Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ԵՎ 380-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ՎԲ-32/08

քրեական վերաքննիչ դատարանի որոշում

Կ-287/07

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

դատավորներ` Ե. Դարբինյան

Ա. Հովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի     

                                              Ս. Սարգսյանի

                   

                   քարտուղար                  Ք. Մարտիրոսյանի

 

                   մասնակցությամբ             Ա. Դոլինյանի    

                   դատախազ                           

                            

                   քննիչ                      Վ. Ղահրամանյանի

                   

2008 թվականի մայիսի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Արթուր Ժորայի Ալեքսանյանի և Արմեն Ժորայի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

i

1. 2006 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներով Արթուր Ժորայի Ալեքսանյանը և Արմեն Ժորայի Ալեքսանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ներգրավվել են որպես մեղադրյալ:

Արմավիրի մարզի դատախազության քննիչը 2006 թվականի սեպտեմբերի 12-ին միջնորդություններ է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան Արթուր Ալեքսանյանի և Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

2. Քննիչի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներով Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

3. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներով Արթուր Ալեքսանյանի և Արմեն Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք` երկու ամիս ժամկետով:

4. Արթուր Ալեքսանյանի և Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի` 2006 թվականի սեպտեմբերի 12-ի օրինական ուժի մեջ մտած որոշումներն Արթուր և Արմեն Ալեքսանյանների պաշտպանը 2007 թվականի դեկտեմբերի 21-ին բողոքարկել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան:

5. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Արթուր Ալեքսանյանի և Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նյութերը միացվել են մեկ վարույթում:

Պաշտպանի վերաքննի բողոքի հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ բեկանել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումները և վերացրել Արթուր ու Արմեն Ալեքսանյանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:

6. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

i

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները

 

7. Արթուր և Արմեն Ալեքսանյանները համագյուղացի Զավեն Առաքելյանի հետ նախկինում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վերջինիցս վրեժխնդիր լինելու նպատակով, Զ. Առաքելյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ նախապես համաձայնության գալով միմյանց հետ, վերցրել են քրեական գործով դեռևս չպարզված դանակներ և 2006 թվականի սեպտեմբերի 6-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Մարգարա գյուղի խաղահրապարակից Զ. Առաքելյանին կանչել են մեկուսի վայր` գյուղապետարանի հարևանությամբ գտնվող այգի, որտեղ Արմեն Ալեքսանյանի կողմից Զավեն Առաքելյանի պարանոցին դանակով հարվածելուց անմիջապես հետո Արթուր Ալեքսանյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Զ. Առաքելյանի գոտկային ձախ շրջանին և կարծելով, թե նա մահացել է` դիմել են փախուստի: Անմիջապես օգնության հասած համագյուղացիների ջանքերով Զ. Առաքելյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժշկական միջամտության շնորհիվ նրա կյանքը փրկվել է: Այսինքն` Արթուր և Արմեն Ալեքսանյանների կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

 

Վճռաբեկ բողոքի քննությանն համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

8. Նախաքննության մարմնի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներով Արթուր և Արմեն Ալեքսանյանները ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

9. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումները կայացրել է 2006 թվականի սեպտեմբերի 12-ին:

10. Այդ որոշումների դեմ Արթուր և Արմեն Ալեքսանյանների պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել 2007 թվականի դեկտեմբերի 21-ին, այսինքն` շուրջ 1 տարի 3 ամիս անց:

11. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Արթուր Ժորայի Ալեքսանյանի և Արմեն Ժորայի Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նյութերը միացվել են մեկ վարույթ:

12. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ բեկանել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումները և Արթուր ու Արմեն Ալեքսանյանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացրել է:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

13. Բողոք բերած անձը գտնում է, որ մեղադրյալների կողմից բաց է թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկելու` օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետը, և վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ու քննարկել ժամկետանց բողոք:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի (մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18.12.2007 թվականի փոփոխությունները և լրացումները) համաձայն` վերաքննիչ բողոք բերվում է առաջին ատյանի դատարանի դատավճռի կամ որոշման հրապարակվելու օրվանից 15 օրվա ընթացքում:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը կայացրել է 2006 թվականի սեպտեմբերի 12-ին, մինչդեռ վերաքննիչ բողոքը դատարան է ներկայացվել 2007 թվականի դեկտեմբերի 21-ին:

14. Չեն պահպանվել նաև բողոքարկման ժամկետները վերականգնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի պահանջները և վերաքննիչ բողոք բերող անձինք, առանց առաջին ատյանի դատարան դիմելու և բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հարցը լուծելու, բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան` նշելով, որ բողոքարկվող որոշումների մասին իմացել են 20.12.2007 թվականին և այդ պատճառով բողոքը ներկայացրել են հաջորդ օրը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը չի քննարկել և չէր էլ կարող քննարկել բողոքարկման ժամկետը վերականգնելու հարցը, քանի որ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, պարտավոր էր բողոքը թողնել առանց քննության:

i

15. Բացի այդ, վերաքննիչ դատարանը Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն հաշվի չի առել տվյալ պահին մեղադրյալներին մեղսագրվող արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը` այն, որ նրանք խուսափել են քննությունից, նրանց նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, չի պարզել հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների դատարան ներկայանալու իրական հանգամանքները, այլ դա դիտել է որպես «ինքնակամ ներկայանալ», որն ըստ բողոք բերած անձի` կիրառելի չէ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ և պետք է հանդիսանար հատուկ քննարկման առարկա:

Ելնելով վերոգրյալից` բողոք բերող անձը պահանջել է բեկանել Արթուր Ժորայի Ալեքսանյանի և Արմեն Ժորայի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ Արթուր Ժորայի Ալեքսանյանի և Արմեն Ժորայի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներին հետևյալ պատճառաբանությամբ.

