Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2008-201 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

13 մարտի 2008 թվականի N 10

 

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2008-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների փորձնական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների փորձնական ծրագրի արդյունքներով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի նիստի

N 10 արձանագրային որոշման

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2008-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Երեխայի բնականոն և համակողմանի զարգացման ապահովման գործում մեծ է կրթության դերը: Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են երեխայի ֆիզիկական, հոգեկան, բարոյական, մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, նրա ընդունակությունների բացահայտմանն ու բնականոն զարգացմանը նպաստելը, շրջապատի հետ շփման, սեփական կարծիքն արտահայտելու և վարքագիծը կառավարելու տարրական կարողությունների ձևավորումը, դպրոցական ուսուցմանը երեխային նախապատրաստելը:

Վաղ տարիքում երեխաների կրթությունը տարրական կրթության որակի հիմնաքարն է, այն դրական ազդեցություն ունի տարրական դպրոց սահուն անցում կատարելու, արագ հարմարվելու և ուսման մեջ առաջընթաց ունենալու հարցերում: Հայաստանում նախադպրոցական կրթության ռազմավարությունը պետք է դիտարկվի ոչ թե մեկուսացված, այլ ընդհանուր կրթական ռազմավարության և մանկան վաղ զարգացմանն ուղղված ջանքերի համատեքստում: Քանի որ տարրական կրթության գերակայություններից մեկը կրթության որակի բարելավումն է, հետևաբար նախադպրոցական կրթության հզոր և տարածված համակարգը նախապայման է այդ նպատակին հասնելու համար:

Ինչպես ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում` նախադպրոցական կրթության զարգացումն ուղղվելու է համակարգի արդիականացմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը:

Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը (այսուհետ` Ռազմավարական ծրագիր) մշակվել է նախադպրոցական կրթության համակարգի հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով: Ինչպես նշված է Ռազմավարական ծրագրի դրույթներում` նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է` հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության մեջ ընդգրկման ավելացմանը:

Առանձնակի կարևորվում է նախադպրոցական ավագ տարիքի երեխաների` հինգից մինչև վեց տարեկանների, տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը, ինչը կապահովի երեխաների համար հավասար մեկնարկային պայմաններ տարրական դպրոցում ուսումը շարունակելու համար, ինչպես նաև կայուն հիմքեր կստեղծի նրանց անձնային ու սոցիալական հմտությունների զարգացման և ձևավորման համար:

 

2. ՀՀ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

 

Ներկայումս նախադպրոցահասակ երեխաների կրթությունն ու դաստիարակությունն իրականացվում են նախադպրոցական հաստատությունների միջոցով: ՀՀ նախադպրոցական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին, և հիմնականում գործել է պետական ֆինանսավորմամբ: Գործող նախադպրոցական հաստատությունները եղել են հիմնականում երեք տիպի`

. մսուրներ` 0-3 տարեկանների համար

. մանկապարտեզներ` 3-7 տարեկանների համար

. մսուր-մանկապարտեզներ` 0-7 տարեկանների համար:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նախադպրոցական համակարգը, հայտնվեց ճգնաժամային իրավիճակում, ինչը պայմանավորված էր սոցիալ-տնտեսական և քաղաքական տարբեր գործոններով: Արդյունքում զգալիորեն կրճատվեց հաստատությունների թիվը և նվազեց դրանցում երեխաների ընդգրկվածությունը: 90-ական թվականներին երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում տատանվում էր 30-60% սահմաններում` պայմանավորված քաղաքային և գյուղական վայրերում ընդգրկման նկատելի տարբերությամբ:

1990-2006 թվականներին նախադպրոցական հաստատությունների քանակի և դրանցում ընդգրկված 0-7 տարեկան երեխաների թվի դինամիկան տրված է աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1. Մանկապարտեզների և դրանցում երեխաների հաճախումների զարգացման միտումները, 1990-2006 թթ.

 

.____________________________________________________.

|Տարեթիվը|Մանկապարտեզների թիվը|Հաճախող երեխաների թիվը|

|________|____________________|______________________|

|1990    |1192                |113303                |

|________|____________________|______________________|

|1992    |1070                |91558                 |

|________|____________________|______________________|

|1994    |1058                |81594                 |

|________|____________________|______________________|

|1996    |1037                |72806                 |

|________|____________________|______________________|

|1997    |943                 |67200                 |

|________|____________________|______________________|

|1998    |856                 |56600                 |

|________|____________________|______________________|

|1999    |844                 |52900                 |

|________|____________________|______________________|

|2000    |769                 |46600                 |

|________|____________________|______________________|

|2001    |712                 |44600                 |

|________|____________________|______________________|

|2002    |681                 |45400                 |

|________|____________________|______________________|

|2003    |682                 |46141                 |

|________|____________________|______________________|

|2004    |637                 |45470                 |

|________|____________________|______________________|

|2005    |623                 |47791                 |

|________|____________________|______________________|

|2006    |623                 |47308                 |

.____________________________________________________.

 

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայություն

 

1990-96 թթ. ընթացքում նախադպրոցական հաստատությունների քանակը նվազել է շուրջ 13%-ով, իսկ հաճախող երեխաների թիվը նույն ժամանակահատվածում նվազել է մոտ 35,7%-ով, ինչը հետևանք էր մի շարք գործոնների.

. Այդ տարիներին նախադպրոցական հաստատությունները դեռևս պետական ենթակայության էին և հիմնականում ֆինանսավորվում էին պետական բյուջեի միջոցներով` աշխատավարձերի և մասամբ սննդի համար: Սակայն, քանի որ ֆինանսավորման չափերը կտրուկ նվազել էին, հետևաբար ծառայությունների որակն անկում էր ապրել, և ծնողները դադարել էին երեխաներին մանկապարտեզ տանել:

. Երեխաների թվի նվազումը, սակայն, ոչ միշտ էր հանգեցնում մանկապարտեզների քանակի փոփոխության, քանի որ, եթե նախադպրոցական հաստատությունները կարողանում էին հավաքել գոնե մեկ խումբ և դրանով հիմնավորել իրենց գոյությունը, ապա շարունակում էին գործել:

. Աշխատատեղերի քանակը հանրապետությունում կտրուկ նվազել էր:

Նախադպրոցական հաստատությունները համայնքներին հանձնելուց հետո այդ ցանցը կրեց զգալի փոփոխություններ. իրար մոտ գտնվող առանձին մանկապարտեզներ միավորվեցին, իսկ մի շարք մանկապարտեզներ փակվեցին: Հաճախ դա պայմանավորված էր երեխաների հաճախումների նվազման հետևանքով առաջացած մանկապարտեզների թերբեռնվածությամբ, ինչը ավելացնում էր մանկապարտեզի ծախսերը 1 երեխայի հաշվով: Շատ գյուղական համայնքներում մանկապարտեզները փակվեցին, քանի որ նվազեց նաև սոցիալական պահանջարկը: Գյուղական համայնքներում ավանդաբար մանկապարտեզ էին հաճախում հիմնականում աշխատող մայրերի երեխաները: Գործող կազմակերպությունների փակման հետևանքով մայրերը զրկվեցին աշխատանքից և դադարեցին երեխաներին մանկապարտեզ տանել:

1997-2006 թվականներին նախադպրոցական հաստատությունների թվի նվազման միտումը պահպանվեց: Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տարիներին նախադպրոցական հաստատությունների նվազման տեմպերն արագացան և դրանց 30%-ից ավելին փակվեցին: Երեխաների ընդգրկումը 1997-2006 թվականներին գրեթե նույնքանով կրճատվեց: Սկսած 2001-2002 թվականներից երեխաների հաճախումների թիվը սկսեց կայունանալ` միջինում կազմելով տարեկան շուրջ 45000 երեխա:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատելի է նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածության աճի միտում: Միայն 2005 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում աճել է 5 տոկոսով:

2006 թվականին հանրապետությունում գործել են 623 համայնքային նախադպրոցական հաստատություններ, որոնցից 310-ը մանկապարտեզներն են, 309-ը` մսուր-մանկապարտեզներ, 4-ը` դպրոց-մանկապարտեզ: Նախադպրոցական հաստատություններից 8-ը գերատեսչական են: 2006 թվականին նախադպրոցական հաստատություններ են հաճախել շուրջ 47308 երեխա, գործել է 2270 խումբ, իսկ տեղերի քանակը կազմել է 67437: Երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում (1-6 տարեկան երեխաների թվաքանակից) 2006 թվականին կազմել է միջինում 21.6%, ընդ որում` քաղաքային համայնքներում` 28.5%, իսկ գյուղական համայնքներում` 10.5%: Մեկ խմբում երեխաների միջին թիվը 21 է, իսկ մանկապարտեզների փաստացի զբաղվածությունը` 70,1%: 2006 թվականին նախադպրոցական հաստատություններում 6 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է շուրջ 37%:

Ճիշտ է, վերջերս նկատվում է երեխաների ընդգրկվածության որոշակի աճ, սակայն դա կատարվում է խոշոր բնակավայրերում, և մանկապարտեզ հաճախողները հիմնականում նյութապես ապահովված ընտանիքներից են:

Նախադպրոցական հաստատությունների թվի և ընդգրկվածության` ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքներում բնակվող երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում միջինում 4.3 անգամ գերազանցում է գյուղական բնակավայրերում երեխաների ընդգրկվածությանը: Հայաստանում գործող մանկապարտեզների գրեթե 1/3-ը բաժին է ընկնում Երևանին, որոնցում հաճախող երեխաները կազմում են նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների ընդհանուր թվաքանակի շուրջ 45.2%:

 

Աղյուսակ 2. Երեխաների ընդգրկվածության ցուցանիշներն ըստ քաղաք-գյուղ բաժանման և հաճախումների %-ը 1-6 տարեկանների ընդհանուր թվից, 2006 թ.

 

.________________________________________________________________________.

|    |նախադպրոցական         |հաճախող երեխաների|հաճախողների %-ը 1-6       |

|    |հաստատությունների թիվը|թիվը             |տարեկանների ընդհանուր թվից|

|____|______________________|_________________|__________________________|

|    |քաղաք | գյուղ |  ընդ. |քաղաք|գյուղ| ընդ.| քաղաք  |  գյուղ | միջինը |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|1997| 528  |  415  |  943  |49500|17700|67200|        |        |  18.5  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|1998| 502  |  354  |  865  |45000|11600|56600|  22.6  |  8.8   |  17.1  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|1999| 498  |  346  |  844  |45700|7200 |52900|  21.9  |  5     |  17.7  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|2000| 461  |  308  |  769  |39300|7300 |46600|  27.6  |  7.8   |  17.2  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|2001| 453  |  264  |  717  |37400|7200 |44600|  24.3  |  7.2   |  17.5  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|2002| 434  |  247  |  681  |38300|7100 |45400|  26.5  |  7.1   |  18.6  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|2003| 421  |  261  |  682  |38473|7668 |46141|  27.9  |  8.1   |  19.1  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|2004| 406  |  231  |  637  |37492|7978 |45470|  28,5  |  12    |  19.8  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|2005| 407  |  216  |  623  |39434|8357 |47791|  29.1  |  9.6   |  21.5  |

|____|______|_______|_______|_____|_____|_____|________|________|________|

|2006| 395  |  228  |  623  |38454|8854 |47308|  28.5  | 10.5   |  21.6  |

.________________________________________________________________________.

 

Աղբյուրը` Հայաստանի վիճակագրական Տարեգիրք (1999, 2000, 2003, 2004, 2005), ԱՎԾ «ՀՀ սոցիալական վիճակը 2006 թ.

 

Աղյուսակ 2-ը հստակ արտահայտում է քաղաք և գյուղ տարբերությունները: Եթե 2006 թվականին 1997-ի նկատմամբ քաղաքներում նախադպրոցական հաստատությունների թիվը նվազել է 25.2%-ով, ապա նույն ժամանակահատվածում գյուղական բնակավայրերում դրանց թիվը նվազել է շուրջ 45.1%-ով: Նույն ժամանակահատվածում հաճախումները համապատասխանորեն նվազել են` 22.3%-ով և 50.0%-ով: Գյուղական բնակավայրերում այսպիսի կտրուկ անկումը, բացի վերը նշված հանգամանքներից, հետևանք է նաև գյուղական բնակչության ցածր եկամուտների:

 

Աղյուսակ 3. Նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվն ըստ մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների, 2006 թ.

 

._________________________________________________________________________.

|           |Ընդամենը ՀՀ-ում     |Քաղաքային           |Գյուղական          |

|           |                    |համայնքներում       |համայնքներում      |

|           |____________________|____________________|___________________|

|           |նախադպրոցական|երեխա-|նախադպրոցական|երեխա-|նախադպրոցական|երեխա|

|           |հաստատութ-   |ների  |հաստատութ-   |ների  |հաստատութ-   |ների |

|           |յունների թիվը|թիվը  |յունների թիվը|թիվը  |յունների թիվը|թիվը |

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Երևան      |          172| 21371|          172| 21371|      -      |   - |

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Արագածոտն  |           23|  1471|            9|   663|           14|  808|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Արարատ     |           72|  3725|           22|  1761|           50| 1964|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Արմավիր    |           49|  3369|           23|  2180|           26| 1189|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Գեղարքունիք|           45|  2404|           21|  1310|           24| 1094|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Լոռի       |           56|  3283|           38|  2728|           18|  555|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Կոտայք     |           50|  2529|           34|  1854|           16|  675|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Շիրակ      |           45|  3271|           28|  2624|           17|  647|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Սյունիք    |           50|  3137|           29|  2610|           21|  527|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Վայոց ձոր  |           17|   778|            6|   383|           11|  395|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Տավուշ     |           44|  1970|           13|   970|           31| 1000|

|___________|_____________|______|_____________|______|_____________|_____|

|Ընդամենը   |          623| 47308|          395| 38454|          228| 8854|

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայություն, Երևան 2006

 

Աղյուսակ 3-ի վերլուծությունից ակնհայտ է գյուղական վայրերում նախադպրոցական կրթության մատչելիության ցածր մակարդակը: Քաղաքում բնակվող երեխաների ընդգրկվածության տոկոսը զգալիորեն (շուրջ 77%-ով) գերազանցում է գյուղական վայրերում երեխաների ընդգրկվածության տոկոսին: Գյուղական համայնքների բյուջեները համալրվում են տեղական տուրքերից, հարկերից և պետական բյուջեից դոտացիաներից: Տեղական հարկային մուտքերը` կապված բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետ, հաճախ են թերակատարվում: ՈՒստի համայնքները չեն ապահովում նախադպրոցական հաստատությունների լիարժեք ֆինանսավորումը, ինչի արդյունքում պարբերաբար ընդհատվում է վերջիններիս գործունեությունը, կամ դրանք գործում են սեզոնային:

Տվյալները ցույց են տալիս, որ 5-6 տարեկանների ընդգրկվածության ավելացման ռեսուրսները նախադպրոցական կրթական հաստատություններում խիստ սահմանափակ են, մասնավորապես գյուղական համայնքների մեծ մասում, ուստի նախադպրոցական կրթությունը մասամբ կարող է իրականացվել այլընտրանքային ծառայությունների միջոցով, այդ թվում` նախադպրոցական կրթության կազմակերպում տվյալ համայնքում գործող դպրոցում, ծնողական կրթություն և այլն:

Այսպիսով, ներկա փուլում համակարգի մատչելիության և ընդգրկվածության մեծացման տեսանկյունից նախադպրոցական համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը դարձել է խիստ հրատապ:

 

2. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԿԱԴՐԵՐԸ

 

Նախադպրոցական հաստատությունների աշխատողների թվաքանակը 2006 թվականին կազմել է 11076 մարդ, որոնցից 43.9%-ը մանկավարժական անձնակազմն է: Մանկավարժների 39,4%-ն ունի բարձրագույն կրթություն, իսկ 53,8%-ը` միջնակարգ մասնագիտական կրթություն: 2006 թվականին երեխաների և մանկավարժների թվի հարաբերակցությունը կազմել է մոտ 1:10-ի, իսկ երեխա-դաստիարակ հարաբերակցությունը` 1:14 է:

Հաստատություններում աշխատող կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերը արմատական բարելավման կարիք ունեն: Ներկայումս կադրերի վերապատրաստումն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից մշակված և հաստատված ծրագրերով: Վերապատրաստումների ծավալները խիստ սահմանափակ են: Գործընթացում հիմնականում ընդգրկվում են Երևան քաղաքի և մոտակա մարզերի նախադպրոցական հաստատությունների աշխատողները: Հեռավոր մարզերի նախադպրոցական հաստատությունների մանկավարժների վերապատրաստումը գործնականում անհնարին է ֆինանսավորման բացակայության հետևանքով: Նրանց համար փոքր ծավալի վերապատրաստումներ են իրականացվել Յունիսեֆ-ի և «Քայլ առ քայլ» կազմակերպության ծրագրերի շրջանակներում: Առանձնահատուկ բարելավման և հարստացման կարիք ունեն երեխաների ուսուցման մեթոդները, ինչը հնարավոր է ֆինանսական ներդրումների պարագայում:

 

3. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ

 

Նախադպրոցական - ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, ուսումնանյութական բազայի, գույքավորման, կահավորման, տեխնիկական հագեցվածության խնդիրներն այսօր ևս խիստ մտահոգիչ են, որոնք, կախված ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական բյուջեների հզորությունից, լուծվում են խիստ տարբերակված ձևով:

