Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 12.04.2 ...

 
i

ՀՀՊՏ N 66.1, 26.12.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ        Քաղաքացիական գործ թիվ 3-1763 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ-2021                                 2007թ.

Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ  

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 04.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ Կազմակերպության հայցի ընդդեմ «Արարատ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն)` բացառիկ իրավունքով պատկանող 9085, 8377, 8359, 8941, 7673, 7558, 8658, 8364, 8657, 8412, 11524, 7559, 9783 գրանցման համարներն ունեցող ապրանքային նշանների հետ նույնական կամ շփոթելու աստիճանի նման Ժեմչուժինա, Լեսնայա սկազկա, Վդօխնօվենիե, Romantic, Անուշիկ, Սկյուռիկ, Արջուկ, Քարավան նշանների ապօրինի օգտագործումը դադարեցնելուն պարտավորեցնելու, առանց որևիցե փոխհատուցման ապօրինի օգտագործվող Ժեմչուժինա, Լեսնայա սկազկա, Վդօխնօվենիե, Romantic, Անուշիկ, Սկյուռիկ, Արջուկ, Քարավան նշաններով մակնիշված ապրանքի փաթեթի ամբողջ ծավալն ոչնչացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել ընկերությանը դադարեցնել Կազմակերպությանը բացառիկ իրավունքով պատկանող 9085, 8377, 8359, 8941, 7673, 7558, 8658, 8364, 8657, 8412, 11524, 7559, 9783 գրանցման համարներն ունեցող ապրանքային նշանների հետ նույնական կամ շփոթելու աստիճանի նման Ժեմչուժինա, Լեսնայա սկազկա, Վդօխնօվենիե, Romantic, Անուշիկ, Սկյուռիկ, Արջուկ, Քարավան նշանների ապօրինի օգտագործումը, ինչպես նաև առանց որևիցե փոխհատուցման ոչնչացնել ապօրինի օգտագործվող Ժեմչուժինա, Լեսնայա սկազկա, Վդօխնօվենիե, Romantic, Անուշիկ, Սկյուռիկ, Արջուկ, Քարավան նշաններով մակնիշված ապրանքի փաթեթի ամբողջ ծավալը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 04.07.25007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել ընկերության տնօրենը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) Տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 12.04.2005 թվականի N 85-ն հրամանով հաստատված և 17.10.2006 թվականի N 215-Ն հրամանով փոփոխված «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգի» (այսուհետ` Կարգ) 105-րդ, 105.1-րդ և 96-100-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր և կիրառել է Կարգի 102-րդ և 103-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը չպետք է կիրառեր Կարգի 102-րդ և 103-րդ կետերը, քանի որ նշված կետերը վերաբերում են միայն պատկերային և ծավալային ապրանքային նշանների նմանությունն որոշելու կանոններին և չափանիշներին:

Մինչդեռ, գործի քննության ընթացքում հետազոտված ապրանքային նշաններից և ոչ մեկը պատկերային կամ ծավալային ապրանքային նշան չի հանդիսանում: «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և Կարգի 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերի համաձայն` դրանց մի մասը հանդիսանում են բառային, իսկ մյուս մասը` համակցված ապրանքային նշաններ:

Տնտեսական դատարանը սխալ եզրակացություն է կատարել` նշելով, որ համեմատվող նշաններում առկա բառային տարրերի համեմատությունն էական նշանակություն չի կարող ունենալ նշանների նմանության որոշման հարցում, քանի որ Կարգի 105-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` համակցված նշանները համեմատվում են`

1) համակցված նշանների հետ,

2) նշանների այն տեսակների հետ, որոնք որպես տարրեր, ներառված են ստուգվող համակցված նշանի մեջ, այն է` բառային և պատկերային տարրերի հետ:

Հետևաբար, Տնտեսական դատարանը պետք է նախ համեմատեր ընկերության կողմից օգտագործվող համակցված ապրանքային նշանները Կազմակերպության` գրանցված համակցված ապրանքային նշանների հետ, իսկ այնուհետև` ընկերության կողմից օգտագործվող համակցված ապրանքային նշանները Կազմակերպության` գրանցված բառային ապրանքային նշանների հետ, որոնք որպես տարրեր նույնականորեն կամ շփոթելու աստիճանի նման ներառված են ընկերության կողմից օգտագործվող համակցված ապրանքային նշանների մեջ:

Միևնույն ժամանակ, Տնտեսական դատարանը պետք է նկատի ունենար 105.1 հոդվածի 1-ին պարբերությունը, որի համաձայն` «համակցված նշանների նմանությունն որոշելիս հաշվի է առնվում դրանց մեջ առկա բառային տարրերի նմանության հարցն առանձին վերցված, եթե դրանց մեջ տվյալ տարրերը հանդիսանում են հիմնական ընկալման տարրեր կամ տվյալ նշանների այսպես կոչված «առաջնային ընկալման» տարրեր կամ «անվանումներ»»:

