Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1072-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1072-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 1076- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ
թիվ 3-38 (ՎԴ)       2008թ.
Քաղաքացիական գործ թիվ   3-38 (ՎԴ)

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
                    դատավորներ` Դ. Խաչատրյան

                                                 Գ. Մատինյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
  Ս. Օհանյանի

                                                               

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ֆրունզիկ Ադամյանի և Ֆելիքս Շմավոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 11.12.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գագիկ Ճուղուրյանի ընդդեմ Ֆելիքս Շմավոնյանի, Ցոլակ Բաբայանի, երրորդ անձ Ֆելիքս (իրականում` Ֆրունզիկ) Ադամյանի` գույքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Ճուղուրյանը պահանջել է Ֆելիքս Շմավոնյանից և Ցոլակ Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 1.700.000 ՀՀ դրամ` որպես գույքին պատճառված վնաս, ինչպես նաև վճարված 34.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.09.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ֆելիքս Շմավոնյանից և Ցոլակ Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Գագիկ Ճուղուրյանի բռնագանձել 1.133.333 ՀՀ դրամ` որպես պատճառված վնաս և 22.670 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ֆելիքս Շմավոնյանը և երրորդ անձ Ֆրունզիկ Ադամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

  i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները, որոնք պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը, հասցված վնասը համարելով պատահարի բոլոր երեք մասնակիցների կողմից պատճառված, հաշվի չի առել, որ վնասի առաջացումը տեղի է ունեցել վթարի հետևանքով վնասված «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, քրեական գործով տուժող ճանաչված Արսեն Կուրեխյանի կոպիտ անզգուշության` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով և նա, ունենալով տեխնիկական հնարավորություն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել վթարից խուսափելու համար, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Գագիկ Ճուղուրյանը «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Իշխան Օհանյանի անունից դատարանում հանդես գալու պատշաճ լիազորություն չի ունեցել: Այսպես, որպես «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ վերջինիս իրավունքները հավաստող դատարան ներկայացված 28.12.2004 թվականի «Պայմանագիր» և 29.12.04 և 29.05.2006 թվականների «Հայտարարագիր» վերնագրված փաստաթղթերը հակասում են միմյանց, դրանցում Իշխան Օհանյանի ստորագրությունները տարբեր են, այդ իսկ պատճառով պատշաճ չեն (շինծու են և կեղծ), իսկ «Պայմանագիր»-ը չի համապատասխանում քաղաքացիական օրենսգրքի` այդպիսի պայմանագիր կնքելու պահանջներին, դրանում բացակայում է այն կազմելու վայրը, ավտոմեքենայի վաճառքի գինը, ինչպես նաև չկա ապացույց` այն Իշխան Օհանյանի կողմից ստորագրված լինելու մասին:

«Հայտարարագիր» վերնագրված մյուս երկու փաստաթղթերում Իշխան Օհանյանի անվան դիմաց ստորագրությունները տարբերվում են միմյանցից, իսկ բովանդակությունից բխում է, որ Իշխան Օհանյանի և Գագիկ Ճուղուրյանի միջև ավտոմեքենայի առուվաճառք տեղի չի ունեցել, այլ ընդամենը Իշխան Օհանյանն իր պահանջի իրավունքը զիջել է Գագիկ Ճուղուրյանին, որը ստացվելիք գումարը պետք է տնօրիներ իր հայեցողությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2006 թվականի վճռի` հայցը մասնակիորեն բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 28.12.2004 թվականին կազմված «Պայմանագիր» վերնագրված փաստաթղթի համաձայն (այսուհետ` Պայմանագիր)` Իշխան Օհանյանն իրեն պատկանող «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենան վաճառել է Իջևանի Աբովյան 22/25 բնակիչ Գագիկ Ճուղուրյանին:

2) ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 24.05.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Ֆրունզիկ Ադամյանի «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և Հովհաննես Շահնազարյանի «ԶԻԼ 157» մակնիշի ավտոմեքենան 31.05.2005 թվականին ստեղծել են վթարային իրավիճակ, որի հետևանքով տեղի է ունեցել նշված ավտոմեքենաների և Արսեն Կուրեխյանի կողմից վարվող «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի բախում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

  i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի տիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` նույն օրենսգրքի 1076 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից:

Տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հատուցման չափը կարող է նվազեցվել կամ վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Սույն գործով ներկայացված հայցապահանջով պայմանավորված` ապացուցման առարկան են կազմում հետևյալ հանգամանքները`

1. գործով պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող առավել վտանգի աղբյուրի շահագործման արդյունքում հայցվորին վնաս պատճառված լինելու փաստը,

2. հայցվորի մոտ գործողություններում կոպիտ անզգուշության առկայության կամ բացակայության փաստը, իսկ համապատասխան փաստի առկայության դեպքում նաև`

3. պատասխանողների մոտ մեղքի ցանկացած ձևի առկայության կամ բացակայության փաստը:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանն առանց անդրադառնալու և գնահատման առարկա դարձնելու հայցվորի մոտ կոպիտ անզգուշության առկայության, ինչպես նաև պատասխանողի մոտ մեղքի առկայության կամ բացակայության հանգամանքը, հաստատված է համարել միայն Արսեն Կուրեխյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստը և հայցապահանջը բավարարել է մասնակիորեն` 2/3-րդ մասով:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը չի պարզել հասցված վնասում հայցվորի մեղքի աստիճանը, պատասխանողների մեղքի առկայության հանգամանքը, որը վերջիններիս պատասխանատվության ենթարկելու (և դրա չափը որոշելու) միակ նախապայմանն է:

Ինչ վերաբերում է Պայմանագիրն ու Հայտարարագիրը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չգնահատելու վճռաբեկ բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք գնահատման առարկա չի դարձնում Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի բացակայության պատճառով:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.12.2006 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով և գործն այդ մասով ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-38 (ՎԴ)
Որոշում