ա/ շենքային պայմանները. Ներկայումս հանրապետությունում գոյություն ունեն նախադպրոցական հաստատությունների շենքերի երեք տեսակ` նոր տիպային, հին տիպային և հարմարեցված: Տիպային շենքերը պատրաստված են մանկապարտեզների բոլոր կարիքների հաշվի առմամբ (բակի, դահլիճի, խոհանոցի, օժանդակ հարմարությունների առկայություն, լիարժեք լուսավորվածություն, համապատասխան քանակով խմբասենյակներ և այլն): Համայնքային մանկապարտեզները հիմնականում գործում են նոր տիպային շենքերում: Հարկ է նշել, որ դեռևս կան հին տիպային շենքեր, որոնցում նախատեսված չեն առանձին ննջասենյակներ, ընդունարաններ, երաժշտական և ֆիզիկական դաստիարակության դահլիճներ, կոմունալ հարմարությունները սահմանափակ են:

Համայնքային նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանները ակնհայտորեն ավելի լավ են ոչ պետականներից, սակայն այդ շենքերի հիմնական մասը կարիք ունեն հիմնանորոգման:

Ոչ պետական մանկապարտեզները հիմնականում գործում են մանկապարտեզի կարիքների համար հարմարեցված շենքերում և շինություններում, և դրանց կողմից զբաղեցրած տարածքները չեն համապատասխանում մանկապարտեզի շենքի սանիտարահիգիենիկ նորմերին: ՈՒստի ոչ պետական մանկապարտեզների շենքային պայմանները հնարավորինս մոտեցվում են այդ պահանջներին:

Միջինում, ՀՀ համայնքների շուրջ 47%-ում չկան համապատասխան շենքեր: Մասնավորապես, շենքերի առկայության առումով ոչ նպաստավոր վիճակում են գտնվում ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Լոռու մարզերի բնակավայրերը: Շուրջ 170 համայնքներում էլ կան մանկապարտեզների շենքեր, սակայն դրանք չեն գործում:

բ/ ջեռուցումը. Գործող նախադպրոցական հաստատություններում կենտրոնացված ջեռուցման համակարգ գրեթե չի գործում: Ջեռուցումը հիմնականում իրականացվում է էլեկտրական սարքերի միջոցով, որոնք իրենց չեն արդարացնում սենյակների մեծության և էլեկտրաէներգիայի օգտագործման սահմանափակումների պատճառով: Առանձին դեպքերում ջեռուցումն իրականացվում է փայտի կամ նավթի վառարաններով, ինչն անթույլատրելի է երեխաների կյանքի անվտանգության և առողջության տեսանկյունից: Ջեռուցումն իրականացվում է միայն խմբասենյակներում, հետևաբար սանհանգույցներում և ննջասենյակներում ջերմաստիճանը լինում է պահանջվող նորմերից ցածր: Երեխաների ցերեկային քունը ձմռան ամիսներին չի կազմակերպվում, կամ դա արվում է վտանգելով նրանց առողջությանը:

գ/ սնունդը. Հաստատությունների գերակշռող մասում (հատկապես համայնքային ենթակայության), որոնք շուրջօրյա են, երեխաների համար կազմակերպվում է որոշ սննդի մատուցում: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները թերսնվում են, և սահմանված նորմատիվներն ապահովվում են նախատեսվածի մոտ 1/4 մասով: Հաստատությունների մեծ մասում երեխաները սնվում են օրը երեք անգամ, բայց մատուցվող սննդի կալորիականությունը և սննդարարությունը չի համապատասխանում նորմերին և շատ ցածր է: Ամենօրյա սննդի պարունակությունը հիմնականում միատարր է: Ֆինանսական միջոցների պակասը թույլ չի տալիս ապահովելու վաղ մանկության տարիքում երեխայի զարգացման համար բավարար` բազմատեսակ ու վիտամիններով հարուստ սնունդ:

Սննդի ապահովման առումով տարբերություններ կան նաև քաղաքի և գյուղի միջև: Երևանում սննդի որակը և քանակն ավելի բարվոք է, քան գյուղական մանկապարտեզներում, քանի որ Երևանում ծնողական մուծումները 2-5 անգամ գերազանցում են գյուղականին, իսկ երեխաների սնունդը հիմնականում կազմակերպվում է ծնողական մուծումներից գոյացած միջոցների հաշվին: Իհարկե, երկու դեպքում էլ սննդի ռացիոնում գերակայում են մակարոնեղենը և կարտոֆիլը, որոնք համեմատաբար էժան սննդամթերք են:

Վերոնշյալը թույլ է տալիս եզրակացնել, որ երեխաների ընդգրկվածության հետագա աճի ապահովման նպատակով անհրաժեշտ կլինի որոշ դեպքերում հրաժարվել աշխատանքի ավանդական եղանակներից և կիրառել նոր մոտեցումներ: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի նախադպրոցական կրթությունն իրականացնել կեսօրյա, 2-3 ժամյա խաղ-պարապմունքների միջոցով` կիրառելով միանգամյա սննդի ռեժիմ, կամ այլ ձևով, ինչը կխթանի նախադպրոցական հաստատությունների գործունեությունը կամ այլընտրանքային կրթական ծառայությունների կազմակերպումը` հատկապես գյուղական վայրերում:

դ/ գույքը. Գրեթե բոլոր նախադպրոցական հաստատություններն ունեն փափուկ և կոշտ գույքի ու պարագաների կարիք (սպիտակեղեն, սրբիչներ, խոհանոցային և այլ աշխատողների արտահագուստ, մահճակալներ, սեղաններ, աթոռներ, ֆիզիկական դաստիարակության համար համապատասխան մարզագույք և այլն): Առկա գույքը և պարագաները թե բարոյապես, և թե ֆիզիկապես արդեն մաշված են: Պետք է նշել նաև, որ խոհանոցային հատվածի սարքավորումները նույնպես հնացած են և դրանք ևս կարիք ունեն նորացման ու վերազինման:

ե/ ուսումնական միջոցները. Նախադպրոցական հաստատություններում համապատասխան դիդակտիկ նյութերի, ժամանակակից տեխնիկական միջոցների, գրենական պիտույքների և խաղալիքների բացակայությունը բացասաբար է անդրադառնում երեխաների ուսումնական և համակողմանի զարգացման գործընթացի իրականացման վրա: Հաստատությունների բյուջեներով գրեթե գումարներ նախատեսված չեն ուսումնական նյութերի ձեռքբերման համար:

զ/ կադրերը. Չնայած կրթական միջավայրի աղքատությանը, մանկապարտեզների մեծ մասում դաստիարակների նվիրված և ստեղծագործական մոտեցման շնորհիվ փորձ է արվում ապահովել ուսումնական ծրագրերի իրականացումը: Սակայն ներկայումս մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման և վերապատրաստման իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ֆինանսավորման բացակայության հետևանքով, խիստ սահմանափակ և անբավարար են:

Հաստատությունների նորոգման, կահավորման, ուսումնանյութական հագեցվածության ապահովման խնդիրների լուծման գործում մեծ է տարբեր միջազգային, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից իրականացվող աջակցության և համագործակցության ծրագրերի դերը:

 

4. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1996 թվականը որոշակի առումով շրջադարձային էր նախադպրոցական կրթության համակարգի համար: Հայաստանում ներդրվեց վարչատարածքային կառավարման նոր համակարգը, ստեղծվեցին ՀՀ մարզերը, լուծարվեցին պետական կառավարման շրջանային մարմինները` այդ թվում կրթության կառավարման շրջանային գործադիր մարմինները (շրջժողկրթբաժիններ), որոնք իրականացնում էին մսուր-մանկապարտեզների կենտրոնացված կառավարումը և՛ ֆինանսատնտեսական, և՛ բովանդակային առումով:

Նույն թվականին ստեղծվեցին տեղական ինքնակառավարման մարմինները, և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախադպրոցական հաստատությունները պետական կառավարման ոլորտից հանձնվեցին համայնքային կառավարման: Համայնքներին ամբողջությամբ հանձնվեցին նաև նախադպրոցական հաստատությունների շենքերը, շինությունները, գույքը: ՀՀ կրթության և գիտության նախարարությանը վերապահվեց ոլորտի քաղաքականության մշակումը և ծրագրամեթոդական ապահովումը, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններին` մարզպետարաններին, աջակցման և այդ ոլորտի նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատվությունը:

Այսպիսով, կատարվեց նախադպրոցական համակարգի ապակենտրոնացում, որը քաղաքական առումով ճիշտ որոշում էր և լիովին համապատասխանում էր զարգացման միջազգային միտումներին: Ապակենտրոնացումը լայն հնարավորություններ է ընձեռում համակարգի բարելավման համար, քանի որ`

. մեծացնում է համայնքների ու ծնողների` որպես ամենաշահագրգիռ կողմերի, մասնակցությունը երեխաների կրթության, խնամքի և զարգացման հարցերում,

. ներգրավում է նոր ֆինանսական միջոցներ,

. նախադպրոցական հաստատությունների ֆինանսատնտեսական կառավարումը դարձնում է ճկուն և հնարավորություն է տալիս արագ ու ճիշտ արձագանքել առօրյա խնդիրների լուծմանը,

. նվազեցնում է կենտրոնացված համակարգին բնորոշ որոշումների` ժամանակային առումով երկար կայացումը և ավելորդ բյուրոկրատական քաշքշուկը:

Դրա հետ մեկտեղ, սակայն, ապակենտրոնացումը մեծացնում է տեղերում սխալներ գործելու հավանականությունը, և համայնքների վրա դնում է ֆինանսական, տնտեսական ու կառավարման, իսկ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի վրա` վերահսկման գործառույթների իրականացման մեծ պատասխանատվություն: ՈՒստի պահանջվում է և՛ պետական, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացում:

Օրենսդրության կատարելագործման, միասնական քաղաքականության մշակման և վերահսկողական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը օրախնդիր էր, և դրա լուծմանն էր ուղղված 2005 թվականին «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչը հնարավորություն կտա լուծելու հիմնախնդիրները, կարգավորելու բացթողումները և ապահովելու համակարգի զարգացումը:

Օրենքը կարգավորում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը: Օրենքի գործառությամբ հստակեցվել են պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հաստատությունների լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում, հաստատությունների կարգավիճակը` անկախ սեփականության ձևից:

Համայնքային նախադպրոցական հաստատությունները ներկայումս ստացել են իրավաբանական անձի` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ձեռք բերելու իրավունք, սակայն վերջինս լիարժեք չի իրացվում:

Նախադպրոցական կրթության զարգացման հիմնախնդիրների լուծմանը նպաստելու տեսանկյունից առաջնահերթ է դարձել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը, որոնց մշակման և ընդունման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է:

ՀՀ նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է համայնքապետի ներկայացմամբ ավագանու կողմից հաստատված համայնքային բյուջեների միջոցներից: Նախադպրոցական հաստատությանը համայնքային բյուջեից հատկացումները կատարվում են նախապես կազմված նախահաշվի հիման վրա, հիմք ընդունելով նախորդ տարվա երեխաների հաճախումների թիվը: Շենքերի վերանորոգման գումարները նախատեսվում են բյուջեի առանձին հոդվածով: Հաստատության բյուջեում նշվում են մանկապարտեզի գործունեությունը ապահովող ծախսերի համապատասխան հոդվածները` աշխատավարձ, սնունդ, գույք, տնտեսական ծախսեր և կոմունալ ծախսեր:

Սակայն այդ հատկացումները դեռևս հեռու են հաստատությունների բոլոր պահանջները բավարարելուց: Հաստատության նախահաշվի կազմման ժամանակ անգամ չեն պահպանվում 1999 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թողարկված ուղեցույցով սահմանված մեկ երեխայի հաշվարկով 1 օրվա և տարեկան ծախսերի նորմերը, որոնք իրենց հերթին կորցրել են իրենց վաղեմությունը և վերանայման կարիք ունեն: Գրեթե բացակայում են խաղալիքների, գրենական պիտույքների, ուսումնադիդակտիկ նյութերի համար հատկացումները: Անբավարար են առանց այն էլ խարխլված շենքերի վերանորոգման և պահպանման համար հատկացումները:

Թեև առանձին համայնքներում վերջին տարիներին նկատվում են ֆինանսավորման աճի ու զարգացման միտումներ և արձանագրվել է համայնքային բյուջեներից մանկապարտեզներին կատարվող հատկացումների ավելացում, այնուամենայնիվ, նախադպրոցական հաստատությունների նկատմամբ շարունակվում է դրանց նվազ գոյատևումն ապահովելու քաղաքականությունը: Համայնքն իր կարողությունների սահմաններում ապահովում է նորմատիվներով նախատեսված ծախսերի միայն մի մասը, մասնավորապես` սննդի ծախսերի միայն 1/5-ը, իսկ գույքի ձեռքբերման ծախսերի` 1/3-ը:

 

Աղյուսակ N 4. Համայնքային և գերատեսչական նախադպրոցական հաստատությունների ֆինանսական միջոցների մուտքերը (ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվառման համակարգում ընդգրկված գործող նախադպրոցական հաստատությունների ներկայացրած հաշվետվությունների ամփոփ տվյալների), 2005 թ.

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|           |Ընդամենը |                 այդ թվում`                        |

|           |         |___________________________________________________|

|           |         |ՀՀ       |երեխաներից       |նվիրատ-|վարձա- |այլ    |

|           |         |բյուջեից |գանձվող          |վութ-  |կալութ-|եկամուտ|

|           |         |(պետական |վարձավճարները    |յուններ|յունից |ներ    |

|           |         |և  համայն|_________________|       |       |       |

|           |         |քային)   |իրավաբա-|բնակչութ|       |       |       |

|           |         |         |նական   |յունից  |       |       |       |

|           |         |         |անձանցից|        |       |       |       |

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Երևան      |2362221.0|1870016.0|  3986.0|464942.0|10317.0|  189.0|12771.0|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Արագածոտն  |  46074.5|  38757.5|   136.8|  6216.2|  964.0|      -|      -|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Արարատ     | 303819.9| 265171.6|       -| 38648.3|      -|      -|      -|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Արմավիր    | 293768.5| 262284.5|  1012.5| 28701.8| 1323.0|  306.0|  140.7|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Գեղարքունիք| 150262.3| 137608.1|   607.0| 12001.0|      -|      -|   46.2|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Լոռի       | 251911.0| 240280.4|       -| 11630.6|      -|      -|      -|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Կոտայք     | 289141.3| 232638.3|  5550.0| 50953.0|      -|      -|      -|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Շիրակ      | 287520.4| 219478.6|       -| 67891.8|      -|      -|  150.0|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Սյունիք    | 323435.6| 244653.3|       -| 28471.3|  884.0|49027.0|  400.0|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Վայոց ձոր  |  55657.1|  49021.5|   820.0|  5815.6|      -|      -|      -|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Տավուշ     | 142732.1| 117580.4|   178.0| 24973.7|      -|      -|      -|

|___________|_________|_________|________|________|_______|_______|_______|

|Ընդամենը ՀՀ|4506543.7|3677490.2| 12290.3|740245.3|13488.0|49522.0|13507.9|

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ սոցիալական վիճակ 2005 թ. /Ազգային վիճակագրական ծառայություն/

 

Աղյուսակ N 5. Համայնքային և գերատեսչական նախադպրոցական հաստատությունների ֆինանսական ծախսերը (ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվառման համակարգում ընդգրկված գործող նախադպրոցական հաստատությունների ներկայացրած հաշվետվությունների ամփոփ տվյալների), 2005 թ.

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|        |Ընդամենը |                    այդ թվում                         |

|        |         |______________________________________________________|

|        |         |նյու- |ոչ նյու-|գոր-|աշխատա-|պարտադիր|հիմնավե-|այլ    |

|        |         |թական |թական   |ծուղ|վարձ և |սոցիալա-|րանորոգ-|ծախսեր |

|        |         |ծախսեր|ծառայութ|ման |դրան   |կան     |ման,    |       |

|        |         |      |յունների|ծախ-|հավասա-|ապահովա-|սարքավո-|       |

|        |         |      |վճարում-|սեր |րեցված |գրական  |րումների|       |

|        |         |      |ներ     |    |վճարում|վճարում-|և       |       |

|        |         |      |        |    |ներ    |ներ     |գույքի  |       |

|        |         |      |        |    |       |        |ձեռքբեր-|       |

|        |         |      |        |    |       |        |ման     |       |

|        |         |      |        |    |       |        |ծախսեր  |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Երևան   |2372747.0|64645 |142574.0|693 |105000 |311944.0|56032.0 |158797.|

|        |         |   9.0|        | 4.0|    7.0|        |        |      0|

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Արագա-  |  46074.5|     -|       -| 9.4|34496.7| 11421.6|       -|  146.8|

|ծոտն    |         |      |        |    |       |        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Արարատ  | 303819.9|85210.| 14161.7|735.|137028.| 50378.5|  8076.2| 8228.6|

|        |         |     7|        |   3|      9|        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Արմավիր | 295180.2|64748.| 12177.8|50.0|113086.| 36887.3| 25960.9|42269.2|

|        |         |     5|        |    |      5|        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Գեղարքու| 147654.3|11666.|  1331.9|115.|84273.9| 26261.5|  2820.1|21185.4|

|նիք     |         |     5|        |   0|       |        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Լոռի    | 251849.7|70692.|  6621.4|91.5|120630.| 45390.2|  3841.8| 4581.7|

|        |         |     9|        |    |      2|        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Կոտայք  | 289653.8|82466.| 11709.6|137.|134610.| 51096.8|  1971.0| 7662.5|

|        |         |     1|        |   0|      8|        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Շիրակ   | 284860.6|21170.|  3141.5| 8.9|171292.| 46766.5|  1414.3|41066.5|

|        |         |     8|        |    |      1|        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Սյունիք | 322953.2|62111.|  4438.5|176 |158093.| 52902.9|  5006.6|38631.5|

|        |         |     4|        | 8.6|      7|        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Վայոց   |  53721.4|11697.|   801.8|181.|27894.4| 10305.8|   936.7| 1903.3|

|ձոր     |         |     9|        |   5|       |        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Տավուշ  | 142603.7|30034.|  2928.7|288.|72766.7| 26167.1|  5618.2| 4799.8|

|        |         |     7|        |   5|       |        |        |       |

|________|_________|______|________|____|_______|________|________|_______|

|Ընդամենը|4511118.3|108625|199886.9|1031|210418 |669522.2|111677.8|329272.|

|ՀՀ      |         |   8.5|        | 9.7|    0.9|        |        |      3|

._________________________________________________________________________.

