Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 177-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 177-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Երևան  քաղաքի Շենգավիթ համայնքի                     ՎԲ-149/07

առաջին ատյանի դատարանում դատավճիռ

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

           26 հոկտեմբերի 2007 թ.                       ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Տ. Սահակյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Մ. Սիմոնյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղար`                 Ք. Մարտիրոսյանի         

                   դատախազ`                   Ա. Աշրաֆյանի

                                              

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Արմեն Սամվելի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Արմեն Սամվելի Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճռով Ա. Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը վերոհիշյալ դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը, 2007 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիման վրա, բողոքն ընդունել է վարույթ:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

1988 թվականին ծնված Արմեն Սամվելի Պապիկյանը, անչափահաս տարիքում` 2004 թվականին, երկու անգամ դատապարտվել է գույքի հափշտակությունների համար. առաջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ երկրորդ անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով ու 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Դրանից հետո, 2005 թվականի դեկտեմբերի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Արմեն Պապիկյանը հանդիպել է քաղաքացի Ռ. Քոչինյանին, որը, խղճալով Ա. Պապիկյանին, հրավիրել է իր վարձակալած սենյակում ժամանակավոր բնակվելու: 2005 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 16-ի սահմաններում, օգտվելով այն հանգամանքից, որ տանը ոչ ոք չկա, Արմեն Պապիկյանը գաղտնի հափշտակել է նույն տանը ժամանակավոր բնակվող Նինա Թեմուրովային պատկանող «Սամսունգ Ա-800» տեսակի բջջային հեռախոսը` հեռախոսաքարտով:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ նախաքննության մարմնի և դատարանի կողմից Արմեն Պապիկյանի արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական չի տրվել, անտեսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ըստ որի` «այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»: Հետևաբար, Արմեն Պապիկյանի արարքը պետք է որակվեր ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այլ նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է Արմեն Պապիկյանի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճիռը բեկանել և փոփոխել` արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և «նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով», ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2005 թվականի դեկտեմբերի 10-ից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանություններով.

Բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցն ըստ էության հանգում է հետևյալին. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի նկատմամբ տարածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի («Հանցագործությունների կրկնակիությունը») 4-րդ մասով, թե՞ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի (»Հանցագործությունների ռեցիդիվը») 4-րդ մասով սահմանված կանոնը:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` «Հանցագործությունների կրկնակիություն է համարվում սույն օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը»: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի` «Սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը կրկնակի է համարվում միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում»: Համաձայն նույն հոդվածի 4-րդ մասի` «Կրկնակիությունը բացակայում է, եթե նախկինում կատարած հանցանքի համար անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքերով, կամ այդ հանցանքի համար դատվածությունը մարվել է կամ հանվել»:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի` «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար»: Համաձայն նույն հոդվածի 4-րդ մասի` «Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»:

Ինչպես երևում է, հանցագործությունների կրկնակիությունը և հանցագործությունների ռեցիդիվը հանցագործությունների բազմակիության ինքնուրույն տարատեսակներ են, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա ինքնուրույն նորմատիվային արժեք և ուրույն դեր քրեաիրավական հարաբերությունների կարգավորման կառուցակարգում: Հակառակ պարագայում կստացվեր, որ օրենքի կոնկրետ դրույթներ` հանցագործությունների կրկնակիության կամ հանցագործությունների ռեցիդիվի իրավական ինստիտուտները կազմող իրավադրույթները, հասարակական հարաբերությունների որևէ շրջանակ չեն կանոնակարգում և առարկայազուրկ են, որպիսի ենթադրությունը չի բխում օրենսդրական կարգավորման տրամաբանությունից, արդյունքում վտանգվում է քրեական օրենսդրության խնդիրների իրականացումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ և 22-րդ հոդվածներում ամրագրված իրավանորմերը ՀՀ քրեական օրենսգրքի ամբողջական համակարգում մեկնաբանելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը հանցագործությունների կրկնակիության և հանցագործությունների ռեցիդիվի ինստիտուտներից յուրաքանչյուրին հաղորդել է ինքնուրույն քրեաիրավական իմաստ:

Այսպես, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` հանցանքը կատարելու ռեցիդիվը պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում նախատեսված հանցակազմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների ռեցիդիվն ինքնին չի հանդիսանում որևէ հանցակազմ որակյալ դարձնող հանգամանք: Մինչդեռ հանցագործությունների կրկնակիությունը հանդիսանում է բազմաթիվ հանցակազմեր, այդ թվում` գողության հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված) ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք:

Հետևաբար` հանցագործությունների ռեցիդիվի կանոններն անհրաժեշտ է կիրառել պատիժն անհատականացնելիս, իսկ հանցագործությունների կրկնակիության կանոնները` արարքը որակելիս:

Այս հարցում օրենսդրի մոտեցումը հետևողական է և տրամաբանական: ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքում սահմանված չէր «Հանցագործության ռեցիդիվ» հասկացությունը, իսկ այժմ գործող 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած սկզբունքային նորամուծություններից մեկն այն է, որ օրենսդիրը հրաժարվել է «ռեցիդիվիստ» և «առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ» հասկացություններից` հանցագործությունների որակման համար կարևորելով ոչ թե հանցանք կատարածի անձը, այլ նրա արարքը, ապահովելով ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված` օրենքի առջև հավասարության սկզբունքը, ըստ որի` հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջև և ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:

Դատարանը Արմեն Պապիկյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը (գողությունը, որը կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից) կատարելու համար` նկատի ունենալով, որ Ա. Պապիկյանն իրեն մեղսագրված արարքը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով երկու դատվածություն ունենալու պայմաններում:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը փաստարկել է, որ դատարանի կողմից Արմեն Պապիկյանի արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական չի տրվել և անտեսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի այն պահանջը, որ ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում մինչև անձի տասնութ տարին լրանալը կատարված հանցանքները: Այս հիմքով բողոքը ներկայացրած անձը պահանջել է Ա. Պապիկյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես կրկին անգամ կատարված զգալի չափերով գողություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հեղինակի փաստարկները չեն բխում օրենքից, քանի որ օրենքի նշված պահանջն արարքը որակելիս չի գործում: Դրա փոխարեն գործում են ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները, որոնց թվում բացակայում է կրկնակիությունը գնահատելիս անչափահաս տարիքում կատարված հանցանքները հաշվի չառնելու կարգադրագիր:

Բացի դրանից, բողոքի հեղինակի ներկայացրած փաստարկները համարժեք չեն բողոքի պահանջին: Եթե ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը սույն գործով ենթակա լիներ կիրառման, ապա Ա. Պապիկյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի ոչ թե 2-րդ, այլ 1-ին մասով, քանի որ գողության համար Ա. Պապիկյանի երկու դատվածություններն էլ կապված են եղել մինչև տասնութ տարին լրանալը կատարված հանցագործությունների հետ: Մինչդեռ բողոքի պահանջն է արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Ա. Պապիկյանի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճիռը պետք է թողնել ուժի մեջ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը մերժել:

Արմեն Սամվելի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճիռը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Տ. Սահակյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2007
N ՎԲ-149/07
Որոշում