Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄ ...

 

 

310.0011.090498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

«05» փետրվարի 1998թ. թիվ 01/11

 

i

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» 30.12.97 թ. ՀՀ օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով հստակեցնել օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի դրույթները ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված, պարզաբանում է.

 

Հաստատված է` ՀՀ հարկային                 Համաձայնեցված է` ՀՀ ֆինանսների

տեսչության 1998 թ. «05» «02»         և  էկոնոմիկայի նախարարություն

թիվ 01/11 հրամանով

 

i

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» 30.12.97 թ. ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի դրույթներին հիմնվելով, պարզաբանվում է.

1. Հարկային գործակալի (գործատուի) կողմից աշխատանքային և դրան հավասարեցված պարտականությունների կատարման դիմաց ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս, ինչպես նաև ռոյալթիների (գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար ստացվող հատուցման), մրցույթներում, մրցություններում, վիճակախաղերում դրամական շահումների (մրցանակների), նվիրատվության և օգնության կարգով գույքի կամ դրամական միջոցների տեսքով ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս այդ հարկային գործակալը (գործատուն) հարկվող եկամտից հաշվարկում և պահում (գանձում) է եկամտահարկ յուրաքանչյուր վճարման դեպքում:

Հարկվող եկամուտը հարկատուի համախառն եկամտի և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համաձայն իրականացված նվազեցումների դրական տարբերությունն է:

Օրինակ. ձեռնարկությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող ֆիզիկական անձին, որը ունի երկու անչափահաս երեխա, հունվար ամսին հաշվարկվել է 30 հազար դրամ աշխատավարձ.

ա) համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի, վճարվող աշխատավարձից հաշվարկվում է այդ ամսվա սոցիալական ապահովագրության վճարի գումարը 3 տոկոս դրույքաչափով` 900 դրամ գումարով, որը` հարկվող եկամուտը որոշելիս, ենթակա է նվազեցման համախառն եկամտից.

բ) այն դեպքում, երբ աշխատողը ձեռնարկության հաշվապահությանը ներկայացրել է այլ հարկային գործակալներից եկամուտներ ստանալիս անձնական նվազեցման գումարները չվերապահվելու մասին գրավոր հայտարարություն (հայտարարության ձևը տրված է կից հավելվածում) և անչափահաս (մինչև 18 տարեկան) երեխաների ծննդյան վկայականների պատճեները, հաշվարկվում է եկամուտների ստացման յուրաքանչյուր ամսվա համար համախառն եկամտից օրենքով սահմանված անձնական նվազեցման գումարը: Տվյալ դեպքում այն կազմում է 10 հազար դրամ (8 հազ. դրամ և հազարական դրամ յուրաքանչյուր երեխայի համար).

գ) որոշվում է աշխատողի հունվար ամսվա հարկվող եկամուտը` 19.100 դրամ (30 հազ. դրամ - 900 դրամ - 10 հազ. դրամ).

դ) հարկվող եկամտից օրենքով սահմանված տարեկան սանդղակով որոշվում է եկամտահարկի գումարը` 2.865 դրամ (այնքանով, որ եկամուտը չի գերազանցել 120 հազ. դրամը, հարկը պահվում է 15 տոկոս դրույքաչափով` 19.100 դրամ x 0,15):

2. Հարկային գործակալի (գործատուի) կողմից սույն պարզաբանման 1-ին կետում նշված եկամուտների յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ: Հաշվարկը կատարվում է, ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31 ներառյալ) հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին կատարված վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցումների չափից:

Օրինակ. աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձը հունվար ամսին հաշվարկվել է 35 հազ. դրամ, իսկ փետրվարին` 40 հազ. դրամ եկամուտ:

Այդ անձը 2-րդ կարգի հաշմանդամ է և ունի երկու երեխա, որոնցից մեկը` անչափահաս է, իսկ երկրորդը` ցերեկային ուսուցման ուսանող (մինչև 24 տարեկան): «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված համախառն եկամտի անձնական նվազեցումներից օգտվելու համար, այդ անձը ձեռնարկության հաշվապահություն է ներկայացրել այլ հարկային գործակալներից եկամուտ ստանալուց այդ նվազեցումները չվերապահվելու մասին գրավոր հայտարարություն, հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի և երեխաների ծննդյան վկայականների պատճեները, ինչպես նաև տեղեկանք երեխայի ուսման վայրից` ցերեկային ուսուցման ուսանող լինելու վերաբերյալ: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որոշվում է աշխատողի համախառն եկամտի անձնական նվազեցման գումարը եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար` 30 հազ. դրամ (չհարկվող շեմը` 8 հազ. դրամ + որպես երկրորդ կարգի հաշմանդամ` 20 հազ. դրամ + երեխաների համար` 2 հազ. դրամ):

Տվյալ դեպքում ձեռնարկության հաշվապահությունը այդ անձին վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում և պահում է հետևյալ կերպ (պարզության համար սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկը և համախառն եկամտից այդ գումարների նվազեցումը անտեսվում է` այն կատարվում է առաջին օրինակում նշված ձևով).

ա) հունվար ամսին վճարվող եկամտից որոշվում է.

- հարկվող եկամուտը` 5 հազ. դրամ (35 հազ. դրամ - 30 հազ. դրամ).

- եկամտահարկի գումարը` 750 դրամ (5 հազ. դրամ x 0,15).

բ) փետրվար ամսին վճարվող եկամտից որոշվում է.

- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված համախառն եկամուտը` 75 հազ. դրամ (35 հազ. դրամ + 40 հազ. դրամ).

- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված անձնական նվազեցման գումարը` 60 հազ. դրամ (30 հազ. դրամ x 2 ամիս).

- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված հարկվող եկամուտը` 15 հազ. դրամ (75 հազ. դրամ - 60 հազ. դրամ).

- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված հարկվող եկամտից եկամտահարկի գումարը` 2250 դրամ (15 հազ. դրամ x 0,15).

- հաշվանցելով նախորդ ամսում պահված եկամտահարկի գումարը, որոշվում է փետրվարին վճարվող եկամտից պահման ենթակա եկամտահարկի գումարը` 1500 դրամ (2250 դրամ - 750 դրամ):

Հետագա ամիսներին վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում է նույն կարգով:

 

Հավելված

 

Հայտարարություն

 

Ես, _______________________________________________, հայտարարում եմ,

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

որ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն համախառն եկամտի անձնական

 

նվազեցման իմ իրավունքը խնդրում եմ վերապահել ______________________________

(հարկային _______________________________________________________________________-ից

գործակալի (գործատուի) անվանումը)

 

ստացվող իմ եկամուտների նկատմամբ` այլ հարկային գործակալներից (գործատուներից) ստացվող եկամուտներից այդ նվազեցումը չվերապահվելու պայմանով:

 

                                 ______________________    _______________

                                    (ստորագրություն)          (ամսաթիվ)

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«09»  04  1998 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980096

 

 

pin
Հարկային տեսչություն
05.02.1998
N 01/11
Հրաման