 

Նախադպրոցական հաստատությունների բյուջեների վերլուծությունից պարզվում է, որ հատկացվող միջոցներից շուրջ 61.5%-ը ծախսվում է աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների վրա: Սննդի վրա կատարված ծախսերը կազմում են մանկապարտեզի բյուջեի մոտ 19.6%-ը, մնացածը հատկացվում է տնտեսական և կոմունալ ծախսերին:

Մեկ երեխայի վրա կատարված տարեկան հանրապետական միջին ծախսը 2005 թվականին կազմել է մոտ 94400 դրամ, սակայն մեկ երեխայի հաշվով կատարվող ծախսերում մարզերի միջև ևս կան մեծ տատանումներ: Ամենացածր ցուցանիշը ՀՀ Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում է, որտեղ սեզոնային մանկապարտեզները մեծ թիվ են կազմում, և շատ են աղքատ գյուղական համայնքները, իսկ ամենաբարձրը` ՀՀ Սյունիքի մարզում է և Երևան քաղաքում:

Տվյալների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ շուկայական գների աճի հետ աստիճանաբար ավելանում է համայնքների կողմից մանկապարտեզներին հատկացվող գումարը, ինչը սակայն միարժեքորեն չի ապահովում պայմանների լավացումը: Մասնավորապես, շատ ցածր է մնում մանկավարժների աշխատավարձը: Մինչ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը մանկավարժների աշխատավարձը կազմում էր մեկ դրույքի համար հիմնականում 15 հազար դրամ:

Այսպիսով, խնդիր կա ավելացնելու ֆինանսական ներդրումները և բարելավելու նաև գումարների ծախսման արդյունավետությունը` ավելի շատ երեխաներ ընդգրկելու և ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով:

 

5. ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Առաջին ոչ պետական նախադպրոցական հաստատությունները սկսել են գործել 1999 թվականից: 2006 թվականին դրանց թիվը 22 էր, ընդ որում` բոլորը գործում էին Երևան քաղաքում, որոնցից 3-ը` երկարօրյա, 18-ը` հնգօրյա, 1-ը` վեցօրյա աշխատանքային ռեժիմով: Երեխաների թվաքանակը ոչ պետական նախադպրոցական հաստատություններում 2006 թվականին կազմել է 707, խմբերի քանակը` 59, տեղերի քանակը` 981, մեկ խմբում երեխաների միջին թիվը` 12 երեխա, տեղերի փաստացի լրացվածությունը` 72.1%: Միջին հաշվով մեկ հաստատություն հաճախել է 32 երեխա, մեկ մանկավարժին բաժին է ընկել 8 երեխա:

 

Աղյուսակ 6. Ոչ պետական նախադպրոցական հաստատությունների գործունեության ցուցանիշներ (2000-2006 թթ.)

 

._________________________________________________________________________.

|                               |      |2000|2001|2002|2003|2004|2005|2006|

|_______________________________|______|____|____|____|____|____|____|____|

|Նախադպրոցական հաստատությունների|      |   5|   5|  11|  17|  16|  22|  22|

|թիվը                           |      |    |    |    |    |    |    |    |

|_______________________________|______|____|____|____|____|____|____|____|

|Երեխաների թիվը                 |      | 250| 237| 541| 714| 501| 883| 707|

|_______________________________|______|____|____|____|____|____|____|____|

|Մանկավարժների թիվը             |      |  17|   8|  58|  69|  45|  84|  89|

|_______________________________|______|____|____|____|____|____|____|____|

|Խմբերի քանակը                  |      |  11|   9|  25|  36|  29|  61|  59|

|_______________________________|______|____|____|____|____|____|____|____|

|Տեղերի քանակը                  |      | 560| 575|1026|1351|1029|1417| 981|

|_______________________________|______|____|____|____|____|____|____|____|

|Փաստացի զբաղվածությունը        | %-ով |44,6|41,2|52,7|52,8|48,7|62.3|72.1|

|_______________________________|______|____|____|____|____|____|____|____|

|մանկապարտեզների զբաղեցրած      |քառ. մ|5143|5139|6794|9247|8206|8517|7710|

|մակերեսը                       |      |    |    |    |    |    |    |    |

|_______________________________|______|____|____|____|____|____|____|____|

|Կից օժանդակ տարածքի մակերեսը   |քառ. մ| 978| 978| 500| 500| 540| 682| 657|

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` Հայաստանի վիճակագրական վարչություն, Երևան 2006

 

6. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ (ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ)

 

Նախադպրոցական հաստատությունների գործունեության կանոնակարգման, ցանցի ամրապնդման ու զարգացման հիմնահարցերում իրենց հատուկ ներդրումն ունեն միջազգային կազմակերպությունները: Վերջիններս ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացրել և իրականացնում են վաղ մանկության զարգացմանը և նախադպրոցական կրթությանն ուղղված ծրագրեր, որոնց մասնակցում են նաև առանձին նախադպրոցական հաստատություններ:

ա) Յունիսեֆ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) կողմից իրականացվող ծրագրերի հիմքում մշտապես եղել են վաղ մանկության զարգացման խնդիրները, որոնք իրենց մեջ ներառել են երեխայի սննդի, խնամքի, ինչպես նաև մտավոր, ֆիզիկական, գեղագիտական, զգայական (հուզակամային) ու սոցիալական զարգացման հարցեր: Յունիսեֆ-ի կողմից աջակցությունը տրամադրվել է երկու ուղղություններով` նախադպրոցական հաստատությունների ներկա ցանցի պահպանման ու ծառայությունների որակի բարելավման և նոր` համայնքահեն այլընտրանքային ծառայությունների մշակման ու ներմուծման ուղղությամբ այն երեխաների համար, որոնց մատչելի չէ ներկա համակարգը:

ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացվել է ծնողական կրթության ծրագիր, որն իրականացվել է հինգ ռեսուրսային կենտրոնների միջոցով: Վերջիններս ներդրվել են չորս նախադպրոցական հաստատություններում և մեկ պոլիկլինիկայում: Ծնողական կրթության ծրագրի շրջանակներում իրականացվել են նշված կենտրոնների աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև մանկապարտեզ չհաճախող երեխաների ծնողների ուսուցման փորձնական ծրագրեր: Տրամադրվել է գրականություն: Արարատի մարզում աջակցություն է ցուցաբերվել գործող նախադպրոցական հաստատություններին` նոր, այլընտրանքային ծառայությունների ներմուծման միջոցով: Յունիսեֆ-ի կողմից իրականացված կադրերի վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է 2000-ից ավելի մարդ` տնօրեններ և դաստիարակներ: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներին հատկացվել են մեթոդական գրականություն և ուսումնական պարագաների հավաքածուներ:

բ) 1998 թվականից ԲՀԻ-ի (Բաց հասարակության ինստիտուտի) կողմից իրականացվում է «Քայլ առ քայլ» ծրագիրը, որն ուղղված է ուսուցման երեխայակենտրոն մեթոդների ներդրմանը: Ներկայումս «Քայլ առ քայլ» ծրագիրն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերի 320 նախադպրոցական հաստատություններում: Դրանցից 23-ը դարձել են մոդել-կենտրոններ: Ծրագրի կողմից այդ կենտրոններին հատկացվել է գույք, ուսումնական նյութեր և վերապատրաստվել է աշխատակազմը: Ծրագրի իրականացման արդյունքում, ստեղծվել են ձեռնարկներ բոլոր տարիքային խմբերի երեխաների համար` 0-3, 3-5, 6-7, 8-10, ապահովելով կրթության բովանդակության շարունակությունը: Ծրագիրն իրականացնում է նաև ծնողական կրթություն և ծավալում է ներառական կրթությանն ուղղված գործունեություն: Վերապատրաստման 11 կենտրոնների միջոցով Հայաստանի բոլոր մարզերում իրականացվում է մանկապարտեզ չհաճախող երեխաների ծնողների կրթություն: Ծրագիրն օգնում է ծնողներին` հոգալ իրենց երեխաների կրթական կարիքները և նրանց նախապատրաստել դպրոցին:

գ) «Վորլդ վիժըն» կազմակերպության կողմից հանրապետության 24 նախադպրոցական հաստատություններում իրականացվել է «Ներառական ուսուցման զարգացման ծրագիրը»: Մանկապարտեզներին կից ստեղծվել են 16 աջակցող/ուղղորդող ծառայություններ: Այնտեղ աշխատում են հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ: Կազմակերպության կողմից ստեղծվել է նաև «Ինտեգրված ուսուցման աջակցման կենտրոն», որը կապող օղակ է հանդիսանում բոլոր ծառայությունների միջև, տրամադրելով տեխնիկական և մասնագիտական օգնություն, վերահսկում է ընդհանուր ցանցը: Ծրագրի իրականացման արդյունքում ապահովվել է նախադպրոցական կրթական համակարգում հատուկ կարիքներով (այդ թվում` հաշմանդամ) երեխաների ներառական ուսուցման մոդելի զարգացումն ու ընդլայնումը: Ծրագրի նպատակների մեջ է մտնում նաև սերտ համագործակցության հաստատումը համայնքային դպրոցների հետ` ներառական ուսուցման գաղափարը և մեթոդները տարրական դպրոցների համակարգում ևս ներդնելու նպատակով:

դ) «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպությունը համայնքային ինքնաջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում իրականացնում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգման, ջեռուցման համակարգի նորոգման և լոկալ ցանցի տեղադրման աշխատանքներ` արդյունքում մեծապես բարելավելով հաստատությունների գործունեության պայմանները:

ե) «Առդա» բարեգործական հիմնադրամն իր հիմնադրման օրից մեծ ուշադրություն է դարձրել Երևան քաղաքի, Շիրակի մարզի, ինչպես նաև այլ մարզերի մանկապարտեզներին: Կատարվել են բազմապիսի շինարարական աշխատանքներ, տրամադրվել են տարբեր տեսակի օգնություններ (սնունդ, հագուստ, աթոռ, խաղալիք, հիգիենիկ, գրենական և այլ պարագաներ), ամբողջովին հովանավորվել են սննդի, տնտեսական, էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, վառելափայտի և այլ տեսակի ծախսերը:

 

7. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Նախադպրոցական կրթության համակարգի ուսումնասիրությունն ու արդի վիճակի նկարագիրը թույլ է տալիս առանձնացնել համակարգում առկա հետևյալ հիմնախնդիրները.

1. Կրթադաստիարակչական աշխատանքների իրականացման և երեխաների խնամքի ու ապահովության պայմաններն անբավարար են, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հաստատություններում երեխաների ընդգրկվածության մեծացման տեսանկյունից:

2. Առկա են կադրային հիմնախնդիրներ, մասնավորապես`

- ցածր է նախադպրոցական հաստատությունների աշխատողների աշխատավարձը,

- մանկավարժների և դաստիարակների աշխատանքը երկարաժամյա է ու անկանոն,

- աշխատողների կանոնավոր մասնագիտական վերապատրաստում և ատեստավորում չի իրականացվում:

3. Համակարգի օրենսդրական և նորմատիվային դաշտի կատարելագործումը ևս հրատապ խնդիր է հանդիսանում: «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մի շարք ենթաօրենսդրական ակտերի մշակման անհրաժեշտություն է առաջացել: Մասնավորապես, պետք է կարգավորվեն նախադպրոցական կրթության համակարգի կառավարման, ֆինանսավորման, կադրային ապահովման, ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման, կրթության բովանդակության կատարելագործման, կադրերի մասնագիտական որակի բարձրացման, վերապատրաստման և ատեստավորման, այլընտրանքային կրթադաստիարակչական ծառայությունների իրականացման, չափորոշիչների ներդրման և այլ հրատապ հարցեր, որոնք դեռևս լուծում չեն ստացել: Դրա հետ մեկտեղ պետք է վերանայվեն նախադպրոցական հաստատությունների համար գործող նորմատիվ ակտերով սահմանված սննդի, գույքի չափաքանակներն ու այլ նորմատիվներ:

4. Առանձնակի կարևորվում է մանկապարտեզների գործունեության ֆինանսավորումը: Նախադպրոցական հաստատությունների մեծ մասը ֆինանսական դժվարությունների առկա պայմաններում պարզապես շարունակում են գոյատևել:

Համայնքի բյուջեից հատկացված միջոցները հասանելի են միայն այն ընտանիքներին, որոնց երեխաներն ընդգրկված են նախադպրոցական հաստատություններում: Ֆինանսավորման ներկա մակարդակը թույլ չի տալիս մեծացնել երեխաների ընդգրկումը նախադպրոցական հաստատություններում: Բացի այդ, մանկապարտեզները չունեն իրենց հատկացված ֆինանսական միջոցների տնօրինման իրական ինքնուրույնություն և ճկունություն, ինչը նվազեցնում է նրանց պատասխանատվությունը և նախաձեռնությունը` համապատասխան պայմանների ստեղծման առումով:

5. Պետական ռազմավարական ծրագրերի բացակայության հետևանքով ոլորտի զարգացումը, ինչպես նաև համակարգի ֆինանսավորումը չունեն նպատակային ուղղվածություն:

Վերջին տարիներին մշակվել և ներդրվել են երեխաների կրթությանը, առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր` տարբեր միջազգային կազմակերպությունների և նախարարությունների համագործակցությամբ, որոնք, սակայն, հիմնականում կրել են փորձարարական ու տեղային բնույթ և ընդլայնման կարիք ունեն:

6. Նախադպրոցական ծառայությունների մատչելիությունը խիստ անհավասար է Հայաստանի տարբեր տարածքներում և նախադպրոցական հաստատություններում, հատկապես քաղաքային վայրերում շատ ցածր է աղքատ ընտանիքների երեխաների ընդգրկվածությունը:

Նախադպրոցական հաստատությունների համար կառուցված տիպային շենքերը տեղաբաշխված են խիստ անհամամասնորեն: Մասնավորապես 441 համայնքներում չկան մանկապարտեզների շենքեր: ՈՒստի բոլոր երեխաների համար նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման նպատակով անհրաժեշտ է մշակել այլընտրանքային և քիչ ծախսատար լուծումներ:

7. Նախադպրոցական հաստատությունների գործունեության վերահսկողությունը շատ թույլ է և կրում է չհամակարգված բնույթ: Մասնավորապես, չեն վերահսկվում ինչպես երեխաների հետ կատարվող ծրագրային-մեթոդական աշխատանքները, այնպես էլ` խնամքին ուղղված ծառայությունների որակը:

8. Մատուցվող կրթական և այլ ծառայությունների որակը բավարար չէ, ուստի վերջիններիս բարելավումը խիստ արդիական ու հրատապ խնդիր է: Նախադպրոցական հաստատությունների բյուջեների վերլուծությունը ցույց է տալիս, որ երեխաների կրթության վրա ծախսեր չեն արվում կամ շատ չնչին են` կազմելով միջինում ամբողջ բյուջեի մոտ 0,1%: Մանկապարտեզների ուսումնամեթոդական բազան շատ աղքատիկ է: Հաստատությունների գումարները հիմնականում նպատակաուղղված են լուծելու առավելապես սոցիալական, քան թե կրթական խնդիրներ: Գրեթե բոլոր մանկապարտեզներում երեխաները թերսնվում են:

9. Նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանները հիմնականում անբավարար են. շենքերը վերանորոգման և վերակառուցման կարիք ունեն: Շենքային հզորությունները բավարար չեն այդ տարիքի բոլոր երեխաներին նախադպրոցական հաստատություններում ընդգրկելու համար:

Մասնակիորեն է լուծվում ջեռուցման խնդիրը, և որպես հետևանք` կտրուկ մեծանում է երեխաների հիվանդությունների հաճախականությունը: Սա ծնողների մոտ առաջացնում է անվստահություն, և բացասաբար է ազդում հաճախումների վրա:

10. Ընդլայնման կարիք ունեն համակարգի վերաբերյալ հավաքագրվող վիճակագրական տվյալները: Սակավ են մանկապարտեզ հաճախող երեխաների ընտանիքների սոցիալական վիճակին վերաբերող տվյալները: Բացակայում են ժողովրդագրական տվյալները (ընտանիքում երեխաների թիվը, նրանցից քանիսն են հաճախում մանկապարտեզ, ընտանիքի կազմը, երեխայի ազգությունը և այլն): Մասնավոր մանկապարտեզների թվաքանակը և դրանցում ընդգրկվածության վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն, որևէ պետական կազմակերպության կողմից չի իրականացվում դրանց հաշվառումը: Ճշգրտման կարիք ունի նաև այն համայնքների թիվը, որտեղ չկան նախադպրոցական կրթական ծառայություններ մատուցելու հնարավորություններ:

Դպրոցների ցանկը, որտեղ ավագ տարիքային խմբի երեխաների համար իրականացվում է վճարովի նախադպրոցական կրթություն, ճշգրտման կարիք ունի, հայտնի չեն նաև ընդգրկվածության ծավալները դրանցում: Ճշգրիտ չէ սեզոնային մանկապարտեզների թվաքանակը և դրանց աշխատանքային ռեժիմը: Ոչ պետական նախադպրոցական հաստատությունների և ծառայությունների ամբողջական հաշվառում (քոլեջներ, ցերեկային կենտրոններ, կիրակնօրյա կենտրոններ, և այլն) չի կատարվում: Մանկապարտեզների ավագ տարիքային խմբերի երեխաների` ըստ տարիքի ընդգրկվածության մասին ճշգրիտ տվյալների հավաքում և վերլուծություն չի արվում: Հետազոտություններում և վիճակագրական տեղեկագրերում չկան ընդգրկվածության հստակ տվյալներ ըստ առանձին տարիքային խմբերի, չկան նաև առանձին տվյալներ ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների ընդգրկվածության, նրանց կարիքների վերլուծության վերաբերյալ:

 

8. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

Մարդկային էակի ներդաշնակ զարգացման հարցում վճռորոշ դեր է խաղում վաղ մանկական տարիքում նրա խնամքը, կրթությունն ու միջավայրը: Երեխայի խնամքն ու զարգացումը կյանքի առաջին տարիներին փոխկապակցված են ու հավասարապես կարևոր:

Վաղ մանկության շրջանում երեխայի զարգացման գործընթացում կարևորվում են 6 հիմնական բաղադրիչներ` ֆիզիկական, հոգեշարժողական, մտավոր, իմացական, սոցիալական, էմոցիոնալ/զգացմունքային:

Նախադպրոցական կրթությունը` որպես վաղ մանկության զարգացման բաղադրիչներից մեկը, և երեխայի ներդաշնակ զարգացումը շատ կարևոր են և անհատի, և ազգի ու պետության համար: Այդ տարիքում երեխաների կրթությունը դրական ազդեցություն ունի տարրական դպրոց սահուն անցում կատարելու, արագ հարմարվելու և հետագա ուսման մեջ առաջընթաց ունենալու հարցերում: Այս տեսանկյունից նախադպրոցական կրթությունը կարող է դիտարկվել որպես հետագա կրթության մեջ արդյունավետ և հեռանկարային ներդրում:

Այս ոլորտում միջազգային զարգացման միտումներն են` կրթության մեջ երեխաների ընդգրկումը ավելի փոքր հասակից, պետության կողմից վաղ մանկական տարիքի երեխաների խնամքի ու կրթության նկատմամբ պատասխանատվության, հոգածության և ընտանիքներին ցուցաբերվող աջակցության աճը:

Վաղ մանկության զարգացման և նախադպրոցական կրթության նկատմամբ պետական հոգածության որդեգրումը ներկայիս փուլում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դիտվում է որպես առաջնային խնդիր:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախադպրոցական տարիքը բնութագրվում է որպես երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջան, որը բաժանվում է հետևյալ տարիքային փուլերի`

ա/ վաղ տարիք` մինչև 3 տարեկան.

բ/ կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.

գ/ ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:

Կախված երեխայի տարիքային փուլերի առանձնահատկություններից` նրա զարգացման և կրթության նպատակներն ու մոտեցումները տարբեր են:

Մինչև երեք տարեկաններ (վաղ տարիք). Այս տարիքային խմբի համար պետությունը առավել կարևորում է ընտանիքի դերը և այդ տարիքի երեխաների զարգացման և կրթության հարցերում առաջնային է համարում ծնողներին, խրախուսում ու նպաստում է ծնողական կրթությանն ուղղված ծրագրերի իրականացմանը, իսկ համայնքներն օժանդակում են մսուրային խմբերի պահպանմանը և ըստ պահանջարկի աջակցում դրանց ավելացմանը:

Երեքից մինչև հինգ տարեկաններ (կրտսեր նախադպրոցական տարիքային խումբ). Այս տարիքային խմբի համար պետությունը կարևորում է երեխաների ընդգրկվածության ավելացումը նախադպրոցական հաստատություններ և օժանդակությունը հիմնականում ուղղվում է հաստատությունների կարողությունների հզորացմանը` մեծացնելով համայնքների և այլ հիմնադիրների պատասխանատվությունը: Ավելացվում են համայնքների ներդրումները, բյուջեներում ամրագրվում են նպատակային գումարներ` ուղղված նախադպրոցական կրտսեր տարիքի երեխաների խնամքի և կրթության կազմակերպմանը: Մատչելիության ապահովման նպատակով ավելացվում են այլընտրանքային ծառայությունների ձևերը: Խրախուսվում են դպրոցների բազայի վրա իրականացվող կրթական ծրագրերը այն համայնքներում, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ: Շարունակվում և խրախուսվում են վաղ մանկության զարգացմանն ու ծնողական կրթությանն ուղղված ծրագրերը:

Հինգից մինչև վեց տարեկաններ (ավագ նախադպրոցական տարիքային խումբ). Այս տարիքային խմբի կրթությունն ուղղված է երեխաների բնականոն զարգացմանը զուգընթաց տարրական դպրոցին նախապատրաստելուն, երեխաների` հանրակրթական դպրոց մուտքի սկզբնական հավասար պայմանների ստեղծմանը, նրանց կրթության շարունակականության ապահովմանը և սոցիալականացմանը` որպես հասարակության անդամների:

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրում է աստիճանաբար նախադպրոցական ավագ տարիքային խմբի բոլոր երեխաներին պարտադիր նախադպրոցական կրթության մեջ ընդգրկելու քաղաքականությունը:

Մասնավորապես`

ա) ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթությունը կիրականացվի միասնական պետական ծրագրերով` նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում:

բ) նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման և ընդգրկման ավելացման նպատակով կխրախուսվեն և կներդրվեն կրթական այլընտրանքային ծառայություններ:

գ) ավագ նախադպրոցական տարիքային խմբի երեխաների կրթության կազմակերպման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով պետական բյուջեից կհատկացվեն միջոցներ` նպատակային ֆինանսավորման սկզբունքով:

 

9. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԾՐԱԳԻՐԸ

 

Պետությունը շարունակելով նախադպրոցական կրթության համակարգի կառավարման ապակենտրոնացման քաղաքականությունը և միաժամանակ օժանդակելով ու խրախուսելով համակարգի ընդլայնումը` խիստ կարևորում է կրթության բովանդակությանն առնչվող հարցերը, մասնավորապես, նախադպրոցական կրթության չափորոշչի ձևավորումը, դրան համապատասխան նախադպրոցական կրթության համալիր ծրագրի, ուսումնական և ուսումնաօժանդակ նյութերի ծրագրային փաթեթի մշակումը և դրանց իրականացման նկատմամբ պետական վերահսկողությունը: Նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները տրված են «Հանրակրթության պետական կրթակարգում»:

Դրանք հետևյալն են.

1. վաղ մանկական տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունների հաշվառումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի անհատականացման ապահովումը.

2. երեխաներին ներկայացվող պահանջների և նրանցից ունեցած ակնկալիքների հստակ սահմանումը, մտքի և խոսքի ազատ դրսևորման ապահովումը.

3. ուսումնադաստիարակչական գործունեությունը պլանավորելիս համալիր, բազմակողմանի և ներդաշնակ մոտեցման, խաղի գերակայության և խաղային գործունեության ապահովումը.

4. երեխայակենտրոն ուսումնադաստիարակչական և ֆիզիկական միջավայրի ստեղծման կարևորումը.

5. ուսումնադաստիարակչական ծրագրերում խոսքի զարգացման, մայրենի լեզվով հաղորդակցվելու, տրամաբանական մտածողության, ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի տիրապետման, ֆիզիկական, բարոյագեղագիտական, հայրենասիրական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակության ապահովումը.

6. բարեկիրթ վարքի դաստիարակման, ստեղծագործական ունակությունների, ընդհանուր հմտությունների, ընդունակությունների և հնարամտության առողջ սովորությունների զարգացման ապահովումը.

7. ուսումնադաստիարակչական գործընթացում ընտանիքի գործուն դերի ապահովումը, ծնողների ներգրավումը.

8. երեխայի սահուն անցման ապահովումը տարրական դպրոց:

Չափորոշչային վերոհիշյալ սկզբունքներից հետևում է, որ բարձրորակ նախադպրոցական կրթության ապահովման համար կարևորվում են երեխան, ընտանիքը, մանկավարժը, ուսումնական ծրագրերը և կրթության կազմակերպման միջավայրը:

Երեխայի հետ աշխատանքում առաջնային են հետևյալ սկզբունքները.

. երեխան հարգված է, խնամված և խրախուսված,

. երեխան ունի իր կենսական հմտություններն ու գիտելիքները շարունակաբար զարգացնելու, դիրքորոշումները ձևավորելու հնարավորություններ,

. երեխային ընձեռվում է տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելու ազատություն,

. երեխայի մայրենի լեզուն և ընտանեկան սովորույթները հարգվում են և գնահատվում,

. երեխան մասնակից է անհատական և խմբային աշխատանքների,

. երեխայի բնական հետաքրքրասիրությունը օգտագործվում է որպես նրա զարգացման խթան,

. երեխայի համար ապահովվում է գործողությունների և միջավայրի բազմազանություն:

Ընտանիքի հետ աշխատանքում առաջնային են հետևյալ սկզբունքները.

. ծնողները շարունակաբար տեղեկացվում են իրենց երեխաների առաջընթացի մասին,

. ծնողները ոչ միայն դիտորդ են, այլև ակտիվ մասնակից են իրենց երեխաների համար նախատեսված կրթական քաղաքականության ու ծրագրերի ձևավորմանը և իրականացմանը,

. ընտանիքներն առանձնահատուկ են և բազմազան յուրաքանչյուրից կարելի է սովորել:

Նախադպրոցական կրթության չափորոշիչներով սահմանվում են այն անհրաժեշտ պայմանները, որոնցում կարող են լիարժեքորեն իրացվել երեխայի ազատ և համակողմանի զարգացման, նրա խնամքի, առողջության պահպանման ու ամրապնդման գործընթացները:

Չափորոշիչը պետք է բխի երեխայի զարգացման առանձնահատկություններից և հաշվի առնի, որ տարբեր երեխաների զարգացումը չի ընթանում միանման, ուստի այն չպետք է դառնա կաղապար, որը կանխորոշում է երեխայի ապագան և սահմանափակում բնականոն զարգացումը:

Նախադպրոցական կրթության ծրագիրը մշակվում է չափորոշչին համապատասխան և դիտարկվում է որպես հանրակրթության բաղկացուցիչ ապահովելով երեխայի կրթության շարունակականությունը:

Նախադպրոցական կրթության ծրագիրը հաշվի է առնում հետևյալ սկզբունքները.

. երեխայի զարգացումը և կրթությունը անընդհատ գործընթաց է,

. երեխայի հետ աշխատանքի հիմնական սկզբունքը խաղային մեթոդի կիրառումն է, քանի որ խաղը կարևոր է երեխայի մտավոր ու ֆիզիկական զարգացման, նրա իմացական, երևակայական, լեզվական և համագործակցային հմտությունների զարգացման և փորձառության ձեռքբերման հարցերում,

. նախադպրոցական տարիքում երեխայի կրթության մեջ անհրաժեշտ է առաջնորդվել գիտելիքի աստիճանաբար ընդլայնման մոտեցմամբ` օգնելով նրան կապակցելու նոր գիտելիքը արդեն ձեռք բերածի հետ,

. նախադպրոցական ծրագիրը խթանում է յուրաքանչյուր երեխայի անհատական աճը և օգնում է նրան զարգանալ կայուն տեմպերով` դրսևորելով իր սեփական կարողություններն ու ներուժը,

. նախադպրոցական տարիքի երեխայի զարգացումը նպատակահարմար է իրականացնել խմբում, քանի որ նման մոտեցումը նպաստում է նրա սոցիալականացմանը (երեխաներն ունեն միմյանց կարիքը` սովորելու և շփվելու համար, մեծահասակները կամ խաղալիքները չեն կարող փոխարինել հասակակիցներին):

Պետությունը նախադպրոցական կրթության ծրագրերում սահմանում է նախադպրոցական կրթության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև պահանջները` երեխաների կրթությունն ու խնամքն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ:

 

10. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Նախադպրոցական կրթության ոլորտի ռազմավարությունը հիմնականում ուղղված է համակարգի արդիականացմանը և զարգացմանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում: Մասնավորապես, գործունեության առաջնային ուղղություններն են հանդիսանում օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործումը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավումը, ծառայությունների մատչելիության և ընդգրկվածության մեծացումը:

Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության նպատակը գործող համակարգի հետագա զարգացումն է` հետևյալ գործողությունների ապահովմամբ.

. Նախադպրոցական կրթության օրենսդրական դաշտի կատարելագործում.

Պետությունը կբարելավի նախադպրոցական կրթությանը վերաբերող օրենսդրությունը: Կմշակվեն և կհաստատվեն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր, համապատասխան նորմատիվներ` հենվելով երեխայի իրավունքների և երեխայակենտրոն մոտեցումների վրա: Մասնավորապես, նախատեսվում է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների մշակում և փորձարկում, չափորոշիչների հիման վրա նախադպրոցական կրթադաստիարակչական համալիր ծրագրի մշակում և հաստատում, կրթական համալիր ծրագրից բխող ծրագրամեթոդական, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկների մշակում և հրատարակում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում լրացուցիչ կրթական ծառայությունների կազմակերպման կարգի մշակում և այլն: Առաջնային պետք է համարվեն նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածության աճի ապահովման, վերաբերյալ նորմատիվ ակտերի ընդունումը:

. Նախադպրոցական կրթության և ծառայությունների մատչելիության ապահովում և երեխաների ընդգրկման աճ.

Պետությունը կձեռնարկի միջոցներ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության մատչելիության ապահովման համար` նպաստելով կրթության մեջ նրանց ընդգրկման աճին: Ավագ նախադպրոցական տարիքային խմբի (հինգից մինչև վեց տարեկանների) նախադպրոցական կրթությունը պետությունը կդարձնի համընդհանուր և կապահովի ընդգրկվածության աստիճանական աճ` 2015 թվականին այդ տարիքային խմբի երեխաների ընդգրկվածությունը հասցնելով շուրջ 90 տոկոսի: Այս ուղղությամբ իրականացված կարևոր քայլերից է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված` 5-ից մինչև 6 տարեկանների համար նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը և դրա հիման վրա մշակված 5-ից մինչև 6 տարեկանների նախադպրոցական կրթության համալիր ծրագիրը: Նոր ծրագիրը կազմված է ավագ խմբի` 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա` այդ տարիքի երեխաների դաստիարակության և ուսուցման հոգեֆիզիոլոգիական հնարավորությունների հաշվառմամբ:

Նկատի ունենալով, որ ընտանիքների մի մասն ի վիճակի չէ իր վրա վերցնելու նախադպրոցական կրթության կամ խնամքի համար նախատեսված լրացուցիչ վճարումները` այդ ընտանիքները պետք է դիտվեն նպատակային և առաջնահերթ օժանդակություն ստացող: Մատչելիության ապահովման և կարիքավոր ընտանիքների երեխաներին աջակցելու համար պետությունը պետք է խրախուսի և օժանդակի սակավ ծախսատար ծառայությունների ներդրմանը:

. Նախադպրոցական հաստատությունների աճող ֆինանսավորում` պետական և համայնքային բյուջեներից.

Ակնհայտ է, որ նույնիսկ լավագույն կրթական ծրագրի առկայության դեպքում, նախադպրոցական համակարգի հիմնախնդիրների լուծումը հնարավոր չէ առանց պետական նպատակաուղղված քաղաքականության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների լայն համագործակցության: Ակնկալվում է, որ պետական աջակցությունը նախադպրոցական կրթության համակարգի զարգացման ծրագրերում կիրականացվի նպատակային ֆինանսական ներդրումների միջոցով, ինչը կնպաստի համակարգի մատչելիության և ընդգրկվածության մեծացմանը` ընդգրկելով առավել կարիքավոր, անապահով ընտանիքների ավելի մեծ թվով երեխաների, և կբարելավի ծառայությունների որակը: ՈՒստի անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներով հստակեցնել և կարգավորել այս ոլորտում պետության և համայնքների լիազորություններն ու պարտականությունները, ինչպես նաև համակարգի նպատակային ֆինանսավորման խնդիրները:

. Նախադպրոցական կրթության և խնամքի չափորոշչի մշակումը, ծրագրային սպասարկումը և որակի ապահովում.

Պետությունը կսահմանի նախադպրոցական բոլոր տարիքային խմբերի երեխաների կրթության և խնամքի չափորոշիչներ` ապահովելով կրթական քաղաքականության միասնականությունը և հաջորդայնությունը: Չափորոշիչի հիման վրա կմշակվեն նախադպրոցական կրթության ծրագրեր, հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները: Կապահովվեն նաև ծրագրամեթոդական, ուսումնաօժանդակ նյութերի մշակումը և տրամադրումը նախադպրոցական հաստատություններին: Չափորոշիչների և ծրագրերի համալիրը պետք է հիմք հանդիսանան վաղ մանկության շրջանում երեխայի զարգացման, ներառյալ` նախադպրոցական կրթության որակի ապահովման համար:

. Նախադպրոցական հաստատությունների կառավարման համակարգի բարելավում.