Եթե Տնտեսական դատարանը կիրառեր Կարգի 105-րդ և 105.1-րդ կետերը, ապա կարժեքավորեր մի շարք կարևոր հանգամանքներն, ինչը չի արել, այն է`

1) Ընկերության կողմից օգտագործվող «ԺԵՄՉՈՒԺԻՆԱ», «ՎԴՕԽՆՕՎԵՆԻԵ», «ROMANTIC», «ՍԿՅՈՒՌԻԿ», «ՔԱՐԱՎԱՆ», «ԱՆՈՒՇԻԿ», «ԱՐՋՈՒԿ» և «ԼԵՍՆԱՅԱ ՍԿԱԶԿԱ» ապրանքային նշանները պարունակում են Կազմակերպության անունով գրանցված և բացառիկ իրավունքի օբյեկտ հանդիսացող «ԺԵՄՉՈՒԺԻՆԱ» (բառային N 9085), «ՎԴՕԽՆՕՎԵՆԻԵ» (բառային N 8359), «ՌՕՄԱՆՏԻԿԱ» (բառային N 8733), «ԲԵԼՕՉԿԱ» (բառային N 8658), «ԿԱՌԱՎԱՆ» (բառային N 11524), «ՄԻՇԿԱ ԿՕՍՕԼԱՊԻՅ» (բառային N 8657), «ՄԻՇԿԱ ՆԱ ՍԵՎԵՐԵ» (բառային N 9783) և «ԼԵՍՆԱՅԱ ԲԻԼ» (բառային N 8377) բառային ապրանքային նշաններն որպես հիմնական ընկալման տարր («առաջնային ընկալման» տարր կամ «անվանում»), որոնց վրա էլ ընկնում է ապրանքային նշանների հիմնական տրամաբանական շեշտադրումը:

2) Միևնույն ժամանակ, ընկերության կողմից օգտագործվող «ՍԿՅՈՒՌԻԿ», «ԱՆՈՒՇԻԿ» և «ԱՐՋՈՒԿ» ապրանքային նշանները պարունակում են Կազմակերպության անունով գրանցված և բացառիկ իրավունքի օբյեկտ հանդիսացող «ԲԵԼՕՉԿԱ, ՍԿՅՈՒՌԻԿ, SQUIREL» (համակցված, N 7558), «ԱՆՈՒՇ» (համակցված, N 7673), «ՄԻՇԿԱ ՆԱ ՍԵՎԵՐԵ, ԱՐՋԸ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ, POLAR BEAR» (համակցված, N 9783) և «ՄԻՇԿԱ ԿՕՍՕԼԱՊԻՅ, ԾՈՒՌԹԱԹ ԱՐՋՈՒԿ» (համակցված, N 7559) համակցված ապրանքային նշանների հիմնական ընկալման տարր («առաջնային ընկալման» տարր կամ «անվանում») հանդիսացող բառային կամ պատկերային տարրերը: Կարգի 105-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` «համակցված նշանների նմանությունն որոշելիս օգտագործվում են սույն կարգի 96-104-րդ կետերում թվարկված հատկանիշները, ինչպես նաև ուսումնասիրվում է քննարկվող նշանի մեջ նույնական կամ նման տարրի զբաղեցրած տեղի (դիրքի) նշանակությունը»:

Բացի այդ, Տնտեսական դատարանը Կարգի 102-րդ և 103-րդ կետերը կիրառելիս վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-2050 (ՏԴ) քաղաքացիական գործով կայացված որոշումը, որը, տվյալ գործով, կիրառելի չէ, քանի որ այդ որոշումը կայացվել է չպահպանվող բառային տարր պարունակող ապրանքային նշանների նմանության և չպահպանվող տարրի գերիշխող լինելու հարցն որոշելու կապակցությամբ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 04.07.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից տրված ապրանքային նշանների գրանցման վկայականների համաձայն` 30-րդ դասում գրանցված «ԺԵՄՉՈՒԺԻՆԱ» (բառային N 9085), «ԱՆՈՒՇ» (բառային, N 8941), «ԱՆՈՒՇ» (համակցված, N 7673), «ՌՕՄԱՆՏԻԿԱ» (բառային N 8733), «ԲԵԼՕՉԿԱ» (բառային N 8658), «ԲԵԼՕՉԿԱ» (համակցված N 7558), «ՄԻՇԿԱ ԿՕՍՕԼԱՊԻՅ» (բառային N 8657), «ՄԻՇԿԱ ԿՕՍՕԼԱՊԻՅ, ԾՈՒՌԹԱԹ ԱՐՋՈՒԿ» (համակցված, N 7559), «ՄԻՇԿԱ ՆԱ ՍԵՎԵՐԵ, ԱՐՋԸ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ, POLAR BEAR» (համակցված, N 8412), «ՄԻՇԿԱ ՆԱ ՍԵՎԵՐԵ» (բառային N 9783) և «ՄԵԴՎԵԴ» (բառային N 11524) ապրանքային նշանները Կազմակերպության սեփականությունն են, իսկ «Սուիթ լենդ» հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող «ԼԵՍՆԱՅԱ ԲԻԼ» (բառային N 8377), «ՎԴՕԽՆՕՎԵՆԻԵ» (բառային N 8359) և «ԿԱՌԱՎԱՆ» (բառային N 8364) ապրանքային նշանների օգտագործման իրավունքը զիջվել է Կազմակերպությանը:

