Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱՂԵ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ...

 

 

117.0275.100108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        01            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11708004

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 դեկտեմբերի 2007 թվականի N 275-Ն

 

i

ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱՂԵ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների տեխնիկական վիճակի հետազննության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Կ. Գևորգյանի վրա:

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 14-ի

N 275-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱՂԵ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են նոր կառուցվող շենքերի ու շինությունների սեյսմակայունության համակարգերում և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման նպատակով որպես կառուցվածքային տարր նախատեսված սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (այսուհետ` ՍՇՌՄՀ) տեխնիկական վիճակի հետազննության, այսինքն` դիտողական ու դիտողագործիքային հետազննության և արդյունքում ՍՇՌՄՀ-ների հետագա անվտանգ շահագործման գնահատման դրույթները, ինչպես նաև դրանց փոխարինման անհրաժեշտության դեպքերը:

2. ՍՇՌՄՀ-ների տեխնիկական վիճակի առաջին հետազննությունը պետք է կատարվի դրանց տեղակայելուց հետո մեկ տարի անց և հետագայում` առնվազն 10 տարին մեկ անգամ:

3. ՍՇՌՄՀ-ների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է նաև.

1) շենքի գործառական նշանակության փոփոխության դեպքում.

2) շահագործման պայմանների փոփոխության, մասնավորապես` ազդող բեռների մեծացման դեպքում.

3) հրդեհից, հաշվարկային մակարդակի կեսը գերազանցող ուժգնությամբ յուրաքանչյուր երկրաշարժից հետո:

 

II. ՍՇՌՄՀ-ՆԵՐԻ ԴԻՏՈՂԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ

 

4. Դիտողական հետազննությունը կատարվում է շենքի սեփականատիրոջ, բազմաբնակարան շենքում` կառավարման մարմնի կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով, անհրաժեշտության դեպքում մասնագիտացված կազմակերպության ներգրավմամբ:

5. Դիտողական հետազննության ժամանակ ի հայտ են բերվում և նշվում են (անհրաժեշտության դեպքում լուսանկարվում են) յուրաքանչյուր ՍՇՌՄՀ-ի երևացող թերությունները, դեֆորմացիաները, մաշվածքը, կողմնային մակերևույթների վնասվածքները, մակերևութային ճաքերի առկայությունն ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև մեխանիկական, կոռոզիոն, այրվածքային և այլ տիպի վնասվածքները, տարատեսակ սահմանափակիչների առկայության դեպքում նրանց վիճակը:

Հետազննության ժամանակ անհրաժեշտ է ստուգել շենքի ինժեներական հաղորդակցուղիների միացումների ճկունության անկումը, մաշվածքի առկայությունը և կառուցվածքի (շենքի) շուրջը նախատեսված սեյսմիկ բացակի համապատասխանությունը նախագծային լուծումներին:

 

III. ՍՇՌՄՀ-ՆԵՐԻ ԴԻՏՈՂԱԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ

 

6. ՍՇՌՄՀ-ների դիտողագործիքային հետազննությունը կատարվում է բնագավառի մասնագիտացված կազմակերպության կողմից:

7. Դիտողագործիքային հետազննության ժամանակ, բացի սույն կարգի 5-րդ կետում նշված աշխատանքներից, կատարվում են նաև`

1) դեֆորմացիաների չափումներ,

2) ճաքերի բացվածքի լայնության և երկարության չափումներ,

3) ռետինե կարծրության որոշում (ըստ Շոռի «Ա»): ՍՇՌՄՀ-ների ռետինի կարծրությունը որոշվում է յուրաքանչյուր հենարանի համար` դրանց կողմնային մակերևույթների վրա, առնվազն երեք կետում,

4) շենքի միկրոտատանումների գրանցումներ` համապատասխան գրանցող սարքերի միջոցով: Գրանցող սարքերը տեղադրվում են ՍՇՌՄՀ-ներից անմիջապես ցածր և բարձր գտնվող կոնստրուկտիվ տարրերի վրա, ինչպես նաև տարբեր հարկերում և տանիքում:

8. Շենքի միկրոտատանումների իրական մեծությունը պետք է որոշվի հիստերեզիսային կորերի (օղակների) միջոցով: Վերջիններս կառուցվում են յուրաքանչյուր ՍՇՌՄՀ-ի համար` փորձարկման արդյունքների հիման վրա մինչև դրա կիրառումը:

Եթե առաձգական փուլում կոշտության արժեքը մեծ է թույլատրելի հաշվարկային մեծությունից, ապա այդ դեպքում մեկ անգամ ևս պետք է հետազննվեն ՍՇՌՄՀ-ների բացակները, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսից և վերացվեն բոլոր արհեստականորեն ստեղծված կապերը, որոնք կարող են պատճառ լինել սեյսմամեկուսացման համակարգի կոշտացմանը:

 

IV. ՍՇՌՄՀ-ՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

9. ՍՇՌՄՀ-ների հետագա անվտանգ շահագործման գնահատականը տրվում է դրանց տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների և անձնագրային տվյալներին համապատասխանության հիման վրա:

10. ՍՇՌՄՀ-ների հետագա շահագործման ոչ պիտանիության գնահատականը տրվում է եթե`

1) ռետինի կարծրությունը տարբերվում է նախագծայինից ավելի, քան +-10%-ով.

2) մնացորդային դեֆորմացիան գերազանցում է հենարանի արտաքին տրամագծի 20%-ը (0.2D).

3) ՍՇՌՄՀ-ներում առաջացել են չափազանց մեծ կամ անհավասարաչափ ուղղաձիգ դեֆորմացիաներ.

4) ՍՇՌՄՀ-ների կողային մակերևույթին հայտնաբերված ճաքերի երկարության ու խորության մեծությունները և քանակը գերազանցում են N1 աղյուսակով սահմանված ցուցանիշները:

11. Այն ՍՇՌՄՀ-ները, որոնցում դիտողական և դիտողագործիքային հետազննման արդյունքում արձանագրվել են 10 կետում նշված բնութագրերից որևէ մեկը, պետք է փոխարինվեն: Փոխարինման են ենթակա նաև վնասված սահմանափակիչները:

12. ՍՇՌՄՀ-ների փոխարինումը իրականացվում է մասնագիտական կազմակերպության կողմից` սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա:

13. Այն շենքերում, որոնցում դիտողական և դիտողագործիքային հետազննման արդյունքում հայտնաբերվել են փոխարինման ենթակա ՍՇՌՄՀ-ներ, մնացած ՍՇՌՄՀ-ներից ընտրանքային կարգով ընտրված առնվազն երեքը պետք է ենթարկվեն փորձարկումների:

Եթե փորձարկման արդյունքներով դրանցից առնվազն մեկը ունի շեղում սահմանված բնութագրերից, ապա այն ենթակա է փոխարինման: Այդ դեպքում շենքի մնացած ՍՇՌՄՀ-ները ևս ենթարկվում են փորձարկման:

 

Աղյուսակ 1

 

ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱՂԵ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՃԱՔԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ, ԽՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

.______________________________________________________.

| Ճաքի              | Ճաքի            | Ճաքերի քանակը, |

| երկարությունը, սմ | խորությունը, մմ | ոչ ավելի       |

|___________________|_________________|________________|

|        3          |       1         |     4          |

|        3          |       2         |     3          |

|        3          |       3         |     2          |

|        4          |       1         |     3          |

|        4          |       2         |     2          |

|        4          |       3         |     1          |

|        5          |       1         |     2          |

|        5          |       2         |     1          |

|        6          |       1         |     1          |

.______________________________________________________.

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
14.12.2007
N 275-Ն
Հրաման