Պետությունը կարևորում է նախադպրոցական հաստատությունների կառավարման համակարգի բարելավումը: Այդ նպատակով նախատեսվում է նախադպրոցական հաստատությունների կառավարման մեջ տարբեր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավում: Դա մասնավորապես կարող է իրականացվել կառավարման խորհուրդների (կամ այլ նմանատիպ մարմինների) ստեղծման միջոցով, որոնցում կընդգրկվեն մարզային և համայնքային կառավարման մարմինների, ծնողների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Համակարգի արդյունավետ կառավարման տեսանկյունից խիստ կարևոր է նաև կառավարման տեղեկատվական համակարգի բարելավումը, որը հնարավորություն կընձեռի ընդլայնելու հավաքագրվող վիճակագրական տվյալները, վերլուծելու և տարածելու անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև հնարավորություն կընձեռի կայացնելու որոշումներ հիմնված առավել ստույգ տեղեկությունների վրա:

. Ոչ պետական հաստատությունների և այլընտրանքային ծառայությունների ընդլայնում.

Պետությունը կխրախուսի նաև համայնքային և մասնավոր նախաձեռնությունները երեխաների խնամքի ու կրթության կազմակերպման այլընտրանքային ձևերում` ապահովելով համապատասխան վերահսկողություն պետական լիազորված մարմինների միջոցով: Կտրամադրվի գործունեության լիցենզիա այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր ապահովում են համապատասխան պայմաններ ոչ պետական հաստատությունների ստեղծման և տարատեսակ այլընտրանքային ծառայությունների մատուցման համար:

. Գործող նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնում, հաստատությունների պայմանների բարելավում

Պետությունը կուժեղացնի աջակցությունը գործող նախադպրոցական հաստատություններին: Կբարելավվեն գործող նախադպրոցական հաստատությունների շենքային, գույքային, ուսումնանյութական և այլ պայմանները, կբարձրացվեն դրանց կարողությունների օգտագործման արդյունավետությունը` համապատասխանեցնելով առկա հզորություններին և չափորոշիչների պահանջներին: Անհրաժեշտության դեպքում համայնքներում կհիմնվեն նոր նախադպրոցական հաստատություններ:

. Հատուկ կարիքներով երեխաների ընդգրկում.

Պետությունը առանձնակի կկարևորի և ուշադրության կենտրոնում կպահի հատուկ կարիքներով երեխաների զարգացումը, կրթությունը և խնամքը` սկսած վաղ տարիքից: Այդ նպատակով կմշակվեն պետական չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր` տարբերակելով դրանք ըստ երեխաների կարիքների: Պետությունը պետք է խրախուսի նաև գործող նախադպրոցական հաստատություններում և այլընտրանքային ծառայություններում հատուկ կարիքներով երեխաների ընդգրկումը և ինտեգրումը` ստեղծելով նրանց համար անհրաժեշտ պայմաններ:

. Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման համակարգի բարելավում.

Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչների, ուսումնական ծրագրերի, երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական աշխատանքներում նոր մոտեցումների ներդրման գործում հիմնական դերը պատկանում է մանկավարժական կադրերին: ՈՒստի մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման, վերապատրաստման խնդիրն առաջնային անհրաժեշտություն է:

Պետությունը կբարելավի մանկավարժական կադրերի վերապատրաստման գործընթացները` հաշվի առնելով երեխաների հետ աշխատանքի և ուսուցման նոր` երեխայակենտրոն մեթոդները, միջազգային առաջավոր փորձը և զարգացման միտումները: Պետությունը պետք է պահանջի և վերահսկի, որպեսզի երեխաների հետ աշխատող մանկավարժներն ունենան պահանջվող նվազագույն որակավորում` պարբերաբար իրականացնելով ատեստավորում: Նախադպրոցական կադրերի վերապատրաստման գործընթացը ևս կդարձվի կանոնավոր և որոշակի պարբերայնությամբ, ընդ որում` ձևերը կարող են լինել տարբեր:

. Վերահսկողություն նախադպրոցական կրթության ու խնամքի որակի, դրա կազմակերպման պայմանների նկատմամբ հաշվետվային համակարգի ներմուծում.

Նախադպրոցական հաստատությունների գործունեության նկատմամբ պետությունը կիրականացնի վերահսկողություն կրթության պետական տեսչության և այլ պետական մարմինների միջոցով, ինչպես նաև կխրախուսի նախադպրոցական հաստատությունների գործունեության թափանցիկությունը, հիմնադիրների և հասարակության առջև հաշվետու լինելը: Կապահովվի ծնողների, համայնքի մասնակցությունը վերահսկողական և հաշվետվական գործընթացներին:

. Միջազգային, հասարակական կազմակերպությունների և մասնավոր գործարարների ներգրավում.

Խրախուսվում է նաև միջազգային, հասարակական մասնավոր կազմակերպությունների ներգրավումը վաղ մանկության զարգացման և նախադպրոցական կրթության կազմակերպման բնագավառում: Պետության խնդիրներից է նրանց աշխատանքների համակարգումը և ուղղորդումը դեպի այն հարցերի լուծումը, որոնք առավել կարևոր են: Միջազգային և հասարակական կազմակերպությունների դերը կարևորվում է ինչպես ֆինանսական, նյութական, մեթոդական օժանդակության, այնպես էլ միջազգային և տեղական լավագույն փորձի հիման վրա քաղաքականության մշակմանն աջակցելու տեսանկյունից: Համայնքները պետք է վարեն ակտիվ քաղաքականություն մասնավոր կազմակերպությունների և գործարարների ներդրումները խթանելու նպատակով:

 

ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

 

Աշխարհի տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունների և տասնամյակների ընթացքում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում ապացուցվել է վաղ մանկության կրթության կարևորությունը, բացահայտվել է, որ այդ ոլորտում արված ներդրումները ամենահիմնարարներից են:

Որակյալ նախադպրոցական կրթությունը վաղ տարիքում ընդլայնում է երեխաների մտագործունեությունը, նրա հետագա զարգացման հնարավորությունները և բարերար ազդեցություն է գործում հասարակության վրա` մեծացնելով շարունակական կրթության արդյունքները և ներուժը, ինչը նվազեցնում է հանրակրթության մեջ ընդգրկված` առաջադիմությամբ հետ մնացող սովորողների ուսման վրա կատարվող ծախսերը (վերջինն առանձնապես վերաբերում է ծնողների ծախսերին): Այս առումով մանկապարտեզ հաճախելու ավելի շատ կարիք ունեն աղքատ ընտանիքների երեխաները: Պետք է նկատի ունենալ, որ տնտեսական զարգացման հաջողությունները, երկրի անվտանգության ապահովումը սերտորեն կապված են լավ, որակյալ կրթության հետ: Այդ նպատակով պետության պատասխանատվությունը հնարավորությունների հավասարության ապահովման առումով պահանջում է, որ ցածր եկամուտներով և աշխատող ընտանիքների երեխաների համար հասարակությունը երաշխավորի որակյալ կրթության միևնույն մատչելիությունը, ինչը վայելում են ապահովված ընտանիքների երեխաները:

Խնդիրը հանգեցվում է նախապատրաստական կրթական ծրագրի իրականացմանն այնպես, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա ստանալու նախադպրոցական կրթության միասնական ծրագրով, անկախ այդ կրթության կազմակերպման ձևերից: Իսկ կրթության կազմակերպման ձևերը կընտրվեն ըստ առկա հնարավորությունների` օգտագործելով բազմազան այլընտրանքային ձևեր: Ընդ որում, այդ ծառայությունները պետք է լինեն կամ ամբողջությամբ անվճար, կամ դրանք իրականացվեն շատ մատչելի գներով:

Նախադպրոցական կրթության համակարգի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման հարցում կարևորվում են նաև պետական նպատակաուղղված քաղաքականության իրականացման ու համակարգի զարգացման ծրագրերին պետական աջակցության խնդիրները: Ակնկալվում է, որ պետությունն այս ոլորտում կկատարի նպատակային ներդրումներ` ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացումը, հաշվետու լինելը, և կիրականացնի համարժեք պետական վերահսկողության արդյունքների նկատմամբ:

 

Կարևորելով նախադպրոցական կրթության ոլորտի հիմնախնդիրները, համակարգում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և նախադպրոցական կրթության ծառայությունների որակի ու մատչելիության բարելավումը` ՀՀ կառավարությունը նախաձեռնում և ապահովում է սույն Ռազմավարական ծրագրի ներդրումը և վերջինիս փորձնական փուլի իրականացումը ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում` նախադպրոցական կրթության կազմակերպման նոր մոդելների կիրառման միջոցով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի նիստի

N 10 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2008-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳԻՐ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի ներդրման նպատակով, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից` Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսական և մեթոդական օժանդակությամբ, մշակվել է Ռազմավարական ծրագրի ներդրման փորձնական փուլի ծրագիրը (այսուհետ` Փորձնական ծրագիր), որը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում:

Ռազմավարական ծրագրի իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է` հատուկ ուշադրություն դարձնելով նախադպրոցական կրթության մեջ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը:

Փորձնական ծրագիրը նպատակաուղղված է.

. նախադպրոցական կրթական ծառայություններում երեխաների ընդգրկվածության աճին,

. նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացմանը,

. այլընտրանքային քիչ ծախսատար նախադպրոցական ծառայությունների ներդրմանը,

. ծնողների և համայնքների մասնակցության բարձրացմանը,

. նախադպրոցական կրթության, ծառայությունների և դրանց իրականացման պայմանների համապատասխանեցմանը պետական չափորոշիչներին:

Ըստ ուսումնասիրությունների` նախադպրոցական կրթությունն ունի նաև տնտեսական մեծ նշանակություն, երեխաների վաղ մանկության զարգացման և նախադպրոցական կրթության վրա կատարված ներդրումներն ունենում են երկարաժամկետ ազդեցություն հասարակության և տնտեսության զարգացման վրա:

Փորձնական ծրագրի շրջանակներում առանձնակի կարևորվում է նախադպրոցական ավագ տարիքի երեխաների` 5-ից մինչև 6 տարեկանների, տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը, մասնավորապես 12-ամյա միջնակարգ ընդհանուր կրթության անցման հետ կապված, ինչը կապահովի երեխաների համար հավասար մեկնարկային պայմաններ տարրական դպրոցում ուսումը շարունակելու համար, կնպաստի առաջադիմությամբ հետ մնացող աշակերտների թվի նվազեցմանը, ինչպես նաև կայուն հիմքեր կստեղծի նրանց անձնային ու սոցիալական հմտությունների զարգացման և ձևավորման համար: 5-ից 6 տարեկանում արդեն ձևավորվում է երեխայի հետագա ճանաչողական, կամային և հուզական զարգացման կարողությունը: Այս տարիքում դրսևորվում են նաև երեխայի մանկապարտեզից դպրոց անցման հոգեբանական խնդիրը հաղթահարելու, դպրոցին հարմարվելու վարքի ձևավորման հարցերը:

 

2. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

Նախադպրոցահասակ ավագ տարիքի երեխաների` 5-6 տարեկանների, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները հիմնականում հետևյալն են.

- երեխաների ընդգրկվածության խիստ ցածր մակարդակը հատկապես գյուղական բնակավայրերում (միջինում` 9%),

- նախադպրոցական հաստատությունների անբավարար ցանցը, մատուցվող ծառայությունների ցածր որակը և դրանց անմատչելիությունը աղքատ ընտանիքի երեխաների համար,

- նախադպրոցական կրթության ուսումնական ծրագրերի և երեխաների հետ աշխատելու մեթոդների միօրինակությունը, հնացածությունը, երեխայակենտրոն մոտեցումների ներդրման խիստ անբավարարությունը (չնայած միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերով կատարվել են որոշակի աշխատանքներ, պատրաստվել են ձեռնարկներ, վերապատրաստվել են դաստիարակներ, ստեղծվել են ռեսուրսային կենտրոններ, սակայն դրանք հեռու են բավարար լինելուց),

- նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազայի բարոյական և ֆիզիկական մաշվածությունը,

- ֆինանսավորման անբավարարությունը և համայնքային բյուջեների սահմանափակ հնարավորությունները,

- երեխաների վաղ զարգացման և նախադպրոցական կրթության վերաբերյալ ծնողների գիտելիքների և հմտությունների պակասը,

- համայնքների և ծնողական նախաձեռնությունների պակասը,

- նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ցածրարժեք ծառայությունների անբավարարությունը,

- սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման վերաբերյալ տեղեկությունների և տվյալների բացակայությունը,

- վիճակագրական վերլուծական աշխատանքների անբավարար վիճակը, և այլն:

Չնայած վերոնշյալ հիմնախնդիրների առկայությանը, նախադպրոցական կրթության բարեփոխումների անհրաժեշտությունը և համակարգի հիմնախնդիրների լուծումը հրատապ են, և դրանց իրականացման համար կան բավարար նախադրյալներ, ինչպիսիք են.

- «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը,

- նախադպրոցական հաստատությունների ցանցի առկայությունը և ֆինանսավորման աճի միտումները վերջին մի քանի տարիներին,

- դպրոցների առկայությունը հանրապետության գրեթե բոլոր համայնքներում,

- Հանրակրթության պետական կրթակարգի ընդունումը, որը հաստատում է կրթության շարունակականության ապահովման վերաբերյալ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը և սահմանում է նախադպրոցական կրթության չափորոշիչների ձևավորման սկզբունքները,

- տարբեր միջազգային կազմակերպությունների (Յունիսեֆ, Քայլ առ քայլ, Վորլդ Վիժըն, Փրկեցեք երեխաներին, Պարենի համաշխարհային ծրագիր և այլն) կողմից իրականացված ծրագրերը և դրանց հետևանքով արձանագրված ընդգրկվածության աճն ու նոր` քիչ ծախսատար մոդելների ներդրման ուղղությամբ ձեռք բերված որոշ փորձառությունը,

- պետական բյուջեից յուրաքանչյուր տարի նախադպրոցական հաստատություններում չընդգրկված երեխաների դպրոցին նախապատրաստման 3-ամսյա դասընթացների ֆինանսավորման նախկին փորձը,

- ծնողների պատրաստակամությունը` մասնակցելու իրենց երեխաների կրթությանը,

- դպրոցների շահագրգռվածությունը` ընդունելու լավ պատրաստված առաջին դասարանցիներ և ավելացնելու իրենց դպրոցում սովորող երեխաների թիվը (Հայաստանում արդեն մոտ երկու տասնյակ դպրոցներ, իրականացնում են դպրոցին նախապատրաստման ծրագրեր մասնակի վճարովի հիմունքներով, սակայն այդ ծառայությունները և ուսումնական ծրագրերը դեռևս կանոնակարգված չեն):

 

3. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Փորձնական ծրագրի գլխավոր նպատակն է փորձարկել «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը», մշակել և ներդնել նոր մոտեցումներ վաղ մանկության զարգացման և նախադպրոցական կրթության իրականացման ոլորտում` մեծացնելով սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը: Ծրագրի նպատակն է նաև փորձարկել տարբեր մոտեցումներ և Հայաստանում նախադպրոցական կրթության համակարգի հետագա զարգացման նոր ու արդյունավետ մոտեցումների հիմք դնել:

Փորձնական ծրագրի խնդիրներն են`

. Նպաստել և աջակցել երեխաների նախադպրոցական կրթության իրականացման նոր` ցածրարժեք (սակավ ծախսատար) ծառայությունների ներդրմանը, որոնք մատչելի կլինեն բնակչության առավել անապահով խավերին, ինչպես նաև կնպաստեն գործող հաստատություններում երեխաների ընդգրկման աճին:

. Աջակցել դպրոցին նախապատրաստմանը և երեխաների ընդհանուր զարգացմանն ուղղված նախադպրոցական երեխայակենտրոն կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

. Խթանել համայնքների նախաձեռնությունները` ուղղված մատչելի նախադպրոցական կրթական ծառայությունների մատուցմանը:

. Խրախուսել և աջակցել ծնողներին` հարստացնելու իրենց գիտելիքները երեխայի խնամքի և անձնային զարգացման ոլորտում, ինչպես նաև` մասնակցելու իրենց երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպմանը:

. Փորձարկել նախադպրոցական կրթության նոր չափորոշիչները, ապահովելով երեխայակենտրոն միջավայր, որակյալ կրթություն ու խնամք` երեխաների հետ աշխատանքի նորագույն և արդյունավետ մեթոդների ներդրմամբ:

. Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա առաջարկել նախադպրոցական կրթության օրենսդրության փոփոխություններ` դարձնելով այն առավել նպաստավոր նոր նախաձեռնությունների, մատչելի ծառայությունների իրականացման և ներդրումների համար:

 

4. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել և հաստատել է 5-ից 6 տարեկանների նախադպրոցական կրթության պետական չափորոշիչները և ըստ դրա մշակել է նաև 5-ից 6 տարեկանների կրթական համալիր ծրագիրը: Այդ ծրագիրը պարտադիր կլինի այն հաստատությունների համար, որոնք կիրականացնեն նախադպրոցական կրթություն: Այն պետք է ապահովի չափորոշիչներով սահմանված նվազագույն պահանջները:

Փորձնական ուսումնական ծրագրով ուսուցում կիրականացվի գործող նախադպրոցական հաստատությունների կամ դպրոցների բազայի վրա` ոչ պակաս օրական 2-3 ժամ տևողությամբ և տարվա ընթացքում 90 օր: Այն կարող է իրականացվել նաև տարբեր կրթամշակութային, առողջապահական կամ սպորտային կենտրոնների բազայի վրա, որոնք արդեն ստեղծվել են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի արդյունքում, կամ կստեղծվեն փորձնական ծրագրի ընթացքում:

Փորձնական ծրագիրը նախատեսում է առաջին հերթին աջակցություն ցուցաբերել 5-ից 6 տարեկանների նախադպրոցական կրթության կազմակերպմանը, ընդգրկվածության ավելացմանը, նոր այլընտրանքային ծառայությունների ներդրմանը:

Փորձնական ծրագրում որպես հիմնական թիրախային խումբ են ընտրվում սոցիալապես անապահով ընտանիքները և դրանց երեխաները: Փորձնական ծրագրին կարող են մասնակցել համայնքներ, նախադպրոցական հաստատություններ, դպրոցներ, այլ կրթամշակութային հաստատություններ, ծնողների խմբեր, որոնք կներկայացնեն նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման առաջարկներ:

Առանձին ծրագրերն ըստ համայնքների կարող են տարբեր լինել և կախված կլինեն համայնքի կրթական կարիքներից, նրա մասնակցության ձևից, չափից, երեխաների տարիքային խմբերի ընտրությունից: Կարևոր է նաև, որ ծնողներն իրենք որոշեն իրենց համար առաջնահերթ կարիքները, ծառայությունների նախընտրելի և իրականացնելի տարբերակը, իրենց մասնակցության ձևը, ներդրումների չափն ու եղանակը: Ծրագրերի իրականացմանն աջակցող կազմակերպությունները, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, մարզպետարանների կրթության վարչությունները ցույց կտան անհրաժեշտ աջակցություն (տեխնիկական, մեթոդական) առաջարկների մշակման ու նեկայացման, ինչպես նաև հետագայում ծրագրերի իրականացման ընթացքում:

Փորձնական ծրագրի իրականացման մեկ այլ տարբերակ կարող է լինել ՀՀ կրթության և գիտության նախարարության, մարզպետարանների, համայնքների և հաստատությունների համագործակցությամբ թիրախային համայնքների որոշումը և ծրագրերի համապատասխան մոդելների մշակումը, որը մասամբ կֆինանսավորվի պետական բյուջեից` որպես նախադպրոցական ավագ տարիքային խմբի երեխաներին դպրոցին նախապատրաստելու ծրագիր: Այդ միջոցները կհատկացվեն այն մանկապարտեզներին կամ դպրոցներին, որոնք կներկայացնեն առավել իրատեսական, սակավ ծախսատար ծրագրեր, որոնցում հաշվի առնված կլինեն փորձնական ծրագրի առաջնահերթությունները և որոնք ուղղված կլինեն երեխայի ընդհանուր զարգացման և դպրոցին նախապատրաստման փորձնական ուսումնական ծրագրի իրականացմանը: Այսպիսի ծրագրերի տևողությունը կարող է լինել 3 ամսից մինչև 1 տարի:

Ծրագրի իրականացման հնարավոր մոդելներն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ համայնքներն ըստ կրթական հաստատությունների առկայության երեք տիպի են.