2) Ընկերության կողմից օգտագործվում է «ՍԿՅՈՒՌԻԿ», «ՔԱՐԱՎԱՆ», «ԱՐՋՈՒԿ», «ԺԵՄՉՈՒԺԻՆԱ», «ԼԵՍՆԱՅԱ ՍԿԱԶԿԱ», «ՎԴՕԽՆՕՎԵՆԻԵ», «ROMANTIC», «ԱՆՈՒՇԻԿ» ապրանքային նշանները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Կարգի 105-րդ կետի համաձայն` համակցված նշանները համեմատվում են`

1) համակցված նշանների հետ.

2) նշանների այն տեսակների հետ, որոնք որպես տարրեր ներառված են ստուգվող համակցված նշանի մեջ:

Համակցված նշանների նմանությունն որոշելիս օգտագործվում են նույն կարգի 98-104-րդ կետերում թվարկված հատկանիշները, ինչպես նաև ուսումնասիրվում է հայտարկվող նշանի մեջ նույնական կամ նման տարրի զբաղեցրած տեղի (դիրքի) նշանակությունը, իսկ ըստ 105.1-րդ կետի` համակցված նշանների նմանությունն որոշելիս հաշվի է առնվում դրանց մեջ առկա բառային տարրերի նմանության հարցն առանձին վերցված, եթե դրանց մեջ տվյալ տարրերը հանդիսանում են հիմնական ընկալման տարրեր կամ տվյալ նշանների այսպես կոչված «առաջնային ընկալման» տարրեր կամ «անվանումներ»:

Տնտեսական դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կազմակերպության ապրանքային նշանները և՛ բառային, և՛ համակցված են, իսկ ընկերության կողմից օգտագործվող ապրանքային նշանները համակցված են, բացի այդ, տնտեսական դատարանը նշել է, որ բառային և պատկերային բաղկացուցիչ տարրերով համակցված նշանների համեմատության դեպքում, որոնց բառային տարրերի համեմատությունն էական նշանակություն չի կարող ունենալ ապրանքային նշանների նմանության որոշման հարցում` պետք է առաջնորդվել պատկերային նշանների համեմատության կանոններով:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, տվյալ դեպքում, վճռում չի նշվել, թե ինչի հիման վրա է Տնտեսական դատարանը հանգել բառային տարրի համեմատության էական նշանակություն չունենալու մասին հետևության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տնտեսական դատարանը խախտել է Կարգի 105-րդ կետը, քանի որ վերոհիշյալ կետի 2-րդ ենթակետում նշված է, որ համակցված նշանները համեմատվում են նշանների այն տեսակների հետ, որոնք որպես տարրեր ներառված են ստուգվող համակցված նշանների մեջ: Այսինքն, համակցված նշաններում առկա բառային տարրերը համեմատվում են նշանների հետ:

Ինչ վերաբերում է ապրանքային նշանների շփոթության աստիճանի նմանության որոշման կանոններին, ապա Կարգի 92-րդ կետի համաձայն` նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճան նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն` մարդու մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայությանը:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքային նշանները համեմատելիս նախ և առաջ պետք է հաշվի առնվեն այդ նշանների նմանությունները (որն ունի տարբերակիչ նշանակություն), անկախ լրացուցիչ և աննշան տարրերի առկայության: Այսինքն, եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրերը, կարելի է եզրակացնել որ այն ունի շփոթելու աստիճանի նմանություն:

Մինչդեռ, տվյալ դեպքում, Տնտեսական դատարանը, համեմատելով գրանցված և ընկերության կողմից օգտագործվող ապրանքային նշանները, գնահատել է դրանց տարբերությունները` ինչով էլ բավարար հիմք չի ստեղծվել դրանց շփոթության աստիճան նմանության հանգամանքը գնահատելու համար:

Այսպիսով, Տնտեսական դատարանը համեմատվող ապրանքային նշանների` շփոթության աստիճան նման լինելու հանգամանքը պարզելու համար, նախ պետք է համեմատեր ընկերության կողմից օգտագործվող համակցված ապրանքային նշանները Կազմակերպության գրանցված համակցված ապրանքային նշանների հետ, իսկ այնուհետև` ընկերության կողմից օգտագործվող համակցված ապրանքային նշանները` Կազմակերպության գրանցված բառային ապրանքային նշանների հետ` առաջնորդվելով Կարգի 105.1-րդ կետով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 04.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.12.2007
N 3-1763(ՏԴ)
Որոշում