքված բաժնետոմսերի առուծախի պայմանագրից բխող դրամային պարտավորության կատարման վերաբերյալ սույն քաղաքացիական գործի նյութերում առկա է միայն մեկ ուղղակի ապացույց. այն է` 15.12.2003 թվականին կնքված առուծախի պայմանագիրը (կետ 2.2), որի համաձայն` պայմանագրի կնքման պահին Ընկերությունը որպես գնորդ կանխիկ վճարել է, իսկ Նունե Սահակյանը որպես վաճառող ստացել է 102.050.000 (մեկ հարյուր երկու միլիոն հիսուն հազար) դրամ` 102.050 հատ բաժնետոմսերի դիմաց: Մինչդեռ, տնտեսական դատարանը նշված ուղղակի ապացույցի արժանահավատությունը հերքված է համարել կանխիկ դրամի ելքի օրդերների բացակայության փաստով, ինչը Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ իրավաչափ` սույն որոշման առաջին հիմքին վերաբերող պատճառաբանությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Նույն օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս և պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

Սույն գործի փաստերի համաձայն` բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերով կողմերի ազատ կամահայտնությամբ սահմանվել է, որ գումարը պայմանագրերի կնքման պահին վճարվել է գնորդի կողմից, իսկ վաճառողը նույն պահին ստացել է ամբողջ գումարը: Պայմանագրի կողմերը սահմանված կարգով իրենց ստորագրությամբ վավերացրել են պայմանագիրը` հաստատելով դրա կետերի նկատմամբ իրենց համաձայնությունը: Նշված պայմանագիրը, օրենքով սահմանված կարգով լուծված չէ, առոչինչ չէ կամ դատական կարգով անվավեր չի ճանաչվել, դեռ ավելին` կողմերն այն նույնիսկ չեն վիճարկել: Այս հանգամանքը տնտեսական դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել, ինչի արդյունքում հանգել է վեճի սխալ լուծման:

Վերը նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 436-րդ, 437-րդ հոդվածների, 470-րդ հոդվածի 1-ին մասի, 502-րդ հոդվածի 1-ին մասի չկիրառման և սխալ մեկնաբանման վերաբերյալ սույն բողոքի փաստարկները հիմնավոր է համարում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Սույն բողոքում նշված նորմերի խախտման պայմաններում հայցի հիմքում ընկած հանգամանքները չեն կարող համարվել ապացուցված, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվոր Նունե Սահակյանի հայցը ՀՀ տնտեսական դատարանի կողմից ենթակա էր մերժման:

Վերոգրյալից ելնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր կողմից վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 25.04.2007 թվականի վճիռը Նունե Սահակյանի հայցը բավարարելու մասով և այն փոփոխել` Նունե Սահակյանի հայցը մերժել:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - Բնագրում «2.» կետը բացակայում է

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2007
N 3-1161(ՏԴ)
Որոշում