ա) համայնքում կա նախադպրոցական հաստատություն և դպրոց,

բ) համայնքում չկա նախադպրոցական հաստատություն, կա դպրոց,

գ) համայնքում չկա ոչ նախադպրոցական հաստատություն և ոչ էլ դպրոց:

Նախադպրոցական կրթական ծառայությունների կազմակերպման վայր կարող են լինել.

- տվյալ համայնքում գործող նախադպրոցական հաստատությունը,

- տվյալ համայնքում գործող դպրոցը/ները,

- տվյալ համայնքում գործող այլ կրթամշակութային, առողջապահական կամ սպորտային հաստատությունները,

- այլ:

Ընդ որում, նույնիսկ մանկապարտեզի կամ դպրոցի առկայության դեպքում կարող են ընտրվել այլ վայրեր` հիմք ընդունելով ներկայացված առաջարկները:

Փորձնական ծրագրի շրջանակներում քննարկվելու են հետևյալ հիմնական մոդելները`

1. Դպրոցներում երեքամսյա և մեկամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից մինչև 6 տարեկանների համար` ապահովելով ազատ և համակողմանի զարգացման միջավայր և կիրառելով ուսուցողական ակտիվ մեթոդներ: Դպրոցներում կկազմակերպվեն 2-3 ժամ տևողությամբ նախադպրոցական կրթական ծառայություններ (առանց տաք սննդի, կամ նախաճաշը երեխաները կարող են բերել իրենց հետ):

2. Նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների թվի ավելացում` այլընտրանքային ծառայությունների ներդրման միջոցով.

ա/ առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկմամբ` նոր խմբերի բացման կամ թերկոմպլեկտավորված խմբերի լրացման միջոցով,

բ/ նախադպրոցական հաստատություններում 2-3 ժամ տևողությամբ նախադպրոցական կրթական ծառայությունների կազմակերպում (առանց տաք սննդի, կամ երեխաները նախաճաշը բերում են իրենց հետ),

գ/ երկարացված օրով ծառայությունների մատուցում` աշխատող ընտանիքների երեխաներին,

3. այլ:

Մոդելների ընտրության ժամանակ հաշվի կառնվեն համայնքների առանձնահատկությունները, կրթական կարիքները, հնարավորությունները, արդյունավետության և շարունակականության ապահովման ռեսուրսներն ու զարգացման հեռանկարները:

Նշված մոդելների մի մասը հնարավոր է իրականացնել նվազագույն ծախսերով, եթե ծրագրերում ակտիվորեն ներգրավվեն հենց երեխաների ծնողները, ընտանիքների անդամները` որպես խոհարարներ, դայակներ, իսկ կրթություն ունենալու դեպքում` նաև մանկավարժներ, որոնք կանցնեն վերապատրաստումներ և կստանան խորհրդատվություն: Նկատի ունենալով նաև դպրոցների դասվարների, տարրական դասարանների այլ ուսուցիչների, դպրոցների տնօրենների շահագրգռվածությունը ակտիվ/մտածող/համագործակցող/ստեղծագործող առաջին դասարանցիներ ունենալու հարցում, կարելի է փոքր խրախուսանքով կամ բարեգործական հիմունքներով ներգրավել նաև նրանց, ինչպես նաև այլ մասնագետների և խորհրդատուների:

 

5. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Ստորև տրված է փորձնական ծրագրի գործողությունների նկարագիրը.

ա/ ՈՒսումնասիրությունների կատարում և կարիքների գնահատում ՀՀ մարզերում` հետևյալ նպատակներով.

- որոշելու երեխաների /այդ թվում նաև` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների/ ընդգրկվածության մակարդակը նախադպրոցական հաստատություններում կամ նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայություններում,

- պարզելու մատուցվող ծառայությունների մատչելիությունը,

- բացահայտելու ծնողների ակնկալիքները, նրանց մասնակցության հնարավորությունները,

- հստակեցնելու ընդգրկվածությունն ըստ քաղաք-գյուղ բաժանման` հիմնական ցուցանիշները սահմանելու նպատակով,

- ճշտելու երեխաների ընդգրկվածությունն ըստ առանձին տարիքային խմբերի:

ՈՒսումնասիրության արդյունքում ստացված տվյալները թույլ կտան բարելավել պլանավորումը, հստակեցնել ծրագրի հիմնական ցուցանիշները, պլանավորել համապատասխան ծախսերն առավել մեծ ճշգրտությամբ, ինչպես նաև բարձրացնել ծրագրի արդյունավետությունը:

բ/ Փորձնական ուսումնական ծրագրերի մշակում 5-ից 6 տարեկանների համար, ինչը պետք է բխի նախադպրոցական կրթության չափորոշիչներից (վերջիններս կազմում են ծրագրի բաղկացուցիչ մասը, և ուսումնական ծրագիրը պետք է բխի դրանից)` ապահովելով օրենքով և ռազմավարական ծրագրով նախադպրոցական կրթությանը ներկայացվող պահանջները, մասնավորապես`

. նախադպրոցական տարիքի առանձնահատկությունների հաշվի առնումը, տարիքային այդ խմբի երեխաների բնականոն զարգացումը,

. տարրական դպրոցին սահուն անցման ապահովումը,

. ուսումնական ծրագրի նվազագույն ծավալի սահմանումը` հիմք ընդունելով նախադպրոցական չափորոշիչները:

գ/ Փորձնական ծրագրի մասնակիցների ընտրություն

Փորձնական ծրագրին կարող են մասնակցել համայնքներ, ծնողների խմբեր, դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ:

Ծրագրերի ընտրությունը կիրականացվի հետևյալ երեք գլխավոր չափանիշների հաշվի առնմամբ.

. ներկայացրած առաջարկների արդյունավետությունը և համապատասխանությունը ծրագրի նպատակներին` կատարելով դրանց համեմատական վերլուծություն,

. ներկայացված ծրագրերի հիմնավորվածությունը և շարունակականության հեռանկարները,

. ուսումնասիրության և մոնիթորինգի արդյունքները:

Համայնքները ուսումնասիրության արդյունքում կբաժանվեն հետևյալ ենթախմբերի.

. քաղաքային համայնքներ,

. գյուղական համայնքներ, որտեղ կան և՛ դպրոցներ, և՛ մանկապարտեզներ,

. գյուղական համայնքներ, որտեղ չկան մանկապարտեզներ,

. այլ:

Այս բաժանումը նախատեսվում է այն նպատակով, որպեսզի ապահովվի տարբեր տիպի համայնքների ընդգրկվածությունը ծրագրում` ստեղծելով մասնակցության հավասար հնարավորություններ նշված տարածաշրջանների բոլոր համայնքների համար` անկախ դրանց ֆինանսական կարողություններից, աղքատության աստիճանից, կադրային և այլ ռեսուրսներից: Այսպիսով, կձևավորվեն համայնքների մի քանի խմբեր, և ծրագրերի ընտրությունը կկատարվի ներխմբային մրցույթում:

դ/ Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի մշակում

Ծրագրերի իրականացման դեպքում կարող են առաջանալ խնդիրներ, որոնք չեն կարգավորվում ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես այնպիսի ծրագրերի իրականացման դեպքում, որոնք չեն համարվի դպրոցի կամ մանկապարտեզի կողմից մատուցվող ծառայություններ: Ծրագրի իրականացման ընթացքում ավելի ակնհայտ կդառնա, թե ինչպիսի օրենսդրական փաստաթղթերի կարիք կա, կամ թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա արդեն գործող նորմատիվ իրավական ակտերում:

Այսպիսով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավանորմատիվային փաստաթղթերը կմշակվեն նախապես և իրականացման ընթացքում` ըստ անհրաժեշտության:

ե/ Փորձնական ծրագրում ընդգրկված հաստատությունների կադրերի և այլ մասնակիցների վերապատրաստում, այդ թվում`

. խորհրդատվություն,

. ուսումնական նյութերի մշակում,

. դասախոսների պատրաստում,

. մանկավարժների և վարչական կադրերի վերապատրաստում,

. այլ մասնակիցների վերապատրաստում` օգտագործելով տարբեր կազմակերպությունների կողմից ստեղծված ռեսուրսները:

զ/ Համապատասխան ֆիզիկական պայմանների ստեղծում, այդ թվում`

. շենքերի կամ անհրաժեշտ տարածքների մասնակի նորոգում, վարձակալում, կամ անհատույց տրամադրում` կախված նախադպրոցական կրթական ծառայության մատուցման եղանակից,

. գույքի ձեռքբերում և կահավորում,

. տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերում,

. ուսումնադիտողական պարագաներով, խաղալիքներով և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովում,

. մանկական խաղահրապարակների ստեղծում:

է/ Փորձնական ծրագրի գնահատում, հետադարձ կապի ապահովում

Փորձնական ծրագրի իրականացման տարբեր փուլերում անհրաժեշտ կլինի իրականացնել միջանկյալ գնահատումներ, որոնք թույլ կտան բարելավել իրականացվող ծրագրերը: Դրանք անհրաժեշտ տեղեկություններ կտան և՛ ծրագիրն իրականացնող կազմակերպություններին, և՛ համայնքներին, և՛ այլ մասնակիցներին ու շահառուներին: Բացի այդ, կիրականացվեն ամփոփիչ գնահատումներ, որոնք կներառվեն հաշվետվությունների մեջ և կնպաստեն ծրագրերի բարելավմանն ու հաջորդ փուլերի առավել արդյունավետ պլանավորմանը:

 

6. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

Նախատեսվում է Փորձնական ծրագիրն իրականացնել ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում և ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Տարածաշրջանների ընտրությունը, մասնավորապես, պայմանավորված է հետևյալ գործոններով.

. Շիրակի մարզի նախադպրոցական հաստատություններում ավագ տարիքային խմբի երեխաների (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հանրապետությունում ամենացածրերից մեկն է (մոտ 12 տոկոս): Մարզի 119 համայնքից 95 համայնքում մանկապարտեզներ չկան: Գործող հաստատությունները հիմնականում Գյումրի քաղաքում են, որտեղ գտնվում են մարզում գործող 44 մանկապարտեզներից 23-ը, որոնցում ընդգրկված են մարզի նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների շուրջ 67.8 տոկոսը:

Ախուրյանի տարածաշրջանն ունի 32 համայնք, որոնցից 11-ում կան նախադպրոցական հաստատության շենքեր, սակայն մանկապարտեզներ գործում են միայն 4 համայնքում: Շուրջ 28 գյուղական համայնքներում մանկապարտեզներ չեն գործում: Ախուրյանի տարածաշրջանում ներկայումս գործող 6 նախադպրոցական հաստատություններում մոտավոր գնահատմամբ ընդգրկված են նախադպրոցական տարիքային խմբի երեխաների 9.4%-ը, այդ թվում` 5-ից 6 տարեկանների ընդգրկվածությունը կազմում է 18.6%:

. Լոռու մարզը ընդգրկված է սոցիալապես առավել անապահով 5 մարզերի թվում (ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից անցկացված հետազոտության արդյունքների) և այնտեղ ընդգրկվածությունը ևս ամենացածրերից մեկն է հանրապետությունում: Իսկ Սպիտակի տարածաշրջանը միակն է հանրապետությունում, որտեղ ոչ մի գյուղական համայնքում չի գործում նախադպրոցական հաստատություն:

Սպիտակի տարածաշրջանն ունի 22 համայնք (1 քաղաք, 21 գյուղ): Տարածաշրջանում գործող 2 նախադպրոցական հաստատությունները գտնվում են Սպիտակ քաղաքում: Հատուկ կարիքներով երեխաները նախադպրոցական հաստատություններում ընդգրկված չեն: Չկան հստակ վիճակագրական տվյալներ ընդգրկվածների մեջ աղքատ ընտանիքների երեխաների թվի վերաբերյալ, ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-ից 6 տարեկան) երեխաների ընդգրկվածության վերաբերյալ, ընդգրկվածության` ըստ քաղաք-գյուղ բաժանման վերաբերյալ: Մոտավոր գնահատմամբ Սպիտակի տարածաշրջանում նախադպրոցական հաստատություններում նախադպրոցական տարիքային խմբի երեխաների ընդգրկվածությունը կազմում է 8.7%, որից միայն 5-ից 6 տարեկանների ընդգրկվածությունը` 16.7%:

 

Աղյուսակ 1. Փորձնական ծրագրում ընդգրկված տարածաշրջաններում նախադպրոցական հաստատությունների, դրանցում երեխաների ընդգրկվածության վերաբերյալ տվյալներ

 

._________________________________________________________________________.

|       |համայնք|համայնք-|ն/դ   |չօգտա- |տարածա-|այդ   |ն/դ   |ն/դ   |աշխա|

|       |ների   |ներ,    |հաստա-|գործվող|շրջա-  |թվում`|հաստ. |հաստ. |տող-|

|       |քանակը |որտեղ   |տութ- |շենքերի|նում   |5-6   |ընդ-  |ընդ-  |ների|

|       |       |գործում |յուն- |քանակը |1-6    |տարե- |գրկված|գրկված|թիվը|

|       |       |է ն/դ   |ների  |       |տարեկան|կան-  |1-6 տ.|5-6 տ.|    |

|       |       |հաստա-  |քանակը|       |երեխա- |ների  |տեսա- |տեսա- |    |

|       |       |տություն|      |       |ների   |թիվը  |կարար |կարար |    |

|       |       |        |      |       |թիվը   |      |կշիռը |կշիռը |    |

|_______|_______|________|______|_______|_______|______|______|______|____|

|Ախուր- |       |        |      |       |       |      |      |      |    |

|յանի   |  32   |    4   |  6   |   7   | 2760  | 1073 | 9.4% | 18.6%| 32 |

|տարածա-|       |        |      |       |       |      |      |      |    |

|շրջան  |       |        |      |       |       |      |      |      |    |

|_______|_______|________|______|_______|_______|______|______|______|____|

|Սպիտակի|       |        |      |       |       |      |      |      |    |

|տարածա-|  22   |    1   |   2  |   2   | 2650  |  839 | 8.7% | 16.7%| 37 |

|շրջան  |       |        |      |       |       |      |      |      |    |

._________________________________________________________________________.

 

7. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿԱՄ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

Փորձնական ծրագրի իրականացմանը կարող է ցուցաբերվել երկու մոտեցում.

ա) Ծրագրի իրականացման թիրախային համայնքները որոշվում են ծրագրի սկզբում նախատեսված ուսումնասիրության և մոնիթորինգի արդյունքում, որոնց ցանկը քննարկվում և հաստատվում է ծրագրի խորհրդում:

Քննարկելով հարցը ընտրված համայնքների/հաստատությունների հետ` այս տարբերակի դեպքում հստակորեն կարելի է նախապես որոշել իրականացման մոդելները, սահմանել ֆինանսավորման աղբյուրները, տարբեր մասնակիցների ներդրումների չափն ու եղանակը, ինչպես նաև քննարկել շարունակականության համար անհրաժեշտ ռեսուրսների ու մեխանիզմների հարցը:

բ) Իրականացվում են խթանման աշխատանքներ համայնքների ղեկավարների, նախադպրոցական հաստատությունների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Ծրագրերի առաջարկությունները գալիս են համայնքներից: Այս դեպքում կատարվում է ծրագրերի, մրցութային ընտրություն:

Այս մոտեցման դեպքում փորձնական ծրագրերի ընտրության մեխանիզմը հետևյալն է.