 

1. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից պաշտպանի վերաքննիչ բողոքը քննության առնելու իրավաչափությունը.

 

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի

(մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18.12.2007 թվականի փոփոխությունները և լրացումները) համաձայն` վերաքննիչ բողոք բերում է

առաջին ատյանի դատարանի դատավճռի կամ որոշման հրապարակվելու օրվանից 15 օրվա ընթացքում: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում: նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին: Իսկ նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` շահագրգիռ անձի միջնորդությամբ:

i

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածը սահմանում է բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգը, որի համաձայն` հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանի առաջ միջնորդել վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը 15-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածում և 383-րդ հոդվածի 2-րդ մասում շարադրված պահանջները:

18. Վարույթի նյութերից երևում է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումների դեմ, որով բավարարվել են քննիչի միջնորդությունները և Արթուր ու Արմեն Ալեքսանյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք երկու ամիս ժամկետով, վերջիններիս պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել 1 տարի 3 ամիս 9 օր անց` 2007 թվականի դեկտեմբերի 21-ին:

19. Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ, 379-րդ և 380-րդ հոդվածների պահանջները, պաշտպանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, դատական ստուգման է ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը, և բեկանելով այդ որոշումները` վերացրել է մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Նշված դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործի ելքի վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի հիման վրա, վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

Վերը շարադրվածը վկայում է, որ արդարադատություն իրականացնելիս դատարանը թույլ է տվել դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

20. Նկատի ունենալով, որ վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքը քննության է առել ըստ էության և իր որոշման մեջ շարադրել է ըստ էության հիմնավորումներ, ինչպես նաև ելնելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթից` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ կիրառման համար:

 

2. Նյութերը մեկ վարույթում միացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը.

 

21. Ինչպես երևում է վարույթի նյութերից, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով, 2007 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ մեկ վարույթում միացրել է Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նյութերը:

i

Քրեական գործերի միացումն ու անջատումն ամրագրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը:

Քրեական գործերի միացումը նախնական քննության` օրենքով նախատեսված ընդհանուր պայմաններից մեկն է, որի նպատակը քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության մասին օրենսդրության պահանջի ճշգրիտ իրականացման ապահովումն է: Քրեական գործերի միացման պայմանն արդեն իսկ հարուցված և քննվող գործերի առկայությունն է, քանի որ մեկ վարույթում կարող են միացվել միայն քրեական գործերը, բայց ոչ նյութերը:

Այս պայմաններում Արթուր և Արմեն Ալեքսանյանների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման փաստով հարուցված մեկ միասնական քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին նյութերը մեկ վարույթում միացնելը ոչ միայն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի պահանջներից, այլ հակասում է դրանց:

 

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու հիմնավորվածությունը.

 

22. Ինչպես երևում է վարույթի նյութերից, վերաքննիչ դատարանը նշել է, որ Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով քննիչի կողմից ներկայացված նյութերում չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնցով կհավաստվեր հատկապես խափանման միջոցի այդ տեսակը կիրառելու անհրաժեշտությունը, այն պարագայում, երբ Ալեքսանյան եղբայրները նախկինում որևէ կերպ արատավորված չեն եղել, բնութագրվում են դրական և վատառողջ են:

Վերաքննիչ դատարանի այդ հետևություններն անհիմն են և չեն բխում վարույթի նյութերից: Այսպես` Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդություններում նշվել է, որ մեղադրյալները կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործություն, որի համար սահմանված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, նրանք խուսափում և թաքնվում են քննությունից: Քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու, վերջինիս կանչով առանց հարգելի պատճառի չներկայանալու մասին են վկայում վարույթի նյութերում Ալեքսանյան եղբայրների նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումների առկայությունը, հանցանք կատարելուց 1 տարի 3 ամիս 9 օր անց վերաքննիչ դատարան նրանց ներկայանալը: Առաջին ատյանի դատարանը, քննելով քննիչի միջնորդությունները և հաշվի առնելով մեղադրյալներին վերագրվող արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրանք կարող են թաքնվել և խոչընդոտել քրեական գործի քննությանը, բավարարել է միջնորդությունները:

23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը կոնկրետ և որոշակի իրավախախտում կատարելու համար ողջամիտ կասկածի հիման վրա օրենքով սահմանված կարգով, օրինական հիմքով Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Նրանց վերաբերյալ որոշումները կայացվել են համապատասխան իրավասու մարմնի կողմից, լիովին բխում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածների պահանջներից:

24. Քանի որ վարույթի նյութերում առկա տվյալներով հերքվում են Ալեքսանյան եղբայրների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշման հիմքում դրված վերաքննիչ դատարանի փաստարկները և հաստատվում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին որոշումների օրինական և հիմնավորված լինելը, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել Արթուր և Արմեն Ալեքսանյանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումներին:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Արթուր Ժորայի Ալեքսանյանի և Արմեն Ժորայի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներին:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N ՎԲ-32/08
Որոշում