- Կհայտարարվի ծրագրի մասնակիցների ընտրության մրցույթ` ըստ հետևյալ ենթախմբերի.

. քաղաքային համայնքներ

. գյուղական համայնքներ, որտեղ կան և՛ դպրոցներ, և՛ մանկապարտեզներ

. գյուղական համայնքներ, որտեղ չկան մանկապարտեզներ

. այլ

- Կիրականացվեն խթանման աշխատանքներ համայնքների ղեկավարների և հաստատությունների տնօրենների համար:

- Յուրաքանչյուր համայնք/հաստատություն, ելնելով իր առանձնահատկություններից, կներկայացնի դրամաշնորհային ծրագիր: Ծրագրին կկցվի հաստատության լրացված անձնագիրը, որը կպարունակի բոլոր անհրաժեշտ տվյալները: Ծրագրերը պետք է հաստատված լինեն համայնքապետի/ավագանու/հաստատության կառավարման խորհրդի/տնօրենի կողմից:

- Ներկայացված ծրագրերի փորձագիտական գնահատման և տեղերում իրավիճակի ուսումնասիրման արդյունքում կընտրվեն շահառու համայնքները և հաստատությունները:

Մրցույթի ընթացքում չի բացառվում նույն համայնքից մեկից ավելի ծրագրերի ներկայացումը, մասնավորապես դպրոցի և նախադպրոցական հաստատության կողմից, որոնցից կարող է ընտրվել միայն մեկը:

 

8. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

Փորձնական ծրագրի նախապատրաստական և ընթացիկ աշխատանքների իրականացման պլանն ու ժամանակացույցը բերված է աղյուսակ N 2-ում:

 

Աղյուսակ N 2

 

._________________________________________________________________________.

|   |              Գործողություն                  |  Ժամկետ  |Ծանոթություն|

|___|_____________________________________________|__________|____________|

|   |Փորձնական ծրագրի իրականացում Ախուրյանի և     |2008-     |            |

|   |Սպիտակի տարածաշրջաններում                    |2009 թթ.  |            |

|___|_____________________________________________|__________|____________|

| 1 |Փորձնական ծրագրի նախագծի վերանայում և        |2007-     |            |

|   |հաստատում                                    |2008 թթ.  |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|1.1|ՀՀ Շիրակի և  Լոռու մարզերում նախադպրոցական   |  2007 թ. |կատարված է  |

|   |կրթության իրավիճակի ուսումնասիրություն,      |          |            |

|   |հիմնախնդիրների վերլուծություն, կարիքների     |          |            |

|   |գնահատում                                    |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|1.2|ուսումնասիրությունների արդյունքների ամփոփում |  2007 թ. |կատարված է  |

|   |և  թիրախային համայնքների ճշգրտում            |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

| 2 |Փորձնական ծրագրի իրականացման նախապատրաստական |2008 թ.   |            |

|   |աշխատանքների իրականացում                     |հունվար - |            |

|   |                                             |մարտ      |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|2.1|փորձնական ուսումնական և  զարգացման ծրագրի    |          |ՀՀ կրթության|

|   |մշակում և  հրատարակում 5-6 տարեկանների համար |          |և  գիտության|

|   |ըստ պետական նախադպրոցական կրթական չափորոշչի  |          |նախարարութ- |

|   |                                             |          |յուն        |

|___|_____________________________________________|__________|____________|

|2.2|ծրագրի իրականացման նորմատիվային փաստաթղթերի  |          |ՀՀ կրթության|

|   |մշակում և  լրամշակում                        |          |և  գիտության|

|   |                                             |          |նախարարութ- |

|   |                                             |          |յուն        |

|___|_____________________________________________|__________|____________|

|2.3|Փորձնական ծրագրի իրականացման ընթացակարգերի,  |2007 թ.   |կատարված է  |

|   |Ղեկավար ձեռնարկի և  ծրագրերի առաջարկների     |հոկտեմբեր |            |

|   |(մոդուլների) ձևերի  մշակում, հաստատում ՀՀ    |          |            |

|   |կրթության և  գիտության նախարարի կողմից:      |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

| 3 |Փորձնական ծրագրի մասնակից հաստատությունների  |2008 թ.   |            |

|   |ընտրություն                                  |1-ին      |            |

|   |                                             |կիսամյակ  |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|3.1|խթանման աշխատանքներ, ծրագրերի առաջարկներ     |          |            |

|   |մշակելու հմտությունների ուսուցում, տեխնիկական|          |            |

|   |աջակցություն երկու մարզերում                 |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|3.2|ներկայացված առաջարկների (հայտերի)            |          |            |

|   |ուսումնասիրություն, գնահատում,               |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|3.3|ծրագրերի ընտրություն, հաստատում, պայմանագրերի|          |            |

|   |կնքում                                       |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

| 4 |Փորձնական ծրագրի իրականացում                 |2008 թ.   |            |

|   |                                             |2-րդ      |            |

|   |                                             |կիսամյակ  |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|4.1|ծրագրերի իրականացման համար ընտրված           |          |            |

|   |դպրոցներում, մանկապարտեզներում կամ այլ       |          |            |

|   |հաստատություններում համապատասխան պայմանների  |          |            |

|   |ստեղծում (համապատասխան դասասենյակների        |          |            |

|   |/սենյակների/ վերանորոգում, կահավորում)       |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|4.2|անհրաժեշտ գույքով, նյութերով, սարքեր -       |          |            |

|   |սարքավորումներով և  այլ նյութերով, մեթոդական |          |            |

|   |և  այլ գրականությամբ համալրում               |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|4.3|ծրագրի մասնակիցների (մանկավարժ -             |          |            |

|   |դաստիարակների) վերապատրաստում (այդ թվում     |          |            |

|   |ուսումնական նյութերի մշակում և  բազմացում)   |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|4.4|Ծրագրերի իրականացում                         |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|4.5|Ծրագիր իրականացնող հաստատությունների կողմից  |2008-     |            |

|   |պարբերաբար հաշվետվությունների ներկայացում    |2009 թթ.  |            |

|   |                                             |ըստ իրակա-|            |

|   |                                             |նացման    |            |

|   |                                             |փուլերի   |            |

|___|_____________________________________________|__________|____________|

| 5 |Փորձնական ծրագրի մոնիտորինգ և  գնահատում     |2008-     |            |

|   |                                             |2009 թթ.  |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|5.1|Փորձնական ծրագրի իրականացման վերահսկում      |          |            |

|   |մարզերում ընտրված նախադպրոցական              |          |            |

|   |հաստատություններ պարբերական այցեր` տեխնիկական|          |            |

|   |աջակցության և  ծրագրի առաջընթացի գնահատման   |          |            |

|   |նպատակով                                     |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|5.2|Փորձնական ծրագրի իրականացման ընթացքում       |          |            |

|   |առաջացած հիմնախնդիրների բացահայտում,         |          |            |

|   |երաշխավորությունների պատրաստում և            |          |            |

|   |հիմնախնդիրների լուծմանն աջակցում, մոնիտորինգի|          |            |

|   |և  գնահատման մեխանիզմների բարելավում         |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

| 6 |Փորձնական ծրագրի հաշվետվությունների          |  2009 թ. |            |

|   |ներկայացում                                  |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|6.1|Փորձնական ծրագրի մոնիտորինգի և  գնահատման    |          |            |

|   |հիման վրա Փորձնական ծրագրի առաջընթացի և      |          |            |

|   |հետագա տարածման նպատակով առաջարկությունների  |          |            |

|   |(երաշխավորությունների) պատրաստում և          |          |            |

|   |ներկայացում                                  |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

| 7 |Փորձնական ծրագրի 1-ին փուլի ընթացիկ/ամփոփիչ  |  2009 թ. |            |

|   |գնահատում (վերլուծություն և                  |          |            |

|   |առաջարկություններ այլ մարզերում ծրագրի       |          |            |

|   |ներդրման վերաբերյալ)                         |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

|7.1|Ռազմավարական ծրագրի հետագա տարածման և  այլ   |          |            |

|   |մարզերում ներդրման վերաբերյալ վերլուծական    |          |            |

|   |հաշվետվության և  հատուկ երաշխավորությունների |          |            |

|   |պատրաստում` Համաշխարհային բանկ և  ՀՀ         |          |            |

|   |կրթության և  գիտության նախարարություն        |          |            |

|   |ներկայացնելու համար:                         |          |            |

|___|_____________________________________________|__________|____________|

| 8 |Ծրագրի լուսաբանում հեռուստա- և               |2008-     |            |

|   |ռադիոհաղորդումների միջոցով                   |2009 թթ.  |            |

._________________________________________________________________________.

 

9. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Փորձնական ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը, ընտրված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները, ընտրված հաստատությունները:

Փորձնական ծրագրի իրականացմանն աջակցում են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունները:

Փորձնական ծրագրի շահառուներ են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի ընտրված համայնքների նախադպրոցական հասակի երեխաները, ծրագրեր իրականացնող նախադպրոցական և հանրակրթական հաստատությունները, ծնողները և համայնքների անդամները:

 

Փորձնական ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցների կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները.

 

._________________________________________________________________________.

|իրականացնող   |       իրականացվող միջոցառումը             |ձեռքբերումները|

|մարմինը       |                                           |              |

|______________|___________________________________________|______________|

|ՀՀ կրթության  |. քաղաքականության մշակում                  |. կարողութ-   |

|և  գիտության  |. փորձնական ծրագրի օրենսդրական ապահովում,  |յունների      |

|նախարարություն|օրենսդրության բարելավում                   |զարգացում     |

|(այդ թվում    |. փորձնական ծրագրի ֆինանսավորման           |. զարգացման   |

|Կրթական       |համակարգում                                |ապագա ծրագրերի|

|ծրագրերի      |. ծրագրի աշխատանքների համակարգում          |մշակման       |

|կենտրոն,      |. ծրագրերի փորձաքննություն և  ընտրություն  |նախադրյալների |

|Կրթության     |. ուսումնական ծրագրերի մշակում             |ստեղծում      |

|ազգային       |. ծրագրերի իրականացման կառավարում          |. ոլորտի      |

|ինստիտուտ)    |. վերապատրաստումների պլանավորում,          |աշխատանքների  |

|              |դասընթացների մշակում և  դրանց կազմակերպում |համակարգման   |

|              |. ծրագրի մոնիթորինգ, տեխնիկական            |ինստիտուցիոնալ|

|              |աջակցություն և  գնահատում                  |փորձառության  |

|              |. ծրագրի լուսաբանում                       |զարգացում     |

|______________|___________________________________________|______________|

|Միջազգային կամ|. աջակցություն ծրագրեր իրականացնող         |. կարողութ-   |

|դոնոր         |կազմակերպություններին և  անհատներին        |յունների      |

|կազմակերպութ- |. ընթացիկ մոնիթորինգ, մասնակցություն       |զարգացում     |

|յուններ       |միջանկյալ և  ամփոփիչ գնահատմանը            |. նոր ծրագրերի|

|              |. տեխնիկական աջակցություն                  |մշակման և     |

|              |. աջակցություն շնորհանդեսների կազմակերպմանը|ներդնման      |

|              |. աջակցություն ծրագրի լուսաբանմանը         |փորձառության  |

|              |                                           |ձեռքբերում    |

|              |                                           |. երեխայի     |

|              |                                           |իրավունքների  |

|              |                                           |իրացման և  այլ|

|              |                                           |դեմոկրատական  |

|              |                                           |արժեքների     |

|              |                                           |ուղղությամբ   |

|              |                                           |իրենց         |

|              |                                           |առաքելություն-|

|              |                                           |ների          |

|              |                                           |կատարում      |

|______________|___________________________________________|______________|

|Մարզպետարան-  |. տվյալների հավաքում, վերլուծություն,      |              |

|ների կրթության|ամփոփում                                   |              |

|վարչություններ|. խթանման աշխատանքների իրականացում         |              |

|              |. մասնակցության իրականացվելիք ծրագրերի     |              |

|              |ընտրությանը` կատարելով տեղական մոնիթորինգ  |              |

|              |և  պարզելով ծրագրերի իրականացնելիության    |              |

|              |մակարդակը                                  |              |

|              |. տեխնիկական աջակցություն ծրագրերի մշակմանը|              |

|              |. հետադարձ կապի ապահովում, տեղեկատվության  |              |

|              |փոխանցում                                  |              |

|              |. հաշվետվությունների պատրաստում և          |              |

|              |ներկայացում                                |              |

|              |. ծրագրի մոնիթորինգ                        |              |

|              |. ծրագրերի լուսաբանում տեղական զանգվածային |              |

|              |լրատվամիջոցներով:                          |              |

|______________|___________________________________________|______________|

|ՏԻՄ           |. համայնքի իրավիճակի վերլուծություն        |. կարողութ-   |

|(Համայնքներ)  |. կարիքների ճշգրտում, համայնքի համախմբում, |յունների      |

|              |ծրագրի առաջարկի մշակում և  ներկայացում     |զարգացում     |

|              |. ծրագրի իրականացում կամ աջակցություն      |. համայնքի    |

|              |ծրագրի իրականացմանը                        |ներգրավում    |

|              |. ծրագրի առաջարկում նախատեսված ներդրումների|որոշումների   |

|              |ապահովում /այդ թվում` շենքերի կամ անհրաժեշտ|կայացման մեջ  |

|              |տարածքների մասնակի նորոգում, վարձակալում,  |. համայնքի    |

|              |կամ անհատույց տրամադրում/                  |ինքնուրույն   |

|              |. հաշվետվությունների պատրաստում և          |կառավարման    |

|              |ներկայացում                                |գիտելիքների և |

|              |. ծրագրերի շարունակականության մեխանիզմների |հմտությունների|

|              |մշակում և  առաջարկությունների ներկայացում  |զարգացում     |

|              |. ծրագրերի լուսաբանում համայնքում          |              |

|______________|___________________________________________|______________|

|Ծնողներ       |. մասնակցություն առաջնահերթ կարիքների      |. մասնակցութ- |

|              |հայտնաբերմանը,                             |յուն և        |

|              |. մասնակցություն ծրագրի առաջարկի մշակմանը  |գիտելիքների ու|

|              |. ակտիվ մասնակցություն ծրագրի իրականացմանը |հմտությունների|

|              |. ներդրումների կատարում                    |ձեռքբերում    |

|              |                                           |իրենց         |

|              |                                           |երեխաներին    |

|              |                                           |վերաբերող     |

|              |                                           |հարցերում     |

|              |                                           |որոշումների   |

|              |                                           |կայացման      |

|              |                                           |գործում       |

|______________|___________________________________________|______________|

|դպրոցներ/     |. փորձնական ծրագրերի մշակում,              |. նոր         |

|նախադպրոցական |. ծրագրերի իրականացում                     |մոտեցումների  |

|հաստատություն-|. ինքնագնահատում                           |մշակման կարո- |

|ներ           |. հաշվետվությունների մշակում և  ներկայացում|ղությունների  |

|              |. ծրագրի հրապարակայնության ապահովում       |զարգացում     |

|              |համայնքում                                 |. նորարարական |

|              |. շնորհանդեսների կազմակերպում:             |աշխատանքների  |

|              |                                           |փորձառություն |

|              |                                           |. կարողութ-   |

|              |                                           |յունների      |

|              |                                           |զարգացում     |

._________________________________________________________________________.

 

10. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում 1-ից մինչև 6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում միջինում կազմում է 21.6% (քաղաքներում` 28.5%, գյուղերում` 10.5%): Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարածաշրջանում Փորձնական ծրագրի ընթացքում անհրաժեշտ կլինի ընդգրկվածությունը միջինում հասցնել 20%-ի` հիմնական շեշտը դնելով գյուղական բնակավայրերի վրա:

Փորձնական ծրագրով առաջարկվում են նախադպրոցական կրթության կազմակերպման 3 հիմնական մոդելներ: Մոդելների ընտրության ժամանակ հաշվի կառնվեն համայնքների տիպերը` ըստ կրթական հաստատությունների առկայության, համայնքների կրթական կարիքները, հնարավորությունները, ներկայացված ծրագրերին մասնակցության ձևը և ծրագրերի շարունակականության ապահովման ռեսուրսները, ծրագրերի արդյունավետությունը, զարգացման հեռանկարները և այլ գործոններ:

Համաձայն առաջարկվող մոդելների` ծրագրերի ծախսերը բաժանվում են ընթացիկ և ներդրումային (մեկնարկային) ծախսերի, որոնց չափերը, կախված մոդելների տեսակներից, տարբեր են: Ծրագրերի ներդրումային (մեկնարկային) ծախսերը, որոնք ծախսերի գերակշիռ մասն են կազմում և նախատեսված են մի քանի տարվա օգտագործման համար, հիմնականում ներառում են տարածքի նախնական կամ մասնակի վերանորոգման, կառավարման, գույքի, ուսուցողական նյութերի ձեռքբերման ծախսերը և ֆինանսավորվում են դոնոր կազմակերպությունների միջոցներով: Ընթացիկ ծախսերը (աշխատավարձ կրթական նյութեր, գրասենյակային ապրանքներ և պարագաներ, էլեկտրաէներգիա, ջրմուղ, այլ կոմունալ ծախսեր, կապի ծառայությունների վճար և այլն) կֆինանսավորվեն համայնքների և ծնողական ներդրումների միջոցներով:

Կենտրոնացված կարգով կիրականացվեն Փորձնական ծրագրում ընդգրկված նախադպրոցական հաստատությունների մանկավարժ-դաստիարակների վերապատրաստումները` նոր ուսումնական ծրագրով և ուսուցման նոր մեթոդներով, որոնք հիմնված են 5-ից 6 տարեկանների համար նոր մշակված չափորոշիչների, ուսումնական ծրագրերի, ուսուցման ինտերակտիվ մեթոդների վրա:

Սակայն ակնհայտ է, որ նույնիսկ լավագույն կրթական ծրագրի առկայության դեպքում, համակարգի հիմնախնդիրների լուծումը հնարավոր չէ իրականացնել առանց պետական նպատակաուղղված քաղաքականության և կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների լայն համագործակցության: ՈՒստի ակնկալվում է, որ ծրագրի փորձնական փուլի ավարտից հետո, ամփոփելով և գնահատելով արդյունքները, ծրագրի հետագա շարունակականության ապահովման և ընդլայնման նպատակով ՀՀ պետական բյուջեով կնախատեսվի նախադպրոցական կրթության համակարգի ֆինանսավորում` համակարգի ներդրումային ծախսերի մասով:

Փորձնական ծրագրով առաջարկվող մոդելների մանրամասն նկարագրությունը և դրանց ներդրման համար պահանջվող ֆինանսական ծախսերի մոտավոր հաշվարկները, որոնք հիմնականում հիմնված են Հայաստանում նախադպրոցական կրթության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման փորձի վերլուծության վրա, ներկայացված են Փորձնական ծրագրի ղեկավար ձեռնարկում` հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով:

Ստորև ներկայացված է առաջարկվող մոդելների համառոտ նկարագիրը.

I. Մոդել 1. Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից մինչև 6 տարեկանների համար` ապահովելով ազատ և համակողմանի զարգացման միջավայր և կիրառելով ուսուցողական ակտիվ մեթոդներ:

 

Այս մոդելը նախատեսում է բացել 1-ամյա նախադպրոցական դասարաններ հիմնականում այն համայնքների հանրակրթական դպրոցներում, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի: Մոդելն արդյունավետ է և քիչ ծախսատար: Այն հեշտությամբ կարող է իրականացվել գյուղական վայրերում: Մոդելի առավելությունն այն է, որ հիմնվում է դպրոցների առկա խոշոր ցանցի վրա:

Իրականացվող ծրագիրը պետք է ուղղված լինի երեխայի համակողմանի զարգացման պայմանների ստեղծմանը և դպրոցին նախապատրաստելուն: ՈՒստի կընդգրկվեն հիմնականում հաջորդ ուսումնական տարում առաջին դասարան գնացող 5-ից մինչև 6 տարեկան երեխաները: Երեխաների թիվը կախված կլինի համայնքում առկա 5-ից 6 տարեկանների թվից, դիմումների քանակից, ինչպես նաև ֆիզիկական պայմաններից: Կստեղծվեն համապատասխան պայմաններ, որոնք հնարավորինս մոտ կլինեն ընտանեկանին, նպաստելով` յուրաքանչյուր երեխայի ազատ և դինամիկ շարունակական զարգացմանը, մտավոր, ֆիզիկական և ստեղծագործական կարողությունների լիարժեք դրսևորմանը: Արդյունքում ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկված երեխաները կզարգացնեն իրենց ինքնուրույն ստեղծագործական կարողությունները, ձեռք կբերեն համագործակցելու և թիմով աշխատելու հմտություններ, կկարողանան կազմակերպել իրենց առօրյան և արդյունքում նաև պատրաստ կլինեն դպրոցին:

Հեռավոր բնակավայրերում, որտեղ տարրական դասարանները թերկոմպլեկտավորված են և նախադպրոցական դասարանում ընդգրկված 5 տարեկան երեխաների թիվը փոքր է, կարելի է ստեղծել խառը դասարան, որտեղ կլինեն և 1-ին դասարանցիները և նախադպրոցական տարիքի երեխաները:

Այս մոդելի դեպքում մեկ նախադպրոցական դասարանի մեկ տարվա ծախսը մոտավորապես կկազմի 2 070.7 հազ. դրամ, իսկ մեկ երեխայի հաշվով տարեկան ծախսը` 82.8 հազ. դրամ: Ընդ որում, այս ծախսերի զգալի մասը` շուրջ 60 տոկոսը, ներդրումային ծախսերն են, որոնք մի քանի տարվա համար են և կարվեն դոնորների աջակցությամբ, ինչպես նաև կմասնակցեն ծնողներն ու դպրոցը: Հետևաբար, հաջորդ մի քանի տարիներին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը զգալիորեն կնվազեն և, ըստ սույն մոդելի հաշվարկների, 1 երեխայի հաշվով կատարվող ծախսերը կկազմեն մոտ 32.7 հազ. դրամ, ինչն արդեն այսօր կազմում է մանկապարտեզներում մեկ երեխայի վրա կատարվող ծախսերի մոտ 1/3-ը:

 

II. Մոդել 2. Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից մինչև 6 տարեկանների համար` ապահովելով ազատ և համակողմանի զարգացման միջավայր և կիրառելով ուսուցման ակտիվ մեթոդներ:

 

Այս մոդելը կարող է իրականացվել ցանկացած համայնքում որտեղ կա դպրոց: Կազմակերպվում են երեքամսյա նախապատրաստական դասընթացներ 5-ից 6 տարեկանների համար, որոնք նոր ուսումնական տարում պետք է հաճախեն 1-ին դասարան: Իրականացվում է դպրոցական ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում կամ ամառային արձակուրդների ընթացքում` կախված տվյալ դպրոցի պայմաններից և այլ հանգամանքներից: Ծրագրում առաջին հերթին կընդգրկվեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հետևաբար ծախսերն էապես կկրճատվեն: Այս մոդելի դեպքում կարող է օգտագործվել նաև 6 տարեկանների համար դպրոցում ստեղծված դասասենյակը, ինչի արդյունքում ներդրումային ծախսերը ևս էապես կնվազեն:

Մոդելի ընտրության ժամանակ հաշվի է առնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նախկինում իրականացված` դպրոցին նախապատրաստման 3-ամսյա կարճատև դասընթացների ծրագրի փորձը, որը ֆինանսավորվել է պետական բյուջեից:

Այս մոդելի դեպքում մեկ նախապատրաստական դասարանի երեք ամսվա ծախսերը մոտավորապես կկազմեն 1022.7 հազ. դրամ, ինչը մեկ երեխայի հաշվով կկազմի շուրջ 41.0 հազ. դրամ: Ընդ որում, այս ծախսերի զգալի մասը ներդրումային ծախսեր են, որոնք կարվեն դոնորների աջակցությամբ, ինչպես նաև կմասնակցեն ծնողներն ու դպրոցը: Ներդրումային ծախսերը հիմնականում նախատեսված են տարածքի մասնակի նորոգման, կահավորման, գույքի, ուսումնական նյութերի ձեռքբերման համար և նախատեսված են մի քանի տարվա համար: Հետևաբար, հաջորդ մի քանի տարիների համար մեկ դասարանի համար պահանջվող ծախսերը զգալիորեն կնվազեն` կազմելով 1 երեխայի հաշվով մոտ 8000 դրամ:

 

III. Մոդել 3. Մանկապարտեզներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում` 5-ից մինչև 6 տարեկանների համար, ապահովելով ազատ և համակողմանի զարգացման միջավայր և կիրառելով ուսուցման ակտիվ մեթոդներ:

 

Այս մոդելը նախատեսում է կազմակերպել 1-ամյա նախապատրաստական խմբեր գործող նախադպրոցական հաստատություններում: Երեխաները մանկապարտեզ կհաճախեն ինչպես բոլորը: Տարբերությունը հաճախման կարճ ժամանակահատվածն է: Սնունդ չի տրվում և քուն չի նախատեսվում: Այս մոդելով մանկապարտեզում դասասենյակներից մեկը վերածվում է խաղասենյակ-դասարանի: Մոդելը արդյունավետ է և քիչ ծախսատար: Այն հեշտությամբ կարող է իրականացվել գյուղական վայրերում: Մոդելի առավելությունն այն է, որ հիմնվում է նախադպրոցական հաստատությունների առկա ցանցի վրա:

Կընդգրկվեն հիմնականում 5-ից 6 տարեկանները` ծնողների դիմումների հիման վրա: Կստեղծվեն համապատասխան պայմաններ, որոնք հնարավորինս մոտ կլինեն ընտանեկանին` նպաստելով յուրաքանչյուր երեխայի ազատ և դինամիկ շարունակական զարգացմանը, մտավոր և ֆիզիկական կարողությունների լիարժեք դրսևորմանը: Արդյունքում ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկված երեխաները կզարգացնեն իրենց ինքնուրույն ստեղծագործական կարողությունները, ձեռք կբերեն համագործակցելու և թիմով աշխատելու հմտություններ, կկարողանան կազմակերպել իրենց առօրյան և արդյունքում նաև պատրաստ կլինեն դպրոցին:

Հեռավոր բնակավայրերում, որտեղ մանկապարտեզային խմբերը թերկոմպլեկտավորված են կարճօրյա ծրագրով հաճախող երեխաները կընդգրկվեն ամբողջ օրով հաճախող երեխաների խմբում: Երեխաները մանկապարտեզ են գալիս շաբաթը հինգ օր` 2-3 ժամով: Այս մոդելը նպաստում է երեխայի ընդհանուր զարգացմանը և տալիս է հիմնական նախադպրոցական գիտելիքներ այն երեխաներին, որոնք դրանից առաջ որևէ նախադպրոցական հաստատություն չեն հաճախել:

Այն համայնքներում, որտեղ նախադպրոցական ավագ խումբը թերբեռնված է, նպատակահարմար է ավելացնել երեխաների ընդգրկվածությունը գործող խմբում` լրացուցիչ ներգրավելով ևս 12 երեխա: Դրանով էապես կնվազեցվեն լրացուցիչ ծախսերը (հիմնական մանկավարժին լրացուցիչ վճարում չի նախատեսվում, այլ նախատեսվում է մեկ օգնական` կես դրույքով):

Այս մոդելի դեպքում մեկ նախապատրաստական խմբի ծախսը մոտավորապես կկազմի 846.4 հազ. դրամ: Ընդ որում, այս ծախսերի կեսը ներդրումային ծախսեր են, որոնք մի քանի տարվա համար են և նախատեսված են տարածքի նախնական նորոգման, կահավորման, ուսումնական նյութերի ձեռքբերման համար:

Այս մոդելը կախված է նախադպրոցական հիմնարկի առկայությունից: Այդ պատճառով դրա կիրառելիությունը Սպիտակի շրջանում սահմանափակվում է միայն Սպիտակ քաղաքով:

Փորձնական ծրագրի ֆինանսավորման հնարավոր աղբյուրներն են`

. ֆինանսավորումը Համաշխարհային բանկի կողմից,

. միջազգային կազմակերպությունների ներդրումները/դրամաշնորհները,

. համայնքային միջոցները (ներդրումները),

. ծնողների նվիրատվությունները, վարձավճարները, անհատույց աշխատանքը,

. պետական բյուջեից ակնկալվող նպատակային ֆինանսավորումը,

. դպրոցների ներդրումները ելնելով անհրաժեշտությունից` ապահովելու 12-ամյա դպրոցի առաջին դասարանի լիարժեք կոմպլեկտավորում:

 

11. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Փորձնական ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

Ախուրյանի տարածաշրջան

Համաձայն մարզից վերցված տվյալների` տարածաշրջանի նախադպրոցական հաստատություններում ընդգրկված են մինչև 6 տարեկան երեխաների շուրջ 9.4 տոկոսը, ուստի, որպեսզի ընդգրկվածությունը տարածաշրջանում միջինում կազմի 20%, հաստատություններում 1-6 տարեկանների բացարձակ թիվը պետք է ավելանա մոտ 293 երեխայով:

Փորձնական ծրագրի արդյունքում նախատեսվում է նախադպրոցական հաստատություններում 5-ից մինչև 6 տարեկանների ընդգրկվածությունը հասցնել շուրջ 25 տոկոսի, որի համար անհրաժեշտ կլինի այդ տարիքային խմբի երեխաների թիվը հաստատություններում ավելացնել շուրջ 68 երեխայով:

Սպիտակի տարածաշրջան.

Համաձայն մարզից վերցված տվյալների` տարածաշրջանի նախադպրոցական հաստատություններում ընդգրկված են մինչև 6 տարեկան երեխաների շուրջ 8.7 տոկոսը: Երեխաների ընդգրկվածությունը տարածաշրջանում միջինում 20%-ի հասցնելու համար հաստատություններում 1-6 տարեկանների բացարձակ թիվը պետք է ավելանա մոտ 298 երեխայով:

Փորձնական ծրագրի արդյունքում նախադպրոցական հաստատություններում 5-ից մինչև 6 տարեկանների ընդգրկվածությունը 25 տոկոսի հասցնելու համար անհրաժեշտ կլինի այդ տարիքային խմբի երեխաների թիվը հաստատություններում ավելացնել շուրջ 70 երեխայով:

 

12. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Փորձնական ծրագրի շարունակականությունը ապահովման հարցում կարևոր նշանակություն կունենան հետևյալ հանգամանքները.

. ծրագրերի հաջող իրականացումը. գնահատման կարևոր չափանիշ է հանդիսանում Փորձնական ծրագրի հիմնական նպատակի և խնդիրների իրագործումը, մասնավորապես Փորձնական ծրագրի նպաստումը նախադպրոցական կրթական ծառայություններում երեխաների ընդգրկվածության աճին, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացմանը:

. ծնողների մասնակցությունը և նրանց ներդրումների արդյունքների առկայությունը, եթե համայնքն ու ծնողները մասնակցել են ակտիվորեն, կատարել են ներդրումներ, դրանք եղել են արդյունավետ և ծնողները տեսել են ծրագրի շոշափելի ազդեցությունը իրենց երեխաների և ընտանիքների վրա, ապա նրանք շահագրգռված կլինեն շարունակելու և զարգացնելու իրականացված ծրագիրը: Կարևոր է, որ ծնողները մասնակցեն իրենց երեխաների հետ կապված որոշումների կայացմանը և շարունակաբար տեղեկացվեն ծրագրի ընթացքի և ներդրված միջոցների ծախսման վերաբերյալ:

. համայնքի լիարժեք մասնակցությունը. եթե ծրագրի նախաձեռնությունը եկել է համայնքի կողմից, համայնքը մասնակցել է կարևորագույն որոշումների կայացմանը, կատարել է ներդրումներ և արձանագրվել են ակնկալվող արդյունքները, ապա դա կխթանի համայնքին հետագայում աջակցելու ծրագրի շարունակականությանը:

. պետության մասնակցությունը ծրագրին. պետությունն ապահովում է համապատասխան օրենսդրական հիմքերը, պետական կառավարման լիազոր մարմինը, կամ փորձնական ծրագրի իրականացման ընթացքում` ծրագրի խորհուրդը, պարբերաբար անցկացնում են քննարկումներ` պարզելու ծրագրի իրականացման ընթացքը: Փորձնական ծրագրի ավարտից հետո, ծրագրի հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման նպատակով կքննարկվեն նաև ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական կրթության համակարգի` ներդրումային ծախսերի մասով հետագա ֆինանսավորման հարցերը: ՈՒստի անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներով հստակեցնել և կարգավորել այս ոլորտում պետության և համայնքների լիազորություններն ու պարտավորությունները, ինչպես նաև համակարգում նպատակային ֆինանսական ներդրումներն կատարելու խնդիրները, ինչը լուրջ երաշխիք կհանդիսանա ծրագրի շարունակականության ապահովման համար:

. հրապարակայնություն. ծրագրի շարունակականության կարևոր երաշխիքներից է նաև բոլոր հարցերում հրապարակայնության ապահովումը, ինչը կնպաստի ծրագրի հանդեպ հասարակական և պետական վստահության աճին:

 

Եզրափակում

 

Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների (Էվանս) համաձայն` զարգացած երկրները աստիճանաբար անցում են կատարում ինտեգրացված ծառայությունների մատուցմանը` հաշվի առնելով վաղ մանկական տարիքի երեխաների զարգացման բոլոր կարիքները: Սակայն հաշվի առնելով աղքատության բարձր տոկոսը Հայաստանում, ՀՀ կառավարությունն առաջիկա տարիների համար որդեգրում է հնարավորինս քիչ ծախսատար նախադպրոցական կրթական ծառայությունների կազմակերպման քաղաքականությունը: Իհարկե, կառավարությունը շարունակում է խրախուսել այն հաստատություններին, որոնք մատուցում են ինտեգրացված ծառայություններ, շեշտը դնելով դրանց որակի բարելավման և առավել շատ թվով երեխաների ընդգրկման վրա: Մասնավորապես, կարող են զուգահեռաբար իրականացվել հետևյալ տիպի ծառայությունները`

ա) կրթություն,

բ) կրթություն+սնունդ,

գ) կրթություն+սնունդ+քուն:

Հաշվի առնելով վերոհիշյալը, և ի նկատի ունենալով, որ Հայաստանում շատ կազմակերպություններ իրականացնում են սննդով ապահովման, ինչպես նաև երեխաների առողջության պահպանման և խնամքի ծրագրեր, կարելի է ծրագրի իրականացման ընթացքում գտնել ջանքերի համատեղման հնարավորություն և հեռանկարում աստիճանաբար անցնել ինտեգրացված ծառայությունների մատուցման:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2008
N 10
Արձանագրային որոշում